2025-ի հունիսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հատուկ դասընթացների ու աշխատարանների ծրագրի շրջանակում Աշոտ Ստեփանյանը Կողբում վարեց «Կայծակնային արձակ» աշխատարանը։ Ուսանողները խորացան արագ, խտացված ստեղծագրության առանձնահատկությունների մեջ՝ սովորելով դրամատիկ ու կայծակնային ավարտել իրենց սկսած աշխատանքը։
Դասընթացի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարելի է մեկ շնչով կարդացվող պատմության մեջ ստեղծել ամբողջական աշխարհ, կերպար և տրամադրություն։
Ձեզ ենք ներկայացնում նրանց արդյունքները՝ անկեղծ, անմիջական և ստեղծագործական առաջին փորձերը, որոնք լավագույնս արտացոլում են երիտասարդ ուսանողների երևակայությունը։
Հեղինակի մասին
Ես Մերի Սահակյանն եմ, 14 տարեկան։ Ծնվել եմ 2011 թվականին Վանաձորում, սակայն բնակվում եմ Ալավերդի քաղաքում։ Սովորում եմ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։ Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը, հաճախում եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Սիրում եմ երգել, պարել և պատմություններ հորինել։ Ուսումնասիրում եմ օտար լեզուներ՝ անգլերեն, չինարեն, կորեերեն, ռուսերեն և գերմաներեն։ Իմ պատմությունն ընթերցողներին խորհուրդ եմ տալիս կարդալ մեծ սիրով, քանի որ այն ստեղծել եմ նույնքան մեծ նվիրվածությամբ և ոգևորությամբ։
Այսօր ամսի 11-ն է։ Մտա օրացույց և տեսա, որ երկու օրից ամսի 13-ն է։ Այդ օրվա մասին լսել եմ իմ ուսուցչից. այս տարի այդ օրը (ուրբաթ 13) երկու անգամ է եղել։ Առաջին անգամ, երբ այն լրացավ, շատ էի վախենում տնից դուրս գալ, բայց հիմա կարծում եմ՝ այլևս այդքան չեմ վախենա։
Արդեն ամսի 13-ն է։ Եղանակն ընտիր է, և հույս ունեմ՝ այդպես էլ կմնա։ Ես այսօր լավ եմ տրամադրված։ Արդեն ժամը 18:09 է, և ես կարծես սկսում եմ կասկածել, որ այդ օրվա հետ կապված լեգենդներն իրական են։ Այս երկու օրվա ընթացքում շատ միֆեր եմ կարդացել։ Չգիտեմ ինչու, բայց սիրտս զգում է, որ այսօր մի բան լինելու է։
Ընկերներով պայմանավորվել ենք երեկոյան տեսնվել և միմյանց պատմություններ պատմել։ Շատ եմ սպասում այդ հանդիպմանը, քանի որ կան մարդիկ, որոնց տարիներով չէի տեսել։
Հավաքվեցինք, լույսերն անջատեցինք, մոմերը վառեցինք ու սկսեցինք պատմություններ կարդալ։ Առաջին պատմությունն ինձ շատ դուր եկավ, քանի որ շատ վախենալու էր. հենց այդ պատճառով էլ ես այն կարդացի.
«Հին գրադարանում աշխատող Դավիթը գտավ մի մատյան՝ կնքված կարմիր մոմով։ Այդ օրն ուրբաթ 13-ն էր։ Մատյանի էջերի վրա տեքստ չկար, մինչև որ նա սեղմեց մի էջ։ Տեքստն սկսեց հայտնվել՝ նույն գիշերը կատարվելիք սպանության մանրամասներով։ Նա մտածեց, թե կատակ է, բայց լուսաբացին լուրերով հայտնեցին ոճրագործության մասին։ Հաջորդ էջին նոր դեպք էր… Մատյանը շարունակում էր գրել։ Եվ երբ հասավ վերջին էջին, Դավիթն ընթերցեց իր անունը։ Երբ նա շրջվեց, իր հետևում կանգնած էր մոմակալով մի կերպար, ում նկարագրությունը հենց նոր էր կարդացել…»։
Նկատեցի, որ ընկերուհիներս շատ էին վախեցել։ Նրանցից մեկը՝ Մանեն, գնաց ջուր խմելու և հետ չեկավ, բայց մինչ այդ մենք լսեցինք նրա գոռոցը։ Մտածեցինք, թե կատակում է։ Հետո երկու աղջկա էլ ուղարկեցինք նրա հետևից, նրանք նույնպես հետ չեկան։ Տարօրինակ էր, արդեն վախենում էինք մարդ ուղարկել։ Լույսը վառեցինք՝ տանը մարդ չկար։ Աղջիկներից մեկը մտավ սենյակ, բացեց հայելապատ պահարանը. այնտեղ ոչ ոք չկար։ Փակեց պահարանի դուռը, նայեց հայելուն և տեսավ մի արտացոլանք… Գոռաց։ Լսելով այդ գոռոցը՝ ես հասկացա, թե ինչ տեղի ունեցավ…
