Վասիլի Նեմիրովիչ-Դանչենկո | Աղջնակը գերության մեջ

Փոխհրաձգությունը մարեց։ Մարտադաշտում հետզհետե տարածվեց լռությունը։ Մոտենում էր երեկոն, և մառախուղը, այդ բուլղարական խոնավ ձմեռվա հավերժական մառախուղը պարուրեց շրջապատը։ Ամեն ինչ, որ փոքր ինչ առաջ դեռևս տեսնում էինք մեր առջև, քիչ-քիչ անհետանում էր, ուղղակի հալվելով դաշտում։ Ամենից առաջ անհետացան հորիզոնում տարածվող հեռավոր լեռների ուրվագծերը․․․նրանք կարծես կապույտ ամպեր լինեին, որ միաձուլվեցին մեկ ընդհանուր ֆոնի մեջ, ձուլվելով շրջապատի վրա տարածվող և բծի վերածվող թուրքական քաղաքին, մինարեթներով, գլխավոր մզկիթի հսկայական գմբեթով և քաղաքի մեջ ինչ-որ տեղ հառնող մեծ տան վրա․․․Այդ տունը պետք է որ կարևոր կետ լիներ (նահանգապետի բնակարան և կառավարման կենտրոն), որը ջանասիրաբար գնդակոծվում էր մեր կողմից և քանի դեռ մառախուղը չէր կլանել նրան իր միօրինակ ծածկոցով, և մենք տեսնում էինք, թե ինչպես այնտեղից վերև են բարձրանում մոխրագույն ծխի քուլաները։ Այդպիսի ծխաքուլաներ էին բարձրանում նաև չարաբաստիկ քաղաքի տարբեր կետերից։
Մենք վերադարձանք գյուղակ, որտեղ մեր ճամբարն էր։ Առջևից գնում էին երկու կազակներ, նրանց ետևից՝ շատ մռայլ մի գնդապետ այնպիսի բեղերով, որ նրան կնախանձեր անգամ Տարաս Բուլբան, և մի երիտասարդ սպայիկ, որ հենց նոր էր Պետերբուրգից եկել Թուրքիա։
Մեկ վերստ էլ չէինք մենք անցել, երբ նախ մեր առջևից գնացող կազակներից մեկը, ապա և մյուսը սկսեցին հեռվում երևացող ինչ-որ կետ ցույց տալ, ապա դեպի այդ կողմ շրջեցին ձիերը, կանգնեցրին և իջան նրանց վրայից․․․
-Ի՞նչ կա այդտեղ, Պանաֆիդին,-բղավեց գնդապետը։
Սակայն կազակները լուռ էին, կռացած ինչ-որ բանի վրա, որ պառկած էր գետնի վրա։
Մենք կանգնեցրինք ձիերին և մեկ րոպե անց հասանք մեր պահակախմբին։
-Այդ ի՞նչ է․․․
Կազակները ետ քաշվեցին և ես անմիջապես հասկացա, թե ինչու էին նրանց մորուքավոր դեմքներն այնքան մեղմություն արտահայտում։ Նույնիսկ մռայլ գնդապետը սկսեց քաշքշել բեղերը և ինչ-ր բան մրթմրթալ-հավատարիմ նշան այն բանի, որ նրան էլ խորթ չէր մեզ համակած զգացումները։
Մեր առջև, ցեխի մեջ, դեմքը վեր, պառկած էր սպանված թուրքական զինվորը։Արյունը չորացել էր նրա կրծքին, հոսելով փամփուշտից պատռված կապույտ, կարմիր հյուսվածքով կտորից բաճկոնի վրա․․․ ոտքերը լայն բացված էին, փոքր ինչ հեռու ընկած էր ջարդված սվինով հրացանը․․․Սակայն դա չէր իհարկե գրավել մեր ուշադրությունը, այլ միանգամայն ուրիշ մի բան․․․Դեմքը կպցրած սպանվածի դեմքին, ձեռքերով ամուր գրկած նրան, նստած էր մի փոքրիկ աղջնակ, որ նույնիսկ աչքերը չբարձրացրեց, երբ մենք մոտեցանք նրան․․․Թվում էր, թե նա ամբողջովին քարացել էր, պաշտպանություն որոնելով նրանից՝ մեռյալի՜ց․․․
-Ախ, դու, սրտի՜կ,-խոսեց կազակներից մեկը,-դո՞ւ ինչ մեղք ես գործել, ո՞ւմ առաջ․․․
-Հմմ․․․ սա, դե․․․տես, է՜․․․-բեղերի մեջ ինքն իրեն փնթփնթաց գնդապետը։-Տես է նրան․․․ինչ է, կոնյա՞կ առաջարկենք․․․
-Կոնյա՜կ,-վրդովվեց սպայիկը։-Մ՞իթե երեխաները կոնյակ են խմում։
-Ոչ, ես, որովհետև, այնպիսի եղանակ է․․․Չի խանգարի․․․
-Խե՜ղճ, ու ինչպե՜ս է դողում․․․-Եվ ենթասպան ձեռքերը սահեցրեց աղջնակի մազերի վրայով։
Երեխան ավելի ամուր սեղմվեց հոր այտին։
Կազակներից մեկն իր մոտ, գրպանում գտավ շաքարի մի կեղտոտ կտոր, պաքսիմատի կտորտանքների, մախորկայի (ծխախոտի տեսակ) տերևների և զինվորական ժամանակների այլ հաճելի բաների հետ միասին։ Նա բացեց աղջնակի ձեռքը և շաքարը դրեց ափի մեջ։ Նա մեքենայաբար, նույնիսկ չնկատելով այն, նորից փակեց ափը։
-Հարկավոր է նրան մեր հետ վերցնել,-վերջապես արտաբերեց գնդապետը։
Ունտեր-սպաներից կազակը, կատարելով գնդապետի հրամանը, մոտեցավ աղջկան և ցանկանում էր բարձրացնել նրան։ Սակայն ինչքան էլ ջանք գործադրեց վերցնելու աղջկան, չհաջողվեց։ Աղջիկն ավելի ու ավելի ամուր էր սեղմվում հորը, իսկ երբ ցանկանում էին պոկել նրանից, սկսեց այնպես խղճալի հեծկլտալ, որ մեր սրտերն ակամա ճմլվեցին։ Մինչ մենք շրջանակ կազմած կանգնած էինք, մտածելով, որ չի կարելի նրան այսպես թողնել, հանկարծ, գնդապետի միտքը, որ այնքան էլ աչքի չէր ընկում պերճախոսությամբ, ուղղակի փայլատակեց․
-Չի կարելի․․․չի կարելի թողնել,-իրեն հատուկ հակիրճությամբ հանկարծ արտաբերեց նա։
-Իսկ ի՞նչ անենք ի վերջո։
-Ոչ մի ձևով հնարավոր չէ․․․Որովհետև․․․ցուրտ է․․․մառախուղ․․․Դե նորից․․․հարբուխ․․․
Ապա, քաշքշելով բեղերից, շարունակեց․
-Վերցնենք նրա հորը․․․Որովհետև․․․Դուք ինքներդ գիտեք․․․
-Սպանվածի՞ն,-զարմացան շուրջբոլորը։-Ողորմացե՜ք խնդրեմ, ձեռքերը չի բավականացնում բոլոր վիրավորներին քարշ տալ, իսկ այստեղ դեռ սպանվածներին, որոնց միևնույն է, չես կարող հարություն տալ։
-Այո․․․իսկ նա հոր հետ․․․Այսպես չի լինի․․․Իսկ հոր հետ-կգա։
Մենք ամաչեցինք մեր ժպիտների համար։ Այս նոթոտ ռազմիկը մնացած բոլորից ավելի շուտ գլխի ընկավ, որ չի կարելի երեխայից խլել նույնիսկ մահացած հորը։
Կազակներն արագ գտան ոչ հեռու ընկած մի շինել, որն ըստ երևույթին թողել էր մի որևէ վիրավոր զինվոր, որպեսզի չխանգարի իրեն առաջ գնալ։ Նրանք փռեցին այն, և ապա բարձրացնելով թուրք «ասկյարին» (թուրքերն այդպես են անվանում իրենց զինվորներին), դրեցին շինելի վրա։ Մինչ այդ հորը կպած աղջիկն այժմ էլ կառչեց շինելից։ Կազակները, միանգամայն լրջորեն, ջանալով ինչքան հնարավոր է դանդաղ քայլել, առաջ ընթացան այնպես, որ աղջիկը կարողանա հասնել իրենց ետևից։ Երբ աղջիկը հասկացավ, որ «գյավուրները» (այսինքն ռուսները) ոչ մի վատ բան չեն անում իր հոր հետ, թույլ տվեց, որ իրեն էլ դնեն շինելի վրա, որտեղ անմիջապես գրկեց հոր մարմինը և առաջվա նման այտը սեղմեց հոր այտին։
-Ա՛խ դու, տես է, ո՜նց է սիրում,-նկատեց ավելի երիտասարդ կազակը։
Մյուսն աշխատում էր մի կողմ շրջվել։ Դա հասկանալի էր։ Ծեր ուրալցին չէր ցանկանում, որ մենք նկատեինք այտերից հոսող արցունքները։ Միայն հետո, շեղակի նկատեց․
-Ա՛խ դու, ինչպիսի՜ն է։ Իսկ ահա իմ երեքամյան էլ է մնացել տանը․․․Նա էլ է հիշում իր պապային։
Միայն մեկ ժամ անց մենք հասանք գյուղ։
-Իսկ այժմ դեպի ո՞ւր,-հարցրեց ինչ-որ մեկը։
-Դե իհարկե դեպի վիրակապարան․․․Այնտեղ բժիշկն է ու գթության քույրը․․․կխմեցնեն նրան, կկերակրեն։
Աջ ու ձախ կողմերում բռնկվում էին կրակները․․․լսվում էին ճիչեր, ձիերի վրնջյունները, խարույկների մոտ նստած զինվորների աղոտ զրույցի պատառիկներ, փայտերի՝ կրակում ճարճատյունը, որևէ ուշացած վաշտի ոտքերի դոփյունը, որ շտապում էին դեպի տնակները, երբեմն՝ սմբակների ձայները և միմյանց դիպչող սվին-դանակների զրնգոցը։ Հարկավոր էր անցնել գյուղի միջով, քանի որ վիրակապման կետը գյուղի մյուս ծայրին էր։ Ես շտապեցի առաջ, որպեսզի զգուշացնեմ գթության քույրերից մեկին, կամ եթե նա այնտեղ չէ, գտնեմ նրան և խնդրեմ իր մոտ վերցնել երեխային։ Երբ կազակները եկան, ասկյարի դիակի և նրան կպած աղջնակի հետ միասին, անմիջապես բոլորին հայտնի դարձավ այդ պատմությունը։ Տղամարդուն կպած փոքրիկ աղջիկը հենց որ տեսավ գթության քրոջը, անմիջապես ուղղվեց և մի ձեռքով բռնելով հոր ձեռքը, մյուսով բռնեց քույրի գոգնոցից, հրավիրելով նրան լինել իր հովանավորը։ Բարի կինը համբուրեց պստլիկին, և կարողացավ այնպես հանգստացնել փոքրիկին, որ սա բռնեց նրա ձեռքը և ինչ-որ տեղ գնացին։
-Դե, իսկ ո՞ւր գնաց նրա հետ։ Թաղելո՞ւ, ինչ է։-հարցրեցին կազակները,-իսկ սպանվածի՞ն ուր տարան։
-Սպասե՜ք, սպասե՜ք,-ասաց նրա մոտ աշխատող բժիշկը,-Ամենից առաջ՝ այդ որտեղից վերցրիք, որ նա սպանված է։
-Ինչպես թե․․․մենք ենք նրան բարձրացրել․․․
-Դա ոչինչ չի ապացուցում։ Ցրտահարվել է, խեղճը․․․իսկ սիրտը դեռ աշխատում է։ Թույլ, բայց աշխատում է։ Աղջիկը փրկել է հորը․․․
Երբ ասկյարի շորերը հանեցին, պարզվեց, որ չնայած իր անշարժությանը, նա դեռևս չի մահացել։ Կյանքը դեռևս առկայծո՜ւմ է նրա վիրավոր մարմնում․․․
Երեք օր հետո ես մտա մոտակա հոսպիտալը։
Մահճակալին պառկած էր արթնացած, թեպետ դեռևս ծանր հիվանդ թուրքական զինվորը։ Իսկ նրա կողքին, առաջվա նման այտը վիրավորի այտին, նստել էր նրա փոքրիկ աղջիկը։ Նրա կրծքից հանել էին փամփուշտը։ Աղջկա շնորհիվ նրան ավելի շատ էին խնամում, քան մյուսներին։ Նա ոչ մի րոպես չէր լքում հորը։ Երբ հայրը քնում էր, նա դուրս էր վազում հիվանդանոցից, կանգնում անկյունում մի հինգ րոպե, թարմ օդ շնչում, և նորից վերադառնում հիվանդի մոտ։
Շատ քիչ բան է մնում ավելացնելու։
Երբ վիրավորի վիճակը մի քիչ բարելավվեց, նրան դստեր հետ միասին ուղարկեցին Ռուսաստան, արդեն Կիևից, իրենց ուղեկցող գթության քրոջ ուղեկցությամբ։ Իսկ ես նամակ ստացա, որտեղ նա ինձ տեղեկացնում էր, որ Ֆաթիման,-այդպես էին անվանում երեխային,-ուրախ է, առողջ և գոհ իր բախտից։

Թաարգմանությունը ռուսերենից՝ Հովիկ Մխիթարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *