Ջալալ Ալ Ահմադ | Երկու մեռել

Դուք էլ եթե այդ օրն անցնեիք Հոմայունի փողոցը Նասեր Խոսրով պողոտային կապող նեղ ճանապարհով, հաստատ կտեսնեիք նրա դին: Ընկած էր առվի եզրին` երեք տան ընդհանուր բակում: Մի ձեռքն ու ոտքը դեռ ջրի մեջ էին: Մարդիկ էին հավաքվել շուրջը, բուռն քննարկումներ էին սկսել:
Մի զույգ սպիտակ թուղթ ձեռքներին` երկու ոստիկան մոտեցան և մարդկանց հեռացրին դիակի մոտից: Նախ մի կողմ նետեցին ուսը ծածկող կտորի պատառը, որ բացի շալվարից, նրա միակ հագուստն էր, հետո ցնցեցին մահացածի մարմինն ու, քանի որ բան դուրս չեկավ, նորից պառկեցրին գետնին: Թուղթ ու գրչով ոստիկանը զեկույցի նման մի քանի նախադասություն գրեց, հետո ավելացրեց. «Կտորի մի պատառ»: Երկրորդ ոստիկանը զննությամբ էր զբաղված: Առաջինը շարունակեց գրելը. «Ամերիկական լուցկի՝ շարքից գրեթե դուրս եկած… Թերթի մեջ փաթաթված ծխախոտի հինգ ճզմված գլանակ… Երկուս ու կես ռիալ…Առանց նկարի անձնագիր…Ժանգոտ սայրով գրչահատ»: «Այսքա՞նը»: Պատրաստվում էր ստորագրել, երբ մահացածի տաբատի գրպանները տնտղող ոստիկանն ասաց. «Եվ մի շալվար»: Շալվարն էլ ավելացրեց, հետո յուրաքանչյուրն իր ստորագրությունը դրեց զեկույցի տակ…և այդկերպ փակվեց մի մարդու կյանքի գիրքը:
Ոչ սևացել էր, ոչ էլ աչքերն էին բաց: Մեղմ դիմագծեր, խաղաղ դեմք ուներ: Դեռ ընկած էր առվեզրին: Քնած մարդու էր նման:
Բակում հավաքված մարդիկ տներից մեկի բաց դարպասի մոտ կանգնած կնոջ հետ էին զրուցում: Կինն ասում էր` երեկ, երբ առվից ջուր է կապել բոստանը ջրելու, տեսել է` այդ մարդը հետ ու առաջ է անում բակում, ինչքան հարցրել է` հորեղբայր ի՞նչ է պատահել, ձայն չի հանել: Երբ եկել է ջուրը կտրելու, տղամարդը առվի մոտ նստած` ոտքն ու ձեռքը լվանալիս է եղել: Հետո էլ, երբ դուրս է եկել սափորով ջուր տանելու, տեսել է նրան նույն տեղում: Կարծել է քունը տարել է … Այդքանը:
Նեղ փողոցով անցնող ավտոբուսի ազդանշանները ստիպեցին մարդկանց ազատել ճանապարհը: Ոմանք հավաքվեցին մահացածի շուրջը: Նրանք, ովքեր գործ ունեին, մի ակնթարթ մոտեցան ու հեռացան: Ոմանք փակեցին աչքերը ու քթի տակ ինչ-որ բան մրմջացին, որոշներն ավելի արագացրին քայլերը, ասես փախչում էին մահից: Կային մարդիկ, որոնք անցան սառնասրտորեն, անտարբեր` առանց փոխելու իրենց դեմքի արտահայտությունը:
Նույն օրը միջօրեին, մի երկու փողոց այն կողմ, մի ուրիշ մեռել էին տանում` ուսերին դրած: Թափորն այնքան ծանր էր քայլում, ասես սար էր տեղափոխում: Մահացածի բարի համբավն էր գուցե պատճառը, կամ նրա փողերը, որ մարդկանց իրենց տներից դուրս էր բերել: Վխտում էր ուս ուսի, իրար կիպ կպած ամբոխը: Անկասկած բարեգործ էր, և եթե նույնիսկ մի քանի հրեշտակ բարձրյալի հորդորով փորձեին կարգավորել թափորի շարժը, միևնույն է` ասեղ գցելու տեղ չէր լինելու: Փողոցի անցուդարձը կանգ էր առել:
Գունավոր գլխաշորերով երկու-երեք կին պատին հենված զրուցում էին: Նրանցից մեկն ասաց.
-Քանի՞ երեխա ուներ:
Մյուսը պատասխանեց.
-Տասը տղա, մի ամուսնացած աղջիկ: Երկու անգամ էր ամուսնացել:
-Կտակ թողե՞լ է:
-Չէ հա՜, գոռբագոռը հանկարծամահ է եղել:
Խոսակցությունն սկսած կինը տրտմագին ավելացրեց.
-Խեղճե՜ր, երեխեքի համար սիրտս ցավում է:
-Էլ ինչի՞: Սիրտդ թող քո պապերի ու ապուպապերի համար ցավի: Ա՜յ քեզ հրեշտակ:
-Խե՜ղճ որբեր: Մինչև էսօր հանգիստ ուտում-խմում էին: Հիմա էդ ունեցվածքին ո՞վ է տիրություն անելու:
Բազմությունը խանութների դռներից, տների շեմերից ճանապարհում էր մահացածին: Թափորը հեռանում էր, իսկ նրանք շարունակում էին կանգնած մնալ: Թաղման մասնակիցներից ոմանք մոտեցել էին խանութներին և մահացածի թողած ժառանգության համար ծրագրեր էին կազմում: Ոմանք էլ, որ այլ մտքեր ունեին, ուսերի վրա համառորեն տանում էին դագաղը և չէին էլ պատրաստվում մահացածի մարմինը դիակառքին հանձնել: Կարգ ու կանոնը վերահսկող ոստիկաններ էլ կային:
Խեղճ ոստիկաններ: Աստված գիտի` առվեզրին ընկած մարդու մահացած լինելու փաստը թղթին հանձնելու համար ինչքան գումար են ձեռքներից բաց թողել: Մի՞թե երկուս ու կես ռիալից շատ: Հնարավոր է: Հնարավոր է նաև թղթերն էլ չկան…
Ամեն դեպքում, եթե ոստիկանապետը չհարցաքննի, յուրաքանչյուրին մի թեյավճարի չափ փող կմնա:

Թարգմանությունը պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *