2025-ի հունիսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հատուկ դասընթացների ու աշխատարանների ծրագրի շրջանակում Աշոտ Ստեփանյանը Կողբում վարեց «Կայծակնային արձակ» աշխատարանը։ Ուսանողները խորացան արագ, խտացված ստեղծագրության առանձնահատկությունների մեջ՝ սովորելով դրամատիկ ու կայծակնային ավարտել իրենց սկսած աշխատանքը։
Դասընթացի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարելի է մեկ շնչով կարդացվող պատմության մեջ ստեղծել ամբողջական աշխարհ, կերպար և տրամադրություն։
Ձեզ ենք ներկայացնում նրանց արդյունքները՝ անկեղծ, անմիջական և ստեղծագործական առաջին փորձերը, որոնք լավագույնս արտացոլում են երիտասարդ ուսանողների երևակայությունը։
Հեղինակի մասին
Մարի Երզնկյան, 13 տ., ք. Ալավերդի
Ես Մարի Արտակի Երզնկյանն եմ։ Ծնվել եմ 2012 թվականի հունիսի 6-ին՝ Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ 2018 թվականից հաճախում եմ Հաղպատի միջնակարգ դպրոցը։ 2024 թվականից հաճախում եմ Թումո ստեղծարար կենտրոն։ Չորս տարի հաճախել եմ պարի։
Մտա ներս, տեսա նրան․ հայելուց նայում էր ինձ, ասես փնտրում էր, վաղուց փնտրում էր, որ ասեր։
Նորից մտա ներս։ Նորից ու նորից ներս։ Ես այստեղ եմ։ Ամենուրեք ես եմ, որ մտնում եմ։
Մազերս կտրում են։ Նայում եմ հայելու մեջ ու մտնում։
Թևս թեթևակի ֆսֆսում է, ասես երեխա, որ քիթն է քաշում բոբոները։
Ես մտնում եմ, խոյանում ու առաջ գնում։
Ես այստեղ եմ։ Չէ՝ այնտեղ։ Ես ամենուր եմ, ոնց հայելին, որ դիմացս է ու բացում է դուռը, բացում է արտացոլանքս ու ասում՝ «մտի՛ր, մտի՛ր դե»։
Ես այստեղ եմ։ Չէ, այստեղ չէ։ Չէ, քեզ խաբում եմ, հայելի։ Ամենուր եմ։
Նայիր՝ թեքվեցի։ Նայիր՝ մտնում եմ։ Գալիս եմ։
Կյանքը հայելի է, իսկ մազերս թափվում են։ Մազերս թափվում են արտացոլանքիս մեջ։ Մազերս չկան։
Դու կաս, հայելի։ Դու միշտ կաս, հայելի։
Ես չկամ, հայելի։
Մազերս են։ Մազերս ու դեղերը։ Մազերս ու դեղերը։ Մազերս ու չերևացող արտացոլանքս։
Մենք չկանք էլ, հայելի։
