Արմեն Գրիգորյան | Արևի լույսը

Լուսանկարը՝ Հասմիկ Սիմոնյանի

Տասը, ինը, ութ… երեք, երկու, մեկ…Գնացինք…
Արևը դուրս էր եկել իր առանցքից ու մոտենում էր երկրագնդին` վերացնելով իր ճանապարհին ընկած բոլոր մոլորակները, աստղերն ու գիսաստղերը: Գիշատիչ սև երախի պես մի անցք էր բացվել նրա մակերեսին ու իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ կուլ տալով՝ մեծ արագությամբ շարժվում էր դեպի երկիր մոլորակը: Ամենուր արև էր, անտանելի շոգ ու աչք ծակող ճառագայթներ: Երկրի վրա խուճապ էր, ամեն ինչ խառնվել էր իրար, ժամանակը նույնպես դուրս էր եկել իր առանցքից ու այլևս դժվար էր հասկանալ, թե օրվա որ ժամն է:
Մարդկային կյանքը դանդաղել էր, չկար նախկին աշխուժությունն ու անցուդարձը: Մի անհասկանալի խուճապ էր, որը դժվար էր բառերով բացատրել: Մարդիկ շոգից փոխվել էին՝ վերածվել դանդաղ ու թույլ շարժվող էակների, կենդանիները թաքնվել էին հեռու անտառներում: Բոլորը սպասման մեջ էին:
Հեռո՜ւ, հեռո՜ւ ամեն ինչից, մի կորած վայր կար, որը նման էր անտառի, որտեղ դեռ տեղյակ չէին, թե ինչ է կատարվել արեգակնային համաստեղությունում: Լեռները չորս կողմից փակել էին Անտառը, և մարդիկ ու կենդանիները դեռ շարունակում էին առաջվա կյանքով ապրել:
Ամենաբարձր ծառի փչակից գլուխը դուրս հանեց մի թռչուն, հետո ամբողջ մարմնով դուրս եկավ, կանգնեց ճյուղի վրա ու սկսեց աջ ու ձախ նայել: Ցատկոտեց առաջ, հետո` հետ, շրջվեց, նայեց երկնքին ու հիասթափվեց: Իրականում վաղուց պետք է լույս լիներ, բայց մութը շարունակում էր իր տևական ներկայությունը: Նրա երեք ձագուկները նույնպես դուրս եկան փչակից, նրանցից մեկը սկսեց ծլվլալ, բայց հանդիպելով մոր խիստ հայացքին՝ լռեց: Լռությունը խախտեց Անտառով անցնող ուժեղ քամու ձայնը, հետո՝ էլ ավելի ուժեղ ձայնային ալիքը: Թռչունները նայեցին դեպի վեր. Անտառի վերևով ինչ-որ մեծ բաներ էին թռչում, որոնք լույս չէին արձակում, բայց մթության մեջ շողարձակում էին գույնզգույն կայծիկներ: Ձագուկներից մեկը, որը դեռ թռչել չգիտեր, հավասարակշռությունը կորցրեց ու ճյուղից ընկավ ներքև: Մայրը դեռ երկար չնկատեց նրա բացակայությունը:
Այս հեքիաթային և միևնույն ժամանակ տարօրինակ վայրում ապրում էր մի երիտասարդ: Նա ամբողջովին միայնակ էր. տևական ժամանակ էր, ինչ նրա ծնողները կորել էին Անտառում: Վերջին մի քանի տարում Անտառը բազմաթիվ մարդկանց էր կուլ տվել: Տղան ապրում էր որս անելով, նրա անունը Լասման էր:
Անտառում լռություն էր տիրում, միայն եղնիկի ոտնաձայն էր լսվում: Ծառի ետևում թաքնված որսորդն արդեն հոգնել էր սպասելուց, նա շորով փակեց դեմքն ու արդեն պատրաստվում էր նետահարել եղնիկին, երբ քամու ալիքը խփեց դեմքին: Երկրոդ ալիքից հետո նետը դուրս թռավ նրա ձեռքից ու սլացավ հակառակ ուղղությամբ, ոտքը սայթաքեց, նա ընկավ գետնին: Ծառի վրայից մի թռչնակ ընկավ ուղիղ նրա կրծքին: Թռչնակն այնքան անօգնական տեսք ուներ, որ որսորդը խղճաց նրան, վերցրեց ու տարավ իր խրճիթը:
Վերջին օրերին քամու ալիքները շատացել էին, ու Լասմանը մտադրվել էր գնալ այդ ուղղությամբ ու պարզել, թե ինչից են դրանք առաջանում: Նրան ոչ այդքան անհանգստացնում էին երկնքով սավառնող տարօրինակ կայծ արձակող կենդանիները, որքան լույսի բացակայությունն ու անտառում տիրող տարօրինակ կենդանական շարժը:
Այդ օրը Լասմանը որոշեց ճանապարհ ընկնել, պարզել եղելությունն ու գտնել Անտառում կորած իր հարազատներին: Հավաքեց իրերը, մի քանի օրվա ուտելիք ու ճամփա ընկավ: Իր հետ վերցրեց նաև թռչնակին, որին դիմում էր Մատեյ անունով: Լասմանը երբեք չէր եղել Անտառի այն հատվածում, որտեղից ալիքներն էին գալիս: Ճանապարհը երկար էր լինելու, մինչ այդտեղ հասնելը նրա առաջ հայտնվեցին եգիպտացորենի դաշտերը, որոնք մթության մեջ սարսափելի ու վախեցնող էին թվում, կարծես դեպի երկինք նայող սուր թրեր լինեին՝ ամեն վայրկյան պատրաստ վնասելու: Լասմանը մի պահ վարանեց, հետո, հիշելով հարազատների գտնելու իր անվարան ցանկությունը, հավաքեց խիզախությունն ու քայլեց: Ուժեղ քամի սկսվեց, թփերն սկսեցին ուժգին սոսափել ու խշխշալ: Քամին այնքան ուժեղ էր, որ Լասմանը չէր կարողանում առաջ շարժվել: Նա դեմքով շրջվեց դեպի քամին ու նստեց գետնին` սպասելով քամու թուլանալուն:
Հանկարծ նա վեր նայեց ու տեսավ, որ իր առաջ կանգնած է մի հսկա` սև, հրեշավոր մկաններով, որը ձեռքն առաջ մեկնելով՝ պատրաստվում է բռնել իր վզից: Լասմանը վեր թռավ, հետ շրջվեց ու սկսեց ամբողջ ուժով վազել, ինչը շատ դժվար էր ուժգին քամու պատճառով: Հսկան հասավ նրա հետևից ու բռնելով նրա հագուստից՝ օդ բարձրացրեց. մի այնպիսի ահարկու ձայն հանեց, որից հետո անգամ քամու ձայնը սկսեց հաճելի թվալ Լասմանին: Հսկան բարկացել էր, որովհետև Լասմանը նստել էր նրա ուտելիքի վրա: Կատաղած հսկան հուր ու երկաթ թափող կատաղությամբ ամբողջ ուժով մի հարյուր մետր հեռու շպրտեց տղային, ու նա շրխկոցով ընկավ դեպի երկինք սլացող թրերի կույտերին: Մի ակնթարթ հետ նայելով՝ Լասմանն սկսեց վազել հսկայի գոռում-գոչյուններ տակ: Շխկշխկացնելով եգիպտացորենի թփերն ու իր վրա կախված իրերը՝ անցավ վերջին թփերն ու թռավ մթության մեջ:
Մթությունը մի փոս էր, որտեղ էլ նա հայտնվեց: Անակնկալ գահավիժումից խելքի գալով և մի կերպ վեր բարձրանալով՝ սկսեց շոշափել իրեն՝ տեսնելու համար վնասվել է, թե ոչ, բայց հենց նույն պահին, կորցնելով հավասարկշռությունը՝ կրկին սայթաքեց՝ ու գլորվելով գահավիժեց ցած՝ ջարդելով իր տակ ընկնող փոքրիկ ծառերը, որոնք քերծելով քսվում էին նրա դեմքին:
Լասմանի ուղեղը սկսեց արագ աշխատել՝ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելով: Նա ակնդետ ներքև էր նայում, բայց մթից բացի ոչինչ չէր տեսնում: Մտքում արդեն հասցրել էր զղջալ՝ տնից հեռանալու համար, երբ նույն պահին ծառի մի ճյուղ հայտնվեց ձեռքերի մեջ: Նա ամուր կառչեց ճյուղից ու դադարեց գլորվել: Ճյուղից բռնելով՝ նա փորձեց բարձրանալ, բայց հանկարծ զգաց, որ իրականում հենց ճյուղն է իրեն քաշելով վեր բարձրացնում:
Լասմանը վերև էր բարձրանում, նա փորձեց թողնել ճյուղը, որովհետև արդեն անվտանգ էր, բայց ճյուղը փաթաթվելով նրա դաստակին՝ սկսեց սեղմելով վերև քաշել: Ճյուղը գնալով ավելի ու ավելի արագ էր քաշում Լասմանին, ապա բարձրացրեց ու ցած նետեց: Լասմանը վեր կացավ ընկած տեղից, թափ տվեց իրեն ու նայեց շուրջը: Շրջապատում ամենուր ծառեր էին, որոնք խիտ կպած էին իրար, ինչի պատճառով էլ անհնար էր այդտեղից դուրս գալ, բայց տարօրինակ կերպով Լասմանն իրեն ապահով էր զգում:
Ծառերի տերևները այնքան գեղեցիկ էին, տարբեր գույներ ունեին, ու Լասմանի համար հաճելի էր շնչել այդտեղի օդը: Նա մոտեցավ ծառերից մեկին ու հոտ քաշեց: Լասմանին թվաց, թե դա աշխարհի ամենահրաշալի հոտն էր: Հետո նրա քունը սկսեց տանել, նա սկսեց հորանջել, իսկ ծառերը սկսեցին կամաց-կամաց մոտենալ իրար ու ավելի խտանալ. Լասմանը չէր հասկանում, որ վտանգի մեջ է:
Այդ պահին նրա ուսապարկից դուրս եկավ Մատեյն ու սկսեց ծլվլալ, ապա թափահարեց թևիկներն ու թռավ: Մատեյն սկսեց ծառերի վրա թռչկոտել՝ կտցահարելով ծառերի ճյուղերը, ճիշտ է, տքնաջան աշխատանքից նա մի քանի փետուր կորցրեց, բայց ծառերը սկսեցին ետ քաշվել և նրան հաջողվեց Լասմանին դուրս հանել գերությունից: Նրանք դանդաղ դուրս եկան գետի ափ: Լասմանը հազիվ ուշքի եկավ քնկոտությունից ու նայեց իր առաջ կանգնած թռչնակին, որը կարծես մարդու հայացք ունենար: Մատեյը կարծես մեծացած լիներ: Լասմանը հասկացավ, որ թռչունը փրկել է իր կյանքը:
– Մատեյ, դու այդ որտեղի՞ց հայտնվեցիր իմ կյանքում, որտե՞ղ են քո հարազատները, բայց դու մի անհանգստացիր, մենք կգտնենք և՛ իմ, և՛ քո ընտանիքներին, չմտածես,-ասաց նա:
Լասմանը հանեց իր ուտելիքները, մի քանի փոքրիկ կտոր տվեց Մատեյին ու սկսեց նայել երկնքին:
Հանկարծ Լասմանի հայացքը փոխվեց, Մատեյը շտապեց ծլվլալով մտնել ուսապարկի մեջ. երկնքով շատ արագ սև ծուխ էր անցնում, այն մեկ կերպարանք էր ստանում, մեկ նորից ծուխ էր դառնում, կլորանում, պտտվում: Անհասկանալի զանգվածը շարժվում էր դեպի այն կողմը, ուր Լասմանն էր գնում: Լասմանն արագ վերջացրեց ուտելն ու գետի ափով շարժվեց դեպի ժայռը, որտեղ կորում էր սև ծուխը: Լասմանի ձախ կողմում Անտառն էր, իսկ աջում՝ գետն ու ցածր բլուրներ:
Լասմանն արագացրեց քայլերը, նա արդեն վազում էր: Զգում էր, որ պետք է արագ շարժվել: Ժամանակն իր օգտին չէր, զգում էր, որ ինչ-որ բան է կատարվում կամ դեռ պիտի կատարվի:
Նրանք քայլելով հասան մի տարածություն, որտեղ ավարտվում էր գետն ու սկսում հարթավայրը: Մեծ ժայռը հյուսիս-արևելքում էր, մինչև այդ հարթավայրն էր, հարթավայրից առաջ՝ ավերակներ էին, ավերակների կողքին անտառային հատված էր, որտեղից լույսեր էին կայծլկտում: Մինչև անտառին հասնելը Լասմանը մի հատված պետք է անցներ, որը փակված էր ամպերով: Նա հավաքեց իր կամքն ու նետվեց արկածներին ընդառաջ:

Թաքնված տարածք
Լասմանն արագ, բայց առանց շտապել իջնում էր ներքև: Նրա գլխում անընդհատ տարբեր մտքեր էին պտտվում` արդյոք ի՞նչ է սպասվում իրեն, որտե՞ղ են իր հարազատները, կստացվի՞ արդյոք գտնել նրանց: Տագնապ ներշնչող մտքերը նրան վախեցնում էին, բայց բավական էր որ Լասմանը հիշեր իր փոքրիկ ընկերոջ՝ Մատեյի սխրանքը, երբ սիրտը հույսով էր լցվում. եթե այս փոքրիկն այսպիսի քաջագործության է ընդունակ, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ, ինքն իրավունք չունի հուսահատվելու և վախենալու:
Լասմանը հասավ այնտեղ, որտեղից սկսվում էր Թաքնված քաղաքը՝ ամբողջովին սպիտակ մշուշի մեջ ընկղմված: Զգուշավոր կերպով շոշափելով գետինը՝ տղան առաջ էր շարժվում՝ հասկանալով, որ իր ոտքերի տակ աստիճաններ են, և ամեն քայլի հետ ինքն էլ ավելի է ներսուզվում մշուշի մեջ: Սպիտակ մշուշն արդեն լիովին փակում էր տեսադաշտը, ևս մի աստիճան՝ և մշուշն արդեն կծածկեր Լասմանի գլուխը: Համարձակություն հավաքելով՝ Լասմանն աչքերը փակեց, խորը շունչ քաշեց և ընկղմվեց մշուշի մեջ: Երբ կրկին բացեց աչքերը, տեսավ, որ իր դիմաց սպիտակ պատեր էին` ծածկված գունավոր ծաղիկներով, իսկ ծուխն ընդամենը քողարկման համար էր: Առաջ շարժվեց, տեսարանն ավելի ու ավելի էր գեղեցկանում, աջ կողմում գետ էր, որի վրա ծաղիկներով զարդարված կամուրջ էր, ձախ կողմում տներ էին՝ ամբողջությամբ գունավոր ծաղիկների մեջ կորած: Լասմանը ետ շրջվեց` զգալով, որ ինչ-որ մեկի հայացքը ծակում էր իր թիկունքը: Տղայի դեմքի հիացական արտահայտությունն ակնթարթորեն փոխվեց, երբ տեսավ, որ իր վրա մի քանի նետահարների հայացքներ են ուղղված: Հասկացավ, այս սիրուն քաղաքում հյուրերի չեն սպասում:
Նրան տարան մի տարածք, որը հնադարյան ամրոց էր հիշեցնում: Այստեղ մարդկանց մեծ ամբոխ էր հավաքվել և բարձրաձայն քննարկում էին երեք եղբայրների չստացված ու վտանգներով լեցուն ուղևորությունը: Երեք եղբայրներ փորձել էին մտնել ահարկու ու ամենակուլ ժայռի մեջ բացված անձավը, որպեսզի ճշտեն, թե ի՞նչ պայթյուններ են անընդհատ լսվում, բայց ճանապարհին հանդիպել էին վարազի, որն առևանգել էր կրտսեր եղբորը և իր հետ թաքցրել ժայռի հեռավոր լաբիրնթներում: Մյուս եղբայրները չէին կարողացել հասնել նրա ետևից, որովհետև ժայռի մուտքը հսկող գայլերի ոհմակը թույլ չէր տվել ներս մտնել և նրանք ձեռնունայն հետ էին վերադարձել:
Ամրոցի ներսում երեք մեծ սեղաններ էին դրված, որոնց վրա գեղեցիկ ափսեներ էին շարված, պատերին տարբեր ժամանակների զենքեր էին կախված, բայց մարդկանց նայելիս տպավորություն էր ստեղծվում, որ գտնվում ես միջնադարում. մարդիկ էլ հագնված էին այդ ժամանակների ճոխ ոճով` գունագեղ ու զարդարված:
Բոլորը մի պահ լռեցին, երբ տեսան Լասմանին: Նետահարների հրամանատարը Թաքնված քաղաքի ղեկավարին ներկայացրեց անկոչ հյուրին ու սպասեց, որ Լասմանն ինքը պատմի իր ով լինելը: Լասմանը նայեց ղեկավարին և ուզեց խոսել, բայց հենց այդ պահին լսվեց կողքին կանգնած նրա դստեր ձայնը. աղջիկը անչափ գեղեցիկ էր և նման էր արքայադստեր: Նրա անունը Նելա էր: Նելայի մազերը դեղին էին ու ալիք տալով հասնում էին մինչև սրունքները: Հագուստը նույնպես գունազարդ էր` կարմիր, կապույտ և դարչնագույն երանգներով, բայց այդ նրբագեղության հետ մեկտեղ նրա գոտուց կախված էր ոսկեզօծ, թանկարժեք քարերով պատված դանակ, որը նրան վայրի ու համարձակ տեսք էր հաղորդում ու էլ ավելի գրավիչ դարձնում:
– Պարոն Սվինտո՛, դուք արդեն երրորդ հյուրին եք բերում հորս մոտ՝ առանց հարցաքննելու. գուցե նա էլ է ուղակի մոլորվել, – ասաց Նելան:
Բայց Լասմանը չսպասեց Սվինտոյի պատասխանին.
– Ո՛չ, ես եկել եմ, որ գտնեմ իմ ընտանիքի անդամներին ու հասկանամ, թե այդ ինչ պայթյուններ են ժայռում:
Ղեկավարը նայեց Լասմանին և ասաց.
– Տղա՛ս, այն, ինչ կատարվում է ժայռի ներսում, տանգնապալից է ու խորհրդավորությամբ լի, այնտեղ հասնելու համար դու ստիպված պետք է լինես անցնել անտառի Սև Կապլանների կողքով, որոնք հրեշներ են, այնուհետև քաոսային ավերակների միջով, որտեղից ոչ ոք չի վերադառնում, մեր վարժված զինվորները, որոնք մեկ շաբաթում հազիվ հասել էին հարթավայր, այսօր վերադարձել են ու կորցրել իրենց եղբորը:
Խոսեց եղբայրներից մեծը.
– Այո՛, վարազը փախցրեց Սեմյուելին: Վտանգները շրջանցելով՝ մենք 6-րդ օրը մեծ դժվարությամբ հասանք հարթավայր, բայց առաջ շարժվել չկարողացանք: Մենք այլևս քիչ ժամանակ ունենք, հեռվից նկատեցինք, որ ժայռի կողքի գետն արդեն ցամաքում է, եթե պայթյունները երկու օրվա մեջ չդադարեն, մենք կորած ենք, պետք է անհապաղ մեկնենք:
Լասմանը խնդրեց ազատել իր ձեռքերը, որպեսզի կարողանա ճանապարհ ընկնել և խնդրեց, որ իրեն օգնություն տրամադրեն, բայց միայն երկու հոգի կարող են գալ իր հետ՝ հնարավորինս աննկատ լինելու և ուշադրություն չգրավելու համար:
Նելան անվարան առաջ եկավ՝ արժանանալով հոր առարկող ու խոժոռ ընդդիմությանը, սակայն երկար վեճից հետո ղեկավարը զիջեց և աղջիկը պատրաստվեց մեկնելու. նրանց միացավ նաև Սեմյուելի մեծ եղբայրը` Վակասը:
Երբ Լասմանը տեսավ անտառային տարածքն ու մթությունը, մարմնով սառցե դող անցավ, դեռ երբեք այդպիսի վախ չէր զգացել: Վակասի պատմությունները կապլանների մասին ավելի մեծ անհանգստություն առաջացրեցին:
Բայց երբ Լասմանը ետ նայեց ու տեսավ Թաքնված քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ, նայեց Նելայի աչքերի մեջ, ներսում կարծես կրակ վառվեց: Ոգևորության մի ուժեղ ալիք զգաց ու, հիշելով անցած ճանապարհը, և վերջնական նպատակը, որի համար սկսել էր այս ճանապարհը, ավելի վստահ առաջ քայլեց: Երեք հերոսները դեռ նոր էին առաջին քայլն արել անտառում, երբ արդեն զգացին, որ իրենց հետևում են: Անտառը կարծես աննկատ աչքեր ուներ: Վակասն ասաց, որ իրեն թվում է, որ Կապլանները այսօր որսի դուրս չեն եկել և հնարավոր է իրենց բախտը բերի և չհանդիպեն նրանց:
– Մենք կհասնենք անտառի գյուղակը, որտեղ ապրում են կիսամարդիկ, նրանք դեռ ողջ են, բայց մենք չենք կարող նրանց հետ շփվել: Կիսամարդիկ հոգիների են նման, նրանք մեզ կօգնեն անցնել ջրվեժի միջով, բայց Կապլանների հետ չեն կարող մեզ օգտակար լինել:
Հանկարծ Նելան դանակը հանեց գոտու միջից և սկսեց վախեցած աջ ու ձախ նայել, Լասմանը փորձեց հանգստացնել աղջկան, բայց նա պնդում էր, որ քիչ առաջ ինչ-որ մեկը քաշում էր իր մազերից: Լասմանը նայեց վերև ու տեսավ, որ ծառերի վրայից կապիկների նման կենդանիներ են կախված` դեմքի ջղային արտահայտությամբ, աչքերի դեղին փայլով ու սև մաշկով: Լասմանը Նելայի ձեռքից զգուշորեն վերցրեց դանակը:
– Մենք հասանք Կապլաններին, քո դանակը կարող է նրանց դուր չգալ:
Հենց նույն պահին ամբողջ հասակով մեկ մի կապլան ցցվեց Վակասի կողքին: Վակասը, նկատելով նրան՝ բղավեց ու փորձեց փախչել, բայց Կապլանները նրան բռնեցին ու թռցրեցին ծառերն ի վեր: Նրա ձայնն այլևս չէր լսվում:
Լասմանը Նելայի գլուխը պահել էր ափերի մեջ, ու ականջին շշնջում էր.
– Նրանք մեզ չեն տեսնում Նելա, նրանք միայն երկաթը տեսան ու լսեցին գոռոցը, մենք պետք է սպասենք ու դանդաղ հեռանանք:
Այդ պահին Մատեյը դուրս եկավ Լասմանի պարկից ու ծլվլալով թռավ դեպի այն կողմը, որտեղից եկել էին: Կապլանները ահասարսուռ ձայներ հանելով, որոնք ծովային քամու և ալիքների ձայն էին հիշեցնում, նետվեցին թռչնակի ետևից: Լասմանը պահը չկորցրեց, նա Նելայի ձեռքից քաշելով վազեց առաջ:
Այդ պահին դանակը Լասմանի ձեռքից ընկավ, և Կապլաններից մեկը նկատեց այն: Նա մերկացրեց ատամներն ու վազեց դեպի դանակը: Լասմանը ետ վազեց ու վերցրեց զենքը: Նրա առաջ մի Կապլան հայտնվեց՝ մեծ մկաններով ու մի գլուխ էլ Լասմանից բարձրահասակ: Լասմանը սպասեց, որ Կապլանը մոտենա իրեն ու սկսեց դանակը շարժել աջ ու ձախ`շփոթեցնելով Կապլանին: Երբ կենդանին արդեն շատ էր մոտեցել, Լասմանը մի հարվածով կտրեց նրա գլուխը:
Լասմանը ու Նելան հասան կիսամարդկանց գյուղակին, ու այդ պահին նրանց հասավ Մատեյը` ժպիտ առաջացնելով Նելայի դեմքին:
– Մենք չենք կարող թողնել Վակասին, – ասաց նա:
Լասմանը նայեց Նելայի աչքերի մեջ, որոնք հիացնում էին իրենց կանաչ անսահմանությամբ ու գլխով արեց՝ հասկացնելով, որ, այո՛, իրենք դեռ չեն կարող վերադառնալ:
Լասմանն ու Նելան մտան գյուղակ: Այստեղ շատ լուսավոր էր, բոլոր ճյուղերից ու տնակների կտուրներից լույսեր էին կախված, կարծես Ամանոր լիներ: Տնակները դեղնավուն փայտից էին սարքված: Լասմանը ետ նայեց ու տեսավ Կապլանների դեղին աչքերն ու ինչ-որ կերպ հասկացավ, որ նրանք այս տարածք մտնել չեն կարող: Դեղին աչքերն աստիճանաբար չքացան: Վերջում միայն զուգահեռ շարժվող երկու առկայծող կետեր մնացին: Լասմանը հայացքով հետևում էր նրանց տեղաշարժին ու անակնկալի եկած, վեր թռավ վախից՝ նրանց շրջապատել էին կիսամարդիկ: Նելան կրկին հանեց դանակը, որի կարիքն այս անգամ չկար. կիսամարդիկ բարի էին տրամադրված նրանց հանդեպ:

Կիսամարդիկ ու ջրվեժը
Կիսամարդիկ Լասմանին ու Նելային ցույց տվեցին ջրվեժ տանող ուղին, որը շրջանցելուց հետո նրանք կարող էին հայտնվել փլատակների մոտ:
Հասնելով ջրվեժին՝ Լասմանն ու Նելան տեսան, որ ջրվեժը շրջանցող և մյուս կողմ գնացող միայն մի կածան կա, որը շատ նեղ էր ու վտանգավոր: Բայց այստեղ նրանց օգնության հասան կիսամարդիկ, որոնք հավաքվելով անցման վրա՝ իրենց մարմիններով «կամուրջ» սարքեցին Նելայի ու Լասմանի համար և նրանք բարեհաջող հասան փլատակներին: Փլատակների մոտ Լասմանը զարմանք ու տարակուսանք ապրեց՝ թե արդյոք ի՞նչն էր Թաքնված քաղաքի ապրողների մոտ վախ առաջացնում. սովորական վայր էր, ու վտանգ հիշեցնող ոչինչ չկար: Միակ անհանգստացնող բանն այն էր, որ փլատակները ձգվում էին ձախից աջ` ամբողջ երկայնքով, և դրանք շրջանցել կարելի էր միայն ձախ կողմով` մութ անտառի միջով, որտեղ բնակվում էին գիշատիչ գայլերը:
Լասմանն ու Նելան մոտեցան փլատակներին, այս հատվածում հողային շերտն ավարտվում էր, ու սկսվում էին սպիտակ քարե կառույցները: Արդեն գիշեր էր, ու լուսնի լույսը լուսավորում էր սպիտակ փլատակները: Որոշ շինություններ ամբողջովին քանդված չէին և մինչև 10 մետր բարձրություն ունեին: Երբ Լասմանը ոտքը դրեց քարե հատվածի վրա, կարծես անտեսանելի մի կոճակ սեղմեց, որը երկրաշարժ հիշեցնող շարժում առաջացրեց: Լասմանը ոտքը հետ քաշեց ու բոլոր փլատակներն սկսեցին շարժվել, դիրքերը փոխել, փոշու ամպեր բարձրացան:
Լասմանը ու Նելան վախից սկսեցին ետ վազել, բայց հաջորդ պահին էլ հողը սկսեց շարժվել նրանց ոտքերի տակ և ինչ-որ անհասկանալի, մողես հիշեցնող կենդանիներ սկսեցին դուրս գալ գետնի տակից: Լասման արագ կողմնորոշվելով՝ արագ բռնեց Նելայի ձեռքն ու երկուսով սկսեցին վազել դեպի Անտառը: Բայց, հանկարծ, Լասմանը կանգնեց ու ետ քաշեց աղջկան: Նելան զարմացած նայեց տղային, նա փակել էր աչքերը, իսկ այդ պահին նրանց գլխավերևով մի մեծ մողես էր թռնում, որը դուրս գալով հողից՝ նորից մտավ հողի մեջ՝ իր հետևից մի մեծ անցք բացելով: Լասման ու Նելան հետևեցին մողեսին:

Ոլորաններն ու հարթավայրը
Լասմանն ու Նելան սկսեցին բղավել, նրանք սահում էին մեծ պլաստմասե թափանցիկ ոլորանների միջով՝ հետևելով մողեսին: Տղան բռնել էր նրա պոչից, ու նրանք սահում էին փլատակների տակով: Հանկարծ Լասմանը նկատեց, որ վերևում տեղի ունեցող շինությունների տեղաշարժը կատարվում էր գետնի տակ գտնվող մեծ մեխանիզմների միջոցով: Եվս մի քանի րոպե մողեսի հետ ճանապարհորդելով՝ տղան ու աղջիկն իրենց հայտնաբերեցին մի հարթավայրում, որտեղ հայտնվել էին մողեսի անբարեհաճ պոչաշարժման հետևանքով: Քար լռություն էր տիրում:
Ժայռն արդեն շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր մետր հեռավորության վրա: Ժայռի ներքևում աստիճաններ էին, որոնք ոլորապտույտ ձգվում էին մինչև գագաթ, որտեղ կրակե ջահեր էին վառվում: Լասմանն առաջ գնաց, Նելան հետևեց նրան: Երբ հասան աստիճաններին, Լասմանն առաջինը ոտքը դրեց աստիճանին ու հանկարծ լսեց Նելայի ձայնը.
– Լասմաաաաան:
Լասմանը հետ նայեց ու տեսավ վարազին, որը երկու ոտքերի վրա ժայռի վրայով թռչկոտելով ուսին դրած վերև էր տանում Նելային: Լասմանն անշարժ հետևում էր նրանց, ապա Մատեյին ուղարկեց Նելայի հետևից, իսկ ինքը, ինչքան դեռ ոտքերի մեջ ուժ կար, աստիճաններով սկսեց արագ վեր բարձրանալ: Երբ Լասմանը հասավ գագաթ, մուտքի մեծ դարպասները բացվեցին` կարծես սպասում էին նրան: Լասմանը ներս մտավ, ներսում շատ լուսավոր էր: Նախկինում նա լսել էր լուսարձակող սարքերի մասին, սակայն երբեք չէր տեսել: Նրա առաջ երեք տարբեր աստիճաններ էին, որոնք տանում էին տարբեր ուղղություններով, մեկը` ուղիղ վերև, մեկը` ներքև, մյուսը` աջ միջանցք, որտեղ լույսեր էին վառվում ու ձայներ էր լսվում: Լասմանը շտապեց այդ ուղղությամբ: Երբ հասավ լույսերին, հեռվից տեսավ մի մեծ սարք, որը ոչնչի նման չէր, նման բան նա երբեք չէր տեսել: Դա մի մեծ երկաթե կառույց էր, որի վրա մարդիկ էին աշխատում, ոմանց նա նույնիսկ ճանաչեց: Նա տեսավ վարազին ու էլի ուրիշ անհասկանալի էակների, որոնք հետևում էին մարդկանց աշխատանքին: Հանկարծ նա նկատեց Նելային, երբ ուզեց կանչել նրան, աղմուկով հետ գնացին առաստաղի պատուհանները, և այն սև ծուխը, որը նա տեսել էր գետի մոտ, ներս մտավ, արագ իջավ Նելայի մոտ և մարդու կերպարանք ստացավ: Մարդը, որը Լասմանին կախարդ թվաց, սպիտակ երկար հագուստով էր, գլխին գլխարկ էր ու էլի ինչ որ բան, որը Լասմանին անծանոթ էր: Նա ամենևին սարսափելի տեսք չուներ, դեռ ավելին՝ ժպտալով նայում էր Նելային.
– Սիրելի Նելա, մենք սպասում ենք քո ընկերոջը, որն այս պահին վերևից հետևում է մեզ՝ համապատասխան մեքենան շարժի գցելու համար:
Լասմանն արագ իջավ ներքև: Լսեց իրեն կանչող ծնողների ձայնը, սակայն պահակները չթողեցին մոտենալ նրանց:
-Արի՛ Լասման, արի՛, ես ուզում եմ, որ դու տեսնես  այս ամենը, չէ՞ որ այս տիեզերանավը ես ու քո հայրն ենք պատրաստել, և շատ լավ է, որ դու քեզ հետ բերեցիր այս գեղեցկուհուն, նա ինձ հետ կգա, – ասաց կախարդն ու մոտեցավ տիեզերանավին:
Լասմանը լուռ հետևում էր նրանց:
– Դու հասկանում ես Լասման, քո հայրը սովորական գյուղացի էր, բայց մի օր նա մի գիրք գտավ, որն օգնեց ինձ կառուցել այդ տիեզերանավը: Ինձ ընդամենը մի փոքր դետալ էր պակասում, մնացածն արդեն շատ ավելի հեշտ էր՝ հաշվի առնելով իմ կախարդական ունակությունները, իմ խելքը, գիտելիքները քիմիայից ու ֆիզիկայից, մեխանիզմներին տիրապետելու իմ ունակությունը: Եվ ես կառուցեցի այս հրաշք սարքը, որն ինձ կտանի հեռու, շատ հեռու, այսինքն` ուրիշ գալակտիկա, որտեղ ուրիշ արև կլինի կամ արևներ: Քիչ հետո ես կթռչեմ, և կիրականանա իմ երազանքը, իսկ դուք մահկանացուներդ, կմնաք ու կայրվեք արևի կրակի տակ:
Այդ պահին Լասմանը խոսեց.
– Դու եսակենտրոն ես ու դաժան, երկագունդը չի կարող վերջանալ, քանի դեռ կա չնչին իսկ հնարավորություն աշխարհը փրկելու, մենք պետք է հավատանք. իրականում հնարավոր է, որ արևը չհասնի Երկիր մոլորակին: Եթե մենք դեռ ողջ ենք, ուրեմն տարբերակ կա: Դու վտանգում ես բոլորին` անխնա ոչնչացնելով ջրի վերջին պաշարները:
Այդ պահին Մատեյը պատուհանից ներս թռավ ու եկավ Լասմանի մոտ: Կախարդը ծիծաղեց.
– Դու ուզո՞ւմ ես ինձ խանգարել այս թռչնակի հետ միասին:
– Ոչ թե թռչնակի, այլ` ընկերոջ,- հպարտորեն ասաց Լասմանն ու վազեց դեպի վարազը:
Լասմանի քաջությունից ոգևորված հուսահատ մարդիկ էլ ըմբոստացան: Խառնաշփոթ սկսվեց: Նելան ու Լասմանը կռվում էին վարազի հետ, որը Լասմանին բռնեց ու շպրտեց մի քանի մետր, Նելան՝ դանակով հարվածեց վարազին, այն պահին, երբ այն իր կոտոշով ծեր մարդու խոցեց: Վարազը ետ շրջվեց, բռնեց Նելայի վզից ու փորձեց խեղդել: Մատեյը կտուցով հարվածեց նրա գլխին, Վարազը բաց թողեց Նելային, նույն պահին օգնության հասած Լասմանը վազեց ու հրեց վարազին, որը, կորցնելով հավսարակշռությունը, աստիճաններով գլորվեց ցած: Այդ պահին կախարդն արագ մտնում էր տիեզերանավ: Լասմանը ու Նելան վազեցին նրա ետևից:
Կախարդն արդեն տիեզերանավ էր մտել, երբ գերությունից ազատված մարդիկ անջատեցին բոլոր սարքերը, ջրի հոսքը կանգնեց:
Կախարդն արդեն գործի էր դնում տիեզերանավը, երբ Լասմանը վրա հասավ.
– Դու չե՛ս փախչի այստեղից, պե՛տք է պատասխան տաս քո արածների համար,-խրոխտ տոնով ասաց Լասմանը:
Կախարդի սպիտակ շորերը սևացան, աչքերը սկսեցին կարմիր լույսեր կայծկլտալ ու նա հարձակվեց Լասմանի վրա: Ձեռնամարտ սկսվեց, Լասմանը մի քանի հարված ստացավ ու ընկավ տիեզերանավի դռան մոտ: Կախարդը մոտեցավ Լասմանին ու փորձեց դուրս նետել նրան, բայց տղան, հավաքելով վերջին ուժերը, ոտքի հարվածով տապալեց նրան: Կախարդը դարձավ սև ծուխ, բայց չհասցրեց թռչել, մարդիկ նրան բռնեցին: Լասմանին թվաց, թե ամեն ինչ ավարտված է, երբ հանկարծ տիեզերանավի դուռը փակվեց նրա առաջ: Նրանք Նելայի հետ մնացին ներսում, բոլոր պատերին թվեր հայտնվեցին, հետհաշվարկ սկսվեց՝ տասը, ինը, ութ… երեք, երկու, մեկ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *