Զոյա Փիրզադ | Արքայանարնջի տտիպ համը

         Տունը նրա օժիտն էր։ Մեծ ու լուսավոր սենյակներով, շերտավարագույրներով և լայն սանդուղքներով՝ նախաշեմից սկսվող, գալարվելով երկրորդ հարկի ննջասենյակներին հասնելով։ Ներքնահարկում մի շատրվան կար, որի կենտրոնում՝ հայացքը բակին պլշած, պապանձված մի հրեշտակ։ Բակը ծածկված էր մանրախիճերով։ Ջրավազանի շուրջբոլորը փոքրիկ այգի էր՝ մասրենիների թփերով, կարմիր վարդով ու արքայանարնջի մի ծառով։
Պսակը հայրական տանն արեցին՝ հին թաղի մի մեծ տանը։ Շաբաթներ առաջ իրեր էին բերում հարսի տուն, որն այդ ժամանակ քաղաքի վերևում էր․ ընկուզենու փայտից մեծ մահճակալ՝ ճերմակ ցանցով, բյուրեղապակյա ջահեր ու ոսկե ծոպերով թավշյա վարագույրներ, պահարաններ, բազկաթոռներ, քանդակազարդ սեղան-աթոռներ, ճենապակյա սպասքեղեն, պղնձե կաթսաներ ու արծաթե դանակ-պատառաքաղներ։ Այս ամենի հետ օժիտի մաս էին կազմում ամուսիններ Էբրահիմն ու Գոլբանուն։ Տունը տասը հոգուց ավել մարդուն կացարան կլիներ իր կահ-կարասիով։
Ամուսնության առաջին տարին անցավ Եվրոպա գնալ-գալու պատրաստություններով։ Մեղրամիս, որ փեսացուի հոր նվերն էր։ Հարսը Նոր աշխարհի չտեսնված վայրերը բացահայտեց մանկական հրճվանքով ու ոգևորությամբ․ թևանցուկ արած ամուսնուն, որն իրենից բավական մեծ էր, մի լավ ճամփորդել էր ու շատ փորձություններ ճաշակել, իր երիտասարդ կողակցի ուրախությունն ու հրճվանքը տեսնելով՝ հաճույք էր ստանում։ Ճամփորդությունից վերադառնալուց հետո ամուսնության երկրորդ տարին անցավ ճոխ հյուրասիրություններով։ Փեսացուի ընտանիքը՝ բոլորը հարգանք-պատվի տեր մարդիկ, հյուրասիրության հարցում մրցության մեջ էին մտել հարսի ընտանիքի հետ, որի կարողության և հնարավորությունների վրա ժամանակի փոփոխությունները դեռ ազդեցություն չէին ունեցել։ Երրորդ տարում հարսն ու փեսան իրենց տանը հյուրասիրություն կազմակերպեցին։ Աչքալուսանքի նվերները սկսում էին գեղեցիկներից՝ հասնելով ամենաընտիրներին ու ճոխերին։ Չորրորդ տարին հարսի ընտանիքը արտաքուստ հանգիստ, բայց տագնապով ու հուզմունքով անցկացրեց։ Փեսայի կողմի փսփսոցները բացահայտ էին։
Ջրավազանի կողքի արքայանարնջի ծառը երբ արդեն սկսեց բերք տալ, հարսն ու փեսան երկրորդ անգամ Եվրոպայի ճամփան բռնեցին։ Այս անգամ՝ ավելի քիչ պատրաստություններով, առանց աղմուկ-աղաղակի, հարսի հոր հաշվին։ Տեսարժան վայրերն այս անգամ հարսի աչքին չէին գալիս, փեսայի քնքշությունն ու սիրալիրությունն էլ անօգուտ էին։ Եվրոպացի գիտակ բժիշկներն էլ գլուխ չհանեցին։
Հաջորդ մի քանի տարին անցան հույսերով, սուփռա-սեղաններ գցելով, մատաղներով ու իղձերով։ Շատերը նրանց չամուսնալուծվելը կապեցին հարսի երիտասարդության ու գեղեցկության հետ, շատերն էլ՝ հարսի հոր առատաձեռնության։ Տասներորդ տարում՝ անպտղության որոշակիացման հետ, ամուսինը կամաց-կամաց սկսեց․ «Խանո՛ւմ, համաձայնեք՝ սա ծախենք, ավելի փոքր մի բան առնենք»։
Խանումը՝ սեփ-սև մազերով, իրար կպած հոնքերով, որտեղ էլ որ կանգնած կամ նստած լիներ, գլուխը թեքում էր բակին նայող պատուհանին։ «Լույս իջնի գերեզմանին։ Որ օրը համաձայնեց, որ ամուսնանանք, ասաց՝ տուն չեմ տալիս, որ էգուց մյուս օր ծախես, Եվրոպա գնալու ծախս հոգաս»։
Պսակադրության նախորդ օրը հայր ու դուստր քայլել էին տան բակում։ Հայրը յուրաքանչյուր պատի մոտ բաղեղ էր տնկել, իսկ ջրավազանի կողքը՝ արքայանարնջի մի բարակ շիվ և ասել էր․ «Հիշի՛ր․ կինն այնքան ժամանակ  է «խանում», քանի դեռ խանումին հարիր տուն ունի»։
Խանումը, կանգնած պատուհանի մոտ, նայում էր բակին։ «Լույս իջնի գերեզմանին։ Չէ՜, Շազդե՛, չեմ ծախի»։ Շազդեն, որ փոքրամարմին էր, բայց պատկառելի տեսքով, միշտ լավ հագնված ու կոկիկ, հայացքը պլշում էր գորգի ծաղիկներին։ Գլուխն էր տարուբերում։ «Էլ տեղ չի մնացել, որ  ճամփորդած չլինեմ։ Միայն վերջին մի ճամփորդություն»։ Խանումը՝ դեմքին խունացած ժպիտ, ուշք ու միտքը արքայանարնջի ծառին էր։ «Տես՝ ինչ բերք է տվել։ Հազար օղորմի նրան։ Հիշեմ՝ Մոլուք խանում Վազիրիին էս տարի ավելի շատ նվեր ուղարկեմ։ Հարսնատեր է դարձել»։ Շազդեն հայացքը կտրում էր գորգից, վեր կենում, բացում սենյակի դուռը, փակում, իջնում լայն սանդուղքով, դուրս գալիս տնից՝ գնալով իր ամենօրյա երեկոյան մենակ զբոսանքի։

(2)

         Տարվա յուրաքանչյուր եղանակ ու կյանքի յուրաքանչյուր տարի իր բարեհաճություններն ու տագնապներն ուներ։
Ձմռանը սենյակների վառարաններն էին վառում։ Խանումը նստում էր պատի մոտի բուխարու առաջ և սպասելով Շազդեի վերադարձին՝ քառակուսի, երփներանգ թաշկինակների վրա նուրբ ասեղնագործություններ էր անում։ Շազդեի համար մոխրագույն, մուգ կապույտ ու սրճագույն շարֆեր էր գործում։ Իր հավերժ սառած ոտքերի համար՝ ուղտի բրդից գուլպաներ։ Երբեմն էլ՝ բարեկամների երեխաների համար գլխարկներ ու ձեռնոցներ։ Երբ հոգնում էր, բուխարու փայտերն էր քանդուքարափ անում և Էբրահիմին ուղարկում բակի վերջնամասի ամբար։ Հետ էր դառնում, նստում՝ շարունակելով կիսատ մնացած գործը։ Վուշի թելից եռանկյուն, մեծ շալեր էր գործում ամառվա համար, իսկ ձմեռվա համար՝ բրդյա շալեր, որ, ցերեկներն ուսին գցած՝ գնում էր՝ տան գործերը ստուգելու։ Համտեսում էր Գոլբանուի եփած ընթրիքից և Էբրահիմին ասում․ «Տեսա՞ր՝ մայրամուտին երկինքն ինչ գույնի էր։ Իմ կարծիքով գիշերը ձյուն կգա»։ Եվ Էբրահիմը գիտեր, որ պետք է այդ գիշեր շարունակ ուշադիր լիներ, իսկ ձյուն գալու դեպքում հնարավորինս շուտ գնար տանիք։ Գոլբանուն մրթմրթում էր քթի տակ՝ ուշադրություն չդարձնելով Խանումի «ճաշն աղի է», «խավարտը կիսատ-պռատ է»-ներին։
Գարնանը այգին մշակելու ժամանակն էր։ Էբրահիմը խորդենիներն էր սածիլում, պարարտանյութ տալիս հասմիկներին։ Աղավնու ծերտն ամեն տարի գնում էր նույն խանութից, որ գտնվում էր իր հորական թաղամասում։ Ըստ անհրաժեշտության, էտում էր արքայանարնջի ծառն ու անցնում կարմիր վարդերին ու մասրենիներին։ Բաղեղները ծածկել էին բակի պատերն ու տան ճակատամասը։ Խանումը մի օր, երբ Գոլբանուից լսեց, որ հարևաններն իր տան անունը «Կանաչ տուն» են դրել, այնքան ծիծաղեց, որ աչքերից արցունքներ հոսեցին։ Երեք-չորս գարունը մեկ ներկում էին տան դուռ-լուսամուտները, իսկ Էբրահիմը մանրախիճ էր փռում բակում՝ մանրախիճերի դատարկ տեղում, որ ոչ ոք չէր հասկանում՝ երբ և ինչպես են անհետացել։
Ամռան երեկոներին Էբրահիմը բակն էր ջրում, փայտե թախտերին ջաջիմ[1] էր փռում և բերում ինքնաեռը։ Գոլբանուն թեյ էր դնում և նարգիլեի ապակյա տարայի մեջ հասմիկի ծաղիկներ լցնում։ Նախշազարդ ու պատկերազարդ նարգիլեն Խանումի հոր հիշատակն էր, և ինչպես նրանից մնացած բոլոր հիշատակները՝ թանկ ու սիրելի։ Երբ Շազդեն տուն էր վերադառնում, Խանումը ժպտում էր, «չարչարանքիդ ապաշխարանք» մաղթում՝ նոր թրմած թեյի բաժակը նրա կողմը հրելով։ Հավանաբար կնոջ սիրտը չկոտրելու համար Շազդեն մեկ-երկու ծուխ նարգիլեից էր քաշում՝ նայելով նախշերի արանքից ապակու մեջ վեր ու վար լինող հասմիկներին։ Հետո ձեռքը գրպանն էր տանում։ Եվրոպա կատարած առաջին ճանապարհորդության ժամանակ գնած արծաթե ծխախոտատուփը Խանումն ինքն էր փայլեցնում վուշե թաշկինակով ու հատուկ ավազահատիկներով։ Շազդեն ծխախոտն էր վառում, իսկ Խանումը՝ պատմում գարնանը տնկած թփերից, որ արդեն ծաղկել էին։ Ցույց էր տալիս բակը, ուր Էբրահիմը ընկած աղյուսներն էր նորոգում։ Շազդեն մի փխրուն փուլաք[2] էր թաթախում եռման թեյի մեջ, որն ամեն Նոր տարի իր սպահանցի բարեկամներն էին նվիրում, սպասում, մինչև ճաք տա, հետո դուրս էր հանում, դնում բերանն ու վրայից մի կում թեյ էր խմում։ Խանումը հարցնում էր․ «Ի՞նչ նորություններ կան», և Շազդեն պատմում էր․ քաղաքի խառնաշփոթություններից, նոր փողոցներից, հրապարակներից ու թաղերից, աշխատանքի նոր ընդունված մարդկանցից, ասեկոսեներից։ Խանումը կռանում էր, արքայանարնջի ծառից մանրախիճերին ընկած մի տերև վերցնում ու պտտում ձեռքում։
Տնից հազվադեպ էր դուրս գալիս։ Միայն Նոր տարվա այցելությունների կամ ազգականներից մեկի հարսանիքի կամ մահվան դեպքում։ Ոտքը դռնից հանելուն պես սիրտը դող էր ընկնում, թե տունը գող կմտնի, թե Էբրահիմը կմոռանա այգին ջրել, թե Գոլբանուն տանիքի ծորակը բաց կթողնի, և ջուրը կլցվի տունը։
Աշունը ձմռանը պատրաստվելու ժամանակն էր։ Էբրահիմը լաթի կտորներով բակի ջրի խողովակներն էր փաթաթում, ստուգում տանիքի կուպրերը, ցախ ու փայտ էր գնում, խորդենիների, հասմիկների ու պատենենիների ծաղկամանները տանում ջերմոց, արքայանարինջը հասնելուն պես Թորղաբեից բերված սև, փոքրիկ կողովներով, որի մեջ Խանումը գույնզգույն ասեղնագործություններ էր գցում, տիկնոջ նվերներն էր տանում բարեկամներին, հարևաններին ու ընկերներին։
«Կանաչ տնից» արքայանարնջով  լի կողովներ ստանալը ծանոթների ու բարեկամների համար իրադարձություն էր։ Արքայանարինջների յուրատեսակ համի համար, կամ գուցե Խանումը բարեկամուհիներից մեկից լսել էր, որ իր տղուկը ծանր հիվանդացել է, իսկ արքայանարինջներից մեկն ուտելուց հետո կազդուրվել։ Կային նաև այնպիսի կանայք, որ իրենց առաջին երեխայի ծնվելը վերագրում էին արքայանարնջի շնորհին և հոռետեսների քմծիծաղին էլ, թե « բա ի՞նքն ինչու․․․», պատասխանում էին․ «դանակն իր կոթը չի կտրում»։ Այդ խոսակցությունները գալիս-հասնում էին Խանումի ականջին, աչքերը հառում էր արքայանարնջի ծառին ու քթի տակ ասում․ «Լույս իջնի գերեզմանին»։

(3)

         Երբեմն հյուրեր էին ունենում։
Ճերմակամաշկ, չաղլիկ, ծիծաղկոտ, ճնճղուկի նման արագաքայլ Մոլուք խանում Վազիրին՝ Խանումի մանկության ընկերուհին։ Թեյը թեյի հետևից էր խմում ու խոսում։ Խոսում էր հարսանիքներից, ծննդաբերություններից ու մահերից, կյանքի փոփոխություններից, դրանց հարմարվելու իր լուծումներից, մինչև վերջում հոգոց էր հանում, գլուխը տարուբերում։ «Գոհանանք Աստծու կամքին»։ Իր կյանքն այդ նախադասության լիակատար ապացույցն էր։ Ընդունել դեպքերը՝ լավ ու վատ, ուրախ ու տխուր։ Իր միակ որդու հարսանիքին այնքան էր ուրախացել, որքան սուգ էր արել բախտը բացվելու տարիքին հասած դստեր մահվան համար։ Երբ Խանումն ասում էր․ «Երանի քեզ, ոչ մի բան սրտիդ մոտիկ չես ընդունում», Մոլուք խանումը գլուխն էր տարուբերում։ «Քույրի՛կս, կյանքը արժեք չունի»։
Մորաքրոջ աղջիկները, քեռու տղաներն ու հորաքրոջ զավակներն էլ էին գալիս իրենց երեխաներով։ Խանումն անկարող էր երեխաների ձեռքը։ «Ծաղիկ չքաղե՛ք։ Ջրավազանը քար չնետե՛ք։ Է՜յ, ավազա՛կ, ի՞նչ ես անում արքայանարնջի ծառի մոտ։ Աստիճանների բազրիքը սահելու համար չէ»։ Գիշերը Շազդեին ասում էր․ «Աստված պահի նրանց, բայց վա՜յ էդ երեխեքին։ Հիսուն մեծ հյուր ունենաս, երկու երեխա՝ չէ»։ Շազդեն տևական ժամանակ ձեռքի գիրքը չէր թերթում։

(4)

         Տան ամենօրյա մաքրությունը Էբրահիմի ու Գոլբանուի գործն էր։ Սենյակի ու նախասրահի մարմարե հատակներն էին լվանում, փայտերը յուղում, արծաթեղենը փայլեցնում քացախով, մոխրով ու ավազահատիկներով։ Գոլբանուն անընդհատ տրտնջում էր Խանումի քթի մազությունից թե՛ նրա բացակայությամբ, թե՛ ներկայությամբ։ Խանումը, եռանկյուն շալը ուսին հարմարեցնելով, ասում էր․ «Ե՞ս եմ քթի մազ։ Որ ուշադիր եմ, որ տունը գլխներիս փուլ չգա, քթի մա՞զ եմ։ Պիտի Բիբիի փոխարեն լինեիր ու Ազիզի հետ ապրեիր։ Ե՞ս եմ քթի մազ, թե՞ Ազիզ Խաթունը»։ Գոլբանուն բացում էր գլխաշորը վզի տակ ամրացնող ճարմանդը, կրկին փակում՝ ասելով․ «Դուք մի տեսակ եք, Ազիզ Խաթունը՝ մեկ այլ»։ Այդ օրը կամ այդ երեկո Խանումն ավելի շատ էր բողոքում ճաշի բրնձից կամ ընթրիքի քուքու սաբզիից[3], իսկ Գոլբանուն ավելի շատ էր քթի տակ մրթմրթում։ Ուշ գիշերով Խանումը Շազդեի մոտ բողոքում էր Գոլբանուից։ Շազդեն լռելյայն ծիծաղում էր՝ թերթելով ձեռքի գիրքը։
Ազիզ Խաթունը Խանումի հորաքույրն էր։ Նրա ծոմն ու նամազը վերջ չունեին, իսկ հագուստից ու նամազի չադրայից մշտապես Աշթիանի օճառի հոտ էր գալիս։ Ոչ մի երեխայի չէր գրկում և երբեք մարդկանց չէր համբուրում։ Իր ասելով՝ մեծ տանն ապրում էր միայն Բիբիի՝ իր ծեր սպասուհու հետ, բայց իրականում՝ որդիների, հարսների, տասնյակ թոռների, Բիբիի՝ գյուղից շարունակ հյուր եկող հեռու-մոտիկ բարեկամների հետ։ Շաբաթներով մնում էին, ուտում, քնում ու տունը տակնուվրա էին անում։ Ազիզ Խաթունն այդ ամենի հետ գործ չուներ։ Առավոտից գիշեր իր հինգդռնանի սենյակում աստվածապաշտությամբ էր զբաղված։ Ազիզ Խաթունի սպիտակեղենը, հագուստներն ու սպասքեղենը միայն Բիբին պետք է լվանար և պատուհանից հետևում էր, որ ամեն ինչ երեք անգամ պարզաջրվի։ Շաբաթը մեկ անգամ Բիբին մաքրում էր հինգդռնանի սենյակը։ Ինչ կար-չկար սենյակում, դուրս էր անում, թափ տալիս, լվանում, շփում, փոշիները վերցնում և նորից մեկ առ մեկ դասավորում սենյակում։ Ազիզ Խաթունը, մանր ծաղիկներով չադրան գլխին, թսբեհը ձեռքին` պատշգամբի աստիճաններին կանգնած հետևում էր։
Չնայած ուշ-ուշ էր տնից դուրս գալիս, երբեմն գալիս էր եղբոր դստերը տեսության։ Նշանակված օրվանից մեկ շաբաթ առաջ Խանումը Էբրահիմի ու Գոլբանուի հոգին ուտում էր։ Գոլբանուն փնթփնթում էր․ «Ոնց որ Նովռուզից առաջվա մաքրություն լինի»։ Ազիզ Խաթունի գալը Խանումի համար Նովռուզից պակաս չէր։ Շրջում էր սենյակներով, էսֆանդ[4] ծխում․ «Լույս իջնի գերեզմանիդ, թանկագինիդ եմ սպասում»։ Քույր ու եղբոր սիրո մասին բոլոր ազգականները գիտեին։
Ամառները հորաքույրն ու եղբոր աղջիկը բակում էին նստում։ Ազիզ Խաթունը տևական ժամանակ հայացքը հառում էր հասմիկներին ու կարմիր վարդերին, աչքերում արտասուք էր նշմարվում, և երբեմն քթի տակ ասում էր․ «Նրա գնալուց հետո ապրեցի»։ Ափսեի միջի ոսկեկանթ բաժակի թեթև զնգոցը, որ Խաթունը կամաց հրում էր նրա առաջ, ասես արթնացնում էր խոր քնից, ձեռքը մեկնում էր և մի կտոր շաքար վերցնում։ «Միայն այս տանն եմ հանգիստ խղճով նստում ու թեյ խմում»։ Խանումը ուրախությունից կարմիր էր կտրում։ Ազիզ Խաթունը կողքերն էր նայում և ասում․ «Չարչարանքիդ ապաշխարանք։ Առաջին օրվա նման է։ Իսկը եղբորս աղջիկն ես։ Լույս իջնի գերեզմանին»։ Խանումի դեմքի կարմիրը հօդս էր ցնդում։ Հորից հետո տունն ասես Ազիզ Խաթունի համար կահավորեր։

(5)

       Տան տարիների անդորրը խախտում էին մի քանի իրադարձություն։
Մի օր՝ կեսօրից առաջ, Գոլբանուն ընկավ օձագալար աստիճաններից և տարիների դեղ ու դարմանից հետո ընդամենը մի քանի ամիս արգանդում ապրող երեխային կորցրեց։ Խանումը նրա ճիչը լսելուն պես վազեց նախասրահ։ Գոլբանուն, արյան մեջ կորած, ընկել էր նախասրահի հատակին ու աղաղակում էր․ «Երեխե՜ս, երեխե՜ս»։ Խանումն Էբրահիմին ուղարկեց բժշկի հետևից, ինքն էլ ճարը կտրած ինչքան հին քրջ ու փալաս կար, գցեց շարունակ ողբացող Գոլբանուի տակ։ Խանումը, սրբելով քարերի վրայի արյունը, ասում էր․ «Բան չկա․ հույսդ դիր Աստծու վրա»։ Հաջորդ օրը առավոտյան և մյուս օրերին Էբրահիմը նախասրահի քարերն այնքան մաքրեց, մինչև Խանումը, ակնոցն աչքերին, համոզվեց, որ քարերին բծեր չեն մնացել։
Երբ Շազդեն թոշակի անցավ, Խանումը մեծ հյուրասիրություն կազմակերպեց։ Խնջույքին նախորդող մեկ շաբաթն անցավ ուտեստների ու հյուրընկալության պարագաների պատրաստություններով, իսկ հաջորդող երկու շաբաթները՝ տունն իր նախկին տեսքին բերելով։ Հյուրասրահի վերևում՝ թավշյա բարձիկների վրա, Շազդեի՝ երեսուն տարիների ընթացքում ստացած շքանշաններն էին փակցրել, իսկ հյուրասրահի ներքևում՝ մեծ արծաթյա սկուտեղի մեջ, բարձր բուրգի տեսքով արքայանարինջներն էին դասավորել։ Հյուրերը զարմացած նայեցին շքանշաններին, գովեցին արքայանարինջներն ու կերակուրները։ Խանումը շարունակ հետևում էր, որ հյուրերն ուշադիր լինեն և դեղին սալորների կորիզներով, թզի պոչերով ու աթոռի թիկնակներով չվնասեն պատերը։
Այժմ Շազդեն ավելի շատ ժամանակ էր անցկացնում տանը։ Երբեմն թեթև գործերում օգնում էր Խանումին։ Մի օր, երբ մի քանի արքայանարինջ քաղեց, ջրավազանի ծորակի տակ լվաց ու բերեց-տվեց Խանումին, վերջինիս աչքերը թրջվեցին։ Այլևս երբեք Շազդեին երեսով չտվեց, թե նրա երեկոյան զբոսանքները օր օրի ավելի են երկարում։
Գոլբանուի մահն էլ խախտեց տան անդորրը։ Սգո օրերը կարճ տևեցին, բայց մահվան սպիները մնացին։ Ճաշերն ու ընթրիքները ավելի համեստ դարձան, Էբրահիմի գործերն էլ՝ շատ։ Հիմա Խանումն էլ էր Էբրահիմին հավասար գործ անում։ Մկնդեղը, որն Էբրահիմը գնում էր ամեն տարի, ինքն էր շաղ տալիս նկուղի շուրջբոլորն ու բակում նկատվող յուրաքանչյուր անցքը՝ քթի տակ մրմնջալով․ «Լույս իջնի գերեզմանիդ․ ասում էիր՝ տան հիմքի թուլացումը մկների գործն է»։ Մի անգամ էլ, երբ Խանումը տեսավ մկնդեղի հաշիվը, գոռաց Էբրահիմի վրա․ «Աչքս լո՛ւյս․ էսքան տարի աղ ու հաց ուտելուց հետո՞»։ Հաջորդ օրվանից ինքը գնաց գնումների։ Կես ժամ էլ չդիմացավ փողոցում։ Ճանապարհներն ու խանութներն իրեն անծանոթ էին, իսկ գները հարցնելուց ու դրանք լսելուց հետո կարծեց, թե վաճառականները ձեռք են առնում իրեն։ Շնչակտուր տուն վերադարձավ ու գոռաց Էբրահիմի վրա․ «Պիտի քարի աղ առնեիր․ ի՞նչ եղավ»։
Հաջորդ գարնանը Էբրահիմը գնաց աղավնու ծերտ գնելու, բայց դատարկաձեռն վերադարձավ։ Պարարտանյութերի խանութը, դրան կից բոլոր տներն ու խանութները քանդել էին, որպեսզի մի մեծ մայրուղի սարքեն, որը պետք է անցնի թաղամասի մեջտեղով։ Խանումն ապշած հարցրեց․ «Ի՞նչն է անցնելու թաղի մեջտեղով»։ Շազդեն բացատրեց նրան, և Խանումի ապշությունը փոխվեց գլխապտույտի։
Շազդեի համոզելուց, փնթփնթալուց հետո Խանումը համաձայնեց տանը փոփոխություններ իրականացնել։ Տան խողովակները փոխեցին, ջրատաքացուցիչ գնեցին ու սիֆոն դրեցին։ Շազդեն մի օր առանց նրա իմացության լվացքի մեքենա ու փոշեկուլ բերեց։ Խանումը մինչև երեկո մրթմրթաց, իսկ Էբրահիմն ամբողջ գիշեր ուրախությունից չկարողացավ աչք փակել։ Միայն մի հարցում Խանումը չզիջեց։ Նվեր արքայանարինջները հարևաններին ու բարեկամներին դեռ Թորղաբեի սև կողովներով էր գնում՝ պլաստիկ, գույնզգույն կողովների փոխարեն, որն այժմ շատ էին ու էժան։

(6)

         Մի օր երեկոյան Շազդեն սովորականից շուտ տուն եկավ՝ գույնը գցած ու սարսափած։ Նրա բացատրություններից Խանումը միայն այն հասկացավ, որ շքանշանները պետք է աչքի առաջից հեռու տանել։ Եռանկյուն շալն ուսերից ընկավ գետնին։ Վազեց Շազդեի հետևից, որ գնացել էր հյուրասրահ։ Ռուսական պահարանը հայելապատ դարակ ուներ։ Շքանշանները հայելու մեջ կրկնակի էին երևում։ Խանումը բղավեց․ «Չէ՜»։ Տարիներ շարունակ շքանշաններն ու հայելապատ դարակի մյուս իրերը մի օր դուրս էր հանել, իր իսկ ձեռքով մաքրել վրայի փոշիներն ու կրկին եռանդով դասավորել։ Շազդեն նորից բացատրեց։ Պատմեց տիրող իրավիճակից, փոփոխություններից։ Խանումը լսեց ու չլսեց, հասկացավ ու չհասկացավ։ Ուշք ու միտքը Շազդեն չէր։ Մի ելք էր փնտրում։ Գտավ։
Ուշ գիշերով այգին փորեցին։ Կամիր վարդի թուփը հանեցին, շքանշանները փաթաթեցին պոլիէթիլենային տոպրակով, հորեցին և վարդի թուփը դարձյալ դրեցին իր տեղը։ Տասն օր շարունակ ամեն առավոտ Խանումի առաջին գործը բակ գնալն ու վարդի թուփը ստուգելն էր։ Օրը երկու անգամ ջրեց այգին, մինչև տասնմեկերորդ օրը, տեսնելով նոր ծաղկած կարմիր վարդերով այգին, սիրտը տեղն ընկավ։
Այդ օրերին Շազդեն տնից քիչ էր դուրս գալիս։ Հաճախ ռադիոն սեղմում էր ականջին, իսկ Խանումը գլխի չէր ընկնում, թե այդ փոքրության հետ ինչպես է բռնում աշխարհի բոլոր ռադիոկայանները։ Ամեն երեկո այգին ջրելը դարձավ Շազդեի սովորությունը, իսկ գիշերները, երբ Խանումը, նստած եռահայելի զարդասեղանի առաջ, ճերմակ մազերն էր սանրում, Շազդեի ոտնաձայներն էր լսում, որ քայլում էր տան մեջ, ստուգում դռների ու պատուհանների նոր դրված կողպեքները։

(7)

         Այդ տարի Խանումը ոչ մեկի արքայանարինջ չուղարկեց։ Քաղաքում մարդ չէր մնացել։ Մի առավոտ դուրս եկավ տնից, անցավ փոշոտ ու դատարկված փողոցներով և արքայանարինջները տարավ Էմամզադե Սալեհ[5]։        Այդ անգամվանից բացի, որն ուխտ էր, ոտքը տնից այլևս դուրս չհանեց։ Շազդեի խնդրանքները, աղաչանքները, համառումներն ու գոռոցներն ապարդյուն էին։ Խանումն ամեն գիշեր քնում էր սենյակներից մեկում, և երբ քաղաքը ռմբակոծության էր ենթարկվում, քթի տակ աղոթում էր, ավելի բարձր ձայնով Շազդեին ասում․ «Գնա՛», Շազդեն ասում էր․ «Այսինքն՝ մի բուռ քար ու աղյուս․․․»։ Խանումը քթի տակ աղոթք էր մրնջում։ Շազդեն գլուխ չէր հանում։
Հաջորդ տարի Շազդեն մահացավ։ Թխպոտ օր էր, աշնան սկզբներն էր։ Երբ դագաղը տնից դուրս էին հանում, Խանումը ողբաց ու լացեց։ Դագաղի գլուխը հպվեց արքայանարնջի ծառի ճյուղերից մեկին։ Մի խակ արքայանարինջ ընկավ գետնին, տրորվեց թաղման թափորի ոտքի տակ։ Այդ տարի, երբ արքայանարինջը հասավ, Խանումը նվերների կողովի տակ սև թաշկինակ փռեց։
Մոլուք խանում Վազիրին օգնության հարցում իրեն չխնայեց։ Ոչ միայն Շազդեի յոթի ու քառասունքի արարողություններին, այլ նաև՝ մենության բոլոր երեկոներին։ Նրա ամենօրյա այցերը երկուսի համար էլ սովորություն էին դարձել։ Մոլուք խանումն ասում էր․ «Կընտելանաս, քո՛ւյրս։ Մարդն ամեն ինչի ընտելանում է»։ Եվ Խանումը առավոտից երեկո Էբրահիմին հավասար, երբեմն էլ՝ նրանից շատ, տան գործերով էր զբաղվում՝ փորձելով ընտելանալ։ Բայց տունն ասես անհավես լիներ։ Դարձել էր փնթի ու կամակոր։ Ամեն օր մի բանը փչանում էր, Խանումը մի տեղը սարքում էր, մյուսն էր փչանում։ Մի օր, երբ բակի ջրի խողովակը պայթեց, ու նկուղը լցվեց ջրով, Խանումը նստեց արքայանարնջի ծառի տակ ու լաց եղավ։

(8)

         Ամառային երեկո էր, և Մոլուք խանում Վազիրին կես ժամ էր՝ խոսում էր․ «Քո՛ւյրս, հնարդ էս է, որ կա։ Իմ որոշելիքը, որ վաղուց պետք է որոշեի, արդեն արել եմ։ Մենք՝ երկու ծեր կանայք, էսքան մեծ տունն ի՞նչ ենք անելու։ Ասենք մեր տունը ձերինից մի քիչ փոքր է։ Բայց մենակ կնոջ համար էլի մեծ է։ Բեհրուզս ինչքան ժամանակ է՝ համոզում է, թե տունը ծախի՛ր, արի մեր մոտերքում մի բնակարան առ։ Գլուխս տակ չէի տալիս։ Բայց հիմա տեսնում եմ՝ ճիշտ է ասում։ Առավոտից գիշեր գործս դարձել է պռտել-շփելը, սանտեխնիկների հետևից վազելը, թե արի պտուտակն ամրացրու, խողովակը սարքի։ Բնակարան կառնեմ, ու խիղճս կհանգստանա»։ Խանումը նայում էր արքայանարնջի ծառին, կարմիր վարդի թփերին, որի տակ Շազդեի շքանշաններն էին թաղված, կանաչ բաղեղներին։ Ազիզ Խաթունի մահվան լուրը բերելու օրը հիշեց։ Կանգնած էր ջրավազանի կողքին։ Մի ձեռքում մի քանի ճյուղ մասրենի էր, մյուսում՝ այգեգործական մկրատ։ Լուրը լսելուն պես նստեց ոտ լվալու տեղի պռնկին։ Մասրենու ճյուղերը տարածվեցին ջրով մեկ։ Հայացքը ծաղիկներին սևեռած՝ մկրատը բացեց ու փակեց։ Բացեց ու փակեց։ Գլուխը բարձրացրեց և դառնալով արքայանարնջի ծառին՝ ասաց․ «Հիմա էլ ո՞ւմ համար»։
Այնքան չխոսեց, մինչև Մոլուք խանումը տեղի տվեց։ «Գոնե վարձով տուր։ Գիտեմ՝ փողի կարիք չունես։ Բայց գոնե մի շունչ կլինի։ Քաղաքը լի է գողերով։ Ասես հոտով զգում են՝ հարուստների տունը որտեղ է, որտեղ միայնակ կին կա։ Դուռ ու լուսամուտին հազար փակ ու փականք էլ դնես, ապահով չէ։ Էբրահիմն էլ ինձնից ու քեզնից բեթար է ծերացել, ու ձեռից էլ բան չի գալիս»։ Խանումը, որ հայացքը հառել էր մանրախիճերին․ բարձրացրեց գլուխը։ Բակի մյուս կողմում Էբրահիմը երկար խողովակն էր իր հետևից քարշ տալիս ու ջրում այգին։
Այն օրը, երբ օժիտի վերջին կտորներն էին տեղափոխում հարսի տուն, երկու հաղթանդամ բեռնակիր, անկարող տեղափոխելու ծանր սնդուկը, տան նախասրահում սկսեցին փնթփնթալ։ Խանումն օձագալար աստիճաններից հետևում էր բեռնակիրների ու Գոլբանուի լեզվակռվին։ Օվալաձև պատուհանից հանկարծ արևի մի շող ընկավ Խանումի ձեռքերին, և նշանի ադամանդե մատանու փայլը շեղեց նրա ուշադրությունը։ Բարակ ու նուրբ մատները մի ակնթարթ խաղացրեց աստիճանների փայտե բազրիքի վրա։ Գոլբանուի՝ «տեսեք, է՜» ասելու ձայնից գլուխը բարձրացրեց ու նկատեց, ու նկատեց՝ Էբրահիմը, սնդուկը գլխին դրած, աստիճաններն է բարձրանում։
Բեռնակիրների պապանձված հայացքը դեռ աչքերի առաջ էր։ Նայեց նրա աչքերին, կապույտ երակներին ու ճմռթված մաշկին։ Մի քանի տարի էր՝ մատին մատանի չէր դրել։ Երբ ձեռքերը սկսեցին այտուցվել, նշանի մատանին ու ամուսնական օղը մի կերպ հանեց մատից՝ բացելով զարդատուփը։ էբենոսյան փայտից զարդատուփը նշանված ժամանակ Շազդեի անհամար նվերներից մեկն էր։ Կողքերը թռչուններ ու ծաղիկներ էին, իսկ բացելիս ներսից մեղեդի էր լսվում։ Մեղեդին հազիվ էր հիշում։ Ինչքա՞ն ժամանակ էր՝ տուփը բաց չէր արել։ Մոլուք խանումի համար նորից թեյ լցրեց և ոտքի մատով հետուառաջ արեց մանրախիճերը։ Մտմտում էր։ Տևական ժամանակ էր՝ գիշերները վախենում էր։ Երբեմն ցերեկով էլ էր լսում դռան բացուխուփ լինելու ձայներ, կամ թփթփոցներ՝ նախասրահից։ Սիրտը ահ ընկած վեր էր կենում ու քայլում։ Ստուգում էր դռները, պատուհաններն ու արդեն ամբողջովին փակ շերտավարագույրները։ Գիշերվա կեսին, երբ Շազդեի գրադարանի պատուհաններից մեկը շարժվեց, շերտավարագույրներից մեկը պոկվեց խողովակից, ընկավ, ու ձայնը արձագանքեց ողջ փողոցով մեկ։ Խանումը, վախից տեղում գամված, երկար ժամանակ պատուհանի դիմացից այն կողմ չգնաց։ Փողոցում ոչ մի տան լույս չվառվեց։
Երբ Մոլուք խանումի թեյն ավարտվեց, Խանումը համաձայնեց տնվոր բերել։

(9)

         Մոլուք խանում Վազիրին ասել էր․ «Հենց այն, ինչ ուզում էիր։ Համեստ, հարգարժան, լուռ ու մունջ։ Դաս է տալիս համալսարանում։ Պատմություն, մշակույթ կամ նման մի բան։ Ներքևի երկու սենյակն էլ նրան հերիք է։ Երաշխավորում եմ։ Բեհրուզի մանկական ընկերն է»։          Ամռան վերջերն էր։
Խանումը երիտասարդ տղամարդուն պտտեց ներքևով ու ցույց տվեց սենյակները։ «Բաղնիք-զուգարանն այս շաբաթվա մեջ պատրաստ կլինեն։ Մնում է դռներն ու պատերը ներկելը և շատրվանը հանելը»։ Բարձրահասակ ու նիհար տղամարդ էր՝ ականջահաճո ձայնով։ «Չէ՛, լավ կլինի՝ շատրվանը մնա։ Եթե, իհարկե, խնդիր չէ»։ Խանումը մի պահ քարացավ։ Հետո կարմիր կտրեց։ «Դո՞ւր է գալիս ձեզ»։ Տղամարդը նայեց շատրվանի մեջտեղի հրեշտակին ու ժպտաց։
Հիմա գիշերներն ավելի հանգիստ էր քնում։ Տունն էլ ասես ձեռ էր քաշել «կամակորություններ» անելուց։ Եթե ծորակից կաթում էր, կամ մի լար կարճ միացում էր տալիս, կենվորն օգնում էր։ Սուսիկ-փուսիկ էր, հազվադեպ էր հյուր ունենում։ Ձեռքերի դողի ու աչքերի այրոցի պատճառով ասեղնագործության երկար դադարի ժամանակ Խանումը գլուխը հենում էր բազկաթոռի բորդո թիկնակին ու մտածում՝ այդքան վայելչագեղ տղամարդն ինչու է մենակ։ Մոռանում էր՝ Մոլուք խանում Վազիրիից հարցուփորձ անի։ Ինչ Մոլուք խանում Վազիրին տղայի տան մոտակայքի փոքրիկ բնակարանն էր տեղափոխվել, ուշ-ուշ հանդիպումների ժամանակ պատմելու շատ բաներ էին լինում։ Մի օր, երբ կանաչ թավշյա վարագույրի հետևից տեսավ՝ կենվորը բակումը մի կնոջ է ճանաապարհում, տարիներ անց վերջապես ամբողջ սրտով ուրախացավ։ Այդ աշնանը Էբրահիմը երկու կողով արքայանարինջ տարավ ներքնահարկ։
Կնոջ գալը տեսնելուն պես քաշում-փակում էր թավշյա վարագույրները։ Բակ չէր գնում, կամ եթե գնում էլ էր, ներքնահարկի պատուհաններին չէր նայում։ Երբեմն ինքն իրեն ասում էր․ «Մի երեկո ընթրիքի կհրավիրեմ»։ Մտքում կերակուրներն էր շարք կանգնեցնում։ Գնում էր հյուրասրահ, կանգնում պահարանի առաջ և նայում ճենապակյա սպասքին։ Բարակ բոլոր շերտերին փոշի էր նստել։ Վերջին անգամ ե՞րբ էր հյուրասիրություն կազմակերպել։ Հյուրերն ովքե՞ր էին եղել։ Ինչքա՞ն ժամանակ էր՝ ճենապակյա սպասքի փոշիները չէր վերցրել։ Չէր հիշում։ Պահարանի դարակներն էր քաշում։ Գդալներն ու պատառաքաղները փաթաթված էին սև, հաստ վուշի կտորով։ Ինքն իրեն ասում էր․ «Գուցե նրանց դուրն ընդհանրապես չգա։ Երկու ջահելներն ինձ նման պառավի հետ ի՞նչ պիտի խոսեն»։
Մի վաղ առավոտ, մասրենու տակ նստած, քաղհան էր անում, երբ ներքնահարկի դուռը բացվեց, և կենվորն ու երիտասարդ կինը դուրս եկան։ Խանումը մնաց շիվարած։ Նրբագեղ կին էր։ Կիտրոնագույն գլխաշոր էր գցել, ոտքին էլ երկարաճիտ կոշիկներ էին։ Արևային մեծ ակնոց էր դրել։ Խանումը մտածեց՝ մնա իր տեղո՞ւմ, կանգնի՞, գնա՞։ Տուր ու առն այնքան ձգվեց, մինչև կենվորն ու կինը հասան արքայանարնջի ծառին։ Մասրենին մեծ էր՝ ճյուղերով ու տերևներով առատ։ Տղամարդն ասաց․ «Դեռ չի հասել։ Մի քանի հատ կքաղեմ քեզ համար։ Պատուհանագոգի վրա ավելի շուտ են հասնում»։ Կինը գլուխը բարձրացրեց՝ նայելով արքայանարինջներին։ Խանումը մասրենու հետևում տառապալից ժպտաց։ Կինն ասաց․ «Արքայանարինջ չեմ սիրում․ տտիպ է»։ Ժպիտն անհետացավ Խանումի շուրթերից։ Տղամարդն ասաց․ «Հասածը տտիպ չէ»։ Կինն ասաց․ «Ուշացա․ հաջո՛ղ»։ Տղամարդը բակի դուռը կամացուկ փակեց, անցավ այգու մոտով՝ գնալով ներքնահարկ։ Ճանապարհին կռացավ, արքայանարնջի ծառից ընկած մի տերև վերցրեց ու պտտեց ձեռքի մեջ։ Խանումի ծնկները ցավում էին։
Ամեն ամսվա առաջին օրը կենվորը նախասրահի մեծ դուռն էր կամաց թակում։ Խանումը նրան մի բաժակ թեյով փուլաք էր հյուրասիրում։ Տարիներ էր, ինչ խնայողաբար էր փուլաքները օգտագործում և ում պատահեր, խնդրում էր, թե «Եթե Սպահանից եկող լինի․․․», մինչև մի օր Մոլուք խանումը պոլիէթիլենային մեծ տոպրակով փուլաք բերեց և ասաց, որ իր նոր տան մոտակայաքում մի խանութ է բացվել, ուր ամեն տեղի հուշանվեր էլ կա։ Նայեց Խանումին ու ծիծաղելով ասաց․ «Գիտեի՝ կուրախանաս»։ Խանումը նայեց տոպրակի միջի փուլաքներին։ Հեչ էլ չուրախացավ։
Կենվորը հաճելի ունկնդիր էր։ Նստում էր, հայացքը գամում գորգի ծաղիկներին, և Խանումը նրան էր պատմում անցյալից։ Երբ տան մասին էր խոսք գնում, կենվորը գլուխն էր բարձրացնում, աչքերը հառում Խանումին, որ պատմում էր տան առաջին օրերից, հետոյից ու ավելի հետոյից։ Երբ կենվորը գնում էր, Խանումը եռանկյուն շալը փաթաթում էր ուսերին ու ինքն իրեն ասում․ «Սիրտը ցավում է ինձ համար»։
Կենվորը օրը մեջ առավոտյան ժամը իննին դուրս էր գալիս տնից և հինգի կողմերը վերադառնում։ Օրը մեջ կանաչ թավշյա վարագույրի հետևից նրան ճանապարհելը դարձավ սովորություն Խանումի համար։ Երեկոները, նստած բորդո բազկաթոռին, ականջը զանգի ձայնին էր անում։ Բակի դռան բացուխուփ լինելու ձայնը լսելուն պես խիղճը հանգստանում էր։ Մանրախիճերի վրա երկու զույգ ոտքերի ձայնն ուրախացնում էր նրան։ Երբեք վարագույրը մի կողմ չէր քաշում։ «Հանկարծ չմտածեն՝ հետևում եմ»։
Մի երեկո նիրհում էր բորդո բազկաթոռին, երբ լսելով մանրախիճերի վրա կանացի բարձրակրունկների վազքի ձայնն ու բակի դռան շրխկոցը՝ վեր թռավ տեղից ու քաշեց վարագույրը։ Կենվորը կանգնած էր ներքնահարկի աստիճանների վերևում։ Մանրախիճերի վրա երկու շրջված կողով ու գունավոր թաշկինակ կային։ Մի քանի արքայանարինջ ներքանահարկի աստիճաններից ներքև էին գլորվում։ Կողովներն այդ առավոտ Էբրահիմն էր դրել աստիճաններին։ Խանումն անհանգստացավ։ Հիշելով բակի դռան ուժեղ շրխկոցը՝ սիրտը մռայլվեց։
Կենվորն ուղիղ երկու օր դուրս չեկավ ներքնահարկից։ Խանումը հետ մի քանի անգամ թասով կամ ափսեով իր այդ օրվա եփածը Էբրահիմի հետ ուղարկեց ներքև։ Էբրահիմն ամեն անգամ առանց ափսե ու թաս վերադարձավ։ Կենվորի վիճակը լավ էր, միայն ավելի նիհար տեսք ուներ։

(10)

Մի գիշեր Խանումը երազ տեսավ։ Շազդեն, նստած բակի փայտե թախտին՝ ջաջիմների վրա, ճիշտ երեխաների պես խաղ էր անում իր շքանշանների հետ։ Հետո շքանշանները վերածվեցին մեծ արքայանարինջների, հետո՝ նորից շքանշանների։ Ապա՝ դարձյալ արքայանարինջների։ Խանումը, քրտինքի մեջ կորած, վեր թռավ։ Բարձրաձայն ասաց․ «Պիտի հանեմ դրանք»։ Մի քանի օր մտմտաց՝ ինչպես բացատրի կենվորին։ Նա բացատրություն չպահանջեց։ Միայն գլուխը տմբտմբացրեց։ Կարծես հասկացավ։ Էբրահիմի օգնությամբ կարմիր վարդի թփի կողքերը փորեցին ու սկսեցին փնտրել տակը։ Շքանշանները չկային։ Խանումն այլայլվեց։ «Գուցե սխալվում եմ։ Շատ տարիներ են անցել»։ Ուրիշ կարմիր վարդերի տակ փնտրեցին։ Չկար։ Մասրենիների տակ։ Չկար։ Մնաց արքայանարնջի ծառը։ Խանումը, համարյա բղավելով, ասաց․ «Հնարավոր չէ՛»։ Էբրահիմը ողջ օրը այգին նորից կարգի բերեց։ Խանումը մի ամբողջ շաբաթ ոտքը այգի չդրեց։ Այգին ամեն օր կենվորը ջրեց։ Այդ գարնանը բոլոր կարմիր վարդերն ու մասրենիները բողբոջեցին։
Ամռանը կենվորը թաղի հնավաճառից օգտագործված մետաղյա բազկաթոռ ու մի սեղան գնեց։ Բազկաթոռները ծաղկավոր վուշի կտորից սպունգանման թիկնակներ ու բարձիկներ ունեին։ Դրանք դրեցին բակում՝ ջրավազանի մոտ՝ արքայանարնջի ծառի տակ։ Այգին ջրեց։ Խանումը, պատուհանից տեսնելով, մտածեց՝ հյուր ունի։ Թավշյա կանաչ վարագույրը քաշեց, նստեց բորդո բազկաթոռին ու փակեց աչքերը։ Նախասրահի դռան մեղմիվ թակոցը լսելով՝ աչքերը բաց արեց։ Մի պահ այլայլվեց։ «Ամսվա սկիզբը չէ»։ Կենվորը վախվխելով ասաց․ «Թեյ եմ թրմել․ մտածեցի՝ գուցե․․․»։
Հաջորդ օրը Խանումը բաց արեց իր ննջասենյակի սնդուկը։ Արեկնու փայտից սնդուկի ներսը կարմիր թավշյա ասեղնագործություն էր։ Թերմեների[6], սեղանի ու մահճակալի ծածկոցների արանքից մի կլոր սփռոց հանեց։ Կապույտ վուշի վրա սպիտակ մետաքսե թելով տեղ-տեղ ձնծաղիկներ էին ասեղնագործած։ Սփռոցի կողքերը մկան ատամի տեղեր էին՝ մանր ու համաչափ։ Մի քանի օր տվեց արևին, որ նավթալինի հոտն անցնի։ Տարիների ծալքերն արդուկելիս միտն իր տասնվեց տարեկան ժամանակները եկան։ Գունավոր մետաքսաթելը հայրն էր Եվրոպայից նվեր բերել, հետն էլ՝ ասեղնագործության նմուշների հանդես։ Մի քանի շաբաթ օր ու գիշեր թաքուն ասեղնագործեց, մինչև մի երեկո մի սփռոց գցեց հայրիկի թեյի ու նարգիլեի պարագաների տակ։ Հայրը ձեռքը տարավ ձնծաղիկների վրայով ու ասաց․ «Կեցցե՜ս»։ Աղջիկը հանգիստ շունչ քաշեց։
Սփռոցը ճիշտ մետաղյա սեղանի չափով էր։ Կենվորն ասաց․ «Ինչ սիրուն սփռոց է»։ Խանումը ժպտաց։
Այդ ամռան շատ երեկոներ Խանումն ու կենվորը բակում անցկացրին։ Մետաղե բազկաթոռներին՝ դեմ դիմաց։ Թեյը երբեմն կենվորն էր թրմում։ Փուլաքները միշտ Խանումն էր բերում։ Արեկնու փայտից սնդուկից այլ սփռոցներ էլ դուրս եկան, հյուրասրահի ռուսական պահարաններից՝ ոսկեզօծ բաժակներ ու արծաթյա շաքարամաններ։ Հիմնականում կենվորն էր խոսում։ Խանումը ականջ էր անում, գիշերները, իր փայտե, մեծ մահճակալին, սրտի խորքում ասում էր․ «Ի՜նչ մենակ մարդ է»։
Այդ երեկոներից մեկին կենվորը սեղանի կարմրավուն փոքրիկ մի ծաղկաման դրեց։ «Հնավաճառի մոտից եմ գտել»։ Խանումը մի քանի վայրկյան նայեց բյուրեղապակյա ծաղկամանին։ Հետո վեր կացավ տեղից։ Ինչքան ոտքի ցավը թույլ էր տալիս, արագ սկսեց քայլել։ Վառեց հյուրասրահի ջահը։ Հայացքը պտտվեց հյուրասրահով մեկ, մինչև կանգ առավ ճենապակյա, բազմաճյուղ լուսամփոփի տակի սեղանիկին։ Հետ գնաց բակ։ Կռացավ մետաղյա սեղանի վրա, կարմրավուն ծաղկամանը գտավ իր զույգին։ Կենվորը մի պահ այլայլված նայեց երկու ծաղկամաններին։ Միաձև, միաչափ, միագույն։ Կենվորի ապշությունից Խանումը սկսեց ծիծաղել։ Խանումի ծիծաղից նա էլ սկսեց ծիծաղել։
Մի ուրիշ երեկո էլ կենվորը Խանումի լուսանկարների ալբոմն էր թերթում և հատ առ հատ հարցնում միջի մարդկանց մասին, երբ դուռը թակեցին։ Խանումը նայեց կենվորին։ Նա ասաց․ «Ընկերներիցս մի քանիսը․․․»։ Խանումն ուզեց վեր կենալ։ Կենվորն ասաց․ «Խնդրում եմ՝ մնացե՛ք։ Պատմել եմ ձեր մասին, ուզում են ծանոթանալ ձեզ հետ»։ Խանումը, մտքերի մեջ ընկած, եռանկյուն շալը գցեց ուսին։ Էբրահիմը բացեց դուռը։ Մեկ բաժակ թեյից հետո հյուրերը սկսեցին գովել տունը, բաղեղներն ու այգու ծաղիկները։ Եռանկյուն շալը փռվեց բազկաթոռի թևին։
Խանումն աստիճանաբար դարձավ կենվորի հյուրասիրությունների մշտական անդամը։ Էբրահիմն ամեն երեկո բրոնզե մեծ ինքնաեռը բակ էր բերում, և Խանումը պատկերազարդ թեյամանից թեյ էր լցնում իր աչքին բավական երիտասարդ թվացող կանանց ու տղամարդկանց։ Նրանց հետ ասում-խոսում-ծիծաղում էր և պատմում անցյալից։ Երբ խոսք էր գնում գրքից, պոեզիայից ու քաղաքականությունից, լռելյայն նրանց էր նայում։ Ինքն իրեն ասում էր․ «Երանի էս մեկն աղջիկս լիներ։ Եթե տղա ունենայի, հաստատ նրա նման կլիներ»։
Մշտական հյուրասիրություններից մեկի ժամանակ երիտասարդ, նրբակազմ մի կին էլ եկավ։ Երկար, գունավոր շրջազգեստ էր հագել, տափակ ու բաց կոշիկներ։ Խանումը զգաց կենվորի տագնապները և իր մտքում երիտասարդ կնոջն իր աղջկա պես չընդունեց։ Հագածը չհավանեց ու մտածեց, որ երանի աչքերի կողքերն այդքան սևացրած չլիներ։ Երբ մնացածն օգնեցին Խանումին ու կենվորին հավաքել թեյի սեղանը, երիտասարդ կինը, ոտքը ոտքին գցած, ձեռքը դնչի տակ, միայն նայում էր։ Երբ կնոջ միայնակ ժամանումները սկսվեցին, Խանումն ամեն անգամ մի պատրվակով հեռացավ բակից։ Կենվորը չպնդեց, որ մնա։

(11)

         Աշուն էր։ Կենվորը խոսում էր, իսկ Խանումը, հայացքը մանրախիճերին, ականջ էր անում։ Երբ կենվորը լռեց, Խանումին թվաց՝ մրսում է։ Բրդյա, կաթնագույն շալը գցեց գցեց ուսին և նայեց արքայանարնջի ծառին։ «Լույս իջնի գերեզմանին։ Ասում էր՝ բարի գործը չի կարելի հետաձգել։ Աստծու կամքով, շնորհավոր լինի»։
Գիշերը ժամերով քունը չտարավ։ Ընկուզենու փայտից մահճակալի վրա, հայացքն առաստաղին՝ մտքերի տունն էր ընկել։ «Արդյոք կհամաձայնի՞, որ էստեղ ապրեն։ Չէ՛, չի համաձայնի։ Տունը չի սիրում։ Երբ շատրվանի հրեշտակներն էին գովում, ի՜նչ քմծիծաղ տվեց։ Վերևի սենյակները կպատրաստեմ նրանց համար։ Գրադարանս խոհանոց կդարձնեմ, երկու սենյակների միջնապատը հանել կտամ։ Կհամաձայնի՞։ Բա մո՞ւտքը։ Կհամաձայնի՞, որ ընդհանուր մուտք լինի։ Ես որ նրանց հետ գործ չունեմ։ Էնքան որ լինեն, ու զգամ՝ տանը մարդ կա։ Էն ժամանակները ո՞նց էի մենակ ապրում։ Չէ՜, հաստատ չեն մնա։ Տունը չի հավանի։ Արքայանարինջ չի սիրում։ Լուսամուտների վերևի գիպսերը սրտով չեն։ Երանի սիրեր տունը։ Վերևի հարկն էլ ոնց ուզի, կսարքեմ։ Առանց գիպսերի, առանց հայելիների։ Ոնց կուզի։ Եթե մնան, եթե երեխա ունենան․․․»։ Լուսադեմին, աչքերը հառած արքայանարնջի ծառի ստվերին՝ հայտնված պատուհանի շրջանակի մեջ, կիսաքուն-կիսարթուն նոր քայլող մանկիկի հետ ջրավազանի մանրախիճերն է չափում, երեխայի ցեխոտ ձեռքերն է լվանում ծորակի տակ ու նրա համար արքայանարինջ է քաղում։
Հաջորդ օրը թավշյա վարագույրի հետևից տեսավ կենվորին, որ երիտասարդ կնոջ հետ դուրս եկավ տնից։ Կինը սև, լայն վերնազգեստ ու տղամարդկային, սև կոշիկներ էր հագել։ Ձեռքը կենվորի ձեռքին՝ ծիծաղում էր։ Մտածեց՝ երբ վերադառնան, վերևի հարկը ցույց կտա։ Վարագույրը գցելով՝ ձայն տվեց Էբրահիմին․ «Գնանք վերևի հարկ»։ Քայլեց սենյակներով։ «Որ ի՞նչ եմ էսքան զրթ ու զիբիլները տարիներով պահել, Աստված գիտի։ Երեկոյան գնա հնավաճառ Թեմուր խանի հետևից»։ Էբրահիմն ապուշ կտրած նայեց Խանումին։ Թեմուր խանը դեռ տարիներ առաջ էր մեռել-գնացել։ Նրա խանութը հիմա որդին էր աշխատեցնում։ Խանումը հուլունքազարդ բարձիկը գցեց փոշեկոլոլ թերթերի կույտի վրա։ «Լա՛վ, գնա տղայի հետևից»։
Խանումը երիտասարդ կնոջը մի փուլաք հյուրասիրեց։ Կինը շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ թեյը դառն է սիրում։ Կենվորը լսեց Խանումի ասածները։ Գլուխը մի քանի անգամ տարուբերեց, մի քանի անգամ նայեց երիտասարդ կնոջը և ի վերջո ասաց․ «Շնորհակալություն»։ Եվ մտածելու համար ժամանակ խնդրեց։ Երիտասարդ կինը, ոտքը ոտքին, ձեռքը ծնոտի տակ՝ հայացքը հառել էր փուլաքի բյուրեղապակյա ափսեին։

(12)

Մոլուք խանումը թեյի առաջին բաժակը երկու կումով խմեց։ «Մի շաբաթ է՝ երազումս տեսնում եմ, որ Աղան[7] պահանջում է՝ գնամ, ոտքը համբուրեմ»։
Խանումը վեր կացավ նավթավառի մոտից, կռացավ սեղանի վրա, թեյ լցրեց՝ բաժակը տալով Մոլուք խանումի ձեռքը։ Ասաց․ «Ուղեկից չե՞ս ուզում»։
Կենվորը մինչև դուռն ուղեկցեց Խանումին։ Երբ ավտոմեքենան շարժվում էր, Խանումը գլուխը հանեց պատուհանից։ «Արքայանարնջի ծա՜ռը, ջրելը հանկարծ չմոռանաս»։ Հետո, ասես մտահոգվելով, շարունակեց․ «Էբրահիմը վերջերս տրամադրություն չունի»։ Կենվորը ժպտաց։ «Հանգիստ եղեք։ Անվնաս ճամփորդություն ձեզ»։
Ողջ ճանապարհին խուսափելու համար Մոլուք խանումի շատախոսությունից, որն այսքան տարի զբաղեցրել էր իրեն, իսկ հիմա նյարդայնացնում էր, գլուխը հենեց նստարանի թիկնակին ու փակեց աչքերը։ Ավտոբուսի միալար դխկդխկոցին համահունչ՝ մի քանի ժամ քնեց։ Մոլուք խանումը մի փոքրիկ, մոխրագույն ծածկոց գցեց Խանումի ոտքերին և ծանոթացավ առջևի, հետևի ու կողքի ուղևորների հետ։ Գյազի ու նողլի[8] տոպրակների ճռճռոցի հետ Խանումը բաց արեց աչքերը։ Մոլուք խանումը մի մաքրած նարինջ տվեց նրա ձեռքն ու թեքվեց դեպի հետևի ուղևորը։ Խանումը մի կտոր նարինջ դրեց բերանն ու պատուհանից դուրս նայեց։ Մտածեց՝ ճանապարհն ինչ երկար է։
Հիշեց նախկին ճանապարհորդությունները։ Առաջինները՝ ծնողների, ազգ ու տակի հետ՝ աղոտ ու անորոշ։ Վերջինները՝ Շազդեի հետ՝ ավելի վառ։ Մի անգամը Եվրոպա կատարած երկրորդ ուղևորությունից հետո էր, երբ եվրոպացի բժիշկները հույսները կտրել էին դեղ ու դարմանից։ Վերջին անգամ, երբ հայրը հիվանդ էր։ Ոչ մի անգամն իրեն այսքան երկար չէր թվացել։ Նայեց մայրուղու կողքերի ծառերին և մտածեց, որ նախկինում շատ ավելին է տեսել։ Մտածեց՝ որոնք էին այն ժամանակ տնկի։ Որո՞նք էլ չկան։ Կարոտեց արքայանարնջի ծառը։
Երբ հասան Մաշհադ, լռելյայն քայլեց Մոլուք խանումի հետևից։ Սրբավայրին ամենամոտ իջևանատանը սենյակը վերցրին։ Մինչ Մոլուք խանումը ճամպրուկներն էր դասավորում, Խանումը շվարած կանգնեց իջևանատան փոքրիկ սենյակի մեջտեղում։ Նախորդ ճանապարհորդությունների ժամանակ ազգականներից մեկի տանն էր մնացել։ Ո՛չ թաղամասի անունն էր հիշում, ո՛չ տունը, ո՛չ էլ տանտիրոջը։ Մոլուք խանումը ճամպրուկներից սև չադրաներ ու ճերմակ մեղնա’եներ[9] հանեց։ Գլխներին գցեցին ու գնացին։
Սրբավայրի հոծ բազմության մեջ շունչը մի պահ կտրվեց։ Սրբավայրից միայն հայելիները, ջահեր, զարիհներն[10] ու վարդաջրի բույրն էր հիշում։ Մոլուք խանումը, արտասվելով ու «Աղա՜, Աղա՜» գոչելով, վազեց դեպի զարիհը։ Խանումը, կպած Մոլուք խանումի չադրայից, լուռ գնում էր նրա հետևից։ Մոլուք խանումը ծնկի եկավ և հպվեց զարիհին։ Խանումն էլ ծնկի եկավ ու ձեռքը առաջ պարզեց։ Աչքերը լցվեցին աղաչանք-պաղատանքներով, և բազմության ճնշումը ձեռքը հասցրեց զարիհին։ Ինքն իրեն հարցրեց․ «Ինչո՞ւ եմ եկել»։ Ամեն անգամ հստակ ու որոշակի խնդրանքով էր եկել։ Խնդրանք, որը մարդկանց կամ Աղային ասելուց չէր ամաչում, բայց այս անգամ․․․։ Փակեց աչքերը։ Երանի կարողանար չմտածել ոչ մի բանի մասին։ Գուցե եթե ոչ մի բանի մասին չմտածի, զարիհի տակի սուրբ ննջեցյալը ների իրեն։ Քթի տակ մրմնջաց․ «Եկել եմ ոտքդ համբուրելու»։
Ցանկացավ չմտածել, բայց մտքերը հանգիստ չէին տալիս։ Շազդեի հետի վերջին ճամփորդության ժամանակ տանտերը, որ հորական հեռու բարեկամներից էր, հրաժեշտի ճաշի ժամանակ բալով փլավ էր եփել։ Խանումը, զամբյուղի միջի կանաչ սոխերը Շազդեին ցույց տալով, ասաց․ «Մեր մասրենու կոկոնների նման են»։ Շազդեն ծիծաղեց։ Բռնված զարիհից, աչքերը փակ՝ ինքն իրեն ասաց․ «Ի՞նչ մի ժամանակ է՝ կանաչ սոխերի մասին մտածելու»։ Հոր Նայինի[11] աբան հիշելու ի՞նչ ժամանակ էր։ Աբա, որ նախքան մահճին գամվելը գցում էր նվաղ ուսերին և գիշերվանից մինչև լուսաբաց գալիս-գնում սենյակով մեկ։ Հոր չոր հազի ձայնը զնգաց ականջներում, Շազդեի ծխախոտատուփի՝ գորգի վրա ընկնելու բութ ձայնը։ Երբ Շազդեի գլուխն ընկավ կրծքին, ի՜նչ արագությամբ վազեց նրա կողմը։ Արծաթե ծխախոտատուփն ո՞ւր էր դրել։ Վերջին անգամ ե՞րբ էր գնացել հոր, Ազիզ Խաթունի, Շազդեի, Գոլբանուի գերեզմաններին։ Բազմության ճնշումը թուլացե՞լ էր, թե՞ էլ արդեն ոչինչ չէր զգում։ Աղմուկ-աղաղակը հանդարտվե՞լ էր, թե՞ արդեն ոչինչ չէր զգում։ Ինքն էր, լռությունն ու զարիհի խոնավությունը։
Մինչ Մոլուք խանումը կբռներ նրա ուսերից, վեր կբարձրացներ և ամբոխի միջով դուրս կհաներ սրբավայրից, անդադար լալիս էր։
Երբ վերադարձավ տուն, տեսավ՝ բակի արևելյան պատը նստել է, իսկ հյուրասրահի առաստաղի գիպսը՝ ճաք տվել։ Երբ Էբրահիմը թույլտվություն խնդրեց՝ պատշարի հետևից գնալու, Խանումը, ասես ճանճ քշելով, ձեռքերը թափահարեց օդում։ Պտտվեց տնով մեկ, սենյակ առ սենյակ, անկյուն առ անկյուն։  Անշտապ ու հանդիսավորությամբ։ Բացեց բոլոր պահարանների դռները, դուրս քաշեց բոլոր դարակները։ Որոշ իրեր մոռացված հուշեր միտը բերին, որոշ իրերի դեպքում էլ հիշողությունն ինչքան լարեց, չհիշեց՝ երբ և ինչպես են հասել իր տուն։
Էբրահիմը ճամպրուկը դրեց ննջասենյակում՝ ընկուզենու փայտից մեծ մահճակալի մոտ։ Խանումը չբացեց ճամպրուկը։ Ճանապարհի հագուստը չհանեց հագից։ Պառկեց մահճակալին, հայացքը հառեց առաստաղին, և հաջորդ վայրկյանին քունը տարավ։ Երազում բակը տեսավ։ Երազում աղունիկների առաջ փշուրներ էր լցնում։
Հաջորդ առավոտյան կենվորը եկավ նրան տեսության։ Համբուրեց Խանումի ձեռքը՝ ասելով․ «Ուխտդ ընդունելի լինի»։ Խանումը բազկաթոռի կողքի կլոր սեղանի վրայից մի թսբեհ ու փոքրիկ տուփ վերցրեց։ «Էս փոքրիկ նվերը՝ ձեզ։ Նոր տան խոհանոցի համար էլ՝ զաֆրան»։ Կենվորը շնորհակալություն հայտնեց։ Խանումը շալի անկյունը փաթաթեց մատին։ Կենվորը նայեց բակին ու ասաց․ «Արքայանարնջի քաղելու ժամանակը չէ՞»։ Խանումը շալի անկյունն արձակեց մատից։

[1] Ջաջիմ –  կարրպետի տեսակ։

[2] Փուլաք –  ծծովի կոնֆետ, որն արտադրվում է Սպահանում։

[3] Քուքու սաբզի – կանաչիներով ձվածեղ։

[4] Էսֆանդ – բույս, որ վառում են չար աչքից հեռու մնալու համար։

[5] Էմամզադե Սալեհ – մզկիթ, որ գտնվում է Թեհրանի հյուսիսային շրջանում։ Այն նվիրված է շիաների 12-րդ իմամի որդուն՝ Սալեհին։

[6] Թերմե – հատուկ գործվածքից կտոր։

[7] Հեղինակը հավանաբար նկատի ունի շիական ութերորդ իմամ Ալի ալ Ռիդհային, որի դամբարանը գտնվում է Իրանի Մաշհադ քաղաքում։

[8] Գյազ և նողլ –  իրանական քաղցրավենիքներ։

[9] Մեղնա’ե – իսլամական գլխաշորի տեսակ։

[10] Զարիհ – կրոնական նշանակալից անձանց գերեզմանների կառուցված ճաղավանդակներ։

[11] Նային – քաղաք Իրանում, գտնվում է Սպահան նահանգում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *