Հուսիկ Արա | Երբ արև էին արքաները

Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

(հատված)

Սանասարը և Բաղդասարը
կառուցում են Սասունը

Երկար էին ճանապարհները,
կածանները` մոլոր,
շատ աշխարհներ ունեցող Հայաստան երկրում:

Երկու եղբայր՝ արքաները մեր,
ու ժողովուրդն իրենց հետ,
ոլորվեցին կածաններով` շավիղները դեպի վեր,
և հող ու ամպի բարակ արանքով,
որ այնքան մոտ էր երկիրը երկնքին,
հասան ակունքը բարակ առվի` գետը կտրող,
ուր տան հիմք էին դրել ու նշան,
որ կառուցեն մեծ քաղաք:

Տներ սարքեցին նախ նրանց համար,
որ մնացել էին արևի տակ ու քամու.
տասը տան հիմք էր փորում Սանասարը մեկ օրում,
պատերը շարում էր` ժայռը հենում ժայռին`
մի քարը մի պատ,
կտրում էր գերաններ Բաղդասարը մոտիկ անտառից,
ծածկ ու առաստաղ, կապում էր տանիք:
Չորս օրում քառասուն տուն սարքեցին,
տեղավորեցին մարդկանց և ունեցածը նրանց,
որ բաժանել էին արդեն հողը խոպան,
արտատեղ էին չափել ու ագարակ`
դեմ ու դիմաց, դրկից իրար:

Սանասարը գնաց Արևելքի կողմը,
Բաղդասարը Արևմուտքի կողմից,
մեծ-մեծ քարեր բերեցին,
ահեղ ժայռեր ու քարափներ ահավոր,
որ սարսափ էր ներշնչում
և տագնապ էր նայողին դրանց տեսքը հեռվից անգամ:
Բերում էին մեր լեռներից ու լանջերից սարերի,
թեթև վազքով` վարժ ու ճկուն,
դրած ուսին ու մեջքներին հազարմկան,
որ չէր կարող տեղից պոկել
ուրիշ մեկը` մարդուց ծնված, մահկանացու:

Գերաններ բերեցին, կավի հետ` կիր, խիճ ու ավազ,
թրծած աղյուս` կարծր ագուռ,
կղմինդրներ շերտ-շերտ,
այնքան շինանյութ,
որ մի ամբողջ քաղաքատեղ բռնեց`
քաղաքի համար կառուցվող.
խոյանք ու ճախրանք` լեռներից բարձր ու երկնաքեր:

Վարպետ ընտրեցին իրենց մարդկանցից,
բանվոր ու շինարար.
ձեռքերը քիչ էին, քարերը՝ շատ:
Ուրիշ քաղաքներ գնացին, շեներ ու ավան,
ընտիր դարբիններ ջոկեցին,
որմնադիր ու քարտաշ, հյուսն ու ատաղձագործ`
փայտը նուրբ հղկող,
արհեստավորներ` սվաղ քաշող ու ծեփագործ
և հանքերում քար կտրող,
վարպետ ու ճարտարապետ, խորհրդատու և ավագ
ու հսկիչներ.
ամբողջ բյուր էր` հոծ ու ստվար՝
հազար տեղից հավաքած,
հերթափոխ ու աջակից իրար։

Եկան-լցվեցին` մի ամբողջ քաղաք՝
քաղաքատեղում կառուցվող քաղաքի,
տեսան քարերն ու քարափները զարհուր,
մոլոր մնացին.
-Մենք վարպետ ենք, բանվոր ու շինարար,
սարքել ենք տներ մեզ նման մարդկանց համար,
ինչքա՞ն դնենք քարը քարին,
որ հասցնենք ձեր հասակին.
մեր ուժից վեր է քաղաք կառուցել հսկաներին:

-Ի՞նչ անենք, ասե՛ք.
մենք այսքան զորեղ ու մնանք անտո՞ւն,-
զարմացան եղբայրները երկու արքա:

Խորհրդատուներ կային նրաց մեջ ծեր ու իմաստուն,
ելք էին փնտրում ու խնդրին լուծում.
-Թող վարպետները կապեն լարեր,
գծեն տեղերը, շիտակ չափեն ու անշեղ,
որ ուղիղ կանգնեն և’ սյուն, և’ խոյակ,
շեղ չգնան պատ ու վեմ անգամ մազաչափ:
Դուք էլ, որ ազնանցորդի եք մեր մեջ,
ժայռ ու քարափ իրար վրա դրեք.
ձեր բերած քարերն են, դուք էլ շարեք:
Մենք՝ ձեզ միտք ու աջակից,
դուք եք ուժն ու իրացնողը,
մենք՝ ձեզ թիկունք ու ժողովուրդ,
դուք՝ կերտող անհատ և մեզ առաջնորդ:

Իրար բերեցին ժայռ ու քարափ
ու դրեցին քարը քարին
երկու արքա և ժողովուրդն իրենց,
և բարձրացան վեմը վեմին, սյունը սյան,
հենված մեկմեկու ու իրար դիմաց:
Քարը քարին դնում էին վերևից,
հազար ձեռքեր էլ պահում էին ներքևից,
որ անթեք ձգվեն պատ ու որմնաշար:
Գերանը գերանով հրում, պարաններով կապում իրար`
ճախարակով հանում վեր,
քարերը գլորում լինգ ու անիվով,
հողի շերտը լցնում շերտին, պատին հասցնում
և քար ու խոյակ վերելքում՝ տեղը դնում:

Բերում էին կիր ու շաղախ,
ձվի կպչուն սպիտակուց
և շարը շարին ագուցում` հարթ ու սրբատաշ:
Բաժանել էին աշխատանքը իրար մեջ
բանվոր ու շինարար
և աշխղեկներ` գործ ու ընթացք ուղղորդող:

Խոյանում էին վեր ու էլի վեր
հարթ ու ողորկ պատեր,
և’ կլոր, և’ տաշած սյուներ վեցանկյուն,
մույթեր, խոյակ ու կամար,
որմնախորշեր` թե’ պահարան, թե’ պատուհան,
ակնատ ու հրակնատ:
Քանդակները` ասեղնագործ, նուրբ ու խաղացկուն,
անմեկնելի` լույս ու ստվերում,
և’ հակընդեմ, և’ նույնական:
Նուռ ու ողկույզ, ծիրան կարմրաթուշ,
Կենաց ծառը` ոսկեձեռած,
ժանիքը բաց առյուծներ,
և արծիվներ սրաչ,
հովազ` վարգի մեջ ու որս անելիս,
որ տոտեմ էր, ուժ ու խորհրդանիշ:

Ե’վ անիվ, և’ մուրճ, և՛ բահ՝ աշխատանք,
գունդ ու եռանկյուն, խորանարդ.
միտք էր, գիտություն և արվեստ:
Նշաններ, թվեր և այբուբենը մեր աստվածաշունչ`
սայրով փորած խոյակներին, կարնեզներին,
և կամարներին սյունաշար:
Ու կին ու տղամարդ` մարդիկ սովորական՝
նրբանցքներում ու պատերին փորագրած,
որ գծել էին վարպետ ու ճարտարապետ`
ճարպիկ շարժով` ճկուն ու վարժ:

Վիշապաքաղ մեր ոգին էր դառնում քարաքանդակ,
նախնիների ուժը` հին դարերից եկող ու վաղնջական,
երբ իշխում էին երկրին աստվածները նախաստեղծ:
Ամեն մեկը՝ մի ազնվորդի, մի Տորք,
որ լեգենդ էին մեր լեռներում թափառող.
հսկաներ՝ մեր այս աժդահա եղբայրների պես,
որ փոխանցվելով որպես զրույց հասել են մեզ:

Նախ միջնաբերդը վեր խոյացավ,
բարձր աշտարակներ` պահնորդներին դիտակետ,
և գաղտնի մուտք` սանդուղքներով քարակերտ,
ու թունելներ` ծածուկ ելքեր տանող,
և՛ ախոռներ` պարիսպների մեջ, և՛ զինանոց`
ամուր պատվար թշնամու դեմ.
երկու արքա եղբայրների նստավայրն էր,
որ կառավարեն քաղաքն ու ժողովրդին մեր:

Ժողովարան սարքեցին,
որ խորհուրդ գումարեն ծեր ու իմաստուն այրեր
մեծ ու փոքր գործերի,
և ատյան` արդար դատ ու վճիռների:
Մեր Եկեղեցին կերտեցին`
Սուրբ ծննդի ու Հարության խոկումով,
բացօթյա թատրոն`
խաղերի համար նավասարդյան
ու տոնական շքերթների,
և հրապարակ` ճիշտ մեջտեղում քաղաքի:
Կամուրջներ՝ կորակամար, ու մայրուղի,
ճանապարհներ՝ սալահատակ ու լայներիզ.
ամեն կողմում՝ դպրոց ու դպրանոց
և գրադարան` մեր բազմադարյա գրերի:

Ջրանցքներ փորեցին,
դրեցին հողմաղացներ բարձր արտերին,
շտեմարաններ շարեցին`
հաց ու ցորենի քարամբար,
և’ հյուսիսում, և’ հարավում քաղաքի:

Դրամ հատեցին`
մի երեսը Սանասարի,
մյուս երեսը Բաղդասարի պատկերով:

Արևի ժամացույցն էր
ամենաբարձր աշտարակին քաղաքի,
վերևում` զինանշանը ոսկեգրած.
ավելի բարձր
ծածանվում էր դրոշը մարմարե սյունին,
և հնչում էր օրհներգը՝
բանվորի շուրթերից ու վարպետի,
դեռ կառուցվող քաղաքի:

Ու զինվոր էր ամեն արու,
զենքի գիտակ,
այր ու բանակ:

Կերտեցին մի ամբողջ տարի տքնաջան ու խոնջ`
լուսնի հաշվարկով ու արեգակի,
ամռան տապին ու ձմռանը,
գարնան լույսի մեջ և աշնան թավիշում,
արքաների ոստան և քաղաք ժողովրդի:
Թռիչք վեմ էր և քար խոյանք`
սեգ լեռներին հենված,
որ հոսում էր ձորեր ու մինչև լեռնանցք,
տունը տան հետ, շենքը` շինության,
վերևից ներքև` մեկմեկու հյուսված:
Դեռ չէին կերտել քաղաք այդպիսի ու նմանը նրա
մարդ ու հրեշտակ և աստվածներ ամենակալ
աշխարհի սկզբից մինչև հաշվարկը այդ ժամանակի:

Տոն եղավ քաղաքում ու քաղաքի օր,
որ նշեցին մեծ ու փոքր
երեք ցերեկ ու նայնքան էլ գիշեր.
մտածեցին և չգտան`
ի՞նչ անուն դնեն քաղաքին իրենց
արքայանիստ ու ժողովրդավար:

«Գնամ, մի ալևոր գտնեմ,
աշխարհ տեսած ծերունի,
թող գա` անուն դնի մեր տանը,
մեր բերդին ու ոստանին,
որ երկրում մեր ուժին հավասար
ու մեր երազի պես երկնային լինի».
խորհեց Սանասարը
ու թամբեց ձին.
շատ քշեց, թե քիչ` ինքը իմացավ և իր ձին:

Տեսավ ալեմորուս ու ճերմակահեր ծերունու
բաց դաշտի մեջ` կքած իր գործին.
-Հյուր եմ տանում քեզ, պապիկ,-
ասաց ու առավ թևերին,
ինքը նստած ձիուն, ծերունին` իր ուսերին`
ճերմակ ամպ կամ փափուկ ձյուն.
քշեց, հասավ իր քաղաքը նորակերտ, դեռ անանուն:

Սեղան բացեցին ճոխ ու նրբահամ՝
պալատին վայել և արքաներին.
գինին լցվեց գավաթները, ու հաց կիսեցին:
Հյուրասիրեց ու պատվեց առատ,
դրեց ուսերին Սանասարը փոքրամարմին ծերունուն,
որ լավ տեսներ բարձր քարերը ցածրից,
և հազիվ հասցրեց մի պտույտ անել քաղաքի շուրջը
առավոտից իրիկուն, որ մեծ էր այնքան:

Ծերունին` ալեմորուս ու ճերմակահեր հրեշտակ,
որ չէր գտնում` ինչ անուն տար քաղաքին,
բերդ ու ամրոցին և տանը այդքան մեծ,
խոսք ու զրույց բացեց Սանասարի հետ
և կողքից քայլող Բաղդասարի:

-Մեծ վեմերից եք կառուցել
ու որձաքարերից քաղաքը ձեր,
ամեն աշտարակ վերձիգ ժայռ է,
բլրաշարեր են պարիսպները սեպ-սեպ.
դժվար է կառուցել այսպիսի քաղաք,
և հեշտ չէ պահելը այս քաղաքի:

-Ասա, պապի՛կ, ինչպե՞ս պահպանենք մեր քաղաքը:

-Գտեք հնար,
որ պատերը ներծծվեն սիրով
և արձակեն խիղճ ու ջերմություն.
ատելությունը հաշիվ է քո և քո միջև`
հօգուտ քեզ ատողի:
Մարդ ու քաղաք նույնանան
և չբաժանվեն հիմա ու երբեք.
մարդը հոգի դնի քաղաքի մեջ,
քաղաքը դառնա ոգի մարդուն:

Բարձր պահեք ձեր դրոշը,
զինանշանը փայփայեք
ու միշտ երգեք ձեր հիմնը,
որ աղոթքի պես հնչի:
Դրսից միշտ կավերեն,
ամուր եղեք ներսում,
չի կործանի ոչ մի ուժ դրսից,
թե ներսից չխարխլեք ձեր քաղաքը.
դուք գիտեք օտարին հաղթել,
յուրայինից չպարտվել իմացեք:
Դուք մի ընտրեք կեցությունը մյուս քաղաքների,
մտածեք՝ ինչպես պահպանեք ձեր քաղաքը:

-Ասա, պապի՛կ, ինչպե՞ս կառավարենք մեր ժողովրդին:

Մարդը ծնում է առաջնորդ,
առաջնորդը մարդկանց դարձնում է ժողովուրդ,
որ պետությունը զգան բջիջներում,
և չլինեն թափառող ու հացկատակ.
նախ երկիրն է, հետո հացը:
Բայց ժողովուրդն է որոշողը` մեզնից ամեն մեկը,
մերն է կամքն ու խոսքը և վճիռը.
նախ հաց տուր ժողովրդին,
հետո պահանջիր ոգի.
իր մեջ կտեսնի և իրենից բարձր
պետականություն ու ոգի կերտողին:

Իմաստուն չէ և ոչ մի ժողովուրդ,
թե տաս ձեռքը` անղեկ ու առանց ուղերթի,
ամեն իմաստ կդարձնի անիմաստ,
կկորցնի` ինչը թանկ է ու հարազատ,
և կդառնա օտար ու խորթ ինքն իրեն:
Առաջնորդն է խորհում միտք ու ընթացք,
հզոր է ժողովուրդը, երբ ունի մեծ առաջնորդ.
Տիգրան Մեծն էր Հայաստանը,
և ժողովուրդը դարձավ պետություն:

Երբ գովերգում ես ժողովրդին,
բառեր՝ կեղծ ու շողոմ, անպատեհ,
քնեցնում ես թմբիրի մեջ քաղցր կորստյան՝
թույն է ու մահ ու ավեր.
սիրուն կեցվածք՝ փուչ ու անհոգի:

Մի’ փնտրեք փրկիչ,
տե’ր ընտրեք
և տե’ր եղեք ամեն մեկդ ձեր տեղում:
Ունեցիր հզոր դաշնակից,
մնա հավատարիմ, վստահելի.
բայց ձեր փոխարեն ուրիշ մեկը
ձեզ չի փրկի ու ձեր հայրենիքը:

-Ասա, պապի՛կ, ինչպե՞ս վարվենք թշնամու հետ:

-Սթափ եղեք ու զգոն և միշտ արթուն`
ինչպես Փրկիչն է պատվիրում,
երբեք չեք իմանա, թե թշնամին երբ է գալիս,
գիշե՞ր է արդյոք, թե՞ ցերեկվա ժամ:
Ձեր թշնամին ձեզ չի խնայելու երբեք,
բոլոր միջոցներով` գրված ու անգիր,
ձեր գոյի անգոյությանն է հասնելու.
ատելությամբ ու թույնով,
անգամ սեր ցույց տալով է սպանելու:

Սիրի’ր թշնամուդ,
եթե թշնամին գիտի’ սիրել,
թույլ մի’ տուր` ապտակի այտիդ
(այդ ասված է եղբոր համար, ո՛չ թշնամու),
թե այտդ զիջեցիր, ողջ մարմնիդ է տիրելու։
Երբ նայում ես աջ` թշնամի է,
նայում ես ձախ` թշնամի է,
երբ երդվում է, բաց խոսքով ասում, որ քո ոխերիմն է,
հիմար ես, թե ձեռք ես մեկնում` բարեկամ եմ:

Թշնամուն մի’ ատիր, վերցրո’ւ թշնամուց
միտքը, խոսքը ու քայլերը`
սովորելով մանրուքներ.
մի’ փնտրիր ուրիշ ուսուցիչ,
նրա վատ վարքն է քո լավ դասը,
թե ուզում ես` լռի, իր լեզվով իր հետ խոսիր:

Այնպե՛ս հաղթիր, որ թշնամին չանարգվի,
այնպե՛ս պարտվիր, որ թշնամին քեզ հարգի:
Մի՛ ունեցիր թշնամի:

-Ասա, պապի՛կ, ինչպե՞ս պահպանենք մեզ:

-Ճանապարհ գծիր՝
քո քաղաքից դուրս եկող
և քո քաղաքը քեզ բերող.
ուղենիշ ու նպատակ`
այս կյանքի համար և եկող կյանքերի:
Քո տեսլականը մարմնավորիր`
նշակետ հորիզոնում,
որ կորընթաց իջնում է հողին ու շոշափվում.
կգնաս ուղիղ իրեն,
և ինքը ուղիղ կգնա` իր հետևից տանելով քեզ,
որ քո էությունից է սկսվում
և քեզ բերում է քո ինքնությանը:

Ո՞վ ես, ինչպե՞ս ես գնում
և ինչի՞ն ես հասնելու:
Դու ես ճանապարհը և ճամփորդ:
Ելքդ մուտք լինի` քեզնից դեպի քեզ.
քեզնից սկսվես՝
քո միջով գնաս և հասնես քո մեջ քեզ.
այդ ավարտը միշտ կլինի ելման կետ:

Թե կտրվեցիք ձեր արմատից,
դառնալու եք օտար ծառի պատվաստ.
ծաղկելու եք, չեք տալու պտուղ:
Ձեր երկիրը հայրենիք դարձրեք,
Հայրենիքը՝ պետություն,
հայրենիք սիրելը ոգի է.
պետություն պահելը` ուժ:
Ձեր ուժը ձեր մտքի մեջ է,
թե գալիս է ոգուց.
հարգի’ր միտքը,
խոսք ու պատգամ բերողին,
և հողը չի փլվի ու չի փախչի ոտքերիդ տակ:

Այդպես ավարտեց ծերը`
չհասնելով վերջաբանին,
քանզի խոսքը, ինչպես ժամանակը, չունի վերջ:
Մեկ անգամ էլ հառեց սուր ու թափանց հայացքը
պարիսպներին վերձիգ, դուռ ու դարպասին,
աշտարակներին ամբարձ,
և ողջ քաղաքին երկնամերձ,
խոսեց ձայնով, որ մտքում էր մինչ այդ խորհել:

-Դուք էդ ի՞նչ ուժի տեր եք,
ո՞նց եք էս քարերը հանել քարին դրել․
ամեն պատը մի քարափ է,
բերդ ու ամրոց:
Դուք քաղաք չեք շինել,
դուք երկիր եք կառուցել.
սյուն առ սյուն շարել,
սյունը սյանը հենել՝ նեցուկ.
սյան սյուն է, սան սուն…

-Սասո’ւն,- թնդաց Սանասարը,
ձեռքը խփեց եղբոր ուսին,-
Սասուն կոչենք մեր քաղաքը
և մեր բերդը` Սասնատուն:
Այս պատերի մեջ է` խոյանք ու թռիչք,
ոգին մեր հայրերի և մեր հայրերի հայրերի,
այստեղ կապրեն մեր որդիները
և մեր որդիների որդիները.
Նաիրյան գեն և ոգի Հայկյան:

Պալատ տարավ Սանասարը ծերունուն,
որ թիկն տվեց բարձերին ոսկենկար ու սագափետուր,
ասաց` մնա’, պապիկ, իմ ապարանքում,
դատիր մեր մեջ արդարությամբ և իմաստուն.
քեզ կպատվեմ ինչպես արքայահայր,
և կընդունի իմ ժողովուրդը քեզ
քո ողջ փայլով ու վեհության մեջ:

-Չէ’, տղաս, ինձ տար այնտեղ՝ որտեղից բերել ես,
քո տունը շքեղ է, բայց իմ տունը, թեկուզ անփայլ,
փառահեղ է, քանզի իմն է.
ես տեր եմ այնտեղ, և’ արքա եմ, և’ արքայահայր:
Պիտո է` ամեն ոք իր տանն ապրի և հողի վրա իր,
աշխարհը տուն չի դառնա ոչ մեկին,
թե հեռու է իր պատերից:

Գնաց ծերը,
մնացին իմաստությունն ու պատգամները նրա.
և ամեն ոք այս քաղաքում
դատում էր խղճով ու արդարությամբ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *