Առաքել Սեմիրջյան | Սեյրան

Ռմբակոծությունը չէր դադարում: Որոշել էին մի գյուղ վերցնել, բայց երեք դիրքից ավել առաջ չկարողացան գալ: Էդ երեք դիրքն էլ հո դիրք չէր, մի ամայի տարածք, ու չգիտես` արժե՞ր էդքան զոհի գնով դիրքերը գրավել, թե՞ չէ, բայց դե, պետք է ժողովրդին ցույց տային, որ հող են ազատագրել: Էս կողմն էլ ժողովրդին պետք է ցույց տար, որ թշնամուն էդքան զոհ էր պարգևել, ու երկուսն էլ ցույց տվեցին:

3 օր, 3 գիշեր հետո ամեն ինչ հանդարտվեց՝ չհաշված 3 դիրք ու 3 անհայտ կորած: Էն 300 զոհերը հաշիվ չէին, կարևորը էդ 3 անհայտ կորածներն էին՝ Մուրադ Գաջիև, Ազատ Հակոբյան ու Սեյրան:

Ռմբակոծությունից հետո դիակներն անճանաչելի էին. գլուխներն ու ականջներն էլ, որ տեղում չէին, ընդհանրապես դժվար էր դարձնում ճանաչման պրոցեսը:

Ազատի հերն ու մերը խոպանում էին, ու արդեն 20 տարի էր, ինչ նրանցից խաբար չկար՝ ամեն դեպքում գյուղում տենց էին ասում, բայց նաև շշուկով պատմում էին, որ Ազատը երբեք էլ հեր ու մեր չի ունեցել, իրան գտել են գյուղի բուժկետի դիմաց ու էսպիսի լեգենդ են հորինել: Էդ տղեն ո’չ դակումենտ է ունեցել, ո’չ էլ մի կարգին տուն-տեղ, մենակ զարմանալի է, թե զինկոմիսարիատը ոնց է նրա տեղն իմացել ու զորակոչել:
Ամառները մորուք էր պահում ու գնում սար՝ գառնարածության, ձմեռներն էլ մի տեղ փակվում էր ու խմում մինչև գարուն, որից հետո՝ էլի սարեր, որ մի տարվա արաղի փող հավաքի ու ձմեռները խմի:

Հիմա որ ասեն՝ իրան շատ մարդ է տեսնող էղել էս աշխարհում, տենց էլ չի` ինքը համ կար, համ էլ չկար, ու դուզգյունի չէին էլ կարա ասեին՝ ինչ տեսք ունի, որովհետև անխնամ թրաշի տակից դժվար էր տեսքը նշմարվում: Վայենկոմատում էլ, որ պետք է զորակոչեին, նկար էին ուզել, ինքն էլ բռնել, մի անկապ նկար էր տվել, սրանք էլ վերցրել, կպցրել էին անձնական գործին:
Հա՛, մանկությունից մոռացա պատմեմ՝ էն չամուսնացած բուժքույրը, որ բուժկետի դիմացից Ազատին գտել էր, ամաչել էր նրան միանգամից որդեգրի, համարձակություն էլ չէր ունեցել տանի մանկատուն հանձնի՝ մտածելով, որ եթե որդեգրի, կասեն իր ապօրինի զավակն է, իսկ եթե մանկատուն հանձնի, կասեն՝ սեփական էրեխուն մանկատուն է հանձնել, դրա համար էլ կիսաօրինական, կիսաապօրինի, ամեն օր իր կյանքը անիծելով էդ երեխուն պահել էր մինչև ոտի կանգնի, որ իբր դրանից հետո ինքն իր սեփական կյանքը դասավորի, էն էլ տենց էլ սեփական կյանք չէր ունեցել ու գնացել էր քաղաք` սեփական կյանք որոնելու՝ Ազատին թողնելով գյուղի գառների ու այծների հույսին՝ գյուղի գառներին ու այծերին էլ՝ Ազատի հույսին:

Ազատը ոչ ընկեր էր ունեցել, ոչ էլ առավել ևս բարեկամ, բայց ոչ մեկից էլ պարտք չէր արել, ոչ էլ որևէ մեկը իրենից, դրա համար ոչ նրա լավի մասին կարային խոսեին, ոչ վատի՝ ինքն իրենով նենցն էր, ոնց որ կար, ու քանի պարքով փողի պետք չէր ունեցել, տենց էլ ընկեր չէր ունեցել, մինչև չզորակոչեցին ու չվստահեցին Թալիշի 17-րդ հենակետը:

Մուրադը 9 երեխուց ամենակրտսերն էր ու վստահ էր, որ ամենակրտսերը չի մնալու, ու տենց էլ եղավ, բայց ինքն իրեն 9 երեխուց ամենակրտսերն էր համարում, սակայն ինքն էլ իրականում չգիտեր՝ իրենք ինն էին, թե տասնինը: Տենց էլ մինչև բանակ զորակոչվելը չկարողացավ հաշվել իրենց տան երեխեքի քանակը, ու մի բան էլ չկարողացավ պարզել՝ իր մերը իր մե՞րն է, թե իր ավագ քույրն է իր մերը, ով վաղ հղիություն է ունեցել, ու իր տատը ի լուր աշխարհի հայտարարել է, որ ինքն է էրեխու մայրը: Տենց անորոշության մեջ էլ ինքն իր համար ապրում էր, մինչև չասացին, որ «Սուրբ հողը» քեզ է կանչում ու պետք է այն ազատագրես:
Պատերազմն էլ մի միջոց էր տնից հեռանալու ու ոչ մեկի երեսը չտեսնելու՝ համ ավագ քրոջ, որ հնարավոր է՝ մայրը լիներ, համ էլ պաշտոնական ընդունված մոր, որ հնարավոր է՝ տատը լիներ:

Մուրադի համար էլ էր դժվար տարբերել իրականում ով ով է, քանի որ մայրն ու քույրը երկուսն էլ հավասարաչափ իրեն ատում էին՝ մեկը հնարավոր է՝ վաղաժամ իրեն տատ սարքելու, մյուսն էլ՝ հնարավոր է՝ վաղաժամ իրեն մայր սարքելու համար, բայց սրանք միայն կասկածներ էին, որոնք շշուկների տեսքով գալիս, հասնում էին Մուրադի ականջին, ու միայն էդ շշուկներից ազատվելու համար էլ նա չտխրեց, երբ իրեն նշանակեցին սահմանի ամենավտանգավոր հատվածը՝ Թալիշ 71:

Ոչ Ազատը, ոչ էլ Մուրադը կյանքում չէին էլ կարող կասկածել, որ դիմացի խրամատում նստածը կհայտնվի իր հետ միևնույն նորավեպում, եթե չլիներ էդ չարաբաստիկ ապրիլի լույս 3-ը:

Հրամանատարները գիշերվա 3-ին Մուրադին արթնացրին, թե բա՝ պետք է գնաք դիմացի գյուղը գրավելու, ինքն էլ քնաթաթախ վեր կացավ, ու չհասկացավ, թե էդ գյուղը իրա ինչին է պետք՝ պարզապես, որ գուբախտ չտանեն, որտեղ կարող է նրան բջի լակոտ անվանեին, առանց իմանալու, որ հնարավոր է իր քույրը իր մայրն է, իսկ մայրն էլ տատը, նա առաջինը հպարտ կանգնեց ու ասաց. «Ծառայում եմ հայրենիքիս»:

Հայրենքիը երեք օր, երեք գիշեր չէր կարողանում գտնել իր անհայտ կորածների նկարները, որ լրատվամիջոցներով տարածի: Վերջը անգլուխ դիակներից մեկի ուսի դաջված նկարից ենթադրեցին, որ Ազատն է, իսկ մյուս անականջ ու անքիթ դիակի վերնաշապիկի գրպանից հայտնաբերված նկարից ենթադրեցին, որ՝ Մուրադը:

Տենց էլ ենթադրյալ Մուրադին հռչակեցին Ադրբեջանի ազգային հերոս, իսկ ենթադրյալ Ազատին էլ՝ Հայաստանի:

Էս պատմությունը շատ սիրուն չէր լինի, եթե Ազատենց գյուղի Ազիզ պապը գյուղի դպրոցի հերոսների նկարներով պլակատի վրա չկարդար Ազատ Հակոբյան անուն ազգանունը ու բարձրաձայն միտք չաներ, որ նկարում պատկերվածը էս մեր գյուղի Ազատին հեչ նման չի:

Մուրադի քույրը, որը հնարավոր է նրա մայրը լիներ, ընդհանրապես ձեն չէր հանել ենթադրյալ Մուրադի նկարը տեսնելուց՝ վախենալով, որ կարող է հորը ընդհանրապես չնմանեցնեն, ու սկսեն հին շշուկները նորովի թարմացնել, դրա համար էլ գոհ էր, որ ենթադրյան Մուրադին Ադրբեջանի հերոսի կոչում են տվել ու ընտանիքին թոշակ նշանակել և, ամենակարևորը, թաղել Շահիդների պուրակում՝ իրենց գյուղից կիլոմետրերով հեռու:

Իսկ Սեյրանը՞… Սեյրանը ի՞նչ, ոչ ադրբեջանցիք, ոչ էլ հայերը տենց էլ չկարողացան պարզել, թե էդ տղեն հայկական կողմից է զոհվե՞լ, թե՞ ադրբեջանական, ոչ էլ էդ դաշտում պառկած անհայտ մեռելի անուն ազգանունը իմացան, միայն թե պատմում էին, որ զինակիցները դիրքերում լսել են, որ մահամերձ Ազատն ու Մուրադը երեք օր, երեք գիշեր անընդմեջ կանչում էին՝ Սեյրա՛ն, Սեյրա՛ն, Սեյրա՛ն…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *