
Բակոնց գյուղը պառկած է լեռան տակ` ճանապարհի կեսին, հոգնատանջ ուխտավորի նման ոտքերը երկարած, գլուխը ժայռի դեմ թեքած և մեծ կաղամախների պատճառով բազուկները օդի մեջ շարժուն:
Մոտակա սրածայր լեռը ոտքը ծանրորեն սեղմել է տանիքների վրա, և տուները տնքալով մտել են մինչև մեջքը հողի մեջ. քարակույտներով ծածկված գոմերը գերեզմաններ են փորել, ծառերը անբնական կերպով վեր են բարձրացել, և ամբողջ գյուղը թաքնվել է շրջապատող ժայռերի անորոշ այն գույնի տակ, որը փոխվում է միայն ամպերի ձգած լայն շուքերի հետ:
Եթե հեռվից նայես, Բակոնց գյուղը նմանվում է փուլ եկած ժայռի, որի մեջ անապատի թռչունները մեծ բույներ են շինել: Միակ կետը, որ գյուղին մարդկային բնակավայրի կերպարանք է տալիս, եկեղեցին է: Լերկ և տարօրինակորեն ներդաշնակ, խոնարհորեն վեհ այն հայ եկեղեցիներից` կառուցված հոգիների բարդ քարտեզի վրա, որոնց կատարին հարյուրավոր ձմեռներ են նստել, և որոնց մակերեսի վրա բոցավառ արևները անթիվ ջահերի ծայրեր են մարել:
Հեռվում հորիզոնը դաշտերի ծոցից քաղած ալիքների թմբեր է դիզել:
Սարի ճեղքված կողքը արծաթե վերք է բաց արել. երկայն մի երակից պսպղուն ջուր է թափվում: Ամառային եղանակին այս ջուրը աղմկալից ծնծղաներ շարժող զվարթ աղբյուր է, որի շուրջը կեսօրին բառաչում են գանգրավարս ոչխարներ, իսկ ձմռանը նա հանկարծ բոլորովին կերպարանափոխվում է, վեր է ածվում մութ, պղտոր, աղմկալից և բարկացած ջրվեժի:
Ջուրը գյուղի շուրջը փոքրիկ գետակ է կազմում, տեղ-տեղ համառորեն քարերը շփելով արագորեն վազում է և տեղ-տեղ էլ առանց պատճառի հանկարծ միտքը փոխում է, հորանջելով կանգ է առնում և լճանում: Շարժուն այս գիծը շրջապատող դաշտի որոշ մասերին թրթռացող կենդանություն է տալիս, մտնում է նրա երակների մեջ, զով է սփռում և շերտերի տակ սպասող դարավոր ուժերը կյանքի է կանչում: Իսկ այն տեղերում, ուր ջուրը տարածվելով կանգ է առնում, լպրծուն, անհանգիստ և տխուր ճահիճներ են գոյանում: Այդ խոր ցեխերի վայրերում տաք օրերին դեղին շոգիներ են լողում, միջատները թույն են արտադրում, գորտերը ուռած աչքերով երգում են վայր ընկնող աստղերին, և տենդը խելագարած ուրվականի դեմքով, դողահար ձեռքերով, աչքերը վար, դուրս է գալիս և երերուն քայլերով մտնում է խրճիթներից ներս:
Այս պատճառով էլ Բակոնց գյուղի բնակիչները անհավասարակշիռ բնավորության տեր մարդիկ են` լուռ, մռայլ, խստաբարո, շուտ ոգևորվող և առանց պատճառի հանկարծ բռնկող:
— Դե, ամեն մարդ խոմ գիտի` բակոնցցիք մի քիչ խև են,— ասում են շրջակա գյուղերի բնակիչները:
Այս նշմարելի է մանավանդ կանանց քայլելու ձևի մեջ, զիստերի ներդաշնակ տատանմանը հաջորդող անկյունավոր շարժումների և ոտքերը գետին տալու ջղային կերպի մեջ:
Նույնպես դաշտը:
Գարնան եղանակին (հիմա հենց գարուն է) դաշտի բաց մասերի վրա կանաչ աչքերով մի հով է վազում, օդը իր թափանցիկ ձեռքերի մեջ փերուզա է փշրում, հետո ոտքերի մատերի վրա, մի քիչ հարբած, քայլում է դես ու դեն, և ուր որ քայլում է, կանաչներ են շողշողում, նոր ծլած ծաղիկներ բուրում, և թռչունները երգում են մոլեգին կոկորդներով:
Մինչդեռ շատ տեղեր էլ հողը մնում է լուռ: Սեղմում է կարծր շրթերը, դեղնած ճակատը տալիս երկնքին և մնում պապանձված: Երբ վրան քայլես, խուլ ձայն է հանում, մղկտում է, և գիտես, որ անհունորեն տխուր է:
Ինչպես Տեր Մեսրոպ քահանան:
Տեր Մեսրոպը (այժմ նախկին քահանա) շաբաթներից ի վեր ծալապատիկ նստել է մութ խրճիթի անկյունում, մեկ ծունկը վեր է ցցել, ճերմակ մորուքով ծածկված դողդոջուն կզակը վրան սեղմել, նստել է, լռում է, նայում է:
Նայում է և ոչինչ չի տեսնում:
Ուզում է մտածել, և գլուխը չի բանում:
Աչքերը ընկել են կլանող մի պարապության մեջ, ուր ամեն ինչ կարծես թե հանգիստ է, բայց իրականի մեջ ամեն ինչ շարժվում է գորշ, անհասկանալի ձևերով: Վարագույր, որի ետև վախենում է նայել: Երբեմն կլոր լույսեր են երևում, մեկը մյուսի ետևից լողում են և անհետանում:
Տերտերը կզակը ավելի ուժեղ է սեղմում ծունկին՝ բնազդորեն թեթևացնելու համար ինչ-որ մի ծանրություն, որ կախվել է գլխի ետևի կողմում և ուսերի ծայրին: Ոտքերը թմրել են, և ամբողջ մարմինը կարծես անհետացել է: Միայն այնտեղ` սրտի մեջ, մի ինչ-որ մորմոք է զգում, մի վերք, որ ուզում է մոռանալ, որովհետև եթե շարժի, վայրի մեղուների բույնի նման ցավերը կբզզեն, և մսերի վրայից կրակ կվազի:
Երբեմն փորձում է մտածել, ինքն իրեն հաշիվ տալ, հասկանալ և որևէ որոշում կայացնել: Իզուր. երկաթե մեծ մի աքցան սեղմում է սիրտը, ինքը իր մտքից վախենում է, օ՜խ է քաշում, և մեջքը երերալով` ընկնում է անորոշ այն մառախուղի մեջ, որը մոռացության պատրանք է տալիս նրան:
Դռան առջև հավերը կչկչում են:
Մի աքլոր ներս է մտնում, չորս կողմը նայում, թևերը թափ տալիս և գոռոզ քայլերով դուրս գնում:
Տեր Մեսրոպը պիշ-պիշ նայում է, հետո քը՛շտ, քը՛շտ է անում, թեպետ աքլորը վաղուց արդեն մեկնել է:
Քը՛շտ, քը՛շտ… Աներես այդ աքլորի դեմ հակակրանք է զգում: Ո՜վ գիտե ինչո՛ւ: Երևի նրա համար, որ այն շուն Առաքելը Չեկայի այն անդամը, որ պատճառ եղավ իր բոլոր դժբախտություններին, նույն գոռոզ քայլվածքն ունի: Կարճ մարդ` կուրծքը դուրս ցցված, կարտուզը գլխի կատարին, ձայնը խռպոտ և վճռական:
Ի՜նչ ժամանակներ եկան, ի՜նչ ժամանակներ…
Աշխարհը տակն ու վրա եղավ, մարդիկ փոխվեցին, ուրացան, դավաճանեցին: Քրիստոնյա ազգը կորստյան մատնվեց, դժոխքը աղմուկով տեղից շարժվեց և սկսեց քայլել գյուղից գյուղ, քաղաքից քաղաք:
Աստված լռեց: Քե՛ մատաղ, թե՜ ղուրբան, Աստված լռեց:
Տեր Մեսրոպը աչքերը բարձրացնում է վեր, որպեսզի Բարձրյալի հետ խոսի, սակայն նրա հայացքը կանգ է առնում ձեղունի` մուխ ու ծխով ծածկված գերանի վրա, որտեղից ուռած մի մամուկ (սարդ) է կախված: Հաստափոր, մեծ մի մամուկ բարակ թելի վրայից մագլցում է վեր, իջնում է վար, կանգ է առնում և կռացած ոտքերը (քանի՜ ոտքեր) երկարորեն շարժում:
Ծերունին ոսկրուտ մատները քսում է աչքերին, նայվածքը սրում, նորից նայում: Նրան թվում է, որ մամուկը մտել է իր գանկի տակ և սրածայր ոտքերով ման է գալիս ուղեղի է՛ն խոր անկյուններում:
Գլուխը թափ է տալիս, աչքերը պինդ փակում: Հազար տեսակ մտքեր ճակատի տակ հանգույցներ են կապում: Մի վայրկյան կարծես ամեն ինչ պայծառանում է, գիտակցությունը փոքրիկ մի պատուհան է բաց անում, դեպքերը դասավորվում են, հիշողությունները գոց արկղներից դուրս են սողում, և հազիվ թե ահա ամեն ինչ պիտի լուսավորվի, մեկ էլ միտքը կոճկում է իր բաճկոնը, սեղմվում, փակվում:
Տեր քահանան նորից կզակը դնում է ծունկի վրա և երերալով սպասում:
Խիղճը նրան տանջում է:
Երեսուն երկար տարիներ նա ծառայել է իր ժողովրդին: Մասնակցել է գյուղի ցավերին և ուրախություններին: Մեռել է թաղել, կնունք է արել, պսակ է դրել: Տեր Մեսրոպ քահանայից ոչ ոք գանգատ չի ունեցել: Խղճամիտ, հեզաբարո, ոչ շատ գիտուն, ոչ շատ տգետ, բարի աչքերով այս մարդը աշխատել է ուրիշների ցավերին ըստ կարելվույն հասնել, մխիթարել, լուսավորել: Եկեղեցին զարդարել է, քանդված պատը շինել, գմբեթը ամրապնդել:
Ո՞վ չէր ճանաչում Բակոնց գյուղի քահանային: Նրա համբավը տարածվել էր ամբողջ գավառում:
— Մեր տերտերն էլ վատ չի, համա ձեր Տեր Մեսրոպը ուրիշ բան ա, իսկական քրիստոնյա մարդ ա, բերանի հացը կհանի, քեզ կտա,— ասում էին եկվոր մարդիկ:
— Հա՛, աղբե՛ր,— պատասխանում էին բակոնցցիք,— բախտավոր ենք, լավ, արդար մարդ ա մեր տեր պապան:
Տարիները, մեկը մյուսի ձեռքից բռնած, դանդաղորեն քարշ էին եկել: Եկեղեցու զանգը ամեն օր հնչել էր, և գյուղը հորանջելով լծվել էր իր աշխատանքին:
Բոլոր դժբախտությունները սկսվեցին սովետների գալուց հետո:
Նախ այն տարին մեռավ տիրամայրը: Չկարողացավ տանել իր միակ զավակի կորուստը: Երիտասարդ տղա` խելացի, ուսում առած, պատերազմին կամավոր գնաց և էլ չվերադարձավ:
Տեր Մեսրոպը միառժամանակ ուրվականի նման քայլեց` աչքերը պլշած, շշմած, հետո ջերմորեն ամեն առավոտ և երեկո աղոթեց, համակերպվեց ճակատագրին և ավելի մեծ ոգևորությամբ փարվեց եկեղեցուն և ժողովրդին:
Մի կտոր հող ուներ, բայց ծերության պատճառով չէր կարողանում վար ու ցանք անել:
«Տերտեր ջան, հոգս մի՛ անի, մեր ջահելները կվարեն ու կցանեն: Դու գործիդ նայի՛ր. էլ մենք ի՞նչ մարդ ենք, եթե մեր տերտերին չկարողանանք պահել»:
Հաց էին թխում, ղրկում, կերակուր էին տանում:
Ու Տեր Մեսրոպը ման էր գալիս վշտահար և մորուքը շոյելով, համրիչը ձեռքին, կանգնում էր եկեղեցու առջև, դիտում էր դաշտը, դիտում էր լեռը շարականների գեղեցիկ և խրթին նախադասությունները շրթունքների ծայրին կախված:
Տոներին սեղանի գլուխն էր նստում. «Հայր մեր»-ից հետո աչքերը փակում էր, օղին կուլ տալիս, ուրախ, զվարթ խոսում:
Կիրակնօրյա պատարագից հետո ճառ էր ասում կմկմալով, բառերը ուտելով, գավառաբարբառը գրաբարին խառնելով և հայոց պատմությունից միշտ նույն տեղի-անտեղի, «Քաջն Վարդանի» օրինակը մեջ բերելով:
Նոր չուխա հագած գյուղացիները լռիկ լսում էին, և եկեղեցուց ոչխարի և խնկի հոտ էր գալիս: Ժամկոչը` կաղ Սիմոնը, գանձանակ էր ման ածում, և կոպեկները ուրախ չրխկում էին պղնձե պնակի մեջ:
Լա՛վ էր:
Սեղանի գլխին կախված` սևաչյա, հսկա մորուքով մի Աստված հանգիստ դիտում էր և, չնայած որ տեղ-տեղ պատկերի վրայից ներկը թափվել էր, թվում էր, որ գոհ է:
Բայց այս աշխարհի վրա ոչ մի բան տևական չէ: Սովետական իշխանության տեղավորվելուց հետո մթնոլորտը կամաց-կամաց սկսեց փոխվել:
Մեջտեղ ընկան լակոտ-լուկուտներ: Գյուղի ամենաանպետք տղաները` ծույլ, չար, ըմբոստ, որոնց երեսին ոչ ոք չէր նայում, հանկարծ մի-մի ասլան դարձան, ձայն բարձրացրին, հրամաններ տվեցին և իմաստություն ծախեցին: «Կրոնքը ի՞նչ ա, եկեղեցին ի՞նչ ա, կրոնքը թույն ա, և Աստված չկա»:
Աստված չկա… շինականները նախ խաչ հանեցին, ապա մրթմրթացին զայրացած, և մի օր էլ այս տղաներից մեկին բռնեցին ու ծեծեցին: Մյուս օրը գյուղը լցվեց զինված մարդկանցով` հակահեղափոխականությունը զսպելու համար. տները խուզարկեցին և մի քանի հոգի էլ բանտ տարան: Երբ տերտերին քարշ տվեցին Չեկայի անդամի առջև և վրան պոռացին, բակոնցցիք շշմեցին, փափախները հանեցին և սփրթնած բերանների շուրջը վախկոտ ժպիտներ կախեցին:
Տեր Մեսրոպը այն գիշեր ջերմ ունեցավ: Մոտը հավաքված մի քանի ծերերի առջև անհեթեթ բաներ էր ասում. «Տեսա, տեսա, ձեզ մատաղ, տեսա, Մամիկոնենց Վարդանը, քուռակի վրա նստած, գնում էր Երու… Երու… Երուսաղեմ…»
Տուն գնալու ժամանակ ծերերը տխրած մեկմեկի երեսին էին նայում և զարմանում.
— Տերտերը ցնդել ա, զառանցում ա:
Քաղաքից ամեն օր վատ լուրեր էին գալիս: Եկեղեցիները փակում են, կաթողիկոսին վանքում բանտարկել են, եպիսկոպոսներին Սիբիր են ղրկում, և թուրքը բոլշևիկներին դրամ է տվել, որպեսզի հայ ազգը հալածեն:
Ամեն կիրակի, մինչ ժամում պատարագ կար, դրսում` ճիշտ եկեղեցու առջև, ջահել տղերք բարձրանում էին սեղանի վրա և սկսում խոսել կրոնի դեմ: Ամեն ինչ սուտ է, կեղծիք. տերտերները ձեզ խաբում են, նրանք տզրուկներ են, որ ձեր հացը ձրի ուտում են: Եվ այսպես մի ժամ:
Նախ գյուղացիները, վարժված այս ճառերին, ուշադրություն չէին դարձնում, և եկեղեցին միշտ լեցուն էր: Հետո կամաց-կամաց սկսեցին ճնշում բանեցնել երիտասարդների վրա, սպառնալ, խոստումներ տալ, պաշտոններ առաջարկել, և մի մասին քաշեցին իրենց կողմը: Եվ ամիսներ հետո Տեր Մեսրոպը սարսափով տեսավ, որ եկեղեցին կիսով չափ դատարկ է: Հարց ու փորձ արեց:
— Կներես, տերտեր ջան, վախենում ենք: Էն ա Ջանանենց Միսաքի ձեռքից հողը առան, էսինչի տունը գրավեցին, էնինչին սերմացու չտվին: Տղաներին դպրոց չեն ընդունում, թե՝ եթե հավատացյալ եք, գնացեք, ավետարան կարդացեք: Կներես, տերտե՛ր ջան, վախենում ենք:
Խանութ էին բաց արել, չորս թոփ կտավ կար, մի քանի թիթեղյա պնակներ:
— Ընկեր, մի քիչ չիթ եմ ուզում երեխեքիս համար. ինչ որ պետք է, կվճարեմ:
— Գնա՛, տերտերից ուզիր:
Գյուղացիները գլուխները կորցրին: Արորի տակ տքնող տավարի նման աչքերը պլշեցին և մտածումների մեջ ընկան: Լա՛վ, եթե եկեղեցի չգնանք, չիթ կառնենք, խոսք չկա. բա եթե տարին չոր եղավ, և անձրև չեկավ, ո՞վ պիտի ավետարանը դուրս հանի և սրբի մասունքները պտտեցնի: Եթե կովը չազատվի, ո՞վ պիտի մոմ վառի. եթե հիվանդանանք, ո՞ր սրբատեղին պիտի աղոթենք…
Լա՜վ, Աստված չկա. բա մասո՞ւնքը… բա քանդված վանքի հրաշքնե՞րը…
Եվ խորամանկ շինականները որոշեցին. եկեղեցին պահել առանց հաճախելու և միևնույն ժամանակ նոր տերերի կամքը կատարել: Շահը այդ էր պահանջում:
Տերտերին շարունակում էին ծածուկ կերակուր ղրկել, բայց առհասարակ, բացի մի քանի պառավներից, նրա հետ աշխատում էին չտեսնվել: Ի՞նչ կլինի, ինչ չի լինի…
Տեր Մեսրոպը իբրև գյուղացի, այդ ամենը շատ լավ հասկանում էր, բայց իբրև հարգանքի վարժ քահանա ճնշվում էր, տխրում և զանազան հույսերով ապրում:
Կանցնեն, այդ օրերն էլ կանցնեն. առաջնորդն ասել է, որ շատ չի տևի, իսկական իշխանությունը էն ա կվերադառնա:
Գյուղի փողոցներում շատ չէր երևում: Մի քանի անգամ վրան ծիծաղել էին, ետևից խոսք էին նետել: Ժամից արագ քայլերով վերադառնում էր տուն, ոչ ոքի երեսին չէր նայում. կուչ էր եկել, փոքրացել, նսեմացել:
Մի օր էլ՝ ճիշտ երեք շաբաթ առաջ, պատահեց ամենասոսկալին:
Ամենասոսկալի՛ն:
Ամեն անգամ, որ Բակոնցի քահանան վերահիշում էր այդ վայրկյանները, սիրտը նոր վանդակ ընկած թռչունի նման թևերը երկաթներին էր զարնում, ճակատի վրայից պաղ քրտինքի կաթիլներ էին վազում, և ողնաշարը փայտանում էր:
Հիմա էլ միտքը, հոլի նման պտույտ գալով, սկսեց պատերին քսվել, ուսերի վրա հաղթանդամ ձեռքեր սեղմվեցին, և չնայած ոտքերի թուլության նա գերմարդկային ճիգ արեց տեղից բարձրանալու համար և տատանվելով ման եկավ սենյակում, որպեսզի ավելորդ շարժումներով ուղեղը թմրեցնի և հիշողությունների դեպի իր կուրծքը երկարած սուր նիզակները հեռացնի:
Ավելորդ ջանք: Անցած օրերը, մի-մի հայելի բռնած, կանգնել էին իր առջև: Ամեն ինչ բոլոր մանրամասնություններով արտացոլվում էր, կենդանանում այս հայելիների մեջ:
Տեր Մեսրոպը, որպեսզի ինքը իրեն խաբի, փորձ արեց իր մտածումների կենտրոնը տեղափոխել իր կյանքի ուրիշ տարաբախտ վայրկյանների վրա: Ճիգ արեց վերհիշել կնոջ մահը: Ահա նա պառկած է անշարժ անկողնու վրա գույնը դեղնած, աչքերը փոս ընկած, դեմքի գծերը քաշված, և հիշում է քիթը տարօրինակ կերպով երկարած: Քիթը… Այդ քիթը քանի գնաց, իր մտքի մեջ մեծացավ: Դեղին, սրածայր, այլանդակորեն բարձրացած մի քիթ փոքրիկ դեմքի վրա տնկված: Տեր Մեսրոպը գլուխը թափ տվեց ծիծաղելի տեսիլքը հեռացնելու համար և փորձեց միտքը կենտրոնացնել մի ուրիշ ավելի սրտաճմլիկ տեսարանի վրա. այնտեղ անորոշ պատերազմի դաշտը, ուր մահացու վերքով պառկած էր իր սիրելի զավակը: Նա երևակայեց մեծ մի տարածություն ձյունով ծածկված, և ձյունի վրա` արյուն: Ամեն կողմ զինվորներ են վազում, պոռում են, կրակում: Դաշտի մեծ սավանը տատանվում է, ռումբերը պայթում են, և երդիկի մեջ ընկած քամու մի անտանելի սուլոց օձի նման սողոսկում է, մտնում է ուղեղի մեջ, թավալ գալիս և ամբողջ իր էությունը ցնցում:
Այս սուլոցը պատճառ եղավ, որ ամեն ինչ նորից վերհիշի: Կնոջ մահը, զավակի` պատերազմական դաշտում ընկած մարմինը, հնացած, ընտանի դարձած բոլոր վշտերը թևեր առան, թեթևորեն անհետացան, և քահանան նորից կանգ առավ շշկլած դաժան հիշողությունների առջև:
Այդ սուլոցը…
Մեղա՜, մեղա՜ քեզ, Աստվա՛ծ:
Կիրակի էր:
Տեր Մեսրոպը այդ առավոտ արթնացել էր մի քիչ տխուր և շատ սոված: Քանի անգամ նայեց մածունով լի պնակին, բայց ձեռք չտվեց մեղք չգործելու համար, որովհետև պատարագ պիտի աներ: Իր աղոթքը մրմնջելու ժամանակ նկատեց, որ ձախ աչքը խաղում է. այդ պատճառով «Հայր մեր»-ը երեք անգամ կրկնեց: Անօգուտ. աչքը շարունակեց խաղալ: Սակայն, երբ դուրս նայեց, սիրտը մի քիչ հանգստացավ. լավ օր էր, թեպետ մի քիչ քամի կար, սակայն արևն էլ պակաս չէր: Ցվիքների վրա նոր եկած ծիծեռնակները շարքով նստել էին, և հավերն էլ ուրախ կչկչում էին:
Գարունը քթին կպավ կարասից նոր հանած գինու նման, և անշուշտ այդ պատճառով Տեր Մեսրոպը որոշեց հագնել իր այն կապան, որ նա անվանում էր նոր` չնայած նրա վաղուց կանաչած գույնին: Համրիչը ձեռքն առավ, մորուքը տակից և վրայից շոյեց և մի քիչ այնպես, ինչպես դերասանը, որ բեմ պիտի ելնի, վստահ քայլեց:
Գիտեր, որ նորից պիտի գան, ժամի առջև ճառեն, որ եկեղեցին գրեթե դատարկ պիտի լինի, որ պատարագը կրճատված պիտի ասի, բայց Ինքը վերևից ամեն ինչ խոմ տեսնում է, և մի քիչ հալածվելը և նույնիսկ մարտիրոսանալը վայել է քրիստոնյա քահանային: Մի քիչ… Վաղը, երբ նոր իշխանությունը գա, կտեսնեն և կգնահատեն: Ո՞վ գիտի, գուցե նոր մի աստիճան էլ տան, կաթողիկոսը կոնդակ ղրկի…
Երբ մոտեցավ եկեղեցու դռանը, ժամկոչը մտահոգ կանգնած էր, մինչև իսկ հուզված, որովհետև ման գալու ժամանակ ավելի էր կաղում, քան մյուս օրերը:
— Հը՛, ի՞նչ կա,— հարցրեց տերտերը:
— Չեմ գիտի, համա մի բան կա. նոր-նոր շուներ են եկել, լցվել առանց ձիու արբայով: — Ավտոմոբիլով,— ուղղեց քահանան: — Հա, էլի, էն գրողով: Ասում են վրան սատանայի մի գոռոց են դրել, զուռնայի նման մի բան, թե՛ կրակում ա, թե՛ չալում…
Տերտերը պիշ-պիշ նայեց մոտակա լեռանը. լեռը շարժվում էր:
Հետո ուզեց քաջություն ծախել:
— Դե՛, դե՛, խև-խև բաներ մի՛ ասիր, զանգը տո՛ւր, ածուխը վառի՛ր, շապի՛կ հագիր` մեր գործը տեսնենք:
Սեղանի առջևից անցնելու ժամանակ, երբ Տեր Մեսրոպը ձեռքը բարձրացրել էր խաչ հանելու համար, մորուքավոր Աստծո մեծ պատկերը աչքերը շարժեց, և մոտի անկյունի Պողոս առաքյալի ձեռքից ավետարանը աղմուկով վայր ընկավ: Տերտերի ձեռքը մնաց օդում և միառժամանակ չկարողացավ տեղից շարժվել: Հետո, միշտ ձեռքը վեր բռնած, քարշ եկավ մոտակա ավանդատունը և քարերի վրա հնչող իր ոտնաձայնից վախենալով` մտավ ներս և ընկավ աթոռի վրա:
Աստվա՛ծ իմ, Տե՛ր իմ Աստվա՛ծ…
Այն օրը եկեղեցու փոքրիկ զանգը Բակոնց գյուղի գլխին ման եկավ կաղալով:
Դաշտ դուրս եկած տավարը պոչը ջղայնորեն շարժեց, ճահիճների մեջ գորտերը փորձեցին երգել, իսկ հավատացյալները խուլ ձևացան. չլսեցին:
Երբ Տեր Մեսրոպը, պատարագիչի զգեստներ հագած, խորանի վրայից շուռ եկավ ժողովրդին օրհնելու համար, նրա շրթունքների վրայից մեծ մի պարապություն կախվեց: Մուտքի դռան մոտ կանգնել էր Գիժ Նիկոլը խելքը կորցրած, ցնցոտիներով ծածկված դժբախտ մի մարդ, որը ամառ ու ձմեռ գյուղից գյուղ էր գնում և, չարաճճի երեխաներով շրջապատված, հաց մուրում: Մի սյունի տակ ծալապատիկ նստել էր պառավ մի կին, ուրիշ տեղ մի քանի կանայք և երկու-երեք ծերեր: Իսկ եկեղեցու ճիշտ մեջտեղը այրի կին Սաթոն ծծկեր երեխան պինդ բռնած կրծքին:
Հավատացյալների այս ներկայությունը պատարագիչին ուժ տվեց: Մենակ չէր:
Ժամկոչը, այլանդակորեն երկար մի շապիկ հագած, կաղալով վազում էր վեր, սարկավագի դեր կատարում, իջնում էր, խմբի տեղ երգում, հետո գնում, բուրվառի ածուխը լցնում և նորից, ձայնը քթի մեջ կլկլացնելով, երգում վարը:
Խորհրդի վայրկյաններին լռությունն այնքան մեծ էր, որ կարելի էր ճանճի թռիչքը լսել: Երբ ծերերից մեկը փռշտում էր, գմբեթի ապակիները դողում էին:
Սուրբ-սուրբի ժամանակ հանկարծ դրսից աղմուկ լսվեց: Նախ ինքնաշարժի թմբթմբոց, ապա երեխաների աղաղակ: Տեր Մեսրոպը զգաց, որ ժամկոչի ձայնը դողաց, բառերը կուլ տվեց, և երգի տեղ առհասարակ ինչ-որ անորոշ խոփոցներ լսվեցին: Ոտքերը ևս թուլացան, և որովհետև ճիգ արեց իր վախը չզգացնել ժողովրդին, ձայնը անբնական կերպով պայթեց և թավալ եկավ քարերի վրա: Այրի կին Սաթոյի ծծկեր երեխան վախեցավ և թոքերի ամբողջ ուժով ճչաց:
Հետո նորից լռությունը կախեց իր ծանր քարը:
Քիչ անց, երբ տերտերը շուռ եկավ դեպի ժողովուրդը` «Խաղաղություն ամենեցուն» ասելու համար, գույնը նետեց և մնաց սառած: Դրսի դռնից նախ խշշոցներ լսվեցին, ռետինե մեծ գնդակներ պայթեցին, ապա տարօրինակ օձի նման սողոսկող սուլոցներից հետո պոռթկաց անդնդային քառապատկված մի ձայն, որը ավելի որոտի էր նմանում, քան մարդկային ձայնի:
Մինչ քահանան մնացել էր պապանձված, ներսում գտնվող մարդիկ սարսափած դուրս վազեցին. այրի կին Սաթոն, ճչող երեխան կրծքի վրա ճզմելով, սկսեց օգնություն աղերսել. Գիժ Նիկոլը պարելով վազեց, ժամկոչը մտավ խորանատուն և դուռը փակեց:
Դրսում բոլոր տներից գյուղացիները դուրս էին եկել և տանիքների վրա բարձրացած` լսում էին: Հսկա այդ ձայնը առասպելական էակի նման բաց էր արել անտեսանելի իր դունչը ու գյուղի վրա կրակ ու բոց էր փսխում:
«Ընկերնե՞ր,— որոտում էր բարձրախոսը,— կրոնքը ձեզ շահագործում է, տերտերները և վարդապետները ձեզ խոսում են հրաշքների մասին, այն, ինչ որ ահավասիկ մենք ցույց ենք տալիս, գիտության իսկական հրաշքն է: Ահա ես խոսում եմ ձեզ, ես` Ասքանազ Պառավյանս, հեռավոր մայրաքաղաքի անթել ռադիոյի միջոցով. ազատագրվեցե՛ք, փակեցե՛ք եկեղեցիները… վըըը… վըըը… գիտությունը ձեզ ցույց պիտի տա, որ Աստված չկա…»
Տեր Մեսրոպի աչքերը սևացան, գլուխը պտույտ եկավ: Էլ չէր հիշում, թե ինչքան ժամանակ նա մնաց այս դրության մեջ. հիշում է միայն, որ ժողովուրդը էն անզգամ Առաքելի առաջնորդությամբ խուժեց եկեղեցի, նրան դուրս տարավ, փիլոնը ուսերից հանեց և ընդհանուր ծափահարության մեջ քահանայությունից հրաժարման թուղթ ստորագրել տվեց: (Ամեն ինչ սուտ է, և ես Տեր Մեսրոպ՝ Բակոնց գյուղի քահանա, այլևս ճշմարտության ճանապարհը գտած, վերընդունում եմ իմ նախկին Մկրտիչ Շարամբազյանց անունը և դառնում եմ պարզ, ռեժիմին հավատարիմ քաղաքացի):
Խորհրդային թերթերը այս հայտարարությունը տպեցին առաջին էջի վրա: Եկեղեցին փակվեց: Հիմա նորից բաց են արել, բայց ոչ իբրև աղոթատեղի, այլ կոմսոմոլների ակումբ:
Տե՛ր մեղա, Տե՛ր մեղա…
Տեր Մեսրոպը, այսինքն Մկրտիչ Շարամբազյանը, այս բոլորը հստակորեն վերհիշեց, էլ չկարողանալով քայլել (վերջին օրերը մնացել էր մի կտոր սև հացով) հոգնած, ընկճված նորից ծալապատիկ նստեց և կզակը սեղմեց ծունկի վրա:
Տեր Մեսրոպը ամբողջ օրը թափառել էր:
Նա դուրս էր եկել իր խրճիթից գաղտագողի լուսաբացի այն ժամին, երբ մութը, լեռան գլխին զարնվելով, պատռվում է, և ամպերի ճեղքված կրծքից վարդագույն լույս է թափվում: Որպեսզի ոչ ոք նրան չտեսնի, ծերունին իր երկար կապան խոթել էր տաբատի մեջ և գլխի կատարին դրել հանգուցյալ որդու հնացած դպրոցական կարտուզը:
Ման էր եկել վեհ և ծիծաղելի: Աչքերը վառված, մորուքը քամուն տված, հոնքերը կախված և ոսկրուտ մատները օդի մեջ շարժելով:
Վաղուց է, որ նա երկար գիշերներ անքուն էր անցկացրել: Կյանքը տակն ու վրա եղած փոթորկալից երկնքի նման նրա աչքերից երկաթե գնդեր էր կախել: Ճահճի մեջ ընկած լուսնի պես իր գիտակցությունը տրորել էր տառապող էությունը: Մենակ էր: Ոչ ոք իր դուռը չէր բախում, ոչ ոք ուտելիք չէր բերում, և նա իրեն զգում էր այնպես, ինչպես ծերացած և հիվանդ նախիրի շուն, որը անկարող է շարժվել, և որի մահը ոչ ոքի չի հետաքրքրում:
«Գլուխս առնեմ,— մտածել էր նա,— գնամ` ուր որ լինի, որքան որ աչքերս տեսնեն, և ոտքերս կարողանան քայլել»:
Եվ նա քայլել էր` դողդոջուն և թուլացած ոտքերը քարերին զարնելով, ուժասպառ, սոված և դժբախտ:
Անկարող հստակ մտածելու նա իր ճակատի տակ մութ մի ծանրություն էր զգում, մի բան, որ մեծ ձեռքի պես սեղմվել էր այնտեղ գանկի տակ, փակել էր, կոճկել էր: Անցյալի և ներկայի պատկերները, մեկը մյուսին խառնված, փլված տանիքի տակ մնացած կահ-կարասիների դժնդակ երևույթն ունեին: Ահագին մի վիշտ պատռված դհոլի նման խուլորեն թմբկում էր իր` դժվար շունչ առնող սրտի մեջ: Ծանր հուսահատությունը, կրծքի ճնշված բեռան մակերեսից կախված, արցունքաթոր լաց էր լինում, և այդ վայրկյաններին ոտքերը դեռ ավելի էին թուլանում, աչքերը պղտորվում էին, և բազուկներից շղթաներ էին կախվում:
Գյուղից հեռանալու ժամանակ նա իր քայլերը բնազդորեն ուղղել էր դեպի մոտակա բլուրը, տնքալով վեր էր բարձրացել և մեծ մի քարի ետև կանգ էր առել նորից և, ո՞վ գիտե, գուցե և վերջին անգամ նայելու համար այն վայրին, ուր նա երկար մի կյանք էր ապրել:
Բակոնց գյուղը դեռ քնած էր:
Մոտակա սարի վրա դիզված ամպերի միջից հրավառ լույս էր մաղվում: Բարձր կաղամախների կատարները ծնվող օրվա շնչի տակ կամաց շարժվում էին: Տների մագլցող սանդուխը տեղ-տեղ շուքերի կույտեր էր թաքցնում. վարի մասում մեծ հողակույտեր էին պառկած թարմ գերեզմանների նման, և թեթևորեն տարածվող աղոտ լույսի շուրջ եռանկյունի և երկար ստվերներ էին ուրվագծվում: Ճամփից շեղված մի ճառագայթ բարակ ասեղի նման ընկել էր եկեղեցու խաչի վրա և պսպղում էր:
Տեր Մեսրոպը նստեց, և աչքերը լցվեցին արցունքով, այն մեծ, ծանրակաթիլ արցունքներով, որ հատուկ են ծերերի վշտին: Ինչպե՞ս նա կարող է բաժանվել հայրենի այդ վայրից, որին տվել էր իր էության լավագույնը, որի հետ կապված էր, ինչպես ծառը իր արմատին, և որի հողը մոտ էր իրեն, ինչպես իր մարմինը:
Երկինքը հաջորդաբար բաց էր անում իր լուսամուտները:
Դուրս ցցվող արևը հեռավոր հորիզոնի լեռնաբնակ բարձրությունների վրայից դանդաղորեն ներս էր առնում իր լայն, ծոպավոր վերարկուի ծայրերը, որոնց շուրջը կարմիր հով էր ման գալիս:
Բլրի վրա վարը տարածվող պղնձագույն դաշտում, ճառագայթներ էին կայծկլտում, լույսը զգուշորեն իջնում էր վար, պլլվում մացառներին, տեղ-տեղ բուսած խոտերին և այնտեղ կառչած ազատվելու անհաջող փորձեր էր անում և մնում:
Դիմացի սարը կարծես նոր էր դուրս եկել անտեսանելի մի ծովի լոգանքից:
Կրծքից լայն արծաթե շերտով ավելորդ զարդի նման ջրվեժ էր կախվել:
Երբ հեռվից աքլորները երգեցին, մի երդիկից ծուխ դուրս եկավ, և կաղամախների վրայից ծանր մի արագիլ թռավ. Տեր Մեսրոպը ոտքի կանգնեց և չուզելով հանդիպել գյուղացիներին` իջավ բլրի մյուս կողմից և քարշ եկավ:
Քարշ եկավ:
Ո՞ւմ պատմեր, ո՞ւմ ասեր… Մենակ էր, դժբախտ էր, սոված էր, վախենում էր: Նրան թվում էր, որ իր ետևից մարդիկ են ընկել և հետապնդում են նրան: «Ամա՜ն, բալա՛ ջան, ինձանից ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես ուզում»: Պատռված տրեխների միջից մատները դուրս էին եկել և կարծր քարերին կպչելով արյունոտվել: «Ամա՜ն, բալա ջան, քե մատաղ»: Իսկ ներսից մի ձայն. «Հա՛, հա՛, տերտեր, հա՛, հա՛, ուրացար, դավաճանեցիր, ստորագրեցիր, կոչումդ ոտքի տակ առար: Աստծուդ ուրացար, սատանայի հետ դաշինք կապեցիր, կրոնքը սուտ հայտարարեցիր… հա՛, հա՛, տերտե՛ր ջան… այսինքն քաղաքացի Շարամբազյան, հա՛, հա՛»:
Տեր Մեսրոպը շունչը կտրած ճիգ էր անում վազելու, հաճախ վայր էր ընկնում, դեմքը հողերին քսում և երկար ժամանակ այդպես փռված մնում: Այդ վայրկյաններին նա փորձում էր աղոթել, բայց անկարելի էր, որովհետև աղոթքների բոլոր խոսքերը մոռացել էր. «Առի՛ր, ամեն ինչ ինձանից առի՛ր, հոգիս դատարկեցիր, մտքիս մեջ գիշեր զետեղեցիր, ո՛վ ամենակալ», ասում էր և ոչ մի պատասխան չէր ստանում, ոչ մի արձագանգ իր սրտին չէր մոտենում, ոչ մի լույս չէր երևում…
Անապատը նայում էր անտարբեր և տխուր: Երկինքը փակ էր:
Ո՛չ, այլևս չես Տեր Մեսրոպ, այլ ես` ընկեր Մկո Շարամբազյանց:
Մկո… կո… Մի ձայն ծիծաղում էր:
Ժամերով քայլեց: Ինքը և իր միտքը:
«Չոր ա մեր երկիրը, չոր ա: Մեր մարդիկ էլ չոր են: Այրված, կարծր են քարերի նման: Էրված ենք, ամենքս էրված ենք: Ասում են ղզլբաշների երկրում էսքան մեծ վարունգ ա բուսնում, խոտը բարձր ա, տավարը ժիր, և մարդիկ էլ` բախտավոր… Էն ա, ասում էր տիրամայրը, ժամանակը կգա, բախտավոր կըլլենք: Եվ ժամանակը չեկավ, դու տե՛ս, որ չեկավ: Այլ եկավ մեծ ցավ, մեծ տակնուվրայություններ… այլ եկավ զազրանք… էլ ինչե՞ր չեկան, քե մատաղ»:
Իսկ դաշտը նրա մտածումների հետ սողոսկում է, կուրծքը փշրված ալիքի նման վեր է ցցում, տափակ գլուխը կպցնում է հորիզոնին, սարսռում է և մելամաղձոտորեն տնքում:
Ժամերով քայլեց:
Թևը կոտրած թռչունի նման նրա մտածումները ցատկոտեցին փոսերի և առուների վրայից, լույսի մեջ թափահարեցին իրենց արյունած գլուխը, ջերմերի մեջ թավալ եկան ու սուր մորմոքումի նման խուլորեն վայեցին:
Ուզում էր նստել, ուժ չուներ: Շարժվում էր մեքենաբար, գնում էր մի ինչ-որ ձայնի ետևից: Ձայն, որ գետի քարեքար վազող ալիքի նման նրա ամբողջ մարմինը իրեն հետ քարշ էր տալիս, տանում: Ականջները լեցուն էին բզզոցով, մետաղի ձայն հանող մի բզզոցով, ուր տենդագին աշխատում էին արծաթե թևերով մեծ-մեծ մեղուներ: Բարձր լույսի մեջ պայծառորեն պսպղող լեռները իրենց ոտքը սեղմել էին հսկա երգեհոնի պեդալի վրա և անասելի վշտի բամբ մի աղաղակ էին պահում:
Մկո… Մկո… կո… կո… Մի ուրիշ ձայն ծիծաղում էր:
Երբ անցան շատ երկար ժամեր, ծերունին նայեց չորս կողմը և զարմացավ. գարուն էր:
Մինչ այդ նա քայլել էր և ոչինչ չէր նկատել, ոչինչ չէր լսել: Ահավասիկ նա մի գեղեցիկ բլրի ստորոտին է: Ի՜նչ պայծառ օր, ի՜նչ թեթև օդ:
Կո… կո… Մի թռչուն երգում էր:
Բլրի վերևից մի աղբյուր է կարկաչում: Քահանան հանկարծ ծարավ զգաց: Պառկեց, շրթունքները տվեց ջրին և ագահորեն խմեց: Հետո դեմքը լվաց, ոտքերի փափուչները, որ բոլորովին պատռված էին, հանեց և մտավ ջրի մեջ: Պաղ էր. շուտ դուրս եկավ: Սակայն իրեն զգաց զովացած, թարմացած, ուսերի վրայից մի բեռ ընկած: Ձեռքերը թափանցիկ դարձան, գլուխը թեթևացավ, և երակների մեջ կյանքը տենդի հետ վազեց արագորեն: Թեթև հովը նրա գլխի ճաղատ մասի վրա զովություն սփռեց, կոպերը արթնացան, և աչքերը ծնվեցին այս աշխարհի համար:
Ի՜նչ պայծառ էր օդը, ի՜նչ լավ էր, ինչ լավ էր…
Մի քիչ վերև, բլրի կողքից գրեթե կախված, լեցուն մեծ փնջի նման մի նշենի էր կանգնել լուսավոր, ծաղկած: Աջ կողմից, ճերմակ շապիկներ հագած, շարքով խնձորենիներ էին կանգնել: Վարը դաշտում, կաղամախները և բարտիները փայլփլուն խշշոցներ էին հանում: Արևը իջել էր լեռան կողմը և մայր մտնելուց առաջ իր փայլը կրկնապատկել էր` փոսն ընկած ադամանդի նման:
Միջատները սագերգում էին: Թռչունների կոկորդը բացվել էր: Օդը իր թևերի տակ ակունքներ էր տրորում և շրթների վրա դյութիչ մի համերգ էր ման ածում:
Ծերունին կանգ առավ հիացած ու թևերը քսեց չտեսնված այդ կախարդանքին: Ամբողջ իր ծեր մարմինը թրթռում էր, իր հոգնած ոսկորների վրա թմբուկի նման լարված կաշին անուշորեն ողողվում էր, և ուղեղը տարօրինակ պայծառություն էր զգում:
Ներկարար թռչունները ծառից ծառ արագորեն բոց ու կրակ էին տեղափոխում: Մի սոխակ, բուրմունքներից հարբած, երգում էր: Ամեն անգամ, որ նա մի վայրկյան լռում էր, քահանան անգիտակցաբար փսփսում էր` ամեն: Հետո նորից մեծ ուշադրությամբ ականջ էր դնում:
«Այստեղ ծաղկել է Հայաստան Երկիրը, քարերը հնչում են, ժայռերը իրենց կրծքի վրա լույս են տրորում»,- մտածեց նա, և թվաց նրան, որ իր ոտքերը պատրաստ են պարելու, թեթև մի կշռույթ զվարթորեն քայլում է երակների մեջ, և իր մարմինը լցվել է լույսերով:
Որոշեց վեր բարձրանալ: Բայց նախ անդրադարձավ ինքն իրեն. ոտաբոբիկ էր, կապան տաբատի մեջ սեղմած, փորը այլանդակորեն ուռած: Կարտուզը հանեց, պիշ-պիշ նայեց և զգուշորեն դրեց խոտի վրա: Իր զավակի գլխարկն էր: Նորից ձեռքն առավ, դարձրեց, համբուրեց և վար դրեց: Ուզեց վայելուչ լինել, ուզեց լինել, ինչպես եղել էր ժամանակին` մաքուր հագնված քահանա, որովհետև աստ (այստեղ) իր տունն էր: Շտկեց իր զգեստը: Մազերը շոյելու ժամանակ հանկարծ միտքը կամաց-կամաց սկսեց բացվել, և նա հստակորեն վերհիշեց պատարագից առաջ ավանդատան մեջ այդքան տարիների ընթացքում արտասանած զգեստավորման աղոթքները:
«Դի՛ր, Տե՛ր, սաղավարտ փրկութեան ի գլուխ իմ»:
Այդ ասելու ժամանակ նա հստակորեն զգաց, որ գլխի շուրջը անցնող մկանները, գանկի այն տեղը, որ վարժ էր խույր կրելու, սեղմվեցին պարզորոշ մի ծանրության տակ:
«Զգեցո՛, Տե՛ր, ինձ հանդերձ փրկութեան եւ պատմուճան ուրախութեան»:
Քանի վերհիշում էր աղոթքները, այնքան նրան թվում էր, որ լուսավոր մի երաժշտություն ծածկում էր իր մարմինը մեծափարթամ, ոսկեզօծ թելերով հյուսված, Հնդկաստանի աղջիկների ձեռքերով զարդարված ակնապարար զգեստներով: Բլրի այդ կատարը` գրեթե ամբողջովին ծաղկած ծառերով ծածկված, նրա աչքերի առջև շքեղ մի խորանի ձև էր առել, որի առջև նա պատրաստվում էր պատարագելու:
Մի քայլ առաջ գնաց և, «Լուացից սրբութեամբ զձեռս իմ», ձեռքերը նորից լվաց աղբյուրի մեջ:
Հետո, միշտ վերհիշելով բառերի տակ թաքնված շարականների ներքին իմաստը, մինչ խնձորենիները դանդաղորեն շարժում էին իրենց ճյուղերը և ծաղիկներ վար թափում, նա բարձրանում էր վեր` ձեռքը կրծքին սեղմած և խոր կրոնական տվայտալից զգացումով լցված:
«Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած»:
Ասաց և հստակորեն լսեց, որ երեք թռչուններ, նստած վայրի վարդենու թփի վրա, ծլվլացին այնպիսի կերպով, որ, օ՜ հրաշք, նա պարզորեն հասկացավ պատասխանը:
«Դատ արա ինձ, Աստուած, եւ իրաւ արա ինձ ի դատաստանի իմում»:
Երբ նա հասավ բլրի էն վերին մասը, ուր կախվել էր բոցակիզված նշենին, դեմքը դարձրեց դեպի դաշտը և դիմելով թրթռացող բարտիների շարքերին` թևերը վեր բարձրացրեց ու պատարագեց, ինչպես չէր պատարագել երբեք իր երկար կյանքի ընթացքում:
Մայր մտնող արևը դեպի երկիրը երկարած նրա ձեռքերի վրա բոցե ձեռնոցներ անցկացրեց, տժգույն դեմքի վրա ճառագայթներ սփռեց, ու նրա աչքերը, լայնացած ներքին բոցով, սավառնեցին բնության կախարդված և վերածնված այդ կյանքի վրա, մինչ ամեն կողմից նրան այցելության եկան քաղցրորեն շշնջող ձայներ:
Շրջակա պարտեզներից և բլուրներից բոլոր թռչունները եկել, հավաքվել էին ծառերի վրա. դանդաղորեն նավարկող արագիլները, քնքուշ կոկորդներով կաքավները, պարսկական մետաքս հագած ներկարար թռչունները վրանին գույնզգույն շապիկներ առած` ծվալով, ծվալով մասնակցում էին գերբնական, տիեզերական այս արարողությանը:
Լեռների բարձունքներից վարդագույն թևերի վրա իջել էր հովը, և այդ պատճառով կաղամախները և բարտիները կամաց շարժում էին իրենց ճյուղերի մեջ բռնած արծաթե խշշոցները և ծառերին հատուկ ներքին, անլսելի ձայնով երգում էին տաղեր և շարականներ. խնձորենիների և նշենիների վրայից թիթեռնիկների նման վայր էին թափվում փերթերը, ծաղիկները շարժում էին իրենց կատարների փոքրիկ բուրվառները, և նոր բուսած խոտերի միջից մելանուշ ձայներ էին վազում:
Տեր Մեսրոպը` վեհաշուք և հեղինակավոր, կանգնել էր «Աստվածաշնչի» էջերից դուրս պրծած Րաբբունապետի նման և խոսում էր ամբողջ աշխարհի հետ: Առաջին անգամ իր կյանքում նա զգում էր իր արտասանած բառերի այս խոր իմաստը, որը մարդկային իմացականության շղթայված շրջանից դուրս է գնում, գտնում է բովանդակ կյանքի թաքնաթաքուր երաժշտականությունը:
Աննյութացած իր ձեռքերում բռնած հսկա սկիհը մինչև ծայր լցված էր փերուզանների եռացող արյունով, և մասունքը, որ թվում էր, թե նա կարկառում է, մարմինն էր անսահման այն հողերի, որոնց մեջ Աստվածությունը թափառում է և ամեն մի հյուլեի մոտ մոլեգնորեն բոցկլտում:
«Ո՞վ է սա, թագաւոր փառաց, Տէր զօրութեանց»,- բարձր հնչում էր նրա ձայնը:
«Սա ինքն է թագաւոր փառաց»,- պատասխանում էին նշենիները:
— Ալելուիա,— խարշափում էին բարտիները, մինչ թռչունները, ծաղկած ճյուղերի վրա տատանվելով, իրենց դեղին կտուցները բաց էին արել և տաղերգում էին:
Լեռան ետև վառված արևի հսկա խարույկը կամաց-կամաց մարում էր: Հարավից գիշերվա սև թափորը, գանգուր ամպերի վրա կանգնած, դանդաղորեն առաջանում էր. հովը թևերը ծալել, նայում էր, և մինչ քահանան, պատարագի վերջին խոսքերը արտասանելով, չոքել, աղոթում էր, ծառերը նույնպես վայր էին կախել իրենց ճյուղերը և, այլևս իրենց մեջ ամփոփված, սպասում էին, ավելի շուտ ականջ էին դնում սև սավանների վրա ոսկե քայլերով մոտեցող աստղերին:
Երբ Տեր Մեսրոպը բլրից վայր իջավ, արդեն գիշեր էր: Բոբիկ իր ոտքերը քարերին տալով` նա քայլեց նորից: Քայլեց այլևս վերածնված: Առանց մտածելու, թեթև և գրեթե երջանիկ: Նրան թվում էր, որ իր մկաններում ճառագայթները բույն էին կազմել, որ ոտքերը սահում էին գետնի մակերեսի վրայով, առանց որ նա որևէ դժվարություն զգա:
Խոր լռությամբ համակված երկինքը մի քիչ վար էր իջել, և աստղերը հազար աչքերով նայում էին նրա տենդագին աչքերի մեջ:
Իսկ նա ուրախ էր: Ուրախ էր, որ այլևս ուրիշ մի կյանքի մեջ մտած, զգալու և հասկանալու ուրիշ մի կարողության տեր դարձած` նա կարող էր նայել աստղերին և լեռներին, խոտին և կարիճներին, մարդկանց և անասուններին պայծառ ու նոր ծնված աչքերով:
Նա, որ առաջ անապատի վրա ման եկող գիշերային մութից վախենում էր, վախենում էր գայլերից և բոլոր այն ոգիներից, որ դուրս են գալիս կեսգիշերին` ամեհի և խիստ այս երկրում մարդկանց ճակատագրին հանդիպելու համար, այլևս ոչ միայն վախ չէր զգում, այլ զգում էր, որ ինքը անբաժանելի մասն է բոլոր շրջապատող երևույթների, որ իր երակների մեջ վազող արյունը հոսում է դրսից, որ իր մարմինը սերտ կապով կապված է հողերի հետ, և հետը՝ աստղերի, և հետը՝ քարերի մեջ բուսնող թշվառ և անոթի խոտերի:
Նա քայլում էր, և թվում էր նրան, որ առաջին անգամն է տեսնում աշխարհը: Ամեն ինչ նոր էր, ամեն ինչ` զարմանալի և գեղեցիկ, հոյակապ և անհրաժեշտ:
Գիշերը նա անցկացրեց քարերի վրա աչքերը մութին տված, շրթները զովությանը քսելով և սիրտը հարուստ հազար նոր զգացումներով: Քար, հող, լեռ… ես ևս եմ քար, և՛ հող, և՛ լեռ: Ես եմ գիշեր մշտնջենական և լույս լայնատարած: Ես եմ մահ կառչած կյանքին, և կյանք` կառչած մահին: Անուշ է և ցանկալի նույնպես կյանքը:
Առավոտյան կողմ, երբ առաջին ճառագայթները ճեղքեցին երկինքը, նա կանգ առավ դաշտի մեջ և երեք անգամ խոնարհվեց արևելքի առջև և երեք անգամ` արևմուտքի առջև:
Հետո քայլեց դեպի գյուղը: Քայլեց առանց մտածելու, բնական և անհրաժեշտ ճանապարհը շարունակելու համար: Վստահ քայլերով:
Երբ Բակոնց գյուղի բնակիչները այն առավոտ արթնացան, զարմանքով տեսան, որ Տեր Մեսրոպը նախկին քահանան այժմ ընկեր Շարամբազյանցը, կապան բոլորովին պատռված, ոտաբոբիկ, ճակատը վիրավորված, չոքել էր եկեղեցու առջև և խորասուզվել աղոթքի մեջ:
Գյուղի տղերքը վազեցին նայելու և հարայ-հուռայով շրջապատեցին նրան: Քիչ հետո եկան հետաքրքրված կանայք, ու կամաց-կամաց գրեթե ամբողջ բնակչությունը կուտակվեց այնտեղ:
— Ընկե՛ր Մկո, ընկե՛ր Մկո,— կանչում էին նրան:
Իսկ նա ոչինչ չէր լսում. նա աղոթում էր:
Երբ երկար ժամանակ չոքած մնալուց հետո նա ոտքի կանգնեց և անվախ նայեց, շինականները զարմանքով տեսան, որ տերտերը բոլորովին կերպարանափոխվել է: Աչքերը անբնական կերպով փայլում էին, արյունոտված ճակատը ճառագայթում էր, և նրա ամբողջ անձը մեծացել ու վեհացել էր:
Նայեց ու ուժեղ ձայնով ասաց.
— Աստված կա: Ըղորդ (իսկապես) կա. ես տեսա, որ կա:
Նրա ձայնը այնքան վճռական էր, նրա նայվածքը այնքան ազդու, որ ոչ ոք չհամարձակվեց հակաճառելու: Ջահելներն իսկ լռեցին: Իսկ ծերերից ոմանք թե.
— Բա ինչպե՞ս չէ, առանց Աստծու խոմ աշխարհ չի դառնա:
Մեկն էլ թե.
— Եկեղեցին փակեցինք, սատանայի էն ձայնը լսեցինք, մեծ մեղք գործեցինք, տերտե՛ր ջան:
Բոլոր սրտերում խուլ մի ձայն հեծկլտաց:
— Իրավ ա, ասածը իրա՞վ ա:
— Եկեղեցին նորից բանալու ենք. թող ինչ ուզում են, անեն:
— Հա՛, հա՛, բանալու ենք:
Քիչ հետո ոգևորությունը այնքան մեծ էր, որ ժամկոչը կաղալով վազեց զանգը տալու, մինչ հեռախոսի առջև կանգնած, կարտուզի տակից գլուխը ուժգին քերելով, դեմքը արյունով լցված ընկեր չեկիստը հևալով պոռում է.
«Տավարիշչ Մարկոսին խաբար տվեք… հա, պաժալույստա… Բակոնցում տերտերը դավաճանել ա… սուկին սինը… Ժողովուրդը հարձակվել ա կոմսոմոլների կլուբի վրա… պրովոկացիա… ագիտացիա… հակահեղափոխություն…»
