Նորայր Գրիգորյան | Առանց ժամանակի կամ Երևանի ժամանակով

Պոեմ բանաստեղծություններով

 

Դրախտի դուռը ծիրանի ծառից է,
դուդուկի նվագը արտագաղթից է:
Այդ երկրի հողը էն հին կավից է,
հողի ծաղիկը թափառող թախիծ է:

 

ԵՌԱԳՈՒՅՆ

Հայրենիք կարմիր. հրադադար ու կրակահերթեր,
ե՛տ նայիր ցամքած քո առուներին,
ուր խայտաբղետ ձկների երթ էր:
Հայրենիք կապույտ. ոտքերի ճռռոց ու լքված բերդեր,
ե՛տ նայիր բարդու ճերմակ կոնքերին,
ուր թռչունների շլացնող երթ էր:
Հայրենիք դեղին. խառնաշփոթ ու մահվան հերթեր,
ե՛տ նայիր ընկնող քո ասուպներին.
Աստված երկնքում մենակ ու մեղկ էր:

 

ԱՆԱՆՈՒՆ

Ես գրանցում չունեմ,
չունեմ անգամ անուն,
ապրում եմ գլխից դուրս
մի հին կայարանում:
Ես երգեր եմ գրում
կայարանի պատին,
հաճախ աչքով անում
հավաքարար տատին:
Տատը լուռ շնկշնկում,
հին ավելը ձեռքին,
ու քմահաճ նայում
մարդկանց անկապ երթին:
Նա հո լավ է տեղյակ
դրսի կյանքի մասին,
բայց իրեն չի խառնում
անկապ խավի դասին:
Ես գրում եմ երգեր
դրսի մարդու մասին
ու թողնում եմ վերքեր
կայարանի պատին:
Տատը պատը ավլում,
շաղ է տալիս անդին,
լույս է դանդաղ հալվում
եկվորների ճամփին:
Ես գրանցում չունեմ,
չունեմ անգամ անուն,
լուսե պատ եմ շարում
այս հին կայարանում:

 

ԼՈՒՅՍԸ ՔԱՐԿԱՊ Է ԸՆԿԵԼ ԽՈՐՇԵՐՈՒՄ

Լույսը քարկապ է ընկել խորշերում,
սոված շները ծամում են նրան,
ծեր մուրացիկի պաղ գրոշներում
լացող հայացքն է հնամյա դռան:
Ոչ ոք չի բացում դուռը շատ վաղուց,
գնացին, ինչպես չվող թռչուններ,
գոնե օրորվեր աշնան պաղ քամուց,
և արտաբերեր կանչող հնչյուններ:
Բայց քամիները սառել են վաղուց
գետնախորշերում հին կայարանի,
լույսը շողում է խամրած ապակուց-
շուտով ծերունուն մահը կտանի:
Բայց գրոշների պաղ հայացքներից,
մեկ-մեկ փայլում են աչքերը նրա,
ու պատկերներում գորշ կայարանի
արտացոլանքն է հնամյա դռան:
Գնում է, կարծես վերանում անդարձ,
որ լացող դռան կարոտը առնի,
որ դռան փեղկին համրորեն պառկած
մեկ էլ աստղացոլ երկնքում հառնի:
Լույսը քարկապ է ընկել խորշերում,
սոված շները ծամում են նրան,
և զրնգացող, պաղ գրոշներում
լացող հայացքն է հնամյա դռան:

 

ՀՐԱԺԵՇՏ ԳԵՏՆԱԽՈՐՇԵՐԻՆ

Գետնախորշերում տաղավարները
զարդարուն կյանք են, հանդերձյալ տարածք,
երկնքի անտես քավարանները
մահ են սփռում ու մահվան հայացք:
Երեկ համբարձվեց մուրացիկը ծեր,
տե՛ս, ի՜նչ ասպետ էր ջահել նկարում,
կյանքը իր դեմքին շարել էր գծեր,
հետո շպրտել մահվան շուկայում:
Այստեղ մեռած է լույսը ամոքիչ,
և սփոփանքը դարձել է օղին,
չկա հանբերանք, ու չկա Փրկիչ,
խաչակնքում են օղի տվողին:
Գնալու տեղը երկինքն է միայն,
ու՞մ կվստահեն բառերը վերջին.
գուցե անձրևին, փաթիլներում ձյան
նրանց վախվորած ձայները կհնչեն..
-Գետնախորշերում տաղավարները
զարդարուն կյանք են, հանդերձյալ տարածք,
երկնքի անտես քավարանները
մահ են սփռում ու մահվան հայացք:

 

ԳԱՂՋ

Այս հին կայարանի խորշերում դեղին,
մարդիկ կորչում են, ինչպես ստվեր,
օդի հատիկները գաղջ ու լեղի,
պաղ թվերի մեջ դառնում են գծեր:
Գնալու տեղը՝ անապաստան,
վերադարձինը՝ միայն վանող,
մի իմաստուն ու ծեր գուսան,
երգեր էր ասում հոգի հանող:
Երգերի համար գուսանը ծեր
վարձ էր ստանում՝ մի խեթ հայացք,
մարդիկ , որ այստեղ դարձել են գծեր,
աչք էլ են՝ աղոտ լույսին հառած:
Ու մեկը տալիս է մի աքացի
ծերունու գլխարկին գրոշներով,
ու հոտ է հոսում օտար հացի
կայարանի խոնավ, մութ խորշերով:
Գնու՜մ են, ցավո՜տ, մտամոլո՜ր,
շուրթերից թքում լոկ հայհոյանք,
գնացքի ստվերը ոլոր-մոլոր
հին առեղծված է, նոր աղերսանք:
Բայց նորից կայարանի խորշերում դեղին,
մարդիկ կորչում են, ինչպես ստվեր,
օդի հատիկները գաղջ ու լեղի
պաղ թվերի մեջ դառնում են գծեր:

 

ԵՐԿՏՈՂ

Այս նամակը բովանդակություն չունի,
որովհետև աղավնին սովից կտցահարել էր չորացած թանաքը:
Դրանից երկինքը կապտել էր,
աղավնին՝ ճերմակել,
հողը՝ սևացել:
Իսկ դռան վրա գրված էր՝
զգո՛ւյշ, չարթնացնե՛ք,
ներսում քնած է վերջին նժդեհը,
նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

Լացս մնաց կիսատ.
զարմանալի բան է ծիծաղը,
երբ գալիս է սահմանը հատելու պահին:
Ու՞ր հոսեցին ցամաքող ջրերը՝
ձկների բաց ու խուփ բերաններին քսվելով:
Սպասի՛ր, լայն բացի՛ր աչքերդ,
տարածությունը ավարտվում է,
երբ քամիները լցվում են ջրերի մեջ:
Հեռացի՛ր ետ չնայելով,
այլապես ջրախառը քամիները
կջնջեն սահմանը մոլորյալների:
Ծիծաղս մնաց կիսատ.
զարմանալի բան է լացը
սահմանից այն կողմ:

 

ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻՆ

Ճամփաբաժանին կռունկը եկավ,
եկան արագիլը, ծիծեռնակը,
մեկ ծաղկով գարունը:
Ասին՝ մի՛ գնա,
ասի՝ երգեմ ձեր երգը,
հիմա էլ դուք արտասվեք:
Նրանք արտասվեցին երգը չլսած,
մեկ ծաղկով գարունը վազում էր
լեռը բարձրանալիս:
Բարձրից պսպղում էին ջրերը, քարերը,
և թռչունները դրանք առան թևերի տակ.
նրանք կարծես զինվորներ էին
շատ հեռու օրերի,
շատ կարևոր ճակատամարտերի:
Գարունը հոսում էր լեռներից ցած.
ի՜նչ խրոխտ է թռչունների ձայնը,
երբ խառնվում է զնգացող ջրին:
– Մի՛ հեռացիր,- ասացի առվին,
երբ տեսա իմ պատկերը թանձր կապույտի մեջ:

 

ԳՈՐԾԱՐՔ

Արդեն վաճառքում՝
մի լիճ, մի սար, մի դաշտավայր,
եկեղեցի էլ կա՝ գրեթե Աստծո տարիքի,
մանրամասներին ծանոթանալու համար
դիմեք «Հիշողություն» անշարժ գույքի գործակալություն,
հասցեն՝ Ապագայի փողոց, շենք՝ 1988:

 

ԱՍՏՎԱԾ ՈՒ ՄԱՐԴԸ

Աստված ու մարդը , է՜ն նախամարդը
երկնքում գծված իրենց հավատը
լուռ բաժանեցին մինչև ավարտը,
Աստված ու մարդը, է՜ն նախամարդը:
Մարդը, երկինքը ու իր հի՜ն խաչը,
և ծաղիկների հյութը-կանաչը,
մինչև է՜ն փողի լալահառաչը,
մարդը,երկինքը ու իր հի՜ն խաչը:
Է՜ն մենակյացը, երկնքի լացը,
կավ արարողը,հողից զրկվածը,
ու՞մ երկրպագի մեր տեր Աստված/ը/,
Է՜ն մենակյացը,երկնքի լացը:
Է՜ն մենակյացը,խաչին գամվածը,
երկրպագության լուռ առեղծվածը,
տաք համբերանքը որդեգրածը,
Է՜ն մենակյացը, խաչին գամվածը:
Աստված ու մարդը, է՜ն նախամարդը,
երկնքում գծված տաք համբերանքը,
ո՞նց բաժանեցին մինչև ավարտը,
Աստված ու մարդը, է՜ն նախամարդը:

 

ԵՐԱԶԱՆՔ

Պարիսպների վրա ագռավներ են նստել,
պարիսպների տակ մի ծերունի,
սև ագռավների պես նրան միտքն էր գրկել.
տեսնես այս վայրերում ինքը երկիր ունի՞:
Դեմը ծաղկած դաշտն էր՝ արևի տակ փայլող,
մեջքին՝ ավերակներ հազար ու մի,
ինքը ընդամենը հուշ էր քայլող,
մի գրկաչափ, քնքուշ հայրենիքի:
Մի գրկաչափ քնքուշ հող էր նա երազում,
մի բարդենու ստվեր, երգը թռչունների,
ստվերից դուրս թլոլ մանուկներ են վազում,
ու մագլցում դեպի ձայնը հնչյունների:
Պարիսպների վրա ագռավներ են նստել,
պարիսպների տակ մի ծերունի,
սև ագռավի նման նրան միտքն էր գրկել.
տեսնես այս վայրերում ինքը երկիր ունի՞:

 

ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Տոնավաճառում տոմսավաճառը տոն էր վաճառում,
որ մարդիկ թողել կամ մոռացել են ինչ-որ կանգառում:
Տոնավաճառում տոմսավաճառը սեր էր վաճառում,
որ մնացել էր Կինոհայրենիք կամ Երրորդմասի,
գետնանցումներում:
Տոնավաճառում տոմսավաճառը տոմս էր վաճառում տրամվայների,
որոնց զնգոցը, լարերից հոսող կապտավուն բոցը
ու դղրդոցը լուռ շպրտվեցին գրողի ծոցը:
Տոնավաճառում տոմսավաճառը հույս էր վաճառում,
լույս էր վաճառում, որոնց թողել էր
էն անցած դարի վերջին կանգառում:
Տոնավաճառում տոմսավաճառը տոն էր վաճառում:

 

ԵՐԿԻ՛Ր, ԿՄԱԽՔԴ ԽԼԱԾԱՂԿԻՑ Է

Երկի՛ր, կմախքդ խլածաղկից է,
փչում են մեկ-մեկ, փչում են հերթով,
քո ցրիվ գալը դառը թախիծ է,
զի հեռանում են խմբով ու երթով:
Ո՞վ կհավաքի քեզ առաջվա պես,
ո՞վ կփչի քո ճերմակ կողերին,
զի դու պարզապես անկապ շրջան ես,
առանց ծովերի,առանց հողերի:
Երկի՛ր, հուշերդ աստղացավից են,
արևդ՝ խրված պաղ հողերում թեք,
թեև հողերդ մաքուր կավից են,
բայց էլ կապ չունեն արարումի հետ:
Երկի՛ր, թռչունդ կապույտ ցավից է,
թևերը այրած պաղ արևից թեք,
քո հեքիաթները միայն դավից են,
ու էլ կապ չունեն ծեր Փյունիկի հետ:
Երկի՛ր, կմախքդ խլածաղկից է,
փչում են մեկ-մեկ, փչում են հերթով,
քո ցրիվ գալը դառը թախիծ է,
զի հեռանում են խմբով ու երթով:

-Իջի՛ր,-ասաց ուղեկցորդը,-
ահա՛ քո Հայրենիքը բաղձալի:
Գնացքը հեռացավ,
իսկ սուլոցը
խլացրեց ականջներս:
Ես միայն տեսնում էի,
իսկ ոտաբոբիկ մանուկները
արագահոս ջրերի վրա
լվանում էին երկինքը,
ու քամելուց
երկինքը սուլում էր,
ինչպես գնացքի շչակները:
Ես չէի լսում,
բայց տեսնում էի
մի Հայրենիք,
որը երկինք չուներ,
իսկ հեռացող գնացքի
մետաղե անիվներից
ճայթում էին աստղեր,
լուսին, անգամ՝ արև:

 

ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Ժանգոտած բանալին չէր բացում քաղաքի դարպասները,
հեռավոր դաշտի մի անկյունում ծվարած թռչունը
չափչփում էր գետնից ամպ,ամպից՝ երկինք տարածությունը:
Կապույտ զրնգոցով բանալին գլորվում էր որձաքարերի վրայով:
Սահմանը գծված էր համբերությունից,
իսկ արեգակը թաքնվել էր որձաքարի տակ:
Բոլոր դռները բաց էին, հյուրընկալ,
իսկ ներս մտնողները կաղում էին, դոփում տեղում
ու քարանում դարպասների մոտ:
-Ահա՛ քո Հայրենիքի դուռը,-գրված էր
բոլոր մուտքերի վերնամասերում,
սակայն վերադարձողները կաղում էին, դոփում տեղում
այնքան, մինչև թռչունը ժամանակի պես սուրաց
գետնից ամպ, ամպից՝ երկինք:
-Ահա սահմանն իմ թևերի մեջ է,-ասաց թռչունը,
և գծեց պատկերը կաղացող և տեղում
դոփող մարդկանց նոր Հայրենիքի:
Նրանք կապույտ որձաքարերի զրնգոցներում
գտան ժանգոտած բանալին,
և որձաքարերն ուսած սլացող ժամանակի պես
սուրացին թռչնի ետևից:
Ի՜նչ ներդաշնակ են կապույտ երկինքն ու որձաքարերը,
մանավանդ, երբ կամարները զարդարում են բոլոր շինությունները,
երբ կաղացող ու տեղում դոփող մարդիկ
կամարների վրա արևից զարդաքանդակներ են հյուսում,
որ նվաճողը շլանա, թե՞ գայթակղվի,
այնքան, մինչև թռչունը նոր սահմաններ գծի՝
դեպի Աստված,
Աստծուց էլ այն կողմ:

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՐԸ

Մանկության գույնը մանդարինի բույրն է՝
տոնածառին որպես խաղալիք կախված,
պատանեկությանը՝ վառոդի բույրը
և խրամատի կավահոտը:
Իսկ հետո…
Ծաղկավոր շորերով աղջիկները հեռացան,
ու երգերը մնացին առանց բառերի:
Բոլոր թափառումների մեջ, բոլոր որոնումներում
աղջիկները կանգնած են թիկունքով,
բայց նրանց աչքերում
կուտակվում է այն արտասուքը,
որ հանգրվանին կհոսեր աննկատ,
երբ երբեք այդքան գեղեցկուհիներ
չեն շրջել հին քաղաքի փողոցներով:
Ո՞ւր էին նրանք իմ թափառումների ժամանակ,
ո՞ւր էին հեռացել ու թողել քաղաքը
առանց արևի, առանց բառերի երաժշտության,
առանց ջրի հոսող գետի:
Մանկության գույնը թաքուն արտասուքն է,
երբ գլորվում է ճանապարի վրա,
որով դեռ ոչ ոք չի վերադարձել:
Իսկ հեռացողները թիկունքով գրկում են
աղջիկների հայացքները,
որոնք խրամատների մեջ ասեղնագործում են
գրկաբաց ճանապարհների կարոտը.
ու մարտից առաջ մեխում խրամատի թաց պատերին:

 

ՓԱԽՈՒՍՏ

Բաժակներում պարպվեց համբերանքը լեղի,
առաստաղից կախվեց պատկերը հեռացման,
վերջին հրաժեշտի մեկնած ձեռքը դեղին
աղոտ ճանապարհն էր գծում անցման:
Այստեղ մենք ապրեցինք ինչպես խաշնարածներ,
մախաղն անվերջ կախված մեր ուսերից,
ինչպես ցավոտ ոտքով հաշմվածներ,
քայլող հիշատակներ մեր ցեղերից:
Մի ժամանակ կարծես մենք ունեինք աչքեր,
որ գրկում էր հողը արեգակով լցված,
հիմա ճերմակ քողը, թուխպը ամպե
այնպես խնամքով ու նրբորեն են գծված,
որ բաժանման պահին, հրաժեշտին ցավոտ,
մեր աչքերը կախենք քո մարմնից,
իմ քնքուշ Հայրենիք, իմ կապույտ առավոտ,
ինչպե՞ս, ինչքա՞ն փախչենք կուրացումի ձեռքից;
Բաժակներում պարպվեց համբերանքը լեղի,
առաստաղից կախվեց պատկերը հեռացման,
վերջին հրաժեշտի մեկնած ձեռքը դեղին
աղոտ ճանապարհ էր գծում անցման:

 

ԱՆՀԱՍՑԵՈՒԹՅՈՒՆ

Դանդաղ մեռնում են ջրերը սաթե,
և վերադարձի հույսեր էլ չկան,
թղթե նավերը հին ու սադափե
դառնում են հուշի գունավոր նկար:
Աղավնիները ծույլ ու անթռիչք
բառեր են ծամում հին նամակներից,
ձայները օդում դառնում են կռինչ,
ու սև անձրև է թափվում վերևից:
Ու՞ր է պատկերը էն հանրածանոթ,
և հանգրվանը էն մարդափրկիչ,
գուցե մշուշ է, կամ ամպ է քամոտ,
գուցե հողմեր են մութ ու ավերիչ:
Սակայն աղավնին նամակ է բերում՝
ճեղքելով հողմի քղանցքները թաց.
-Այս հավերժական ու կապույտ երկրում
մարդը եղել է լոկ ինքնատյաց:
Եվ ո՞վ է ասել, թե վերադարձի
պատերը այնքան անհույս են շարված,
որ տաք բուրմունքը թշշացող հացի
հին սահմաններից դուրս է տարածված:
Բայց թե մեռնում են ջրերը սաթե
և վերադարձի հույսեր էլ չկան,
թղթե նավերը հին ու սադափե
դառնում են հուշի գունավոր նկար:

 

ԱՅՍ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԲԱՑՎԻ

Այս պատուհանը երբեք չի բացվի,
դռան գույնը կխամրի արևից,
այգին կծաղկի աննպատակ,
պտուղները կմեռնեն հողի վրա:
Սողում է ժամանակը, գալարվում օձի պես,
ու փոշոտ ճանապարհներին
դաջվում է նրա ոլորապտույտ ստվերը.
թափառական, ինչպես քամի,
անվերադարձ, ինչպես ինքը:
Այս պատուհանը երբեք չի բացվի,
դռան գույնը կխամրի արևից:
Ստվերները գիշերով կգան
լուսաբացին կհեռանան
թափառական ստվերները՝
թափառական կարոտներով,
թափառական սերերով,
թափառական օրորներով,
թափառական արցունքներով,
թափառական բառերով՝
-Վաղուց լուսաբաց է,-
շշնջում է խամրող դուռը
թափառական ստվերներին,
և բացում իր քայքայվող մարմինը
արևի դեմ:

 

ԵՐԵՎԱՆ, ԹԵԿՈՒԶ՝ ԷՐԵԲՈՒՆԻ

Դեռ չէի հասցրել պառկել խոտին,
նայել երկնքին,
երբ ծառը փակեց երկնքի բոլոր մուտքերը,
ծառը՝ եռագույն պտուղներով:
Եվ երրորդ գույնի պտուղներից
յոթի կորիզնեից մեկը բանալի էր,
որ բացում էր հայրենիքի կամ
դրախտի դուռը.
մնացածները սղոցներ էին,
որ անընդհատ սղոցում էին ծառի բունը՝
երկնքի պատկերը բացելու համար:
Այսպես, մի ձեռքում բանալի, մյուսում՝ սղոց,
կանգնած եմ ծառի տակ,
ասում են՝ արդեն 2799 տարի:

 

ԳՐԿԱԲԱՑ ՀԱՅՐԵՆԻՔ

Մի ափաչափ հաց էր, մի կուժ գինի,
դա՜շտ էր, քա՜ր էր, առո՜ւ, այգի՜,
այն հին ծեսերն արդեն էլ չեն լինի,
թաց էր դուռը իմ հին հայրենիքի:
Մի սրտաչափ հող էր, կանաչ անձրև,
ու լալագին տողեր օտար հիմնի,
բայց տարածքը լույս էր, գանձ էր,
լաց էր դուռը իմ հին հայրենիքի:
Մի քամի էր բարի ու անծանոթ,
մի էգ թռչուն՝ մենակ,որբևայրի,
և ծխացող, դատարկ մի առավոտ,
բաց էր դուռը իմ հին հայրենիքի:
Մի ափաչափ հաց էր, մի կուժ գինի,
դա՜շտ էր, քա՜ր էր,առո՜ւ,այգի՜,
այս առավոտ արդեն ես չեմ լինի,
գրկաբաց է դուռը հայրենիքի:

 

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Այսքանն է՝ ծիծեռնակը վերադարձավ,
ծիծեռնակը չվեց:
Երկինքը, ուր բացի թռչուններից
անձրև ու ձյուն է թափառում,
մեկ էլ՝ տեսանելի կարոտները
հին, շատ հին ժամանակներից
անձրևի և ձյան մեջ թափառող:
Տոն օրերին երկնափեշերով իջնում են տանիքներին,
որոնց երևակայական գերաններին
ծիծեռնակների բներն են,
իսկ մահճակալներին,սեղան-աթոռներին
դարսված հին ու նոր ծերտը:
Ծղրտոցը լցնում է փողոցի դատարկ ժամանակը.
ի՜նչ զարդարուն գարուններ են այստեղ,
շողշողուն ամառներ,թավշե աշուն,
ի՜նչ զրնգուն են ծղրտում
սև ու սպիտակ ձագերը` առաջին անգամ
անհոսանք լարերին թառած:
Քաղա՜ք,դու կարոտում ես ինքդ քեզ,
քո անունը,քո հասցեն,քո ժամանակը:
Երբ էր, խառնված էին թռչուն ու մարդ,
ու միայն այդ ժամանակն էր գերիշխողը,
իսկ արևը հոսում էր քո ձեռքից բռնած:
Խեղճ ծիծեռնակ.երկու բների արանքում,
ո՞րը լքի, ո՞րը կարոտի:
Խեղճ քաղաք, բացված, լայն բացված դարպասներով,
ոտնաձայների կարոտի մեջ մորմոքող,
առանց ժամանակի կամ՝ Երևանի ժամանակով:

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Լռությունը ծաղկեց դռան փեղկին.
մեկը բացեց այն,
և ժամանակը հոսեց այնտեղից իբրև ներկա:
Զարմանալի չէ, երբ դուռը խոսել գիտե՝ ճռինչով,
քայլել՝ ժամանակի հետ,
լռել՝ ժամանակի մեջ,
կարոտել՝ ժամանակից դուրս.
-Եկե՜լ ես,-ասում է երգեցիկ ճռինչով,
և թռչուններին հրավիրում ծաղկահանդեսի:

Փնտրաբառ՝ hayrenik barov naxadasutyun

Share Button

1 Կարծիք

  • Վարդան says:

    Տպավորիչ շարք էր: Այս բանաստեղծությունը շատ սիրեցի :

    Լացս մնաց կիսատ.
    զարմանալի բան է ծիծաղը,
    երբ գալիս է սահմանը հատելու պահին:
    Ու՞ր հոսեցին ցամաքող ջրերը՝
    ձկների բաց ու խուփ բերաններին քսվելով:
    Սպասի՛ր, լայն բացի՛ր աչքերդ,
    տարածությունը ավարտվում է,
    երբ քամիները լցվում են ջրերի մեջ:
    Հեռացի՛ր ետ չնայելով,
    այլապես ջրախառը քամիները
    կջնջեն սահմանը մոլորյալների:
    Ծիծաղս մնաց կիսատ.
    զարմանալի բան է լացը
    սահմանից այն կողմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *