Անուշ Մարգարյան | Թռչունը

Մոգական քարը

Ես գրեթե հավատում էի, որ ինչ-որ գերբնական ուժ կար իմ պարանոցից կախված այն փոքրիկ քարակտորի մեջ, որ Կրոմլեխունիների [1]  նստավայրից էր: Եթե ձմեռային արևադարձի օրը քարը մոտեցնես աչքիդ ու նայես երկնքին, կտեսնես քամու գնացքը,  Լուսնի վրա գտնվող լճերն ու կարմրաթզուկ աստղերին, որ լպրծուն  խխունջի պես ներս ու դուրս են  անում իրենց խեցե տնակներից, դրա համար էլ հեռվից թարթվում են մեզ: Ա՜խ, ուր էր մի հսկա թռչող նավ ունենայի ու հասնեի լուսնի ջրերին: Կամ նստեի համար վեց օդային գնացքն ու հասնեի թզուկ աստղերին: Իսկ եթե նրանց պես խեցի ունենայի, խխունջի պես այնքան ելումուտ կանեի խեցում, որ մարդիկ երկնքին նայելիս ինձ թարթվող աստղի տեղ կդնեին: Ես միշտ սիրել եմ երկնքին նայել, հատկապես արևադարձի օրը, դրա համար էլ անհամբերի պես պտտում էի իմ մոգական քարը և ուշադիր զննում երկնքի գանձերը, ուրախությունից զնգզնգում, բայց ձմեռային արևադարձի օրը գիշերը այնքան է կարճանում, որ զվարճալի ճանապարհորդությունդ երկար չի տևում: Այդ քարի միջով երկնքին նայելիս ես երկու երազանք ունեի՝ գտնել իմ ծնողներին, որոնց կորցրել էի դեռ չգտած և ավելի շատ երիցուկներ վաճառել սոված չմնալու համար: Այդպես իմ երկհարկանի երազանքով իջնում էի բլրալանջից՝ չունենալով գոնե մեկ ընկեր, ում հետ կկարողանայի խոսել: Բայց կարևորը իջնում էի քաջի պես՝ որպես ազնվազարմ Կրոմլեխունի, ում ունեցվածքը միայն պարանոցից կախված մի գերբնական քարակտոր էր: Ես ինձ քաջի տեղ էի դնում նույնիսկ քաղցր կրպակի կողքով անցնելիս ու չէի շնչում կարկանդակների անուշ բույրը, որ հանկարծ ախորժակս իր մեխված տեղից չպոկվեր: Իսկ այդ քաջությունը ինձ տալիս էր այն փոքրիկ քարակտորը, որ սեղմել էի ափիս մեջ:

Կայծակի վհուկները

Արդեն լուսաբաց էր: Ես հանգիստ քայլերով իջնում էի բլրալանջից՝ սովորականի նման երիցուկներ ու քարեր հավաքելով: Մեկ էլ հանկարծ երկինքը մթնեց Կայծակի վհուկների երամից: Միանգամից վեր թռա ու նետվեցի դեպի մոտակա թաքստոցը: Անթիվ վհուկներ ինձ նկատելով՝ սրընթաց դեպի իմ կողմն էին թռչում: Երբ ոտքերումս այլևս ուժ չէր մնացել, չգիտեմ՝ որտեղից հրթիռի արագությամբ մի տարօրինակ ձեռք ինձ բռնեց ու նետեց թաքստոց-քարանձավը: Շատ փոքր, բայց ապահով մի տարածություն, որտեղ վհուկները մուտք չունեին: Սիրտս էլ արագ-արագ չէր բաբախում, ամեն ինչ առաջվա պես խաղաղ էր, իսկ վհուկներն ասես գոյություն էլ չեն ունեցել: Եվ ով էլ որ լիներ ինձ փրկող ձեռքը, արդեն իմ բարեկամն էր, հետևաաբար՝ նրանից վախենալու պատճառ չունեի: Սկզբում ես նրան մի բարձրահասակ աժդահա էի պատկերացնում, որովհետև հաղթանդամ թվաց, որովհետև իր կոշտ եղունգով վնասել էր ձեռքիս սպին: Բայց երբ կարմիր քարանձավը լուսավորվեց, իմ առջև տեսա միջահասակ պարոնի՝ երկարաճիտ, կարմիր կոշիկներով, լայն թիկունքով, կեռ քթով, որ երևի ինձ պես թափառաշրջիկ էր: Ես ու բարեկամս լուռ քալում էինք: Քարանձավի պատերին ես զննում էի նրա կեռ քիթը, երկարավուն մատներն ու տարօրինակ ձեռքը, որ թաքցրել էր թիկնոցի տակ: «Գուցե ողջ զորությունը այդ թևի մե՞ջ է»,-մտածում էի ես ու հետաքրքրասեր աչքս չէի կտրում նրանից, շարունակ զննում էի: Իսկ երբ հայացքս հանդիպեց մտախոհ իր դեմքին, մի պահ թվաց, որ նրանից ավելի համարձակ մեկը չկա ոչ երկրի վրա, ոչ էլ՝ կամրմաթզուկ աստղերի մեջ:

-Շատ եմ ցավում, բայց ավելի շուտ չկարողացա հասնել,- զրույցը ինչ-որ կերպ սկսկելու համար ասաց նա ու քաջալերող հայացքով նայեց վնասված ձեռքիս:

-Ես չգիտեմ, թե նրանք ինչու են ինձ հետապնդում,- մի քիչ քաշվելով խոսեցի ես ու չգիտես՝ ինչու արդարացա,- ախր ես նրանց ոչինչ չեմ արել:

Ու մենք երկար ու լուռ քայլեցինք դեպի քարանձավի խորքերը: Մի քանի ոտնաչափից քարանձավը փոքրացավ կամ գուցե մենք մեծացանք, և անհարմար դիրքով առաջ շարժվելով՝ բարեկամս իր տարօրինակ ձեռքը մեկնեց մութ խորշերը ու ինչ-որ ցնցոտիներ դուրս բերեց: Եվ հենց այդ պահին ինձ մի պահ թվաց, որ ձեռքերից մեկը փետրավոր է: Գուցե թվաց…

-Չգիտեմ, թե դու ինչ կարծիքի ես, բայց մենք պետք է հագնենք այս ցնցոտիները:

Չնայած ինձ մի քիչ տարօրինակ թվաց անծանոթ բարեկամիս պնդումը, բայց առանց անհարմար զգալու հրաժարվեցի: Նա ամեն դեպքում ցնցոտիները նորից ինձ պարզեց ու մեծի պես պնդեց, որ հանգնեմ.

-Դու այդպես էլ    չհասկացա՞ր, թե ովքեր էին քեզ հետապնդում:

-Իհարկե հասկացա,-իր հարցից շփոթված՝ միամտորեն ասացի ես,-Կայծակի վհուկներն էին:

            -Ո՛չ, աղքատությունն էր…

            -Աղքատությու՞նը, բայց ես ոչ մի հարստություն չունեմ, ընդամենը մի որբ, ծաղկավաճառ եմ, որ ոչինչ չունի, բացի այս քարի կտորից:

            -Կարծում ես քեզ չե՞մ ճանաչում,-թախանձագին ձայնով ասաց նա ու շարունակեց,- նրանք ուզում են թալանել քո անցյալը, մանկությունդ, որ հենց այդ քարի մեջ է:

            Վերջին խոսքերից գլուխս մի պահ պտտվեց ու մի քանի րոպե լուռ պապանձվեցինք: Ես զարմանքից ապուշ կտրած՝ այնպես նայեցի իմ քարին, կարծես առաջին անգամ էի տեսնում: Միգուցե այն հրաբխային ապար է, իսկ միգուցե վիշապի աչք, որ արևադարձի գիշերը հինգ հազար անգամ մոտեցնում է երկինքը: Եվ ուրեմն ենթադրեցի, որ այն իր մեջ ավելի մեծ գաղտնիք է թաքցնում, քան ես պատկերացնում էի:

Թռչունը

         Երբ ցնցոտիներով քարանձավից դուրս եկանք, երկինքը պարզվել էր վհուկների երամից և այնքան խոստումնալից էր, այնքան վճիտ, որ երբեք այսքան գեղեցիկ չէի տեսել: Ներսս էլ զարմանալիորեն վճիտ էր: Սովորաբար այդպես խաղաղ եմ լինում, երբ երիցուկներս լավ են վաճառվում և քաղցրահամ կրպակի կողքով անցնելիս ինձ բնավ էլ քաջի տեղ չեմ դնում ու մի քանի կարկանդակ եմ գնում: Բայց ախր երիցուկներ չէի վաճառել, որ այդքան խաղաղ զգայի, ոչ էլ կրպակից կարկանդակ էի գնել: Որեմն ինչո՞ւ էի այսքան վճիտ երկնքի պես: Երևի թե նրա համար, որ ծնողներիս գտնելը ավելի մոտ էր ինձ թվում ու երևի նրա համար, որ այլևս ժամանակ չկար տխրելու, թե ինչու մանկությունս այդպես անարդար ձևով ձախողվեց: Հետո բարեկամս ինձ պատմեց իր մասին.

            -Անունս Թռչուն է: Մի զարմացիր, ինձ այդպես են ասում, որովհետև փոստատար եմ: Այս բլրից այն բլուր նամակը արծվի ճախրանքից էլ արագ եմ հասցնում, դրա համար էլ ինձ Թռչուն են ասում,- ասաց նա ու ձեռքը թաքցրեց թիկնոցի տակ: Երբ նորից մտքրիս մեջ ընկա, նա կրկին խոսեց.

            -Ուզո՞ւմ ես գտնել ծնողներիդ,- հարցրեց շատ անսպասելի:

Ես գլխով համաձայնության նշան արեցի մի աննկարագրելի երանությամբ, և, հավատացեք, ոչ մի կարկանդակ այդքան չէր երջանկացնի ինձ, որքան իմ բարեկամ Թռչունը: Հետո մեծի պես ինձ բացատրեց, որ իմ քարը հնչյուն ունի, պարզապես պետք է փականքը գտնել: Իսկ փականքը գտնելով՝ կգտնեմ նաև ծննդավայրս:

            Այդպես ցնցոտիավոր ու երջանիկ մենք իջնում էինք բլրից, փշերի ու վարար գետի միջով անցնում ու քայլ առ քայլ մոտենում էինք իմ երկհարկանի երազանքին:

            Երբեք չեմ մոռանա վայրէջքի այդ պահը, որ կյանքումս ապրած ամենաերջանիկ րոպեներից էր…

Կրոմլեխունիների թագավորությունը

            Արդեն մայրամուտ էր, երբ հասանք հնչող քարերի2 մոտ, որ Կրոմլեխունիների թագավորության քարե [2] պարիսպ էր հիշեցնում: Հսկա սալաքարերը իսկապես շշուկներ էին արձակում: Իսկ քիչ հետո ես տեսա իմ պարանոցի քարակտորի փորվածքով մի փականք, որից անհավատալի լույս էր ճառագում: Սա իմ կյանքի ամենալուսավոր երազն էր, որ տեսնում էի բաց աչքերով: Դեռ ուշքի չէի եկել իմ տեսածից, երբ Թռչունը ձեռքս բռնած ինձ ուղեկցեց դեպի լուսավոր փականքը: Ես նրան հրաժեշտ տվեցի, որովհետև այն պահից սկսած, երբ քարը  կտեղավորեի փականքի մեջ, ինչ-որ կարևոր բան էր կատարվելու: Այդպես էլ եղավ: Մի կուրացնող լույս ճառագեց շրջանաձև շարված քարասալերից ու մի գետնափոր տաճար հայնտվեց շրջանի հենց կենտրոնում: Սա երբևէ իմ տեսած ամենահրաշալի երազն էր, Կրոմլեխունիների թագավորությունը և,  վերջապես, իմ ծննդավայրը, որին այնքան երկար եմ սպասել: Հետո կատարվեց ամենաանսպասելին. նայեցի երկնքին ու տեսա միլիոնավոր կարմաթզուկ աստղերի, որ լպրծուն  խխունջի պես ներս ու դուրս էին  անում իրենց խեցե տնակներից: Տեսա քամու գնացքը և նրա հետագծով սլացող մի արագիլ [3]՝ կարմրակտուց, երկարաճիտ կարմրատոտիկ մի փետրավոր փոստատար, որ մանուկներ է տանում իր ճիշտ հասցեներով: Սլացքի ժամանակ Կայծակի վհուկը նետահարում է  նրան ու ցած գցում մանկիկին: Արագիլը վիրավոր թևով սլանում է ցած, կտցահարում, բայց այդպես էլ չի կարողանում մանուկին բռնել: Ու մանկիկը ընկնում է խիտ մացառոտ մի անտառ՝ տանելով ձեռքին արագիլի կտուցի հետքը:

Երբ տեսիլքը վերանում է, շրջվում եմ իմ բարեկամ Թռչունի կողմը, որ վերածվել էր կարմատոտիկ, փետրավոր արագիլի, ու հոգուս խորքում հավատում եմ, որ բոլորս աշխարհի վհուկներից մեզ պաշպանող մի արագիլ ունենք…

___________________________________________

[1]. Կրոմլեխ-(Բրետոն.crom-սեղան, lech-քար), նելոիթյան և բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ: Շրջանաձև կառույց է և կապված է արևի պաշտամունքի հետ:

[2]. Հնչող քարեր կամ Քարահունջ- (Պարիս Հերունի «Հայերը և հնագույն Հայաստանը»)

[3]. Արագիլ-(Սարգիս Հարությունյան «Հայ վիպաշխարհը» էջ 33 -Արագիլներն իրենց երկրում մարդկային կերպարանք ունեն: Չվելու ժամանակ գալիս են գետափ, լողանում, հագնում են թռչնի փետուրներն ու ճանապարհ ընկնում մեր երկիր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *