Դաթո Տուրաշվիլի | Լևանը և Լևոնը


Լևան Օդիշելիձեն վրացի իշխան էր, Լևոն Չարենցը՝ հայ: Ե՛վ առաջինն էր գնդապետ, և երկրորդը: Երկուսն էլ երդում էին տվել Նիկոլին և զանց չէին առնում: Երդումը երդում էր, թեկուզև ուրիշ կայսրության մեջ, ուստի քանի դեռ բախտը կար, նրանք կատարում էին իրենց պարտքը: Առաջին համաշխարհային պատերազմի բովով միասին անցան. թե՛ տխրության ժամին էին միասին, թե՛ ուրախության:

Հայ գնդապետը ծնվել և մեծացել էր Թիֆլիսում և, թաքցնելու բան չունեմ, վրացերենի իմացությամբ բոլորովին չէր զիջում իր վրացի բարեկամին: Ո՛ր ճակատում ասես չեղան մեր սպաները, ո՛ր երկրի հողն ասես ոտքի տակ չառան նրանք, մինչև որ մի գեղեցիկ օր (գեղեցիկը՝ պայմանականորեն) պատերազմից հոգնած, սոված ու ծարավ ժողովուրդը հարձակումն ուղղեց Ձմեռային պալատի վրա: Պալատն, այո՛, ձմեռային էր, բայց այնպե՜ս ջերմորեն ընդունեց ժողովրդին, որ իսկի չէին սպասում:

— Շուտով կհանդիպենք,— կրծքին սեղմելով՝ ասաց գնդապետ Օդիշելիձեն:

Եվ միայն այդ պահին՝ բաժանվելիս, զգացին, թե որքա՜ն են սիրում մեկմեկու, սիրում եղբայրաբար…

Ինչ ու ինչպե՞ս էր լինելու հետագայում՝ դժվար է ասել, բայց բարեկամ սպաները առանց դժվարության գլխի ընկան, որ իրենց այդպես ջերմորեն չեն ընդունի այնտեղ: Գլխի ընկան ու ետ՝ դեպի հայրենիք: Ճանապարհն այնքան էլ հեշտ չէր: Մի կայարանը հաջորդում էր մյուսին. քաղաքների կառավարություններն այնքան էին տարբերվում միմյանցից, ինչպես իրենք՝ քաղաքներն էին տարբեր: Այս ու այնտեղ նաև կրակոցներ, ճայթյուններ ու պայթյուններ էին լսվում: Ոմանց համար պատերազմը վերջանում էր, ոմանց համար էլ նոր էր սկսվում: Մեծ դժվարությամբ հասան Թիֆլիս: Հասնելը հասան, բայց վա՜յ այդ հասնելուն. նրանց տեսքից ու հագուստից ո՛չ իշխանական ծագումն էր զգացվում, ո՛չ սպայականը:

Նույն երեկոյան գնացին իրենց երանելի բաղնիքը և գեղեցկացան, կոկիկ հագնվեցին, սափրվեցին… Գիշերն անցկացրին «Օրիանտ» ռեստորանում: Քեֆ արեցին ինչպես որ անցյալում էին անում: Ո՛չ պարն էր պակաս, ո՛չ երգը: Գրեթե արշալույս էր, երբ երկուսն էլ ննջեցին սեղանի մոտ…

Հաջորդ օրը գնդապետ Լևոն Չարենցը այցի գնաց Թիֆլիսի իր հարազատներին, հետո ընկերոջ հետ ճաշեց, իսկ երեկոյան խոնջացած, բայց գոհ մեկնեց մայրաքաղաքից:

Թիֆլիսում հանգիստ չէր. հանրահավաքներ էին ու լոզունգներ, հեղափոխության հույսեր և կոչեր՝ հողը գյուղացուն, գործարանը՝ բանվորին: Աստ՝ սոցիալիզմ, անդ՝ ինտերնացիոնալ, դեմոկրատիա և ազատություն, հաց ու շոկոլադ, ութժամյա աշխատանքային օր, տեղկոմ և կոմերիտմիություն, դժոխք ու տարտարոս, կուսակցություններ և ֆրակցիաներ, բոլշևիկներ և մենշևիկներ, ազգայնականներ և էսէռներ, պրոլետարներ և ավազակներ, ուլյանովներ և տրոցկիներ, Կամոն միակ հեծանվով, երկնային եղջյուրականներ՝ պախրայի պոզերով, և ֆուտուրիստներ՝ չինարենու ճյուղերին, հազիվ հիշատակվող Դավիթ Շինարար և համալսարանի հիմնադրում, Եվրոպայից ներմուծված ինտելեկտ և սոցիալիզմ երազողների կույր ամբոխ…

— «Համաշխարհային պրոլետարիատին ի՞նչ պիտի ասենք. Վրաստանի կամ ազգային հարցերի ժամանակն է: Ի՞նչ երեսով պիտի նայենք ֆրանսիացի և անգլիացի բանվորների աչքերին…»:

Եվ հենց այդ ժամանակ՝ բոլորովին փոքրամասնություն կազմողների ցանկությամբ ու առավել մեծամասնականների պարտադրմամբ Մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը ցրվում է: Վրաստանն ազատագրված է: Նոր ղեկավար: Սոցիալ-դեմոկրատիա: Հանրապետությունն այնպիսի երկրի ճակատագիր ունի, որպիսին չէր ուզում: Առայժմ դժվարանում է…

— Անգլիան կփրկի՜ մեզ…
— Ո՛չ, Գերմանիա՛ն կփրկի…
— Լյոյդ Ջորջը մեզ չի դավաճանի…
— Կլեմանսոն ավելի վստահելի է…
— Ո՞վ մեզ կզոհաբերի…

Զոհաբերելն ո՞րն է. հարձակո՜ւմ դեռևս առաջին քայլերն անող հանրապետության վրա: Անդ՝ Դենիկինը, դարձյալ անդ՝ կարմիրները: Աստ՝ Թուրքիան և… Հայաստանը: Այո՛, Հայաստանը, թեև ոչ ոք չէր սպասում: Բայցևայնպես՝ Հայաստանը: Ասում են դաշնակների և մենշևիկների մեղքն է: Բայց, այդուհանդերձ, Հայաստանը: Անշուշտ, կարելի էր յոլա գնալ. այդ երկաթուղու և այս հողերի համար համաձայնության կգայինք, փոխարենը՝ պատերազմ Հայաստանի դեմ: Իսկ պատերազմում պետք է վարվես այնպես, ինչպես վարվում են պատերազմում… Լևան Օդիշելիձեն չանդամագրվեց և ոչ մի կուսակցության. մայրաքաղաքում էլ չմնաց:

— Գնամ մեր հողին ու տնտեսությանը տեր դառնամ: Դեսից-դենից բան-ման ստեղծեմ, գործերս կարգավորեմ ու պառավ մորս ուրախացնեմ՝ վերցնեմ ու ամուսնանամ,— ասաց ու վերադարձավ Իմերեթ:

Նպատակադրվել էր նաև բուժվել. պատերազմում ստացած վերքն անհանգստացնում էր: Այլևս այնքան էլ երիտասարդ չէր նա… Հանդիսությունների էր հաճախում, ուրիշների հարսանիքների էր մասնակցում. հանրապետության կենացը մերթ տաշովի բաժակով էր խմում, մերթ՝ եղջյուրներով: Մինչ այդ, մինչ այդ, աշունը վրա հասավ, և գավառային համայնքի նախագահը մի առավոտ եկավ ու կանգնեց Օդիշելիձեների դռան շեմին:

— Ղեկավարությունը պահանջում է ներկայանալ մայրաքաղաք, հենց նոր հաղորդեցին՝ ուղիղ գծով:

Նույն գիշեր Թիֆլիս մեկնող գնացք նստեց: Դեռ վաղ էր թուր կապելը, թեև ճանապարհին անսխալ գուշակեց՝ ինչի՛ համար են կանչում: Կառավարության ղեկավարը, որ խոսում էր Օդիշելիձեի հետ, ճիշտ այնպիսին էր, ինչպիսին թերթերում են նկարում՝ ձեռնափայտը ձեռքին, եվրոպական լայնեզր գլխարկը գլխին: Կարճ կապեց.

— Դու շատ լավ տեսնում ես,— ասաց նա,— թե հայրենիքն ինչի կարիք ունի. փաստ է, որ դու էլ պետք ես հայրենիքին:

Գյուղ գնալու հնարավորություն չընձեռեցին: Գործուղվեց գեներալ Փավշենիշվիլու հեծելազոր: Այնպես մերվեց Սողանլուղում անցկացվող զորավարժությունների՛ն, որ երկար ժամանակ չկարողացավ մորը որևէ լուր հաղորդել: Մինչդեռ պառավն անհանգստանում էր: Իհարկե, կանհանգստանար, չէ՞ որ ագիտատորներն ամեն օր թեև նոր, բայց վատ լուրեր էին բերում:

Շատ չանցած՝ կռիվն սկսվեց: Հակառակորդի զորքը շարժվեց առաջ: Դե՛, մերոնք էլ ձեռքները ծալած չնստեցին… Ոմանք կատակում էին, թե հայերի շտաբը Թիֆլիսում է, ոմանք ծիծաղելով ասում էին, թե, հա՛, մեր խորհրդարանն իր ապարանքում նրանց սենյակ է հատկացրել, ոմանք էլ պարզապես ապշահար էին՝ էս ի՜նչ օրի հասանք…

Այսպես թե այնպես, կրակում էին: Ե՛վ այս կողմից էին կրակում, և՛ այն կողմից: Ե՛վ նրանք էին հարձակվում, և՛ սրանք: Հրանոթները մեկ այս շենից էին որոտում, մեկ՝ այն: Մեկ մի կողմն էր նահանջում, մեկ՝ մյուս: Այս ամենը՝ օրը ցերեկով: Իսկ երեկոյան սպաները (թերևս, նաև մարտիկները) հնարավորին չափ մաքրվում էին, իրենց կարգի բերում ու հավաքվում խորհրդակցության՝ շտաբում, որևէ մեկի հյուրընկալ տանը կամ ինչ-որ խանութում: Նաև գինին էր հորձանք տալիս. վիճում էին, աղմկում, կռվում: Ոմանք այս կուսակցությանն էին հարում, ոմանք՝ այն, ոմանք էլ՝ մի երրորդ: Ամեն օր, սակայն, մեկ միտք էր շրջում. սա ավելի շուտ մենշևիկների և դաշնակների կռվի է նման, քան հայերի ու վրացիների: Բայց պատերազմը պատերազմ էր, և կռվում էին բոլորը՝ կուսակցականներն ու անկուսակցականները, զորքն ու գվարդիան: Զինվորներն, իսկապես, սիրում էին գնդապետ Օդիշելիձեին: Վստահում էին նրա խելքին ու փորձառությանը: Նաև՝ արիությանն ու անձնազոհությանը:

Չնայած պայքարը թեժ էր ու կեղտն առատ, բայց նա իր նժույգը միշտ մաքուր էր պահում. աշխատում էր ինքն էլ երևալ այնպես, ինչպես վայել է սպային, լինել այնպես, ինչպես վայել է վրացական բանակի գնդապետին: Այդ երեկո նույնպես բծախնդրորեն պատրաստվեց և կազմ ու պատրաստ ներկայացավ շտաբ: Մյուս սպաներն արդեն այնտեղ էին: Սպասում էին հակառակորդի ներկայացուցիչներին: Երբ գնդապետ Օդիշելիձեն ներկայացավ, քիչ անց եկան նաև հայ սպաները: Մինչ բանակցությունների համար կնստեին սեղանի շուրջը, գլխով արեց: Բոլորը հասկացան, թե ո՛վ ի՛նչ պիտի անի: Լևան Օդիշելիձեն նույնպես դուրս գնաց, և դա՝ մեծավ ուրախությամբ, քանզի հայ սպաների մեջ ճանապարհեց իր վաղեմի բարեկամ Լևոն Չարենցին…

Վրացիները զարմացած նայում էին Լևան Օդիշելիձեին, որ ամուր գրկել էր հայ սպային և այնպես էր համբուրում, կկարծեիր քսան տարի առաջ կորցրած եղբորն է հանդիպել: Երբ փոքր-ինչ շունչ քաշեցին, առանձնացան և մանրամասն հարցուփորձ արեցին մեկմեկու:

— Գնանք Դիասամիձեների մոտ,— հարեց Օդիշելիձեն, այստեղից մոտիկ է:

Եվ անձամբ առաջնորդեց հյուրին: Դիասամիձեներն ընթրիքին սպասում էին վրացի գնդապետին, հայ սպան էլ հաճույքով օգտվեց այդ հրավերից: Նրանք, իսկապես, փառահեղ հյուրասիրել գիտեին: Դրանում համոզվեց նաև գնդապետ Լևոն Չարենցը: Ի դեպ, տանտերերը ոչ էլ գլխի ընկան նրա որտեղացի լինելը, և անհնար էր կասկածել, որ հակառակորդի հետ վրացի սպան կարող է այդպես ջերմեռանդորեն բարեկամության կենաց խմել…

Խմեցին մինչև ուշ երեկո, ամեն ինչ վերհիշեցին. միասին անցած ճանապարհներն ու ստացած վերքերը, դառնություններն ու ուրախությունները: Վերհիշեցին և գինուց ու արցունքներից հարբած՝ դնդնալով դուրս ելան: Ճանապարհին իմացան, որ բանակցությունները արդյունք չեն տվել: Ավելի ճիշտ Լևանը վրացի սպաներից իմացավ, բայց Լևոն Չարենցին չասաց. լուրը նրանից թաքցրեց և անձամբ ուղեկցեց մինչև վրացական սահմանը, մինչև վերջին պահակետը:

Հրաժեշտը լռելյայն էր: Վերջում գնդապետ Չարենցը համբուրեց գնդապետ Օդիշելիձեին, իսկ փոքր-ինչ հեռանալով՝ ձեռքով արեց: Մեկ անգամ էլ ետ նայեց և մեկ անգամ էլ ձեռքով արեց, թերևս նաև՝ երրորդ անգամ, բայց վրացի սպան ոչինչ չէր տեսնում, աչքերը արցունքներից մշուշվել էին, բացի այդ՝ մութը վաղուց ընկել էր…

Առավոտյան ճակատամարտը վերսկսվեց: Մինչև երեկո շարունակվեց անողոք կռիվը: Այդ օրվա մարտն ամենաահեղն էր: Այդ օրը երկու կողմն էլ շատ զոհ տվեց: Հենց այդ օրը, հենց այդ անողոք ճակատամարտում զոհվեց վրացի գնդապետ Լևան Օդիշելիձեն…

Հայ գնդապետ Լևոն Չարենցն էլ երկար չապրեց: Ոչ թե երկար չապրեց, այլ ճիշտ երրորդ օրը, ինչպես հավաստեցին ականատեսները, նախ՝ անզգայանալու չափ խմել է, հետո՝ լաց եղել, ապա՝ անսպասելիորեն խաղաղվել. հաջորդել է կրակոցը: Գնդակը խոցել է հայ սպայի սիրտը… Լևոն Չարենցի աչքերը բաց են մնացել…

Այդ գիշեր հորդառատ անձրև է եկել. առավոտյան մարտերը դադարեցրել են…

Թարգմանությունը վրացերենից՝ Հրաչյա Բայրամյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *