Արդեն մի քանի օր էր, ինչ Եվան հեռացել էր, բայց, միևնույն է,պայմանական թե ոչ պայմանական ռեֆլեքսով ձեռքը սահում էր սավանի վրայով, ու երբ ոչ ոքի չէր գտնում` արդեն գիտակցաբար ետ էր դառնում` անսալով տիրոջ հառաչանքին: Հետո մյուս ձեռքն էր շարժվում հակառակ ուղղությամբ` դեպի ծխախոտի տուփն ու կրակայրիչը:
Ուզում էր պառկած մնալ. շտապելու բան չկար: Երկու գլանակն ու հորիզոնական դիրքի սթափ գիտակցումը գլխացավ էին խոստանում: Այնպես որ վեր կենալն անխուսափելի էր դառնում: Իհարկե, գիշերվա հոգնությունը դեռ երկար էր խանգարելու նրա տարածաչափաժամանակային ընկալման հստակությանը, բայց Վահանը հույս ուներ, որ մի մեծ գավաթ սուրճից հետո ամեն ինչ տեղն է ընկնելու:
Գիշերային հոգնության պատճառը երկարատև ու ջլատող թղթախաղն էր, որ սկսվելով երեկոյան` ավարտվում էր լուսադեմին, երբ սեղանը լցվում էր սուրճի դատարկված բաժակներով ու լեփ-լեցուն մոխրամաններով:
Կարմրած աչքերով խաղընկերները հրաժեշտ էին տալիս` քաշվելով իրենց կացարանները: Իսկ Վահանը, մտքում ամփոփելով այդօրվա խաղի արդյունքները` բացում էր ննջարանի դուռն ու սողոսկում վերմակի տակ:
Դեռ մի քանի օր առաջ այս նախադասությունն ուրիշ կերպ կգրվեր: Մոտավորապես այսպես.
Վահանը, մտքում ամփոփելով այդօրվա խաղի արդյունքները` կամացուկ բացում էր ննջարանի դուռն ու սողոսկում Եվայի տաք ծոցը:
Այսօր Եվայի չլինելն այնքան էլ աչքի չէր զարնում, եթե չհաշվենք հատակի ու կահույքի վրայի փոշին ու կեղտոտ ամաններով լցված լվացարանը: Մնացածն իր տեղում էր, պետք էր միայն թղթախաղի սեղանը հավաքել:
Հաստ նոթատետրը, որն իր մեջ էր ամփոփում բազում գիշերների թղթախաղային թվաբանությունը, ամբողջովին գրոտված էր: Վահանը մեքենայաբար թերթեց որևէ իմաստ չպարունակող էջերի անվերջանալի շարքը և որոշեց նոթատետրին վերնագիր դնել` ՙԺամանակի սպանդը մեկ, առանձին վերցրած բնակարանում՚: Ինքն իրեն հեգնեց ու շարունակեց տնտղել գիշերային այդ ՙսպանությունների՚ արձանագրությունները` հենց այնպես, ոչինչ չանելու համար:
Հանկարծ, դեռևս մաքուր մի էջում տեսավ իր բանաստեղծություններից մեկի սևագիրն ու նստեց: Կարծես առաջին անգամն էր կարդում.
Ով կին,
Որ բանականությունդ սարքել ես մի բանտ
Քո մեջ պարփակված Եվայի համար,
Բռնակալ ես դու:
Արձակիր նրան
Կապանքներից քո պատշաճի, ստի:
Բաց թող շառաչը քո բուն էության,
Որի անունը Կյանք է ու Եվա :
Ներսում ինչ-որ բան թպրտաց: Աղիքները կծկվեցին, ու վազեց զուգարան:
Զուգարանը, որ համատեղությամբ նաև ընթերցարան էր, այսօր նրան այդ որակով չհետաքրքրեց: Անհեթեթություն էր, բայց հասկացավ, որ այստեղ, հենց այս պահին Եվային է կարոտում: Մինչև հիմա այդ կարոտը, եթե այն կար էլ, ապա ինչ որ տեղ հոգու ետնախորշերում էր, բնազդներից ու բանականությունից հեռու: Նման էր անթեղված այն կրակին, որը մոխիրների տակ չի երևում` սպասելով հրշեջի հեռանալուն, որպեսզի նորից բոց դառնա ու ամեն բան ավերի իր ճանապարհին:
Սպազմը մի քանի անգամ կրկնվեց: Այնպես որ ստիպված էր անկողին վերադառնալ: Կողքի բնակարանից թափանցող ցածրաճաշակ երաժշտությունը թմբկահարում էր առանց այդ էլ լարված ստոծանին: Սաստելու համար մի երկու անգամ բռունցքով հարվածեց պատին, բայց հարևանը դիտավորյալ բարձրացրեց երաժշտություն կոչվող աղավաղումը:Զայրանալու համար ուժ չուներ: Մի կերպ քայլեց հյուրասենյակ ու նորից կարդաց: Սառը ցնցուղի նման ներխուժած կարոտը սթափեցնում էր ու կորցրածի ցավը խորացնելու համար` ստիպում էր հիշել:
Մոտ մի տարի առաջ էր: Հերթական ու անիմաստ հավաքույթներից մեկն էր, ուր ինքն իր բանաստեղծություններից պիտի կարդար: Եվ կարդաց.
Ով կին,
Որ բանականությունդ սարքել ես մի բանտ
Քո մեջ ամփոփված Եվայի համար,
Բռնակալ ես դու:
Արձակիր նրան
Կապանքներից քո հնարած գոյի,
Որ ձևաչափով անդեմ ամբոխի` բարոյական է:
Բաց թող շառաչը քո իսկ էության,
Որ սարքովի չէ,
Որ Կյանք է ու Եվա:
Վերջում, երբ ծանոթ-անծանոթները խցկվում էին ինչ-որ կարևոր բաներ ասելու համար և որոնց ինքը բոլորովին չէր էլ լսում` մի կին մոտեցավ թխաթույր ու դեղին աչքերով: Անսեթևեթ ժպտաց ու ասաց.
– Անունս Եվա է: ՈՒզում եմ այն մյուս, իմ միջի Եվային արձակել: Կօգնե՞ս…
Հանկարծ Վահանը գիտակցեց վերահաս երջանկությունն ու նրան ընդառաջ գնաց:
Միանգամից ամեն ինչ փոխվեց, փոխվեցին երևույթների իմաստային ու ձևային պատկերները: Գույները դարձան որոշակի երկարության լուսային ալիքներ, որոնք երանգ դառնալու համար պիտի անպայման բեկվեին Եվայի աչքերում:
– Ինչու՞ են այս մարդիկ կարծում, թե իրենց կարծիքը կհետաքրքրի քեզ,- Եվան կարդում էր նրա մտքերը:
– -Երևի ներկայանալու ,կայանալու խնդիր ունեն,- Վահանը բացեց դատարկ ժխորով լի դահլիճի դուռն, ու նրանք դուրս եկան:
Եվան գիժ էր, քնքուշ ու անամոթ: Մի խոսքով, հրաշք էր, որը որպես պարգև ստանալն անհավանական էր ու անըմբռնելի:
-Ինչու՞ ես….Ինչու՞ ինձ…-ժամանակ առ ժամանակ հարցնում էր Վահանը:
Ի պատասխան` Եվան խորամանկ ժպտում էր և կատվի նման պրկելով մեջքը` գրոհում էր Վահանի վրա հերթական անգամ իր անհագ Եվային արձակելու համար:
Իսկ նրա սարքած խաղերը, որ մանկական չարաճճիություն էին հիշեցնում` պարզապես խենթացնում էին: Վահանն իրեն հում կավի պես մի բան էր զգում, և Եվան նրանից ծեփում էր ինչ ուզում էր:
Եվ հիմա ապուշ փորացավով, որ չէր համապատասխանում իր զգացմունքներին, պառկած է դատարկված այս տան անհարմար բազմոցին ու կարոտում է նրա բոլոր գժությունները:
Այն մի անգամը, երբ Եվան ներկեց նրա շուրթերը և հետո այնպես կծոտեց դրանք, որ երկու-երեք օր ուռած էին: Կամ երբ մի անգամ արթնացավ անսովոր խուտուտից ու չհասկացավ տեսածը. Եվան խմորոտ ձեռքերով մերսում էր իր որովայնը: Անակնկալից վեր թռավ, իսկ Եվան բարձրաձայն ծիծաղեց ու սկսեց կսմթել խմորապատ մարմինը.
-Չէ՞ որ Ադամը պորտալար չուներ: Ես էլ որոշեցի ծածկել ամեն ինչ, դե որ պորտիդ տեղը չերևա:
Մի ամգամ էլ, երբ վառվող լուցկին նետեց ու խանձեց կրծքի մազափունջը: Եվ երբ շփոթված թռչկոտում էր սենյակում ու Քինգքոնգի նման կուրծքն էր ծեծում կրակը հանգցնելու համար` Եվան մեռնում էր ծիծաղից.
-ՈՒզում էի քեզ ՙբոցավառվող իմ սեր՚ անվանել…
Դե արի ու պատասխան տուր:
Յուրաքանչյուր նման խենթությունից հետո Վահանը փորձում էր ընդվզել բայց հետո ամեն ինչ թողնում էր ինքնահոսի, որովհետև ներքուստ վախենում էր, որ այսքան անհոգ ու անվճար երջանկությունը կարող է մի օր ավարտվել այնպես, ինչպես որ սկսվել էր` առանց նախաբանի ու վերջաբանի:
Արդեն մթնում էր: Վահանը քայլեց դեպի խոհանոց մի բան ուտելու: Սառնարանը դատարկ էր, ընդամենը երկու ձու կար:
ՙՁվածեղ կանեմ՚:
Երբ կռացավ թավայի մեջ կարմրող ձվածեղի վրա, տարօրինակ հոտ առավ: Չհավատաց: Նորից կռացավ ու սկսեց հոտոտել ամանը:
ՙԱյ քեզ բան: Մի շաբաթ առաջ ենք սրա մեջ հավ տապակել: Թավան էլ մաքուր էր՚:
Ձվածեղը դանդաղ ծամեց, ու հենց այնպես սկսեց մտածել թավայի ու հավի հոտի մասին:
-Իսկ գուցե թավան պահպանել է տապակայի մասին հիշողությունը:
Ասաց ու իր ցնդաբանության վրա ծիծաղեց: Հետո այդ միտքը դուր եկավ ու ձանձրույթից որոշեց մի ամբողջ տեսություն հնարել ՙիրերի հրշողության մասին՚:
Որքան խորանում, այնքան զվարճանում էր իր անսպասելի մտահանգումներից: Մեկ էլ հանկարծ լրջացավ.
-Իսկ եթե սա ամենեվին էլ հիմարություն չի… Իսկ եթե իրերն իսկապես հիշողություն ունեն…Եվա …Եվա…այստեղ ամեն ինչից քո հոտն է գալու…
Զգաց, որ եթե չգոռա` կգժվի:
-Գրողը քեզ տանի…երևի սիրում եմ քեզ…Կարոտում եմ քեզ, գրողի տարած…
Երևի իսկապես գժվեց, որովհետև հևալով դուրս թափեց լվացքի մեքենայի միջի անլվա սպիտակեղենն ու դեմքը թաղեց կեղտոտ սավանների մեջ:
Պիտի փախչեր այս ամենից, իրերից ու նրանց ցավեցնող հիշողությունից:
«Անկողինը, լոգարանը և անգամ զուգարանակոնքը, գրողը տանի, նրա ազդրերի հիշողությունն են պահում,նրա մարմնի բույրը»:
Ձեռքը գցեց բաճկոնին ու դուրս եկավ:
Փողոցում խաղաղ էր, ու քայլելով մայթերի լռության մեջ Վահանը մտածեց, որ ամեն ինչի մեղավորը սերն է:Այն այնքան շատ էր, որ արժեզրկվեց ու պարզապես ձանձրացրեց իրենց:
ՙԵվ հիմա լիբիդոն կրողի բացակայությունը ինձ մելանխոլիկ է դարձնում՚ ,-հանրահայտ ուրիշի մտքերով մտրակեց իրեն, որ փոքր ինչ թեթևանա:
ՙԷսպես կգժվեմ՚,- նորից մտածեց ու դիտավորյալ քայլեց դեպի հեռվում նշմարվող ամբոխը: Տարեց մարդկանց ստվար մի խումբ էր հավաքված ինչ-որ գրասենյակի առջև: Հեռուստախաղից ու նվերներից էին խոսում.
-Գնալու ենք պառավոզով խաղին մասնակցելու, ՙպոլե չուդես՚-ի նման,- բացատրեց մի ծերունի:
Վահանը նայեց դողդոջ ծերակույտին ու քմծիծաղեց: Տեղավորվեց ավտոբուսի կանգառի նստարանին ու սիգարեթ վառեց: Նայում էր զվարթացած ամբոխին և մտածում.
ՙԵթե լրագրող լինեի կգրեի. ՙՄայթին հավաքված ծերակույտը պատրաստվում էր գնալ հանրահայտ ՙինտելեկտուալ՚ հեռուստախաղին մասնակցելու՚: Չէ, չակերտները շատ եղան՚:
Պատկերացրեց, որ այս ամենը ինչ-որ արտասահմանցու համար են թարգմանում ու խնդաց. ՙՀՀ մայթերին հավաքված սենատորները /սենատը/ պարբերաբար մասնակցում են հանրահայտ ՙպառավոզով՚ ինտելեկտուալ շոուին՚:
Չդիմացավ; Բարձրաձայն ու մենակ ծիծաղեց մտածածի անհեթեթության վրա ու որոշեց վերադառնալ աբսուրդի այն մյուս` իրերի հիշողության աշխարհը.
ՙՄիևնույն է, երկուսն էլ աբսուրդ են, և մեկը մյուսի պատճառած ցավը չի բթացնում՚:
Այդպես բաճկոնով ու կոշիկներով էլ քնեց:
Լուսաբաց չէր, ու ինչ-որ մեկը ցնցում էր ուսը:
-Դեռ երկա՞ր ես քնելու, ծույլ ու անպետք արարած:
Վահանը չէր ուզում բացել աչքերը. այս նոր երազն ավելի էր վախեցնում: Եվայի ձայնն էր, ու արթնացումի հետ այն կարող էր անհետանալ:
-Դաժան մի եղիր,- դեռ երազի միջից խոսեց Վահանը:
-Դաժանություն կլինի, եթե հավի տապական մենակ, առանց քեզ ուտեմ,- Եվան համբուրեց տղամարդու քնատ շրթունքներն, ու Վահանն արթնացավ: Իրականության ընկալման բացակայությունը չռել էր նրա աչքերը` զրկելով նաև բարբառելու հնարավորությունից:
-Քեզ ի՞նչ է եղել, անուշս,- Եվան անհանգստանում էր:- Վատ ե՞րազ էիր տեսնում:
-ՈՒրեմն դու չե՞ս գնացել,- վերջապես խոսելու ունակությունը վերադարձավ:
-ՈՒ՞ր պիտի գնայի, միայն խանութ: Հավ էիր ուզում, չէ՞:
Վահանը վերադառնում էր, վերադառնում էր երազում թողած աշխարհից, որն ամեն վայրկյան կարող էր իրականություն դառնալ: Նա գիտեր, որ սերը, որ վաղուց արդեն սովորություն էր դարձել,մի օր պիտի նաև ձանձրալի դառնար ու տաներ մի ուրիշ սիրո ու մի ուրիշ Եվայի որոնումների: Իսկ առայժմ ինքն այս Եվայի Ադամն էր, և նրան դեռ ծեփում էին այնպես, ինչպես ուզում էին:
Եվ հիմա, դեռ ներկայում, Եվայի դեղին հայացքի ներքո ըմբոշխնելով հավի տապական, Վահանն իր համար փորձում էր մի բան պարզաբանել.
«Ի՞նչը կգերադասեր… Իրի, թե նրա մասին հիշողության կորուստը… »
© Նարինե Կռոյան
Ուզում եմ հիշել, թե մեկ էլ որտեղ եմ կարդացել սա…”Շոգեքարշը”, կուրծքը խանձելը, ձվածեղը և մնացած բոլոր “պատկերները” ծանոթ թվացին: Թույլ գործ է, բայց զարմանալիորեն մտապահվել է:
Հոգնել եմ մելանխոլիայից, ներսումս, դրսում, ամենուր այն է…
Նախորդ մեկանաբանողը թույլ գործ էր կոչել…
Թույլ գործեր չկան, բայց կան խինդ կամ տրտմություն թողնող գործեր…
Ցավում եմ, այս գործն ինձ ոչինչ չթողեց…
Գուցե, չհասկացա…