Աստղ Խաչատրյան | Ես երազն էի ինչ-որ մեկի

* * *
Ինչ-որ մեկի երազն էի,
ով պատմեց ինձ ջրին
ու ես այդպես էլ չիրականացա։

Ինչ-որ մեկի թափած աղն էի.
խաչ քաշեցին, բայց մեկ է
դարձա կռվ-աղ-խնձոր։

Ինչ-որ մեկի կարմիր թելն էի.
չկտրվող,
երազանքը մոտս պահած։

Կոտրած բաժակն էի
ինչ-որ մեկի
ու ինչ-որ մեկի
Մարած չարն էի.

սինն էի
միֆն էի:

Ինչ-որ մեկի վառած մոմն էի,
ու կրակե գոյությունս
հրդեհել էր ուզում անգամ։

Ես, 40 օրականը չլրացած,
ինքնասպանն էի,
ու որպեսզի էլի ապրեմ
ինչ-որ մեկն ինձ աչքով տվեց։

 

***
Վաթսուն կլիոմետր ժամ արագությամբ
պտտվում է աղմուկը,
ես կդադարեմ
քո մասին պատմելուց,
որ գլուխդ չպտտվի,
մինչև ինչ-որ կանգառ
կհուշի, որ երթուղայինը
դադարում է ինձ հանդուրժել։

Էսօր այգու մոտ իջնող չեղավ.
սերը հոգնել է
թփերի մեջ քարշ գալուց։

Երեխաները չժպտացին.
ժպիտի համար
երեխայություն արդեն քիչ է,
ու ես մտածում եմ
առաջին մարդու
երեխա չլինելու մասին։

Քիչ մնաց,
համբերի՛ր էլի…

Մենք միշտ հաշվվում ենք,
հաշվում ենք երեկվա ու այսօրվա
գումարելիների տարբերությունը.
իսկ ով է ասել որ մաթեմատիկան հաստատուն է…

Վաթսուն կիլոմետր ժամ արագությամբ տրորվում է
հաստատ-ությունը։
ապակիները մերկությունից կզզվեն,
անիվները փոշու համբույրից,
ճանապարհը մի օր
կհրաժարվի մեզ գլորելուց
ու մենք օդում կախված
նույն խաղալիքները կմնանք։

Սպասի՛ր,
ժամսլաքին ժամ պակաս կհասնեմ,
Էնտեղ են
գինե վառարանը
ու մինուս դու։

 

***
Դժվար է մեկտողել հեռավորությունն
ու մեկտեղել
բանաստեղծության հետ,
ամեն անգամ դժվար է
տողերին երակ տալ
ու թանաքով մաշկիդ գույնը նկարել։

ինչ-որ ժամացույց մեզ տանուլ է տալիս,
ու անվերջ պտտվող
էդ կազինոյում
պարտվում ենք խաղադրույքը՝
իմ ու քո հանդիպման…

Դժվար է ամեն անգամ
լողալ հեռավորության
պատկերացումներում
մինչև թղթե ցամաքում
խորտակվելը…

Ես զգում եմ տարածությունն,
ու ռեզինե սպասումների
հարվածները.
երդվում եմ՝
օր օրի ավելանում են
քո մասին ցավեցնող
մակդիրային կապտուկները։

Դժվար է չհավատալ
հեռավորության, քո ու սպասման
եռանկյունում փշրվող
գոյությանս,
փոխարենը հեշտ է
չհավատալ
Բերմուդյան վարկածին,
լացող նախագահներին,
կատուների յոթ կյանք ունենալուն
ու ամեն տեսակ անհեթեթությանը,
որն առաջին հերթին ու միայն
հետաքրքրություն է…
բայց դժվար է հերքել
հեռավորության, քո ու սպասման
եռանկյունում փշոտվող
անհեթեթությունը…

ինչ-որ ժամացույց մեզ տանուլ է տալիս,
ու անվերջ պտտվող
էդ կազինոյում
պարտվում ենք խաղադրույքը՝
իմ ու քո հանդիպման…

 

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *