Նոնա Պողոսյան | Ձյուները ծաղկել են վաղուց…

***
Տպագրում էի չխչխիկ գրամեքենայով …
Մի մատով՝ ընդամենը։
Ու գիշերվա մաշված կողերի վրա իրար ետևից շարվում էին մուրճիկի կտկտոցները` իմ փամփուշտները…
Ճերմակ թուղթը դանդաղ, կամակորելով կուլ էր տալիս տառերի անհնազանդությունը…
Ձախից-աջ, հետո` ետ դարձ` աջից ձախ…
Ու հանկարծ ցեխոտ սապոգների բույրը ներս էր մտնում սենյակի դռնից կիսաբաց…
Ես փորձում էի գուշակել,
թե որ հրամանատարն է
փայլուն սանդուղքներով
վերև բարձրացնում
մի նոր ետխաղացում,
մի նոր հաղթանակ…
Իմ գիշերները երբեմն սսկվում էին…
Նրանք չէին սիրում պատմել նահանջների մասին…
Ու չխչխիկ գրամեքենան
իմ ու աշխարհի խաղաղությունը հանգիստ թողնում էր մուրճիկի հույսին…
Ես տպագրում էի չխչխիկ գրամեքենայով…
Մի մատով` ընդամենը.
Հ-ա-ր-գ-ե-լ-ի պ-ա-ր-ո-ն ն-ա-խ-ա-ր-ա-ր,
Ղարաբաղում արդեն ծաղկել են ձյուները…
Ու ծաղկած ձյուներին ամբողջ գիշեր նորից փամփուշտներ են լցրել վախկոտ թուրքերը…
Ուզում եմ, որ
ձյուները հալվեն…
ատելությունը` հալվի…
նենգությունը` հալվի…
Ուզում եմ…
Այս ցնդաբանությունը ոչ ոք չէր ներկայացնի պարոն նախարարին.…
…Ու հանկարծ կիսաբաց դռնից ներս էր խուժում հաղթանակի բույրը…
Ու օդում քարանում էր գրամեքենայի մրոտված մուրճիկի վերջին համբույրը…

***
Փայլուն սանդուղքներով
ես էլ էի մեկ-մեկ իջնում-բարձրանում…
…Ղարաբաղում ձյուները հալվել էին վաղուց…
Ու մեծամեծ այրերը, դեսպանները բոլոր, պլշած աչքերով, գալիս էին հասկանալու, թե ինչու են մայրերը որդիների համար կարմիր կակաչներ երկնքում ցանում…
Թե ոնց են մեր-մանուկ, այդպես հպարտորեն, ազատության համար կռվում ու ընկնում…
Փայլուն սանդուղքներով
ես էլ էի մեկ-մեկ բարձրանում-իջնում…
Ու ամեն իջնելուց
գրամեքենան սկսում էր կտկտացնել մեծամեծ այրերի խղճուկ, անհեթեթ տարակուսանքը…
Իսկ ես ճերմակ թղթի նեղ մատույցներում գրում ու ջնջում էի կորցրած խղճի համար` իմ ափսոսանքը..

***
Աշխատասենյակը սովորական չէր,
լուսամուտը` նույնպես…
Նայում էր բակին`
ուզեր, թե` չուզեր…
Այստեղ սուրացող մեքենաների ընթացքն ընդհատող ճռնչյուններից,
որ հաճախ նման էին մեռնող գազանի մռնչյունների,
փորձում էի գուշակել,
թե Ղարաբաղի ծաղկած ձյուներով
ինչքան են մերոնք առաջ գնացել
կամ նահանջել ետ…
Ու հարցեր հազար`
զգայուն այնքան,
այնքան հրատապ,
այդպես էլ չէին հասցնում փայլուն աստիճաններով
վերև բարձրանալ
ու լուծվում էին այստեղ,
հենց այստեղ,
իմ մեծ երկըրի
այս փոքրիկ բակում…
Ու քամու բերանն ընկած ճոճվում էին գոռ հայհոյանքներ,
ու քամու ունկին մոլոգնում էին արդարացումներ
ու ազատումներ…
Ու բարձրանում էին օդում բռունցքներ`
ճշմարտության չափ ծանր ու աներեր…
Աշխատասենյակը սովորական չէր,
լուսամուտը` նույնպես…
Ուզեր, թե` չուզեր`
նայում էր բակին…
Բայց արդեն վաղուց նա ինձ չէր պատմում
ծաղկած ծառերի ճյուղերին թառած երկնքի կապույտ հրաշքի մասին…

***
Իմ աշխարհն արդեն
սկսեց չափվել ուսադիրներով…
Ու դրանց վրա
փառահեղորեն բազմած աստղերի մեծություններից շփոթվում էի,
խոսքս թռչուն էր դառնում վախվորած,
ձայնս` կերկերում…
…Մա’մ ջան,
ախր դու այդ ոնց հասկացար,
որ կարող էի օրերից մի օր
գնալ ու կռվել
հենց այդ կողմերում…
Ուսադիրները,
որ մեծ ու փոքր
պատմություններ էին
ուսերին հանում
ու դրանցով իսկ ոմանց` բարձրացնում, ոմանց` իջեցնում…
Իմ աշխարհն արդեն, ինձանից անկախ,
վաղուց չափվում էր ուսադիրներով…
Ու ես չգիտես, չգիտես` ինչու, հավատում էի, որ կարող էի
այդ աշխարհի մի մասնիկը դառնալ թղթով ու գրչով…

***
Այդ աշխարհի մի մասնիկը դառնալ թղթով ու գրչով
դժվար էր սակայն…
Ինձ հարկավոր էր լուռ մի կողմ դնել գույն-գույն օրերն ու ռոմանտիկան,
որ բերել էի իմ մեծ քաղաքի տաք փողոցներից,
ծառից, երկնքից,
երակներումս անվերջ թանձրացող մորս սիրավառ, քնքուշ երգերից…
…Ես կարող էի իմ պատուհանից նայել երկնքի կապույտ սահանքին,
սակայն չտարվել այդ գեղեցկությամբ,
քանզի ինձ պետք էր ապրել, արարել այն ճշմարտությամբ,
որ Ղարաբաղում
բոլոր ձյուները ծաղկել են վարդ-վարդ…
Ու սերս անզարդ ու սերս հպարտ սկսեց հագնել գույն-գույն սրտերը կռվող տղերքի,
սկսեց ապրել վիշտը որդիներ կորցրած մայրերի, վրեժն անկոտրում զինվոր-հայրերի
ու լռությունը, քար լռությունը փայլուն, նավթահոտ փողկապներ կապած մեծ-մեծ այրերի…
Ու սերն իմ այդպես ամեն օր մի նախշ, մի բաբախ տարավ զինվորի սրտին,
ու սերն իմ կսպեց իր զենքն ու զրահ,
որ հոգիս փրկի…

***
Հողն հողանում էր իմ ոտքերի տակ,
երկինքը երկնում առավոտներն իմ,
ես քայլում էի լուռ ու աննահանջ
պատմությամբ կքված
մի աշխարհ դեպի…
Ու այդ աշխարհում` ահեր ու մահեր,
քանդըված սովետ,
սխրանք ու դավեր,
դաշնակից երկիր,
թշնամանք ու սեր,
ու ավեր, ավեր…
Իսկ ժամանակը, լեզուն դուրս գցած, վազում էր, վազում, որ նրանց հասներ…
Ու ժամանակը` վայրկյանի զինվոր, որ ոչ մի փամփուշտ լքված,
մոռացված անցյալից չուներ…
Ու նա հոսելով թափվում էր կրծքիս,
կուրծքս` բարակում…
Սեթևեթանքը զգեստիս փեշին սառում, ցամաքում…
…Քայլում էի ձիգ, որ գիշերն հանկարծ չսիրահետեր,
խոսում էի զուսպ,
որ ոչ-ոք հանկարծ սահման չհատեր…
Իսկ գլխումս միշտ`
ամեն ժամ, վայրկյան,
քնած, թե` արթուն,
հրադադար ու կրակահերթ էր…
***
…Մի օր էլ հանկարծ մի փոքրիկ աստղ լուռ, համեստորեն ուսիս բարձրացավ…
Անկեղծ` զարմացա…
Հետո սկսեց նա ինձ համոզել,
որ ես կարող եմ քայլել մի ճամփով,
որտեղով հերոս տղերքն են անցել,
որտեղ որ ամեն,
ամեն Աստծո օր
խենթ նվիրումը դառնում է պարգև ու ծնկում հողիղ`
իբրև սերմնացան…

***
…Այսպես ձգվեցի ու զգաստացա, ամեն օր` մի քիչ,
ամեն օր մի քիչ գարուն ծերացավ իմ բարձի վրա,
մի աշուն եկավ, գրկեց սերերս, թախիծներս ջինջ
ու ձեռքս բռնած լռին ուղեկցեց,
որ քայլեմ առաջ…
Ու ես քայլեցի` դժվար ու երկար,
իմ ժամանակի օրերով կեռ-կոր`
նոր պատմությունը ամուր սեղմելով իմ կրծքի վրա,
ու շտապեցի զարդել պատիվս
այն նվիրումով,
որ հազար ու մի երանգներ ուներ, բայց ինձ թվում էր, թե դարձյալ քիչ է` վրձնելու համար նոր դիմանկար…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *