Լիլիթ Բաղդասարյան | Ապատիա

1
պատշգամբի տակ երկարում է մի քաղաք,
որի աղքատ ծառուղիները տանում են հեռու իրականություն

լքված, բայց չմոռացված

 

2
աղմուկն անհանդուրժող մեքենաների,
կարմիր ու կանաչ լույսերի հերթափոխը
և մի դեղին, թարթվող լույս մեջտեղում

մի՞թե կարելի էր այս պատուհանի մոտ կանգնել այսքան երկար,
կիսամերկ ու սարսռած մարմնով
նայել հիշողության աչքերի մեջ,
զգալ օդի արտաշունչը, ծառերի շարժը,
լսել քամին ու մնալ լռության մեջ

մի՞թե կարելի էր այսքան դաժան լինել
այն գոյության հետ, որից դուրս պարզապես մարդ ես

 

3
անհնար է այլևս լինելը

ճիշտ հարցադրումներ են պետք
ճիշտ հաջորդականությամբ
այլապես պատասխանները գետնին փշրված աստիճաններ կլինեն

երկրաշարժ, որ միայն քեզ ավիրեց

 

4
եթե գոռաս, ձայնդ կմոխրացնի՞ բոլոր այն ձեռքերը,
որ քաշում են քեզ դեպի մակերեսը կյանքի,
այդժամ
կարձակե՞ս մազերդ երկրի մերկության ուսերին
ու կհանձնվե՞ս արդյոք,
երբ Նա, ով խոսում էր քեզ հետ
կլռի…

 

5
երբ Նա լռեց, շատացան ձայները

 

6
Նրանք խոսում են իմ մեջ
անդադար
աղմկում են
իրար են խառնում որովայնիս օրգանները
իմ ներսում
տարբեր ուղղություններ ընտրածները
քայլում են ու լայնացնում սահմանափակ տարածքները,
պատռում ու հանձնվում, մինչ հաջորդ մենություն

 

7
երբ մենությունը գա
ես արդյո՞ք մենակ կլինեմ
հյուրընկալելու հավերժությունն
ու մտածելու բոլոր նրանց մասին,
ում չլինելն անխուսափելի ներկայություն է

 

8
ինչպե՞ս ազատվեմ ինձանից,
երբ իմ մեջ եմ,
շուրջս և ամենուր

ինչպե՞ս ազատվեմ նրանից,
ով չկա

 

9
եթե դատարկվեմ աշխարհից
ինչո՞վ կլցվեմ

 

10
եթե երկրի և երկնքի միջև չեմ տեղավորվում,
տիեզերքում տեղ կգտնե՞մ

 

11
ի՞նչ իմաստ ունի անսահմանությունը,
եթե ինքդ քեզ չես հերիքում

 

12
երբ դուրս գաս քեզանից
և հասնես սկիզբ,
տեսնես արարումը,
ճանաչես Արարչին
մի՞թե բանականությունդ
շարունակություն չի փնտրելու՝
ավելի հին սկիզբ
ավելի նոր տարածություն

13
երբ կորցնես հենման կետդ
և սեղմվես հոգեբուժարանի պատերի մեջ,
ազատություն կփնտրե՞ս արդյոք

 

14
ճիշտ հարցերն ավելի կարևոր են խելացի պատասխաններից

 

15
մեր կյանքում շարունակվում են նրանք,
ովքեր հարց են եղել,
իսկ նրանք, ում պատասխանները գտել ենք,
հաջորդում են իրար

 

16
հետաքրքրությունն այն թելն է, որով քայլում է մահկանացուն՝
հետևում թողնելով խճճված կծիկը
ծերության համար
բացելու և սովորելու ճշմարտություններ,
որոնց անհրաժեշտությունն այլևս չի լինելու

 

17
ակնթարթը, որ հաղթեց Ֆաուստին
միակ ակնթարթն էր, որում հաղթեց Ֆաուստը

 

18
բացում եմ աչքերս.
քարե պատշգամբը,
քաղաքը,
դեղին, թարթվող լույսը,
անծանոթ վարորդի սև աչքերը,
որ նայում են ինձ,
ավտովթարի ձայնը
և իմ անտարբեր քմծիծաղը կյանքին

մեջքով պտույտ
պտույտ
պտույտ
ու մի ձեռք
որի մատները սեղմեցին ուսս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *