Ագնիեշկա Օշիեցկա | Դուրս եմ եկել ու չեմ վերադարձել

Ագնեշկա Օսեցկայա, լեհ բանաստեղծ, բազմաթիվ երգերի բառերի հեղինակ։ Հայտնի է նաև իր արձակ ստեղծագործություններով, թատերական և հեռուստատեսային ներկայացումներով, ինչպես նաև լրագրողական աշխատանքով։

Ծնվել 1936 թվականին Վարշավայում:1952-1956 թվականներին սովորել է Վարշավայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 1957-1961 թվականներին՝ Լոձի բարձրագույն կինեմատոգրաֆիստական և թատերական դպրոցում։ 1954 թվականից աշխատել է Ուսանողական երգիծական թատրոնում, մինչև 1972 թվականը եղել է թատրոնի խորհրդի անդամ։ 1954-1957 թվականներին «Գլոսե Վիբժեժա» (Glos Wybrzeża), «Նոր մշակույթ» (Nowa Kultura), «Շտանդդարե մլոդիխ» (Sztandar Młodych) և «Պո պրոստու» (Po prostu) թերթերում հրատարակել է իր բանաստեղծությունները, արձակ ստեղծագործություններն ու ռեպորտաժները։ Ավելի ուշ տպագրվել է «Գրականության» (Literatura), «Մշակույթ» (Kultura) և «Լեհաստան» (Polska) հանդեսներում։ Եղել է լեհ գրողների միության անդամ։

1994 թվականից Ագնեշկան սերտորեն համագործակցել է Սոպոտ քաղաքի Ատելիե թատրոնի հետ, որի համար գրել է իր վերջին աշխատանքները։ Այսօր թատրոնը կոչվում է Ագնեշկա Օսեցկայայի անունով։

Մահացել է 1997թ.-ի մարտի 7-ին, Վարշավայում:

 

Մեռնել սիրուց

Գոնե մեկ անգամ
արժե մեռնել սիրուց։
Գոնե մեկ անգամ,
Եվ թեկուզ այն բանի համար,
որ հետո գլուխ գովես ծանոթների մոտ,
որ այդպես լինում է,
որ դա կա։
…Մեռնել։
Պառկել գերեզմանոցում ինչ-որ մեկի գզրոցների,
մյուս մեռած նամակների
ու հուշանվերների կողքին
ու տառապել․․․
Տառապել Աստծո պես
ու ի՜նչ պաթոսով,
ասես Տոսկա ես
կամ Վիտոս։
…Ու էլ ոչ մի գործ չունենալ
և ոչ մի զայրույթ առ մարդիկ։
Ու միայն աղաչել Աստծուն, որ գեթ մեկ անգամ,
գոնե ևս մեկ անգամ
մեռնես սիրուց…

 

Կա՛մ, կա՛մ

Չեմ կարող խաղալ տիկնիկներով այլևս,
քանի որ հանդիպել եմ քեզ։
Չեմ վայելում բոցը մոմի,
քանի որ մի այլ փայլ եմ տեսել ես։
Եվ ահա
երբեմն,
մի քանի բաժակ օղի ընկերների հետ․․․
Իսկ այդ ընկերները․․․
Ո՜նց է ամենը խամրել։
Երբ ննջում եմ,
թողնում ես կոպերիս տակ մի լուսանկար,
որում դու ես միայնակ։
Սակայն հեռանում ես
մութ միջանցքով։
Հետ տուր խաղալիքներս։

 

Ինչ է քեզ համար գրականությունը

Եթե մտածենք,
թե ինչ է քեզ համար գրականությունը․
բարեկրթություն,
բնություն,
անակնկալ,
տուն, մայր, մեքենա,
այն կինն,
այն տղամարդը,
մի լավ ձմեռային վերարկու,
լավ կոշիկներ,
և վերջապես
դու ինքդ –
դե իհարկե՝
ես շանս չունեի․․․

 

Դուրս եմ եկել ու չեմ վերադարձել

1973 թվականի օգոստոսի 14-ին դուրս եմ եկել տնից
ու մինչ օրս չեմ վերադարձել։
Հագել էի վանդակավոր կիսաշրջազգեստ ու սպիտակ բլուզ,
ոտքերիս ունեի կապույտ հողաթափեր
ու գլխաբաց էի։
Ով գիտի անհետ կորածիս ճակատագրի մասին,
խնդրում ենք տեղեկացնել ոստիկանության մոտակա բաժին:
Հնարավոր է, որ քայլելիս դնդնացել եմ այս երգը.

 

Ամենն, ինչ ունեմ

երկու սենյակ ու մի պարտեզ,
երկար գիշերներ ու կարճլիկ օրեր,
ամենն, ինչ ունեմ
լվացք ու մի տախտակ
նոտաների մի խուրձ, մի քանի ձայնապնակ,
մի քանի կաթիլ ալկոհոլ,
թել, ասեղ ու կոճակ,
ամենն ինչ ունեմ
անգամ կատու ու շուն
ու մի երգ որ, անվերջ է լացում
ամենն, ինչ ունեմ
թանկ թե էժան,
ջուր թե կրակ,
ամենը, ամենն ինչ ունեմ
մի քանի գրոշ գրպանում,
մի քիչ աշուն իմ հոգում,
ինչի մասին երազում եմ, տենչում,
ինչի մասին չգիտեմ ու գիտեմ,
բարձրագույն կրթություն
ու տաղանդ անհատնում,
առավելություններ ու թերություններ քանի՜,
** տասնյակ ու էլի մի քանի տարի,
տեղ երկրի վրա ու մի անցք երկնքում
ամենն այդ կփոխեմ քեզ հետ։
Իսկ դու․․․ դու անգամ չգիտես այդ մասին:

 

Մի բաժակ սուրճ

Խղճուկ այդ սերը
լիովին տեղավորվում է սուրճի բաժակում,
տխուր այդ սերը,
թող խմի նա, ով շատ է ուզում։

Փոքրիկ սև կարոտ,
ու մի մեծ սև հույս.
կարելի՞ է դա այդքան սիրել,
երբ չի փոխում ոչինչ․․․

Մի բաժակ սև սուրճ
փոքրիկ փխրուն երջանկության հետ,
անհամբերություն, ձանձրույթ ու նախանձ,
մի բաժակ ամեն օր ու ավելի հաճախ։

Մի բաժակ սև սուրճ
հատակին փոքրիկ տխրությամբ,
կանխազգացումի անուշաբույր դառնությամբ:
Ասա՝ չէ՞ որ սիրուն է սուրճն այնքան։

Փոքրիկ սև կարոտ,
ու մի մեծ սև հույս,
կարելի՞ է դա այդքան սիրել,
երբ չի փոխում ոչինչ։

Մի բաժակ սև սուրճ
հատակին թաքնված փշերով,
ծուլության համար ու զվարճանքի,
մի բաժակ ամեն օր և ավելի հաճախ:

Սև սուրճի օվկիանոսներ
սառեցին մեր միջև,
նավաբեկություն մի բաժակի մեջ
սև թավշի պես փափուկ:

Փոքրիկ սև կարոտ
ու մի մեծ սև հույս.
կարելի՞ է դա այդքան սիրել,
երբ չի փոխում ոչինչ։

Խղճուկ այդ սերը
լիովին տեղավորվում է սուրճի բաժակում,
տխուր այդ սերը,
թող խմի նա, ով շատ է ուզում։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *