Խորխե Լուիս Բորխես | Տխրություն

Ես համոզված եմ, որ կյանքը հյուսված է պոեզիայից: Ավգուստինոս Երանելին ասում էր. «Ի՞նչ է ժամանակը: Երբ ինձ չեն հարցնում, ես գիտեմ պատասխանը, բայց երբ հարցնում են, ես չգիտեմ ինչ պատասխանել»: Նույնը կարելի է պոեզիայի մասին ասել:

 

Doomsday

Այդ օրը հնչելու է շեփորի ձայնը,
ինչպես գրել է սուրբ Հովհաննես
աստվածաբանը:
Համաձայն Սվեդենբորգի վկայության,
այն արդեն եղել է 1757 թվականին:
Ու նաև Իսրայելում, երբ էգ գայլը
խաչին է գամել Հիսուսի մարմինը
և ոչ միայն այդ ժամանակ:
Այն քո զարկերակի ամեն տրոփյունում է:
Չկա մի վայրկյան, որ չկարողանա դժոխքի
երախը լինել:
Չկա մի վայրկյան, որ չկարողանա դրախտի
ջուրը լինել:
Չկա մի վայրկյան, որը լիցքավորված չլիներ,
ինչպես զենքը:
Ամեն ակնթարթի դու կարող ես լինել
Կայեն կամ Սիդհարթա, դեմք կամ դիմակ:
Ամեն ակնթարթի քեզ կարող է ընծայվել
Հեղինե Տրոյացու սերը:
Ամեն ակնթարթի աքաղաղը կարող է
երեք անգամ կանչել:
Ամեն ակնթարթի ավազե ժամացույցում
մեկ ավազահատիկ է մնացել:

 

Էլեգիա

Օ ՜, Բորխեսի ճակատագիր:
Նավարկել աշխարհի տարբեր ծովերում,
կամ էլ միակ, սակայն տարբեր անուններով,
Լինել Ցյուրիխում, Էդինբուրգում և երկու Կորդովաներում`
Կոլումբիայի և Տեխասի:
Սերունդներ հետո վերադառնալ հողերը նախնիների`
Պորտուգալիա, Անդալուզիա և կոմսություններ,
ուր արյունն է խառնվել դանիացիների ու սաքսերի,
մոլորվել Լոնդոնի կարմիր ու խաղաղ
լաբիրինթոսում,
ծերանալ անհամար արտացոլումներում,
զուր փնտրել հայացքները մարմարե արձանների
ուսումնասիրել վիմագրեր, հանրագիտարաններ,
քարտեզներ,
տեսնել այ ամենը, ինչ տեսնում են բոլորը`
մահը, դանդաղ լուսաբացը,
հարթավայրերը և վեհերոտ աստղերը:
Իսկ իրականում ոչինչ էլ չտեսնել,
բացի Բուենոս-Այրեսից մի աղջկա դեմքից,
դեմքեր, որ ցանկանում ես ընդմիշտ մոռանալ:
Օ ՜, Բորխեսի ճակատագիր,
Թերևս, ոչ անսովոր քո ճակատագրից:

 

Religio Medici, 1643

Փրկիր ինձ, Տեր (բայց ես աղերսում եմ
ոչ մեկին: Դու ընդամենը բառ ես,
որ ես գրում եմ ծուլությունից, ուրիշին
իմ երեկոյան վախի մեջ ես չգիտեմ):
Փրկիր ինձ ինքս ինձնից: Այդ մասին
Մոնտենը և Բրաունը ասել են արդեն,
ինչպես և այն իսպանացին:
Փրկիր ինձ, Տեր, անհամբերությունից
լինելու մարմար կամ մոռացություն,
փրկիր ինձ կեղծ սփոփանքներից
և նրանից, որ եղել եմ անդառնալիորեն:
Ոչ թե սրից ու նիզակներից,
այլ հույսից ինձ փրկիր:

 

Ծովը

Հավերժ երիտասարդ ծովային տարերքը,
Ուր Ոդիսևսը թափառում է առանց ժամանակի
Եվ այն Ուլիսը, ում ժողովուրդը մարգարեի
անվանել է Սինդբադ: Ծովային մռայլ ալիքները,
որ չափում են հայացքով Էրիկ Շիկահերը
և այն այրը, ով ճահիճներում Գոայի
գրել է եղերկան էպոս իր ժողովրդի մասին:
Ծովը Տրաֆալգարի, որ երգել են բրիտանացիները
իրենց պատմության ողջ ընթացքում:
Ծովը, որ փառքով են օծել
ամենօրյա արյունալի մարտերում:
Անդադար ալիքները, որ խաղաղ առավոտին
իրենց հետքն են թողնում ավազին:

 

El Sur

Քո բակերից մեկում հիանալ
վաղեմի աստղերով
և խավարի աթոռին նստած` հիանալ
այդ աստղերի սփռված փայլով,
որոնց իմ անգիտությունը անկարող է
անուններ տալ,
ոչ էլ մտովի միացնել համաստեղություններում,
և զգալ ջրի շրջապտույտը
գաղտնի ջրհորում
և ցախակեռասի և հասմիկի բույրը
և լռությունը նիրհած թռչունի,
կամարը, խոնավությունը
այս ամենը, թերևս, բանաստեղծություն է…

 

Տխրություն

Ահա, այն ամենը, ինչ կար`
Սաքսի անհողդողդ սուրը
և տաղերի երկաթյա ռիթմը,
Լաերտի որդու աքսորի ծովերն ու կղզիները:
Պարսկական ոսկե լուսինը,
պատմության ու փիլիսոփայության
անվերջանալի այգիները,
դամբանի ոսկին ի հիշատակ փառքի,
իսկ ստվերում` հասմիկի բույրը:
Սակայն, այս ամենը կարևոր չէ:
Բանաստեղծական արվեստը քեզ չի փրկի:
Ոչ ծով երազը, ոչ աստղը,
որ հրափայլ գիշերին մոռանում է արշալույսը:
Միայն մի կին է քո ճակատագիրը:
Նման մյուսներին, բայց միայն ինքը:

 

Դակար

Դակարը` արևի, անապատի և ծովի
հատման կետն է:
Արևը թաքցրել է երկնակամարը,
ավազը դարանակալել է ճանապարհին,
իսկ ծովը` դժոխքն է:
Ես տեսել եմ ինչ-որ առաջնորդի,
նրա հանդերձի կապույտը ավելի վառ է,
քան հրավառ երկինքը:
Կինոթատրոնին մերձակա մզկիթը
փայլում է աղոթքի պարզությամբ:
Ստվերները հեռացնում են խրճիթները:
Արևը պատերն է մագլցում, ինչպես ավազակը:
Աֆրիկան հավերժությունում է պահում
իր ճակատագիրը, ուր սխրանքներ են,
կուռքեր, թագավորություններ,
անանցանելի անտառներ ու սրեր:

Ես հասել եմ մայրամուտին և գյուղին:

 

Էլեգիա

Հայելիներից գաղտնի
լսվում էր նրա լացը մարդկային,
չմտածելով անցյալում, թե ինչն է աշխարհում
արտասուքի արժանի.
իրեն անհայտ գեղեցկությունը Հեղինեի,
ժամանակի անդառնալի գետը,
Հիսուսի ձեռքը`
հռոմեական խաչին, մոխիրը Կարթագենի,
հունգարական և պարսկական սոխակը,
ուրախության ակնթարթը և սպասման տարիները,
փղոսկրը և Վերգիլիոսի մեղեդին,
որ երգել է սխրանքները սրի,
փոփոխական պատկերները ամպերի
ամեն նոր և անկրկնելի մայրամուտին
և առավոտը, որ փոխակերպվում է երեկոյի:
Դռնից այն կողմ` մարդն է –
հյուսված միայնությունից, սիրուց և ժամանակից
և իր Բուենոս- Այրեսում ողբում է
ողջ անմահ աշխարհը:

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *