Լևոն Շահնուր | Հոգեպահուստ

Աշնանը մտնում ես դանդաղահոս գետը, փշաքաղվում է, քանի որ հունը ուժից ընկած է, տիղմ հանելով փորձում է ինչ-որ կերպ բողոքել:

 

Երկար ուղևորությունից առաջ փոշիացնում եմ նոր կազմավորվող սերը: Ի՞նչն է պատճառը: Որպեսզի ճանապարհիս հետևող ու մյուս կողմում սպասող չլինի, թե՞ ներանից մնացած հուշը կյանք ստանա ինձ փայփայելու համար:
Հատկապես հրաժեշտի օղակում կանգնելու պահն է տպավորվում: Զգացմունքների կենտրոն, որտեղից փորձում ես ճամփոորդի տրամադրությունն ունենալ, միաժամանակ ճանապարհող և այնքան էլ թույլ չես տալիս, որ գլխիդ հայացքներ կախվեն, քանի որ ճանապարհ դնողները թախծոտ են, իսկ դու արդեն նոր շնչառություն ունես՝ հուզմունքդ թաքցնելու կերպն ես զգում. անցնելիքիդ նախազգացումը հրճվանք է պարգևում: Ապրում ես պատանության անկանոն վազքը, որն ընդգրկում է հորիզոնական, ուղղահայաց թեքությունները միաժամանակ, իսկ սերը՝ որպես վերադարձնող հետընթաց այլևս չկա:
Իմ սերերին կամ փոքր եմ հանդիպում, և ներանց սպասելն անմտություն է, (ժամանակը չի սանձվում), իսկ որևէ քայլ անելը մանկապղծություն, կամ պառաված տարիքում, վերջինս իմ սերը իր կնճռոտ ու խղճացող ժպիտի տակ կվերցնի: Ես ուշացածն եմ, ով օդանավակայանում համոզում է ներս թողնել դեպի 60 կիլոմետր ժամ արագություն հավաքած ինքնաթիռը:
Գտնում եմ ներանց, մոտենում սիրո տեղանքին, որը պայմանապես «սենյակ» եմ անվանում. այստեղ հետազոտություն եմ կատարելու:
Ձմեռային կինը: Մազերը՝ մոխրագույն, աչքերը՝ վառ կապույտ: Նելլին է: Նե անմիջապես բացվում, ներս է թողնում: Պահարաններին մաշված ու ցեցոտած տղամարդու հագուստ կա: Ինչքան էլ դանդաղ շարժվեմ հպվում եմ ցնցոտիներին: Նելլին դրանից վեր է թռչում, շուտափույթ հարդարում է, քթի տակ շշնջում՝ մի՛ դիպչիր, խնդրում եմ զգո՛ւյշ եղիր… Ներա սենյակը ուսումնասիրելու նպատակով դեպի խորքը քայլեր եմ դնում: Տլոտ հուշը բարձրանում է մակերես և թույլ չի տալիս երկարատև սենյակում լինել, ինձ դուրս է շպրտում, իսկ Նելլին, իր տրտմության հետ երես-երեսի, փորձում է փշաքաղված հուշը պոմպերով դատարկել: Նորից տարիներ ինքն իր մենության հետ. ոչ մի տղամարդ:

Շեկ մազերով: Ալիսը: Երբ առաջին անգամ ինձ ներս հրավիրեց, մուտքը գրավիչ էր, խնամված, դռան բարավորից կախովի Հեդերան էր փռվում: Ցնծությամբ ներս մտա, քիչ էր մնացել ցած գլորվեի, «սենյակը» պատեր չուներ, հատակն ու առաստաղը բացակայում էին, ընդամենը սիրուն շեմ էր: Մի բան հստակ էր, ինչքան սեր տային ներան, թափվելու էր խավար կիրճերը: Նե քարուքանդ կինն էր, ում սիրո տեղանքը բութ գործիքներով քանդել էին, կեսը խաբելով, իբր նորը կառուցելու մղումով, մի մասն ուղիղ՝ ծանր տեխնիկաներով փշրել էին, առանց ականջ դնելու ներա լացին: Եվ կինը հրավիրում է ինձ մի տեղ, որն անհնար է կարգի բերել, քանզի ներա սիրտն այլևս խողավակաձև է: Փորձում եմ շնչել, որպեսզի մթնոլորտում որևէ գոյություն առաջանա, բայց սրան էլ քամին է տանում, նույնիսկ զեփյուռները Ալիսին չեն շրջանցում՝ ներա փեշերը խաղացնելով մտնում ու սենյակից ցրում են տղամարդկանց շնչառությունը: Կրկին տարիներ, գուցե Ալիսի դեպքում հավիտյանս:
Մեղրագույն մազերով կինը: Անին հրաշք է, բառի այն իմաստով, երբ հավատավոր մարդը ճչում ու մատը պահած հորիզոնում անորոշ բան է ցույց տալիս, սա բացի իրենից ոչ մեկը չի տեսնում, իսկ ուղեկիցները բացականչում են՝ հրա՜շք է տեսել: Նե թողնում է իր բոլոր ողերը գրկես, եթե երաժշտության սիրահար ես, մի քանի դաշնամուրային նոտա կատարել: Գլորվում է սիզամարգի մեջ և ցանկանում, որ պոկես մազերին կպած խոտը: Ներա հետ ամեն ինչ հնարավոր է, սակայն երբ սկսում են վերջանալ սիրահաճ տարբերակները, մինչ նե կհասցնի որևէ նոր գիրք կամ ֆիլմ դիտելով լիցքավորվել՝ ի բավականություն քեզ, այդ կարճ պահին հասցնում ես նկատել՝ նե անմասն է այս ամենին: Անիի «սենյակն» ապակյա է, դրսից պարզ երևում է և ներս չի ձգում քեզ, ժամանակ անց կռահում ես խայծը: Ապակյա տարայում հին սեր է պահ տվել, եգիպտական հատուկ միջոցներով մեղրով ու չգիտեմ ինչով մումիայի վերածել, որպեսզի չհոտի: Տեխնիկական մեթոդներով, թե հայելու խաղերով թաքցրել ու թողել է այնտեղ: Դու ներան բոլոր դիրքերով սիրում ես, իսկ ինքը քեզնից աննկատ մարմնից ելնում, պառկում է իր մումիայի կողքն ու որևէ գիրք բացելով՝ տարվում ընթերցանությամբ…Անին հոգևոր սիրո հուշից բաժանված կինն է, որ փորձում է կորցրածը մարմնականով վերադարձնել:

Սառան: Մազերի գույնը փոխել է: Ասում է՝ թող բախտիս գույնն ունենան: Միակ սենյակը, որտեղ համեմատաբար երկար մնացի: Նե իրենից պատմեց: Իմաստուն եմ (ասաց նե), նստելու եմ նկուղում՝ վրաս սնկեր աճեն, քեմբրիջներն իմ համար չեն:
Ծնվելը. ոնց որ ինձ վերցրած տուփի մեջ փակած լինեին, այսինքն մարմինս, որպես տուփ էի ընկալում: Թվում էր՝ ազատվելու համար հարկավոր է անշարժ նստել մինչև հոգնեն իմ անգործությունից ու բաց թողնեն…
Ես միշտ իմացել եմ, որ սա իմ մարմինը չէ:
Այն աստիճանի, որ ինքս ինձ կողքից տեսնում, հավանում եմ ու սիրահարվում: Պինդ մի բան կա, որն իմ իսկական նյութն է: Փոքր էի, երբ զգացի մարդկանց ձեռք տալու, օգնելու նպատակով եմ մտել էս տուփի մեջ, որպեսզի մոտենամ ու ինձնից չվախենան, բայց դառն էր, գիտակցեցի՝ իմ անմիջականությունն ուրիշ կերպ է ընկալվում: Սա իմանալու համար պետք է ունենալ իմ ապրումները, երբ մարմինդ այլևս չի տարբերում բռնաբարումը սիրով տրվելուց:
Եթե հանկարծակի մարմինս պատռվի, ինձնից լուսավոր ու տարածվող հեղուկ է թափվելու:
Չծիծաղե՛ս:
Հաստատ գիտեմ՝ սովորական մարդու նման չեմ մեռնելու, մտնելու եմ վերելակ ու դուրս չգամ…
Ապրելը. նստում եմ մարդու դիմացը, առանց տեղիցս շարժվելու պտտվում եմ շուրջն ու ձեռք տալիս վերքին: Անում եմ, որովհետև ցավ եմ զգում, ուզում եմ գտնել, հանել, որ իմ մոտ էլ չցավի: Բոլորին հպվում եմ առանց դիպչելու: Ծանր է: Մեկ էլ տեսնում եմ, որ մարդը մեկ ուրիշ զգայարանով վերցրեց իմ շոշափումը ու կախվում է իր զգացողությունից, չնայած երբեք կեղտոտ վերաբերմունքի չեն արժանացնում, նույնիսկ, երբ նրանց աչքերի մեջ տեսնում եմ՝ շա՜տ գրավիչ եմ:
Սիրածս մարմնամասը թևերս են: Ես կարողանում եմ մի քանի տակ թևերով փաթաթվել, էդպես ինձ հեշտ է շնչել, ոնց որ ծառ լինեմ կամ փաթաթուկ: Խելագարի տեղ չդնեն՝ հաստատ կասեմ, որ ուզում եմ դիպչել անծանոթներին, իմանալ ներսում ինչ կա: Մարմիններն ինձ անտարբեր չեն թողնում: Ո՛չ, հաճույքի մասին չեմ խոսում: Ցավ կա նրանց մաշկի տակ, ծակծկվող, տրոփող ու ալիքվող մրմուռ, եթե նույնիսկ սիրում են, ցավոտ է, շա՛տ: Բայց աչքերս… երբեմն նայում եմ հայելուն, դիմագծերս լավն են, իսկ աչքերումս հատակ չկա, գիշերով ջուրը սուզվելու նման, եթե չափն անցնեմ ու մնամ հայելու առջև՝ կխեղդվեմ, ի վիճակի չեմ լինի աշխատանքի գնալ: Պառկում, օրերով առաստաղին եմ հառվում, որպես ելք՝ անցյալը գլխավերևս ճաքերով քարտեզ է գծել: Ու հենց ասում եմ հոգնել եմ մտովի լեռ եմ բարձրանում, որ ճիշտ լինեմ, առաստաղին պլշված օրերին կյանքը չեմ մարսում՝ ընկալածս սրտխառնոցի է վերածվում:
Անցումս դեպի կին. երբ նկատում են, որ տղամարդու առնականության խորհրդանիշը պակասում է, կան աղջիկներ՝ լացում են, անդադար հարցնում՝ ի՞նչի ես էլ փղի կնճիթ, պոչ կամ նման մի բան չունեմ: Իմ դեպքում մուտքը դեպի կին արտասվելով չի կայացել. եսիմ… ես չէի կարող ուշ նկատել, որովհետև միշտ դուր եմ եկել հակառակ սեռին, ինձ հանգիստ չէին տալիս, նույնիսկ տարիքով մարդիկ: Բարեկամ ունեինք էնպես էր նայում, վախենում էի: Հինգ տարի անց մորս ասել էր ինձ հետ ամուսնանալու մասին: Ինքը՝ երեսուն, ես՝ տասնչորս, մոտ բարեկամ էր, ինչ-որ ցեղերից օրինակներ էր բերում, որ կարելի է նաև արյունը արյանը խառնել: Այսինքն, հինգ տարի առաջ նա արդեն ինձ ցանկացել էր:
Ինձ կին դարձնողը վախն էր: Երևի առնականություն չհայտնաբերող աղջիկները նույնպես վախից են կին դառնում:
Ամուսնացա, որ մարդուն փրկեմ (վախեցնող բարեկամիս). դա անում են սովորաբար, երբ սիրում են, իմ դեպքում առաքելություն էր:
Հա՛, առաքելություն: Կարող ես խնդալ: Դու տղամարդ ես ու հենց այն բառն ես գտնում, վրան ծիծաղում, որին անպաշտպան եմ դուրս թողել…
Մարդուն ընտելացրել էի՝ իմանալով, որ առանց ինձ այլևս չի ապրի: Եթե ես իր հետ չլինեի, ինքնասպան կլիներ: Դրամատիկ պահ էր, իսկ ես սովորություն ունեմ նման պահերի հանգուցալուծումը ի վնաս ինձ կատարել, միգուցե անգլիական վեպերից է մնացել՝ ծեր լորդն ու պարմանուհի աղջիկը, վերջինս դժբախտ, վառարանի մոտ ընթերցանություն ու ասեղնագործություն. հանկարծ քեզ նման մի երիտասարդ ձիապան և այլն…
Իհարկե, ինքը ֆիզիկապես հաճելի էր: Սեր չկար: Օգնում էի, որ ապրեր, բայց հստակ պայման ունեի՝ գիտակցի, որ չեմ սիրում իրեն:
Ի՞նչն է իմ մեջ գրավում տղամարդկանց, ոչ խնամված եմ, ոչ էլ բեմական ոտնաթաթ ունեմ, գիտեմ որ տգեղ չեմ, բայց դա քիչ է, երևի վայրի հմայք կա, որ չունի ուրիշ մեկը: Էն ժամանակ ես առանց շպարի, սիրուն, երկար մազերով նուրբ աղջնակ էի: Գաղտնիքներ էի պահում սրտումս, որ խորհրդավոր աղջիկ երևամ… Արդեն կին ձևավորվելիս այդ գաղտնիքները ինձ տանում են դեպի սուտն ու ինքնադավաճանությունը, երբ ունենում ես որևէ գաղտնիք, բայց շտապում ու կարծելով ինչքան պարպվես, այնքան ավելի շուտ կհասնես տղամարդու սրտին, բացվում և հայտնում ես, որպեսզի հաճելի լինի նրա ականջին: Տարիքն առնելով՝ կանայք հենց սրա հետևանքով են անցանկալի դառնում, իսկ իրենք կարծում են մարմնով են տգեղացել: Անգաղտնիք կինը վանող է, դատարկ կժի նման միլիմետրանոց բարձրությունից էլ ընկնի անվերադարձ կփշրվի:
Նե պատմում է իր կյանքից ու դեպի կինն անցնելու ժամանակ ավանդված ամուսնությունից: Լռում ենք, անխոսությունը երկարում, կիտվում է մեր շուրջը, ճնշում գլուխներս, ամեն մեկս մի բանի հետ խաղում է: Սառան իր փեշերն է ծալում, ափերով արդուկում, ես կոշիկներս եմ թխկացնում, շուռ ու մուռ տալիս, որպեսզի ցրենք ստորացնող լռությանը: Մեկ էլ խանդավառված ասաց՝ լսի՛ ր.
-Ջոնի Դեփին եմ երազում տեսել…
Ամբողջ օրը չխոսեցի: Դեռ վաղուց էր ինձ ասել՝ խանդոտ ես, բայց մի բան կա պետք է իմանաս. օրեր կան, երբ Ջոնի հետ երազումս սեր եմ անում:
Ոտքին փաթաթված կատվին գրկում, դնում է ծնկներին:
Ասում է՝ եթե կյանքիցս մի երկու կտոր պոկեին, այժմ կատուներին անտարբեր կվերաբերվեի, բայց ապրած հատվածներ ունեմ, որտեղ կապտուկներով ու հագուստներով պառկում էի մահճակալին, մեր տան կատուն գալիս, քիթը դեմ էր անում շուրթերիս ու մռռում էր. ցավերս դարմանելու օրորոցային էր երգում:
Վերջապես գլխի ընկա, թե ինչու եմ ճանապարհ ընկնելուց առաջ բաժանվում սիրուցս. ապագա միտքը հանգիստ չի տալիս, որ մեկը ներանց սենյակներում կտեսնի ինձ՝ ճամպրուկների մոտ նստած, հենց կանայք զգացին նկատել է ինձ, այսինքն՝ երբեմնի գոյությունս, Անին, Նելլին, Ալիսն ու Սառան կհարցնեն նորեկին.
-Կարո՞ղ ես նրա նման հաճույքով ծխել ու անպաշտպան բառերիս վրա ծիծաղել:
Ինչպես ժամանակին Նելլին էր բացում իր տան զգեստապահարանն ու ճոճելով տղամարդու վերնաշապիկն՝ ասում՝ նա շատ կոկիկ էր…

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Անի says:

    Ճշմարտությունը գրողի խոսքերով՝ <>:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *