Ծերենց | Ազգային պատմութիւն

Ծերենցի (Հովսեփ Շիշմանյան, 1822-1888) այս հոդվածը, ինչպես նրա բազմաթիվ այլ հոդվածներ, արևմտահայ իրականության մեջ իրարամերժ տրամասությունների, նորանոր սպասումների ու հիասթափությունների, բուռն քննարկումների, վերագնահատումների եւ տրամադրությունների պայմաններում է գրվել: Խոսքը 1854 թվականից ծայր առած Սահմանադրական շարժման մասին է (Գրիգոր Օտյան, Սերովբե Վիչենյան, Նահապետ Ռուսինյան, Նիկողոս Պալյան և այլք), որը բազմաթիվ քննարկումներից ու վեճերից հետո 1860 թվականի մայիսի 24-ին հաստատվեց իբրև Ազգային սահմանադրություն, բայց որը բազմաթիվ վերափոխություններից հետո միայն հաստատվեց Բարձր Դռան կողմից։

Ծերենցի այս հոդվածում հատկապես ուշագրավ են մի քանի առանցքներ, որոնց շուրջ էլ կազմակերպում է հեղինակն իր ասելիքը․ (1) ընդհանրապես պատմության, բայց մասնավորապես ազգային պատմության խնդիրը (բնական պատմութիւն), որի/որոնց իմացությամբ է, որ հնարավոր է հասկանալ ազգային դժբախտությունը, որն արդյունք է տգիտության․ «որովհետեւ տգիտութիւնն է այս դժբաղդութեանց պատճառը եւ անոր ալ դեղթափը գիտութիւն, ուրեմն ապագայէն բժշկութիւնը մեր ձեռքն է», (2) դպրոցների կամ վարժարանների (Հրահանք) կարևորումը, քանի որ միայն կրթությամբ է, որ հնարավոր է հաղթահարել ազգային թշվառությունը, և սխալվում են նրանք, որ «կառավարութեան ձեւին վրայէն կը չափեն ազգի մը՝ տէրութեան մը երջանկութիւնը եւ թշուառութիւնը», (3) Սահմանադրության խնդիրը, որը Պրուսիայի օրինակով պետք է հատկապես խարսխված լինի «արդարության» և «հրահանգի» (դպրոցի, վարժարանի) վրա, որտեղ «ամէն մարդ իր պարտքը կատարելապէս ճանչնալով իրաւանց խնդիր չմնաց երկրին մէջ»։ Հաջորդում է ընդհանրացնումը․ «Վա՛յ ժողովրդոց երբ իրենց հոգեւոր եւ մարմնաւոր առաջնորդները զիրենք տգէտ պահելու կաշխատին, եւ իրենց շղթայները ամրացնելու համար իրենց տգիտութիւնը կը շողոքորթեն, եւ իրենց միայն նիւթական պիտոյքը կը մտածեն բարոյականը բոլորովին սպանելով»։

Պատմությունից բազմաթիվ օրինակներ բերելով՝ Ծերենցը արդարացիորեն նշում է նաև․ «Մենք ալ մեր հնաւանդ փոշիներնուս մէջէն խօսելու եւ մեր պատմութեան վրայ խորհրդածելու, եւ հսկայից օրինակէն մեր փոքրկութեան մէջ խրատուելու իրաւունքներ ունինք»։ Այս համատեքստում կրկին ու կրկին կարևորում է դպրոցների դերը, որոնք չպետք է եկեղեցիներից պակաս լինեն․ «[Ա]մեն տէղ ուր եկեղեցի մը կանգներ է՝ նոյն օրը նաեւ դպրոցի մը շիներ»։  Դպրոցներ, քանի որ միայն այդպես են ազգ ու ժողովուրդ կատարելագործվում և դիմագրավում պատմության անակնկալներին։ Իսկ այս նպատակն իրագործելու համար հույժ կարևոր է մի այնպիսի Սահմանադրություն, որտեղ կարևոր է «ժողովքներով իւր քաղաքական կրթութիւնը կատարելագործել»-ը։ Քննարկումներ, «որոնք դուռ մը են ժողովրդեան վիճակին բարելաւութեան եւ բարոյական յառաջադիմութեան»։

Տեքստը թվայնացնելիս պահպանել եմ հրատարակված բնագրի թե՛ կետադրությունը, թե՛ ուղղագրությունը:

Թվայնացրեց, առաջաբանը գրեց եւ ծանոթագրեց՝ Սմբատ Խ. Հովհաննիսյան

Շատ երեւելի մարդիկ այնպէս հաւաաացեր են թէ՝ Ազգի մը մեծ խրատ եւ խորունկ խորհրդածութեան առիթ պատմութիւնն է, եւ մանաւանդ իւր ազգին պատմութիւնը։ Եւ կարդացինք ութսունութը տարուան Հայոց ազգին պատմութիւնը, աշխատասիրեալ Պէրպէրեան Աւետիս [1] պատուելիէն։ Բայց մարդ առանց տխրութեան՝ առանց դառնութեան՝ առանց առաքինի համբերութեան չէ կրնար դարձնել աս էջերը եւ իրօք ուրախութիւն մը ան ատեն միայն կզգայ սրտին խորէն, երբ կը մտածէ թէ՝ սա թերթերը դարձնող անձինք ամէնքը Հայ պէտք են ըլլալ։ Վասն զի գոհութեան արժանի նիւթեր շատ քիչ՝ եւ տխրութեան արժանի նիւթեր այնչափ շատ են։ Եւ անոնք որ ազգին մէջ աթոռ մը՝ պատիւ մը ունեցեր են այնչափ քիչ անգամ արժանաւոր, շատ անգամ այնչափ տգէտ, շատ անգամ այնչափ խռովարար, որ մարդուս յուսահա­տութիւն կուգայ, թէ չմտածէ եւ չըսէ ինքնիրեն, թէ՝ որովհետեւ տգիտութիւնն է այս դժբաղդութեանց պատճառը եւ անոր ալ դեղթափը գիտութիւն, ուրեմն ապագայէն բժշկութիւնը մեր ձեռքն է։ Վասն զի ինչ որ ներքին չարութիւն՝ դրսէն եղած անզգամ խառնակչութիւնք կրցեր են վնաս ընել եւ յաջողիլ միթէ ժողովրդոց տգիտութեան հետեւանք չեն, որ անոնց լայն ասպարէզ մը թողեր են որ իրենց խաղալիք ընեն ազգը։

Անոր համար էր որ անցեալներս ՀՐԱՀԱՆՔ [2] ըսինք եւ միշտ պիտի ըսենք, քանի որ տեսնենք ամեն օր չէ թէ մեր՝ այլ աշխարհքիս վրայ բոլոր ազգաց՝ մեծին եւ պզտիկին նիւթական եւ բարոյական թշուառութեանց եւ կորստեան մի միայն պատճառ աս տգիտութիւնը եղած է։

 Կը խաբուին անոնք որ բոլորովին կառավարութեան ձեւին վրայէն կը չափեն ազգի մը՝ տէրութեան մը երջանկութիւնը եւ թշուառութիւնը։ Ով որ Անգղիա միայն կը տեսնէ եւ Ամերիկոյ միացեալ նահանգները կը նշմարէ իրենց ազատարձակ սահմանադրութեամբքը, քիչ կը տեսնէ եւ պէտք է որ աղէկ դիտէ անոնց մէջ ուսմանց ալ յառաջադիմութիւնը։ Վասն զի սահմանադրական չափաւոր ազատութեամբ իմաստուն կառավարութիւն մը Բրուսիա այնպես մեծ յառաջադիմութիւններ ըրաւ յիսուն տարուան ժամանակի մէջ [3], երկու մեծ հիմանց վրայ կռթնելով՝ Արդարութեան եւ հրահանգի վրայ, եւ այնպիսի լռիկ իմաստութեամբ աշխատեցաւ, որ այս կէս դարու միջոցին՝ իր ժողովրդոց թիւը կրկնապատկեցաւ, երկրագործութիւնը այնպիսի յառաջադիմութիւն ըրաւ, որ անբեր՝ աւազուտ՝ ճախնային հողեր՝ ցուրտ եւ խոնաւ կլիմայի մը տակ պարտէզ դարձան, արհեստից եւ ձեռագործաց կարեւորք՝ առաջին աստիճանի կատարելութիունքը գտան․ զինուորական արհեստը գիտութեամբ եւ ուսմամբ հոն հասաւ, որ [4] ամեն մարդ գիտէ․ հրահանգաց ծաւալումը ան ըրաւ որ՝ ամէն մարդ իր պարտքը կատարելապէս ճանչնալով իրաւանց խնդիր չմնաց երկրին մէջ․ զեղխութիւնը երբ աշխարհք ապականեց, Բրուսիացի հարուստը Փարիզ, Լօնտօն եւ հանգային ջուրերը չի վատնեց իր եկամուտները Անգղիացի լօրտին՝ Գաղղիացի բրէնսին՝ Ռուսիացի կնիազին՝ աւստրիացի եւ Մաճառ մանեաին՝ Դանուբեան պօյարին եւ Օսմանցի պէյին պէս, այլ իր եկամուտին աւելցուքը իր արտերուն եւ ագարակներուն վրայ թափց եւ անոնք արգասաւորեց, խնայութիւնը՝ չափաւորութիւնը՝ քարոզելէն աւելի գործելը այս երկրին մէջ կանոն դարձաւ, եւ այսօր ան օտարազգիք որ Գաղղիոյ աւելի մեծ համակրութիւն ունին եւ անոր դժբաղդութեանցը վրայ կը ցաւին չեն կրնար չի խոստովանիլ թէ՝ Բրուսիոյ պետական անձինք եւ ժողովուրդք ծանրագլուխ եւ խոհուն մարդիկ են [5] աս թեթեւամիտ տղոց քով որ ամէն առիթ մէջ կը պարծենան եւ կը պարտաւորին զրուցել Պայռնի հետ թէ «Այս ազգը յաղթող եւ յաղթեալ միշտ կը կանչուռտէ» եւ կը զարմանան թէ ի՞նչպէս դեռ երէկ հեռագրով նաեւ կը պարծենան թէ պատերազմի տուգանքը պիտի վճարեն (առնողները դեռ այնչափ չհպարտացան) կը պարծենան թէ՝ աւազակներու՝ որ իրենց մայրաքաղաքին տիրած էին՝ յաղթող բանակ մը ունին, երբ Բրուսիացի բանակին պարծենկոտութիւնը անախորժ կուգա շատ ականջներու։ Եւ կրնան ալ պարծիլ թէ Պուռպոնի ցեղը կամ Պօնաբարթը պիտի դարձնեն գահոյից վրայ։ Եւ ասոնք բոլոր՝ վասն զի եկեղեցականներ ունին որ Ազատութեան ծառեր եւ երդմնազանց կայսրներ գիտեն օրհնել եւ ամէն պարագայի մէջ «Զքեզ Աստուած գոհաբանեմք» մը երգել․ վասն զի օրէնսգէտներ ունին որ դարում մը մէջ տասներկու սահմանադրութիւն գիտեն շինել եւ ամէն օրինազանցները օրինաւորապէս արդարացնել։ – Վա՛յ ժողովրդոց երբ իրենց հոգեւոր եւ մարմնաւոր առաջնորդները զիրենք տգէտ պահելու կաշխատին, եւ իրենց շղթայները ամրացնելու համար իրենց տգիտութիւնը կը շողոքորթեն, եւ իրենց միայն նիւթական պիտոյքը կը մտածեն բարոյականը բոլորովին սպանելով։

Հեռըցանք խնդիրէն արտաքոյ կարգի բաղդատմամբ՝ չի կարծէ մէկը, բնական պատմութեան մէջ նաեւ ամեն կենդանի՝ ամեն միջատ նաեւ, որ աչքի չերեւար, իւր նկարագիրը ունի․ առիւծը, արծիւը, միայն չեն որ զբնապատումը խօսիկ կուտան, մեղուն եւ մրջիւնը արժանի են որ իրենց վրայ ալ խօսուի, եւ իրարու շատ անգամ իբր օրինակ կրնան ծառայել։ Մենք ալ մեր հնաւանդ փոշիներնուս մէջէն խօսելու եւ մեր պատմութեան վրայ խորհրդածելու, եւ հսկայից օրինակէն մեր փոքրկութեան մէջ խրատուելու իրաւունքներ ունինք։ Ուստի ան կըսէինք թէ այս ութսունըութը տարուան պատմութեան մէջ՝ տգիտութեան վնասներէն եկած դժբաղդութեանց համար պէտք է գիտութեանց ծաւալման ընթանալ։ Համարինք թէ ցրուած Հայ ազգը Կալկաթայէն մինչեւ Ամսթրտամ, Բեդրսպուրկէն մինչեւ Պօլիս, ամեն տէղ ուր եկեղեցի մը կանգներ է՝ նոյն օրը նաեւ դպրոցի մը շիներ, իւր լեզուն՝ իւր պատմութիւնը՝ իւր կրօնական դաւանութիւնը եւ ժամանակին ուսմունքը եւ գիտութիւնը իր մանչ եւ աղջիկ զաւակներուն ուսցնէր, կը հաւատա՞ք դուք թէ՝ եկեղեցիները առանց ժողովուրդի կը մնային, կը հաւատա՞ք դուք թէ՝ անարժան անձինք եկեղեցական բարձերուն կը հասնէին, եւ արժանաւորները ժողովրդեան տժգոհութեան կասկած մը տուած օրէն՝ անձամբ իրենց իշխանութենէն չը հրաժարէին եւ խռովութեան առիթները չի վերնային, եւ ամեն տեղ առաջնորդները չի կրկնէին։ Անոր հետ թէ՝ ես այս աթոռը բարձրանալ չի փնտռեցի․ ան օրն որ չէք ուզեր, պատրաստ եմ իջնել [6]։ Թէ որ ուսմունք եւ գիտութիւն ըլլար ըստ բաւականին միթէ ժիզուիթներ Պապականութիւնը, եւ ամերիկացի քարոզիչներ բողոքականութիւն, կրնային մըտցնել ազգին մէջ, եւ հետեւաբար ան նախատինքները, նզովքներն ու զրպարտութիւնները տեղի կրնայի՞ն ունենալ։

Բայց մխիթարութիւն մը կայ եւ այն է, որ աս ութսունըութը տարւոյն վերջերը եւ այսօր ուրիշ հոգի մը կ’սկսի երեւալ․ ամեն Հայ կ’զգայ հարկը տգիտութեան պատրանքները պատռելու, եւ ճեմարանէն վերջը որ քանի մը անգամ կը գոցուի եւ կը բացուի, ուսմունքին պէտքը չէ թէ միայն մայրաքաղաքիս մէջ՝ այլ եւ դուրսերը ամենայն ոք կզգայ․ եւ մարդ կայ ազգին մէջ, որ իւր բոլոր փառասիրութիւնը՝ գործունէութիւնը եւ աշխատանքը եւ քսակը՝ դպրոցի մը կանգուն կենալուն նուիրած է, եւ գիշեր ու ցերեկ կը ճգնի իր աս սուրբ նպատակին համար․ մարդիկ կան, որ Պօլսոյ անձնադիւր կեանքը թողած՝ գաւառներու մէջ տղոց դաստիարակութեան կաշխատին՝ առ ոչինչ գրելով իրենց հանգստեան, իրենց սովորութեանց, եւ ծնելական երկրին կորուստը, եւ հեռաւորութիւնը։

Սահմանադրութեան շնորհիւքը ամեն իրաւունք ստացած ազգը իւր ներքին կառավարութիւնը ընելու, իրեն արժանաւոր պատրիարքը եւ առաջնորդ գտնելով եւ դնելով՝ եւ Ազգ․ ժողովքներով իւր քաղաքական կրթութիւնը կատարելագործելով, որոնք դուռ մը են ժողովրդեան վիճակին բարելաւութեան եւ բարոյական յառաջադիմութեան։

 

Ծանոթագրություններ

Տեքստը թվայնացրել ենք «Յ. Շիշմանեանի հրատարակութեանց հաւաքմունք: Ա» (Կոստանդնուպօլիս : Տպ. Ռ. Յ. Քիւրքճեան, [1870]) գրքից (էջ 62-67):

[1] Պէրպէրեան Աւետիս (1802-1870) –  Արևմտահայ պատմաբան, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետ։ Մասնագիտացած էր մանավանդ Նոր ժամանակների պատմության ոլորտում։ Բազմաթիվ փաստաթղթերի, կոնդակների, սուլթանական բերաթների հիման վրա շարադրել է «Պատմութիւն հայոց, սկսեալ 1772 ամէ փրկչին մինչև ցամն 1860» (Կ. Պոլիս: տպ. Հովհաննես Մյուհենտիսյանի, 1861) աշխատությունը, որը լույս տեսավ 1871 թվականին։ Մենագրությունը նշանավոր է եկեղեցու ղեկավարների, ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների պատմության, ինչպես նաև Կոստանդնուպոլսում ծավալված Սահմանադրական պայքարի լուսաբանմամբ։

[2] Հրահանք – Ծերենցն այստեղ նկատի ունի վարժարանները, դպրոցները։

[3] Պրուսիան Սահմանադրությունը (գերմ. Verfassung für den Preußischen Staat) ընդունել է 1850 թ․ հունվարի 31-ին՝ Ֆրեդերիկ Վիլհելմ IV-ի (Friedrich Wilhelm IV, 1840-1861) օրոք։ Ժամանակի ընթացքում այն ենթարկվել է բարելավման, քանի որ շատ ավելի քիչ լիբերալ էր, քան Գերմանական կայսրության դաշնային սահմանադրությունը: 1850 թ․ Սահմանադրությունը կոչվում է Վերանայված սահմանադրություն, քանի որ այն բխում էր 1848 թվականի Պրուսիայի Սահմանադրության վերանայումից։ Ընդսմին՝ Պրուսիայի այս Սահմանադրությունը հարացույց հանդիսացավ Ճապոնիայի կայսրության 1889 թվականի փետրվարի 11-ի սահմանադրության համար։

[4] Տառասխալ է․ որ-ի փոխարեն գրված էր ւոր։

[5] Տառասխալ է․ են-ի փոխարեն գրված է՝ գն։

[6] Այսպէս պէտք են զրուցել ամեն առաջնորդք որ Քրիստոսի ճշմարիտ աշակերտք են, պէտք չէ որ գայթակղութիւն տան ժողովրդոց՝ պէտք չէ որ ապօրինաւոր նիւթական եւ բարոյական միջոցներու դիմելով, աթոռը անձնական սեփհականութիւն մը իրենց համարելով՝ բաժանմանց եւ երկպառակութեանց առիթները շատցնեն․ պէտք է գիտնան թէ յանիրաւի, անիրաւութիւն ալ գտնեն ’ի ժողովրդոց եւ ապերախտութիւն՝ օր մը ճշմարտութիւնը զիրենք կը վարձատրէ։ Պրուսայի Առաջնորդական աթոռը գայթակղութեան նիւթ մը եղած է ժողովրդեան եւ գրգռութեան առիթ․ թէպէտ ամեն իրաւունք անոր աթոռակալին կողմն ալ գտնուին, դարձեալ պէտք է նա իւր մեծ վարդապետին պատուիրանը յիշէ եւ «փոքրիկ մը չի գայթակղեցնելու համար» շուտով հրաժարի․ յիշէ զՄեծն Սահակ Պարթեւ եւ համոզուի թէ՝ ոչ իր զոհը եւ իր արդարութիւնը չեն կրնար անօրինէն աւելի մեծ ըլլալ (ծթ․ Ծերենցի)։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *