Տնօրենի ձայնը ձայնն էր Աստծո։
— Հե՜յ, դո՛ւ, Ջո՛նսթոն Մայնոր, հերիք է վազես,— որոտաց նա։ — Բե՛յթս, իմ գրասենյակ` առավոտյան տասին։ Պատրաստ եղիր պատասխանելու, թե ինչու էիր երեկ լատիներենի դասին ուսումնասիրում Քեմփթոնում ժամը 2։30-ին կայանալիք ձիարշավի մանրամասները։ Լատիներենի՛, տղա՛. ակնհայտորեն այնքան լավ ես տիրապետում լատիներենին, որ այլևս սովորելու կարիք չես տեսնում։ Հե՜յ, տղա՛, քո անո՞ւնն ինչ է։
Եվ առաջին անգամ (կամ էլ ինձ թվաց) նա ուշադրություն դարձրեց ինձ։
— Ջենքինս, պարոն տնօրեն։ Կրթաթոշակառու ուսանողը,— պատասխանեցի ես։
— Ա՜խ, կրթաթոշակառու Ջենքինս,— նա գլխով արեց. ասես ամեն բան իր տեղն ընկավ։ — Հուսով եմ՝ միջավայրը քեզ այնքան էլ չի վախեցնում:
— Մի փոքր, պարոն տնօրեն,— ստեցի ես։
Կարմրափայտե պատեր, վեհաշուք կիսանդրիներ, դիմափոշով պատված կեղծամներով մեռյալների լեգեոններ, որոնք պատերից ներքև էին նայում՝ վարչապետներ, բանկիրներ, արդյունաբերության ոլորտի առաջամարտիկներ, դիվանագետներ, վիրաբույժներ, զինվորականներ. Մոնթեգյուի դպրոցը հենց ամենաահարկու վայրն էր, որ երբևէ պատահել էր ինձ։
— Չպետք է թույլ տամ, որ դա քեզ անհանգստություն պատճառի, Ջենքինս,— ասաց տնօրենը։ Նա ձեռքը դրեց գլխիս ու մի պահ գզգզեց մազերս, ապա իր սպիտակ, մեծ թաշկինակով խնամքով սրբեց մատները։— Վստահ եմ, որ դու մեծ ներդրում ես ունենալու Մոնթեգյուի դպրոցում։ Հասկանում ես, շատ առումներով կրթաթոշակառու ուսանողներն այս հաստատության կենսական ուժն են…
Մոնթեգյուի տղաների դպրոցը չորսդարյա պատմություն ուներ։ Այնքան շատ ականավոր մարդիկ էին անցել դրա դարպասներով, որ, կարելի է ասել, այն դարձել էր Կայսրության միկրոտիեզերքը՝ խորհրդանիշն այն լավագույնի, որ երբևէ եղել էր Բրիտանիայում։ Այն կանգնած էր բլուրների ու կանաչ մարգագետինների մեջ՝ աշտարակների ու պարիսպների մի խրթին լաբիրինթոս. ասես դպրոցը մշտապես պատրաստ էր՝ հետ մղելու իր արտոնություններին նախանձող լայն զանգվածներին։ Դպրոցի շրջանավարտների ցանցը, անտեսանելի սարդոստայնի պես, հյուսվել էր բրիտանական հասարակության վերնախավում՝ միայն ընտրյալներին թույլ տալով իր թելերով անցնել դեպի հարստությունն ու փառքը տանող ճանապարհով, մինչդեռ նրանց, ովքեր արժանի չէին վերելքի, թակարդում էր՝ զրկելով հույսից ու նպատակասլացությունից։ Նրանց փուչ մարմինները վխտում էին քաղաքացիական ծառայության, արտաքին գործերի նախարարության և երկրի առաջատար հաստատությունների ստորին օղակների միջանցքներում՝ որպես լավ դաստիարակության և ավելի լավ կապերի ցայտուն օրինակ։
Դպրոցը շրջապատված էր հսկայական բարձր պարիսպով, ու թեև հսկայական երկաթե դարպասները բաց էին լուսաբացից մինչև ուշ երեկո, նրանցից, ովքեր դպրոցում անելիք չունեին, քչերն էին համաձակվում գնալ դարպասներից այն կողմ։ Հարևան գյուղերի հետ հարաբերությունները, մեղմ ասած, լարված էին, քանի որ դպրոցն, ըստ երևույթին, ուժեղ հակակրանքի էր արժանանում այն մարդկանց կողմից, ում երեխաները երբեք չէին զգալու այդպիսի հաստատության առավելությունները (զգացմունքներն ավելի էին սրվում այն գիտակցությունից, որ, ամենայն հավանականությամբ, իրենց երեխաները, ինչպես և իրենք, հետագայում կախված են լինելու դպրոցի շրջանավարտներից մի քանիսի քմահաճույքներից): Արդյունքում, դպրոցը ջանասիրաբար հետևում ու վերահսկում էր գյուղեր այցելությունները, թեև ավագներին ավելի մեծ ազատություն էր տրված իրենց թափառումներում, և նրանք այլանդակաբար հաճույք էին ստանում տեղացի վաճառականներին ծաղրելուց՝ վստահ լինելով, որ որքան էլ նրանք ատեին այս անկոչ ունևորներին, չէին կարող հրաժարվել նրանց հետ գործ ունենալուց։
Այնուամենայնիվ, երբեմն տեղացի չարաճճի երեխաների խմբերը հարձակում էին գործում դպրոցի տարածքի վրա՝ հույս ունենալով գոնե աննշան վանդալիզմի ենթարկելու արձանները կամ պտղատու այգուց խնձոր ու տանձ գողանալու։ Եթե բախտները բերեր, գուցե հանդիպեին իրենց հոտից մոլորված ինչ-որ աշակերտի ու ծեծի ենթարկեին։ Բայց սա ռիսկային գործ էր, քանի որ տարածքը կանոնավոր կերպով հսկում էին կապույտ համազգեստով գիշերային պահակները, որոնք իրենց սեփական դատաստանն էին տեսնում իրենց զոհերի նկատմամբ: Եվ, առնվազն մեկ անգամ պատահել էր, որ պոտենցիալ կողոպտիչները բախվել էին դպրոցի «Առաջին տասնհինգյակի» միացյալ զորությանը, և բախտ էին ունեցել տարածքից հեռանալու առանց բուժօգնության։
Այնուամենայնիվ, թվում էր՝ Մոնթեգյուի դպրոցը, թեկուզ և չնչին չափով ու ծայրահեղ վերամբարձությամբ, ընդունում էր աղոտ պարտքի զգացումը նրանց նկատմամբ, ում բախտն այնքան չէր բերել, որքան վճարունակ էլիտայինը։ Յուրաքանչյուր տասը տարին մեկ դպրոցի Մեծ սրահում անց էր կացվում քննություն կրթաթոշակի համար, և այս թեստի ու հետագա հարցազրույցի օգնությամբ որոշվում էին այն փոքրաթիվ հաջողակները, որոնց դուրս էին հանելու մի կյանքից, որը դատապարտված էր հիասթափության ու դժբախտության, իսկ փոխարենը նրանց տալու էին ավելի լավ ապագա ունենալու հնարավորություն (նույնիսկ եթե նման ապագան իրականում երբեք հասանելի չէր լինելու, քանզի բարեգործության ամոթաբեր նեխահոտը կանգնած էր լինելու նրանց շուրջը մինչև կյանքի վերջին օրերը, իսկ ցեխը հավերժ կպած էր մնալու նրանց կոշիկներին՝ նրանց հետևից հետագիծ թողնելով, որպեսզի ունևորներն ու արտոնյալները, թեկուզ կարճ ժամանակով, չշփոթեին յուրայինների հետ)։
Ինչպես նմանատիպ բոլոր հայտնի հաստատությունները, Մոնթեգյուի դպրոցն ուներ իր ուրույն ավանդույթներն ու ծեսերը։ Գոյություն ուներ հատուկ զգեստակարգ, որին պետք էր հետևել, որոշակի ուղղություններ, որոնցով պետք էր քայլել, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների յուրօրինակ հիերարխիաներ, որոնք, պարզվում էր, քիչ կապ ունեին տարիքի կամ արժանիքների հետ։ Նրանց, ովքեր ամենասերտ բարեկամական կապերն ունեին դպրոցի հետ, թույլատրվում էր իշխել նրանց, ում կապերն այնքան էլ հաստատուն չէին, իսկ մեծ հարստությունն իր հետ բերում էր ազատություն՝ անպատժելիորեն ցավ պատճառելու և նվաստացնելու։ Կային երգեր, որ պետք էր սովորել, և պատմություններ, որ պետք էր պատմել։ Կային խաղեր՝ առանց կանոնների և կանոններ՝ առանց նպատակի։
Կային նաև ոսկորներ, իսկ դրանց հետ՝ ամենից տարօրինակ ծիսակատարությունը։
Այդ առավոտ՝ տնօրենի հետ իմ առաջին դեմառդեմ հանդիպումից հետո, ես առաջին անգամ տեսա դրանք։ Ժողովի ընթացքում ավարտական դասարանի մի քանի ընտրյալ տղաներին հանձնեցին ոսկորներ, և նրանք հերթով դուրս եկան բեմ՝ ստանալու փոքրիկ թավշյա տուփում փակված իրենց բաժին ոսկորը։ Հիմնականում այդ ոսկորները պատկանել էին նրանց հայրերին, իսկ հայրերինը՝ իրենց հայրերին, և այդպես հարյուրավոր տարիներ։ Երբ ընտանիքի գիծը կտրվում էր, միշտ կար մեկ այլ անուն, որ պատրաստ էր դրա տեղը զբաղեցնելու, այնպես որ ոսկորներին տիրանում էին միայն այն տոհմերը, որոնց արյունն ավելի կապույտ էր։ Ոսկորների այդ ծեսը Մոնթեգյուի դպրոցի հնամենի ավանդույթներից էր։ Երբ վերջին ուսանողն էլ ստացավ իր խորհրդանշանը, բոլորը դեմքով շրջվեցին դեպի մեզ՝ կրտսեր ընկերներին, և մեզ թույլ տվեցին (ավելի ճիշտ՝ հրահանգեցին) երեք անգամ որոտընդոստ ծափահարել։
Ես մտորում էի, թե որտեղից էին հայտնվել այդ ոսկորները, բայց երբ փորձեցի ավելի ուշադիր նայել, թե ինչպես են դրանց նորաթուխ տերերը հպարտությամբ ցուցադրում դրանք, ինձ կոպտորեն հետ հրեցին, և տեսադաշտս փակվեց մեջքերի բազմությամբ՝ զրկելով ինձ նույնիսկ այդ փոքրիկ ազատությունից։ Ավելի ուշ այդ գիշեր, հանրակացարանի մահճակալիս պառկած, պատկերացնում էի հորս՝ նվիրված, բայց չքավոր, որն, ի զարմանս իրեն, հայտնաբերում էր, թե իբր մեծ կարողության ժառանգորդ է, տիտղոսակիր ազգանվան տեր, որն իր վերջո փոխանցվելու էր իր որդուն։ Մի գիշերվա մեջ դպրոցում ձեռք կբերեի ազդեցիկ դիրք ու հարգանք։ Մարզադաշտում հերոսական սխրանքներ կգործեի, իսկ ակադեմիական նվաճումներով կգերազանցեի համադասարանցիներիս։ Որպես հատուցում՝ դպրոցը կանտեսեր ավելի հայտնի ընտանիքների դիմումները՝ շտկելու նախկին անարդարությունները, իսկ ես բեմում կզբաղեցնեի իմ տեղը և ձեռքս կառնեի փոքրիկ թավշյա տուփը, որի մեջ մի դեղնած ոսկոր կլիներ՝ իմ նոր կյանքի խորհրդանիշը։
Դա ակնթարթային ֆանտազիա էր, որը հօդս ցնդեց, երբ դեմքիս ինչ-որ սրբիչ շպրտեցին, իսկ մեղավորները պոռթկացին ծիծաղից։ Ես գիտեի, որ կրթաթոշակառու տղային երբեք մասունք չէր հանձնվի. դրանք մեզ նմանների համար չէին։
Բայց ես սխալվում էի. ինչ-որ առումով, դրանք բոլորն էլ մե՛զ համար էին։
Մեկ շաբաթ անց, երբ անձրևի տակ կանգնած հետևում էի ռեգբիի տրտմալի խաղին, ինձ մոտեցավ անփույթ տեսքով, կեղտոտ շիկահեր մազերով մի փոքրամարմին տղա։
— Ջենքինսն ես, չէ՞,— հարցրեց տղան։
— Այո՞,— պատասխանեցի։
Ջանում էի անհոգ ու անտարբեր տեսք ընդունել, բայց հոգուս խորքում շնորհակալ էի, որ ինչ-որ մեկը մոտեցել էր ինձ։ Ինձ համար դժվար էր եղել ընկերներ գտնել մյուս ուսանողների շրջանում։ Ըստ էության, ընդհանրապես ընկերներ ձեռք չէի բերել։
— Ես Սմեթվիկն եմ՝ մյուս կրթաթոշակառու ուսանողը,— անհանգիստ ժպտաց նա։— Մի փոքր հիվանդ էի, դրա համար կիսամյակն ուշ եմ սկսել։ Ա՜խ, ի՜նչ տեղ է, չէ՞։ Էսքան ահռելի ու հին, բայց բոլորը բարի են, նույնիսկ ավագները, իսկ ես հենց նրանցից էի ամենաշատը վախենում։
Մի պահ ես նախանձեցի Սմեթվիկին։ Ինչո՞ւ էին մեծերը նրա հետ խոսել, իսկ ինձ հետ՝ ոչ։
— Վախենո՞ւմ էիր,— ասացի վերջապես։— Ինչո՞ւ։
— Դե, գիտես, վախենում էի՝ կփորձեն ծաղրել ինձ։ Հետո էլ՝ էն պատմությունները։
— Պատմություննե՞րը,— հարցրի ես։
— Վա՜հ, Ջենքինս, ոնց որ արձագանք լինես։ Պատմությունները։ Քեզ չե՞ն պատմել։ Տասը տարի առաջ մի կրթաթոշակառու տղա է մեռել ինչ-որ կատակի պատճառով։ Ամեն բան, իհարկե, գաղտնի է պահվել. ասել են՝ իբր գնացել-ընկել է անցնող գնացքի տակ, բայց ասում են, որ նա արդեն մահացած է եղել, դեռ գնացքը կայարանից չշարժված։
Սմեթվիկի դեմքին միախառնվել էին պատմության սարսափն ու հմայքը։ Ես չգիտեի՝ ինչ զգալ։ Առանց այդ էլ դժվարությամբ էի ընտելանում այստեղի առօրյային, հիմա էլ դժբախտություններիս գումարվում էին խորհրդավոր մահերի մասին պատմությունները։ Ինձ արդեն հրամցրել էին պատմություններ թափառող հոգիների ու արարածների մասին, որ ապրում էին քիվերում, իսկ դպրոցում անցկացրածս երկրորդ օրը գլուխս ծածկել էին բարձի երեսով և փակել էին աստիճանների տակ գտնվող մութ խորդանոցում, մինչև որ տանտերը, ճիչերս լսելով, վերջապես ազատ արձակեց ինձ։
— Բայց դու մի անհանգստացիր,— Սմեթվիկը ժպտաց ու թփթփացրեց ուսիս։— Մեզ հետ ամեն ինչ լավ կլինի։
Բայց ոչինչ էլ լավ չէր լինելու։ Բնավ լավ չէր լինելու։
Հաջորդող շաբաթների ընթացքում ես ավելի մտերմացա Սմեթվիկի հետ, թեև քիչ ընդհանուր բան ունեինք։ Դա բնական էր. այդ վայրում ոչ դաշնակիցներ ունեի, ոչ աջակցություն, իսկ Սմեթվիկն առաջարկում էր երկուսն էլ։ Այնուամենայնիվ, ավագ տղաների գործողություններն ինձ օտարացնում էին նրանից։ Նրանք ասես որոշել էին Սմեթվիկին իրենց թևի տակ առնել, չէ՞ որ նրան զերծ էին պահում այն փոքրիկ նվաստացումներից ու վիրավորանքներից, որոնցով նշանավորվել էին իմ առաջին ամիսները դպրոցում։ Փոխարենը հետը կատակներ էին անում և թույլ էին տալիս մանր-մունր հանձնարարություններ կատարել իրենց համար, ինչի դիմաց վերջինս ստանում էր իր սեփական գործերով զբաղվելու իրավունք՝ առանց ամենօրյա բռնության վախի։ Սմեթվիկն ասես թալիսման կամ տոտեմ դարձած լիներ նրանց համար։ Ես փորձում էի նրան մոտ լինել՝ հույսով, որ նրա հանդեպ ցուցաբերվող բարի կամքի մի մասը կտարածվի նաև ինձ վրա։ Ի պատիվ Սմեթվիկի՝ պետք է ասեմ, որ նա ամեն կերպ ջանում էր ինձ պաշտպանել՝ նույնիսկ կանգնելով իմ ու նրանց միջև, ովքեր կարող էին վնաս հասցնել ինձ։ Մի առիթով նա ճակատին խորը վերք ստացավ և ստիպված եղավ դիմելու դպրոցի բուժքրոջը։ Կանչեցին տնօրենին, և չնայած նա որոշ ժամանակ անցկացրեց Սմեթվիկի ու ինձ հետ՝ փորձելով պարզել մեղավորների ինքնությունը, երկուսս էլ լռեցինք։ Այնուամենայնիվ, հարձակումն իրականացրած հինգերորդ դասարանցիներն արագ հայտնաբերվեցին, և պատիժը դաժան ու հրապարակային եղավ՝ ի դաս մյուսների։ Արդյունքում ինձ աստիճանաբար հանգիստ թողեցին, թեև ոչ այնքան իմ հանդեպ մտահոգությունից, որքան Սմեթվիկին վնասելու վախից։
Այդպես շարունակվեց մի քանի ամիս։ Ինչ վերաբերում է ինձ, ես ո՛չ հասկանում էի, ո՛չ էլ վստահում էի ավագների դրդապատճառներին, որ Սմեթվիկին իրենց թևի տակ էին առել, իսկ Սմեթվիկն այնքան էր համակված երախտագիտությամբ, որ կասկածներ չուներ։
Երբ վերջապես եկան նրա հետևից, կարծում եմ՝ նա ավելի շատ վշտից էր լաց լինում, քան վախից։
Հիշում եմ՝ ինչպես ծիսակատարության գիշերն արթնացա, երբ վեցերորդ դասարանցիները շարքով մտան մեր հանրակացարան։ Նրանցից մի քանիսը մոմերով էին, բայց բոլորն էլ ձեռքերում սեղմել էին իրենց փոքրիկ թավշյա տուփերը։ Նրանք լուռ էին քայլում, իսկ մյուս տղաները կա՛մ արթուն չէին նրանց տեսնելու համար, կա՛մ էլ, եթե նույնիսկ արթուն էին, նախընտրեցին չբացահայտել այդ փաստը։ Վեցերորդ դասարանցիները ձեռքերով փակեցին Սմեթվիկի բերանը, որպեսզի չկարողանար գոռալ, և չորս-հինգ հոգով բարձրացրին նրան անկողնուց։ Ես տեսնում էի գիշերաշապիկի մեջ թպրտացող Սմեթվիկին, վախով ու խուճապով լի աչքերը։ Գուցե ես պետք է գոռայի, բայց գիտեի, որ դրանից ոչ մի օգուտ չէր լինի։ Գուցե պետք է Սմեթվիկին թողնեի բախտի քմահաճույքին և գոհանայի անտեղյակությամբ, բայց ես այդպես չվարվեցի։ Ես անհամբերությամբ սպասում էի՝ տեսնելու՝ ինչ են անելու նրա հետ։ Ինձ համար ցավալի է խոստովանել, բայց ես ուրախ էի, որ նրան էին տանում, ոչ թե ինձ։
Ես հեռավորության վրա հետևում էի նրանց՝ նրանց հետևից իջնելով միջանցքներով ու աստիճաններով, մինչև հասան երկաթե ճաղավանդակներով կաղնեփայտե մի դռան, որ բաց էր։ Այն անկյունում էր՝ ուսուցչանոցի հարևանությամբ։ Հնարավոր է՝ այն թաքցված էր եղել գոբելենի կամ ասպետական զրահի հետևում, քանի որ Մոնթեգյուի դպրոցում այդպիսի մասունքներ շատ կային։
Տղաների հետևից դուռը փակվեց, բայց չկողպվեց։ Ես զգուշորեն բացեցի դուռն ու դեմքիս զով օդ զգացի։ Իմ առջև բացվեցին դեպի ներքև տանող քարե աստիճաններ։ Հեռացող խմբի մարող մոմերի լույսի տակ իջա ներքև, մինչև հայտնվեցի քարե պատերով, ցածր ու կամարակապ առաստաղով մի ահռելի, սառնաշունչ դահլիճում։ Այնտեղ ավելի շատ մոմեր կային և ավելի շատ կերպարանքներ, որ սպասում էին։ Ես թաքնվեցի քարե սյան հետևում՝ ստվերում, և սկսեցի հետևել։
Ներքևում՝ քարե բարձրահարթակի վրա, կանգնած էր դպրոցի ամբողջ ուսուցչական կազմը։ Այնտեղ էին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բիրսը, լատիներենի և հունարենի ուսուցիչ Ջեյմսը, Դիքենսը, Բարրիջն ու Պոն։ Նրանց դիմաց կանգնած էր տնօրենը՝ պարոն Լավքրաֆթը՝ կարմիր, վանդակավոր տնային խալաթով ու նույնագույն հողաթափերով։
— Առա՛ջ բերեք նրան, տղաներ,— ասաց տնօրենը։ — Հանգի՛ստ, վերջ։ Լավ կապեք նրան, Հայդ, չենք ուզում, չէ՞, որ մեզնից փախչի։ Հերիք է թնկթնկաս, Սմեթվիկ։ Շուտով ամեն ինչ կավարտվի։
Նրանք Սմեթվիկին ամրացրին սալաքարի վրա գտնվող չորս երկաթե օղակներին՝ ձեռքերն ու ոտքերը պարանով ձիգ կապելով օղակներին։ Սմեթվիկն արդեն հեկեկում էր, բայց ոչ ոք կարծես ուշադրություն չէր դարձնում նրան. քարե պատերը նրա ճիչերը պարզապես հետ էին շպրտում նրա վրա։
— Դե ինչ, ավագներ,— ասաց տնօրենը՝ աջ ձեռքի շարժումով կանչելով նրանց։ — Բարձրացեք, մեկ առ մեկ։ Դուք գիտեք՝ ինչ պետք է անել։
Վեցերորդ դասարանցիները շարքով կանգնած էին՝ դեմքով դեպի հարթակը։ Հատակին՝ Սմեթվիկի կողքին, ինձ հաջողվեց տարորոշել ինչ-որ նախշ՝ փորագրված մոտ մեկ ոտնաչափ երկարությամբ ու վեց մատնաչափ լայնությամբ մի քարի վրա, որն ավելի մուգ ու հին էր, քան մյուսները։ Այն նման էր բրածոյի հետքի, միայն թե գոգավոր էր. ասես այնտեղ թաղված մնացորդները վարպետորեն հեռացրել էին՝ թողնելով միայն դատարկ կաղապարը նրա, ինչ երբևէ եղել էր այնտեղ։
Մինչ ես դիտում էի, տղաներից յուրաքանչյուրն առաջ քայլեց, բացեց իր թավշյա տուփն ու իր ոսկորը դրեց խոռոչի համապատասխան հատվածում: Ակոսն աստիճանաբար լցվեց, մինչև որ վերջապես երևացին ինչ-որ միջատի կմախքի մնացորդներ, թեև այն նման էլ չէր իմ տեսած որևէ միջատի։ Այն կարծես ութ ոտք ուներ՝ սարդի նման, բայց դա ակնհայտորեն ներքին կմախք էր, ոչ թե արտաքին պատյան։ Ես տեսնում էի դրա կրծքավանդակը, փոքրիկ սրածայր գանգն ու մի տեսակ հոդավոր կարճ պոչը, որը ձգվում էր քարի վրայի ակոսով։
Երբ վերջին ոսկորն իր տեղը զբաղեցրեց, տնօրենը ժպտաց, ապա խալաթի գրպանից հանեց փղոսկրե բռնակով մի փոքրիկ դանակ։
— Հայդ, որպես ավագ՝ Սմեթվիկի արյունը թափելու պատիվը քեզ է շնորհվում։
Հայդը՝ ինքնագոհ տեսքով սևահեր մի երիտասարդ, առաջ եկավ՝ դիպակյա հանդերձանքը հագին։ Թեթևակի խոնարհվելով՝ նա տնօրենից վերցրեց դանակը, ապա շրջվեց դեպի Սմեթվիկը։ Ձեռքերն ու ոտքերը տարածած պառկած տղայի ձայնը մեկ օկտավայով բարձրացավ։
— Խնդրում եմ, թո՛ւյլ տվեք գնամ,— հեկեկում էր Սմեթվիկը։ — Խնդրում եմ, պարոն տնօրեն։ Ոչ մեկին չեմ ասի։ Խնդրում եմ, խնդրում եմ, Հա՛յդ, ինձ մի՛ վնասիր։
Տնօրենը դժգոհությամբ թափահարեց գլուխը։
— Ի սեր Աստծո, Սմեթվիկ, հերի՛ք է նվնվաս,— ասաց նա։ — Քեզ տղամարդու պես պահիր։ Զարմանալի չէ, որ քո ընտանիքը երբեք իրենից բան չի ներկայացրել։ Հայդի եղբայրը զոհվել է Սոմի ճակատամարտում՝ առաջնորդելով երկու հարյուր հոգանոց գրոհը։ Նրանք բոլորը զոհվել են նրա հետ և երախտապարտ են եղել, որ հնարավորություն են ունեցել իրենց սիրելի կապիտանի հետևից որպես զինվորներ գնալու։ Ճիշտ է, չէ՞, Հայդ։
— Այո՛, պարոն տնօրեն,— պատասխանեց Հայդն անտեղի հպարտությամբ, որ միայն արյունարբու խելագարի ազգականը կարող էր ցուցաբերել։
— Տեսնո՞ւմ ես, Սմեթվիկ,— շարունակեց տնօրենը։ — Հայդն այն տղերքից է, ում մյուսները հետևում են մինչև մահ։ Քեզ պես նվնվանին ո՞վ կհետևի, Սմեթվիկ։ Ոչ ոք։ Ո՞վ կքվեարկի քո օգտին, Սմեթվիկ։ Ոչ մեկը։ Վայրի ցեղերը կխառնվեի՞ն իրար ու սարսափահար կփախչեին քո սրի տեսքից։ Ո՛չ, Սմեթվիկ։ Նրանք կծիծաղեին վրադ, հետո կկտրեին գլուխդ ու կցցեին ձողի վրա։ Դու ոչ մի արժեք չունես քո այժմյան վիճակով, և ապագայում էլ չես ունենալու։ Իսկ այսպես՝ դու կմիավորես մոնթեգյուականների մի ամբողջ սերնդի։ Դա կլինի քո ժառանգությունը։ Հա՛յդ, շարունակիր, խնդրեմ։
Հայդը կռացավ ու Սմեթվիկի ձախ թևին երկար, խոր կտրվածք արեց։ Սմեթվիկն իսկույն ճչաց ցավից։ Վերքից արագ արյուն հոսեց և կաթեց ներքև՝ միջատակերպ արարածի կմախքի վրա։
Մինչ ես հետևում էի, արարածի վրա սկսեց կարմիր թաղանթ ձևավորվել։ Ես տեսա՝ ինչպես երակներ ու զարկերակներ հայտնվեցին, իսկ փոքրիկ սև սիրտն սկսեց արյուն մղել։ Գազանի կմախքային ոտքերի ոսկորները, որ ծալված էին որովայնի վրա, միացան ու սկսեցին թպրտալ՝ ասես շոշափելով օդը։ Փոքրիկ գանգի վրայով դեղնավուն զանգված էր հոսում, իսկ հոդավոր պոչը բարակ, քերծող ձայնով շարժվում էր քարի վրայով։
Արարածը պտտվեց պառկած տեղում, գունդուկծիկ եղավ ու կտրուկ ձգվեց։ Զսպանակաձև ցատկը նրան դուրս շպրտեց իր քարե մահճից՝ կանգնեցնելով երկար, հոդավոր ոտքերի վրա։ Նրա հասակը մոտ տասը մատնաչափ էր, մեջքի կիսաթափանցիկ մաշկը սպիտակադեղնավուն էր ու հատվածավոր՝ թրթուրի մաշկի նման։ Մոմի լույսի տակ գանգի առջևի մասում կայծկլտում էին տարբեր չափերի վեց կլոր աչքեր։ Այն բարձրացրեց գլուխն, ու ես նկատեցի երկարավուն բերանը՝ մոտ մեկ-երկու մատնաչափ տրամագծով, որի երկու կողմում փոքրիկ, հաստ շոշափուկներ էին։
Տնօրենը զգուշությամբ մի քայլ հետ քաշվեց, ապա բարձրացրեց ձախ ձեռքը՝ ասես աճպարար, որ ցուցադրում էր իր ամենաթարմ հնարքը։
— Ջենթլմեն,— ասաց նա հպարտությունից դողացող ձայնով,— Ձեզ եմ հանձնում… դպրոցի թալիսմանը։
Հավաքված տղաները ծափահարեցին։ Սալաքարի վրա Սմեթվիկի մարմինը գալարվում ու ցնցվում էր՝ վերջույթներն ազատելու անզոր փորձերով։
— Ո՛չ, խնդրում եմ,— աղերսում էր նա։ — Թո՛ւյլ տվեք՝ գնամ։ Ինչ էլ որ արել եմ՝ ներողություն եմ խնդրում։ Ի՞նչ եմ արել ես։ Ասացե՛ք։ Ի՞նչ եմ արել։
Տնօրենը նրան նայեց գրեթե կարեկցանքով։
— Դու՝ Սմեթվիկ, պարզապես սխալ դասակարգում ես ծնվել,— ասաց նա։
Արարածը վերջապես գտավ արյան ակունքը։ Նրա ծնոտները բացվեցին, և երբ մինչ կլանում էր կաթիլները, բերանն ընդարձակվում ու սեղմվում էր։ Նա կրկին լարեց մարմինը, որովայնն իջեցնելով գրեթե հավասարեցրեց գետնին ու ցատկեց սալաքարի վրա։ Ես լսեցի Սմեթվիկի ճիչը, երբ արարածը սլացավ նրա կրծքավանդակի վրայով, կորացրեց մեջքը և կարիճի նման պոչը մխրճեց Սմեթվիկի պարանոցի մեջ։ Կարմիր շիթ ցայտեց, որն արագ կանգնեցրեց արարածի երախը, և նա սկսեց դանդաղ կլանել տղայի կյանքը։ Փորձեցի փակել ականջներս, որ չլսեմ նրա արձակած ցածր, խռպոտ ձայնը, իսկ երբ տեսա՝ ինչպես է նրա ահարկու մարմինը սկսում ընդարձակվել՝ տեղավորելու իր տակ մահացող դժբախտ տղայի արյունը, քիչ էր մնում փսխեի։
Վերջապես արարածը հագեցավ։ Այն հետ քաշվեց Սմեթվիկից ու դանդաղ երերալով մոտեցավ սալաքարի եզրին։ Սմեթվիկն անշարժ էր՝ բաց աչքերով, գունատ դեմքով։ Կոկորդին արյունոտ կլոր անցք էր։ Ձախ ձեռքը մեկ-երկու անգամ ջղաձգվեց, ապա անշարժացավ։
Տնօրենը զգուշորեն բարձրացրեց գազանին կողքերից ու պահեց օդում։ Նրա ոտքերը թեթևակի թպրտում էին, իսկ ծնոտներից դեռ արյուն էր հոսում։
— Ոսկորների այս ծիսակատարությամբ մենք կապվում ենք իրար, բոլորս մեղսակից ենք, բոլորս՝ միավորված մի մեծ ընտանիքում, որ մեր դասակարգն է,— հայտարարեց նա։ — Տղամարդկանց սերունդներ են այս փոքրիկ արարածից սովորել իրենց ամենաարժեքավոր դասը։ Ստորին խավերի արյունը նաև մեր կենարար արյունն է. առանց դրա մենք չենք կարող հզոր լինել, եթե մենք հզոր չենք, ապա մեր երկիրը չի կարող հզոր լինել։ Իսկ հիմա՝ կեցցե՜ Մոնթեգյուի դպրոցը։
Բոլոր տղաները բացականչեցին՝ «Կեցցե՜», երբ տնօրենն արարածին իջեցրեց ու դրեց փոքրիկ վանդակի մեջ և այն հանձնեց պարոն Դիքենսին։
— Դուք գիտեք՝ ինչ անել,— ասաց նա, և ձայնն արձագանքեց սրահում։ — Մի քանի օրից նրանից միայն կաշին ու ոսկորը կմնա. այդժամ կմասնատեք այն ու ոսկորները կվերադարձնեք տուփերի մեջ։
Պարոն Դիքենսը վանդակը հեռու պահեց իրենից ու հայացքն ուղղեց դրանում գտնվող արարածին, որ, արյունից հագեցած, նիրհում էր։
— Գարշելի արարած է, չէ՞, պարոն տնօրեն,— հարցրեց նա։
— Իսկապես այդպես է. գարշելիի մեկն է,— առաջին անգամ տնօրենի դեմքին երևաց մի արտահայտություն, որ կարելի էր որպես զզվանք ընդունել։ — Հայդ, դու ու ևս երկու տղաներ Սմեթվիկին տարեք այստեղից ու ազատվեք նրանից։ Առաջարկում եմ քայլել ժայռերի երկայնքով, բայց անպայման ծանրություն կապեք վրան, նոր միայն ցած նետեք։ Իսկ մյուսներդ, պարոն Բիրսի գլխավորությամբ, խմբերգով կկատարեք դպրոցի օրհներգը։
Բայց ես չսպասեցի։ Հետ վազեցի սենյակս, հավաքեցի ճամպրուկներս և արդեն առավոտյան հեռացել էի։ Ծնողներս ապշեցին՝ ինձ տեսնելով, և ուզում էին ինձ հետ տանել դպրոց։ Հայրս ավելի զայրացած էր, քան մայրս. կարծում եմ՝ նա գիտակցում էր այն հնարավորությունը, որ բաց էի թողնում, և այն դժվարությունները, որ սպասվում էին ինձ այս որոշման պատճառով։ Ես լաց էի լինում ու գոռում, հուսահատությունից նույնիսկ սիրտս էր խառնում, մինչև որ նրանք տեղի տվեցին։ Կարծում եմ՝ մայրս գուցե կռահել էր, որ ինչ-որ բան այն չէր, թեև երբեք այդ մասին չխոսեց, իսկ ես երբեք չպատմեցի՝ ինչի էի ականատես եղել։ Ի վերջո, ո՞վ կհավատար ինձ։
Եվ այսպես, պարոն Լավքրաֆթին ուղարկվեց նամակ, որով հայտնում էինք Մոնթեգյուից իմ հեռանալու մասին։ Ինձ համար տեղ գտանք տեղական դպրոցում. այնպիսի դպրոց, ուր յուրաքանչյուր երեխա իր հետ բերում էր իր սենդվիչներն ու կաթը, և որտեղ, ըստ լուրերի, ոջիլներն ամեն քայլափոխի էին։ Ես շրջապատված էի ինձ նմաններով և հեշտությամբ գտա իմ տեղը նրանց մեջ։
Մոնթեգյուի դպրոցից հեռանալուց մեկ շաբաթ անց տնօրենն այցելեց մեր տուն՝ զրուցելու։ Հայրս աշխատանքի էր։ Մայրս նրան թեյ ու թխվածքաբլիթներ հյուրասիրեց, բայց քաղաքավարիորեն հրաժարվեց ինձ նրա խնամքին վերադարձնելուց։
— Ափսոս է, որ կորցնենք նրան, տիկին Ջենքինս,— ասաց նա՝ վրան քաշելով իր երկար կապույտ վերարկուն։ — Նա կարող էր մեծ ներդրում ունենալ դպրոցում։ Նոր տղաները մեր կենարար արյունն են, հասկանո՞ւմ եք։ Թույլ կտա՞ք՝ Ձեր որդին ուղեկցի ինձ մինչև դարպասը։ Կուզեի հրաժեշտ տալ նրան։
Մայրս հրեց ինձ գոտկատեղից, և ես հարկադրված պարոն Լավքրաֆթի մութ կերպարանքի հետևից գնացի մինչև այգու դարպասը։ Նա կանգ առավ արահետի վրա և ուշադիր նայեց ինձ։
— Ինչպես ասացի մայրիկիդ, Ջենքինս, մենք իսկապես ափսոսում ենք, որ կորցնում ենք քեզ,— ասաց նա։
Նա բռնեց ուսս, և ես նորից զգացի՝ ինչպես այդ մատները սեղմեցին մարմինս։
— Բայց հիշի՛ր խոսքերս, Ջենքինս. ի վերջո, չես կարող փախչել քո ճակատագրից։ Այսպես թե այնպես, մենք հասնելու ենք քեզ,— նա կռացավ դեպի ինձ, այնքան մոտ, որ ես նրա աչքերում արյան վտակներ տեսա։ — Որովհետև, Ջենքինս, ինչպես քո տոկուն ու հավատարիմ դասակարգի բոլոր անդամները, դու քո մեջ կրում ես այն ամենը, ինչով հզորանում է Մեծ Բրիտանիան։
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի

