Սաադի | Ղազալ 268-րդ


Հե՜յ, ուղտապան, դանդաղ գնա, զի հոգուս անդորրն է գնում,
Եվ այն սիրտը, որ ինձ մոտ էր, սրտագողիս հետ է գնում,

Մնացել եմ բաժան նրանից, անճար ու թշվառ նրանից,
Ասես նրանից հեռու՝ խայթը ոսկորներիս մեջ է գնում։

Ասացի․ հնարք-կախարդանքով վերքը ներսի պահեմ թաքուն,
Սակայն այն թաքուն չի մնում․ արյունը շեմիս վրա է գնում։

Թամբը պահիր, հե՜յ, ուղտապան, մի շտապեցրու քարավանը,
Զի սիրուց այն շորոր նոճու, ասես իմ հոգին է գնում։

Նա գնում է ու փեշը քաշում, ես մենության թույնն եմ փորձում,
Ինձնից էլ նշան մի՛ հարցրու, զի սրտիս նշանն է գնում։

Շուռ եկավ յարն իմ համառ, թողեց խինդն իմ դառնահամ,
Բուրվառի պես կրակով եմ լեցուն, գլխից իմ ծուխ է գնում։

Այդ ողջ անխճությամբ նրա, և այս անհիմն խոստումը նրա,
Կրծքում եմ պահում հուշը նրա, կամ լեզվիս վրայից է թռչում։

Հե՜տ արի, աչքիս լույսը դարձիր, հե՜յ, սրտագող նազանի,
Զի խռովքն ու գոչյունը երկրից դեպի երկինքն է գնում։

Գիշերուզօր վշտից մրմնջում ու ոչ ոքի խորհուրդը չեմ լսում,
Այս ճամփին եմ ոչ իմ կամքով, սանձը ձեռքիցս դուրս է գնում։
Ասացի․ այնքան լաց լինեմ՝ ուղտերն ավանակի պես խրվեն ցեխում,
Բայց դա էլ անել չեմ կարող, զի սիրտն իմ քարավանի հետ է գնում։
Համբերել բաժան ու հեռու իմ յարից, շուռ գալ իմ սիրեցյալից,
Թեպետ դա անել չեմ կարող, բանն այս իմ ձեռքից է գնում։

Մարմնից հոգու գնալու մասին ամեն տեսակ բան են ասում,
Ես իմ աչքերով իսկ տեսա, որ հոգիս իմ մարմնից է գնում։
Սաադի՜, մեր ձեռքից է ավաղ, արժանի չէինք, հե՜յ, անաստված,
Այս չարիքին չեմ դիմանում, վշտից բանն այս իմ ձեռքից է գնում։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *