Տադեուշ Ռուժևիչ | Հանգիստ թողեք մեզ

Տադեուշ Ռուժևիչը լեհ բանաստեղծ է, արձակագիր և դրամատուրգ։ Ծնվել է 1921թ․-ին Ռադոմսկո փոքրիկ քաղաքում։ Գրականության նկատմամբ նրա հետաքրքրության վրա մեծապես ազդել է ավագ եղբայրը՝ Յանուշը։ Ռուժևիչն առաջին բանաստեղծությունները սկսել է գրել դեռահասության տարիներին։ 1942 թվականին դարձել է հայրենի բանակի զինվոր։ Այդ ժամանակ նա ոչ միայն բանաստեղծություններ էր գրում, այլև խմբագրում էր «Czyn Zbrojny» («Զինվորական գործ») պատերազմական ամսագիրը։ Այդ ընթացքում լույս է տեսնում «Echa leśne» («Անտառի արձագանքներ») ժողովածուն, որը Ռուժևիչի գրական դեբյուտն էր։ Բանաստեղծությունների այս ժողովածուն ջերմությամբ է ընդունվում գրական շրջանակների կողմից։ Պատերազմից հետո Ռուժևիչը նախ հաստատվում է Չենստոխովայում, ապա տեղափոխվում Կրակով և ընդունվում Յագիելոնյան համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետը։ Հետագայում անհաջող փորձեր է անում Փարիզ տեղափոխվելու համար, հետո մի կարճ շրջան հաստատվում է Հունգարիայում և ապա նորից վերադառնում Լեհաստան։ Ռուժևիչի՝ ազատության մասին բանաստեղծությունները քննադատները սկսում են արժևորել միայն Ստալինի մահից հետո։ 1968թ․-ին նա հաստատվում է Վրոցլավում, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ Ռուժևիչը Լեհ գրողների միության անդամ էր, բազմաթիվ գրական, այդ թվում «Նիկե», մրցանակների դափնեկիր։ Թարգմանվել է մոտ 50 լեզուներով։ Մահացել է 2014թ․-ին։
Տադեուշ Ռուժևիչի պոեզիան արտահայտում է օկուպանտի դեմ պայքարում մեծացած սերնդի անհանգստություններն ու դառնությունը։ Նրան առավելապես անհանգստացնում է իրականությունը, որում արժեքները չափազանց հարաբերական են։ Ռուժևիչի քնարական հերոսը տառապած, ինքնությունից զուրկ անհատականություն է, որը կարծես կորցրել է իրեն մի աշխարհում, որտեղ ձևն ու բովանդակությունը քայքայված են։

 

Հանգիստ թողեք մեզ

Մոռացեք մեր մասին
մեր սերնդի մասին
ապրեք մարդկանց նման
մոռացեք մեր մասին

մենք նախանձում էինք
բույսերին ու քարերին
նախանձում էինք շներին մենք

կուզեի առնետ լինել
ասում էի այդ ժամանակ ներան

երանի չլինեի
երանի քնեի
ու արթնանայի պատերազմից անդին
ասում էր նե փակ աչքերով

մոռացեք մեր մասին
մի հարցրեք մեր երիտասարդությունից
հանգիստ թողեք մեզ

 

Փրկվածը

24 տարեկան եմ
Փրկվել եմ
Սպանդի ճիրաններից։
Սրանք դատարկ ու միանշանակ բառեր են.
Մարդ և անասուն
Սեր և ատելություն
Թշնամի և ընկեր
Խավար ու լույս։
Մարդուն սպանում են անասունի նման
Տեսել եմ
Սայլեր լի մասնատված մարդկանցով
Որոնք չեն փրկվի։

Հասկացությունները սոսկ բառեր են.
Առաքինություն և մեղք
Ճշմարտություն և սուտ
Գեղեցկություն և այլանդակություն
Քաջություն և վախկոտություն։

Առաքինությունն ու մեղքը հավասար են կշռում
Տեսել եմ
Մարդուն, որը միաժամանակ
Առաքինի էր և մեղսագործ։
Փնտրում եմ ուսուցիչ ու վարպետ
Թող վերադարձնի տեսողությունս լսողությունս ու խոսքս
Թող ևս մեկ անգամ անվանի իրերն ու հասկացությունները
Թող բաժանի լույսը խավարից:
24 տարեկան եմ
Փրկվել եմ
Սպանդի ճիրաններից:

 

մանր հայտարարություններ ու գուշակություններ

կփոխանակեմ տեսողությունը շոշափելիքի հետ
շոշափելիքը հոտառության
կփոխանակեմ հոտառությունը համի հետ
համը ձողիկների հետ կծու
որ խոզի մսից են գունավոր պղպեղով համեմված
կփոխանակեմ ձողիկները
բանաստեղծության հետ փոքրիկ
Նկարագրիր քնքշանքը
իսկ ես քեզ կասեմ
կլինես արդյոք դու գրամոլ
նկարագրիր երջանկությունը
որ հանդիպել է քեզ և
դժբախտությունը
որ փուլ է եկել գլխիդ
և կասեմ քեզ թե ով ես
ասա ինձ բանաստեղծությամբ
հնարավորինս հակիրճ
ինչով է տարբերվում սերը
ատելությունից
ասա ինձ
ինչով է տարբերվում
սև քառակուսին քառակուսուց սպիտակ
և ես քեզ կասեմ
կլինես դու Մալևիչ
թե սոսկ շրջանակ կլինես նկարի
ասա ինձ ինչով է տարբերվում
երեքշաբթին չորեքշաբթի օրվանից
և կասեմ քեզ թե դու
ապագայագետ ես թե ապագա
դատարկաբան
ասա ինձ երբ կգա
վերջը աշխարհի
իսկ ես քեզ կասեմ թե երբ
այն վերջ չի ունենա

 

Թարգմանություն լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *