Հարուկի Մուրակամի | Անձրևից ապաստան

Վերջերս մի վեպ եմ կարդացել, որտեղ գրված էր, թե իբր կարգին տղամարդ լինելու պայմաններից մեկը սեքսի համար փող չվճարելն է: Այսպիսի բաներ կարդալիս միշտ մտածում եմ, – «Եղավ, եղավ»:
«Եղավ, եղավ»,- ասելը դեռ չի նշանակում, որ ես այդ տեսությունը ճիշտ եմ համարում: Ընդամենը ընդունում եմ, որ, հա, այսպես էլ կարելի է մտածել: Համենայն դեպս քիչ թե շատ պատկերացնում եմ, որ կան տղամարդիկ, որոնք այդ համոզմունքով են ապրում:
Եթե անձամբ իմ մասին ասեմ, ես կնոջ հետ փողով չեմ քնում։ Մինչև այժմ չեմ արել և հետագայում էլ դժվար թե անեմ: Բայց դա ոչ թե համոզմունքների խնդիր է, այլ նախասիրությունների: Այդ պատճառով չեմ կարող վստահ ասել, թե կանանց հետ փողով քնող մարդիկ կարգին տղամարդ չեն: Հանգամանքների բերումով այդպես էլ է պատահում:
Հետո այսպիսի բան էլ կարելի է ասել: Մենք բոլորս քիչ թե շատ փողով կին ենք գնում:
Նախկինում, երբ երիտասարդ էի, բնականաբար այսպես չէի մտածում: Ես պարզապես կարծում էի, որ սեքս կոչեցյալը ձրի է լինում: Այսինքն մտածում էի, որ եթե իրար համակրող երկու անձ (դա գուցե այլ կերպ էլ կարելի է կոչել) հանդիպում են, ապա լրիվ բնական ձևով, ինքնաբոցավառման նման սեքս է առաջանում: Երիտասարդ ժամանակ այդպես էլ ստացվում էր: Հետո, եթե ուզենայի էլ վճարել, միևնույն է փող չունեի: Ոչ ես ունեի, ոչ դիմացինս: Գիշերները մնում էի մի անծանոթ աղջկա բնակարանում, առավոտյան իրար հետ լուծվող սուրճ ֆռթացնելով սառած բուլկի էինք ուտում, և կյանքը շատ էլ ուրախ էր:
Բայց երբ մեծանում, հասունանում ենք, սկսում ենք կյանքին այլ կերպ նայել: Այսինքն մեր գոյությունը կամ կեցությունը ոչ թե տարբեր մասնիկների հավաքածու, այլ միանգամայն անբաժանելի ամբողջություն է դառնում: Այսինքն, երբ մենք աշխատում ենք, փող ենք վաստակում, սիրած գրքերն ենք կարդում, ընտրություններում քվեարկում ենք, գնում ենք գիշերային խաղեր նայելու, կնոջ հետ ենք քնում, այդ գործողությունները ոչ թե առանձին-առանձին բաներ են, այլ ընդամենը նույն բանի տարբեր անվանումները: Դրա համար լրիվ հնարավոր է, որ սեռական կյանքի տնտեսական կողմը լինի տնտեսական կյանքի սեռական կողմը:
Համենայն դեպս, ես հիմա այդպես եմ մտածում: Դրա համար իմ կարդացած այն վեպի հերոսի նման չեմ կարող պարզապես պնդել, որ կնոջ հետ քնելու համար փող վճարելը կարգին մարդու անելու բան չէ: Միայն կարող եմ ասել, որ այդպիսի ընտրություն էլ է հնարավոր: Ինչպես արդեն ասացի, մենք իրականում այնքան ենք առօրյայի մեջ գնում, վաճառում, փոխանակում, որ ի վերջո չենք հասկանում՝ ինչ գնեցինք, ինչ վաճառեցինք: Չի ստացվում լավ բացատրել, բայց, ի վերջո, կարծում եմ այդպես է:
Աղջիկը, ում հետ այդ ժամանակ խմում էի, ասաց, որ մի քանի տարի առաջ փողով մի քանի անծանոթ տղամարդկանց հետ է քնել:
Ես մի նոր բար-ռեստորանում էի, որը գտնվում էր Օմոտեսանդոյի՝ Շիբույային հարակից հատվածում: Նրանք երեք տեսակ կանադական վիսկի ունեին, ֆրանսիական թեթև ուտեստներ, մարմարի վաճառասեղանի վրա բանջարեղեն էր դրված, բարձրախոսից հնչում էր Դորիս Դեյի «It’s magic»-ը, և այստեղ երևի դիզայներների կամ նկարազարդողների տիպի մարդիկ էին հավաքվում, որոնք խոսում էին զգացողությունների հեղափոխության մասին: Այսպիսի ռեստորաններ բոլոր ժամանակներում անպայման լինում են: Հարյուր տարի առաջ էլ կային, հարյուր տարի հետո էլ երևի կլինեն:
Ես այդ ռեստորան մտել էի այն պարզ պատճառով, որ դրա կողքով քայլելիս հանկարծ սկսեց անձրևել: Շիբույայում աշխատանքային հանդիպումից հետո ես զբոսնելով գնում էի Փայդ Փայփեր՝ ձայնապնակ նայելու, երբ սկսեց անձրևել: Դեռ վաղ երեկո էր ու ներսում համարյա ոչ ոք չկար, փողոց նայող պատը ապակուց էր և կարելի էր տեսնել՝ անձրևը դեռ գալիս է, թե ոչ։ Մտածեցի գարեջուր խմելով սպասեմ անձրևի դադարելուն: Պայուսակիս մեջ նոր գնած մի քանի գիրք կար, այնպես որ չէի անհանգստանում, թե ժամանակն ինչպես եմ սպանելու:
Մենյուն բերեցին, նայեցի գարեջրի ցանկը. միայն ներմուծված գարեջուր քսան տեսակ կար։ Ես մի պատահական գարեջուր ընտրեցի, դրա հետ էլ, փոքր-ինչ մտածելուց հետո, մի աման պիստակ վերցրեցի:
Ամառվա վերջ էր և քաղաքում ամառվա վերջին համապատասխան մթնոլորտ էր տիրում: Աղջիկները բոլորը լավ արևահարված էին և այնպիսի դեմք ունեին, ասես ասեին,- «Մենք էլ այդքան բանը գիտենք»: Մեծ կաթիլներով անձրևը ասֆալտը մեկ վայրկյանում սև ներկեց և զովացրեց ամառային տապը:
Ես Սոլ Բելլոուի նոր վեպն էի կարդում, երբ այդ աղմկոտ խումբը անձրևանոցները փակելով ներս թռավ: Սոլ Բելլոուի այդ վեպը, ինչպես որ նրա վեպերի մեծ մասը, այնքան էլ համապասասխան չէր անձրևից պատսպարվելիս ժամանակ սպանելուն։ Եվ այդ առիթով գիրքը փակեցի և պիստակի կճեպները մաքրելով՝ սկսեցի այդ խմբին հետևել:
Խմբում յոթ հոգի էր՝ չորս տղամարդ և երեք կին: Տարիքը մոտավորապես 21-29 տարեկան։ Գուցե սխալ կլինի ասել, թե բոլորը մոդայի վերջին ճիչով էին հագնված, բայց նորաձև էին: Մարդկանց այն խմբին էին պատկանում, որ փարթամ մազեր ունեն, ճմրթված վիսկոզա կտորից կարված Ալոհա շապիկներ, ազդրերի մասում լայնացող տաբատներ են հագնում և սև շրջանակներով կլոր ակնոցներ կրում:
Նրանք մտան ռեստորան և նստեցին մեջտեղում գտնվող օվալաձև մեծ սեղանի շուրջ: Թվաց, թե հաճախ են այստեղ գալիս, և, ինչպես ակնկալում էի, նրանց վիսկի և սառույցի դույլ բերեցին՝ առանց որևէ նախնական հրահանգի: Մատուցողը բոլորին մենյու բաժանեց: Չգիտեի, թե նրանք ինչ տեսակի մարդիկ են, բայց մոտավորապես պատկերացնում էի, թե հիմա ինչ են անելու: Երևի կամ նոր ծրագիր են քննարկելու, կամ էլ արդեն արած աշխատանքի արդյունքներն են ամփոփելու: Որն էլ որ լինի, վերջում հարբելու են, սկսելու են անընդհատ նույն բաներն ասել, իրար ձեռք են սեղմելու ու գնան տներով: Աղջիկներից մեկը երևի լավ կհարբի, տղաներից մեկն էլ նրան տաքսի կնստեցնի, տուն կտանի, ու եթե բախտը բերի, ձեռքի հետ էլ նրա հետ անկողին կմտնի: Հարյուր տարի առաջվա դասական պատմություն:
Ես ձանձրացա խմբին հետևելուց և պատուհանից դուրս նայեցի: Անձրևը դեռ շարունակվում էր: Երկինքն այնպես մռայլ էր, կարծես կափարիչով փակած լինեին ու երևում էր, որ անձրևն ավելի երկար է տևելու, քան ես էի ակնկալում: Ճանապարհի երկու մասերում հավաքված անձրևի ջուրն արագ հոսում էր: Ռեստորանի դիմաց նախուտեստների հին խանութ կար, որտեղ ապակե տուփի մեջ եփած լոբի, չորացրած բողկ և ուրիշ այդ տիպի կերակուրներ էին դրված: Մի մեծ, սպիտակ կատու բեռնատարի տակ անձրևից էր պատսպարվում:
Որոշ ժամանակ այդ տեսարանին նայելուց հետո նորից հայացքս թեքեցի դեպի ռեստորան և երբ մտածում էի պիստակ ուտելով գրքի շարունակությունը կարդալու մասին՝ մի աղջիկ մոտեցավ իմ սեղանին և անունս տվեց: Այն յոթ հոգանոց խմբի անդամներից մեկն էր:
– Ճիշտ եմ հիշում, չէ՞,- ասաց նա:
– Այո,- զարմացած պատասխանեցի ես:
– Ինձ հիշո՞ւմ եք,- հարցրեց նա:
Ես նայեցի նրա դեմքին: Ծանոթ դեմք էր, բայց չճանաչեցի: Այդպես էլ նրան ասացի: Նա իմ դիմացի աթոռը քաշեց և նստեց վրան:
– Պարոն Մուրակամի, ես ձեզ հետ մի անգամ հարցազրույց եմ անցկացրել,- ասաց նա:
Իսկապես այդպես էր: Երբ ես առաջին վեպս էի հրատարակել՝ մոտ հինգ տարի առաջ, նա մի մեծ հրատարակչության կանանց համար նախատեսված ամսագրի խմբագիր էր, գրախոսություններ էր գրում և այդտեղ էլ իմ հարցազրույցը տպեց: Կարծես դա իմ առաջին հարցազրույցն էր որպես արձակագրի: Նա այն ժամանակ երկար մազեր ուներ, ճոխ զգեստ էր հագել: Կարծես ինձանից չորս թե հինգ տարի փոքր էր:
– Շատ եք փոխվել, չճանաչեցի,- ասացի ես:
– Փոխվել եմ, չէ՞,- ծիծաղելով պատասխանեց նա:
Նա մազերը նորաոճ կտրել էր, ասես հեծանիվի ծածկոցից սարքած խակի գույնի շապիկ էր հագել, ականջներից կինետիկ քանդակի տեսք ունեցող մետաղի երկու կտոր էր կախել: Գեղեցկուհի էր, ընդգծված դիմագծեր ուներ, և այս ոճը նրան բավականին սազում էր:
Ես մատուցողին կանչեցի և սառույցով կրկնակի վիսկի պատվիրեցի: Մատուցողը հարցրեց, թե ինչ վիսկի կցանկանամ: Հարցրեցի՝ Չիվաս Ռիգալ ունեն, թե չէ: Ունեին: Հետո նրան հարցրեցի, թե ինչ կխմի: Նա ասաց, որ նույնը: Ես երկու բաժին սառույցով կրկնակի Չիվաս պատվիրեցի:
– Ոչի՞նչ, որ այնտեղ չես,- հարցրեցի ես՝ կենտրոնում գտնվող սեղանին նայելով:
– Ոչինչ,- արագ ասաց նա:- Սովորական աշխատանքային խնջույք է, իսկ աշխատանքի մասին արդեն խոսել-վերջացրել ենք:
Վիսկին բերեցին, մենք մի կում խմեցինք: Սովորական Չիվասի բույր էր գալիս:
-Պարոն Մուրակամի, գիտեի՞ք, որ այն ամսագիրն այլևս չկա,- ասաց նա:
Ինչ-որ տեղ դրա մասին լսել էի: Որպես ամսագիր վատ համբավ չուներ, բայց վատ էր վաճառվում, դրա համար երկու տարի առաջ հրատարակչությունը այն փակեց:
– Այդ առիթով որոշեցին իմ աշխատանքը փոխել, տանել ադմինիստրացիա: Ասացի, որ դա անհնար է, հակառակվեցի, բայց այդպես էլ հրատարակչության դեմ ոչինչ չկարողացա անել։ Զզվեցի, թողեցի դուրս եկա աշխատանքից,- ասաց նա:
– Ափսոս, լավ ամսագիր էր,- պատասխանեցի ես:

Նա աշխատանքից դուրս էր եկել երկու տարի առաջ՝ գարնանը, և մոտավորապես նույն ժամանակ էլ բաժանվել էր երեք տարի ընկերություն արած մարդուց: Եթե բացատրեմ, երկար կստացվի, բայց այս երկու իրադարձությունները սերտ փոխկապակցված էին: Կարճ ասած, նրանք նույն ամսագրի խմբագիրներ էին: Տղամարդը նրանից տաս տարի մեծ էր, ամուսնացած, երկու երեխա ուներ: Տղամարդը հենց սկզբից կնոջից բաժանվելու և նրա հետ լինելու մտադրություն չուներ ու նրան էլ դրա մասին հստակ ասել էր: Նա էլ առանձնապես դրան դեմ չէր:
Տղամարդու տունը Տանաշիում էր։ Նա Սենդագայայի մոտ մի ակումբային հյուրանոցի սենյակ էր վարձում և երբ աշխատանքով շատ զբաղված էր լինում, շաբաթը երկու-երեք օր այնտեղ էր մնում: Աղջիկն էլ էր շաբաթը մեկ այնտեղ գիշերում: Նրանք երբեք անխոհեմ քայլերի չէին դիմում: Տղամարդն այդպիսի բաներին սովոր էր ու շատ զգույշ էր գործում, աղջկան էլ էր այդպես հարմար: Այդպես նրանց հարաբերությունները, առանց որևէ մեկի կողմից նկատվելու, երեք տարի տևեցին: Խմբագրությունում նույնիսկ կարծում էին, թե նրանք իրար այդքան էլ չեն սիրում:
– Վերջն է, չէ՞,- ասաց նա:
– Հա,- պատասխանեցի ես, չնայած այդպիսի պատմություններ հաճախ են լինում:
Երբ որոշեցին, որ ամսագիրը փակելու են և հայտարարեցին կադրերի տեղափոխության մասին, տղամարդուն ընտրեցին որպես կանանց մի ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ: Իսկ աղջիկը, ինչպես արդեն ասացի, պետք է տեղափոխվեր ադմինիստրացիա: Քանի որ նա որպես խմբագիր էր ընդունվել աշխատանքի, բողոքեց, պահանջեց, որ իրեն խմբագրի աշխատանք տան, բայց նրան մերժեցին՝ թե խմբագրի հաստիք չունենք: Դրա փոխարեն, ասացին, մի-երկու տարի հետո կրկին խմբագրի աշխատանք կտանք: Բայց նա կասկածում էր, որ ամեն ինչ այդպես հարթ կընթանա: Մեկ անգամ խմբագրությունից դուրս մնացած աշխատակիցը այլևս երբեք այնտեղ չի վերադառնում, վաճառքների կամ ադմինիստրացիայի բաժնում փաստաթղթերի մեջ փտում է: Նա քանի՜ այդպիսի օրինակ էր տեսել: Մի տարին դառնում է երկու տարի, երկու տարին՝ երեք, երեք՝ չորս ու այդպես կորցնում ես առաջին գծում աշխատող խմբագրի հոտառությունը: Նա չէր ուզում այդպիսին դառնալ:
Նա սիրեկանին խնդրեց, որ իրեն տանի իր խմբագրություն: Տղամարդն ասաց, որ կփորձի, բայց դժվար թե ստացվի: Նա առայժմ այդքան ազդեցություն չուներ, հետո էլ չէր ուզում, որ կասկածեին: Ասաց, մի-երկու տարի ադմինիստրացիայում դիմացիր, հետո էլի խմբագրություն կբերեմ: Դա ամենալավ տարբերակն է, այդպես արա:
«Սուտ»,- մտածեց նա: Տղամարդն իրականում վախենում է: Նա ուրիշ ճոճանակ է նստել ու հիմա նրա ուղեղը միայն դրանով է զբաղված, իսկ իսկ աղջկա համար մատն էլ չի պատրաստվում շարժել: Տղամարդու խոսքերը լսելիս նրա ձեռքերը սեղանի տակ դողում էին: Այնպիսի տպավորություն էր, ասես բոլորն իրեն տրորում են: Նա ուզեց բաժակով սուրճը շփել տղամարդու դեմքին, բայց հետո մտածեց, որ հիմար արարք է ու չարեց:
– Հա, միգուցե այդպես է ճիշտ,- ասաց նա ու լայն ժպտաց: Հաջորդ օրը դիմում գրեց ու աշխատանքից դուրս եկավ:

– Չե՞ք ձանձրանում այս խոսակցությունից,- հարցրեց նա, մի կում վիսկի խմեց ու մանիկյուր քսած գեղեցիկ եղունգներով պիստակի կեղևը մաքրեց: Այնպիսի տպավորություն էր, կարծես նրա կոտրած պիստակներից ավելի լավ ձայն էր գալիս, քան իմ կոտրածներից:
– Չեմ ձանձրանում,- ասացի ես՝ նրա եղունգներին նայելով: Նա երկու մասի բաժանած կեղևը գցեց մոխրամանի մեջ և մաքրած պիստակը դրեց բերանը:
– Տեսնես ինչի՞ց այս խոսակցությունը սկսվեց,- ասաց նա,- Բայց երբ ձեզ տեսա, մի տեսակ կարոտ զգացի:
– Կարո՞տ,- փոքր-ինչ զարմացած պատասխանեցի ես:
Ես մինչ այս նրան ընդամենը երկու անգամ էի տեսել ու առանձնապես մտերմիկ խոսակցություն նրա հետ չէի ունեցել:
-Այնպիսի զգացողություն է, ասես հին ծանոթի եմ հանդիպել: Այսինքն այնպիսի մարդու, որ հիմա ուրիշ աշխարհում է ապրում, բայց նախկինում մտերիմ է եղել… Չնայած իրար հետ առանձնապես չենք շփվել: Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ուզում ասել:
Պատասխանեցի, որ կարծես թե հասկանում եմ: Այսինքն ես նրա համար սիմվոլիկ, կամ եթե դրական արտահայտվենք՝ տոնական, արարողական մի էակ էի: Ես նրա առօրյա աշխարհին չէի պատկանում: Այդ միտքը մի տեսակ տարօրինակ զգացումներ առաջացրեց:
«Հետաքրքիր է, ես ո՞ր առօրեական աշխարհին եմ պատկանում»,- մտածեցի ես:
Դա դժվար հարց էր, հետո էլ նրա հետ կապ չուներ: Այդ պատճառով դրա մասին ոչինչ չասացի: Միայն պատասխանեցի, թե կարծես հասկանում եմ:
Նա պիստակը վերցրեց ձեռքը, նորից բութ մատի եղունգով կեղևը բացեց:
– Ուզում եմ հասկանաք, որ ես ամեն տեղ չեմ այսպիսի խոստովանություններ անում, – Եթե ճիշտն ասեմ, առաջին անգամ եմ սրա մասին խոսում:
Ես գլխով արեցի: Պատուհանից դուրս դեռ շարունակվում էր ամառային անձրևը: Նա պիստակի կեղևը գցեց մոխրամանի մեջ ու շարունակեց իր պատմությունը:
Աշխատանքից դուրս գալուց հետո նա անմիջապես սկսեց զանգել ծանոթ խմբագիրներին, լուսանկարիչներին, գրողներին ու տեղեկացրեց, որ աշխատանքից հեռացել է և նոր գործ է փնտրում: Նրանցից մի քանիսն ասացին, որ կօգնեն գործ գտնել: Մեկը նույնիսկ ասաց, թե հենց վաղվանից արի աշխատանքի: Հիմականում գովազդային կամ քաղաքային հանդեսներ էին, կամ նորաձևության կատալոգներ, բայց դա ավելի լավ էր, քան խոշոր ընկերությունում փաստաթղթեր դասավորելը:
Ի վերջո երկու տեղից առաջարկ ստացավ, հասկացավ, որ եթե երկու տեղում էլ աշխատի, եկամուտը չի պակասի ու հանգիստ շունչ քաշեց: Որոշեց մեկ ամիս հետո սկսել աշխատանքը, իսկ այդ ընթացքում առանձնապես ոչինչ չանել՝ միայն գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, գնալ կարճ ճամփորդությունների և այլն: Առանձնապես մեծ գումար չէր, բայց աշխատանքից դուրս գալիս կոմպենսացիա էր ստացել և ապրուստի համար անհանգիստ չէր: Նա գնաց վարսահարդար-դիզայների մոտ գնաց, ում հետ ծանոթացել էր աշխատանքի ընթացքում, մազերը նորաձև կարճ կտրեց, դիզայների խորհուրդ տված բուտիկներով պտտվեց, նոր մազերին համապատասխան շորեր, կոշիկ, պայուսակ, զարդեր գնեց:
Աշխատանքից դուրս գալուց երկու օր հետո նախկին կոլեգա-սիրեկանից զանգ եկավ: Երբ նա անունը տվեց, աղջիկն առանց որևէ բան ասելու հեռախոսն անջատեց: Տասնհինգ վայրկյան անց կրկին զանգ հնչեց: Վերցրեց լսափողը, նույն մարդն էր: Նա այս անգամ հեռախոսը չանջատեց, լսափողը գցեց պայուսակի մեջ, պայուսակը փակեց: Դրանից հետո էլ զանգ չեկավ:
Մեկ ամսվա արձակուրդը հանդարտ էր անցնում: Ի վերջո ճամփորդության չգնաց: Մի քիչ մտածեց, հասկացավ, որ ճանապարհորդել առանձնապես չի սիրում, հետո էլ սիրեկանից նոր բաժանված քսանութ տարեկան կնոջ համար միայնակ ճանապարհորդելը փոքր-ինչ շաբլոն էր, ու ողջ հաճույքը փչացնելու էր: Նա երեք օրում հինգ ֆիլմ նայեց, համերգ գնաց, Ռոպպոնգիում ջազ լսեց: Հետո սկզբից մինչև վերջ կարդաց բոլոր այն գրքերը, որ գնել էր ազատ ժամանակ կարդալու մտադրությամբ: Սկավառակներ էլ լսեց: Գնաց սպորտային ապրանքների խանութ, սպորտային կոշիկներ ու տրիկո գնեց, փորձեց տան մոտակայքում ամեն օր տասնհինգ րոպե վազել:
Առաջին շաբաթվա ընթացքում ամեն ինչ լավ էր: Սթրեսային աշխատանքից ազատագրվելը և ուզածիդ չափ սիրած բաներով զբաղվելն իսկապես հրաշալի էր: Երբ ցանկություն էր ունենում, ճաշ էր եփում, երեկոյան միայնակ գարեջուր կամ գինի էր խմում:
Բայց հանգստյան տասներորդ օրից հետո նրա մեջ ինչ-որ բան փոխվեց: Այնպիսի կինո չմնաց, որ ուզենար նայել, երաժշտությունը ասես աղմուկ լիներ, մի ձայներիզ մինչև վերջ չէր կարողանում լսել, գիրք կարդալիս գլուխը ցավում էր: Պատրաստած ուտելիքներն անհամ էին թվում: Մի անգամ վազելիս մի տհաճ երիտասարդ, երևի ուսանող, հետևից ընկավ. դա էլ թողեց: Նյարդերը տարօրինակ կերպով լարված էին, գիշերն արթնանում էր ու թվում էր, թե ինչ-որ մեկն իրեն է հետևում: Մինչև երկնքի լուսանալու պահը, նա շարունակ դողում էր վերմակի տակ: Ախորժակ չուներ, ամբողջ օրը նյարդային էր: Ոչինչ անելու ցանկություն չուներ:
Սկսեց զանգել ծանոթներին: Մի քանի հոգի լսեցին նրան, խորհուրդներ տվեցին, բայց նրանք էլ աշխատանքով զբաղված էին, չէին կարող ամեն անգամ դայակություն անել:
-Երկու-երեք օրից մի քիչ աշխատանքս կթեթևանա, արի այդ ժամանակ խմելու գնանք,- ասում էին նրանք ու հեռախոսն անջատում: Բայց երկու-երեք օրից ոչ մի տեղ էլ չէին հրավիրում: Աղջիկն էլ էր վեց տարի նրանց նման ապրել, նրանց դրության մեջ մտնում էր: Դրա համար չէր զանգում, նրանց չէր անհանգստացնում:
Մթնելուց հետո տանը լինելը տանջանքի նման մի բան էր, այդ պատճառով հենց երեկոն գալիս էր, նա հագնում էր նոր գնած շորերը, գնում էր Ռոպպոնգիի կամ Աոյամայի կողմերում գտնվող կոկիկ մի բար ու մինչև վերջին գնացքը՝ միայնակ կոկտեյլ էր խմում: Եթե բախտը բերում էր, հին ծանոթներից մեկին էր տեսնում, զրուցում էր ու այդպես մի կերպ ժամանակը սպանում: Երբ բախտը չէր բերում (դա շատ ավելի հաճախ էր պատահում), ոչ մեկին էլ չէր տեսնում: Իսկ երբ բախտն ընդհանրապես չէր բերում, վերջին գնացքում ինչ-որ անծանոթ տղամարդ նրա զգեստին սպերմա էր ցանում, կամ տաքսու վարորդը սեքսի էր հրավիրում: Տասնմեկ միլիոն բնակչություն ունեցող հսկա քաղաքում նա իրեն անտանելիորեն միայնակ էր զգում:
Առաջին մարդը, ում հետ նա քնեց, միջին տարիքի բժիշկ էր: Բարետես էր, բարձրորակ կոստյում էր հագել, (ինչպես հետո իմացավ) հիսունմեկ տարեկան էր: Նա Ռոպպոնգիի ջազ ակումբներից մեկում միայնակ խմում էր, երբ այդ մարդը նստեց կողքին ու սկսեց ասել, թե՝ «Ինչպես տեսնում եմ, ձեր ընկերները դեռ չեն եկել, ես էլ եմ ընկերներիս սպասում, եթե դեմ չեք, մինչև նրանց գալը, այստեղ նստեմ» և այլն և այլն. այն, ինչ սովորաբար ասում են նման դեպքերում: Հին, հին հնարք էր, բայց քանի որ նա լավ ձայն ուներ, աղջիկը մի քիչ մտածելուց հետո ասաց։
– Դեմ չեմ, խնդրեմ:
Դրանից հետո նրանք որոշ ժամանակ ջազ լսեցին (ջրիկ շաքարաջրի նման դաշնամուրի տրիո էր), ալկոհոլ խմեցին (տղամարդն իր համար պահված շշից Ջեք Դենիելս էր խմում), խոսեցին (հին Ռոպպոնգիի մասին): Նրա ընկերները, ինչպես կարելի էր գուշակել, այդպես էլ չեկան։ Երբ դարձավ ժամը տասնմեկը, նա ասաց. «Ինչ-որ հանգիստ տեղ չգնա՞նք ընթրելու»: Նա պատասխանեց, որ պետք է վերադառնա Կոենջի: Տղամարդն ասաց, որ մեքենայով կճանապարհի: Աղջիկը պատասխանեց, որ առանց դրա էլ տուն կհասնի: Տղամարդն ասաց, թե այս կողմերում տուն ունեմ, կարող ես այնտեղ գիշերել: Բնականաբար քո հանդեպ ոչ մի վատ բան չեմ անի:
Աղջիկը լռեց:
Տղամարդն էլ լռեց:
– Ես թանկ արժեմ,- ասաց աղջիկը: Թե ինչո՞ւ նման բան ասաց, ինքն էլ չհասկացավ: Բայց դա շատ բնական ձևով իր շուրթերից դուրս եկավ: Իսկ ինչը մի անգամ շուրթերիցդ դուրս է եկել, էլ հնարավոր չի ներս մտցնել: Նա շուրթերը ծամեց ու սևեռուն նայեց դիմացինին:
Տղամարդը ժպտաց, բաժակի մեջ նորից վիսկի լցրեց:
– Դեմ չեմ,- ասաց նա,- գումարը ասեք:
– Յոթանասուն հազար,- արագ պատասխանեց նա: Թե ինչո՞ւ ասաց յոթանասուն հազար, չհասկացավ. ոչ մի հիմք չկար այդ գումարն ասելու: Բայց նրան թվաց, որ գումարը հենց յոթանասուն հազար պետք է լինի: Նաև մտածեց, որ եթե յոթանասուն հազար ասի, տղամարդը հավանաբար կհրաժարվի:
– Դրան գումարում եմ ֆրանսիական ռեստորանում ընթրիքը,- ասաց տղամարդը, բաժակի մեջ եղած վիսկին մինչև վերջ խմեց ու վեր կեցավ:- Դե, գնացինք,- ասաց նա:
– Ասում եք՝ բժիշկ էր, չէ՞,- հարցրեցի ես:
– Հա, այդպես է,- պատասխանեց նա:
– Իսկ ի՞նչ բժիշկ էր: Այսինքն ինչի՞ մասնագետ էր:
– Անասնաբույժ,- ասաց նա: Սետագայայում անասնաբուժական կլինիկա ունի:
– Անասնաբույժ…,- կրկնեցի ես: Անհասկանալի է, թե ինչու է անասնաբույժը կին գնում: Բայց, իհարկե, նույնիսկ անասնաբույժներն են կին գնում:

Անասնաբույժը նրան ֆրանսիական ուտելիք հյուրասիրեց, հետո տարավ Կամիյաճյոյի խաչմերուկի մոտ գտնվող իր մեկ սենյականոց բնակարան: Նրան լավ վերաբերվեց: Կոպիտ չէր վարվում, այլասերված չէր: Նրանք դանդաղ սիրով զբաղվեցին, մեկ ժամ ընդմիջում արեցին ու կրկին սիրով զբաղվեցին: Սկզբում աղջիկը շփոթության մեջ էր, որ այս վիճակում է հայտնվել, բայց տղամարդու գուրգուրանքներից հետո ավելորդ մտքերը չքացան, և նա լրիվ տրվեց սեքսին: Երբ տղամարդը առնանդամն իր միջից հանեց ու գնաց ցնցուղ ընդունելու, նա որոշ ժամանակ պառկեց մահճակալում ու աչքերը փակեց: Հետո նկատեց, որ այն անբացատրելի նյարդայնությունը, որ մի քանի օր իրեն տանջում էր, լրիվ չքացել է:
-Այ քեզ բան,- մտածեց նա: Ինչո՞ւ այսպես եղավ:
Երբ առավոտյան ժամը տասին արթնացավ, տղամարդն արդեն աշխատանքի էր գնացել: Սեղանի վրա ծրար էր դրված, որի մեջ յոթ հատ տաս հազարանոց թղթադրամ կար, դրա կողքին էլ սենյակի բանալին էր: Նամակ կար, որում գրված էր, որ բանալին գցի փոստարկղի մեջ: Նաև գրված էր, որ սառնարանում խնձորի կարկանդակ կա, կաթ ու միրգ: Հետո գրված էր, որ՝ «Մոտ ժամանակներս նորից եմ ուզում հանդիպել, եթե այդպիսի ցանկություն ունենաք, այս համարով զանգեք: Ժամը մեկից հինգը միշտ լինում եմ»: Տնային կենդանիների կլինիկայի այցեքարտն էլ էր մեջը: Այցեքարտին հեռախոսի համար էր գրված: Համարը 2211 էր, վրան էլ ֆուրիգանայով գրված էր «մյաու-մյաու, հաֆ-հաֆ»: Նա նամակն ու այցեքարտը չորս մասի պատռեց, լուցկի վառեց ու լվացարանի մեջ դրանք այրեց: Փողը դրեց պայուսակի մեջ: Սառնարանի պարունակությանը ձեռք չտվեց: Հետո տաքսի բռնեց ու տուն գնաց:

– Դրանից հետո մի քանի անգամ էլ տարբեր մարդկանց հետ փողով քնեցի,- ասաց նա: Հետո լռեց: Ես արմունկներս դրել էի սեղանին, ծալած մատներս պահել էի շուրթերիս դիմաց: Մատուցողին կանչեցի, նույն վիսկիից պատվիրեցի: Շուտով պատվերը բերեցին:
– Ինչ-որ բան կուտե՞ք,- հարցրեցի ես:
– Չէ, հարկավոր չէ: Բանի տեղ մի դրեք,- ասաց նա:
Մենք կրկին փոքր կումերով սառույցով վիսկի խմեցինք:
– Կարելի՞ է հարց տալ, բայց մի քիչ անձնական է,- հարցրեցի ես:
– Իհարկե կարելի է,- պատասխանեց նա: Հետո աչքերը կլորացրեց ու ինձ նայեց,- Ուզում եմ ազնվորեն խոսել, այդ պատճառով եմ հիմա այսպես ամեն ինչ ձեզ խոստովանում:
Ես գլխով արեցի, պիստակի կեղևը կոտրեցի:
– Դրանից հետո՞ էլ էր գինը միշտ յոթանասուն հազար:
– Ոչ, ժ- ասաց նա: Այդպես չէ: Ամեն անգամ պատահական գին էի ասում: Ամենաթանկը ութսուն հազար էր, ամենաէժանը՝ քառասուն: Ոչ մի անգամ չեղավ, որ գումար ասեմ ու ինձ մերժեն:
– Զիլ է,- ասացի ես: Նա ծիծաղեց:

Նա իր «հանգստի» ընթացքում ընդհանուր հինգ հոգու հետ քնեց: Դիմացինները միշտ քառասուն-հիսուն տարեկան, լավ հագնված, ման գալուն սովոր մարդիկ էին: Նա տղամարդկանց գտնում էր այնպիսի տեղերում, որտեղ ծանոթներ չէին լինում ու մի անգամ տղամարդ «կպցրած» ռեստորան երկրորդ անգամ չէր գնում: Հիմնականում տղամարդիկ հյուրանոցում սենյակ էին վերցնում, որտեղ էլ քնում էին: Միայն մեկը ստիպեց, որ տարօրինակ տեսք ընդունի, բայց մյուսները չափազանց կարգին մարդիկ էին: Բնականաբար փողն էլ վճարում էին:
Հետո նրա «հանգիստը» վերջացավ: Նորից վերադարձան գործից գործ վազելու օրերը: Գովազդային, քաղաքային թերթերն ու բուկլետները մեծ ամսագրերի հեղինակությունն ու հասարակական ազդեցությունը չունեին, բայց դրա փոխարեն իր ուզած ձևով էր կարողանում աշխատել: Եթե նախկինի հետ համեմատեիր, կարելի էր ասել, որ հիմա ավելի երջանիկ էր: Նա իրենից երկու տարի մեծ լուսանկարիչ-բոյֆրենդ ուներ, ու այլևս տղամարդկանց հետ փողով քնելու մասին չէր մտածում:
– Առայժմ աշխատանքը հետաքրքիր է, ու շուտ ամուսնանալու մտադրություն չունեմ, բայց երկու-երեք տարի հետո միգուցե ունենամ, ասաց նա:- Այդ ժամանակ ձեզ հետ կկապվեմ,- ասաց նա:
Ես բլոկնոտի թերթիկի վրա գրեցի հասցես, այն պատռեցի ու տվեցի նրան: Նա շնորհակալություն հայտնեց:
– Ի դեպ, այն ժամանակ տարբեր տղամարդկանց հետ քնելու համար ստացած փողը ի՞նչ արեցիք,- հարցրեցի ես:
Նա աչքերը փակ վիսկի խմեց, հետո ծիծաղեց:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեցի:
– Չգիտեմ,- ասացի ես:
– Ամբողջ գումարը երեք տարով ավանդ դրեցի,- ասաց նա:
Ես ծիծաղեցի, նա էլ ծիծաղեց:
– Այդ ժամանակ միգուցե ամուսնացած կլինեմ, միգուցե՝ ոչ, բայց հնարավոր է ինչքան էլ փող ունենամ, միևնույն է չբավականացնի: Այդպես չե՞ք կարծում:
– Ճիշտ եք,- ասացի ես:
Կենտրոնում գտնվող սեղանի խումբը բարձր ձայնով նրան կանչեց: Նա ետ շրջվեց, ձեռքով արեց:
– Պետք է գնամ,- ասաց նա,- ներողություն այսքան երկար խոսելու համար:
– Չգիտեմ, ինչպես ճիշտ արտահայտվել, բայց հետաքրքիր պատմություն էր,- ասացի ես:
Նա աթոռից բարձրացավ, ժպտաց: Գեղեցիկ ժպիտ էր:
– Լսեք,- ասացի ես,- Եթե ասեմ, որ ուզում եմ փող վճարել ու ձեզ հետ քնել: Եթե:
– Ահա,- ասաց նա:
– Ինչքա՞ն գումար կուզեք:
Նա շուրթերը փոքր-ինչ բացած շունչ քաշեց, երեք վայրկյան մտածեց: Հետո մեկ անգամ էլ ժպտաց ու ասաց։
-Քսան հազար:
Ես տաբատիս գրպանից հանեցի դրամապանակը, հաշվեցի թե ինչքան գումար կար մեջը: Ամբողջությամբ երեսունութ հազար յեն էր:
– Քսան հազար, գումարած հյուրանոցի վարձը, գումարած այստեղի վճարն ու ետ գնալու գնացքի փողը: Այդքան էլ ստացվում է, չէ՞:
Իսկապես այդպես էր:
– Բարի գիշեր,- ասացի ես:
– Բարի գիշեր,- պատասխանեց նա:

Երբ դուրս եկա, անձրևն արդեն դադարել էր: Ամառվա անձրևը այդքան էլ երկար չի տևում: Նայեցի երկնքին, աստղերն անսպասելիորեն փայլում էին: Նախուտեստների խանութն արդեն փակվել էր, բեռնատարի տակ անձրևի դադարելուն սպասող կատուն ինչ-որ տեղ էր չքացել: Ես անձրևից թրջված փողոցով քայլեցի մինչև Օմոտեսանդո, սովածացա, մտա օձաձկան ռեստորան ու օձաձուկ կերա:
Օձաձուկ ուտելով պատկերացրեցի, որ քսան հազար եմ վճարել ու նրա հետ քնում եմ: Նրա հետ քնելը պետք է որ վատ չլիներ, բայց դրա համար վճարելը փոքր-ինչ տարօրինակ է, մտածեցի ես:
Հետո հիշեցի այն ժամանակները, երբ սեքսը անտառային հրդեհի նման ձրի էր: Այն իսկապես անտառային հրդեհի նման ձրի էր:

Թարգմանությունը ճապոներենից՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *