Աֆրիկյան երկրների ֆրանկոֆոն պոեզիա

Ռնե Ֆիլոմբե
(Կամերուն)

Մարդը, որ  քեզ է նման

Ես թակեցի դուռը քո,
Ես թակեցի սիրտը քո`
Լավ մահճակալ ունենալու,
Ու բորբ կրակ ունենալու,
Ինչո՞ւ ես ինձ վանում,
Բացի՛ր հոգիս, եղբա՜յր։

Ինչո՞ւ ես ինձ հարցնում՝
Աֆրիկայից եմ ես,
Թե Ամերիկայից,
Կամ թե Եվրոպայից,
Բացի՛ր հոգիս, եղբա՜յր։

Ինչո՞ւ ես ինձ հարցնում
Երկարությունն իմ քթի,
Հաստությունն իմ բերնի,
Գույնն իմ մաշկի
Եվ անունն իմ աստվածների,
Բացի՛ր հոգիս, եղբա՜յր։

Ես սև չեմ,
Կարմիր չեմ,
Դեղին չեմ,
Սպիտակ չեմ,
Ես պարզապես մարդ եմ,
Բացի՛ր հոգիս, եղբա՜յր։

Բացի՛ր ինձ քո դուռը,
Բացի՛ր ինձ քո սիրտը,
Քանի որ ես մարդ եմ,
Բոլոր ժամանակների,
Մարդ համայն ծեգերի,
Մարդ, որ նման է քեզ։

 

Ֆրեդերիկ Պասերե Տիտինգա
(Բուրկինա Ֆասո)

Բացիկ

Կուղարկես դու ինձ մի բացիկ
Աղբյուրների քնքշանքի՜ց,
Լույսերի ջերմությունի՜ց:
Այստեղ,
Արևը
Կփոխարինի Լուսնին,
Լուսինը`
Ամպին,
Ամպը`
Գիշերին։
Ուղարկի՜ր ինձ մի բացիկ։
Կուղարկես դու ինձ այն լույսը գիշերների,
Վեզուվի խառնարանները անհատակ։
Կուղարկես այն ադամանդը խավարի,
Սառնությունը իգլուների։
Այստեղ
Արևը
Կփոխարինի Լուսնին,
Լուսինը`
Ամպին,
Ամպը`
Գիշերին։
Ուղարկի՜ր ինձ մի բացիկ։

 

Օգյուստին Սուդե Կուլիբալի
(Բուրկինա Ֆասո)

Իմանալ

Հայրիկ, կասե՞ս ինձ,
Թե ինչո՞ւ են այստեղ երեխաներն առանց կացարանի, իսկ ես պալատում։
Կասե՞ս` խենթերը, մուրացկաններն ու գործազուրկները որտեղից են գալիս։
Կասե՞ս` ինչու կան աղքատներ և հարուստներ։
Տարբերությունն ինձ կասե՞ս
իմ և մանուկ գողերի։
Ինձ կասե՞ս, թե դու ինչու ես ծնվել հյուղակում գյուղի։
Կասես՝ ինչպիսին է գյուղն
Ու ինչպիսին Աֆրիկան։
Այո՛, իմանալ,
Պիտի ամեն ինչ իմանամ, չէ՞ որ դպրոց եմ ես գնում։

 

Արման Բալիմա

Սահարա

Սահարա`
Կուրծն ավազի,
Որ կրում է փաղաքշանքները
Քարավանների,

Սահարա`
Կուրծն ավազի,
Որ ծրարում է
Քնքշանքը Բիլ գիշերների։

 

Մալիկ Ֆալ
(Սենեգալ)

Մթնշաղ

Գյուղերն իմ վախենում են ստվերից,
Բայց մթնշաղը զգուշացնում է
Մինչ գիշերով նրանց զգեստավորելը։
Մի մայր կյանք է տալիս դժգույն մոխրին,
Մի երեխա՝ վերադարձնում այծերին,
Մի հայր վարանումով երեկոն է օրհնում,
Իսկ ստվերը՝ կրծում գյուղի մասնիկը մի
Այնքան քնքշորեն, որ վախն է կորչում։
Բարի գիշեր, Աֆրիկայի գյուղե՜ր

 

Մբե Գան Կեբե
(Սենեգալ)

Մակույկ

Տա՜ր ինձ, տա՜ր ինձ,
Թիավարի՛ր մակույկն իմ,
Տա՜ր ինձ, տա՜ր ինձ,
Նավարկի՛ր օվկիանոսում,
Արմավից է առագաստը նրա,
Թի է ծառայում ավելը նրան։

Տա՜ր ինձ, տա՜ր ինձ,
Թիավարի՛ր մակույկն իմ,
Կգնամ դեպի Չինաստան,
Լատինական Ամերիկա, Երուսաղեմ,
Կշրջեմ աշխարհն ամբողջ,
Ուր հարկավոր է խաղաղություն ցանել։

Թիավարի՛ր մակույկն իմ,
Տա՜ր ինձ, տա՜ր ինձ,
Իմ մակույկն առանց ատելության,
Իմ մակույկն առանց շղթաների,
Ուր կցանկանայի տեսնել
Աշխարհի ողջ մանուկներին։

 

Ֆատու Սոու Նդիե
(Սենեգալ)

Ձեռքը մայրիկի

Բացի՛ր ձեռքդ, մայրի՛կ,
Հայրիկն ասաց, որ այն ունի
Բոլոր գաղտնիքներն աշխարհի։
Ինչո՞ւ լուսինը
Չի իջնում` ճրագելու խրճիթը մեր,
Ո՞ր երկրում է գիշերն արդյոք,
Երբ մեզ մոտ չէ։

 

Իվ Էմանուել Դոգբե
(Տոգո)

Նայիր երկնքին

Գեղեցկուհիս, տեսնու՞մ ես ամբողջովին կապույտ երկնքում այն աստղերը,
Այն հազարավոր աստղերը,
Որ պարում են ու փայլում։
Նրանք քեզ համար են պարում ու փայլում,
Նրանք հազարավոր աչքերն են Երկնային հրեշտակների,
Որ քեզ են նայում,
Ու քեզ են սիրում,
Եվ երջանիկ են,
Քանզի երջանիկ ու չքնաղ ես դու։

 

Էլիզաբեթ Ֆրանսուազ Մվեա
(Կոնգո)

Դու նայեցիր ինձ

Դու նայեցիր ինձ,
Եվ հայացքդ գորովալի
Ժպտաց
Իմ հայացքում։

Դու մեկնեցիր ինձ
Քո ձեռքը
Քո աջ ձեռքը
Խոստումնալից։

Եվ հայացքդ հալվեց
Իմ հայացքում
Եվ ձեռքերդ օղակեցին ինձ
Հուսո երկար շրջազգեստով։*

*Այստեղ՝ վայրի ցեղերի շրջազգեստ` բույսերից հյուսված

 

Կամա Կամանդա
Կոնգո (Zaïre)

Մի՞թե սա ավելի քաղցր մեղեդի է

Մեր աչքերին քուն բերելու համար
մի՞թե սա ավելի քաղցր մեղեդի է, քան թե սերը,
Փաղաքշում են տերևները ծառերի
Սոխակին միայնակ,
Որ խոցում է ճիչը քամու
Գեղգեղումով հրաշալի,
Բայց հանգստի համար նրանք
Գիշերվա մեղմության կարիքն ունեն։

 

Թահար Բեն Ժելու
(Մարոկկո)

Օտարական

Օտարական,
ժամանակ գտի՜ր ծառը սիրելու,
արմունկներով հենվի՛ր հողին,
մի ձիավոր քեզ ջուր կբերի,
կբերի հաց
ու դառը ձիթապտուղ,
սա համն է հողի ու սերմնացուն
հիշողության,
սա կեղևն է երկրի,
և վերջը լեգենդի,
այս մարդիկ, որ մեռնում են, չունեն
հայրենիք
և կանայք տանջված
սպասում են իրենց հասանելիք ջրին։
օտարական,
թո՛ղ ձեռքդ բոսոր հողի մեջ,
այստեղ
նա սոսկ միայնությունն է քարերի։

 

Ալի էլ Հաջի Թահար
(Ալժիր)

Պաղեստին II

Սա մի խաղ է դժոխային, որ նետումն է
Քարերի
Եվ նռնակների,
Սակայն կուզեի նետել քեզ սիրտս
Մանկան մի խաղում։

 

Ժաքլին Դաու
(Մարոկկո)

Երբ մտածում եմ ծովի մասին

Երբ մտածում եմ ծովի մասին,
Այդ ջրի մասին է, որ խորհում եմ՝ կանաչ ու շարժուն,
Ո՛չ ձկան մասին և ո՛չ էլ նավի։

Երբ լսում եմ ծովը,
Ջուրն եմ ունկնդրում` խուլ ու գալարուն,
Ո՛չ ոստրեներին, և ո՛չ էլ քամուն։

Երբ ծովն եմ մտնում`
Սառն ու խորհրդավոր
Ինչպես մեծ մի տաշտ,
Այդ ես եմ ոստրեն ու ես եմ նավը։

Ե՛վ ալիքը, և՛ քամին, և՛ ջուրը,
Ե՛վ արևն եմ ըմպում ես։

 

Լեոպոլդ Սեդար Սենգոր
(Սենեգալ)

Պոեմ՝ իմ սպիտակ եղբորը

Սիրելի՛ սպիտակ եղբայր,
Երբ ծնվեցի, ես սև էի,
Երբ մեծացա, սև էի,
Երբ արևի տակ եմ, սև եմ,
Երբ հիվանդ եմ, սև եմ,
Երբ մեռնեմ, կլինեմ սև։

Մինչդեռ դու, սպիտակ մարդ,
Երբ ծնվեցիր, վարդագույն էիր,
Երբ մեծացար, սպիտակ էիր,
Երբ արևի տակ ես, կարմիր ես,
Երբ մրսում ես, կապույտ ես,
Երբ վախենում ես, կանաչ ես,
Երբ հիվանդ ես, դեղին ես,
Երբ մեռնես, կլինես մոխրագույն։
Այսպիսով՝ մեր երկուսից
Ո՞վ է մարդը գունավոր։

 

Թարգմանությունը ֆրանսերենրից՝ Արման Թովմասյանի

Խմբագիր՝ Լուսինե Մուսախանյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *