1. «Զգաստության ժամեր»
Այն, ինչ թվում է, կարող է լինել պատահականություն, բայց այն, ինչին հավատում եք, անպայման կկատարվի․․․
Կեսօրին՝ համալսարան շտապելու ճանապարհիս, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտակայքում ոտքս դիպավ մի սև, սատկած ագռավի, որին վայրկյաններ անց մոտեցան սափրված երեք սպիտակ շուն, հոտոտեցին ագռավին ու հեռացան այնքան արագ, որքան մոտեցել էին։ Շներից ոչ մեկը չհաչաց, բայց երեքն էլ նայեցին դեմքիս ու ես տեսա հայացք։ Փողոցներում ամեն երկրորդի դեմքից դժվարանում ես որսալ հայացք, իսկ այդ երեք շներն ունեին։ Եկեղեցու զանգերն այդ նույն պահին ղողանջում էին այնքան բարձր, որ փողոցի աղմուկը դժվար լսելի էր դառնում։ Ի՞նչ նշան էր Աստված ինձ ուղարկել, կամ ո՞րն էր նշանը՝ մեռած ագռավը, երեք շները, թե նրանց հայացքը։ Ի՞նչ նկատի ունի Բարձրյալը՝ ճանապարհիս այս դիպվածը բերելով։
Համալսարան հասա ուշացած։ Էքզիստենցիալ գրականության ժամն իմ սիրելիներից է, իսկ ահա դասախոսը՝ պարոն Հերբերտը, ինձ երբևիցե պատահած ամենահակակրելի անձնավորություններից մեկը։
– Էմմա, Կաֆկան եթե կարողանար քեզ պես ուշանալ, գուցե մահը վրա չգար «շան նման», – կիսահեգնանքով ասաց գրականության դասախոսը՝ ուղիղ աչքերիս մեջ նայելով։
Ես չարձագանքեցի Հերբերտի ցինիկ խոսքերին ու նստեցի տեղումս, ընկերուհուս՝ Ալիսի կողքին։ Չեմ կարող չխոստովանել, որ Հերբերտի ցինիզմով երբեմն հիանում եմ․ նա կարողանում է հեգնել դիմացինին՝ միաժամանակ նրան մի նոր բան սովորեցնելով։ Եվ ի վերջո, ցինիկ լինելու համար էլ երևի խելացի լինել է պետք, հակառակ դեպքում՝ հատկապես Հերբերտի նման տակավին 50 տարեկանում, արտաքին առանձնապես գեղեցիկ տվյալներ և խարիզմա չունենալով, կնմանվես ինչ-որ էժանագին, անկիրթ տղամարդու, որը լսել է հումորներ դեռ 15 տարի առաջվա աշխարհին բնորոշ ու միակ բանը, որ կարողացել է անել, դրանք մտապահելն ու անպատեհ գործածելն է։ Հատկապես կյանքիս այս շրջանում, երբ ներսումս հստակ որոշում կա գրելու և հրատարակելու առաջին գիրքս, ես ապրիորի դարձել եմ մարդկանց հանդեպ առավել հանդուրժող, որովհետև հակառակ դեպքում նրանք չեն ունենա իրենց իրական դեմքը ցույց տալու հնարավորությունը, իսկ ես՝ ուսումնասիրելու ու հետևելու, բարեբախտաբար բացառիկության մոլուցքն ինձ չի պատել, և ես հասկացել եմ, որ ամենահետաքրքիր սցենարների հետևում իրական պատմություններն ու մարդիկ են, ոչ մի հորինվածք. այն, ինչ պատահում է մեզ հետ հիմա, պատահում է նաև մայրցամաքի մյուս ծայրում գտնվող մեկ այլ անձի հետ՝ մեկ այլ ազգի ու կրոնի պատկանող, մեկ այլ մաշկի գույն ունեցող, այլ բնավորության տեր, ի վերջո այս աշխարհը հենց դրանով է յուրօվի, մենք բոլորդ եզակի ենք, բայց հավասարապես կիսում ենք նույն զգացմունքներն ու պատմությունները։
Գրականության դասը շարունակվեց։ Հատկապես պատերազմից հետո պարոն Հերբերտը գոյութենապաշտության իր բացատրությունների շուրջ հաճախ է խոսում, կեցության փաստից բխող խնդիրները նա մարդու համար օրակարգային չի համարում, որովհետև չի հավատում Աստծո գոյությանը, կամ էլ գուցե՝ այլևս չի հավատում։ Ըստ նրա, ոչինչ ի սկզբանե կանխորոշված չէ, իսկ կյանքն ապրելու որոշակի ձևի ընտրությունը չի կարող մահից հետո բերել կարգավիճակի, ասենք օրինակ՝ դրախտը վայելելու, կամ դժոխքում այրվելու, ուստի հաճախ է կրկնում, որ կենցաղը զգաստության մեջ ապրելու կարիք չկա։ Հերբերտի համար անգամ ագնոստիցիզմն է տափակ ուսմունք։ Նա ոչնչի չի հավատում առհասարակ, բացի սեփական ֆիզիկական գոյությանը, որի մահով ավարտվում է ամեն ինչ․
– Իսկ ո՞վ է Աստված, ո՞վ է նրան տեսել երբևէ։
Այս հռետորական հարցը դասախոսը հաճախ է հնչեցնում և սրա շուրջ ծավալվող բանավեճերը բազմաբևեռ ու երկար քննարկումների առիթ են դառնում ողջ ֆակուլտետի համար։ Ամեն անգամ, երբ պարոն Հերբերտը հնչեցնում է Աստծո՝ ո՞վ լինելու մասին իր հարցերը մեր դասաժամերին, ընկերուհիս՝ Ալիսը, սկսում է հակադարձել իր պատկերացումներով․
– Իսկ ո՞վ է ասել, որ Աստծուն հավատալու համար նրան անպայման տեսնել է պետք, իրական հավատն այն է, երբ չես տեսել ու հավատում ես։ Եվ ի վերջո՝ Աստծո ո՞վ լինելու հարցն ամենաանհեթեթներից է, ավելի կարևոր է փնտրել՝ որտե՞ղ է Աստված հարցի պատասխանը,- համոզված է Ալիսը։
– Ես չգիտեմ նա ով է, ես նրան չտեսա այդպես էլ, ինչու՞ պիտի փնտրեմ մեկին, ում չեմ ճանաչում, Ալիս, այս հարցի պատասխանն ունե՞ս,- սքողված ծաղրական տոնով հարցրեց դասախոսն ընկերուհուս։
«Ես նրան չտեսա այդպես էլ»․ այսպիսի մակաբույծ նախադասությունները ստիպում են ինձ կասկածել, որ Հերբերտն իր գիտակցական ամբողջ կյանքում չէ, որ նույն կարծիքին է եղել աշխարհի և մարդու ստեղծման մասին։ Սա առնվազն նշանակում է, որ նա գոնե փորձել է փնտրել, այսինքն կասկածել է նրա գոյության մեջ, ոչ թե համոզված եղել, որ նա չկա։ Գուցե պատերազմը նրա գլխում հեղափոխությու՞ն է արել, չգիտեմ։ Իմ գլխում արել է։ Ես առաջ չէի հասկանում, թե ի՞նչ երջանկություն կա օրինակ փողոցում բարձր երաժշտությունը հանգիստ խղճով լսելու մեջ, չերկմտելու, որ գուցե կողքովդ անցնող մարդկանց տանը սուգ է, իսկ քեզ համար ամոթ՝ այն չհարգելը։
Ընկերուհիս՝ Ալիսը, ինձ հանդիպած ամենահանգիստ ու լռակյաց մարդկանցից մեկն է։ Դասախոսի՝ «Ես նրան չտեսա այդպես էլ, ինչու՞ պիտի փնտրեմ» հարցադրմանը նա պատասխանեց․
– Գտեք նրա գոյության վայրը, որը շատ մոտ է ձեզ, և չեք ուզենա էլ շոշափել ՝ նրա կենդանության մեջ համոզվելու համար։
Ի պատասխան դասախոսը լատիներեն արտաբերեց իր սիրելի խոսքերը՝ Ooh Metus, Metus ( Օօօ ի՜նչ սարսափ/անհանգստություն ) և մենք շարունակեցինք դասը։
Աթեիստական էքզիստենցիալիզմի դրույթները շոշափելիս պարոն Հերբերտը երբեմն-երբեմն խոսում է նաև ազատության գաղափարի մասին։
– Թվում է՝ ազատությունն այն կեցությունն է, որտեղ մարդը չունի հենման կետ,- փաստում է Հերբերտը։
Ե՞րբ մարդը չունի հենման կետ, ինչո՞ւ ազատ մարդը չունի ապավինելու ատյան։ Հիշում եմ, որ տատիկս իր մահվան նախորդ օրը թունդ վիճեց մորս հետ, մայրս բարկացել էր, որ տանը հյուրեր ունեինք, իսկ տատիկս կենցաղային ինչ-որ հարցերում սովորականի նման հոժարություն և ջանք չէր գործադրել, տատիկս այդ երեկո անաղմուկ անցկացրեց՝ չմտնելով հակաճառության մեջ, և իմ մեջ դաջվել են նրա վերջին խոսքերը՝ «Երբ ծերանում ես, ազատությունդ պակասում է, ոչ միայն ձեռքերդ են կարճանում, այլև լեզուդ»։ Այդ օրվանից ես հստակ գիտեի, որ ապագա գրքիս հերոսները պիտի ազատության ու հոգու ազատագրության մասին օրինակ լինեն, որովհետև ընթերցողն ամենաշատը կարիք ունի գոնե գրականության մեջ ճանաչելու մարդկանց, որոնք հանդգնում են խոստովանել սեփական անձի անզորությունն ու ազատագրվել բովանդակության փոխարեն ձև լինելու մարդկային պարտադրանքից։
Գրականության դասն ավարտվեց։ Ես ու Ալիսը դուրս եկանք լսարանից։
– Ուզում եմ մի փոքր զբոսնել, եղանակն այսօր լավն է, – ասաց նա ինձ։
Ես գնացի նրա հետ զբոսնելու։ Խոսեցինք գրքերից, դասերից, Հերբերտից, համալսարանի երկրորդ կուրսում սովորելու բարդություններից ու էլ ինչից ասես, բայց եթե անկեղծ՝ ողջ ընթացքում մտքիցս դուրս չէր գալիս առավոտյան հետս կատարվածը։ Ալիսին բառ չասացի։ Երեկոյան, երբ արդեն հրաժեշտ տվեցինք իրար ու միայնակ քայլում էի տուն, թվում էր՝ շների այդ հայացքն ուղեկցում էր ինձ և մտքումս ինձնից անկախ, չգիտեմ էլ թե ինչու, կրկնում էի Հերբերտի խոսքերը՝ Ooh Metus, Metus։
***
«Ծանր ձեռք»
Աստվածային սերը ոչ թե համոզելու, այլ համոզված լինելու մասին է, բայց մարդն այնուամենայնիվ նախապես կասկածում է…
Երեկոյին մոտ վերադարձա տուն։ Հեռվից նկատեցի մարդկանց բազմություն, որ հավաքվել էր մեր շենքի դիմաց։ Մոտենալով տեսա բակի երեխաներին․ սառած կանգնել էին։ Տղաներից մեկի թևի տակ գնդակ կար, որն այնքան պինդ էր բռնել, կարծես վախենում էր, որ գնդակն ինքն իրեն կփախչի։
– Տղաներ, ի՞նչ է պատահել շենքում, տեղյա՞կ եք,- հարցրի ես երեխաներին։
Երեխաները հայացքներն ուղղեցին ինձ ու միաձայն ասացին․
– Դանիի հայրը՝ Ալֆրեդն է մահացել, Էմմա։
Հիսունին մոտ Ալֆրեդը մահացավ սեպտեմբերյան մի տաք օր։ Ալֆրեդը ծնվել էր Տետրա-ամելիա համախտանիշով․ ի ծնե կռնատ էր։ Ես իմացա, որ բակի կենտրոնում է ընկել ու մահացել սրտի կանգից։ Տղաները պատմեցին, որ սովորության համաձայն բակում ֆուտբոլ խաղալիս են եղել։ Դանիելն էլ է նրանց հետ եղել։ Վերջին բանը, որ Ալֆրեդի հետ տեղի է ունեցել մահից առաջ այն էր, որ բակում ֆուտբոլ խաղացող երեխաներից մեկը պատահաբար գնդակը նետել էր արդեն գետին ընկած Ալֆրեդի կողմ և գնդակը կպել էր նրա գլխին։ Ալֆրեդը մեռնելուց առաջ չէր կարողացել պաշտպանվել ռեզինե գնդակից, որովհետև կռնատ էր։ Նրա ամենափոքր տղան՝ Դանին, տեսել էր հոր վայրկենական մահը սրտի կանգից և ինքն էլ վերջին րոպեին չէր կարողացել պաշտպանել նրան գոնե գնդակի հարվածից։
Տղաներն այս ամենն ինձ այդ պահին պատմեցին հոնգուր լաց լինելով։ Պատմեցին նաև, որ գնդակը գնել էր Ալֆրեդը՝ Դանիելի համար դեռ օրեր առաջ, երբ նրա հին, զոլավոր գնդակը պատահաբար ծակվել էր խաղի ժամանակ։ Դանիելը տարածքում չէր, նրան չտեսա։
Ալֆրեդի մեծ տղան՝ Սոսը, մահացել էր Արցախյան վերջին պատերազմի ժամանակ։ Ծառայել էր ժամանակին այնտեղ ու 2020-ի հոկտեմբերին որպես կամավոր մեկնել էր մարտի դաշտ ու զոհվել։ Սոսն ընդունվել էր համալսարան՝ նույն ֆակուլտետ, որտեղ ես եմ սովորում, բանակից հետո այնքան մեծ ոգևորությամբ էր գնում դասի, անգամ լսել եմ, որ երազում էր դասախոսել, բայց ցավոք երազանքի թելն անժամանակ կտրվեց նրա կյանքում։ Նրա փոքր եղբայրը՝ Դանիելը, այդ ժամանակ ընդամենը 3 տարեկան էր, լավ չհասկացավ, թե եղբայրն ուր գնաց ու ինչու՞ չվերադարձավ, բայց հիշում եմ, թե թաղման ժամանակ ինչպես էին խոշոր արցունքները գլորվում փոքրիկի աչքերից, ինչպես էր 3 ամյա Դանիելը նայում թաղում փակցված, սև ժապավենի վրա տպված եղբոր նկարին ու լաց լինում՝ հստակ հասկանալով, որ նրա հետ էլ չի կարողանալու խաղալ։
Հիշում եմ, երբ փոքր էի մայրս ասում էր, որ Ալֆրեդը լավ մարդ է, որովհետև տանը մեծ գրադարան ունի։ Մի տեսակ գրքեր ունենալը չափանիշ էր մորս համար, թեպետ մինչ օրս էլ այդպես է։ Նա իսկապես համարում է, որ տանը գրադարանին տեղ տվող մարդիկ լավ մարդիկ են։
– Անգամ ի ծնե կռնատությունը Ալֆրեդին չխանգարեց ամուսնանալ և 2 զավակ ունենալ, այդքան հրաշալի մարդ է, – ընդգծում էր մայրս իր խոսքում։
Հոգեհանգստի արարողությունն անցավ Ալֆրեդենց տանը, ես ու մայրս ևս գնացինք։ 4 տարի անց, արդեն 7 տարեկան Դանիելի աչքերից նորից գլորվում էին արցունքներ՝ արդեն հոր համար։ Նա ընտանիքի ամենափոքր զավակն էր, մայրը՝ նորից հիսունին մոտ կին, տիկին Սոֆյան, գրկել էր Դանիելին ու լաց էր լինում։ Տան պատերին փակցված էին Սոսի շքանշաններն ու մարտական նկարները։
Թաղման արարողությունն ավարտվեց և օրեր անց որպես մտերմության նշան ես ու մայրս այցելեցինք տիկին Սոֆյային։ Ալֆրեդի և Սոֆյայի տանը հրաշալի գրադարան կար՝ երևի երեք հազարից ավելի գիրք, մի ողջ սենյակի չորս պատեր դարակներ էին՝ գրքերով լի։ Նրանք ինձ շատ էին սիրում դեռ փոքրուց ու գիտեին, որ իրենց տուն հաճախ էի գնում հենց գրադարանի համար։ Գնում էի, ընտրում էի գիրքը, կարդում, հետո մայրս հետս մի քաղցր բան էր դնում ու վերադարձնում էի գիրքը Ալֆրեդի գրադարան։
Անսահման ուրախ էի, երբ տիկին Սոֆյան ասաց, որ կարող եմ գրադարանից գրքեր ընտրել ու որպես նվեր պահել ինձ, միևնույն է Դանիելը դեռ փոքր է, իսկ Ալֆրեդն այլևս չկա, որ ամեն երեկո փափագով նայի սեփական հարստությանը ու ընտրի, թե այդ գիշեր ի՞նչ գիրք պիտի վերընթերցի։
Ես անսահման ուրախ սկսեցի ընտրել, թե գրքերից որոնք եմ ուզում վերցնել։ Մի քանի գիրք առանձնացնելուց հետո աչքս ընկավ Ալֆրեդի սեղանին դրված սև կազմով գրքին․
– Տիկին Սոֆյա, իսկ սա կարո՞ղ եմ վերցնել։
– Սա Ալֆրեդի սիրելի գիրքն է, ինչպես ինքն էր ասում՝ սեղանիս գիրքը,- պատասխանեց նա։
«Ճահիճը»․ այսպես էր գրքի վերնագիրը։ Սև, բայց փայլուն կազմը միանգամից գրավեց ուշադրությունս։
– Ես սա էլ կվերցնեմ, ու վերջ, եթե դեմ չեք, շնորհակալ եմ շատ, -ասացի ես։
Ես ու մայրս գնացինք տուն։ Ես դասավորեցի գրքերն իմ դարակաշարերում։ Թողեցի միայն «Ճահիճը»։ Ինձ անչափ հետաքրքիր էր, թե այդ ի՞նչ գիրք է, որ դարձել էր Ալֆրեդի սեղանի սիրելի գիրքը։ Վերցրի այն, հարմար տեղավորվեցի բազկաթոռին, բացեցի ու հասկացա, որ գիրքն ամբողջովին գրված է ձեռագրով։ Սպիտակ թերթերի վրա թանաքով գրված գիրք էր և առաջին էջին գրված էր՝
«Ես դարձել եմ քո մասին գրված գրքի գերին և միայն այն ավարտելուց հետո հասկացա, որ քո մասին գրելու հանդգնությունն ազատության հետ աղերս չունի, ես համոզված եմ, որ ուզում եմ գրված ամեն բառ լքի տողն ու մարմին առնի, բայց վստահ չեմ, որ այս աշխարհում ամեն մեռնող բան անմահանալու կարիք ունի»։
Տողերի ներքո չափազանց գեղեցիկ ձեռագրով մակագրված էր՝ Ալֆրեդ Յան։
Այս տողերը ցնցեցին ինձ, իմ գիտակցական ողջ հիշողության ընթացքում Ալֆրեդը կռնատ էր, և ես տասնյակ պատմություններ եմ լսել մորիցս, թե ինչպես է լուսահոգի հայրս Ալֆրեդի հետ խաղացել բակում՝ փորձելով տարբերություն չդնել նրա ու մնացած երեխաների միջև, քանի որ ձեռքեր չունենալը դատավճիռ չէր մանկությունը չվայելելու համար։ Հայրս ու մայրս նույն թաղամասից են ու վաղուց գիտեն Ալֆրեդին։ Ի՞նչ է ստացվում, ո՞վ է գրել այս ձեռագիր գիրքը ու ինչու՞ է մակագրել Ալֆրեդի անունով։ Ես շտապեցի հյուրասենյակ՝ մորս մոտ։
Մայրս նստած սուրճ էր խմում, ինձ տեսնելով՝ հարցրեց․
– Ինչու՞ է դեմքդ այդքան այլայված, Էմմա, ի՞նչ է պատահել։
Ես նրանց ցույց տվեցի գիրքը և ասացի, որ այն ձեռագիր է և մակագրված է Ալֆրեդի անունով։
– Ալֆրեդը հորիցդ 7 տարի փոքր էր ու նա ինձ պատմում էր, որ, երբ Ալֆրեդը ծնվեց, ողջ թաղամասը շոկի մեջ էր, այդ թվերի համար, երբ մարդիկ բժշկությունից առանձնապես գլուխ չէին հանում, չէին հասկացել, թե ինչ է Տետրա-ամելիայի համախտանիշը, – ասաց մայրս, թեպետ այս պատմությունը ես շատ անգամներ էի լսել։
Ժամացույցին գրեթե 13։30 էր։ Ես հասկացա, որ եթե մի փոքր էլ նստեմ, կուշանամ դասից։
– Մայրիկ, ես այսօր ժամը 2-ից պիտի համալսարանում լինեմ, հիմա դուրս պիտի գամ, բայց գիրքը տանում եմ ինձ հետ, ճանապարհին կընթերցեմ։
– Լավ է, որ այսքան հետաքրքրված ես Էմմա, գուցե ոգեշնչվես Ալֆրեդի առեղծվածային գրքից ու սկսես քոնը գրել վերջապես,- ասաց մայրս ու ես նկատեցի, որ նա առանձնապես նշանակություն չտվեց գրքին։
Ես դուրս եկա տնից ու ողջ ճանապարհին կարդում էի գիրքը, որն ամբողջովին գրված էր ձեռագրով, պատմության դեպքերը տեղի էին ունենում դեռ 20 տարի առաջ, բայց հերոսներն անանուն էին։ Ես շնչակտուր հասա լսարան, լատիներենի ժամն էր։ Ալիսը միանգամից նկատեց դեմքիս այլայլված հայացքն ու շշուկով հարցրեց արդյո՞ք ամեն բան կարգին է ինձ մոտ։ Պատասխանեցի, որ կպատմեմ դասաժամի ավարտից հետո։ Լատիներենի դասախոսը ներկայացնում էր օրվա թեման․
– Լատիներեն «և» շաղկապը նախադասության մեջ ունի երկու կիրառություն, կարող եք գործածել միջադաս et ձևը, կամ վերջադաս՝ que տարբերակը, այսպես օրինակ մայր և հայր կարող եք լատիներեն ասել՝ Mater ete pater, կամ՝ mater pater que։
Քերականության դասն այսքան ձանձրալի ինձ երբևէ չէր թվացել։ Ես անընդհատ գտնում էի հարմար պահ ու բացում էի գիրքը՝ հերթական էջն արագ ընթերցելու նպատակով։ Դասն ավարտվեց, զանգը տալուն պես Ալիսի հետ դուրս եկանք լսարանից և համալսարանի այգում նստած Ալիսին պատմեցի Ալֆրեդի ու գրքի պատմությունը։
– Այստեղ դավաճանության պատմություն է նկարագրվում, Ալիս, ձեռագիրը թարմ է, հասկանում ես, այս գիրքը վերջերս է գրվել,- ասացի ես Ալիսին։
– Բավականին բարակ գիրք է, քիչ ավելին քան կարճ պատմվածքների բրոշուրը կարող էր լինել, ճիշտ ես, լրիվ հնարավոր էր կարճ ժամանակում գրել, – ձեռագիր գիրքն ուսումնասիրելով՝ ասաց Ալիսը, – կազմն էլ հնամաշ չէ, երևում է՝ լավ տպարան է աշխատել, հետաքրքիր է ինչ են մտածել, երբ ստացել են պատվեր տպագրելու գիրք, որի էջերը դատարկ են լինելու, – կատակեց Ալիսը։
Ինձ հանգիստ չէր տալիս մի հարց. մի՞թե տիկին Սոֆյան տեղյակ չէր, որ սա ձեռագիր գիրք է, և եթե սա իսկապես այդքան առեղծվածային բան է, ինչո՞ւ նա թույլ տվեց ինձ վերցնել գիրքը։
– Ընդմիջման ժամն ավարտվում է, էմմա, գրականության դաս է, գիտես, թե ուշացումներին ինչպես է արձագանքում պարոն Հերբերտը, արի գնանք,- ասաց Ալիսը։
Մինչ Ալիսը կարգի էր բերում պայուսակը, հանում գրականության դասագիրքն ու անհրաժեշտ նյութերը, գրքի համարյա ավարտին՝ 73-րդ էջում հեղինակը բացահայտեց, թե ամուսնացած կնոջը դավաճանության մեջ ներքաշած սիրեկանի անունն ինչ է.
«Դու ինձ պատմում էիր, որ երբ քո լույս աշխարհ գալուց հետո հայրդ առաջին անգամ գրկել էր քեզ, ոգեշնչվելով իր պապի՝ գերմանական գվարդիաների դեմ տարած հաղթանակներով, ասաց, որ այս բարուրից ապագայում փայլուն ռազմիկ դուրս կգա, եթե չընկնի ռոմանտիկայի գիրկը, ( Heri Beraht – փայլուն բանակ/ռազմիկ) Հերբերտ, քեզ անվանակոչեցին այդպես, սեր իմ, բայց դու ընտրեցիր ռոմանտիկայի գիրկն ընկնելը, իսկ որդիդ, ահա, ճիշտ հակառակը՝ ընտրեց անմահանալ որպես հերոս, որպես փայլուն ռազմիկ»։
Ալիսն ինձ հորդորեց շտապել, ես բարձրացրի գլուխս ձեռագրից ու կարկամելով մրմնջացի.
– Սոսը Հերբերտի ու Սոֆյայի որդին էր, Ալիս…
***
«Գայթակղություն և վախճան»
Աստծո բնավորության մեջ մի ֆանտաստիկ գիծ կա. Նա խիստ բծախնդիր է…
Մենք վերադարձանք լսարան, գրականության ժամ էր։ Հերբերտը ներս մտավ ինչպես միշտ ձեռքին մի քանի գիրք։
– Հերբերտն իրեն նման չի այսօր, կարծու՞մ ես գիտի, որ Սոֆյան նման ձեռագիր է գրել և որ այն քեզ մոտ է, – ականջին կամաց ասաց Ալիսը։
– Չգիտեմ, և անգամ չգիտեմ ինչպես վարվել, որովհետև չեմ հասկանում, թե ո՞րն է պատճառը, որ Սոֆյան ինքնակամ հանձնեց ինձ այս ձեռագիրը։
Դասը սկսվեց սովորական կերպով։ Հերբերտը մի քանի պետքական հղումներ ուղարկեց մեզ, որտեղ լավ աղբյուրներ կային ընթացիկ դասերի վերաբերյալ։ Դասի ընթացքում նա մեզ հանձնարարեց գրական վերլուծություն գրել և ինքը դուրս եկավ լսարանից։ Ակնհայտորեն նկատվում էր դասախոսի տարօրինակ անհանգստությունը, ինձ ու Ալիսին թվաց, թե նրա ինքնազգացողությունն է վատացել և մենք դուրս եկանք նրա հետևից։ Պարոն Հերբերտը լուռ կանգնել էր բաց պատուհանի մոտ և վառել էր ծխախոտը։
– Առաջին անգամ եմ նկատում, որ նա ծխում է,-շշնջաց ականջիս Ալիսը։
Մենք մոտեցանք նրան, մեծ ակնկալիք չունեինք, որ բարեհամբույր պատասխանի կարժանանանք, բայց այնուամենայնիվ ես հարցրի.
– Ձեզ լա՞վ եք զգում, գուցե ջուր բերենք կամ որևէ դեղամիջոցի կարիք ունեք, ձեր դեմքին գույն չկա։
Ի զարմանս մեզ Հերբերտն արտաշնչեց վերջացող գլանակի ծուխը, հանգցրեց այն և պտտվեց մեր կողմ.
– Կատուս՝ Աուրան է սատկել։
Դե ընտանի կենդանի կորցնելը լուրջ առիթ է, հատկապես, երբ երկար տարիներ հետո վերածվում են ընտանիքի լիարժեք անդամի։ Հերբերտի հետ երկու բառ փոխանակելուց հետո մտանք լսարան։ 80 րոպեն ավարտվելուն պես Հերբերտն արագ լքեց լսարանը։ Հերբերտի հապշտապությունն ամեն դեպքում նորից անսովոր թվաց մեզ։ Պատուհանից հետևեցինք, թե ինչպես դուրս եկավ շենքից ու կայծակնային արագությամբ կորավ տեսադաշտից։ Ես առանձնացա Ալիսից, իջա համալսարանի բակ ու շարունակեցի կարդալ վերջին տողերը։ Ամենապարզ, բայց համարձակ ոճով Սոֆյան գրքում գրել էր, թե ինչպես է սեպտեմբերյան մի առավոտ Ալֆրեդին որոշում պատմել, որ պատերազմում զոհված իրենց մեծ տղան՝ Սոսը, իրենից չէ և որ նրա հոր՝ Հերբերտի հետ ծանոթ է եղել դեռ 25 տարի առաջ ու ամուսնանալով Ալֆրեդի հետ կոծկել է ճշմարտությունը։ Պարզվում է, որ Հերբերտը չի հավատացել Սոֆյայի հղիությանը ու մենակ է թողել նրան։ Այն ժամանակներում՝ ծնողների ու հասարակության ամոթանքից զերծ մնալու համար Սոֆյան վայրկենական կայացնում է բոլորի համար այդ պահին ամենատարօրինակ որոշումն ու ընդունում է իրեն արդեն երկար տարիներ սիրահարված ու հաշմանդամություն ունեցող Ալֆրեդի ամուսնության առաջարկը։ Եվ միայն Սոսի մահվանից հետո է քաջություն հավաքում Ալֆրեդին պատմել իրականությունը։ Սեպտեմբերյան մի առավոտ, կնոջից իմանալով ճշմարտությունը, Ալֆրեդն ապշահար ու վատ ինքնազգացողությամբ դուրս է եկել տանից մաքուր օդ շնչելու, և հենց բակում մահացել է սրտի կանգից։ Սոֆյան գրքի վերջում, արդեն շատ ավելի տգեղ՝ ակնհայտորեն շտապողաբար գրված ձեռագրով, պատմում է, որ այս պատմությունը հանրության առաջ բացահայտելու համարձակություն չունի, բայց ուզում է, որ որևէ մեկը անմահացնի այն ու իրենց տան տարիներ շարունակ հավաքագրած 3000 գրքերից մեկը լինի հենց իր կյանքի պատմությունը։ Գրքի ամենավերջին էջը հենց ինձ էր ուղված.
«Հերբերտը տեղյակ է այդ ձեռագիր գրքից, ինչպեսև տեղյակ է, որ ես անելու եմ այնպես, որ այն հայտնվի հենց քեզ մոտ։ Ես համարում եմ ինձ լիարժեք ազատագրված, Էմմա և ամենաերեխայական հավատով ասում եմ, որ քո գրքի սցենարի հիմքում կարող է լինել այս իրական պատմությունը, որը սկիզբ է առել մի անմեղ գայթակղությունից, բայց ունեցել է ողբերգական վախճան, որովհետև նա, ով պիտի լիներ գլխավոր հերոսը՝ ընտրեց Հայրենիքը»։
Ես ցնցված էի։ Սոֆյան հատուկ էր մակագրել Ալֆրեդ Յան, որպեսզի ես գրողական էնտուզիազմով կարդամ ողջ գիրքը։ Փակեցի գիրքը, դրեցի պայուսակիս մեջ ու քայլեցի դեպի տուն։ Հետ վերադարձի ճանապարհին՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտակայքում հավաքված հավատացյալների բազմությունից հասկացա, որ երեկոյան ժամերգություն է։ Նայում եմ եկեղեցու կողմ, մտածում եմ՝ այս մարդկանցից յուրաքանչյուրն ի՞նչ զանցանքի է ընդունակ օրինակ ժամերգության ավարտից հետո, չէ որ աշխարհական լինելը գայթակղություն է, որին տրվել են անգամ հավատարմության երդումներ տվող Քրիստոսի աշակերտները, բայց Աստվածաշունչն ասում է՝ բացի Սուրբ հոգու հայհոյությունն այլ աններելի մեղք չկա, եթե ապաշխարենք։ Ավելին՝ այն ասում է, որ ստախոսությունն ու մարդասպանությունը, որկրամոլությունն ու բանբասկոտությունը և մնացած բոլոր մեղքերը հավասար են, Աստծո համար մեծ և փոքր մեղքեր չկան։ Եկեղեցուց հավատացյալների հոծ բազմությունը սկսեց հերթով դուրս գալ, մտքերս հավաքելուց հետո որոշեցի շարունակել ճանապարհս, երբ հանկարծ նկատեցի Հերբերտին։ Զարմանքը պատեց ինձ, երբ տեսա նրա խոնարհ ելքը եկեղեցու դռներից։ Միթե՞ Հերբերտը սկսել է հավատալ Աստծուն, միթե՞ սա հնարավոր բա՞ն է։ Ես որոշեցի մոտենալ նրան, քիչ էր մնացել կորցնեի հոծ բազմության մեջ, երբ հասկացա, որ ինքն ինձ նկատել է ու ինքնակամ կանգել։ Ես մոտեցա Հերբերտին, պայուսակիցս հանեցի Սոֆյայի վերնագրած ձեռագիր «Ճահիճը» գիրքն ու մեկնեցի նրան.
Հերբերտը նայեց, գրքին, հետո հայացքն ուղղեց եկեղեցու գմբեթին և ասաց.
– Փաստորեն արդեն քեզ մոտ է…
– Դուք ասացիք, որ ձեր կատուն է սատկել, – ուզում էի շարունակել, երբ Հերբերտն ընդհատեց ինձ ու ասաց։
– Ես համոզված էի, որ երբ գա պահն ինքս ինձ խոստովանելու, որ 25 տարի առաջ ես սխալվել եմ, իմ կյանքում միակ սիրելի բանը կհեռանա ինձնից։
– Ստացվում է, դուք թողել եք ձեր սիրելիին անելանելի վիճակում, և նա ստիպված է եղել դավաճանության գնալ՝ ստելով Ալֆրեդին, – ասացի ես։
Հերբերտը կախեց գլուխը ու ի զարմանս ինձ սկսեց ժպտալ։ Հետո, երբ արդեն պարզ էր, որ առնվազն ինձ նա բացատրելու ոչինչ չունի, ձեռքը մեկնեց ինձ, դրեց ուսիս և ուղիղ աչքերիս մեջ նայելով ասաց.
– Սա քեզ համար գուցե նշան է, հնարավորություն գրելու մի բան, որը հետո կարդալով քեզ կմեծարեն որպես գրողի, բայց ինձ համար սա վկայություն է, դու կգրես բառեր՝ ծնելով գիրք, որն ուրիշի մասին է, իսկ ինձ կշարունակի սպանել սրտի հիշողությունը, եթե իհարկե ես չմտերմանամ Աստծո հետ։ Հիմա է պահը, որ խոստովանում եմ՝ առանց նրա չեմ կարողանում։
Զարմանքս սահման չուներ։ Երբեք չէի մտածի, որ Հերբերտից կլսեմ Աստծո հետ մտերմություն անելու կարևորության մասին։
– Ապաշխարե՞լ՞եք ։
Հերբերտը վերցրեց ձեռքն ուսիցս, կրկին հայացքն ուղղեց դեպի եկեղեցու գմբեթը, որը խավար էր երևում մայրամուտի արևի ընկած շողերի արանքից, և հազիվ լսելի տոնով ասաց.
– 25 տարի առաջ ես ունեի հնարավորություն Աստվածային պարգևն ընդունելու, բայց ընտրեցի երիտասարդությունն ու ինձ համար թվացյալ ազատությունը։ Հիմա, ավելի ճիշտ՝ այսօր, այո՝ ապաշխարել եմ ու գիտեմ, որ անգամ հիմա դա պետք է Աստծուն, դա միակ բանն է, որ նրան հարկավոր էր ինձնից, որովհետև ասված բառերը մոռացվում են ու գլորվում ամենաբարձր բլուրներից, իսկ մարդկանց մնում է տպավորությունը, Էմմա, տպավորությունն է մնում դավաճանությունից հետո։

