Երևան՝ քաղաք ինքնություն

Հուսիկ Արա

Սիրո խոսք քաղաքին

Տարածությունը ամփոփվում է մեր աչքերի մեջ,
և ժամանակը մեր կենսագրության չափով է դառնում.
մինչդեռ ծաղկատերև շղարշների տակ
փոթորկվում են մանրամասները անկորագիծ մարմնիդ`
որպես չգիտակցված գեղեցկությունը եկող ժամանակի,
վերադարձող քաղաք՝ արևավառ ու թխարյուն մուլատուհի,
և քեզ գիտենք մաս-մաս ու ամբողջական մերկություն:
Նախ մութուլույս մեր հիշողությունն է քո մեջ,
թափառական ու անտանիք գիշերները քնահարամ.
մենք երկար ենք փնտրել, մեր կորցրածի մեջ
քաղաքներ կան և շատ ժամանակ,
մինչև հասկացել ենք, որ գրկի մեջ արտասվելու աղջիկը դու ես,
զգացմունքների քաղաք՝ թխարյուն կրծքերով արևելուհի:
Մեր դիմանկարն ես խնամքով փայփայում`
չկորցնելով գիծն ու կորը, աղվամազն անգամ,
որոնց մոռացել ենք մենք վաղուց.
մեր միշտ երազն է քո մեջ`
որպես ապագայի հիշողություն,
որ ամեն անգամ ետ նայելիս գտնում ենք նորից:
Մենք քո պոետն ենք, դու՝ ներշնչանքը մեր,
և Բաբելոնի սիրահարված զինվորի նման`
ինչպես հազար ու էլի շատ տարի առաջ,
մեր խռովքն ենք բանաստեղծորեն գրում քո պատին,
որ ընթերցեն խոստովանությունն այդ
մյուս ու բոլոր հազար տարիներին.
«Երևանը մեծ քաղաք է, բայց մենակ եմ ես,
որովհետև դո՛ւ ինձ հետ չես»:

 

Քաղաք` 782 թվով գաղտնագրված

Օրենքների գրքի հին ու առաջին ձեռագրերում
տեսա քաղաք՝ 782 թվով գաղտնագրված:
Հսկաների ժամանակն էր երկրի վրա,
իսկ երկնքում իշխում էին բազմաթիվ աստվածներ.
նախաստեղծ էր տոմարը և օրացույցում հաշվարկն էր ուրիշ:
Ընթերցումների նորագույն մեկնությամբ կարդում եմ ահա.
«Այս քաղաքը հոյակապ կառուցեցի ես`
արքա աստվածային մեծության և նվաճված երկրների.
սիրո ու արբունքի աղյուսներով շարեցի պատերը
և շրջանաձև պատեցի խաղաղության պարիսպներով.
քեզ՝ ձեռակերտ բուրմունք, հարդարեցի այնքան,
որքան գեղեցկությանդ սահմանն էր թույլ տալիս:
Քո աշնան վերջին տերևը նկարեցի սիզամարգին ընկած
և սահող ամպիդ ընթացքը դաջեցի ժայռին`
հավաստելով, թե իմ քաղաքում ոչինչ չի կորչում.
քեզ այսպես հրաշալի իմ շուրջը կառուցեցի»:
Բայց մինչև իրականությունն այդ արքայաբար գրված,
քո ժամանակը առասպելից է գալիս, քաղա՛ք.
առեղծվածի ուրվապատկերով քո անվիճելի տեսքն է արտացոլվել
հին գրերում հիշատակված Մասիս կամ Արարատ լեռան հայելու մեջ:
Աշխարհը դեռ նոր էր սկսվում,
երբ ալեմորուս Նոյը առաջինը քե՛զ տեսավ երկրի վրա
ու տապանակիր լեռան թաց լանջից Աստծուն ավետեց.
«Երևա՜ց, հո՜ղը երևաց»:
Հենց այդ փրկության կանչն էլ դարձավ քո անունը:
Քաղաք, դեռ ջրհեղեղի ջրերով մաքրված,
որ պիտի շնկշնկայիր որպես նախաստեղծ առավոտ.
բայց տոմարն է հիմա ուրիշ և օրացույցում այլ հաշվարկ է:

 

Դորիան Գրեյի դիմանկարը

Դու իմ Դորիան Գրեյն ես,
ես` քո դիմանկարը, քաղա՛ք.
տարիները խորշեր են թողնում ու կնճիռներ դեմքիս,
իսկ դու մնում ես միշտ նույնը ու ջահել:
Մեր մանկության բարի կախարդով հեքիաթն էինք նկարում
նրբանցքներում ու այգու ճեմուղիներին՝ հենց մարդկանց ոտքերի տակ,
մինչև պատանության մեր երազի ժամանակը եկավ,
և սկսեցինք նկարել քո ձեռնահաս երկնքում:
Մի ոսկե քաղաք էր, մի բարակ աղջիկ,
և մեր սիրտը` լցված սիրով բերնեբերան.
ու մի գիշեր, հանկարծ, հեքիաթի չար դևը գողացավ աղջկան:
Հետո դափդատարկ իջանք փողոց ու իրականություն.
ի˜նչ հեշտ էր բռնվում պահը ու ամեն փախչող բան.
ամռան օրը երկար լուսաբաց ու մեր թևերի վրա էր.
գետն էինք նետում գարեջրի դատարկ շշերը
ու համբույրները մեր.
երիտասարդ, անհագ կյանքը շուրջօրյա էր ու անգիշեր:
Այդպես մեր սերերը փափուկ օրորում` սիզամարգին պառկած,
ու երբեմն էլ հիշում էինք անցյալի երազը, որ ամպերի մեջ էր քնել,
և աստղերի վրա ինքնագրեր թողնում
չար դևի գողացած աղջկա համար:
Քանի դեռ կա այս հեքիաթը` էլ ի՞նչ ցաﬖ է մեր,
երբ հին մարդիկ` ծեր ու հոգնած թնկթնկում են,
թե` սա մեր քաղաքը չէ,
երեսպատման սալիկների տակ մնաց մերը,
որ հիշողության սարդոստայնում է խճճվել:
Համոզված էինք, որ համաչափ հասակով ենք բարձրանում ես ու դու
և նույն կորագծով էլ իջնելու ենք ձեռք ձեռքի տված:
Հիմա, երբ ցնդել է տեսիլքը պոետական,
քո տեսքով ծերություն են գծում տարիները դեմքիս,
իսկ դու մնում ես միշտ ջահել՝ կրծքիդ տակ իմ ոգին.
ես քո դիմանկարն եմ,
դու իմ Դորիան Գրեյը, քաղաք:

 

Ղուկաս Սիրունյան

ԵՐԵՎԱ՜Ն

Երևանն ու ես՝ երկու մանչուկներ,
լողանում էինք Հրազդան գետում։
Նրա այտերը վարդագույն էին, մազերին՝ ռեհանի բույր էր,
իսկ սրտից լսվում էր հին բակերի զվարթությունը։

Մի շոգ կեսօրի նա սուզվեց ջրում ու մնաց երկար…
Ես շատ վախեցա՝չլինի՞ կորցրի ընկերոջս թանկ…
գոռացի սաստիկ, բայց Երևանը չէր երևում, չկար,
ի՞նչ էի ասելու ծեր ծնողներին ու լացեցի դառը՝
Երևա՜ն…

Հետո դուրս ոստնեց ջրից օտար մի կերպարանք
վրայից կախ երթևեկի բոլոր նշաններն արգելող,
նա չնայեց իմ կողմ, գնաց շերեփուկների մտքի
ցանցով խճճված, հետևից գորտերի երգչախումբը–
ծանր ռոք։

Գետափին մնացին նրա շորերը՝ սև թթի բծերը վրան
և հոտը ռեհանի և հոլի պտույտի պես պարզ օրեր
և ես՝ մոլորուն կանգնած և ծնողների կանչը ձորապռնկից՝
Երևան…

 

Վահե Արսեն

Քաղաքը երբեմն զարթնում է…
կամ Ժամանակի ժանգոտ քաղաքը

Քաղաքը երբեմն զարթնում է…
Զարթնում է առավոտվա արխիվում,
զարթնում է և երկաթյա մեղուներ ծնում:
Էքսպրես լուսանկարվում պատառոտված ֆոտոթղթի վրա:

Քաղաքը կանխորոշված է ափիս մեջ…

Մենք կանխորոշված ենք մեր Քաղաքում…

Եվ քաղաքն արդեն լրացնում է մեկ օրեկան փոշով ծածկված օրագիրը`
թաքուն պոկելով նախորդ օրվա էջը թափանցիկ-ընտրական
և դառնում է գրականություն
սեփական ցավը վավերագրողների համար:

Ճիչ ու ոռնոց,
հեգնանք ու լաց և
աղբաման բերանը բաց…

քաղաքի սիրտը, կարծես, մեռնում է ականջիս մեջ,
լսում եմ լռության մարող թշշոցը և սկսում փնտրել,
փնտրել Աստծուն,
փնտրել մանրադիտակով,
Յուպիտերից մարդկային մեկ կյանք դեպի Արև`
սև անցքով կեգել-բան խաղալիս,
կամ ժամանակի փամփշտաթմբուկը պտտելիս`
ռուսական ռուլետկայի ոճով,
որ երբեմն…
պատկերացրեք…
սպանում է…

Եվ ինչ-որ մի անկյուն-մոլորակում միշտ պատերազմ է և
թերթերում ֆոտոլուր դարձած մանկություն,
Իրականություն և ռումբի պայթյուն, պայթյուն, պայթյուն…
Անշեփոր պատերազմի դաշտով հիմա հարսնացուների շքերթն է անցնելու,
Իսկ ընթրիքից հետո մերժվածները կապստամբեն,
և մարդն ու ափը բռունցք կդառնան:

Ռազմի դաշտում միշտ գիշեր է…

Կարո՞ղ է գիշերը փոխել մեր մեջ ինչ-որ բան,
թեկուզ աննշան,
կարո՞ղ է ներշնչել բռնակ-հոգուս, որ արևը մեռել է
նախորդ օրը`
նախորդ օրվա հետ միասին,
և օրերը երազներ կդառնան,
տեղանքը`
փոշի և խուզարկու շուն:

Կա´նգ առ, ժամանակի մեքենա,
մերձավորի գազը թանկանում է,
թշնամու նավթը` նույնպես,
իսկ նավը Կիլիկիո նույն ռուսական «Ուրալն» է քարշ տալիս
լեռնանցքն ի վար
դեպի…
ծովից ծով Հայաստան:

Ժամանակի մեքենա, վերափոխվի´ր առանց կախարդական փայտիկի,
(մոռացել-թողել եմ այն գիտակցական-ենթագիտակցական կանգառում
կամ երբևէ չեմ էլ ունեցել…)

Վերափոխվիր և դարձիր ինձ համար
էժանագին-հնամաշ դեղին մի տաքսի,
և պտտիր ինձ իմ Երևանում,
այսօր,
առաց կյանք-հաշվիչի,
ինձ համար իրական կամ
թվացյալ իրական ժամանակներում:

զգուշացեք…
դռները փակվում են…
հաջորդ կանգառը` «Անհայտություն»…

Ես հրաժեշտ կտամ գրպանային-սեփական տիեզերքիս,
և խաղալիք-լուսնագնացս կդառնա անհրաժեշտ
պահեստամաս քեզ համար:

09.01.2006թ

 

SAMSUNG` ԹԱՔՆՎԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է
(Հանրաքվեից առաջ…)

Մաս 1-ին

Անցյալս Արև էր,
Ներկաս` լուսին և աստղեր,
ապագաս` second hand:

Թաքնվելն անհնար է
Samsung-ի հրավառ գովազդից,
հատկապես` երբ ձյունն է իջնում,
իսկ դու մենակ ես,
ներսում,
պատուհանին անգույն գոլորշի ես նկարում,
թաքնվելն անհնար է,
փաթիլը կգտնի քեզ
ամեն մարդ-վայրում:

Թաքնվելն անհնար է
քաղաքական տիղմ-քամիներից,
երգող, պարող այոյիկ-ոչիկներից,
և թե «ճիշտ» ընտրես,
ձմեռը անհապաղ թոշակի կանցնի,
իսկ դոլարը շպագատ կիջնի Չարենցի արձանի դեմ-դիմաց,
37 թվանշանից
թաքնվելն անհնար է
նաև դար 21-ում ,
ազատություն սիրողի համար`
ճաղարանքի 10 սանտիմետր,
խոնավ, մեզով ներծծված
տափակ մի պատ:

Թաքնվելն անհնար է Բուզանդի
համարակալված պատերի հետևում,
համարներ` գրված անգույն գրիչով`
մշուշ-ապագայում
մարդուն դեռ անհայտ
նյութերով վերծանելու համար:
Թաքնվելն անհնար է
նույնիսկ հետադեմ
Death Metall -ի վայրագ-ժամանակի աղմուկից,
այրիր էլեկտրակիթառդ,
սնիր հոգիս,
կրակը ուժ է կենարար
ռաբիս-այլընտրանքը մոխրացնելու համար:

Երկաթի,
երկաթյա,
երկաթակոփ օրեր,
թաքնվելն անհնար է երկաթյա մահակի
ուսադիր-հարվածից,
նախարարի որդու երկաթյա բամպերից,
ասեղի երկաթյա ծակոցից,
առաստաղից կախված ճոճանակ-հոսանքալարից,

թաքնվելն անհնար է:

Առանց հոսանքի կյանքն անհնար է…

Թաքնվելն անհնար է
լուսամփոփի պես աղջնակից,
մենք թեյում էինք հենց նրա` ընտրություններից կոփված
աշխատասենյակում,
թեյախմություն,
որ վերածվում էր ներկայիս հետ առերեսման,
կամ թե` ինչպիսին կլիներ ներկան,
թե գտնեի անցյալիս ոսկե բանալին
դռնակից այն կողմ,
կյանքդ վերածիր կոմպյուտերային
լաբիրինթոս-խաղի,
սկսիր նորից. թե տանուլ տաս,
տաքացրու երեկվա սառած սուրճդ,
կոտրված սիրտդ կարող ես սոսնձել
ժամանակի կպչուն ժելեով,
կարող ես հրաժեշտ տալ ուղեղիդ գերագույն հերոսին`
Թրիսթրամ Շենդիին,
կրկին փորձել զավակաշինությանդ գործն ազնիվ,
մինչև…
մինչև որ կծնվի թագաժառանգ
և թագ արարելու ժամանակը:

Իսկ վաղն առավոտից ես դիտորդ եմ
սահմանադրական բարեփոխված բարեփոխումների թափանցիկ կուսաթաղանթի
տեղամասում
(այս մասին, իհարկե, հաջորդ դասին),
ճանապարհին անցնելու եմ հենց Samsung-ի խանութի մոտով,
կարճ ասած`
Թաքնվելն անհնար է…

25.11.05թ. ժամը 00:33

 

ՄԵՌՆՈՂ ՔԱՂԱՔԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ…

Մեռնող քաղաքը անկիրք ու զգայազուրկ պոեզիայի է նման…

իսկ օդը մաքրվում է օրեցօր`
տիրազուրկ օթևաններ…
Երբ ծառերը սպառվում են,
մեր մաշկը զրկվում է իր բնական հոտից,
և չնայած ազատ ու ապահով`
մենք փակուղիներ ենք փնտրում պաշտպանվելու համար…

Ծավալեղ բնակարանում ոչնչի ժամանակ չի մնացել, բացի մենությունից…
հետաշխատանքային հոգնածություն…
Ննջարանում սերն է պակասում…

Իսկ անձնասենյակում սառն է,
օդորակիչի շնչի ներքո սեռավարակի վախն է բնավորվել…
հիգիենիկ ժամանակներ մաքուր բառերի համար ու
վախերի,
վախվորած պոետների կպչուն ալքիմիա…

Դահիճների շքերթին հետևում ենք վարագույրի գրգռաճեղքից և
ուրախանում…
փամփուշտը անցնում է մեր կողքով…
ու անանցել է այլոց մարմինը` մերը չէ…
երկնաքերի տակ կանգնել է նվաղ մեկն ու նայում է վեր` հիշելով գյուղական երկինքը…
երազ կամ հիշողություն`
անտեսանելին սպառվում է,
և մեր ավերակների միջից նոր քաղաքն է հառնում,
մոխրագույն լուծույթը սառչում է ու մեզ կանչում արձագանքվող ներսն իր…
պատկերի իրականության մեջ մարդն է կորսվում ու
որձկում է էությունն իր հանրային էջերի վրա…

կլինիկական լուրեր, որ ցայտում են անհասցե թանձրույթի պես և սառչում օդում…
կուսական գետնախորշեր
ու հուսահատների սպառվող երակներ…
ապրողներ, որ դինոզավրերի թանգարանում երազում են անմահության մասին և
լեռնային տեսարաններ մտահայում…
դաոսյան ներհայեցում…

ու էլի մեկը գտնում է ավերակներ,
սակայն հայացքն իջեցնելու տեղ չի գտնում…

22.01.2016

 

Կարեն Անատշյան

Տաք ու սև անձրև ճերմակ ձյունասառցին՝
Երևանը գնում է ոտքի տակ
ինչպես ֆրանսիական շոկոլադով բեզե –
հալվող, ժամկետանց ու գեշ –
գայթակղելու ոչ մի ջանք, ընթրիք չքավորի,
որ միշտ նման է ինչ-որ բանի, բայց այն չէ,
երբեք այն չէ:
Մենք ախր դարձել ենք այն ինչ կերել ենք՝
անշառ, հագեցնող, դարչնագույն անհամություն:
Դարձել ու դարձնում ենք:

 

Զարուհի Բաթոյան

Երևան,
ես քո նմանակն եմ.
մեզ հեռվից են սիրում:

***

Երևանը փոքր քաղաք է,
և եթե չես ուզում տեսնել նրան,
ում ուզում ես,
պիտի բանտարկվես քարերի ետևում,
փոշու արանքում,
որ քեզ չտեսնի
նա
ում ուզում ես։

***
Գրողը տանի, Քաղա՛ք,
մի հարմար տեղ տուր,
նրան համբուրեմ։

***
Ծանրացել ես․
մարդիկ իրենց հիշողությունն են թողել քեզ
Երազանքները վերցրել
մեկնել են ուրիշ քաղաքներ։

 

Ներսես Աթաբեկյան

ԱՆՀԱՍՑԵ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Սա այն տունն է, որ շինել է վարպետ Օհանը,
բայց դու չես ապրում այս տանը,
որ շինել է վարպետ Օհանը,
ու չես ապրում այնտեղ,
ուր ծփում է Սևանը,
ու չես ապրում այնտեղ,
ուր հայի-թուրքի սահմանը
գծել ու պահում է վարպետ Իվանը,
նույնիսկ այնտեղ,
ուր ծաղկում է յասամանը
ու իր հոտից էլ շուտ անհետանում,
ոչ էլ Էրեբունի դարձող Երևանում
կամ էլ Հոգևոր Հայաստանում,
ինչպես խոստացավ Տերյանը,-

դու չես ապրում այնտեղ,
որովհետև չես ապրում ընդհանրապես,
քեզ հորինել է մի առավոտ պատահական քամին,
մի պատահական ծիտ կտցել է զգույշ,
մի պատահական զատիկ
պատմել է՝ ինչպես է պատահում հարությունը,
ու միանգամից եղել է՝ ինչ պիտի լիներ,
ու չլինելին էլ եղել է միանգամից,-
անսկզբնական ու անվերջավոր,
չալֆա ու չօմեգա,
անաշակերտ ու անառաջնորդ,
ներսաբառից փքված շրթունքներով,
լեզվին առաջին կաթի ու վերջին նշխարի
չվիճակված համը,-

բայց մեկ-մեկ ո՜նց է ուզվում ապրել այն տանը,
որ շինել է վարպետ Օհանը…

 

***
Քաղաքը սիրելու բան չի
(չնեղանաս, քաղա՛ք),
ո՛չ երեխա է, ո՛չ աղջիկ՝
քո տասնութ տարեկան ժամանակ,
խռպոտ աղաղակի պես բան է՝
մարդաբնակ տեղանքի պատվին,
հետո՞ ինչ՝ թե վարդագույն,
թեկուզ՝ կանաչ,
կամ վատագույն դեպքում՝
երկնագունած, մե՛կ է,
քաղաքը սիրելու բան չի –
ո՛չ վարտիքով, ո՛չ անվարտիք,
նույնիսկ՝ Դավթի ձիու տեսանկյունից,
մանավանդ, որ մարդիկ
ապրում են առթիվ,
ոչ թե համար
կամ հանուն,
նույն կերպ էլ – մահանում,
մարդիկ մեռելների քաղաքներ են շինում,
մեռածները,- միանգամայն
անկեղծորեն,- շինել են
համառ ու սիրուն մի տիկին,
որ լկստվել է սիրում,
բայց չի թողնում կողքին գոնե պառկի
որձեղենի արուն
և քաղաքներ սույնով շարունակի,
ու հա՜ պտտվում է մենամոլիկ,-
ձեռին դեղին փունջը ճահճածաղկի,
գլխին՝ թասակ,
թոթոլ, թիկնեթեկին, թանկաքսակ,-
վարքը պառավացող համասեռամոլի…

 


Գևորգ Համբարձումյան

մեռնել՝ փոքր քաղաքում

ապրելուց քաղցր է
մեռնել քեզ համար
և նամանավանդ առավել դյուրին:

փոքր քաղաքի մարդիկ
հաճախ մտածում են մահվան մասին
սակայն անկարող են հավատալ
որ դա այնքան հեշտ է.
նրանք այնպես սովոր են դժվարություններին

փոքր քաղաքի մարդիկ վանում են
մահվան մասին մտքերն իբրև
անհնար մի բան
ինչպես ես վանում եմ մտքերս
քո մասին

ապրելուց հեշտ է մեռնել քեզ համար:
ես սուրճը դառն եմ խմում (վաղուց)
և քաղցրությունն ինձ համար միևնույն է

եթե միայն իմանայիր,
եթե միայն պատմեին քեզ
թե որքան հեշտ են ընկնում
մանկության հերոսները
թե որքան հեշտ եմ մեռնում ես
ամեն առավոտյան՝ առանց հերոսանալու
գուցե հասկանայիր
որ ապրել այսպես ես չեմ կարողանում
այլ միայն մեռնել քեզ համար
ու մեռնում եմ։

եթե միայն իմանայիր
եթե միայն պատմեին քեզ
գուցե գայիր մի օր առավոտյան
սուրճի բույրով
առաստաղից ձգված պարանը կտրելու

Անահիտ Հայրապետյան

Անահիտի մասին մաս կարծեմ յոթերորդ կամ տաղ անձնական

ես ներվային
ես մենակ
ես իմ մեջ գլխով ականջներով ոտնաթաթերով
փաթաթված
բաց կանաչ վերմակ ու բարձ
պատուհանի տակ քայլող զույգեր
տղաներ տղաներ տղաներ
քուրո անցիր տեղ մի տեղ սպասիր
գազելի վարորդին դիմելու պես
չգիտեմինչ ակնկալիքներով
սեւ անթրաշ
մամայի դեմքին թռնող հաստատ
երկու կոպեկ չաշխատող կամ չգիտեմ գուցե հարուստ էշի մեկը
քայլում եմ երեւանի փողոցներով
արդեն ուշ ա
էնքան ուշ
որ դեռ փողոցում լիքը անցուդարձ կա
գիշերային շներ
փողոցային ու անտեր
փսփսոցով անուշ են անում մեր կերակրի մնացորդները
քաղաքում միեւնույն է աղմուկ է
էնքան շատ
որ հազիվ լսելի է սրտիս բաբախյունը
հազիվ լսելի են հեռախոսիս զանգերը
իսկ քաղաքում արդեն մութ է
էնքան մութ
շատ մութ
դու մայթին
վաղուց արդեն
դեմքիդ մեղմ լույս է
վաղուց արդեն դու մենակ
դու ներվային
իմ մեջ գլխով ականջներով ոտնաթաթերով
փաթաթված
բաց կանաչ վերմակ ու բարձ
պատուահնի տակ քայլող զույգեր
տղաներ տղաներ տղաներ

քաղաք

քաղաք դու տրվում ես
դու տրվում ես
ու ես տխրում եմ
անչափ տխրում եմ
ես լաց լինելու աստիճան տխրում եմ
բերանս մինչև ականջներս բացում երջանիկ ժպտում եմ
երբեք էդքան երկար չեմ տխրել
երբեք էդքան լիքը չեմ տխրել
էդքան անմնացորդ չեմ տխրել

դու տրվում ես
դու տրվում ես քնքշորեն
դու տրվում ես հեշտորեն
քնքշանքս փեշերս լցրած
սերս բերանս առած
մատներս բամբակ դարձրած
ես եկել էի
ես եկել էի քո գիրկը
ես եկել էի քեզ սիրելու
ես եկել էի քեզ փրկելու
դու արդեն գնացել էիր
դու արդեն տրվել էիր

անհույս վերջին ճիգ եմ գործադրում
անանուն անազգանուն դիտորդը
թուղթը աչքս ա կոխում

քաղաք ես լաց լինելու չափ տխրում եմ
քեզնից նեղանում հեռանում եմ
քեզ նկարում եմ քաղաք քեզ նկարում եմ նկարում եմ նկարում եմ
բայց ոչ մի կադրում դու չկաս

քնքշանքս փեշերս լցրած
բերանս մինչև ականջներս բաց երջանիկ ժպտում եմ
դու դղրդյունով հեշտորեն տրվում ես
երկինքդ հրավառում…

երկինքդ գլխիդ շուռ գա քաղաք
դու ինձ ցավեցնում ես
դու ինձ հեռացնում ես
դու ինձ նեղացնում ես

քաղաք դու…
քաղաք ես…
մենք իրար չհասանք…
շուրթերս քսեցի քեզ համար
մազերս
մարմինս տաք…

արդեն գիշեր ա

Սլավի-Ավիկ Հարությունյան

ՀՐԱԺԵՇՏ ԵՐԵՎԱՆԻՆ
Մենք շնչեցինք – բնականաբար Միասին`
Քո արևը-աշունը-աշնանահոտ-
Մաշտոցի պողոտան դեղին-կարմիր-դեղին-դեղին
Քաղաք:

Պիտի կարողանայի հանկարծ զգալ
Այն` ինչ թվում էր – գիտեմ

Կենտրոնիդ թամանյանական
Կամարներին-գիշերով-դեղին-
Մոմեր-լապտերների
Լույսը:

Իմ քայլերի հատումը-
Քո ձայներին

Մենք միասին մի պահ ապրեցինք
Միայնակ մարդկանց
Լռությունը`
Ուշ – շատ ուշ – կես գիշերն անց` Լուսադեմին

Այդ օրերին-կային բոլորը
Բոլոր-բոլորը ինչպես միշտ`
Ցերեկը-գիշերը-լուսադեմին-
Արարատը`
Հեռու էր

Այստեղ դեղին գույնը սազում է-
Մանավանդ բանասեր Աղջիկներին-
Որոնք` չրթում են
Հայերեն-ռուսերեն-անգլերեն…
Շատ-ո՛վ գիտե ինչքան

Ափիդ մեջ` քանդում-ետ են բերում
Սելինջերի վիպակը
«Տարեկանի արտում – անդունդի եզրին»-
Լկտի` ծամելով ծամոն
Ու` անթարթ աչքերիդ են նայում
Իսկ դու անկապ հիշում ես
Մոսկվան` ձյան մեջ թավալվող
Բարսելոնան – խելահեղ մոտոներով
Փարիզը`
Լուսադեմին`
Շունչը` փչած

Խոսում են սիրուց – սիրում են
Բայց չգիտես` ինչու
Հանվելիս` իրենց զգում են
Ինչպես` ծախու ապրանք

Գիշերներին` համարյա ոչ մեկ չկա
Պատահական ուշացած անցորդ
Ժամերը խառնած` տուրիստ
Կամ` հարբած ֆուտբոլասեր ռուսներ

Այդպես` հատ ու կենտ ավտոներ
Լույսերը-թույլ-դեղին

Ես հեռանում եմ – կամարներիդ լույսերից-
Մանավանդ` թամանյանական
Որ ինձ` թվում են մոմեր

Ու չգիտեմ` աղոթո՞ւմ ինձ համար-
Թե՞ անիծում են դեռ – որպես հեռացածի:

Մարինե Պետրոսյան

ՍԻՐՏՍ ՆՄԱՆ Է ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԲԱԶՄԱՀԱՐԿԵՐԻՆ

Կեսօր է, արեւ,
Ձյունը հալվում է,
Կիսաթաց քարից գալիս է համը կանաչ ծիրանի
Ու ամայության:

Գարնանանման հունվարն ավարտվեց:

Սիրտս նման է դեռ կիսակառույց արվարձաններին,
Ուր փողոցները անուններ չունեն:

□□□

Հետո ձյուներ կգան
Տարուբեր մի թռչուն կմնա ձյուների տակ:

Ու սենյակը ներսիս
Կնմանվի կարմիր-կանաչ խորդանոցի,
Ուր թափված են ունայն ու սիրելի իրեր:

Հետո ձյուներ կգան,
Ավելի շատ ձյուներ:

□□□

Սառած քաղաքի փողոցներով երկար քայլում էի աննպատակ,
Ուզում էի հոգնել շատ ու մոռանալ եղածը, բայց չէի կարողանում,
Հետո ձյունն հանկարծ ուժեղացավ միանգամից ու այնպես հեշտ դարձավ ամեն ինչ,
Օղակաձեւ զբոսայգու ծառերի տակ կանգնած ծիծաղում էի երկար, շատ երկար ու ցածրաձայն,
Իսկ հեռվում, սենյակումս, հանգած էին լույսերը:

□□□

Արեւ եմ ուզում, Հնդկաստան, ծաղիկներ,
Անծանոթ դեմքերի բազմություն,
Օտար, անիմաստ քաղաքներ,
Ուզում եմ օրերը հոսեն իմ վրայով
Ինչպես ավազը չսառչող ծովերի,
Ուզում էի ծաղիկներ նվիրեիր ինձ,
Սպիտակ վարդեր:

□□□

Սիրտս նման է Դավիթաշենի բազմահարկերին:
Փետրվարն անցավ, գարուն չեմ ուզում,
Ուզում եմ ամռան կարմիրը ամռան կարմիրի վրա,
Որ մոխիր դառնա, ինչ որ կարող է փոխվել մոխիրի,
Ու քամին շարժել չկարողանա
Քարերը, որոնք կմնան տեղում:

□□□

Առավոտ իրիկուն արեւով ողողված մի փողոց էի ես,
Անանուն ու զվարթ,
Հիմա կամուրջ եմ սեւատաշ, հսկայական, սարսափելի,
Միայն սիրտս է առաջվա պես նման
Մայթին աճած կարճլիկ խնձորենու:

□□□

Տուն գնեցի օտար, մառախլապատ քաղաքում
Եւ ապրեցի տարիներ:
Սիրեցի երկիրը, որ իմ հայրենիքը չեր,
Սիրեցի նրա մարդկանց ցրտահարված ժպիտը,
Որ նույնն էր ուրախության ու տխրության պահերին,
Մոռացա լեզուն, որով խոսում էի, երբ երջանիկ էի,
Եւ մոռացա քեզ:

□□□

Արդեն սիրում եմ կիսաքաղցր մրգերի գեղեցկությունն անաղաղակ,
Ուզում եմ անձրեւը հանկարծ կտրվի, ու ես արթնանամ ,
Եւ միջօրեի խաղաղության մեջ, որ նման է մեղրի,
Ես կլվացվեմ, ու էլ չի ցավի մարմինս:

Արդեն ատում եմ առարկաները, որ սիրում էի անցյալում,
Մեծ ու կարմիր աղաղակները, որոնցից դառնանում է գինին,
Ջուր եմ ուզում ես, մի քիչ ջուր տուր ինձ,
Ուզում եմ անձրեւն այս կտրվի,
Եւ միջօրեի խաղաղության մեջ ուզում եմ չցավի մարմինս:

□□□

Թաց եմ, ուզում եմ քնել,
Երազումս հանդարտ անձրեւներ կգան,
Օգոստոսը կանցնի, ես կարթնանամ,
Քաղցած կլինեմ, քաղցած կժպտամ,
Դու կասես, որ պատերազմն ավարտվել է,
Միասին ցած կիջնենք, կքայլենք Երեւանի ցեխոտ փողոցներով:

□□□

Ինձ կերան ուրախության կապուտաչ գայլերը
Կիսատ լուսնի թանաքագույն լույսի տակ,
Ես հիմա լացել չգիտեմ:

Ես հիմա նման եմ այրված քաղաքի,
Ու միայն երբ հանկարծ արթնանում է քամին,
Ես կամաց ծիծաղում եմ:

□□□

Ինչպես որ նախ կայծակի փայլատակումն է հասնում մեր աչքերին,
Հետո միայն լսում ենք որոտը նրա,
Այդպես ալիքը վիթխարի խփեց ինձ քարերին,
Ու մինչ վրա էր հասնում երկրորդը, որ հզոր էր ավելի,
Հանկարծ հիշեցի փայլուն, սեւ մորթը մարմնեղ ձկնակերպի.
Պատառոտված էր մարմինս:

□□□

Առավոտյան ձյուն սկսվեց,
Կեսօրին արդեն ձմեռ էր,
Սառույցի փոխվեցին գետերն ամառային,
Որոնց ափերին ծիծաղում էր հոգիս,
Հետո հանկարծ տեսա,
Որ հեռացել ես դու,
Ամենավերջում
Սկսեց մահացու ցավել մարմինս:

□□□

Նվիրիր ինձ Իսպանիան,
Ամբողջը, ծովից ծով,
Թող իմը լինեն
Սարագոսայի հրապարակը մռայլ
Ու զվարթ տանիքներն անդալուզյան գյուղերի:
Իսկ թե չես կարող,
Նվիրիր ինձ գոնե շագանակենու մի անտառ
Կաստիլիայի անտառներից:
Որ գրեմ բանաստեղծությունն այս:

□□□

Դու հիշո՞ւմ ես տարին այն, երբ ծառերը բոլոր կտրեցին,
Հետո անձրեւները` ամիսներ, ամիսներ շարունակ,
Մեր զորքերն արդեն գրավել էին Քելբաջարը,
Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչով կավարտվի պատերազմը:

Ես հիշում եմ տարին այդ` հստակ, ինչպես իմ անունը,
Մայիսյան առավոտն այն, երբ դժվար գրվեցին այս տողերը,
Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչով կավարտվի պատերազմը,
Հայաստանը մեկ տարեկան էր:

 

ԵՐԵՎԱՆԸ ՄԵԾ ՔԱՂԱՔ Է

Բաղրամյանը սառած է,
մութի մեջ դժվար է ժպտալը, երբ քեզ ոչ ոք չի նայում,
այսօր դեկտեմբերի քսանմեկն է, ամենաերկար գիշերը,
չեմ ուզում տուն գնալ։

Գիտես՝ ես տեսնում ու չէի տեսնում քո լարված հայացքը,
որովհետեւ ուրախությունն այնքան շատ էր՝ բաժակը շրջում էի գլխիվայր, բաժակը մնում էր լիքը,
հետո դարպասներն սկսեցին փակվել, բայց ես չէի հասկանում, որ դրանք փակվում են անվերադարձ,
ես նույնիսկ հիմա ցավ չեմ զգում, որովհետեւ այն, ինչ զգում եմ, բոլորովին նման չի ցավի։

Ինձ թվում է՝ ես իմ անցյալը տեսել եմ երազում՝
շոգը, խաղաղությունը, գիտական կոմունիզմը, գրական երեկոները Գրողների տանը,
իսկ իրականում Երեւանը ձմեռային քաղաք է
Հայաստան ձյունոտ երկրում

Ուշ է, այնքան ուշ է, որ նույնիսկ մոմերը չեն վառվում,
բայց ես գիտեմ՝ այնտեղ, քարերի հետեւում, մարդիկ կան,
նրանք չեն քնել, բոլորն արթուն են,
եւ նրանց բոլորի ներսում հույսն է սեւանում արեւածաղկի նման։

Այսօր դեկտեմբերի քսանմեկն է՝ ձմեռային արեւադարձ,
ինձ թվում է ես իմ անցյալը տեսել եմ երազում՝
շոգը, խաղաղությունը, զգացողությունը, որ աշխարհը մեծ է, որ ժամանակի գետը հոսում է ինչ□որ տեղ հեռվում,
այսօր այն հոսում է իմ պատուհանի տակով,
եւ նրա շիթերից պատուհանիս ապակիները փշրված են։

Ես չեմ ների, որ դու այդքան վախենում ես ցավից,
որ դու նահանջը նախընտրեցիր պարտությանը,
բայց ես ցավ չեմ զգում, որովհետեւ այն, ինչ զգում եմ, բոլորովին նման չի ցավի,
եւ որովհետեւ իմ ներսում հույսն է սեւանում արեւածաղկի նման։

Երեւանը ձմեռային քաղաք է, աշխարհի ամենալուռ քաղաքը,
երբ խավարը թաց շերտով քսվում է հոգուդ,
ավելորդ են դառնում բառերը, ճիչերը, աղմուկը, թերթերը,
մնում են Բաղրամյան սառած պողոտան ու գիշերը։

Լուսինը լրիվ է, ինչպես ուրախությունը, որ ապրում էր սրտիս մեջ,
բաժակը խփում էի քարերին, բայց բաժակը միշտ լիքն էր, միշտ ավելի ու ավելի լիքը,
մեր հայրենիքն ուրախության օրորուն դաշտերն են,
բայց մենք չենք ապրում մեր հայրենիքում։

Վաղը նոր տարի է, հինն ավարտվեց երկաթե դռան շրխկոցով,
մենք գուցե այլեւս չհանդիպենք,
Երեւանը մեծ քաղաք է, նրանում տեղ կա եւ հանդիպման համար, եւ բաժանումի։

Ուրախությունն ապրում է քարերի մեջ, մարմնի մեջ ու բառերի,
բայց սիրտ կա, որ ուրախություն չի պահում, եւ բառեր կան, որոնցից փչում է ցուրտը մահվան,
ես ուրիշ տեղ չունեմ գնալու, ինձ մնացել է այս լռակյաց քաղաքը,
որ դատարկ չի, բայց նման է դատարկ հրապարակի։

Տարին ավարտվեց, ձմեռը շարունակվում է,
բայց ձմեռը կավարտվի, գարուն կգա, գարունը հետ կգա, ես ուզում եմ ապրել մինչեւ գարուն,
ուզում եմ ջրերը բարձրանան, թրջեն փեղկերն ու փշրեն ապակիները պատուհանիս,
վաղը նոր, բոլորովին նոր տարի է, ես վաղն ուրախ եմ լինելու՝ առավոտյան, կեսօրին եւ միշտ։

Երեւանը մեծ քաղաք է, նրանում տեղ կա քեզ համար, անգամ եթե դու քայլում ես սառած փողոցով եւ չգիտես ուր գնալ,
ճանապարհները բաց են՝ դեպի հարավ, հյուսիս, արեւմուտք եւ արեւելք,
բոլոր ճանապարհները բաց են, բայց չկա ծանոթ ոչ մի փակուղի,
թեեւ սա քաղաքն է, ուր ես ծնվել եմ։

Սա քաղաքն է, ուր ես ծնվել եմ, բայց սա ուրիշ քաղաք է,
առավոտները սառն են մետաղի պես, քարերն անանուն են ու անգիր,
ժամանակի գետը հոսում է այնտեղով, ուր առաջ Գետառն էր հոսում,
եւ նրա սառցե շիթերից պատուհանիս ապակիները փշրված են։

Հունվարն է, բայց ոնց որ գարուն լինի,
մետրոյի Երիտասարդական կայարանում փոքրիկ մուրացիկը կանգնել ու համառ նայում էր դեմքիս,
բայց ես նրան ոչինչ չտվեցի։

Մուրացիկները կյանքի նշան են,
կյանքի, որ հոսում է պղտոր առվի նման,
գարնան պղտոր առվի նման՝ մութ գիշերի միջով։

Արեւը մայր է մտնում, հետո նորից բարձրանում է արեւը,
բայց մետրոյի Երիտասարդական կայարանում նույն գոլ կիսախավարն է։

Կիսախավարն այլեւս զգացողություն է,
Ինչպես զգացողություն է արդեն Երեւանի ձմեռը։
Երբ առարկաները չունեն հստակ սահման,
եւ տագնապը լուծված է օդի մեջ, ինչպես աղն է լուծվում գոլ ջրում։

Ո՞վ կվերադարձնի ինձ իրերի ամառային մերկությունը
եւ կարմիր ծուխը, որ Բաղրամյանի մայթերն էին արձակում օգոստոսյան արեւի տակ։

Մուրացիկները նոր Երեւանի զավակներն են,
գուցե նրա՛նք պատմեին ինձ այն, ինչ փնտրում եմ,
բայց ես նրանց վախենում եմ հարցնել։

Ես ամռանն եմ ծնվել, օգոստոսին,
շոգը Բաղրամյանի շիկացած մայթերից բարձրանում՝
կեսօրին Արաբկիրի 8 փողոցում անհնար էր դառնում շնչելը։

Բայց Հայաստանի մայրաքաղաքում այլեւս ամառ չի անում,
առարկաները մառախուղի մեջ են, եւ մարդիկ նման են ձկների։

Ես դրսից, բոլորի պես, նման եմ ձկան,
բայց ներսից արեւածաղկի սեւացած դաշտ եմ,
հունվարի 7-ն է, տասնյոթ օր է՝ խոսում եմ, բայց նոր միայն հոգնեցի։

Քեզ արդեն մոռանում եմ, վաղը լրիվ կմոռանամ,
Ֆրանսիայի նախագահը հեռվում մահանում է,
բայց ես Ֆրանսիայի նախագահը չեմ,
ես չեմ մահանա։

ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ՈՒՐԻՇ ՔԱՂԱՔ ԷՐ ԵՐԵՎՈՒՄ

գետ էր
տուն էր գետի ափին
իմ տունն էր
պատուհանից ուրիշ քաղաք էր երևում
ուրիշ Երևան էր
շենքերն էին ուրիշ
խտությունն էր ուրիշ
մենակ Արարատից էր հասկացվում որ Երևանն ա
Արարատը նույնն էր
ճիշտ նույնը
չնայած մի քանի դար էր անցել ոնց որ

 

Մարիամ Հարությունյան

Քաղաքի երեկոն

Բոլորից մաքուր անծանոթների ժպիտն է լինում
Ավտոբուսների գոլորշիապատ պատուհաններին.
Մենք բոլորս էլ մեր աննպատակ գործին ենք գնում՝
Կապան-Երեւան, Երեւան-Թալին:

Պաղ երեկոյան ամբողջ քաղաքին գրկախառնված
Մեր մաշկի տակով ինֆորմացիոն արյունն է հոսում,
Ակնագնդերի մեր էկրաններին գրվում է սառած՝
«Ձեզ հետ Երեւան-FM-ն է խոսում»:

Խոսեցեք ինձ հետ, եթե կուզենաք՝ երգենք միասին.
Ես խառնամբոխում կորցրի մի օր ժպիտը նրա,
Նրա, ով հաճախ աչք էր կպցնում իմ հոգնած ուսին՝
Ձեռքերը խաչած ձեռքերիս վրա:

«Կանգառում պահե՛ք»՝ լավ է՝ շուտ ասաց, չբղավեցի.
Իմ լեզուն անգամ միաձուլվել է հոսանքին խռով:
Տեսնես ես նրան ո՞ր մի կանգառում ձեռքից թողեցի:
Ստացել էին, մնացեք բարով:

 

 

Աշոտ Խաչատրյան

Ինչ դանդաղ ես մեռնում ու տգեղ, աղջիկս, Երեւան

Երեւան, աղջիկս, եթե ուզում ես խաղալ՝
բթամատդ մի դիր շնչափողիս,
միթե անհնար է իրոք մեռնել խաղաղ,
կամ գոնե մեռնելիս չխոսել փողից,

կամ պարզապես ապրել, որն ավելի լավ է,
իմ պես դնել ամեն տգեղ բանի վրա,
թե չէ ինչ կարիք կա սարքել ցամաքային նավեր
եւ լվացվելու փոխարեն՝ հա՛ նվնվալ:

Եւ ավելորդ է, աղջիկս, գրպաններս մտնել,
ես իմ ողջ գումարը, ողջը՝ ինչ ունեի,
պարտք եմ տվել աստծուն ու չեմ մթնել,
թեեւ մի փոքր նախանձում եմ չվող թռչուններին,

եւ իհարկե՝ մթնում, որ չկարողացա գտնել ողջ ապրելու մի ձեւ,
որ փողոցներդ կեղտոտ են, որ եթե գնամ՝ ինձ ոչ ոք չի կանչի.
ես ամեն ինչ կանեմ, աղջիկս, որ կարողանաս ինքնուրյուն միզել,
որ իմ վառած լույսը ինքս մարեմ, կամ՝ ինքնիրեն հանգչի:

Ինչ դանդաղ ես մեռնում ու տգեղ, եւ՝ աստված իմ, դեռ որքան տհաճ են
լուսաբացներդ՝ բացվող, ինչպես որ վերքն առնանդամին.
Ուզում էի թեկուզ իբրեւ անասնակեր՝ բայց քո հողում աճել…
ափսոս, որ չեմ ուզում նույնիսկ քեզ ունենալ: Վերջացավ, աղջիկս, ձեռդ հանի,

հանիր ձեռքդ գրպանիցս եւ լկտի մի եղիր,
ձվերս թող, թող գոնե մեկը քեզնից հետու փախչի,
եւ շարունակիր համբուրել ինքդ քեզ, քո կարմիր, կապույտ ու դեղին…
ցավում է, Երեւան, բոզի աղջիկ:

 

Նորայր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Այսքանն է՝ ծիծեռնակը վերադարձավ,
ծիծեռնակը չվեց:
Երկինքը, ուր բացի թռչուններից
անձրև ու ձյուն է թափառում,
մեկ էլ՝ տեսանելի կարոտները
հին, շատ հին ժամանակներից
անձրևի և ձյան մեջ թափառող:
Տոն օրերին երկնափեշերով իջնում են տանիքներին,
որոնց երևակայական գերաններին
ծիծեռնակների բներն են,
իսկ մահճակալներին,սեղան-աթոռներին
դարսված հին ու նոր ծերտը:
Ծղրտոցը լցնում է փողոցի դատարկ ժամանակը.
ի՜նչ զարդարուն գարուններ են այստեղ,
շողշողուն ամառներ,թավշե աշուն,
ի՜նչ զրնգուն են ծղրտում
սև ու սպիտակ ձագերը` առաջին անգամ
անհոսանք լարերին թառած:
Քաղա՜ք,դու կարոտում ես ինքդ քեզ,
քո անունը,քո հասցեն,քո ժամանակը:
Երբ էր, խառնված էին թռչուն ու մարդ,
ու միայն այդ ժամանակն էր գերիշխողը,
իսկ արևը հոսում էր քո ձեռքից բռնած:
Խեղճ ծիծեռնակ.երկու բների արանքում,
ո՞րը լքի, ո՞րը կարոտի:
Խեղճ քաղաք, բացված, լայն բացված դարպասներով,
ոտնաձայների կարոտի մեջ մորմոքող,
առանց ժամանակի կամ՝ Երևանի ժամանակով:

 

Ռազմիկ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ

Բեմից երգում էին քո մասին
փողոցներդ ծուխ էին շնչում,
չգիտեմ քեզ համար
թե քո մասին էին
ծխուկը մայթին նետում
քեզ սիրողները։

Սվետլանա Բարսենց

Երևանը կին է հաստատ.
այն կանանցից,
ում գիշերներն ավելի
շատ է երգվել,
քան՝ ցերեկները,
և նրանցից,
ովքեր հավասարը չունեն։
Ում սրտին հասնելն անհնար է
հեռուներից եկողներին…
հազար տեսակ արվարձանատեսների
ձեռքերը երկարելուց
Դառնում են մի հերթական արձան…
Երևանը կին է ու սեր
միակ արդարացումն
այսքան գեղեցկության…

Նոնա Պողոսյան

Այս քաղաքի ճակատագրում
կանգնելու տեղ չկա..
Բոլորը վաղուց
խզբզել են իրենց
հսկա ոտնաչափը
նրա դեմքի վրա…
Ինձ չի փրկելու ոչ մի սիրախաղ …
Գովազդանախշ մաշկին նրա,
զարդակարերում առավոտների
իմ թելերը չկան
մաշվել, գնացել են…
Ես ընդամենը…
Բարև եմ
Ու …մնաս բարով…
Այս քաղաքի ճակատագրում
տեղ չկա կանգնելու …
Ու ոչ մի վերադարձ ինձ չի փրկելու…

***
Հինավուրց քաղաքի բացված գրքից
Առավոտների թերթիկներ են թափվում`
Մաշված, խունացած…
Ոչ ոք չի կարդում,
գիտուն են բոլորը.
Գիշերներ են սերտել,
օրեր անգիր արել,
Տվել ու առել`
Առանց կարդալու լույսը…
Հույսն առանց ծամելու…
…Քաղաքի խունացած գրքից
մի օր կընկնի վերջաբանը՝
Պոկված առավոտների


Աստղիկ Սարգսյան


ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՀՈՒՇԵՐԻ ՔԱՂԱՔ

Սա իմ քաղաքն է.
այստեղ ամեն քայլափոխի
սրճարաններ են,
փաբեր ու
խանութներ.
այստեղ շաբաթ առ շաբաթ
փակվում են սրճարաները,
փաբերն ու
խանութները և նորերն են բացվում.
և հենց այստեղ՝
այս բացուխուփ արված
ժամանակի մեջ,
մեռնում են հիշողությունները, ու
քամին շշնջում է՝
հեշտ չէ,
հեշտ չէ,
հեշտ չէ։

Փնտրաբառ՝ hayrenik barov naxadasutyun

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *