Ընկերոջս` Մորդեխայ Պերեսին` տագնապով , որ այլևս չենք հանդիպի
Հրեա ընկերս զգուշացրեց հեռու մնալ արաբներից, երբ խոստովանեցի, որ սիրահարվել եմ արաբ մի գեղեցկուհու:
–Արաբները տգետ են և արնախում. մարդ գլխատելիս անգամ աչք չեն թարթի: Գործ չունես դրանց հետ,– խորհուրդ տվեց ընկերս:
Ասացի, որ աղջկան մի անգամ եմ տեսել` արաբական շուկայում և ամբոխի մեջ իսկույն կորցրել: Թեթև անցավ կողքովս, անունը` անորսալի: Մարդիկ մշտապես անհետանում են: Հանդիպում են ու անհետանում:
–Հավանական է` երբեք այլևս չհանդիպեմ նրան,– ասացի հրեա ընկերոջս:
Բայց օրերով, նրան գտնելու տարտամ հույսով, թափառում էի Երուսաղեմի արաբական կոչվող շուկայի լաբիրինթոսում` կիզող արևի տակ, խառնամբոխի աղմուկի մեջ: Տուն էի վերադառնում, իսկ ականջներիս մեջ շարունակվում էր բազմալեզու ժխորը. բաբելոնյան աշտարակի փլուզումը շարունակվում էր հենց այդտեղ` արաբական շուկայում, ուր օդը ծանրացած էր տապից և արաբերեն կոկորդային հնչյուններից, որ չէի հասկանում: Արևահարության գլխացավից այդ հնչյուններն ավելի բարձր էին արձագանքում ականջներիս մեջ, ավելի անհեթեթ ու անկապակից էին թվում:
Մի անգամ արաբական շուկայում հոգևորական ընկերներիցս մեկը ցույց տվեց մի սալաքար, որի վրա Հիսուսն էր սայթաքել, երբ նրան տանում էին Գողգոթա: Այդ օրվանից, ինձ թվում էր, աղջկան փնտրելը նույնն է, ինչ Հիսուսին որոնելը: Հոգնած, արևահարված` հաճախ ինձ թվում էր` հայտնվել եմ այնպիսի օտար մարդկանց մեջ, որոնք տեսել էին` ինչպես են քիչ առաջ Հիսուսին Գողգոթա տանում, և անտարբեր ու ծույլ շարունակում էին առևտուր անել` իրենց տաղավարների ծածկի տակ արևից թաքնված, նարգիլե ծխելով: Մի անգամ փողոցի անկյունից թափորի դեմ դուրս եկա: Պատառոտված հագուստներով, տապից հյուծված դեմքերով մի խումբ հավատամոլներ դատարկ խաչը պարզել էին իրենց առջև ու համրաքայլ ընթանում էին նրա հետևից, կարծես չէին էլ նկատել, որ Հիսուսը խաչի վրա չէ: Նրան հանդիպեցի արաբական շուկայում: Հետևեցի: Հին Երուսաղեմի նեղլիկ, սալաքարե նրբանցքներով, որոնք հաճախ աստիճաններով բարձրանում և իջնում են ու ամբողջ օրը ստվերի մեջ են, թեքվում էր անընդհատ աջ: Մտածեցի, որ ետդարձի ճանապարհը գտնելու համար պետք է անընդհատ ձախ թեքվեմ: Մի անգամ շրջվեց, հետ նայեց: Արագացրեց քայլերը: Տագնապած էր երևում: Տների պատուհաններից սպասքի չխչխկոց, արաբերեն խոսակցություններ էին լսվում: Արաբների թաղամասում էի: Փողոցներում ոչ ոք չկար: Հանկարծ զգացի, որ նրա հետևից չափազանց հեռու եմ հասել, որ արաբական թաղամասում, որի շրջադարձերը, փակուղիները, նույն տեղը վերադարձնող նրբանցքները չեմ ճանաչում, մենակ եմ, հայ և արաբերեն երեք բառ գիտեմ: Հանկարծ կանգ առավ, կտրուկ շրջվեց դեպի ինձ ու զայրացած ինչ–որ բան ասաց: Թափ տվեցի ուսերս և անգլերենով, որ հրեաներից եբրայերեն շեշտադրում էր յուրացրել, ասացի, որ արաբերեն չեմ հասկանում: Անգլերեն հարցրեց` ի՞նչ ես ուզում ինձանից, ինչո՞ւ ես հետևում ինձ: Սպառնաց` եղբայրներս, որ իմացան գլուխդ կկտրեն: Լուռ ապշած կանգնած էի. իսկույն հասկացա, որ սիրո համր շփոթմունքը խոսքից դիպուկ է: Ավելի ուշ մեր հարաբերություններն այնքան հեռու գնացին, որ իրենց տանը, երբ բոլորը ծով էին մեկնել, կեսօրին` ծառերի խշշոցի տակ, անկողին մտանք: Հաջորդ օրը ճանապարհս եկան երեք արաբ երիտասարդ կտրեցին: Նրանց դեմքերն ինձ թվաց ծովափնյա արևից թխացել էին. գուցե եղբայրներն էին, որոնց մինչ այդ մարդկային գոյությունից զուրկ վերացական սպառնալիքի տեղ էի դրել միայն: Երեքն էլ նման էին միմյանց և աղջկան. գրեթե աղջկա արական սեռն էին: Նրանք իմ առջև դուրս եկան փողոցի շրջադարձից ու փակեցին ճանապարհս: Նրանցից մեկի հագին կարմիր վերնաշապիկ էր: Նայեցին աչքերիս` կարծես իրենց քրոջ հանդեպ սիրո արտահայտություն էին փորձում գտնել հայացքիս մեջ, բայց նախապես համոզված էին, որ չկա: Նրանցից մեկն արաբերեն ինչ-որ բան հարցրեց: Չգիտեմ` ինչու եբրայերեն պատասխանեցի, որ արաբերեն չեմ հասկանում: Դա գուցե նրանց ավելի զայրացրեց: Եբրայերեն պատասխանելն իմ առաջին սայթաքումն էր:
–Հրեա՞ ես,– հարցրեց նրանցից մեկը եբրայերեն` հրեաների հանդեպ ընդգծված քամահրական ատելությամբ:
Գլուխս բացասաբար տարուբերեցի:
–Մուսուլմա՞ն ես,– հարցրեց:
Գլուխս նորից բացասաբար տարուբերեցի: Ձեռքին սպիտակ կտորի փաթաթան էր: Բացեց:
–Էս ի՞նչ է,– հարցրեց,– հիշո՞ւմ ես:
Չսպասեցին, որ պատասխանեմ. գուցե նախապես համոզված էին, որ համր մարդու հետ են գործ ունենալու:
Սիրտս սկսեց թպրտալ: Շունչս կտրվում էր. վատ վերջաբանի անխուսափելիություն նախազգացի: Սավանի վրա նրանց քրոջ կուսության արյունն էր: Աղջկան մշտապես սպիտակ հանդերձով էի տեսել, բայց հետո Օմարի մզկիթի շրջակայքում զբոսնելիս ինձ հուշեցին, որ սպիտակ կրում են կույսերը, կանայք սև են հագնվում: Անկողնում ապշել էի, երբ սավանի ճերմակության վրա արյան բծեր էի նկատել: Հայացքս երկար` ինձ արնաքամ անելու օրը կռահելու նման, սևեռված մնաց արյան հետքի վրա: Եվ գրեթե կորցրի ինձ, երբ, աչքերը փակ, մահացած մորս նմանեցրի աղջկան: Հաճույքից աղավաղված դեմքը հոգեվարքից առաջ մորս դեմքի վրա քաղցկեղի ջղակծկումներն էին հիշեցնում: Հեշտանքից հետո դեմքը լրիվ մահացած մորս դեմքին նմանվեց: Նրա հեշտանքից երկյուղած` պառկեցի մեջքիս վրա և հիշեցի: Այն ժամանակ զարմացել էի` ինչպիսի հանդարտ դեմքով է մայրս տանում իր մահը, որ քաղցկեղի ցավերի շարունակություն էի պատկերացնում: Մահով հաղթեց քաղցկեղին: Արաբուհու հետ չէի էլ կարող ամուսնանալ, դա արգելված ամուսնություն էր` արյունապղծություն, նեկրոֆիլիա, դավանափոխություն: Դրանից հետո ինձ սկսել էր նաև տարօրինակ թվալ, որ աղջիկը մուսուլման է:
Գուցե եղբայրները կռահել էին, որ չեմ պատրաստվում կնության առնել իրենց քրոջը: Բայց պատճառները նրանց հետաքրքիր չէին: Նրանցից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս: Աչքերիս առջև իսկույն մթնեց: Շնչուղիներս արյուն լցվեցին, բերանիս մեջ արնահամ զգացի: Շրջվեցի, որ փախչեմ, բայց կարճատև վազքս մեջքիս հասցրած ուժեղ հարվածեցով կանխեցին, չհասկացա` ճակատս պատի՞ն, թե՞ գետնով խփեցի: Աչքերս փակ` ոչինչ չէի տեսնում. պետք է որ կոշիկի հարվածներ լինեին, որ անընդհատ և ուժգին տեղում էին գլխիս: Չէի հասկանում` մեկը մազերիցս բռնել` գլուխս պատի՞ն, թե՞ հատակին էր խփում: Դա նման էր լաբիրինթոսում մնացած կույրի ինքնակամ պատեպատ զարկվելուն: Ուզում էի մեռնել. գլուխս այդքան ցավի չէր դիմանում: Ինձ այնքան էր ընկճում նրանց անսպառ չարությունը, այնքան էի խղճում ինքս ինձ, որ ուզում էի Աստված էլ օգնի նրանց, որ սպանեն ինձ, ու նրանց հետ մեղավոր դառնա իմ սպանության մեջ նաև ինքը: Անխնա հարվածում էին, հաստատ թքած ունեին` այդ հարվածների ընթացքում մահացե՞լ, թե՞ ողջ եմ մնացել: Նրանց անհագ չարության համար գուցե մահս անգամ հերիք չէր. ուրիշ մի բան էլ էր պետք: Ես ընկած էի գետնին և այլևս ցավ չէի զգում հարվածներից. հետաքրքիր է, եթե մինչև վերջ հարվածեին` իրե՞նք ավելի շուտ ուժասպառ կլինեին, թե՞ ես կմահանայի: Նրանցից մեկը մոտեցավ: Պպզեց: Ճանաչեցի. իմ վարսավիրն էր, միակ արաբը, որի հետ անշարժ դիրքով, հայելուն սևեռված, սպիտակ կտորը վրաս` երբեմն զրուցում էի: Թեև այդպես էլ անունս չհարցրեց երբեք: Քրիստոնյա էր: Աչքերիս առջև բացեց ածելին, որով մի անգամ սափրել էր դեմքս: Սափրելուց առաջ հայելու մեջ աչքով արեց ինձ: Կռահեցի` ինչ է ուզում անել, բայց միգուցե գլուխս փախցնելով ինքս հուշեցի այդ միտքը: Մազերիցս բռնեց: Աղաչեցի` «Մենակ թե ոչ դրանով», վախիցս հայերեն խոսեցի, գուցե արաբերեն ասեի` հասկանար ու խղճար ինձ: Մատը հպեց շուրթերին ու ասաց.
–Սըս, սըս, սըս: Վտանգավոր բան չկա, չվախենաս: Այնտեղ, – ասաց,– աչքերդ երբ բացես, վիզդ թույլ կցավա միայն: Զգացի ածելու սայրի սրությունը, երբ այն հպեց կոկորդիս: «Չէ, չէ…»: Գլուխս տարուբերելուց սայրը թեթևակի հատեց կոկորդս: Ես դիմադրելով օգնում էի ինձ գլխատել: Ամենասարսափելին այն էր, որ հնարավոր է` ինձ գլխատելու համար Աստծո թողտվությունն ուներ: Ինչո՞ւ էին ուզում կտրել գլուխս: Գուցե մայրս մահից հետո դավանափո՞խ է եղել, որովհետև Աստված չի եղել: Հետո զգացի` որքան օտար է մետաղը մարմնիս մեջ: Անխնա գլխատեց:
Ածելու արյունը սրբեց սավանով, որի վրա չորացել էր արաբ աղջկա կուսության արյունը:
Որոշ ժամանակ դեռ տեսնում էի աշխարհը: Նրանք պպզեցին գլխիս առջև, մեկը թփթփացրեց այտիս, մյուսը ծխախոտ դրեց բերանս, երրորդը վառեց ու միասին սկսեցին հռհռալ, բայց քրքիջը չէր լսվում. աշխարհը համրացել էր:
Այդ պահին տառապում էի, որ չեմ կարողանում տեսնել երկինքը, հայացքս չի հասնում երկնքին: Աչքերիս առջև մթնում էր: Հետո մի պահ, երբ արդեն մթնել էր, և այլևս ոչինչ չէի տեսնում, աղոտ զգացի գլխիս թեթևությունն ու մարմնիս բացակայության անդունդը` նրա տակ. երևի նրանցից մեկը մազերիցս բռնել, բարձրացրել էր գլուխս:
© Հրաչյա Սարիբեկյան, 2009
Կեցցեք ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ դուք կրողանում եք թափանցել մարդու հոգին.Ես խոնարհվում եմ ՁԵՐ արջեվ ԴՈՒՔ հրաշք եք.Ես շատ հարգում ու սիրու մ եմ ՁԵԶ.
Այս գեղեցիկ ստեղծագործությունը շատ խորիմաստ էր.Հարգելի ԳՐՈՂ ես կարդացել եմ ձեր ստեղագործւթյունները եվ հացած եմ.«ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԱՐԵՎԸ»,«ԿՈՒՅՐԻՆ ԿՈՒՅՐԸ»,«ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԵԼԻՆԵՐՈՎ»,«ԵԿԵՂԵՑԻՆ»,«ԱՅՆՏԵՂ ՝ԱՉՔԵՐԴ,ԵՐԲ ԲԱՑԵՍ»,«ԱՊՈՐԻԱ»…..արդացե՛ք մարդիկ այս արժանավոր ՄԱՐԴՈՒ ստեղծագործւթյունները.