Դիանա Անդրոմեդա Մարտիրոսյան | «Դու»-ի գրականություն

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Ո՜վ, դո՛ւ, ծուլության աստված,
Ներիր մեզ մեր աշխատասիրությունը․․․

Մենք ապրում ենք ձանձրանալու համար։
Եթե քսան, երկու հարյուր, երկու հազար մետր բարձրությունից կարմիր գրիչով ստուգենք մեր արարքները, լուսանցքում շատ գծիկներ կդնենք։ Մեր՝ կապույտ տառերով ու կոկիկ ձեռագրով թղթին հանձնված կյանքը կփոխի իր գույնը։ Մեր սխալների պատճառով կդառնա կարմիր։ Հետո ինքներս մեզ վատ թվանշան կդնենք։ Մեր ինքնագնահատականը կընկնի, որովհետև մենք մեր մասին ավելի բարձր կարծիք ունեինք։ Մենք կանենք սխալների ուղղում։ Ու կարմիրների փոխարեն կշտկենք կապույտները։ Դրանք էլ կկարմրեն ու․․․ Ու մենք այդպես էլ չենք հասկանա, որ ապրելուց ավելի՝ սիրում ենք ձանձրանալ։
Դպրոց։ Ուղեղդ լցվում է անուններով, որ չես հավանում, թվերով, որոնք անվերջ են, անպետք մարդկանցով, ովքեր չեն պահպանվի անգամ D- disc -ում, ( ինչպես ասում էր Երևանաբնակ ոմն իմաստուն Խծո՝ հարսանիքի ու հուղարկավորության ժամանակ, անգամ բարեկամների՛դ կհիշես, իսկ դպրոցում սովորածը՝ ո՛չ), ու կողքինիդ գրչի թանաքով, որ սեղանը փորագրելուց նկարում է տառեր նյարդերիդ մազերին, նկարում է չհասունացած թերություններդ ու մի խակ, բայց ո՛չ դառը զայրույթ, որ ընկնում է կողքինիդ գլխին դասագրքի տեսքով։
Մենք կհնարենք նոր սարքեր, մի օր կապրենք առանց թթվածնի։ Բայց կյանքն առանց ձանձրույթի՝ ինքնասպանություն է։ Դիցուք՝ վերցնենք մի խաղալիք, դիցուք՝ պատկերացնենք, որ այդ խաղալիքը ես եմ, հին եմ, առանց մարտկոցի ու հեռակառավարման, քայլող չեմ, վազող չեմ ու աներես, ո՞վ եմ ես։ Ես ռոբոտ չեմ, ես մարդ չեմ, ինձ Google-ը չէր ընդունի։ Ես խաղալիք եմ, բայց լարովի։ Եթե մեկի ձեռքը երկար է պտտվել ուղեղիս վրայով, ես երկար ժամանակ կշարժվեմ զոմբիի նման, իսկ եթե նրա մատները սայթաքել են և ուղեղս չի հասցրել տաքանալ, լվացվել, մաշվել, անջատվել, ապա ես ավելի շուտ կդադարեմ աշխատել, պարել մարդկանց ծիծաղի տակ։ Ես կանգ կառնեմ ու կվերադառնամ բնական վիճակին։ Իմ սիրած վիճակին։ Ձանձրանալուն։
Մի պահ պատկերացրու, որ կարիք չունես կարիք ունենալու։ Ու կարծիք չունես։ Ամեն ինչ կա ու միշտ կլինի։ Ոչ ոք չի մեռնի քո ծննդյան օրը ու դու չես մեռնի։ Գրպանիդ խոռոչը նման է բերանիդ խոռոչին, երբեք չի՛ կարվելու ու պետք էլ չի։ Իսկ ի՞նչ, եթե դու մեռնելու ես, որովհետև փոքր ժամանակ հողի հետ խաղալուց մի հատ քար ես կուլ տվել, կամ սխալ դիրքով ես քնում, կամ ինքդ քեզ չես գտնում․․․ Կամ ուղղակի խնձոր շատ ես ուտում։ Մի օր գիտնականները կպարզեն, որ դու դու չես։ Իսկ դու այդ ժամանակ մետրոյի նստարանին քնած կլինես։ Հետո կորոշեն, որ մարդը պետք է քիչ քնի, օրինակ երկու ժամը բավարար է, բավարարվելու համար։
«Մենք այսքան ժամանակ սխալ ենք քնել։ Պետք է քնել քիչ ու մեկ դիրքով։ Դա կօգնի մեր օրգանիզմին արագ վերականգնվել ու կխնայի մեր կենսաժամանակը»։
Դու կուրախանաս, կսկսես քիչ քնել, կշահես ժամանակ ու այն կծախսես աշխատանքի վրա, կհորինես նոր նպատակներ, կիրագործես, հետո կորդեգրես ուրիշի նպատակները, նորից կհաղթես։ Այո․․․ Աշխարհի բոլոր նպատակները քոնն են՝ հարազատ, որդեգիր ու որբ։ Իսկ ժամանակը սիրում է տարածության պես դատարկ լինել։ Եթե այն լցնես՝ կվերջանա, կմեռնի, կբորբոսնի ու կդառնա պանիր՝ տատիկիդ սառնարանում։
– Պանիր կուտե՞ս։
– Իսկ ուրիշ բան չկա՞։
– Իսկ դու ուրիշ բա՞ն ես ուզում։
– Իսկ դու չունես՞։
– Գնա՞մ։ Գնե՞մ։
– Հավես ունե՞ս։
– Եսի՞մ։
– Դե ի՞նչ։ Չուտե՞նք։ Հա՞։
– Կդիմանա՞ս։
– Ինչի՞ն։
– Կդիմանա՞ս սովին։
– Եթե քեզ դիմանում եմ, սովին չե՞մ դիմանա։
– Կդիմանա՞ս։
– Եսի՞մ։
– Պանիր կուտե՞ս։
Ու անվերջ հարցեր, առանց պատասխանների, նորաձև ու դատարկ, ձանձրույթից թալանված պահեստի նման, որտեղ միայն սովամահ առնետների հարցական սվվոցն է լսվում։ Հարցական երաժշտություն։ Հարցական ու դատարկ։ ՀՀարցական ու դատարկ՝ ինչպես ժամանակը․․․ Բայց մենք այն լցրեցինք։
Քեզնից դեռ երկար կթաքցնեն, որ դու ծնվել ես ձանձրանալու համար։ Հազար ու մի բան կսովորեցնեն։ Կստուգեն, որ լավ իմանաս։ Ցույց կտան քո սիրելի կոնֆետը ու աչքերիդ առաջ խաղացնելով կհեռացնեն այն, որ լեզուդ դուրս ընկած , դուրս ընկածի պես վազես հետևից։ Քո մանկության կոնֆետի մազերը կսպիատակեն, համը կփոխվի, իսկ քո լեզուն դեռ դուրս ընկած կլինի։ Դու շատ կաշխատես, որ ինչ-որ մեկը քիչ աշխատի, կգնաս բանակ հրամաններ կատարելու, կսպանես նրանց, ում գուցե կսիրեիր, կխնայես բնական ռեսուրսները սերնդների համար, իսկ մի սերունդ կխմի վերջին կում ջուրը ու չի զարմանա։ Իսկ դու կզարմանաս, երբ իմանաս, որ վարժեցված ես՝ պատերազմներում հաղթողների, պարտվողների ու հարբած երեխայի պես։ Դու կզարմանաս, որ իմանաս մեռել ես։ Դու կզարմանաս, որ վերջապես ունես ձանձրանալու ժամանակ։ Ու կսկսես ապրել։
– Մահից հետո կյանք կա՛,- կգոռաս ուրվականի տեսքով։
Բայց կյանքը մահից հետո կարող ես սկսել հենց հիմա։ Ապրելու համար, պարտադիր չէ մեռնել։
– Բայց դու լրիվ աղանդավոր ես։
Այո․․․ Տաղանդավոր մարդիկ սիրում են մկներին, որ ուտում են բորբոսնած պանիր ու կարդում են քարոզ՝ բորբոսնած ժամանակի մասին։ Ժամանակի ընթացքում դառնում են աղանդավոր, հավատում ուրիշ աստվածների, ձանձրույթից կառուցում վիրտուալ սրբատեղիներ, որտեղ կան փափուկ բազմոցներ՝ գունավոր երազների համար։ Հորինում են այլընտրանքային աստված, ում կարելի է աղոթել, երբ գլխավոր աստվածն ուզում է հանգստանալ, կամ մեկնում է Սիրիա՝ գործուղման։
– Եվ ինչպե”ս կարելի է աղոթել այլընտրանքային աստծուն։
Օ՜, դա այնքան հեշտ է․․․

«Ո՜վ, դո՛ւ, ծուլության աստված,
Ներիր մեզ մեր աշխատասիրությունը,
Ցույց տուր ինքնատանջումի հաճելի ուղի,
Փրկի՛ր մեր կռապաշտ ու կայացած հոգիները,
Ցավեցրու քներակները մահից հետո ու դեղ տուր սպանողին,
Լողացրու մեզ ծնվելուց առաջ, որ հոտ չունենանք
Սափրիր մեր աչքերը լուսնի արահետով, որ տիեզերքը տեսնենք,
Կարիր կոշտ բարձեր քթերի համար, որ չմեծանան
Ու վիրահատիր մեր խիղճը, սիլիկոնը հանիր ու ձանձրույթ տեղադրիր։
Ու մի նեղացիր, երբ քեզ մոռանանք։
Գնիր մեզ համար հավերժ օրորոց աստծո արգանդում,
Վաճառիր մեզ մեր սիրելիներին,
Սնիր մեզ չմեռնող սննդով, որ քնելուց չփտենք,
Սովորեցրու պառկել՝ կանգնելու ժամանակ
Հոգատար ձևացիր աղոթքիս պահին,
Դարձիր մեր մոմակալը, երբ պահմտոցի է խաղում վաճառված ատոմակայանը,
Բազմացրո՛ւ դեպի երկիր շարժվող երնաքարը, որ վազել սովորենք,
Թույլ տուր մտքի բանվորին մտնել քավարան ու մեղք տուր նրան՝ քավելու համար,
Խմի՛ր մեզ հետ գործազրկության կենացը, բայց լացը պահիր գործողի աչքից,
Մի՛ թող փորենք  «Առաքելության» հանքը,
Առաքելոց վանքը, Համլետի գանգը, ռուսների տանկը, թուրքերի թանկը,
Դրախտի բանկը, ուր ոսկի չկա,
Ու շեղիր մեզ ճշմարիտ ուղուց, որ գտնենք մեր ուղին։
Կապի՛ր մեր որովայնն ու աչքերը աշխարհի քարտեզով,
Որ ուրիշի ստամոքսին աչք չդնենք։
Եվ պառկի՛ր մեզ հետ քո սևագրած աշխարհում
Ու մի՛ նայիր աստղերին։
Ու բաց թող անհավատներին, որ ուշանում են աշխատանքից
Ու ճշմարիտ ձանձրույթ սփռիր՝
Մեր երազապաշտ ու երազախաբ նպատակներին»։

– Գիտե՞ս Քո՛ւդ, ինձ դուր եկավ քո աստվածը, բայց դու դուրս չես գալիս։ Ախր քեզ դպրոցից չեմ սիրում։ Ատամներդ դեղին էին՝ տնայիններիս տետրի գույնի, իսկ աչքերդ միշտ լցված՝ անպետք պայուսակիդ պես։ Ու ընդհանրպես, դու տարօրինակ ես։ Կոմպլեքսներ չունե՞ս։
– Չէ։ Կոմպլեքսներ ու ժամանակ չունեմ։ Երևի կորցրել եմ։ Երևի ծիծաղելի եմ։ Բայց գիտե՞ս․․․ Ես սիրում եմ ծախսել չաշխատած փողերը, վիրտուալ։ Դա այնքան հաճելի է։ Ես կարող եմ ծախսել էնքան փող, որ կյանքում չեմ կարողանա աշխատել ու պետք էլ չի։ Ես դրանից էնքան բավականություն եմ ստանում, որ իրականում ծախսելուց, չէր ստացվի։ Չէ՛ի ուրախանա, չէ՛ի գնահատի, չէ՛ի բավարարվի։ Որովհետև աշխատածը էդ նույն բաներին չէի ծախսի, կափսոսայի, կհավաքեի։ Ու վերջում․․․ Ու վերջում կգնեի մի բան, որի պատճառով դեռ երկար ժամանակ չէի կարողանա ձանձրանալ։ Ես՝ այստեղ (մատնանշում է ուղեղը) եղել եմ Սթիվ Ջոբս, Դեվիդ Քոփերֆիլդ, Ջոան Ռոուլինգ, Խոակին Ֆենիքս, Թալեռան, Լենկ Թեմուր, էնվեր-ջեմալ, Նժդեհ․․․ Եղել եմ թռչուն ու խավարասեր։ Եղել եմ այնքան հարուստ, թշվառ ու հանճարեղ, որ․․․ Որ հիմա էլ ոչ մի բանի կարիք չունեմ, բացի  «ինձանից»։ Հա՛, բացի իմ՝ տեսակից, որ երբեք չեմ ունեցել։ Որովետև սպասել եմ էդ գրողի տարած աշխատանքի հաստատմանը, որտեղ պիտի ստանայի էն փողը, որի միլիարդապատիկը արդեն վաղուց ծախսել ու վայելել եմ։ Բավարարվել․․․ Բայց մեկ է, սպասում եմ ու չեմ ընդունվում, էդ փողը չեմ ստանում․․․ Բայց արդեն ծախսել եմ․․․ Այսինքն կորցնո՞ւմ եմ։
– Դու ճիշտ էիր Քո՛ւդ։ Դու ծիծաղելի ես։
– Գիտե՞ս, չունեցածդ կորցնել ավելի դժվար է, քան ունեցածը։ Ու ընդհանրապես, լինել ծիծաղելի՝ տխուր է, եթե չես սիրում ձանձրանալ։ Ես ուզում էի ասել․․․
Ու դու նորից կպարտվես․․․ Որովհետև ունես դեղին ատամներ, վիրտուալ միլիարդներ, բավարարվածություն ու ուրիշ աստված։ Ծիծաղելի աստված։ Տարօրինակ աստված։ Ծուլության աստված։ Քո նման․․․
Դու կշարունակես շփվել հիմարների հետ, հիմար գրքեր կգրես։ Երբ կարևոր ոչինչ չգտնես, կհորինես։ Հետո մի պահ կձանձրանաս․․․ Բայց երկար չի տևի։ Որովհետև քեզ կմեղադրես անգործության մեջ։ Կզգաս քո կարևորությունը։ Կգրես հիմար երաժշտություն։ Քո հիմար կենսագրությունը փողկապի պես կփաթաթես մարդկանց պարանոցներին։ Մի քանիսը կխեղդվեն, մնացածը կիմանան քո մասին։ Քեզ կտարածեն։ Դու կտարածվես․․․ Կկրթես հիմարությամբ ինձ ու իմ նման կռապաշտ անհավատներին։ Էլ չես ձանձրանա․․․
Մենք ապրում ենք ձանձրանալու համար։
Եթե քսան, երկու հարյուր, երկու հազար մետր բարձրությունից կարմիր գրիչով ստուգենք մեր արարքները, լուսանցքում շատ գծիկներ կդնենք։ Մեր՝ կապույտ տառերով ու կոկիկ ձեռագրով թղթին հանձնված կյանքը կփոխի իր գույնը։ Մեր սխալների պատճառով կդառնա կարմիր։ Հետո ինքներս մեզ վատ թվանշան կդնենք։ Մեր ինքնագնահատականը կընկնի, որովհետև մենք մեր մասին ավելի բարձր կարծիք ունեինք։ Մենք կանենք սխալների ուղղում։ Ու կարմիրների փոխարեն կշտկենք կապույտները։ Դրանք էլ կկարմրեն ու․․․ Ու մենք այդպես էլ չենք հասկանա, որ ապրելուց ավելի՝ սիրում ենք ձանձրանալ․․․

Իսկ տատիկի սառնարանում
Բորբոսնած պանիրը
Կերավ մի մուկ,
Լա-լա-լա-լա, լա, լա՞
Իսկ տատիկի սառնարանում
Բորբոսնած պանիրը
Կերավ մի մուկ,
Շալա- լա-լա-լա,
Նա ունի ժամանակ,
Իսկ դո՞ւք․․․

22.02.2020.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *