Արման Թովմասյան | Ասորուհիս

Արման Թովմասյան

Ասորուհիս,
Գիտեիր թե կոպերիս տակ
Խաղում են զույգ կարոտներ,
Թե ես Արայի քնքշությունն եմ
Դարեդար չտրված,
Ավաղ ես նոյեմբերի ծնունդ եմ,
Մութ ու մշուշ եմ
Ու սպառել եմ
Բոլոր տեսակ սերերը:
Ասորուհիս,
Միթե դու ծածկ կփնտրես
Նրա մոտ,
Ով թափառում է տանիքներին,
Կգրկես այն գիրկը,
Որում արկտիկական ցրտին
Թրև են գալիս բվերը:
Ասորուհիս,
Իմ ժամանակը մի չոր գիշեր է,
Լույսը կբացվի ցաքուցրիվ,
Ու իրար կոխկռտելով կգան
Մարած-չմարած պարտքերը,
Տրված-չտրված խոստումները,
Լռած-չլռած վախերը,
Դարի ռոբոտաշինության
Ողջ կրկնությունը:
Ասորուհիս,
Գիտեիր, թե ես Արայի
Չտրված քնքշությունն եմ,
Բայց մեր Նինվեն
Քանդվել է վաղուց:

 

***
Ի՞նչ բառով
Քեզ ի՞նչ բառով փնտրեմ,
Ի՞նչ բառերով գույնեմ
Զույգ կոշիկս կարկամած,
Որ իմաց չտան,
Թե քայլել եմ
Մի ամբողջ ամայություն,
Ի՞նչ բառերով համոզվեմ,
Թե եղել եմ քեզնով հողմահար,
Ինչպես տիեզերական արբանյակ
Եղել եմ ընթացքին քո,
Բայց քո ծիրը չեմ հատել,
Ինձ վրա ոտք են դրել
Սարսուռներդ հերարձակ,
Ու երբ մեկ ես եղել
Ու գիրկ ես փնտրել գլուխդ կախի,
Ես շոյել եմ կոշտուկներդ խարկված,
Ու ինչպես հեթանոս մի քուրմ
Քայլքիդ սոսափն եմ շոշափել
Ու իմ ծեփանքն այնպես
Անտաշ եմ թողել:
Ի՞նչ բառերով գնամ
Եվ ի՞նչ բառով լռեմ,
Երբ քեզ բառը ձուլելիս
Մնաս բարյավ չունեմ:

 

***
Օվկիանոս է,
Ես թակարդում ձկնորսի
Ինչպես մի ձուկ,
Ում դուրս ընկած աչքերից
Հոսում է չմարսված մի սկիզբ:
Բոլոր 20-ը մտածները
Աշխարհը քանդում
Ու չեն հավաքում,
Իմ ուզածը մի շիշ շամպայն էր
Ու հանդուգն լուսին,
Ում հետ պիտի Էվրիկա գոչեի
Հորս չփնտրած ճամփեքին,
Պիտի փաթաթեի կծկված վախերը,
Ափսոսանքի կտորտանքները
Ու խճճած հաշիվները,
Որոնք ժառանգություն են
Բոլոր նորածին ծովահեններին,
Ում աշխարհում օրենքները
Կրում են խախտվելու ժառանգություն:
Օվկիանոս է,
Ես կղզի եմ,
Ում ափերին ոսկորներն են մոլորվածի
Ու սնդուկներ խելագար շքեղությամբ,
Որ կան չլինելու համար,
Որպես ցինիկ մի պատասխան
Ժամանակներում վերուվար անողին:
Օվկիանոս է՝
Մեջն էլ կրկնված մի երգ
Նավը լքածներից:

***
Հիշո՞ւմ ես
Դուրս ցցված հույսերով
Ու աչքերով կախված`
Սուրճի մրուրով մենք ժամն էինք մաշում
(Ժամավաճառ էլ մենք չէինք բնավ),
Մենք մենակ չէինք,
Ես քեզ ունեի,
Ու մենք սովոր էինք
Կրելու անգամ երկուստեք բուրող դատարկությունը,
Որով լցնում էնք երազները իսկ:
Հիշու՞մ ես,
Քաղաքի սուլող մերկության փոշին
Մեր հյուրն էր դարձել,
Մեր մյուս ընկերը,
Որը ինքն իրեն կրել չգիտեր
Ու վախենում էր իր հետքից անգամ,
Իսկ մենք և նրան երազ էինք տվել:
Հիշու՞մ ես,
Քանիսը կորան անցնող մայիսում,
Երբ ամեն տարվա կծիկն էինք կոճկում մեր անցած ցեղի,
Երբ մեր գորշության թույրերն էինք զտում,
Ու երբ փակում էինք նրա բերանը,
Ով մեր մարդկային սերվածքն էր նշում:
Եվ գուցե անգամ հիշում ես,
Որ մրոտած թղթերս բոլոր
Դու վառարանից հավաքում էիր,
Եվ այրում էիր դատարկությունն իմ,
Որով ծխում էր քաղաքս լքված,
Որին թողեցինք մի անբույր անուրջ,
Որը թողեցինք լոկ թեյավճար,
Որով բանտեցինք մոռացումը լիրբ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *