Ալբեր Կամյու | Օրագրություններ

Սկիզբն՝

Այստեղ

Այստեղ

Albert CAMUS, CAHIER I

 *

13 փետրվարի, 36:

Ես մարդկանցից ավելին եմ պահանջում, քան նրանք կարող են ինձ տալ: Ունայնորեն պնդել հակառակը: Բայց ինչ մոլորություն և ինչ հուսահատություն: Եվ ես ինքս, հնարավոր է …

*

Շփումներ փնտրել: Ցանկացած շփումներ: Եթե ես ուզում եմ գրել մարդկանց մասին, ինչպե՞ս պոկվեմ բնապատկերից: Իսկ եթե ինձ հրապուրում են երկինքն ու լույսը, մի՞թե կմոռանամ աչքերն ու ձայները նրանց, որոնց սիրել եմ: Ամեն անգամ ինձ նվիրում են ընկերության մասնիկները, զգացմուքնների պատառիկները, և երբեք ամբողջ զգացմունքները, ամբողջ ընկերությունը:

Այցելության եմ գնում ինձնաից տարիքով ընկերոջը, որպեսզի ամեն ինչ պատմեմ: Ծայրահեղ դեպքում այն մասին, ինչը շնչահեղձ է անում: Բայց նա շտապում է: Խոսակցություն ամեն ինչի և ոչնչի մասին: Ժամանակն անցնում է: Եվ ահա ես՝ ավելի միայնակ ու ավելի դատարկ: Այս հիվանդոտ իմաստնությունը, որը ես փորձում եմ կառուցել, կարող է ցիրուցա՛ն լինել շտապող ընկերոջ հպանցիկ ասված ցանկացած բառից. «Non ridere, non lugere» [1]… և կասկածանքներն ինքս իմ և ուրիշների վերաբերյալ:

*
Մարտ.

Օրը՝ ամպերով և արևով հատանցված:  Ցուրտը՝ դեղին փայլփլուքներով: Ես պետք է ժամանակի ամեն օրվա օրագիր պահեմ: Այս գեղեցիկ երեկվա թափանցիկ արևը: Ծովախորշը թրթռուն լույսի՝ հանց թաց շուրթեր: Եվ ես աշխատել եմ ամբողջ օրը:

*

Խորագիրը՝ Աշխարհի հույսը:

*

Գրենյեն կոմունիզմի մասին. «Ամբողջ հարցը սա է. արդարության գաղափարի համար պե՞տք է բաժնեգրվել հիմարություններին»: Կարող ենք պատասխանել «Այո». դա գեղեցիկ է: «Ոչ». դա ազնիվ է:

Հավասար պայմաններում. քրիստոնեության հիմնախնդիրը: Մտահոգո՞ւմ են արդյոք հավատացյալին ավետարանների հակասությունները և Եկեղեցու անզսպությունը: Հավատալ նշանակում է ընդունե՞լ Նոյյան Տապանը, նշանակում է պաշտպանե՞լ Ինկվիզիցիան կամ դատարանը, որը դատապարտեց Գալիլեյին:

Բայց, մյուս կողմից, ինչպե՞ս հաշտեցնել կոմունիզմը և զզվանքը: Եթե ես փորձում եմ ծայրահեղ դրսևորումները՝ մինչ անհեթեթություն և անպիտանություն, ես ժխտում եմ կոմունիզմը: Եվ այս կրոնական մտահոգությունը…

*

Մահը, որը խաղին և հերոսականությանն իրենց իսկական իմաստն է տալիս:

*

Երեկ: Արևը կառամատույցի վրա, արաբ լարախաղացները և նավահանգիստը՝ լույսից վեր ցատկող: Թվում է, թե վերջին ձմռանը, որն անցկացնում եմ այստեղ, այս երկիրը շռայլում է ու ծաղկում: Ցրտի ու արևի ամբողջովին պայծառ այս եզակի ձմեռը: Կապույտ սառնամանիքով:

Սթափ գինովությունն ու ժպտացող աղքատություն — հուսահատություն առնական համաձայնության մեջ հունական քարակոթողների: Ինչո՞ւ պետք է գրեմ կամ արարեմ, սիրեմ կամ տառապեմ:   Այն, ինչը կորցրել եմ իմ կյանքում, ըստ էության, ամենակարևորը չէ: Ամեն ինչ անիմաստ է դառնում:

Ո՛չ հուսահատությունը, ո՛չ էլ ուրախությունները, կարծում եմ, հիմնավորված չեն այս երկնքի և նրանից իջնող տոթ պայծառության առջև:

*

16 մարտի:

Երկարատև զբոսանք: Բլուրներ ծովի հետնախորքին: Եվ նուրբ արև: Մացառներում ամենուր մասրենու սպիտակ ծաղիկներ: Խոշոր հյութեղ ծաղիկներ՝ մանուշակագույն տերևներով: Եվ վերադարձը, կանացի հեզահամբույր ընկերությունը: Երիտասարդ կանանց լուրջ և ժպտացող դեմքերը: Ժպիտներ, կատակներ և ծրագրեր: Մտնում ենք խաղի մեջ: Եվ, չհավատալով դրան, ողջ աշխարհը ժպտում է արտաքուստ և ձևացնում, թե հպատակվել է: Ոչ մի կեղծ նոտա: Ես աշխարհին կապված եմ իմ բոլոր շարժումներով, մարդկանց՝ ողջ իմ երախտագիտությամբ [2]: Բլուրների բարձրությունից տեսանելի են արևի ճնշման ներքո վերհառնող մշուշները՝ վերջին անձրևներից մնացած: Անգամ անտառի միջով իջնող, ինձ այդ խծուծի մեջ ընկղմող, վերևից տեսանվող արևն ու այս զարմանալի օրը, որի մեջ ուրվագծվել են ծառերը: Վստահություն և ընկերություն, արև և սպիտակ տներ, նրբերանգներ՝ հազիվ տարբերակելի, օ՜, իմ անեղծ երջանկություն, որն արդեն մեկնել է, և որն ինձ այլևս չի ազատում երեկոյան մելամաղձությունից, ինչպես երիտասարդ կնոջ ժպիտը կամ ինտելեկտուալ հայացքն ընկերության, որը գիտի հասկանալ:

*

Ժամանակն արագ է հոսում, քանի որ չի տարածվում կողմնորոշիչներով: Այդպես էլ լուսինը զենիթում և հորիզոնին: Ահա թե ինչու պատանեկության տարիներն այդքան երկարատև են, քանի որ դրանք լեփ-լեցուն են, իսկ ծերության տարիներն՝ այդքան կարճատև, քանի որ արդեն որոշարկված են: Օրինակ՝ նկատենք, որ գրեթե անհնար է դիտել սլաքի շրջապտույտը թվացույցի վրա հինգ րոպե ՝ այնքան տևական բան է դա ու զայրացնող:

*

Մարտ:

Գորշ երկինք: Բայց լույսը ներթափանցում է: Հենց նոր՝ ջրի մի քանի կաթիլ: Այնտեղ, ներքևում,  ծովախորշն արդեն մթագնել է: Լույսերը բոցավառվում են: Երջանկությունը և նրանք, ովքեր երջանիկ են: Նրանք ունեն սոսկ այն, ինչին արժանի են:

*

Մարտ:

Իմ ուրախությունը սահման չունի:

*

Dolorem exprimit quia movit amorem [3].

*

Մարտ:

Կլինիկա Ալժիրի վերևում: Բավականին ուժեղ քամին բարձրանում է բլուրն ի վեր՝ միախառնելով խոտերն ու արևը: Եվ ամբողջ այս նուրբ և լուսավոր շարժումը, գագաթ չհասած, կանգնում է ոտքերի տակ սև կիպարիսների՝ խիտ շարքերով գագաթ մագլցող: Սքանչելի լույսը, որն իջնում է երկնքից: Ներքևում՝ ծովն առանց խորշոմների, և նրա կապույտ ատամների ժպիտը: Արևի տակ, որն ինձ տաքացնում է միայն մի կողմից, քամու մեջ կանգնած՝ նայում եմ, թե ինչպես են հոսում այս անզուգական ժամերը՝ չկարողանալով մի բառ [անգամ] արտաբերել: Բայց մի խելագար է հանկարծ հայտնվում իր բուժքրոջ հետ: Նա իր թևատակում մի տուփ ունի պահած և առաջանում է լուրջ դեմքով:

– Բարի օր, Մադմուազե՛լ ([դիմելով] երիտասարդ կնոջը, որն ինձ հետ էր): Մըսյո, թույլ տվեք ներկայանալ. մըսյո Ամբրոզինո:

– Մըսյո Կամյու:

– Ա՜հ: Ես մի Կամուի գիտեի: Բեռնափոխադրումներ Մոստագանեմում (Mostaganem) [4]: Անկասկած [ձեր] ազգականը:

– Ոչ:

– Հոգ չէ: Թույլ տվեք մի պահ ձեզ հետ մնալ: Ամեն օր կես ժամով իրավունք ունեմ դուրս գալու: Բայց դրա համար ստիպված եմ հաճոյանալ բուժքրոջը, որ նա համաձայնվի ինձ ուղեկցել: Դուք մադմուազելի ազգակա՞նն եք:

– Այո, մըսյո:

– Ա՛հ: Այդ դեպքում ես ձեզ հայտնում եմ, որ Զատկին մենք կնշանվենք: Իմ կինն ինձ թույլ է տվել: Մադմուազե՛լ, ընդունե՛ք այս մի քանի ծաղիկները: Եվ այս նամակը. սա ձեզ համար է: Նստե՛ք իմ կողքին. ես միայն կես ժամ ունեմ:

– Մըսյո՛ Ամբրոզիո, արդեն գնալու ժամն է:

– Իրո՞ք: Բայց այդ դեպքում ե՞րբ եմ Ձեզ կրկին տեսնելու:

– Վաղը:

– Ա՛հ: Բանն այն է, որ ես միայն կես ժամ ունեմ և եկել էի հենց մի քիչ նվագելու համար:

Մենք հեռանում ենք: Ճանապարհին՝ սքանչելիորեն փայլող կարմիր խորդենիներ: Խելագարն իր տուփից դուրս հանեց երկայնությամբ ճեղքված եղեգնը, որը երեսպատված էր բարակ կաուչուկի կաշվով: Նա դրանից տարօրինակ երաժշտություն է դուրս բերում՝ աղիողորմ և տաք. «Ճամփան անձրևոտ…» [5]: Երաժշտությունը մեզ հետևում է խորդենիների մոտ և հսկայական մարգարտածաղիկների, այս ծովի մոտ՝ անխռով ժպիտով:

Ես բացեցի նամակը: Նրանում մատիտով համարակալված գովազդներ էին՝ կտրտված և խնամքով դասավորված:

*

M [6]. – Ամեն երեկո նա այդ զենքը դնում էր սեղանին: Ավարտելով աշխատանքը՝ նա հավաքում էր թղթերը, մոտեցնում ատրճանակը և սեղմում էր ճակատին, տրորում քներակները՝ մեղմելով իր այտերի տենդը երկաթի սառնությամբ: Եվ այնուհետև այդպես մնում էր երկար ժամանակ, թույլ տալով մատներին սահել շնիկի երկայնքով՝ ձեռքում ձգանի փականը պահելով այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը չէր լռել շուրջը և այնքան ժամանակ, քանի դեռ, արդեն թմբիրի մեջ, իր ողջ էությամբ չէր կծկվել միայն սառը և աղահամ երկաթի զգացողության մեջ, որտեղից կարող էր մահը դուրս պրծնել:

Այն պահից, երբ ինքնասպան չես լինում, պետք է լռես կյանքի մասին: Եվ նա արթնանում էր՝ բերանը արդեն լիքը դառնահամ թքով, լիզում էր զենքի փողը՝ մտցնելով լեզուն այնտեղ և, խռխռալով անսահման երջանկությունից, զմայլանքով կրկնում.

«Իմ ուրախությունը գին չունի» [7]:

 

  1. — 2-րդ մաս:

Աղետների հաջորդականություն — Նրա խիզախությունը — Կյանքը հյուսված է այդ դժբախտություններից: Նա տեղավորվում է այդ ցավոտ ոստայնի մեջ, իր օրերը կառուցում իր երեկոյան վերադարձների շուրջ՝   իր մենակություններից, իր կասկածանքներից, իր զզվանքներից: Նրան համարում են ստոյիկյան և դիմադրող: [Եթե] ուշադիր նայենք, գործերը չափազանց լավ են ընթանում: Մի օր աննշան միջադեպ. ընկերներից մեկը նրա հետ խոսում է ուշացիր: Նա վերադառնում է տուն: Ինքնասպան է լինում:

*

31 մարտի:

Կարծես քիչ-քիչ ջրի երես եմ դուրս գալիս:

Մեղմ և զուսպ ընկերակցություն կնոջ:

*

Սոցիալական հարցը կարգավորված է: Հավասարակշռությունը վերականգնված է: 15 օրից ես վերջակետ կդնեմ: — Իմ գիրքը՝ մտածել դրա մասին անընդհատ: Իմ աշխատանքը՝ կազմակերպել՝ առանց սպասելու կիրակիի մեկնարկին:

Անհանգիստ և հուսահատ կյանքի այս տևական շրջանից հետո վերականգնվել նորից: Վերջապես արև, և իմ հևացող մարմինը: Լռել —  հավատալ ինքդ քեզ:

*

Ապրիլ:

Առաջին շոգ օրերը: Հեղձուկ: Բոլոր   կենդանիներն ուժասպառ են: Երբ օրը թեքվում է դեպի մայրամուտ, քաղաքի վրա տարօրինակ հատկությամբ օդ: Ձայները, որոնք բարձրանում և անհետանում են, ինչպես փուչիկներ: Ծառերի և մարդկանց անշարժություն: Դարատափին՝ մավրիտանուհիներ, որոնք զրուցում են՝ սպասելով երեկոյին: Սուրճը, որը խարկում են, և որի բուրմունքը բարձրանում է նաև: Նուրբ և հուսահատ ժամ: Ոչինչ՝ համբուրելու: Ոչ ոք՝ մոլեգին երախտիքով ծնկներն ընկնելու:

*

Տոթը կառամատույցում՝ զարհուրելի, ճնշող, որից ընդհատվում է շնչառությունը: Ծանր հոտը կուպրի՝ կոկորդը քերող: Ուժասպառություն և մահվան ցանկություն: [Սա է] ողբերգության իսկական մթնոլորտը և ոչ գիշերը, ինչպես կարծում են:

*

Զգացմունքները և աշխարհը — Ցանկությունները միախառնվում են: Եվ այս մարմնի մեջ, որը պահում եմ իմ դեմ, ես պահում եմ նաև այս տարօրինակ ուրախությունը, որը երկնքից ծով է իջնում:

*

Արև և մահ [8]: Ջարդված ոտքով բեռնակիր: Արյան կաթիլները՝ մեկ առ մեկ առափնյա շիկացած քարերի վրա: Դրանց թշշոցը: Սրճարանում նա ինձ իր կյանքն է պատմում: Մյուսները գնացել են, մնացել են վեց բաժակները: Առանձնատուն արվարձանում: Միայնակ, վերադառնում էր միայն երեկոյան՝ իր կերակուրը պատրաստելու համար: Մի շուն, մի որձ կատու, մի էգ կատու, վեց ձագուկներ: Էգ կատուն չի կարող կուրծք տալ: Ձագերը սատկում են մեկը մյուսի հետևից: Ամեն երեկո հանկարծակի   մահ և աղբ: Նաև երկու հոտ՝ միախառված մեզ և մահ: Վերջին երեկո (նա սեղանի վրա երկարում է ձեռքերը, որոնք մեղմորեն հեռացնում, դանդաղ հրում են բաժակները մինչ սեղանի ծայրը): Վերջին կատուն է սատկել: Բայց մայրը միայն կեսը կերավ: Ինչպե՛ս կես-կատու: Մշտապես աղբ: Քամի, որը ոռնում է տան շուրջ: Դաշնամուր՝ չափազանց հեռու: Նա նստած է այդ ավերակների ու թշվառության մեջտեղում: Եվ աշխարհի ամբողջ իմաստը միանգամից կանգնում է կոկորդին: (Բաժակները մեկը մյուսի հետևից ընկնում են, իսկ նա չի դադարում ձեռքերը տարածել): Մնում է այնտեղ մի քանի ժամ՝ վիթխարի զայրույթից ամբողջովին ցնցվելով, առանց խոսքերի, ձեռքերը մեզի մեջ և միտքն իր ընթրիքի մասին, որ պետք է պատրաստի:

Բոլոր բաժակները ջարդված են: Եվ նա ժպտում է: «Հոգ չէ, – ասում է նա հյուրանոցի տիրոջը, –  ամբողջը կվճարվի»:

*

Բեռնակրի ջարդված ոտքը: Անկյունում մի երիտասարդ ժպտում էր լռելյայն:

*

«Դատարկ բան է: Ընդհանուր գաղափարներն են, որ ինձ ավելի շատ վնաս են հասցրել»: — Վազք բեռնատարի հետևից, արագություն, փոշի, ժխոր: Ամբարձիչների (treuils) և մեքենաների մոլեգին ռիթմ, կայմերի պար հորիզոնում, նավաճոճք: Բեռնատարի մեջ: Ցատկ առափնյա անհավասար սալաքարերի վրայով: Եվ սպիտակ ու կավճային փոշու մեջ, արև և արյուն, նավահանգստի անծայր և անիրական զարդարանքի մեջ, երկու երիտասարդ մարդիկ, որոնք հեռանում են ամբողջ արագությամբ և լիաթոք ծիծաղում՝ հանց գլխապտույտ ապրելով:

* +

Մայիս:

 

Չտարանջատվել աշխարհից: Կյանքը չեն վրիպում, երբ այն զետեղում են լույսի մեջ: Իմ ողջ ջանքը բոլոր իրադրություններում, դժբախտություններում, հուսախաբություններում շփումները վերագտնելն է: Եվ անգամ այս տրտմության մեջ որքան ցանկություն սիրելու և որքան արբեցում հենց միայն երեկոյան օդում բլրի տեսքով:

Շփումներ ճշմարտության հետ, բնությունը նախ և առաջ, իսկ ապա նրանց արվեստը, որոնք հասկանում են, և իմ արվեստը, եթե դրան ունակ եմ: Եթե ոչ՝ լույսը և ջուրը և արբեցումը դեռ իմ առջև են, և ցանկության թաց շուրթերը:

Հուսահատության ժպիտ: Անելանելի, բայց անդադար իշխանություն գործոդրող, որը, գիտենք, զուր է: Կարևորը՝ չմոլորվել և չկորցնել այն, ինչն ինքնիրեն քնած է աշխարհում:

*

Մայիս:

Բոլոր կապերը «Ես»-ի պաշտամո՞ւնք: Ոչ [9]:

«Ես»-ի պաշտամունքը սիրողականություն կամ լավատեսություն է: Երկուսն էլ դատարկ բան են: Չընտրել սեփական կյանքն, այլ ընդլայնել այն:

Ուշադրություն. Կիրկեգոր, մեր դժբախտությունների ակունքը համեմատությունն է:

Պարտավորվել: Այնուհետև ընդունել հավասարապես «այո»-ն ու «ոչ»-ը:

*

Մայիս:

Ալժիրի օրվա այս վերջավորությունները, որտեղ կանայք այնքան գեղեցիկ են:

* +

Մայիս:

Սահմանին: Եվ դրանից վեր՝ խաղը: Ես ժխտում եմ, թուլամորթ եմ և տկար, գործում եմ այնպես, կարծես հաստատում եմ, կարծես ուժեղ լինեմ և խիզախ: Կամքի հարցը – հասցնել անհեթեթությունը (absurdité) մինև վերջ – ես ընդունակ եմ…

Որտեղից էլ՝ վերցնել խաղը ողբերգության, իր ջանքի մեջ, կատակերգությունը՝ դրա արդյունքում (բավականին անտարբեր):

Բայց դրա համար ժամանակ չկորցնել: Փնտրել բարձրագույն փորձառությունը մենության մեջ: Կատարելագործել խաղը՝ ինքդ քեզ հաղթահարելով, իմանալով, որ դա անհեթեթ է [10]:

Իմաստուն հինդուսի և արևմտյան հերոսի հաշտեցում:

«Հենց ընդհանուր գաղափարներն են ինձ ավելի շատ վնասել»:

Այս ծայրագույն փորձառությունը (extrême expérience) պետք է միշտ կանգնած մնա մեկնված ձեռքերի առջև: Վերսկսվելու համար: Մեկնված ձեռքեր հազվադեպ են լինում:

*

Աստված — Միջերկրածովք. կառույցներ — ոչինչ բնական:

Բնություն — հավասարակշռություն:

*

Ընդդեմ ախտադարձության և թուլության. ջանք — Ուշադրության դև. մշակույթ — մարմինը

կամք — աշխատանքը (փիլ.)

Բայց և հակառակ կողմը. բարեխոսները — ամեն օր

իմ ստեղծագործությունը (հույզերը)

ծայրագույն փորձառություններ:

Փիլիսոփայական աշխատություն. անհեթեթություն (absurdité):

Գրական աշխատություն. ուժ, սեր և մահ՝ նվաճման նշանի ներքո:

Երկուսի մեջ էլ, միախառնելով ժանրերը, պահպանել առանձնահատուկ տոնը: Մի օր գրել գիրք, որը կիմաստավորի:

Եվ այս լարումի մասին. անվրդովությունը — արհամարհել բաղդատությունը:

*

Էսսե մահվան և Փիլիսոփայության մասին – Մալրո [11]: Հնդկաստան:

Էսսե քիմիայի մասին:

*

Մայիս:

Այն, որ կյանքն ավելի ուժեղ է, ճշմարտություն է, բայց և ամենայն վախկոտության սկզբունքն է: Հարկավոր է մտածել հակառակը բացահայտ:

*

Եվ ահա նրանք, որ բառաչում են՝ ես ապաբարոյապաշտ եմ:

Թարգմանություն. ես ինքս ինձ բարոյականություն տալու կարիք ունեմ: Խոստովանիր այն, ուրեմն, հիմար: Ես նույնպես:

*

Ուրիշ մի խոսակցություն. պետք է լինել պարզ, ճշգրիտ, ոչ մի գրականություն — ընդունել և տրվել: Բայց մենք այլ բան չենք էլ անում:

Եթե համոզված եք ձեր հուսահատության մեջ, հարկ է գործել, ինչպես հույսը չկորցրած, — կամ ինքնասպան եղեք: Տառապանքն իրավունք չի տալիս:

*

Մտավորակա՞ն: Այո: Եվ երբեք չհրաժարվել: Մտավորականը նա է, ով երկու մասի է բաժանվում: Դա ինձ հաճելի է: Ես գոհ եմ երկուսը լինելու համար: «Կարո՞ղ են դրանք միավորվել»: Գործնական հարց: Հարկավոր է փորձել: «Ես արհամարհում եմ բանականությունն» իրականում նշանակում է՝ «Ես չեմ կարող կրել իմ կասկածները»:

Ես նախընտրում եմ ապրել բաց աչքերով:

*

Նոյեմբեր:

Տեսնել Հունաստանը: Ոգի և զգացմունք, հակում առ արտահայտությունն՝ իբրև անկման ապացույցներ: Հունական քանդակագործությունն անկում է ապրում, երբ ի հայտ են գալիս ժպիտն ու հայացքը: Իտալական նկարչությունը նույնպես, ներառյալ «կոլորիստների» XVI դարը:

Հարակարծությունը (Paradoxe) հույնի, որը մեծ արվեստագետ է իրենից անկախ: Դորիական Ապոլլոնները սքանչելի են, քանի որ զուրկ են արտահայտությունից: Արտահայտությունը միայն նկարչությունը ներբերեց (ցավոք): – Բայց նկարչությունն անցնում է, իսկ գլուխգործոցն ապրում:

*

Ազգայնականությունները դիտվում են իբրև քայքայման նշաններ: Հազիվ խախտվեց Սրբազան հռոմեական կայսրության կրոնական միասնությունը՝ ազգայնականությունը: Արևելքը դեռ մնում է:

Միջազգայնականությունը փորձում է Արևմուտքին վերադարձնել նրա ճշմարիտ իմաստն ու կոչումը: Բայց սկզբունքն այլևս քրիստոնեական չէ, այն հունական է: Հումանիզմն այսօր. այն սոսկ հաստատում է Արևելքի և Արևմուտքի միջև անջրպետը (Մալրոյի դեպքը): Բայց այն վերականգնում է ուժը:

*

Բողոքականություն: Նրբերանգ: Տեսության մեջ՝ խելացի հարաբերություններ. Լյութեր, Կիրկեգոր: Իսկ գործնականո՞ւմ:

 

Ծանոթագրությւններ

[1] Non ridere, non lugere… Չծիծաղե՛լ, չլացե՛լ (լատ.) — Սպինոզայի «Քաղաքական տրակտատ»-ից շրջասված մեջբերում է (Սպինոզայի մոտ այն այսպես է՝ «Non indignari, non admirari, sed intellegere»՝ «Չզայրանա՛լ, չզարմանա՛լ, այլ հասկանա՛լ»): Հետազոտողները գտնում են, որ Կամյուն սա փոխառել է Շեստովի «Կիրկեգորը և էկզիստենցիալ փիլիսոփայությունը» աշխատությունից, որը ֆրանսերեն է թարգմանվել 1936 թվականին: Աշխատության մեջ Շեստովը բազմիցս կրկնում է այն հենց այս տեսքով:

[2] Ամուսնություններ-ի մեջ կիրառված գրառումներ:

[3] Նա իր թախիծն է արտահայտում հանուն տարագրված սիրո (լատ.):

[4] Մոստագանեմ (Mostaganem) – Ալժիրից հյուսիս-արևմուտք գտնվող նավահանգստային քաղաք և Մոստագանեմ գավառի (province) մայրաքաղաքը:

[5] «Il pleut sur la route…» – 1935 թվականին հայտնի երգերից՝ Տինո Ռոսսիի կատարմամբ:

[6] Նոթեր Երջանիկ մահ-ի համար: Կամյուն այս հատվածը (առաջին պարբերությունը) գրեթե առանց փոփոխության օգտագործում է «Երջանիկ մահ»-ի Առաջին մասի Չորրորդ գլխի վերջում: Նկատենք, որ հայերեն թարգմանությունը բնագրից տարբերվում է. «[Հ]ետո զենքը մոտեցնում ու հպում էր քունքին՝ փորձելով այտերի տենդը մեղմել երկաթի սառնությամբ: Այսպես մնում էր ահագին ժամանակ, մատները տանում-բերում ձգանի երկայնքով, շոշափելով շնիկը, մինչև շուրջն ամեն բան լռում էր, իսկ ինքը՝ թմբիրի մեջ, իր ողջ էությամբ պարփակվում էր սառն ու աղահամ երկաթի զգացողության մեջ, որտեղից կարող էր դուրս թռչել մահը»: Տե՛ս Ալբեր Կամյու, Ստեղծագործությունների ժողովածու, Հատոր 1 /թրգմ. Ֆր.՝ Աննա Հակոբյան, Ե. Ա&Մ, 2002, էջ 209 (ֆրանսերեն բնագրում՝ «Puis il posait l’arme sur la table, approchait le revolver et y plaquait son front, y roulait ses tempes, apaisait sur le froid du fer la fièvre de ses joues. Il restait alors un long moment ainsi, laissant errer ses doigts le long de la gâchette, maniant le cran d’arrêt, jusqu’à ce que le monde se tût autour de lui et que, somnolent déjà, tout son être se blottît dans la sensation d’un fer froid et salé dont pouvait sortir la mort»):

[7] Հատվածի ուշագրավ կողմերից է նաև Կամյուի կողմից կիրառված բառախաղը: Այսպես՝ նա նկարագրության մեջ օգտագործում է ֆրանսերեն «se tût» («se taire»-ից՝ լռել, թաքցնել) և «se tue» (se tuer-ից՝ ինքնասպան լինել, կյանքին վերջ տալ) նույնահունչ, բայց տարբեր գրությամբ բառերը:

[8] Գրառումներ Երջանիկ մահ-ի համար:

[9] Մտորումներ, որոնք կանխորոշում են Սիզիփոսի առասպել-ի մի քանի էջերը:

[10] Մտորումներ, որոնք կանխորոշում են Սիզիփոսի առասպել (Mythe de Sisyphe)-ի մի քանի էջերը: Իսկ առաջին տողերն արդեն կրում են Անկում (La Chute)-ի հետքերը:

[11] Անդրե Մարլո (André Malraux, 1901-1976) – ֆրանսիացի գրող, մշակութաբան և քաղաքական գործիչ (Ֆրանսիական Դիմադրության հերոս, Հինգերորդ հանրապետության գաղափարաբան, դը Գոլի կառավարման տարիներին (1958-1968) մշակույթի նախարար): Ալբեր Կամյուն (ինչպես և Ժան Գրենյեն) մեծապես ազդվել է Մալրոյի փիլիսոփայական աշխատություններից, թեպետ աբսուրդի վերաբերյալ Կամյուի և Մալրոյի մեկնությունները տարբեր են: Կամյուն Մալրոյին համարել է իր ուսուցիչը, և պատահակն չէ, որ Մալրոյից բազմիցս մեջբերումներ է անում իր օրագրերում:

© Թարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները՝ ԹՈՆԴՐԱԿԻ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *