Աննա Ադամյան | Ամանորին հրաշքները կատարվում են

Հիվանդասենյակը լցվել էր արևի ճառագայթներով, իսկ լույսը ողողել էր հիվանդի՝ առանց այդ էլ լուսավոր դեմքը՝ ամբողջ սենյակը դարձնելով լուսավոր մի կետ։ Հիվանդ աղջկա խաղաղ դեմքը հանկարծակի ծամածռվեց, նա փորձեց մի փոքր շարժվել, բայց նկատելով մոր գլուխը իր վերմակին՝ չհամարձակվեց․ արդեն քանի օր անքուն մայրը հազիվ կարողացել էր քնել, ավելի ճիշտ հազիվ համարձակվել էր քնել։ Հիվանդը նայեց շուրջը․ ի՜նչ հարազատ էր ամեն ինչ, ի՜նչ թանկ ու ջերմ։ Որքան նայում էր, այնքան հասկանում էր, որ ահա և վերջ, մոտենում է վերջը, ու վերջի սկիզբը։ Իսկը ժամանակն է լքելու այս տունը, այս երկիրը ու աշխարհը։ Լուռ էր սենյակում, լուռ էր նաև աշխարհը․ առավոտյան ժամը վեցն էր, դեռ աղմուկը չէր պատել փողոցները, չնայած իրենց տունը բանուկ փողոցում չէր, աղմուկ լիներ, թե չլիներ՝ դա իրեն չէր խանգարում։
Հիվանդը հաշվում էր պատից կախված ժամացույցի րոպեները․ ահա անցնում են րոպեները ու դրա հետ նաև սպառվում են կյանքի իր վայրկյանները։ Ի՞նչ աներ, արթնացներ մորը, որ վերջին հրաժեշտը տա նրան, թե թողներ այնպես ինչպես կար՝ հեռանար հանգիստ ու լուռ, ինչպես ապրել էր իր ողջ կյանքում։
-Մի քիչ էլ սպասեմ, միգուցե այս զգացումը անհետանա, -որոշեց աղջիկը ու նորից հանդարտացրեց հեղեղի պես հորդացող իր մտքերը։ Ի՞նչեր արեց իր այս կարճ կյանքում, ի՞նչեր հասցրեց անել ու չանել՝ իհարկե ինքը չի հասցնի հաշվել, բայց երբեք չի զղջա իր ապրած կյանքի համար։
Ահա արևի ճառագայթները դանդաղ, շատ դանդաղ շոյում են իր ոտքերը, ձեռքերը, դանդաղորեն բարձրանում վեր, ավելի վեր, հասան սրտին, օ՜հ, ինչ տաքուկ է, ի՜նչ հաճելի ջերմություն, ապա կամաց սահեցին նրա դալուկ պարանոցի վրայով, խաղացին շրթունքենրի հետ, հասան աչքերին ու կանգնեցին․ աղջիկը փակեց աչքերը, թեթև, երկար թարթիչների ստվերն ընկավ դալկացած դեմքին, աչքերն ավելի ամուր սեղմվեցին ու նա քնեց, այս անգամ երկար, խոր քնով, այլևս չարթնանալու համար։

2
Որտե՞ղ է ինքը, ի՜նչ տարօրինակ վայր է, ինչպես կարող է այսքան լույս մի տեղում լինել․լույս, լուսավոր կետեր, օդում սավառնող բոժոժիկներ, լույսի տարատեսակ գունավորումներ; Բայց լուսավորությունը սկսեց նահանջել, ինչ-որ սև կետեր են մոտենում իրեն, ի՞նչ են դրանք, մարդիկ ե՞ն, եթե այո, ապա ինչու՞ են այսքան փոքր երևում, միթե նրանք այդքան փոքր են, թե իր աչքերն ամբողջությամբ չի բացել։ Աղջիկը բացեց աչքերը այնքան, որքան թույլ կտային մարդկային ակնախոռոչների մեծությունը, բայց բաց թե փակ, փոքր, թե մեծ, նա մեկ է տեսնելու էր նույն բանը՝ ինչ-որ սև կետեր, որոնք որքան մոտենում էին, այնքան չէր հասկացվում, թե ինչ են։ Ահա սև կետերը պարուրեցին իրեն, այս ի՞նչ են անում, ուր են տանում իրեն, «թողե՛ք, ես ինքս կարող եմ գնալ»,-փորձեց ճչալ աղջիկը, բայց բերանը չէր ենթարկվում իրեն, ձայնը դուրս չէր գալիս ։
—-
Երկնային կամրջին նստած աղջիկը հաշվում էր իրեն հասած փետուրների քանակը ու փորձում պատկերացնել, թե ինչ պետք է աներ նրանց հետ։
Անին սկսեց մտաբերել․
-Մեկ փետուր՝ մեկ մարդու համար։ Ուրեմն, եթե հաշվեմ իմ սիրելի մարդկանց, ապա ստացվում է, որ ես մի քանի անգամ կարող եմ նրանց օգնել, իսկ այդ մարդիկ շատ չեն՝ մայրկս, հայրիկս, քույրերս, եղբայրս, իմ հինգ ընկերները, մի քանի ուսուցիչ ու դասախոս, որ ինձ միշտ օգնել են և վերջ․․․Ի´նչ լավ է, որքան քիչ մարդիկ, այնքան շատ կկարողանամ օգնել իմ հարազատ մարդկանց,-ինքնագոհ ժպտաց աղջիկը։
Անին դեռ երկար կզններ փետուրները, նրանց գույնը, ձևը, հետաքրքիր էր ամեն ինչ, իրական կյանքում դժվար թե այսպիսի անթափանց ու գեղեցիկ փետուրներ գտներ, եթե այլ մտքերը սև ամպերի պես չպատեին նրա ճակատը։ Հիշեց այն օրը, երբ առաջին օրն ընկավ այստեղ։ Ինչ սարսափելի էր այդ զգացումը, երբ տանում էին իրեն դեպի անհայտություն, երբ չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն, երբ չգիտեր, թե ապրում է, թե ոչ․․իսկ հիմա ամեն ինչ այնքան գեղեցիկ ու հրաշալի էր թվում, իրականում՝ չլինելը այնքան էլ վատ չէր, ազատության ու թեթևության այս զգացման համար թերևս կարելի էր մահանալ մի քանի անգամ։ Անին նորից հիշեց ամեն ինչ՝ ըստ իր հերթականության։

-Անուն, ազգանուն,-հարցրեց դիմացը նստած սևով պատված արարածը, որը հավանաբար հրեշտակ պիտի լիներ։
-Անի Անանյան,-մրմնջաց աղջիկը։
-Տարիք։
-Երեսուն
-Զբաղմունք։
-Հաշվապահ
-Հըմ,-սևազգեստ հրեշտակը լռեց, զննեց իր առջև դրված ինչ որ թափանցիկ, թղթի ձև ունեցող առարկան, գլուխը շարժեց մի քանի անգամ, ոտքից գլուխ մեկ անգամ ևս չափեց աղջկան, ապա վերջապես խզեց լռությունը- ուրեմն այսպես, այս թղթերում ներկայացված է քո անցած ամբողջ կյանքը, լավ և վատ պահերով։ Ի գիտություն քեզ՝ որքան թափանցիկ է թուղթը, այնքան մաքուր ու աստվածահաճո կյանքով ես ապրել, տե´ս, այս մի սև թուղթը, սև գույնը նշանակում է, որ այդ թեկնածուն իր սև, չար գործերով հաստատ լավ բաների չի արժանանալու այստեղ։ Կարող եմ քեզ շնորհավորել, դու կարող ես ունենալ երանելի կյանք այստեղ։
-Բարեբախտաբար, կյանքի դառնությունները այն աշխարհում լրիվ բավական էին,-հեգնեց Անին,-գոնե այստեղ պետք է վայելեմ, թե չէ՞։
-Քո կյանքը քո ընտրությունն էր, ինչպես աշխարհի բոլոր մարդկանց ընտրությունը՝ իրենցն է,- պարզաբանեց սևազգեստը,- իդեպ, այստեղ ևս ունես ընտրության հնարավորություն․ դու կարող ես երանելի կյանքդ շարունակել այսկողմնային աշխարհում՝ լի այն բոլոր ուրախություններով ու ճոխություններով, որ երբևիցե երազել ես, մինչև հավերժությունների վախճանը, կամ կարող ես օգնել երկրում գտնվողներին՝ ապրել ավելի լավ կյանքով։
-Այսի՞նքն,-զարմացած հարցրեց Անին։
-Քո կատարած բոլոր լավ արարքները և վատ արարքները գրանցվել են քո կյանքի գրքում, միջին հաշվով դու արժանանալու ես «լավ» երկնային կյանքի –փորձեց բացատրել սևազգեստը,- բայց դու կարող ես քո ամեն մի արած լավ գործի դիմաց ստանալ երկրում որևէ մեկին օգնելու հնարավորություն, կամ այլ խոսքով ասած՝ մարդկանց երազանքները իրականացնելու շնորհ ստանաս։
-Լավ, կարծես թե հասկանում եմ, բայց այդ դեպքում ի՞նչ է լինելու ինձ հետ, որքա՞ն ժամանակ կարող եմ օգնել մարդկանց, հետո որ վերջանա օգնելու հնարավորությունները ի՞նչ է լինելու ինձ հետ,-հարցերի տարափ տեղաց Անին։
-Դե այստեղ վախենալու բան չկա, ոչինչ էլ չի լինելու քեզ հետ, դու քո բոլոր հնարավորությունները սպառելուց հետո վերադառնալու ես բոլոր հոգիների համար նախատեսված աշխարհը, քո նմանների մոտ, որոնց հետ և կանցկացնես հավերժությունը, ճիշտ է այդտեղի ճոխությունները չեն համեմատվի առաջին աշխարհի հետ, բայց նորից ելանելի վիճակ է։
Անին սկսեց մտածել։ Իսկ ինչու՞ ոչ, ինչու՞ չօգտվել այս հնարավորությունից ու գոնե մեկ անգամ, վերջին անգամ կապ հաստատել երկրում գտնվող իր սիրելի մարդկանց հետ, ինչու՞ չօգնել նրանց, իրականացնել նրանց երազանքները։ Վերջին անգամ, երբ ինքը դեռ առողջ էր, քույրերի ու մայրիկի հետ այնքան երազանքներ ունեին, այնքան հույսեր ու նպատակներ, որ կուզենար անպայման իրականացներ։ Անիի դեմքը պայծառացավ, ժպտաց, լույսը ողողեց նրա սիրտը, աչքերը ժպտացին, հոգին թռվռաց, գլխով համաձայնության նշան արեց հրեշտակին։ Հրեշտակը ետ ժպտաց նրան․
-Բարի գալուստ դեպի նոր կյանք, այսուհետ սկսվում է քո կյանքի նոր շրջանը, ունես մեկ ամիս ժամանակ օգտագործելու քո հարյուր փետուրները երկրի վրա գտնվող մարդկանց օգնելու համար, ամեն մի փետուրով կարող ես օգնել մեկ մարդու, չես կարող վերակենդանացնել, կարող ես բուժել, կարող ես իրականացնել ցանկացած երազանք, բայց․․․,-հրեշտակը մի պահ լռեց։
-Բայց ինչ։
-Բայց ամեն ինչ պետք է տեղի ունենա տվյալ մարդու ցանկությամբ,- շարունակեց հրեշտակը,- առանց նրա ցանկության կամ նրա պահած երազանքի չես կարող իրականացնել ոչինչ։ Երբ գա ժամանակը, փետուրը զուտ գցիր այդ մարդու կամ այդ տարածքի վրա, մնացածը կիրականանա։ Այս ամենը կարող անել մեկ ամսվա մեջ՝ մինչև Սուրբ Ծննդյան ավարտը՝ դեկտեմբերի քսանվեցը,-կնքելով թափանցիկ թղթերը ու փետուրների մի փունջ հանձնելով Անիին՝ խոսքն ավարտեց սև հրեշտակը։
-Մեկ րոպե, ես հարց ունեմ սիրելի իմ սևազգեստ,-խառնված ասաց Անին,- ես ունեմ հարյուր փետուր ու ընդամենը մեկ ամիս ժամանակ, բայց դա շատ քիչ է, ես ինչպե՞ս եմ հասցնելու գտնել ու օգնել իմ սիրելի մարդկանց, չէ որ ինչպես հասկացա ես այլևս կենդանի չեմ։
-Մոտովորապես այդպես է, բայց դու մի անհանսգտացիր, քո սրտի լույսը ցույց կտա քեզ ճանապարհը,-ձեռքը ուղղելով դեպի Աննիի սրտից ճառագող լույսն՝ ասաց հրեշտակը,-սրտիդ լույսին հարցրու և նա ցույց կտա ճանապարհը դեպի քո ուզած մարդը։
-Մեկ հարց էլ, ինչու՞մինչև դեկտեմբերի քսանվեցը, ես Առաքելական եկեղեցու քրիստոնյա եմ և մեր եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի վեցին, միթե իրական Սուրբ Ծնունդը միայն ամսի քսանհինգին է ճշմարիտ տոնելը,-երկմտելով հարցրեց Անին,-այլ քրիստոնյաները տոնում են հունվարի յոթին, դա շատ անարդար է։
-Հըըըմ, վատ չէ, վատ չէ,-շողշողաց հրեշտակը,-ինչպես կուզես, կարող ես ավելացնել ևս տաս օր, մինչև հունվարի յոթը, իրականում այդ թվերը նշանակություն չունեն, դա միայն մարդկանց համար է կարևոր, այստեղ ժամանակը ուրիշ ձև է աշխատում։

Երբ Անին մտաբերեց այս ամենը, նա սկսեց ուշադիր զննել շուրջբոլորը, ահա և եկել է պահը, ինքը ունի մեկ ամիս ժամանակ, հարյուր հնարավորւթյուն, հարյուր կատարված երազանքի հնարավորություն։ Նախ պետք է այստեղից հայտվել երկիր, հետո նոր կմտածի, թե որտեղից սկսի։
-Դե անցանք գործի։ Սիրտ ջան ցույց տուր ճանապարհը դեպի երկիր,-մատիկներով դիպչելով սրտին ասաց Անին,-ուզում եմ առաջին հերթին տեսնել ․․․․,-Անին դեռ չէր հասցրել ասել, թե ում է ուզում առաջինը տեսնել, երբ արդեն հայտնվեց երկրի վրա և նրա հայացքը գրավեց փողոցի անկյունում կուչ եկած ինչ-որ բանը։ Դեկտեմբեր ամսին իր հայրենիքում արդեն սառնամանիք էր, ամեն իչ տգեղանում էր, ծառերը տկլորանում, փողոցները կեղտոտվում, փչում էր ուժեղ քամի, սառեցնում ամեն ինչ, ինչ կպատահեր ճանապարհին։ Անին չգիտեր, թե իր երկրի որ անկյունում էր, բայց փողոցների ձևը աղոտ ինչ-որ բան էին հիշեցնում, շատ ծանոթ էին, երևի ժամանակին անցել էր այս կողմերով։ Համենայն դեպս նրա ուշադրությունը գրավել էր փողոցների խաչմերուկում աղբամանների կողքին դրված կույտը, որը մերթ ընդ մերթ շարժվում էր, սկզբում Անիին թվաց, թե տոպրակներ են, որ քամուց ծածանվում են այս ու այն կողմ, բայց երբ մի քիչ մոտեցավ, ապա դժվար չէր կուչ եկած մարդուն տոպրակից զանազանելը․ ցնցոտիների մեջ կուչ եկած գզգզված մազերով ու մորուքով ծերուկը չէր կարողանում հարմար տեղավորվել իրենից էլ ավելի քրքրված վերարկուի մեջ՝ հենց ուզում էր մերկ ձեռքերը թաքցնել վերարկուի մեջ, ոտքերն էին բացվում, իսկ երբ ոտքերն էր ուզում թաքցնել՝ ձեռքերն էին բացվում։
Անին շատ խղճաց մուրացկանին, ցանկացավ օգնել, փորձեց ուշադրությունը զննել նրան, որ հասկանա, թե ինչ ցանկություն կամ երազանք ունի, որպեսզի կարողանա իրականցնել դրանք։ Լսողությունը սրեց, բայց ոչինչ չլսեց․ մուրացկանը ոչինչ չէր ուզում, նրա միտքը հանգել էր․
-Մի՞թե դու ոչինչ չես ուզում այս կյանքից,-նեղված հարցրեց Անին,-ասա´, ցանկացի´ր, թե չէ ես չեմ կարողանա քեզ օգնել, դու այստեղ կմրսես, կմահանաս, գոնե երազիր ինչ որ բան,-արդեն սկսեց պաղատել նրան Անին, բայց իզուր՝ Անիին ոչ տեսնում էին, ոչ լսում։
Մուրացկանը չէր կարող լսել կամ տեսնել նրան, խեղճը միայն ուզում էր տաքանալ իր վերարկուի մեջ, այլևս ուժ չուներ ցանկանալու, երազելու։ Անին հուսահատվեց․ ի՞նչին էին պետք այս փետուրները, եթե չէր կարողանալու օգնել նրան։ Լացակումած Անին պատրաստվում էր լքել տարածքը, երբ հանկարծ մի մեքենա կանգ առավ նրանց կողքին, մեքենայից շտապով դուրս եկան մի քանի երիտասարդ ու մոտեցան մուրացկանին։ Անին էլ ավելի լարված սկսեց հետևել նրանց․ նրանք բարձրացրեցին սառցակալած մուրացկանին ու ուղեկցեցին դեպի իրենց մեքենան։
-Պապիկ ջան մենք քեզ կտանենք անօթևանների կացարան, այսօր շատ ցուրտ է լինելու, դու այստեղ կսառցակալես,-մեղմորեն ասաց նրանցից մեկը,-այսօր կմնաս մեզ մոտ, հետո կտեսնենք։
Անիի սիրտը տեղն ընկավ, փետուրները բանի պետք չեն, բայց այ մարդիկ կարող են օգնել, այ մարդիկ արեցին այն, ինչ նույնիսկ իր կախարդական փետուրները չկարողացան անել։ Չգիտես ինչու Անիի մոտ ցանկություն առաջացավ հետևել այս երիտասարդներին՝ տեսնելու, թե ուր են տանում մուրացկանին։ Անին էլ նրանց հետ տեղավորվեց մեքենայում․ այն արդեն իսկ լեցուն էր ևս մի քանի մուրացկաններով, բայց աղջկա ներկայությունը չէր խանգարում ոչ ոքի՝ միևնույն է նրան ոչ ոք չէր նկատում։ Մեքենան շարժվեց։ Մի քանի րոպե անց նրանք հասան ինչ-որ անծանոթ տեղ, Անին երբեք այս կողմերում չէր եղել, մի՞թե կարող էր պատկերացնել, որ իր քաղաքում կան այսպիսի մռայլ ու մութ թաղամասեր, խղճուկ տներով ու աչքի չընկնող լուսավորությամբ։ Նրանք մտան տներից մեկը, որը երկհարկանի, բայց շատ հին տեսք ունեցող մի տուն էր, իր պատշգամբով և փոքրիկ բակով։ Տան մեծ հյուրասենյակում նստած էին տարբեր տարիքի անտուն մարդիկ, ովքեր զբաղվում էին, ով ինչով ուզում էր․ ոմանք խաղում էին, ոմանք ուղղակի նստած պատերին էին նայում, ոմանք էլ ինչ որ բան էին ծամում, բայց բոլորին միավորում էր նույն հոգնած տեսքը, քրքրված ու մաշված հագուստները և նույն հայացքը՝ թափառող, ոչինչ չասող, ոչինչ չուզող, չպահանջող, համակերպված և քչով բավարարվող այդ խեղճ հայացքը։
Օթևանի աշխատակիցները մուրացկան պապիկին տարան բաղնիք, նախ լողացրին, տվեցին նոր մաքուր ու տաք հագուստ, ապա կերակրեցին, և ցույց տվեցին, թե որտեղ կարող է նստել։ Քանի որ տեղի հետ կապված խնդիրներ ունեին, հյուրասենյակը միաժամանակ և´ խոհանոց էր, և´ ննջասենյակ։
Անին հետևում էր այդ ամենին ու չգիտեր, թե ինչ մտածեր։ Ի՜նչ տխուր էր ամեն ինչ․․․հիմա թեև կենդանի չէ, բայց ի՞նչու է ավելի շատ ցավում մարդկանց համար, քան ողջ ժամանակ էր, ինչ տխուր է ինքը։
Նա ձեռքի մեջ սեղմած պահում էր ամանորյա փետուրները, պատրաստ դրանք օգտագործելու առաջին իսկ ցանկության դեպքում, բայց ի զարմանս իրեն, որքան ուզում էր օգնել, այնքան ոչ ոք չէր ցանկանում որևէ բան․․միթե այս տանը գտնվող այս աղքատ մարդիկ, որ ամեն օր պայքարում են տաք տեղի ու տաք կերակուրի համար, չեն ցանկանում որևէ բան։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ նրանք գոնե չերազեն ամենապարզ բաների մասին։ Անին հարցնում էր ինքնիրեն, նայում նրանց դեմքերին, փորձում թափանցել նրանց հոգու ու մտքի խորքերը, դուրս բերել ամենանվիրական ցանկությունները, բայց իզուր․․․նա չէր կարող այդքան հեռուն թափանցել՝ նրա առջև փակ էին մարդկային հոգու ու մտքի ամենանվիրական դռները։
Անին՝ հիասթափված ու հուսալքված, արդեն պատրաստվում էր հեռանալ, երբ տեսավ, որ աշխատակիցները մի անկյունում հավաքված մտահոգ զրուցում էին։ Բոլորն էլ երիտասարդ էին, երևի երեսուն-քառասունի մոտ աղջիկներ ու տղաներ էին նրանք։
-Մեր եղած միջոցներով չենք կարողանա երկար ժամանակ նրանց մասին հոգ տանել,-խոսեց նրանց միջից ամենաերիտասարդը,-մենք պետք է փորձենք նոր հովանավորներ գտնել, հանգանակություններ կազմակերպել, այլապես այս խեղճերը բոլորը դրսում կհայտնվեն։
-Այո´, հեշտ է ասելը, Ամանորի շեմին ո՞վ է հանգանակություն անում, մարդիկ գնումներ են կատարում, պատրաստվում տոներին, բայց ոչ մեկը չի մտածում այս խեղճերի մասին, կառավարությունն էլ հրաժարվում է օգնել՝ պատճառաբանելով, թե իրենք հազիվ հասցնում են պետական կացարանների հոգսերը հոգալ,-շարունակեց աղջիկներից մեկը։
-Երնեկ ես լինեի միլիարդատեր, աշխարհի ամենահարուստ մարկանցից մեկը,-հոգոց հանելով ասաց այն երիատասարդը, որն առաջինն էր մոտեցել մուրացկանին,-այդ ժամանակ չէի թողնի, որ մեր երկրում գոնե մեկ մարդ ցրտից կամ սովից մահանար։ Նրա խոսքերը զանգակի պես զիլ հնչեցին Անիի ականջներում: «Երնեկ միլիարդատեր լինեի» կրկնեց Անին իր մեջ, ապա գլխի ընկնելով, թե ինչ կարող է անել, վերցրեց թափանցիկ փետուրներից մեկը, գցեց այդ երիտասարդի վրա՝ ասելով․ «Ես ցանկանում եմ, որ այս երիտասարդի ցանկությունը կատարվի, նա դառնա միլիարդատեր ու օգնի ցրտից ու սովից տանջվող մարդկանց»։ Անին սպասեց մեկ վայրկյան, նրան թվում էր, թե կինոներում նկարահանվածի պես ինչ-որ յուրահատուկ բան պետք է կատարվեր, հրեշտակ պիտի իջներ, լույս պետք է վառվեր, ինչ-որ արտասովոր նշան պետք է տեղի ունենար, որից հետո նոր կկատարվեր իրենց երազանքը, բայց մեծ հաշվով տեղի չունեցավ նշվածներից որևէ մեկը․․․ փետուրը օրորվելով դանդաղ ցած ընկավ երիտասարդի ոտքերի տակ, իսկ Անին պատրաստվեց ետ վերցնել փետուրը գետնից, երբ մատներին դեռ չդիպած՝ փետուրը լուսարձակեց ու անհայտացավ․․․
-Ահա և կատարվեց,-եզրակացրեց Անին,-ուղղակի հետարքրիր է տեսնել, թե երբ կկատարվի այս երիտասարդի երազանքը, նա հենց այսօր կդառնա՞ հարուստ, թե տարիների ընթացքում․․․չէ որ ինձ չեն ասել, թե ինչ ժամանակամիջոցում է կատարվելու մարդկանց երազանքները ու ցանկությունները,-Անիիի դեմքը խոժոռվեց։ Նա իրեն զգում էր հիմարի պես․ այսքան տարի ապրում էր ու ավելի կարողունակ էր իրեն համարում, քան հիմա, երբ իբրև թե երազանքները իրականացնելու շնորհ ունի, բայց նույնիսկ տեղյակ չէ, թե երբ ու ինչպես է դա լինելու։ Անին որոշեց շարունակել իր ճանապարհը և գնալ տուն, ընտանիքի գիրկը, վերջին մի ամիսը անցկացնել նրանց հետ, նրանց կողքին, օգնել նրանց երազանքները դարձնել իրականություն հենց Ամանորի գիշերը։
-Մարդիկ ընդ ձեզ,-մաղթեց Անին կացարանի բնակիչներին, փոխարենն ասելու՝ «Աստված ձեզ հետ»՝ մարդկանց աշխարհում միգուցե մարդիկ են Աստված մարդկանց համար։
Անին քայլում էր անծանոթ փողոցներով, որոնք ամանորյա զարդարանքերի շնորհիվ փայլփլում էին լույսերի ու նախշերի ծանրության տակ։ Ամեն անկյունում լույս էր դրված ու տոնածառ, իսկ լուսավոր ու պայծառ աստղը շողում էր գագաթին։ Որոշ վայրերում էլ ամանորյա միջոցառումներ էին՝ երեխաներ էին հավաքվել խաղում էին ձյունանուշիկի ու ձմեռ պապիկի ուղեկցությամբ։ Ամենաերջանիկը թվում էր, թե երեխաներն էին, մեծերը մտահոգ էին։ Նրանք թեև ուղեկցում էին երեխաներին, սակայն մտքերով թափառում էին հեռու հեռուները, ամանորյա սեղանների ու հոգսերի, աշխատանքի ու ամանորյա ծախսերի բեռերի տակ նրանց մտքերը կծկվել էին, դեմքի ակոսները լցվել առօրյա հոգսերի մասին հիշեցնող մանր -մունր կնճիռներով․ ամանորին նրանք պատրաստվում էին ավելի շատ մտահոգվել, քան տոնել, նրանք մարդկանց այն հատվածին էին պատկանում, ովքեր ավելի շատ հոգսեր ունեին, քան տոնելու առիթ․ չէ որ ունևոր մարդիկ այդ ամենի մասին մտածելու կարիք չունեին, պետք էր միայն որոշակի գումար հատկացնել և նշել ամանորը գեղեցիկ ռեստորաններում՝ հիանալի համերգային շուոներով և համեղ ուտեստներով։
Անիին այնքան խորթ էր թվում այս ամենը, կարծես թե ինքը այս ամենի մի մասնիկը չի եղել հենց երեկ։ Չնայած արդեն երեսուն տարի ապրել է այս նույն միջավայրում, սակայն այս ամենը ավելի ուրիշ, ավելի վատ էր երևում հիմա։ Ինչին էր պետք իրեն այս ամենը, մահացավ մահացավ, թող մնար մահացած, ի՞նչ իմաստ ուներ կրկին վերապրել այս ամենը, զղջալ այն ամենի համար ինչ չէր արել, վատ էր արել, կամ կուզենար անել։ Ի՞նչ իմաստ ուներ կրկին անգամ իրեն հիասթափված, մերժված ու անկարող զգալու զգացումը ապրել, մի՞թե դա պատիժ էր իր մեղքերի համար։ Միգուցե․ չէ՞ որ հրեշտակը չէր ասել, թե իր կատարած մեղքերի համար ինչ պատիժ էր իրեն հասնում։
-Հենց դա է որ կա, խղճահարության այս վառ զգացումը, որ չի անհետանում սրտիցս հաստատ հենց իմ պատիժն է, ում տեսնում եմ՝ խղճում եմ ու ուզում եմ օգնել, չի կարող այսպիսի բան լինել,-մտածում էր Անին, եզրահանգումներ անում, փորձում հասկանալ անհասկանալին։ —Այս ամանորին կկատարեմ միայն իմ ընտանիքի անդամների երազանքները, ապա կվերադառնամ երկնային աշխարհ ու կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Աշխարհի մարդկանց համար երկնային ամբողջ փետուրներն էլ բավական չեն լինի։
Այդ պահին Անին անցնում էր մանկական հիվանդանոցի կողքով։ Թեև ցուրտ էր դրսում, սակայն մի խումբ երեխաներ հավաքվել էին հիվանդանոցի բակի տոնածառի առջև և դիտում էին ներկայացումը։ Ձմեռ պապիկն ու ձյունանուշիկը հյուր էին եկել երեխաներին, նրանց համար նվերներ էին բերել; Անին տեսավ երեխաների աչքերի մեջ հավատ դեպի երջանիկ կյանք, դեպի երազների աշխարհ․ ահա և այն մարդիկ, ովքեր հավատում էին հրաշքներին։ Ձմեռ պապիկը մոտենում էր երեխաներից յուրաքանչյուրին, տալիս գեղեցիկ փաթեթավորված նվեր ու հարցնում, թե ինչ երազանքներ ունեն։ Մեկն ասում էր, որ ուզում է առողջանալ ու Ամանորը անցկացնել իր տանը, ընտանիքի հետ, մյուս երեխան ասում էր, որ ուզում է այն մյուս երեխայի պես երկար գեղեցիկ մազեր ունենալ, մեկ այլ փոքրիկ ցանկացավ Ձմեռ պապ դառնալ, որ կարողանա կատարել բոլոր հիվանդ մարդկանց երազանքները։ Նրանք խոսում էին, իսկ Անին չէր հասցնում հանել փետուրները, ամեն մի երազանքի հետ նա նետում էր փետուրը, երազելով այն ինչ երեխաներն էին երազում իրենց համար՝ առողջություն, խաղալիք, բարություն, լիքը լավ բաներ, գեղեցկություն, բարի գործեր․․․ Անիի ձեռքից նետվող փետուրները հերթով դիպչում էին երեխաների ձեռքերին, դալուկ դեմքերին, մատների ծայրերին, ապա ձյան պես հալչելով վայրկյանական անհետանում՝ իրենց հետ տանելով Անիի ու երեխաների ամանորյա երազանքները՝ դեպի վեր, այնտեղ որտեղ իսկապես կարող են իրականացնել երազանքները։
Անին ժպտում էր, իսկ սիրտը լույս էր ճառագում, լույս որ տեսանելի չէր մարդկային աշխարհում, բայց լուսավոր կամարի պես պատել էր շուրջբոլորը։ Ահա իր ժամը հասել էր, կարող էր վերջապես կյանքի ապրած տարիների կուտակած բարի գործերի պտուղները օգտագործել ավելի իմաստալից, ավելի հասուն կերպով։ Ահա գտել էր այն մարդկանց, ովեր դեռ չեն դադարել հավատալ ամանորյա երազանքներին ու հրաշքներին, ահա եկել էր պահը, երբ ինքը պատրաստվում է իրականացնել աշխարհի ամենաերազկոտ երեխաների ամենանվիրական երազանքները։
Եկել էր ժամանակը, երբ կատարվում էին ամանորյա հրաշքները, երբ ամանորին հրաշքները այլևս անիրականալի չէին, այլ իր պես հազարավոր հոգիների արած բարի գործերի շնորհիվ երկրորդ հնարավորություն էին տալիս դեռ ապրող ու երազող մարդկանց։ Անիի հոգը չէր, որ փետուրները գլորվում էին մեկը մյուսի հետևից ու լույսի մի հատիկ շող դառնալով անհետանում։ Նրա հոգը չէր, որ ամանի մեջ արդեն մնացել էին մի քանի փետուր ընդամենը, բայց ինքը դեռ չես հասցրել հասնել իր ընտանիքին, չէ՞ որ նրանք էլ դեռ երազանքներ ունեն, չէ՞ որ ինքը եկել էր աշխարհ հենց նրանց օգնելու համար։ Երբ վերջին երեխան վերջացրեց իր ամանորյա երազանքը՝ Անին ուշքի եկավ՝ ամանի մեջ մնացել էր ընդամնեը մեկ փետուր, մեկ փետուր՝ մեկ երազանք, հարյուր փետուրից մնացել էր միայն մեկը՝ իր հարազատների համար։ Պետք է այն պահել ու շտապել տուն։ Անին հայացքով հրաժեշտ տվեց երեխաներին, որոնք ամանորյա նվերներից ուրախացած թռվռում էին այս ու այն կողմ, ու գնաց դեպի իր տուն տանող ճանապարհով։
-Այլևս ոչ մի շեղում տան ճանապարհից,-իրեն սաստեց աղջիկը։ Նա քայլում էր արագ, հայացքը դեպի ներքև, առանց ուշադրություն դարձնելու, թե ինչ է կատարվում շուրջբոլորը, նա գիտեր, որ եթե հանկարծ կրկին շեղվեր ճանապարհից, ապա կկորցներ իր ընտանիքին օգնելու վերջին հնարավորությունը, ինչ գնով էր լիներ, պետք է այդ մի երազանքը պահել իր մայրիկի համար։ Մնացել էր ընդամնեը մի քանի րոպե, որ Անին հասներ իրենց տուն տանող փողոցին։ Այս ճանապարհը նա արդեն կարող էր փակ աչքերով անցնել, իր մանկությունը և հասունությունը անցել էր այստեղ, այստեղ ծնվել և այստեղ «մահացել էր»։ Եվս մեկ խաչմերուկ անցնելու դեպքում արդեն կերևար իրենց առանձնատունը։ Անիի սիրտը սկսեց ուժգին բաբախել, մտածում էր, թե ինչ երազանքներ կամ ցանկություններ կունենան իր ընտանիքի անդամները։ Անին պատրաստվեց անցնել փողոցը, նկատեց, որ փողոցի հենց մեջտեղում մի խումբ մարդիկ են հավաքվել, անցավ նրանց կողքով ու տեսավ, որ վթար էր տեղի ունեցել, արյունոտ ձեռքերից կարող էր նկատել, որ դրանք երեխայի ձեռքեր են, մայրը գրկել էր երեխայի մարմինը ու ողբում էր՝ միաժամանակ խնդրելով Աստծուն փրկել իր երեխային։ Անիի ոտքերը գամվեցին տեղում, մատներով ինքնաբերաբար սեղմեց գրպանի մեջ մնացած վերջին փետուրը ու տատանվեց՝ արդյոք օգտագործի այս վերջին հնարավորությունը օգնելու այս անծանոթ կնոջը փրկել նրա երեխային, թե պահել իր ընտանիքի համար, հաստատ իր ծնողներն էլ օգնության կարիք կունենան։ Իսկ եթե չունե՞ն․ վերջին անգամ երբ ինքը անկողնում էր, միակ մարդը, որ օգնության կարիք ուներ դա ինքն էր, բայց նույնիսկ բժիշկները չկարողացան օգնել։ Անին իվերջո վճռեց․ հանեց փետուրը գրպանից ու նետեց ընկած երեխայի վրա՝ ասելով «թող մայրը երջանիկ ապրի իր երեխայի հետ»։ Ահա և վերջ, փետուրները վերջացան, երազանքները բոլորն անպայման կկատարվեն, իրեն տրված ժամանակն էլ ավարտվեց։ Ահա և երևաց իրենց տունը, բայց, ավա՜ղ, արդեն ուշ էր՝ էլ փետուր չկար և արդեն ետ վերադառնալու ժամանակն էր։
Անին նայում էր այն տանը, որտեղ դեռ երեկ պառկած էր, ու չէր հավատում, որ այդ օրվանից ընդամենը անցել էր մեկ օր, բայց այսքան ապրումներ էր հասցրել ունենալ։ Նույնիսկ մինչև հիմա չէր հասկացել՝ այս ամենը իրականում տեղի էր ունենում, թե ինքը քնած էր մահճակալին՝ հիվանդության ցավից ընդարմացած։ Բայց, ցավոք, ի մի բերելով գլխով անցածը՝ եզրակացնում էր, որ այս ամենը իրական էր, ինքը այլևս ողջ չէր, ծախսել էր իր օգտակար գործերը, ու հիմա պահը եկել էր ետ վերադառնալու այն աշխարհը։ Անին նայում էր տան տանիքից կախված լույսի ուղեգծին ու պատկերացնում, որ այդ լույսի հետ նաև պետք է անհետանար ինքը։ Ինքը այլևս չի տեսնելու այս աշխարհը, այս մարդկանց ու իր ընտանիքին, արդյո՞ք իմաստ ունի շարունակել ապրել այլ վայրում, երբ լինելու էր մեն մենակ իր պես հազարվոր անծանոթ հոգիների հետ, պե՞տք էր արդյոք դա իրեն ։
Լույսը, որ պարուրել էր տան տանիքը սկսեց մարել, ապա և ընդհանրապես անհետացավ։ Լույսի շողի մարելուն պես՝ Անին տեսավ անթափանց փետուրը դանդաղ օրորվելով իջավ իրենց տան վրա, փափուկ դիպավ գետնին ու անհետացավ ինչպես լույսի շողը։ Անին հայացքով փորձեց փնտրել փետուրի տիրոջը, նայեց չորս կողմը, վերև ներքև, աջ ու ձախ, բայց միակ բանը որ նկատեց հորիզոնի ծայրում սև մի կերպարանք էր, որը ևս կլանվեց հորիզոնի անհունության մեջ։
-Շնորհակալ եմ,-նրա հետևից գոչեց Անին, ուրեմն իր պես անծանոթ մեկը ընտրել էր այս ճանապարհը ու իր փետուրներից մեկը նվիրաբերեց իր ընտանիքի համար, ուրեմն զուր չէր իր ապրած կյանքը, իր ապրած բարի կյանքը։ Անին երջանիկ էր այն գիտակցումից, որ մարդիկ պատրաստ են օգնել անծանոթ մարդկանց։ Նա ուրախ էր տեսնել, որ իր նման ինչ որ մեկը զոհաբերեց իր «փետուրներից», ավելի ճիշտ՝ իր կյանքում կատարած բարի գործերից մեկը՝ անծանոթ ընտանիքին կրկին անգամ օգնելու համար։ Երբ ուրախության ու երախտապարտության առաջին վայրկյաններն անցան՝ տագնապի ու վախի զգացումը պատեց Անիին․ ի՞նչու այդ փետուրը նվիրաբերվեց, ի՞նչ էր պատահել իր ընտանիքին, մի՞թե ինչ-որ դժբախտություն էր եղել, ինչ որ վատ բան, որը հաղթահարելու համար էլ տրվել էր այդ հնարավորությունը։ Պետք է անպայման պարզել․ Անին առաջ ընթացավ, ահա մի քանի քայլ ևս ու ձեռքը մեկնում է դռանը, բռնեց բռնակից, սեղմեց այն, ահա կբացվի դուռը, Անին մի քայլ առաջ արեց, լայն բացեց դուռը ու անբնական սպիտակ լույսը ամբողջովին ողողեց նրան ․․․

Հիվանդի մոտ քնած մայրը աչքերը բացեց, նա վախեցած նայեց աղջկան՝ կարծես վախենալով, որ այդ մի քանի րոպեի ընթացքում, որ աչքերը չդիմանալով օրվա ծանրությանը փակվել էին մի փոքր հանգստանալու համար, հնարավոր է կատարված լիներ անդառնալին, բայց նա հանսգտացավ, երբ լսեց աղջկա ծանր, սակայն կանոնավոր շնչառությոնը։ Մայրը բռնեց նրա ձեռքը, զգաց դրանց տաքությունը։ Թեև բժիշկների խոսքով նրանք այլևս ոչինչ չէին կարող անել, մահը մոտ էր, սակայն մայրը դեռ հավատում էր, որ ամեն ինչ հենց այսպես չի վերջանալու, որ իր փխրուն, կյանքում երբեք ոչ մեկի վնաս չպատճառած իր խեղճ աղջիկը այսպես չէր լքելու աշխարհը։ Այն, որ մայրն ամեն օր աղոթում էր աղջկա առողջացման համար, երազում ու երազանք պահում, որ հրաշք կատարվի ու աղջիկը առողջանա՝ դա գիտեր միայն նա ինքը, և մեկ էլ երկնքում։ Տոներն էին մոտենում, ամբողջ աշխարհը պատրաստվում էր դիմավորելու ամանորը, տոնելու Սուրբ Ծնունդը, մաղթելու ու երազանքներ պահելու, նվիրելու ու նվիրվելու, իսկ իր երազանքը միայն մեկն էր ու միշտ էլ մեկն էր եղել՝ իր երեխաների առողջությունը ու երջանկությունը․․․ ու երբ երեկ գիշերը նա աչքերը փակեց՝ մտքում ու սրտում ուզում էր միայն մեկ բան՝ Անին առողջանար։
Ահա և Անին շարժեց ձեռքը, դանդաղ բացեց աչքերը, նրա առջև հայտնվեց մոր տխուր ու մտահոգ, բայց դրանով հանդերձ միշտ լուսավոր ու հոգատար դեմքը։ Անին ժպտաց ․
-Շնորհակալ եմ մայրիկ,-մրմնջաց աղջիկը։ Ինչքան ուժ ուներ փորձեց մոր ձեռքերը մոտեցնել շրթունքներին ու համբուրել, արցունքների մի քանի խոշոր կաթիլներ գլորվեցին Անիի աչքերից․ նա շնորհակալ էր ոչ միայն նրա անսահման սիրո համար, այլև նրա՝ դեռ հավատալու ու հրաշքի սպասելու համար։
-Մամ, գիտես Ամանորին հրաշքներ լինում են,-ավելացրեց Անին, մայր ու աղջիկ գրկախառնվեցին՝ այլևս չարտաբերելով ոչ մի բառ, որպեսզի վայելեն հանգստության ու թեթևության այս պահը, շնորհակալության գիտակցումով դեպի երկինք, դեպի Աստված ու դեպի մարդկությունը։
Նրանց սրտերը շողում էին տոնածառի ամենապայծառ աստղերից էլ վառ։

Ու ամեն անգամ, երբ տեսնեք, որ ամանորին տան լույսերը վառվում են էլ ավելի վառ, քան երկնքի աստղերը, մարդկանց դեմքերը ժպտում են արեգակից էլ պայծառ լույսով, ուրեմն այդ ժամանակ ինչ որ տեղ, ինչ որ մեկի բարությամբ նվիրվել է այդ տանը մի հրաշք, մի երազանք, մի նոր ապագա։ Իսկ օրորվող ձյունաթույր փետուրները ձյան տեղ դրվելով կհալվեն մարդկանց ձեռքերում՝ իրենց հետ տանելով ամենասպասված ու թրթռացող երազանքները։
Երազող մարդիկ միշտ էլ կգտնվեն, հավատացող մարդիկ էլ կշարունակեն հավատալ, իսկ բարի մարդիկ բարություն կանեն, որպեսզի ամանորին հրաշքները կատարվեն։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *