Սոհրաբ Սեփերհի | Լույսը, ես, ծաղիկը, ջուրը

Սոհրաբ Սեփհերի

Մշտապես

Երեկո,
Մի քանի սարյակ
Հեռացան եղևնու հիշողության առանցքից,
Տեղում մնաց ծառի մարմնական բարությունը՝
Իմ ուսերին թափելով պարկեշտության արևածագը։
Խոսիր, ով գիշերային ժամադրավայրերի կին,
Հենց այս բարեհաճ ճյուղերի տակ քամու
Իմ ձեռքին հանձնիր մանկությունը իմ։
Այս սև մշտապեսների կենտրոնում
Խոսի՛ր, ով գեղագույն կատարելության քույր,
Իմ արյունը լցրու մտքի մեղմությամբ,
Բացահայտիր զարկերակն իմ՝
Սիրո շնչի կոշտության վրա։

 

 Ընկերը

(Նվիրված է պարսկուհի վաղամեռիկ բանաստեղծուհի Ֆորուղ Ֆարոխզադի հիշատակին)

Մեծ էր,
Եվ բնակիչն էր այսօրվա,
Եվ բոլոր բաց հորիզոնների ազգակիցն էր,
Եվ ինչ լավ էր ըմբռնում հող ու ջրի տոնայնությունը։
Ձայնը
Իրականության հուզաթախիծ ձևն ուներ
Եվ կոպերը
Մեզ ցույց էին տալիս
Տարրերի զարկերակի ընթացքը։
Եվ ձեռքերը
Թերթեցին
Մեծահոգության մաքուր օդը,
Եվ բարության գաղթարշավը
Մեր կողմն ուղղեց։

 

Սուրահի սուրհը (Սուրա)

Դիտումով երդման
Եվ սկզբով բանի
Եվ մտքից՝
Թռիչքով աղավնու…
Ինչ-որ բառ վանդակի մեջ է։
Խոսքերս փոքրիկ սիզամարգի պես լուսավոր էին,
Եվ ես ասացի նրանց.
«Ինչ-որ արև ձեր շեմին է,
Եթե բացեք դուռը,
Կշողա ձեր վարքագծին»։

 

Տող և ճերմակ

Առավոտ է,
Երգում է ճնճղուկը մաքրության,
Միասնության պատերի վրա՝
Աշունը վերածվում է թղթերի։
Զվարթարար վարքագիծը արևի,
Արթնացնում է ծավալները գարշանքի,
Մի խնձոր նեխում է
Ցանցահյուս զամբյուղի պատեհ առիթում։
Ինչ-որ զգացում, ինչպես օտարությունը իրերի,
Անցնում է կոպի վրայով։
Ծառի ու կանաչ վայրկյանի միջև,
Կարոտով խոսք է բացում
կրկնությունը լազուրի։

Ջրերից հետո

Մի օր, երբ
Գիտությունը ապրում էր ջրի ափին,
Մարդը
Մարգագետնի քնքշացած ծուլության մեջ
Ուրախ էր լազուրի իմաստասիրությամբ,
Մտածում էր թռչնի ուղղությամբ։
Ծառի զարկերակի հետ, տրոփում էր զարկերակը նրա,
Կակաչի պայմանների պատռվածքն էր։
Գետի խոշոր իմաստը
Ծփում էր նրա խոսքի ընդերքում։

 

Մինչ ծաղիկը ոչինչ

Գնում էինք
Եվ ծառերը՝ ինչ բարձր և շրջադիտումը՝ ինչպես…
Ճանապարհ կար մեզնից՝ մինչ ծաղիկը ՈՉԻՆՉ,
Մահը՝ լեռնափեշին,
Ամպը՝ լեռնագագաթին,
Հավքը՝ կյանքի ափին,
Երգում էինք.
«Առանց քեզ դուռ էի՝ դեպի ներս,
Հայացք էի՝ դեպի եզր և ձայն՝ դեպի անապատ»։

 

Տեսարանի մենությունը

Եղևնիները առավել բարձր,
Ագռավները առավել սև,
Երկինքը իր չափով կապույտ,
Քարե շրջապարիսպ, շրջադիտում, մենակեցություն,
Մինչև ՈՉԻՆՉ ձգվող այգու փողոց,
Ճնճղուկով զարդարուն ջրհորդան,
Բացորոշ արև,
Բավարարված հող։
Որքան աչքն էր կտրում
Զգոնությունն էր աշնան։

 

Լույսը, ես, ծաղիկը, ջուրը

Չկա ամպ,
Չկա քամի,
Նստում եմ ավազանի եզրին,
Ձկների խաղը, լույսը, ես, ծաղիկը, ջուրը…
Ապրելու մաքուր ողկույզ։
Մայրս ռեհան է քաղում,
Հաց, ռեհան և պանիր,
Անամպ երկինք, թաց ծխածաղիկներ,
Մոտիկ փրկություն՝ բակի ծաղիկների արանքում։
Պղնձե ամանի մեջ
Լույսը ինչ նազանքներ է թափում,
Ելարանը
Բարձր պատի վրայից
Իջեցնում է առավոտին։

 

Եվ ինչ-որ պատգամ ճանապարհին

Մի օր
Կգամ ու կբերեմ պատգամ,
Երակների մեջ լույս կներարկեմ
Ու կձայնեմ բարձր.
«Զամբյուղներդ երազով լի, խնձոր եմ բերել,
Խնձորը ալվան արևի»։
Կգամ, մուրացկանին հասմիկ կընծայեմ,
Մի այլ ականջօղ կնվիրեմ բորոտ կնոջը սիրուն,
Կույրին կասեմ.
«Ի՜նչ հրաշք է այգին»։
Կդառնամ մանրավաճառ, կշրջեմ փողոցից փողոց
Ու կձայնեմ բարձրագոչ.
«Գիշերացո՜ղ, գիշերացո՜ղ, գիշերացո՜ղ»։

 

Հասցե

«Որտե՞ղ է տունը ընկերոջ»։
Ցայգալույսին հարցրեց հեծյալը։
Երկինքը հապաղեց…
Անցորդը շուրթերից վերցրեց ճյուղը լույսի,
Ավազների մթությանը նվիրեց
Ու ցույց տվեց
Բարդին արծաթափայլ.
«Չհասած ծառին, այգին փողոց է՝
Աստծո քնից ավելի կանաչ,
Եվ այնտեղ ազնվության փետուրների չափ՝
Կապույտ է սերը։
Կգնաս մինչ խորքը փողոցի,
Որը հատվում է հասունության ետևում։
Հետո կթեքվես դեպի ծաղիկը մենության,
Երկու քայլ մինչ ծաղկին հասնելը,
Կկանգնես հավերժական շատրվանի տակ՝
Հողի առասպելների,
Եվ քեզ կհամակի
Վախի պայծառ զգացում»։

Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *