Վիլյամ Միքայելյան | Ես՝ Լեոնարդոս

ԵՍ` ԼԵՈՆԱՐԴՈՍ

Ես` Լեոնարդոս, վերջին ասելիքս ունեմ,

օրն այն չէ ինչ պատկերացնում եք – կամ աշխարհը, կամ մարդը,
Կամ մահկանացու կավը: Կյանքը մի կույր հողմ է, շնչի շունչն ինքնին, և թույն որ
հակաթույն է: Միսուարյուն իմ, զավակս զավակիս, սովորիր այս երգը և լավ երգիր: Մենք որբեր ենք Այս ճամփի վրա: Մենությունն է մեր ցնծությունը:

 

ԲԱՐԱԿ ՍԱՌՈՒՅՑ

Ա՜հ: Վերջապես ստացվեց:

Բայց, խնդրում եմ, մի փրկիր ինձ դեռ: Ուզում եմ, որ այս զգացումը
Մի քիչ երկար տևի:

 

ՍԵՐ

Քնքույշ մի ձեռք
որը հիշում է
թե որտեղ է եղել:

 

ԱԹՈՌՆԵՐ

Ոչ բոլորն են երջանիկ.
ոմանք հիշողությունից տնքում են
ու երազում են հայտնվել
մյուս սենյակում:

Ոմանք ողբում են իրենց մենությունը,
կամ անհանգստանում երեխաների համար,
մինչ փոխվում է լույսն ու ստվերներն են իջնում:

Վաղ արթնացած` ես նայում եմ նրանց կիսախավարում.
Հետաքրքիր է` որո՞նք են
Վախենում դիմավորել լուսաբացը:

ԴԱՇՆԱՄՈՒՐ

Վարպետ, բա էն ստեղնե՞րը
որոնց չենք դիպչում:

Հանուն նրանց, մենք
պարտ ենք ընկալել լռությունը:

 

ԺԱՄԱՑՈՒՅՑՆ ՈՒՂՂԵԼԻՍ

Մայրիկիս հին
Սեթ Թոմաս ժամացույցը
միշտ մի քանի րոպե
հետ է ընկնում:

Երբ առաջ եմ տանում
սլաքները,
մայրս չգիտի որ
ես ինձ գող եմ զգում:

 

ՀԻՆ ՇՈԳԵՆԱՎԸ

Այն գալիս-անցնում է
տարին մեկ թե երկու անգամ,

և ամեն անգամ հարցնում եմ ինքս ինձ,

ինչո՞ւ ենք ուրախանում
այդ ողբալի ձայնը լսելիս,
և արդյո՞ք միշտ այսքան լավ
ճանաչել ենք իրար:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Եթե կարողանայիր լսել,
թե ինչպես է մարդու սիրտը կոտրվում՝
այսպե՛ս կհնչեր:

Կամ մի առասպելական ջրվեժ,
որ զարկվում է քարերին՝
ճգնավորի քարանձավի մոտ:

Կամ այրու հառաչանքը,
երբ ավարտված է պատերազմը,
ու ինքը՝ մեն-մենակ:

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *