Սմբատ Հովհաննիսյան | Երբ պատերազմում սկսում է գերակայել թատերականացված ռազմական ներկայացումը․

ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՍԿՍՈՒՄ Է ԳԵՐԱԿԱՅԵԼ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ․

ներքին և արտաքին թշնամու համագործակցության վտանգը

Վերջին երկու օրերին (հոկտեմբերի 1-2) ակնհայտորեն Ադրբեջանական ռազմական գործողությունների մեջ նկատվում է որոշակի փոփոխություն․ թշնամին պատերազմական ռազմավարությունը համեմել է թատերականացված ռազմական ներկայացմամբ։

  • Ի՞նչ է նշանակում սա, ինչպե՞ս բացատրել նման հիբրիդացումը․ ռազմագիտորեն նման գործելակերպը կարելի է բնորոշել իբրև «ահաբեկչական ոճի» լիակատար ակտիվացում։ Այսու՝ Ադրբեջանն ի վերջո հրաժարվում է ուղղակի պատերազմական մարտավարությունից ու ռազմավարությունից և անցնում է լիակատար ահաբեկչական գործողությունների (չմոռանանք, սակայն, որ ի սկզբանե նրա գործելակերպը հիմնված էր ահաբեկչականության վրա)։
  • Իսկ ե՞րբ են գնում նման գործողությունների․ միայն ու միայն և հատկապես երբ այլ միջոց չկա։ Այն է՝ թշնամին թատերականացված ռազմական ներկայացման գնում է այն դեպքում, երբ հուսահատված է, երբ լուրջ վնաս հասցնելու ձեռնարկումները ձախողված են, և եղած միջոցներն այլևս չեն արդարացնում։ Թշնամին դիմում է ահաբեկչական ներկայացման, քանի որ հույս ունի, թե այդպես կկարողանա ստեղծված իրավիճակն ապակայունացնել, հարաբերականացնել, կկարողանա բռնության ներկայացմամբ տիրանալ հակառակորդի երևակայությանը, զարկ տալ ներքին թշնամու ակտիվացմանը։

Հետևաբար թշնամու առաջնային նպատակն է ազդեցություն ունենալ հուզական և հետո միայն նյութական կողմի վրա։ Մարտավարական այս քայլով նրանք փորձում են ստեղծված իրավիճակը փոխել վախի մթնոլորտի, և վախի տարածմամբ ավելի, քան նյութական վնաս հասցնելու միջոցով հասնել հաջողության։

Հաշվարկը հետևյալն է․ հասնել չափազանց բուռն ու անհամաչափ արձագանքի։ Արդյունքում կկարողանան հակառակորդին ստիպել գնալ այնպիսի գործողությունների, որոնց միջոցով իրենք կկարողանան փոխել հանրային կարծիքն ու վերադիրքավորվել նոր պայմաններում։

Արդ ինչպե՞ս պետք է արձագանքենք։

  • Նախ՝ ձեռնամուխ լինենք հակագործողությունների, բայց միշտ հավասարակշիռ հակադարձմամբ՝ խուսափելով անիրագործելի կամ չափազանցված ոգևորությունից ու նպատակներից։
  • Ապա՝ աչալրջորեն հետամտել, որ զանգվածային լրատվամիջոցներն (ինչպես և անհատական-ինքնանպատակ ձեռնարկումներն) իրենց գործողություններով, տեղեկատվությամբ իրադարձությունները չուռճացնեն-չչափազանցեն (սկսած վերնագրերից) և, որ շատ կարևոր է, ձեռնպահ մնան ռազմական գործողությունների շահարկումից։
  • Ի վերջո՝ ողջամտորեն մոտենալ խնդրին և թույլ չտալ, որ հասարակության երևակայությունը կալանավորվի վախի ու սարսափի, անօգնականության ու անպետքության, խաբվածության ու թերարժեքության բարդույթնորով։

Շատ դեպքերում նման սադրանքի կամ սադրանքների թատերականացված ռազմական բեմականացմանը չափազանց լուրջ վերաբերվելն ավելի վտանգավոր է ու լուրջ սպառնալիք մեր անվտանգությանը, քան թե բուն ռազմական գործողությունները։

Մի խոսքով՝ լինենք ավելի ու ավելի աչալուրջ, ավելի ու ավելի ողջամիտ և չտրվենք ինչպես արտաքին, այդպես և ներքին թշնամու սադրանքներին բայց և չմոռանանք, որ  ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ վկայում է թշնամու անզորության մասին, նրա հուսահատ վիճակի ու ձախողման արդյունք է։

Արդ ոչ թե հաղթելու ենք, այլ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ։

Հետգրություն

Պատերազմն ապառոմանտիզացնելու կարիք չկա,

քանի որ մեր սպաներն ու զինվորականությունը սթափ են ավելի, քան երբևէ,

քանի որ մեր պայքարն ավելի ոգեկան է և վճռական,

քանի որ պատերազմն ապառոմանտիզացնելու կարիք ունի թշնամին։

Մեր պայքարն արդար է, և մեր հաղթանակը ռոմանտիզմի արդյունք չէ։

Ֆեյսբուքյան չափազանցված գրառումները չշփոթել առաջնագծում տիրող տրամադրության հետ։

Թիկունքն ապակայունացնող ցանկացած գործողություն հավասարազոր է ազգային դավաճանության․ Կարսի դեպքերը վկա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *