Արմինե Գաբրիելյան | Սինագոգ


Հայրս իմ ծննդավայրն է։ Իմ ծննդավայրը հայրս է։ Երկուսն էլ ծերացել են, բայց չեն փոխվել։ Ամեն օր սպասում են ինձ։ Բայց ես շաբաթը մեկ եմ գնում․ ամեն շաբաթ օր, ինչպես հրեա ժողովուրդը՝ սինագոգ։ Մինչև շաբաթ մոռանում եմ երկուսին էլ։ Առավոտից ուշ գիշեր ոտքի վրա եմ։
— Սոված եմ։
— Վերնաշապիկս արդուկված չի։
— Սպորտային կոշիկներս չկա՜ն։
— Մաթեմի խնդիրը չեմ հասկանում։
— Նորից նո՞ւյն ճաշը։ Ուտող չկա՛։
— Ծաղիկները ծարավից լալկվել են։
— Էս անտեր հեռուստացույցը պատերի համար է՞ երգում։
— Աղբը ես թափեմ՝ թափեմ, թե չէ՝ ոչ մեկի մտքով չի անցնի, հա՜։
— Ռուսերենի անգիրը չեմ կարողանում սովորել։
— Ճաշը չտաքացա՞վ։
Եռամսյա հաշվետվություն, անպատասխան փոստ, տնօրենի նկատողություն, չլրացված մատյան, ուսպլան, թեմատիկ պլան․․․ Գը-ժա-նոց։
Շաբաթ օրը դուռը փակում եմ սովածների ու հեռուստացույց լսող պատերի վրա, գրողի ծոցն ուղարկում բազմաթիվ պլաններն ու հաշվետվություններն ու վազում Սինագոգ․․․
— Եկա՞ր,- ասում է անշուք ու ծերացած ծննդավայրս ու ցեմենտ շաղ տալիս երեսիս։
Հայրս ձայն չի հանում։ Սկսում եմ պատմել խելքիս եկածը։ Չեն ընդհատում։
Հայրս ամենաշատը ինձ է սիրում։ Երբեք չի ասել այդ մասին․ ո՛չ ինձ, ո՛չ մորս, ո՛չ որևէ մեկին։ Բայց ես գիտեմ, որ այդպես է։ Եղբայրներս մտածում են, որ ամենաշատը իրենց է սիրում։ Նույն համոզմունքն ունեն հարսներս, թոռները, իր եղբորորդիները, նույնիսկ՝ մորս հարազատներն ու ամուսինս․․․ Ոչ մեկս չենք սխալվում․ մեղրաճանճերի նման թափվել ենք սրտին ու խանգարում ենք արյան հոսքը դեպի ուղեղ։ Էնքան հիմնովին ենք խանգարում, որ տարին մեկ ուղեղի կաթված է ստանում․ տարին՝ մեկիս պատճառով, տարին՝ մեկիս երեսից։
Հայրս իմ գրածներից ոչ մի տող չի կարդացել։ Բայց բոլորին խորհուրդ է տալիս կարդալ ինձ։ Որովհետև իր աղջիկն եմ, իր հոր թոռն եմ ու մոր քթից թռած եմ։
Հայրս իմ հիշողությունն է։ Համի, հոտերի, գույների ու ձայնի ամբողջական փաթեթը։
Եթե հայրս ասի՝ մածունը սև է, կհավատամ։ Բայց երբեք չի ասի՝ մածունը սև է։ Որովհետև իր պատկերացրած մածունը միշտ թառ սպիտակ է, ամենաբարդ խնդիրները պարզ լուծում ունեն, ու իր խրատների ակունքը Աստվածաշունչն է։ Գիրքը իր հայրն է իրեն կարդալ տվել տառաճանաչ դառնալուն պես․․․
Հայրս շատ փող է սիրում, որովհետև թոշակը երբեք չի հերիքում բոլոր թոռներին իր ուզած ձևով ուրախացնելու համար։ Ո՛ր մեկս որ երեխա ենք ունենում, գիտենք, որ սայլակը, հեծանիվը, ինքնագլորը պապի վրա է։
Վաղը շաբաթ է։ Ծննդավայրս ու հայրս սպասում են ինձ։
Ցեմենտի ծերուկ գործարանը շոգենավի նման ծուխ անելով կդիմավորի ինձ, հայրս՝ բազկաթոռին նստած, տատիս գործած շալը՝ ոտքերին։ Լավ է, որ ոչինչ չի փոխվել, և ես ամեն շաբաթ կարող եմ Սինագոգ գնալ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *