Լևոն Սարգսյան | Ֆեյսբուքյան հանրագրեր

Լևոն ՍարգսյանՀանճարը հիշում է ապագան:
***
Տաղանդը բանաստեղծությունը մաքրում է բառերից:
***
Սիրո մասին դաս ու խորհուրդ մի առեք. դրանք կգան վերջում: Եվ, բնականաբար, այլևս պետք չեն լինի:
***
Քո և հոգուդ միջև տարածություն կա՝ քո մարմինը:
***
Աստվածային շնորհ է՝ տառապանքի խորխորատներից դուրս բերես ինքդ քեզ իբրև… բանաստեղծություն:
***
Զարմանալի է. բոլորը ջանում են մեկնել բանաստեղծությունը: Իսկ նա սքանչելի է իր անմեկնելիությամբ:
***
Բառարանները բառերի սպասասրահներն են: Բոլորը սպասում են թռիչքի:
***
Երբ խամրում է բառի լույսը, վերածնվելու միակ հույսը մնում է պոեզիան:
***
Տիեզերքը անսահման մի իմաստ է, որ Աստծո մտքում է տեղավորվում:
***
Միջակությունը շարունակում է պոետական տեխնիկայով զինվել նույնիսկ այն ժամանակ, երբ տաղանդավորին դա վաղուց խանգարում է:
***
Միտքը երբեմն կարող է թափանցել երևույթների խորքը և այլևս չվերադառնալ:
***
Ճակատագիրը սահմանում է Աստված, բայց այն գրվում է մեր ձեռագրով:
***
Մենք ջանում ենք բառերին պահ տալ այն, ինչ կորզել ենք մեր լռությունից:
***
Մենք փորձում ենք անել անհնարը, որովհետև հնարավորն արդեն չենք արել:
***
Տաղանդավոր բանաստեղծի մահից հետո մնում են բանաստեղծությունները: Հանճարի մահից հետո` բանաստեղծը:
***
Ճշմարտությունը մեր մասին` մեր թաքցրածն է:
***
Մարմնի հավերժ անկատար երազը` ազատվել ցանկություններից և դառնալ հոգի:
***
Երջանիկ սերը կյանքի ուղեկիցն է, կատարյալ սերը՝ ուղին:
***
Միջակությունը խոսել է սովորեցնում իր հերոսներին: Տաղանդավորը խոսել սովորում է իր հերոսներից:
***
Ուշացած սերը մի առավելություն ունի. նա ժամանակ չունի ժամանակի մեջ սովորական դառնալու:
***
Մենք կարողանում ենք կարդալ ընդամենը գրված բանաստեղծությունները։ Իսկ Աստված անգիր գիտի չգրվածները:
***
Ես գիտեմ բանաստեղծություններ, որոնք ամաչում են իրենց շռայլված գովասանքներից:
***
Գրողները, անշուշտ, ստեղծում են գրականություն, բայց, մեծ հաշվով, գրականությունն է ստեղծում գրողներին:
***
… Եվ ամբողջ կյանքը հերիք չի անում, որ մահվանն ասենք` ես պատրաստ եմ:
***
Հույսի հետ ապրում ենք, հոգսի հետ՝ բնակվում:
***
Լավագույնը ոչ թե մի կյանք տևող, այլ մի կյանք արժեցող սերն է:
***
Ամենուր, ուր հայտնվում է Աստված, մնում է Վկայությունն Իր` պոեզիան:
***
Սեր. միակ աղետը, որ փրկում է:
***
Բառերն էլ ունեն իրենց երազանքը` վերադառնալ արմատներին:
***
Բոլորս, գոնե մեկ անգամ կյանքում, ելել ենք մեր Գողգոթան։ Եվ այդ պահին ամենամոտն ենք եղել Աստծուն:
***
Երջանկությունից, ցավից, հաճույքից երբ մոռանում ենք մեզ, մեզ ամենամոտիկ հենց այդ ժամանակ ենք լինում:
***
Իմ ես-ը վաղուց իմ մեջ չեմ փնտրում:
***
Տիեզերական ի՜նչ ներդաշնակություն է ղողանջել այն մարդու հոգում, ով առաջինն է ռիթմավորել խոսքը:
***
Աստված տեսնում է բոլորին: Որովհետև ոչ մեկին չի նայում:
***
Մեր ես-ի աղմուկը խանգարում է լսել Աստծո լռությունը:
***
Մի մղեք բառը կեղծիքի: Նա մի օր դա կհիշի:
***
Բանաստեղծությունը ծնվում է, երբ ճգնում ես բառերով ազատվել ինքդ քեզնից: Բանաստեղծությունը քո ազատությունն է:
***
Քայլ արա: Սերը սիրում է ընդառաջ գալ:
***
Մեծ սերը մեծ է դարձնում հոգին:
***
Մի խանգարիր, երբ սերը հեռանում է: Երբեմն դա նրա վերադարձի միակ հնարավորությունն է:
***
Միտքը անշուշտ սլանում է լույսից արագ․ նա հասցնում է վառել լույսը, երբ այն դեռ չի վառվել:
***
Երբեք չեմ փնտրել, բայց ամեն օր գտնում եմ ինձ:
***
Կյանքի մռայլության համար հաճախ մեղավոր է ոչ թե կյանքը, այլ հայացքը:
***
Աստծո մեջ ներկա է մեզնից յուրաքանչյուրը. Աստված անհաշվելի է:
***
Սերը ճանապարհի ընկերը չէ՝ ճանապարհն է:
***
Բոլոր տղամարդիկ ուզում են պարզել կնոջ առեղծվածը: Մինչդեռ պետք է այն պահպանել:
***
Երբ նշան բռնածը ընկերդ է, որտեղ էլ խփի՝ թիկունքիդ է խփում:
***
Փախուստն իրականությունից երբեմն այլ բան չէ, քան վերադարձ իրականություն՝ նոր հույսերով:
***
Անտանելի է հոգու ցավը․ կարող ես մոռանալ նույնիսկ նրանց, ովքեր քո հոգում են։
***
Ցավալի է, երբ ճանապարհիդ ընկեր ես կորցնում: Բայց առավել ցավալի է, երբ կորցնում ես նաեւ ճանապարհը:
***
Մանր հոգում Աստված ապրել չի կարող. նույնիսկ Նա է հարմարավետություն սիրում:
***
Փնտրիր ճանապարհ և ընթացք: Նպատակները իրենք կհայտնվեն:

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • Նվարդ Ավագյան says:

    Բարոյագիտական գրականության ժանրերից թեւավոր արտահայտությունները մեր օրերում, թերեւս, ամենատարածվածն են ու . մի քանի վայրկյանում կարդա քեզ՝ ընթերցողիդ, հրամցվող՝ երբեմն մի ամբողջ իմաստասիրություն պարունակող միտքը՝ եւ անցիր… Բարձրագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեղեկատվական անծայրածիր դաշտում, հատկապես՝ երբ այն փոխադրված է սոցցանցային հարթակներ, կարդալու շա՜տ-շատ ԲԱՆԵՐ կան: Բայց ոչ. Լեւոն Սարգսյանի աֆորիզմներից այդքան արագ ու դյուրին կտրվել չկա…որքան էլ թվա դրանց /դատելով ՖԲ հարթակում հանդիպածից/. գրականություն, եւ մասնավորապես՝ բանարվեստ, սեր , ճանապարհի ընտրություն: Նրանցից շատերը անդարձ են դաջվում հիշողությանդ մեջ, զորօրինակ՝ , , , , , , , եւ այլն:
    Չեմ թաքցնի. նրա գրածի թարմությունը վայելելով՝ մի անգամ մտածեցի, թե արդյո՞ք մինչ իրեն ոչ-ոք չի արտահայտել տվյալ միտքը: Դե, նույնիսկ Լառոշֆուկոյի մաքսիմների մասին են ժամանակին նման միտք արտահայտել՝ տալով մեկ Արիստոտելի, մեկ Սենեկայի, Մոնտենի, Շառոնի, այլոց անունները…Մինչդեռ արտաքին նմանությունն իսկ ապացույց չէ՛ ոչ փոխառության, ոչ էլ ան-ինքնուրույնության: Իսկ ընդհանրապես՝ հավանաբար, դժվար է գտնել մի թեւավոր խոսք, որը կատարելապես չունենա իրեն:
    Պարոն Սարգսյանն օժտված է զգացմունքների նուրբ վերլուծություն, առարկայի ճշգրիտ բնութագրություն տալու կարողությամբ: Լեզվի սուր զգացումը նրան օգնում է բազմաթիվ հոմանիշներից ընտրել առավել համապատասխանողը, իր մտքի համար գտնել թեւավոր արտահայտության անվիճելիորեն սեղմ ու հստակ ձեւը: Նա իր մտքերին, անգամ ամենասուր թվացողին, իմ զգացողությամբ՝ ասես… թավշե՛ բառահանդեձ է հագցնում, որին, եթե հնարավոր լիներ՝ կուզենայիր ձեռք տալ…

  • Սուսաննա says:

    Հետաքրքիր էր, շնորհակալություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *