Խորխե Լուիս Բորխես | Այն օրից, ինչ հեռացել ես

Ես պետք է հարություն տամ կյանքին,
Որ մինչև այժմ քո հայելին է՝
Ամեն արշալույսի ավերակներից վեր հառնելով։

Այն օրից, ինչ հեռացել ես,
Այս ողջ քաղաքը թվում է ավելորդ,
Ինչպես նեոնի լույսը կեսօրին։

Չէ որ երեկոները շրջանակներն են քո պատկերի,
Եվ երաժշտության մեջ դու սպասում էիր ինձ,
Խոսքերդ այն ժամանակ
Հիմա իմ ձեռքերով կփշրեի հազարավոր բեկորների…

Ասա՛, որտե՞ղ թաքցնեմ հոգիս, ի՞նչ խորքերում,
Որպեսզի բացակայությունդ այն չմոխրացնի
Հանց ցասմնալից արև, որ առանց մայրամուտի
Այրում է անխնա ու անդադրում։

Եվ ինչպես պարանը՝ կոկորդին,
Ինձ օղակում է քո բացակայությունը,
Ծով, ուր խորտակվում է հարաժամ բաժանումը:

 

***
Ինչ-որ մեկը շտապում է արահետներով Իթակեի`
մոռանալով իր արքային`
տարիներ առաջ Տրոյա նավարկած,
ինչ-որ մեկը մտածում է
տոհմական կալվածքի,
նոր արորի ու որդու մասին
և իրապես երջանիկ է:
Ես Ուլիսն եմ՝ աշխարհի եզրին,
եղել եմ տիրույթներում Հադեսի,
տեսել ստվերը թեբեացի Թիրեսիասի,
որն արձակել է երկու պարուրված օձերի,
տեսել եմ ստվերը Հերակլեսի,
որ որսում էր թփուտներում
ուրվականները առյուծների,
այն ժամանակ, երբ Հերակլեսը- աստված է Օլիմպոսում:
ինչ-որ մեկը թեքվեց դեպի Բոլիվարը
կամ Չիլին:
Երջանիկ կամ դժբախտ,
եթե միայն ես լինեի:

 

***

Մենք սիրում ենք այն, ինչ վիճակված չէ իմանալ, ինչ կորսված է.
թաղամասերը, որ նախկինում եղել են արվարձաններ,
հնությունները, որ անզոր են մեզ հիասթափեցնել,
որովհետև դարձել են փայլուն առասպելներ,
Շոպենհաուերի վեց հատորները,
որոնք այդպես էլ կմնան անավարտ,
հիշողությամբ՝ չբացելով Դոն Կիխոտի հատորը երկրորդ,
Արևելքը՝ աֆղանացու, թուրքի
և պարսիկի համար անկասկած գոյություն չունեցող,
մեր նախնիներին, որոնց հետ քառորդ ժամ էլ չէինք կարող խոսել:
Հիշողության պատկերները մշտափոփոխ՝
մոռացությունից հյուսված,
լեզուները, որոնք հազիվ ենք հասանում,
լատիներեն և սաքսոներեն չափածոն,
որ կրկնում ենք համաձայն սովորույթի:
Ընկերներին՝ անընդունակ մեզ դավաճանելու,
քանզի վաղուց էլ չկան կենդանի,
Շեքսպիրի անունը անսահման,
կնոջը, որը մեր կողքին էր, իսկ հիմա հեռու է այնքան,
շախմատը և հանրահաշիվը, որոնք ես չգիտեմ:

 

***

Իմ սիրո և իմ միջև
հառնել են երեք հարյուր գիշերներ,
ինչպես երեք հարյուր պարիսպներ
իսկ ծովը մեր միջև
այլակերպվել է կախարդական
անհունության

Ոչինչ չի մնա,
բացի հիշողություններից
Օ՜, երեկոներ
արժանի դատապարտման
օ՜, գիշերներ,
քեզ հետ հանդիպման
սպասման մեջ,
իմ ճանապարհներ և դաշտեր,
իմ երկնակամար
ես տեսնում եմ ձեզ և կորցնում )…
Անհողդողդ, ինչպես մարմար,
հողին քո հեռացումն է փռվում:

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *