Դեկլարացիա երեքի

Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան:

Նրա գոյության միակ արդարացումը—մահամերձ լինելն է։

նրա տրադիցիաները նման են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնելու։

«Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու երազներ», — ահա մեր գրական թոքախտի մանրեները, որոնց առաջացրած պտուղներն են` նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ:

Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ:

Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե առողջություն։

Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։

«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը։

Մեզ համար «Անապատները» դարձել են բազմաժխոր քաղաքներ։

Իսկ մեր երակների մեջ մենք զզում ենք բազմահազար ամբոխների հույզը։

«Նրբակերտ մթնաշաղներին» այսօր հաջորդել է բոսոր արշալույսը և պայքարող դասակարգի մարտական շեփորը մեզ արթնացրել է «մոռացման երազներից»:

Մեր մեջ ստեղծագործում է բազմությունների տեմպը, և մենք դեպի բազմությունն ենք իջեցնում մեր ստեղծագործությունը։

Մենք պահանջում ենք.—

  1. Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից դեպի կենդանի խոսքը։
  2. Արտահայտել այն, ինչ որ այժմեական է—շարժում, դասակարգային պայքար, երկաթ ու կարմիր:

Այդ նպատակներին հասնելու համար բանաստեղծության մեջ պետք է կիրառել`

1) Ռիթմը որպես շարժում.

2) Պատկերը (образ) որպես կենցաղի բնորոշում.

3) Ոճը և լեզուն որպես տվյալ նյութի և խառնվածքի արտահայտություն։

Մեր օրվա լոզունգն է.

Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք։

Կեցցե գեղարվեստական կենդանի խոսքը, ստեղծագործող բազմություններում։

Կեցցե ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով։

Կեցցե պրոլետարական հեղափոխությունը:

Ծանոթագրություն

«Դեկլարացիա երեքի»-ն Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորդ Աբով ստորագրությամբ տպվել է 1922 թ. հունիսի 14-ին ԽՀ № 130-ում. թվադրված է 6 հունիսի 1922 թ., Երևան։ Տպագրվում է ԽՀ-ից:

Գ. Աբովի վկայությամբ դեկլարացիան գրել են ինքն ու Չ-բ Թիֆլիսում, Վշտունու բնակարանում։ Իր հուշերում Աբովը գրում է. «…Ռտիշչևսկի փողոցի շենքերից մեկում նա (Վշտունին — կազմ.) զբաղեցնում էր Թիֆլիսից փախած բուրժույներից մեկի սենյակը…

Եկանք համաձայնության.

— Դուք գրեք դեկլարացիան, ես գնամ մի քիչ ուտելիք ու խմելիք բերեմ,— ասաց հյուրասեր տանտերը և դուրս եկավ։

Երեքի դեկլարացիան պատրաստ էր, երբ նա վերադարձավ ուտելիքներով» (տե՛ս «Հիշողություններ Ե. Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 122)։

Հուշերում Աբովը պատմում է Երեքի դեկլարացիայի և ելույթների բազմաթիվ այլ մանրամասնություններ, որոնք եզակի վկայություններ են Չ-ի այդ շրջանի գործունեության վերաբերյալ (տե՛ս նույն գրքի 119 — 128 էջերը)։

Բանավոր զրույցի Ժամանակ Աբովն ասում էր, սակայն, թե դեկլարացիան գրել է ինքը, և ինքնագիրը պահպանվում է իր անձնական արխիվում։ Արխիվն առայժմ գտնվում է նրա ժառանգների մոտ և հավանաբար Երեքի գործունեության հետ կապված նոր պարագաներ կարելի լինի պարդել ձեռքի տակ ունեսալուց հետո: Թերևսգտնվի նաև դեկլարացիան Աբովի ինքնագրով։ Բայց, նախ—բացառված չէ, որ Չ-ը կարող էր և թելադրել. ամենակարևորը՝ անհերքելի փաստ է, որ դեկլարացիան համապատասխանում է դրական այն ըմբոնումներին և սկզբունքներին, որոնք Չ-ը շարադրել է նույն օրերին գրած «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը», «Ապադասակարգային ինտելիգենտը» և դեկլարացիան» հոդվածներում։

Ավելորդ չէր լինի մտաբերել Չ-ի կարծիքը Դեկլարացիայի և «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածաշարի մասին, որ շարադրել է ««Ապադասակարգային ինտելիգենտը» և դեկլարացիան» հոդվածում. «Մեր դեկլարացիայի և իմ հոդվածաշարքի մեջ և ո՛չ մի հակասություն։ Դեկլարացիան մեր ծրագիր-մաքսիմումն է, իսկ իմ հոդվածի վերջին մասը — մեր այսօրվա անելիքների ուղղությունը բնորոշող գիծը»։

Դեկլարացիան առիթ է տվել բուռն բանավեճերի, քննադատվել է իրավացիորեն (մանրամասնությունները տե՛ս սույն հատորի առաջին հոդվածների ծանոթագրություններում), մերժվել ու մերժվում է հատկապես նրանում արտահայտված ժխտողական վերաբերմունքը անցյալի ժառանգության հանդեպ, բալց և գնահատվում է նրա դերը դրական կյանքը նոր խնդիրների ոգով լիցքավորելու իմաստով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *