Ղազալե Ալիզադե | Զույգը

Ծնվել է 1947 թվականին Իրանի Մաշհադ քաղաքում: Սովորել է Թեհրանի համալսարանի քաղաքագիտության բաժնում, ապա ուսանել Սորբոնում՝ կինոյի ու փիլիսոփայության ֆակուլտետում: Հեղինակ է մի շարք ժողովածուների: Առավել հայտնի են նրա երկհատորյա «Էդրիսների տունը» և «Թեհրանի գիշերները» վեպերը:
1996 թվականին քաղցկեղի դեմ որոշ ժամանակ պայքարելուց հետո նա ինքնասպան է լինում՝ մտերիմներին թողնելով մի գրություն. «…Սիրելինե՛րս, անտիպ գործերս թողնում եմ ձեզ: Ժամը մեկն անց կես է: Հոգնել եմ: Պիտի գնամ: Նեղություն կրեք, մի՛ թողեք՝ կորչեն, հնարավորության դեպքում հրատարակեք: Ես ոչ մեկին չեմ ատում: Չեմ ուզում՝ սիրեք գիրս: Մենակ եմ, հոգնել եմ. այդ իսկ պատճառով էլ գնում եմ: Երբ բանալին կողպեքի մեջ պտտում ու ոտքս տան շեմին եմ դնում, մութ է: Ես ծառան եմ լուսաշող տների…»:

-Սիրելի՛ ունկնդիրներ, մտածե՛ք հավերժական բառերի մասին, հաշվի՛ նստեք ձեր խղճի հետ: Ո՞վ իմանա, թե ինչ է կատարվում աշխարհում: Գուցե ինչ-որ բան ճաք է տալիս: Երկրի երեսին յուրաքանչյուր ոք անում է մի բան, որ տարբերվում է իր նախկին արարքներից: Յուրաքանչյուր ոք անում է մի բան, որ տարբերվում է ուղեղի վիրահատությունից: Ես դրանում վստահ եմ, քանզի մեկն եմ յոթ գիտուններից: Յոթ գիտունները պակաս երևակայական են, քան մյուս բաները: Դա Պլատոնն է ասել: Սմբատ Զուխոլսն էլ հաստատեց. «Կապիկ վարժեցնող խեղկատակի նման ես խոսում, երանի մի քիչ խելք ունենայիր»: Նայերն ասում է. «Ով բարձր գոռա, կուղարկեմ գժանոց. բարձր պատեր ունի: Այնքան, բարձր, որ երկինք են հասնում: Գլուխներդ կածիլեն, մոխրագույն շապիկ կհագցնեն: Էս լարվածությանը դիմանալն ուժերիցս վեր է»: Մակույկս ջրերին հանձնեցի: Այն ջրերին, որտեղ մեռել լողացողներն իրենց գործն են անում: Ո՞րն է իմ բախտն ու բաժինը: Չե՞ք մեկնաբանում, պարոնա՛յք: Չե՞ք մեկնաբանում, հարգարժա՛ն տերեր: Նայերը միշտ ասում է, որ գժանոցում երկու տեղ է պահել, եթե մենք շատ խոսենք, մեզ կտանի էնտեղ:
Ոլոր-մոլոր ձյունոտ ճանապարհներով քայլում է Նայերը՝ կարմիր քթով, շագանակագույն վերարկուով: Ուսուցչուհի է: Հինգ տարուց ավելի՝ հոր ու մոր մահից հետո, երկու խելագար եղբայրների հետ ապրում է մի հին տան մեջ: Կանգ է առնում փայտե դռան առաջ: Բանալիով բացում այն: Մտնում տուն: Ուռենու ու սոճու ճյուղերը ճկվել են ձյան տակ: Զգուշորեն անցնում է սառցակալած բակն ու հասնում նախասրահին, որին կից հինգ անբնակ սենյակ կա: Ինքն ու խելագար եղբայրներն ապրում են վեցերորդում: Նախասրահի կենտրոնում աթոռակ է դրված: Մահմուդը՝ ավագ եղբայրը, կանգնած դրա վրա՝ ելույթ է ունենում: Երբ բառերն սպառվում են, իջնում է: Մյուս եղբայրը՝ Համեդն է բարձրանում:
– Հարգարժա՛ն պարոնայք, խնդրո՛ւմ եմ, այդքան մի՛ ոգևորեք: Արտահայտելով ձեր զգացմունքները՝ դուք նվաստիս ամաչեցնում եք: Սկսեցինք: Հաշվում ենք՝ մեկ, երկու, երեք: Լո՛ւռ: Լո՛ւռ: Խնդրե՛մ: Քանի որ մտքերս ցրված են ու ստեղծագործական, ասելիքը մտքիցս թռավ: Ես պետական դպրոցում մաթեմատիկա եմ դասավանդում: Մի ամբողջ կյանք պատվով ապրել եմ: Ներեցե՛ք, պարո՛ն Գերեհ, ձեր փողկապը ծռվել է: Խնդրո՛ւմ եմ, ավելի հարգալից նստեք: Դուք մտավորականի ու դասախոսի առջև եք գտնվում: Ափսոս որ էդպես բաց եք թողել ձեզ և ութսուն ձիաուժանոց պոմպի ձայն եք հանում, չաղ ու անբան մարդիկ: Դո՞ւք չէիք, որ մորս թաղեցիք: Չեք հիշում, բայց գերեզմանի գլխին նստած էիք: Մինչև մետաքսե խոնավ ծաղիկներից ձեզ համար մանյակ հյուսեցիք: Չե՞ք ամաչում: Թընկ-թը՞նկ: Էդ լացի ձայնը որտեղի՞ց է գալիս: Այդ ո՞վ է, որ իմ ելույթի ժամանակ խոսքիս թելն է կտրում: Մի նողկալի, դավաճան մո՞ւկ է, թե՞ մի ձի…
Նայերը մոտեցավ ու բղավեց.
-Բավակա՛ն է: Վերջացրո՛ւ: Լեզուդ պապանձվի: Էդ ճառերդ թող մնա էն ժամանակ, երբ ես տանը չեմ: Առավոտից, քանի դեռ մենակ էիք, ինչո՞ւ չէիք ճառում: Էդ ամենը հենց իմ առաջ պիտի ասեք, որ սիրտս մղկտա՞:
Եղբայրները գլուխները կախեցին: Նայերը մի քանի րոպե լռեց, հետո մոտեցավ, շոյեց նրանց գլուխները և քնքշագին ասաց.
-Լա՛վ, հերի՛ք է, հիմա հաշտվում ենք:
Մինչև ընթրիքը երեքն էլ լուռ էին: Միայն Համեդն էր ականջները քորում, անդուր խզխզոց էր լսվում: Մահմուդը չափազանցված ծամածռություններով արտահայտում էր իր խորշանքը եղբոր հանդեպ: Նայերը հավաքեց ամաններն ու լվաց: Դրսում ձյուն էր մաղում: Ժամացույցին նայեց: Տասնմեկն անց տասնհինգ էր: Ասաց.
– Հիմա ճիշտ ժամանակն է: Մարդիկ քնած են և չեն տեսնի ձեզ:
Եղբայրներն ուրախությունից ցատկոտեցին և սկսեցին սենյակի մեջտեղում պարել: Նայերը գոչեց
-Դե՛ հերիք է: Պիտի շուտ դուրս գանք:
Համեդն ուզում էր բոկոտն դուրս գալ: Նայերն առաջն առավ: Հագցրեց գուլպաներն ու կոշիկները, վերակուն, և երեքով դուրս եկան տնից: Հենց հայտնվեցին բակում, Համեդը երգեց: Մահմուդը կծեց վերջինիս արմունկը: Նայերը բարկացավ.
-Եթե պիտի էլի սկսեք, ավելի լավ է՝ հենց հիմա վերադառնանք:
Համեդն ու Մահմուդը պաղատագին խոստացան, որ խելոք կմնան:
Տնից դուրս եկան: Ձյունածածկ փողոցները ճերմակ ճոպանների նման խճճվել էին իրար մեջ ու ձգվում էին հեռուն: Նայերն ասաց.
-Ընտրե՛ք, ո՞ր փողոցով գնանք:
Համեդն ընտրեց ձախակողմյան ճանապարհը: Այդ փողոցում հին աշտարակ ու գմբեթ կային: Մահմուդը թնկթնկաց.
-Էս ճանապարհով գնանք, որ հասնենք պողոտային:
Նայերը միջամտեց.
-Կգնանք մեջտեղի ճանապարհով, որը փակուղի է:
Քայլեցին: Որոշակի տարածությամբ իրարից հեռու փայտե սյուների վրա ցոլցլում էին երկնագույն աղոտ լամպերը: Կապուտակ փողոցում աչք էին զարնում ձնակույտերը: Մահմուդն սկսեց գլուխկոնծի տալ: Փողոցի կենտրոնում կար մի մութ ջրամբար, որ երեսուն-քառասուն աստիճան ուներ: Համեդը գլուխը կախեց ջրամբարի վրա ու գոռաց: Ձայնը պտտվեց դատարկության մեջ ու արձագանքեց: Նայերը կսմթեց նրա թևը.
-Ցանցառություններիդ ե՞րբ ես վերջ տալու: Չե՞ս տեսնում՝ մարդիկ քնած են: Եղբորիցդ օրինա՛կ վերցրու:
Համեդը կատաղած նայեց Մահմուդին: Հետո սկսեց թավալգլոր տալ: Թղթե պտուտակի նման պտտվում էին ձյուների մեջ: Նայերը լիաթոք ծիծաղում էր: Մի քանի անգամ գնացին-եկան փողոցի ողջ երկայնքով: Համեդն ուրախ-ուրախ հայտարարեց.
-Մի բան մտածեցի: Եկեք՝ մրցենք:
-Ի՞նչ մրցույթ:
-Գլոր գլորի: Գետնի վրայով կգլորվենք, ով շուտ տեղ հասնի, նա կհաղթի:
Նայերն ասաց.
-Լա՛վ: Սկսե՛ք: Մեկ, երկու, երեք…
Արագ-արագ գլորվեցին: Ձյունը ճզմվում և այս ու այն կողմ էր ցայտում: Մահմուդն առաջինը տեղ հասավ: Ցնծագին թռչկոտում էր ու բղավում՝ հաղթեցի՜, հաղթեցի՜: Համեդը կատաղությունից բոցավառ աչքերով նայում էր նրան: Նայերն ասաց.
-Ապրե՛ս, լա՛վ տղա: Դու հաղթեցիր:
Համեդը մրթմրթաց.
-Դու սրան շատ ես սիրում: Էս շան թուլին շատ ես սիրում: Սկզբից էլ գիտեի,- հետո բղավեց,- հաշի՛վ չի: Դաղալություն արեցիր: Արի՛ նորից մրցենք:
-Ի՞նչ: Դաղալություն արեցի՞: Կրվել ես, ճարդ կտրած էդպիսի բաներ ես ասում: Նախանձին տարան դժոխք, ասաց… (նայելով Նայերին)… ասաց՝ ի՞նչն էր պակաս, Նայե՛ր: Նրա ցախը թաց է: Ա՜խ, նրա ցախը թաց է: Բայց նա էր համառ:
Նայերը սաստեց.
-Դե՛ բավական է: Աստվա՛ծ սիրեք, դատարկ բաների համար փողոցում կռիվ մի՛ սարքեք: Ի՞նչ տարբերություն՝ ով է հաղթել:
-Ինչի՞, ինձ համար լավ էլ տարբերություն կա,- պատասխանեց Համեդը:
-Դե եթե տարբերություն կա, նախանձից մեռի, տապակվի,- վրա տվեց Մահմուդը:
Համեդը բռունցքով խփեց վերջինիս դեմքին:
-Ռիսկդ հերիքո՞ւմ է, մո՛տ արի,- բղավեց Մահմուդը և ուժեղ աքացի տվեց նրա որովայնին:
Համեդը կծկվեց ուժգին ցավից ու ընկավ գետնին:
Նայերը պաղատեց.
-Աստվա՛ծ սիրեք, բավակա՛ն է: Խնդրո՛ւմ եմ: Ա՛խր մարդիկ կարթնանան:
Համեդը բարձրացավ ընկած տեղից ու մոտեցավ Մահմուդին: Սկսեցին կռվել: Նայերը մեջ ընկավ: Սակայն չկարողացավ դիմադրել նրանց բռունցքների մահաբեր հարվածներին: Երկուսին էլ մի ահարկու ուժ էր համակել: Նայերը քաշվեց պատի տակ ու սկսեց լացել: Եղբայրներն իրար ձուլված թավալգլոր էին տալիս ձյան մեջ: Երկուսն էլ հևում էին ձիու նման և ճանկերն ու ատամները խրում միմյանց դեմք ու գլխի մեջ: Պատի տակ մեծ քար կար: Համեդը բռնեց Մահմուդի ոտքը: Նրան քարշ տվեց դեպի քարը: Նայերը ճչաց, աղաչեց ու պաղատեց: Մահմուդը թափահարում էր ձեռքն ու ոտքը: Բիբերը դուրս էին թռել ակնախոռոչներից: Լույսերի շվարած ցոլքերը կայծկլտում էին նրա երեսին: Փողոցը գերեզմանատան նման լուռ էր: Համեդը բարձրացրեց Մահմուդի գլուխը և ողջ ուժով խփեց քարի սուր ծայրին: Լսվեց գանգոսկրերի ճարճատյունը: Սգավոր Նայերը ճանկռեց երեսը: Տաք արյունը հոսում էր ձյան վրա: Համեդը կատաղած գազանի աչքերով անթարթ նայում էր արյան շիթերին: Մահմուդը բարձրանալու ճիգեր էր անում: Համեդը եղբոր գլուխը կրկին քարին խփեց: Նրա կոկորդից մի քանի ընդհատ ու խռպոտ տնքոցներ դուրս թռան: Թափահարեց ձեռքն ու ոտքը, հետո անշնչացած ընկավ արնախառն ձյան մեջ:
Համեդը քաշվեց պատի տակ: Ապշած նայում էր մի կետի: Նայերը դողում էր, սիրտը շնչահեղձ լինելու աստիճան արագ էր զարկում, ուղեղն ասես շամփրում էին, զգում էր՝ գլխում մի թանձր հեղուկ է հոսում: Հավասարակշռությունը կորցնում էր: Հետո քիչ-քիչ թեթևացավ: Մոտեցավ դիակին: Նստեց գետնին: Չռված մատներով հավաքեց շրջակա ձյունը: Փորձեց ձյունով ծածկել դիակը: Եղբոր ոտքերն իրար մոտեցրեց, ձյուն լցրեց դրանց վրա: Մինչև գոտկատեղը դիակը թաղվեց ձյան տակ: Նայերը բարձրացրեց սառն ու դատարկ հայացքը և հառեց Համեդին: Որոշ ժամանակ լուռ մնաց, ապա անսպասելի քրքջաց.
-Ա՛յ ավազակ, վերջը ուզածդ արեցիր,- ապա կրկին գետնին նայեց և սարսափահար ու սարսռալով հետ-հետ քաշվեց,- տե՛ս, տարանտուլաները : Արյունն են լիզում: Գայլի մարմնով, մարդու գլխով էդ միջատներն արյունն են լիզում: Տեսնո՞ւմ ես դրանց:
Համեդը հանգիստ պատասխանեց.
– Ոչ մի բան էլ չեմ տեսնում: Տարանտուլան ի՞նչ է:
Նայերը մատնացույց արեց դիակը.
-Ինչպե՞ս, դու դրանց չե՞ս տեսնում: Քո՞ռ ես, թե՞ քեզ անհասկացողի տեղ ես դրել:
Համեդը քմծիծաղով կրկնեց՝ տարանտո՜ւլա, տարանատո՜ւլա:
Նայերը նայեց գիշերային մանուշակագույն երկնքին: Տեսավ սև մեծ թռչուններին, որոնք պտտվում էին իրենց գլխավերևում: Մի քանի անգամ հեռացան, ապա դեմ դիմաց թառեցին բարձր պատին: Դրանցից մեկը ծիծաղելով ասաց.
-Երեխե՛ք, եկե՛ք, տեսե՛ք: Էստեղ մեկն սպանել է հարազատ եղբորը: Մութասուվիյաթնե՛ր, բոլորդ հավաքվե՛ք:
Դրանք մեծ թռչուններ էին՝ դեղին բոցավառ աչքերով ու մարդկային լեզվով:
Նայերը հարցրեց Համեդին.
-Բա մութասուվիյաթնե՞րը: Դրա՞նց էլ չես տեսնում:
-Ե՞ս: Ես ոչինչ չեմ տեսնում: Ես քոռ եմ:
Դռնակներից մեկը բացվեց: Մի պառավ դուրս եկավ՝ կարմիր ճրագը ձեռքին, և անատամ, բաց բերանով ծիծաղեց: Ճրագի լույսը կայծկլտաց կարմիր դատարկ հորում: Ասաց.
-Բարի՛ գիշեր: Բարի՛ գիշեր, իմ լա՛վ ընկերներ: Հուսով եմ՝ լավ կքնեք:
Պառավը մարեց ճրագն ու դուռը փակեց:
Քույր ու եղբայր ճամփա ընկան: Երբ հասան ջրամբարին, Նայերը գլուխը կախեց ջրամբարի վրա ու հո՜ւ-հո՜ւ գոռաց: Ձայնն արձագանքեց դատարկության մեջ: Համեդը քրքջաց և ընդօրինակեց՝ հո՜ւ-հո՜ւ: Հերթով գոռում էին: Երբ հոգնեցին, շարունակեցին ճանապարհը: Քայլելիս Համեդը բռնեց Նայերի ձեռքը և քնքշորեն ասաց.
-Հիմա որ էլ Մահմուդը չկա, դու ես իմ զույգը, չէ՞:
Նայերը ծիծաղեց և ամոթխած պատասխանեց՝ հա՛…

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *