Նարինե Կռոյան | Հավատարիմ ստրուկներ ձեռք բերելու համառոտ դասընթաց

Ուրիշների տունը

Հայրս ու մայրս երկու ամսով և ինչ-որ անհետաձգելի գործերի բերումով արտերկիր էին մեկնել, և ես ստիպված էի մնալ մեր ոչ այնքան հեռու բարեկամների մոտ: Ճիշտն ասած`«ստիպված»-ն այս պարագայում գործածելը բոլորովին չէր համապատասխանում իրականությանը, և ես պիտի այլ կերպ արտահայտվեի ինձ հյուրընկալող բարեհամբույր ամուսնական զույգի մասին, սակայն «ստիպվածը» ստիպված եմ դեռևս թողնել, քանի որ հաճախակի զանգահարող ծնողներիս պարբերաբար զեկուցում էի, որ նրանք ինձ շրջապատել են առանձնակի հոգատարությամբ և ամենայն մանրամասնությամբ հսկում են իմ յուրաքանչյուր քայլը: Եթե ես այլ բան ասեի, դա կլիներ իմ կյանքի ամենամեծ սուտն ու ճշմարտությունը միաժամանակ, ու ես ստիպված ստում էի:
Իհարկե, տիկին Շողիկը ակամա լսում էր համակարգչի առջև իմ երկար-բարակ խոսակցությունները հատկապես մորս հետ, սակայն ես այլընտրանք չունեի. հայրս պարզապես կզանգահարեր գյուղում ապրող հորեղբորս (ես դրանում գրեթե համզված էի), և ստիպված կլինեի (դարձյալ` ստիպված) դպրոցական արձակուրդիս մնացած մասն անցկացնել նրա բազմանդամ ընտանիքի հետ` վաղ արթնանալով և շուտ պառկեով, ինչն իմ պլանների մեջ բոլորովին չէր մտնում:
– Ինչպե՞ս ես զգում քեզ մեր տանը,- մի օր էլ նախաճաշի ժամանակ հարցրեց տանտերը` քեռի Լևոնը …. Լևոնը:
Մոռացա նշել, որ ամուսիններն ինձ խնդրել և պարտադրել էին իրենց անուններով դիմել` առանց «քեռիների» և «տիկին-մորաքույրների», իսկ ես պարզապես Բոբն էի:
Երբ փոքր էի, բակում ինձ Բոբո էին ասում, իսկ լավագույն դեպքում` Սպունգ-Բոբ, ինչն ասոցացվում էր միմիայն տհաճ բաների հետ, և ինձ ահավոր ցավ էր պատճառում: Մեծացա և իմացա, որ դեռևս ռոքի, ռեգիի և այլ ազատական հովերով ապրող և, ցավոք, ոչ այնքան երիտասարդ ծնողներս ինձ այդպես էին անվանակոչել իրենց սիրելի Բոբ Մառլիի պատվին, ինչը, ոմանց (տատիկ-պապիկներիս) կարծիքով, սպասելի էր: Սպասելի չէր նրանց ազատության ջատագով լինելն ու իմ նկատմամբ գրեթե տոտալ հսկողություն սահմանելու մոլուցքը: Սակայն, սա ևս իր բացատրությունն ուներ, որովհետև սեփական երեխաների հետ առնչվելիս` մարդիկ, չգիտես ինչու, հանկարծ մոռանում են բոլոր վեհ գաղափարների մասին և տրվում «յուր» սերունդն ամեն հնարավոր և զուտ մտացածին վտանգներից անձնվերաբար պաշտպանելու բնազդին: Այնպես որ, ինչպես հայտնիներից մեկն է ասել, բոլոր հեղափոխականներն ի վերջո դառնում են պահպանողական: Ստցվում է, որ այդ «ի վերջոն» իմ պարագայում ես էի, իսկ մեծամասնության համար` նրանց երեխաները, և սա, փաստորեն, աքսիոմ է:
Այս ամենից հետո պիտի հասկանալի լինի, որ Բոբ Մառլին իմ երաժիշտը չէր:
Իրականում անունս Ռոբերտ է, և ես դեռ տասնհինգ տարեկան եմ:
Այս բոլոր մտքերն ու ինքնապարզաբանումները, մի պահ շեղեցին ինձ, սակայն ես այնուամենայնիվ պատասխանեցի տանտիրոջ հարցին (կարծում եմ` ոչ այնքան ուշ).
– Լավ, շնորհակալություն, ամեն ինչ լավ է:
– Մարիամի հետ խոսելիս` Բոբին ասաց, որ մենք համակ ուշադրությամբ և առանձնակի հոգատարությամբ ենք իրեն շրջապատել,- տանտիրուհին մեղավոր ժպտաց:
Ժպտաց նաև Լևոնը.
– Ինչու՞ ես նրանց այդպիսի բան ասել: Նրանք մեզ լավ են ճանաչում:
Ես ինձ վատ զգացի.
– Կներեք, ես չէի ուզում…
– Լավ, ոչինչ… Իսկ դու իսկապես համակ ուշադրության և առանձնակի հոգատարության կարիք ունե՞ս:
– Չէ, ինչ եք ասում: Այստեղ ես ինձ իսկապես լավ եմ զգում:
– Իսկ ինչո՞ւ…,- սուրճի մեծ գավաթը սեղանին դնելով` շարունակեց տանտերը:
Գլուխս կախեցի. ասես` արգելված բան պիտի ասեի:
Ամուսինները, շարունակելով ժպտալ, դեռ ըմպում էին անհատնում սուրճը և թվում էր, թե իմ պատասխանն այդքան էլ էական չէ: Ուրեմն` ես արդեն կարող էի պատասխանել.
– Դուք ինձ ոչինչ չեք պարտադրում, անիմաստ խորհուրդներ չեք տալիս: Ազատության անբացատրելի զգացում ունեմ, բայց նաև ինձ ավելի պարտավորված եմ զգում: Զարմաալի է:
– Հրաշալի է,- Շողիկը ձեռքերը շփեց:
Լևոնը մերթ իմ, մերթ կնոջ կողմը նայելով` երկար լռեց, ապա կրկին իմ կողմը դառնալով ասաց.
– Սիրելի Բոբի, դեմ չես լինի՞, եթե մենք միասին մի հատաքրքիր գիտափորձ անցկացնենք: Երկուսս էլ արձակուրդում ենք և տունն ու այգին, բացառությամբ Շողիկի ծաղիկների, մեր տրամադրության տակ են:
– Իհարկե դեմ չեմ,- ես ոգևորվեցի:- Իսկ ի՞ նչ ենք անելու…
– Լևոն, խնդրում եմ, միայն թե այս անգամ պիտի իսկապես զգույշ լինես: Մի մոռացիր, որ Բոբին ընդամենը տասնհինգ տարեկան է:
– Իհարկե, Շող, դու ինձ չգիտե՞ս…. Եվ հետո տասնհինգ տարին մի ամբողջ կյանք է շատ արարածների համար, որ կարելի է ապրել կամ չապրել:
– Այո, ես քեզ շատ լավ գիտեմ: Դու անուղղելի ես,- անչար պատասխանեց Շողիկն ու դուրս եկավ խոհանոցից:
Այս ամենն, իր ահավոր խորհրդավորությամբ, այնքան կլանեց ինձ, որ չլսեցի Լևոնի ձայնը, ով արդեն հասցրել էր դուրս գալ և պատուհանի տակ կանգնած` այգուց ինձ էր կանչում:
Ես հապշտապ դուրս թռա և հայտնվեցի տանտերերի խորդանոցում, որտեղ ինձ համար ակնհայտ գանձեր կային` հին հեծանիվ, երկու կոտրված կիթառ, լուսանկարչության ամենատարբեր պարագաներ, իսկ պատերի վրա, ասես պատանու անվարժ ձեռքով խզմզած, պացիֆիկի մեծ ու փոքր մի քանի նշաններ:
– Տղաներս են նկարել, երբ մոտավորապես քո տարիքին էին,- ձայնեց Լևոնը` դուրս քաշելով տախտակի մի քանի կտոր:- Օգնիր:
Երբ տախտտակները փոշու հաստ շերտի հետ միասին դասավորեցինք դրսում, ես հարցրեցի.
– Ի՞նչ ենք անելու: Սրանք ինչի՞ համար են:
– Շան բուն ենք պատրաստելու,- կարճ կապեց տանտերը:
– Բայց դուք շուն չունեք:
– Երեկոյան կունենանք:
Ես այլևս հարցեր չտվեցի, և մենք անցանք գործի:
Երկու ժամից տնակը պատրաստ էր:
– Մեր շունը երևի շատ փոքր է լինելու, չէ՞,- զգուշավոր հարցրեցի արդեն լվացվող տանտիրոջը:
– Ինչու՞ ես այդպես կարծում:
– Բունը շատ փոքր ստացվեց:
– Չստացվեց: Ես ի սկզբանե մտադրվել էի հենց այսպիսի բուն պատրաստել:
– Ուրեմն` այստեղ մենք մեծ շուն ենք պահելու՞:
– Անպայման:
Ես ասելիք չունեի: Ցնցված էի: Մինչ այս պահը իմ պատկերացումները քեռի Լևոնի մասին այնքան իդեալական, համարյա` վերերկրային էին, որ հազիվ թե ժամանակակից սրբադասվածներից որևէ մեկն այդպիսի նկարագիր ունենար իր երկրային կյանքի ընթացքում: Սակայն, այնուամենայնիվ, որոշեցի սպասել և նույնիսկ կատակեցի.
– Պավլովի նման փորձեր եք ուզում անե՞լ:
– Նման մի բան,- հանգիստ պատասխանեց նա,- միայն մի տարբերությամբ. Պավլովը մարմինն ու բնազդներն էր փորձում, իսկ մենք ոգու, բանականության փորձություն պիտի անցնենք:
– Մե՞նք, թե՞ շունը…
– Հետո ինքդ կտաս դրա պատասխանը: Լա՞վ:
Ես դարձյալ ասելու ոչինչ չունեի:
Մի քիչ փորփրեցի համակարգիչը, մատներս սահեցրի լայնաձակ գրադարանի գրքերի վրայով, հանեցի, աչքի տակով անցկացրի և նորից տեղը դրեցի մի քանի գիրք, որոնց վերնագրերն ինձ այնքան էլ գրավիչ չթվացին, ապա անցա գրասեղանի վրա դրված լուսանկարների բազմաթիվ ալբոմներին` իհարկե նախապես թույլտվություն խնդրելով ընթերցանությամբ տարված Շողիկից:
Ալբոմներից մեկում Լևոնի` զինվորական համազգեստով լուսանկարներն էին` սևուսպիտակ, մի տեսակ խամրած ու ծալծլված: Ես չտեսա, որ նա ինձ շատ մոտ էր կանգնած.
– Դա շատ վաղուց էր, Բոբի: Ես քեզնից այնքան էլ մեծ չէի, երբ ինձ տարան պատերազմ:
– Պատերա՞զմ …
– Աֆղանստան,- նա ծանր դադար տվեց:- Ամեն սերունդ իր պատերազմն ունի:
– Այն ժամանակ էլ էր այսպե՞ս… Ինչպես այսօր, Արցախում..
– Մեռնելու տեսանկյունից` այո: Իսկ մյուս տարբերությունը դու ինքդ գիտես:
– Այ, այստեղ, այս նկարում Դուք լրիվ վիրակապերի մեջ եք..
– Հա: Վրանային հոսպիտալում էլ լուսանկարեցին:
– Կպատմե՞ք…
Ամուսիններն իրար նայեցին:
– Իսկ դու իսկապե՞ս ուզում ես լսել այդ մասին:
– Այո, շատ եմ ուզում, եթե կարելի է:
– Լավ, ուրեմն` լսիր:
Նա նստեց բազմոցին ու խաչեց ոտքերը.
– Իմ զորակոչը 1984-ի գարնան էր: Մոտ չորս ամիս ծառայեցի նախկին Խորհրդային միության հյուսիս-արևմտյան ռազմական շրջանում` այժմյան Նիժնի-Նովգորոդի մոտերքը, հետո մեզ տեղափոխեցին Աֆղանստան: Այնտեղ պատերազմ էր: Այն ժամանակ քաղաքական աշխատանքների գծով հրամանատարի տեղակալի պաշտոն գոյություն ուներ, և նրանց սուրբ պարտականությունն էր մեզ համոզելը, որ իբր մենք այնտեղ ենք եղբայրական աֆղան ժողովրդին արյունարբու իմպերիալիստերի ձեռքից փրկելու մարդասիրական վեհ առաքելությամբ` միաժամանակ նրանց սոցիալիզմի լուսավոր գիրկն առնելու այլընտրանք չունեցող մղումով: Սակայն, երբ տեսնում էի, թե ինչպես են տասնութ-քսան տարեկան պատանիները զոհվում ցերեկը մեզ շուրավի, իսկ գիշերը` դուշման որակող և ոչ մեկի գիրկը չշտապող եղբայրական ժողովրդի կողմից, երբ «Սև կակաչ» տխուր անունն ուեցող ինքնաթիռներով փակ դագաղներ էին տեղափոխում երկիր ու հանձնում որդեկորույս ծնողներին, սկսում էի հասկանալ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այս պատերազմում այն չէ:- Լևոնը մի պահ լռեց, տխուր հոգոց հանեց ու շարունակեց:- Չնայած` ոչ մի պատերազմ էլ ինձ համար արդարացում չունի …
– Իսկ այսօ՞ր,- ես ակամա ընդհատեցի նրան:- Կռվել հանուն հայրենիքի ևս անիմա՞ստ է:
Ամուսինները նորից խորհրդավոր իրար նայեցին:
– Հասկանու՞մ ես,- շարունակեց Լևոնը,- ինչպես դու, այնպես էլ խրամատի մյուս կողմում կանգնածը գրեթե միշտ համզված է, որ հանուն հայրենիքի է կռվում: Եվ ամբողջ աբսուրդը հենց դրանում է:
Ես ապշած էի, շփոթված: Նման բան մինչ օրս չէի լսել:
Տանտերը հավանաբար հասկացավ իմ հոգեվիճակը և բազմոցից վեր կենալով ասաց.
– Լավ, կարծում եմ քեզ հոգնեցրի: Գիտափորձը սկսե՞նք, թե՞ միտքդ փոխել ես:
– Չեմ փոխել,- պատասխանս կտրուկ էր:
Չգիտեի` ինչ եմ զգում: Մի բան հաստատ էր. ես ամեն կերպ ուզում էի հակադրվել այդ ինքնավստահ ու այդքան ինքնահավան մարդուն, ով իրեն իրավունք էր վերապահում հեշտությամբ խաղալ իմ և յուրաքանչյուրի զգացմունքների հետ, այն էլ այսօր, երբ սահմանին պատերազմ է, երբ գրեթե ամեն օր զոհեր ենք ունենում, իսկ նա …..
Մտքերի մեջ` չհասկացա, թե ինչպես, հետևելով Լևոնին, հայտնվեցի նրանց առանձնատնից փոքր-ինչ հեռու գտնվող աղբամանների մոտ:
Տղամարդը ձեռքը դրեց ճակատին ու կանչեց.
– Սիմկա, Սիմկա ….
Հանկարծ աղբարկղերից մեկի ետևից փողոցային, անտեր մի շուն հայտնվեց և, պոչը ոտքերի արանքում սեղմած ու ոչինչ չարտահայտող աչքերով, մեզ նայեց: Լևոնը թղթի մեջ փաթաթած ոսկորի մի կտոր հանեց և մեկնեց շանը:
Երբ քաղցից կախված փորը ճոճելով կենդանին վախվխելով մեզ մոտեցավ և քիչ անց ամեն բան մոռացած սկսեց հոշոտել ընծան, տղամարդն ամուր բռնեց նրա գլուխն ու վզին օղապարան հագցրեց:
Շունը գրեթե չդիմադրեց:
– Ուտելիս կենդանիները սովորաբար ագրեսիվ են լինում: Ինչո՞ւ նա չընդվզեց,- չհամբերեցի, որովհետև շատ կուզենայի, որ շունը հարձակվել ինքնահավանի վրա:
Ես մի պահ նույնիսկ երազեցի հորեղբորս տանը լինել, քան տարօրինակ այս զույգի մոտ, որոնք բացարձակ հաշվի չէին նստում իմ զգացմունքների հետ, ասես` ես չկայի կամ իմ ներկայությունն այնքան էլ էական չէր:
– Ես նրան վաղուց եմ կերակրում: Այս մի քանի օրը դիտավորյալ ոչինչ չէի բերել, և Սիմկան հավանաբար ընտրության հնարավորություն չուներ:
Փաստորեն` ես էլ չունեի, որովհետև ինձ համար պարզ դարձավ` Լևոնն իր «գիտափորձ» կոչվածը, մինչ ինձ հետ համաձայնեցնելը, ավելի վաղ էր պլանավորել, ասես համոզված էր, որ ես անպայման կընդունեմ նրա առաջարկը:

«Գիտափորձ»: Փուլ առաջին: Ազատություն

Սիմկան այգում էր: Նա զգուշավոր հոտոտում էր ամեն անկյուն, պատ ու ծառաբուն: Բարեբախտաբար Շողիկի ծաղկանոցն առանձին ցանկապատ ուներ, այլապես տանտիկնոջ զայրութն ավելի արտահայտիչ կլիներ, քան առկա փնթփնթոցն էր:
– Իսկ Սիմկային չեք կապելո՞ւ,- հուսահատ դիմեցի կուշտ կենդանու խանդավառ վազքին հետևող տանտիրոջը:
– Ոչ իհարկե: Նա պիտի ազատ լինի:
– Նա այնտեղ` դրսում էլ էր ազատ,- հակադարձեցի ես:
– Սակայն կուշտ չէր: Գիտե՞ս, շատ հազվադեպ է լինում, երբ կենդանին միաժամանակ և ազատ է լինում, և կուշտ:
Ես կարծես չհասկացա.
– Այսինքն` ազատության տարատեսակներ կա՞ն:
– Տեսակներ չէ: Աստիճաններ` հավանաբար: Կարծում եմ, որ այգու պատերը չեն սահմանափակում նրա ազատությունը, որովհետև նա և կուշտ է, և ազատ, և ամենակարևորը` սիրված:
– Սիրվա՞ծ ….
– Այո, որովհետև նրան կերակրել են` դիմացը ոչինչ չպահանջելով: Դա նշանակում է սիրել:
– Կրկեսում տեսել եմ` ինչպես են ներկայացման ժամանակ կերակրում կենդանիներին: Երբ կենդանին հնարք է բանեցնում, միայն այդ ժամանակ է վարժեցնողը նրա բերանը ինչ-որ բան գցում:
– Եվ ուրեմն` ….
– Այնտեղ նրանց չեն սիրում:
– Ապրես:
Ես իմ կողքին կանգնած տղամարդու մեջ կարծես նորից տեսա նախկին Լևոնին, ում վերաբերվում էի ակնածանքով` ինքս էլ մինչև վերջ չիմանալավ` ինչու:
Նա ձեռքը դրեց ուսիս և ասաց.
– Գնանք ընթրելու: Խոսելու համար դեռ շատ ժամանակ կունենանք:
Ես արագ կուլ տվեցի ողջ կերակուրն ու վերադարձա այգի:
Սիմկան նստել էր խորդանոցի պատի տակ ու նիրհում էի: Նա միայն մի պահ ցցեց ականջներն ու կրկին վերադարձավ իր կուշտ քնի անհասկանալի աշխարհը, որտեղ երևի ամեն բան ոսկորի էր նման: Ես մտածեցի, որ հենց այստեղ, հենց Սիմկային է վերաբերում «շրջապատել առանձնակի հոգատարությամբ և ամենայն մանրամասնությամբ հսկել յուրաքանչյուր քայլը» արտահայտությունը` չնայած «հսկողությունն» ու սերը կամ «հսկողությունն» ու ազատությունը ավելի շատ ներհակ էին միմյանց ու այնքան էլ հեշտությամբ չէին համատեղվում իմ փորձության ենթարկվող գիտակցության մեջ:
Սակայն շան նկատմամբ տանտիրոջ նման վերաբերմունքը վերականգնել էր իմ հոգեկան անդորրը, և ես շատ էի ուզում լսել, վիրակապերով լուսանկարի հետ կապված, կեսօրվա պատմության շարունակությունը:
Լևոնն արդեն նստած էր բազմոցին և ինձ էր սպասում: Այնպիսի տպավորություն էր` ասես նա կարդում էր, կանխագուշակում իմ մտքերն ու ցանկությունները: Միևնույն է, ես դրանից վատ չզգացի, և տանտերը շարունակեց իր պատմությունը.
– Վիրավորվեցի: Թոքիս, լյարդիս, ստամոքսիս մի մասը, հեռացրեցին: Ծանր բեկորային վասվածք էր:
Ես բռունցքներս թաղեցի բազկաթոռի թևերի փափկության մեջ: Մեղավոր դող անցավ մարմնովս, սակայն ես մեծ էի, համարյա` տղամարդ, և չպիտի ցույց տայի իմ հուզմունքը` մանավանդ մեղքի զգացումը, որ ուտում էր ներսս և թույլ չէր տալիս ուղիղ նայել իմ դիմաց նստած և այդքան տառապանքի միջով անցած մարդու աչքերին:
– Հոսպիտալում, մանավանդ ցավազրկողների ազդեցության տակ պառկած, հետաքրքիր էր հետևել մահճակալների արանքով վազվզող առնետներին,- շարունակեց պատմողը:- Այդ ամենն ինձ հիշեցնում էր Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը»` միայն մի էական վերապահությամբ. նրանց ոչ ոք չէր պատրաստվում սպանել:- Հանկարծ նա կանգ առավ ու գլուխը մի կողմի վրա թեքելով հարցրեց,- «Հավերժության օրենքը» կարդացե՞լ ես:
Ես ժխտական ճոճեցի գլուխս:
Լևոնն անշտապ վեր կացավ, մոտեցավ գրապահարանին և գտնելով ոչ այնքան հաստ, մուգ կանաչ կազմով մի գրքույկ` ինձ մեկնեց: Հետո զբաղեցրեց բազմոցի իր անկյունն ու շարունակեց այնպես, ասես չէր էլ ընդհատել.
– Իրականում սպանել ուզում էին մեզ` մահճակալների վրա պառկածներիս, իհարկե` ոչ հոսպիտալում և ոչ մերոնք: Հասկանում ես: Առնետներին հիվանդասենյակներ, ավելի շուտ` հիվանդադահլիճ էր բերում մահվան հոտը, քանի որ իրենք էլ էին մահվան նման անկոչ ու անամոթ: Նրանք հացի խնդիր չունեին, այլապես հոսպիտալի կողքին գործող զինվորական ճաշարանը նրանց համար պիտի որ ավելի գրավիչ լիներ: Իսկ նրանք այստեղ էին` կյանքի ու մահվան մենամարտի դահլիճում: Ի հավելումն այդ ամենի ես հանկարծ հիշեցի, որ զինանոցում առնետներ չկային` չնայած այնտեղ մշտապես առկա սննդի մնացորդների առատությանը: Այդ մնացորդներն առաջանում էին շուկաներում տեղացիների հետ զինվորական հագուստ-կոշիկները, փամփուշտը, երբեմն էլ ավելի լուրջ զինամթերքը արևմտյան և մեզ զարմանահրաշ թվացող սննդամթերքով փոխանակելու և հերթպահների կողմից, մանավանդ գիշերները, թաքուն վերջը տալու արդյունքում: Ուրեմն` առնետներին վանում էր զենքի հոտը: Անբացատրելի մի բան էր, որ միաժամանակ այնքան պարզ էր: Այնտեղ, որտեղ կյանքն էր, մահը միշտ ներկա էր, որովհետև այնտեղ էր նրա գոյության պատճառը` ինքը կյանքը: Իսկ զինանոցում կյանքին սպառնացող մահն էր` զենքը, և մահվան հոտը վանում էր … մահը: Ինչպես հայտնի օրենքում է` միատեսակ լիցքերը վանում, իսկ տարատեսակները` ձգում են միմյանց: Առնետներն այդ ամենը լավ գիտեին, և նրանց շնորհիվ արդեն գիտեի նաև ես: Մահվան առկայությունը ենթադրում էր նաև ապրելու, պայքարելու առկայություն, և նրանք, ովքեր շարունակում էին պայքարել, հաղթում էին:- Պատմողը ոտքի ելավ և սկսեց քայլել սենյակում:- Ես հաղթեցի և ազատ էի, քան երբևէ: Մինչ այդ ազատությունն ինձ համար ընդամենը բառ էր` երբեմն պաթետիկ, երբեմն ժանյակազարդ, երբեն էլ` պարզապես անհասկանալի: Նրանք, ովքեր հանձնվում էին, դառնում էին մահվան ստրուկը, իսկ ստրկությունը հենց մահն է կամ ավելի վատ մի բան:
Լևոնը կրկին նստեց: Զգացվում էր, որ ահավոր հոգնած է.
– Մահվան ստրկությունից ազատվելով, սակայն, ես շարունակում էի մնալ պատերազմի ստրուկը` նրանց, ովքեր մոգոնել էին այդ մսաղացը, որի անհագ երախը ամենուր և միշտ թարմ ու ջահել միս է ուզում:
Բոլորս միառժամանակ լուռ էինք: Ես հասկացա, որ տանտիրոջ ասելիքն ավարտվել է կամ էլ պատմության հերոսն այն շարունակելու ցանկություն այլևս չուներ: Զարմանալի էր ընդամենը մի լուսանկարի այդ պատմությունը, որ միաժամանակ պատմություն էր ամեն ինչի մասին: Ես ամաչում էի: Իմ դիմաց նստած էր մեկը, ում նորից լսելու համար ես ամեն ինչ կտայի, իսկ ժամեր առաջ պարզապես ատում էի նրան:
Ես կիսաձայն «բարի գիշեր» մաղթեցի ամուսիններին ու «Հավերժության օրենքը» ձեռքիս գնացի քնելու, սակայն այդ օրվա բոլոր և այդքան հակասական իրադարձություններից հետո մի՞թե հնարավոր էր քնել: Կարդալ ևս չհաջողվեց. չէի կարողանում կենտրոնանալ:
Իմ պատուհանից գիշերային այգին նման էր հեքիաթ-ֆիլմի անշարժացած դրվագի: Լիալուսնի ամառային լույսը թափանցիկ շղարշով էր այն ծածկել, ու երկնքից ցողի հետ իջնող խաղաղությունն անխաթար էր թվում: Սիմկան արդեն ծաղիկները վարագուրող ցածրիկ ցանկատատի տակ էր պառկած: Շունն իսկապես ազատ էր, որովհետև ինքն էր ընտրել այն տեղը, որտեղ պառկած էր: Միայն այգու հեռու մի անկյունում ստվերին էր տալիս բունը, որ Սիմկայինն էր կամ` հակառակը:

«Գիտափորձ»: Փուլ երկրորդ: Շղթա

Այգու հովվերգությունը ինձ թմրեցրել էր, և ես մտածեցի, որ աշխարհում ամենալավ բաները ևս ի վերջո կարող են ձանձրացնել: Իհարկե, այդ ընթացքում ես հասցրեցի կարդալ «Հավերժության օրենքը»:
Այդ փոքր գրքի մեջ, առանց ավելորդ պաթոսի ու ոգևորության, այնքան ուժ կար, այնքան ոգի, որ ապրելը ցանկացած պարագայում, գոնե որպես պատասխանատվություն, իմաստ ուներ միշտ:
Հզոր էր:
Ինձ միայն մի բան էր մտահոգում. արդյո՞ք իմ ծնողներից բացի` որևէ մեկը պատրա՞ստ էր իր ուսը դնել ի՛մ հոգու ծանրության տակ, թե՞ ամբողջ կյանքում ես այն մենակ էի տանելու: Իսկ եթե շատերին հայտնի չէ Դումբաձեի բացահայտած գաղտնիքը՞…. , և որոշեցի, որ տուն վերադառնալուն պես պիտի զբաղվեմ այդ վեպի գովազդով, այլապես ես արդեն պարտավոր էի ուրիշի հոգու ծանրությունը տանել, իսկ մյուսները` ո՞չ: Արդար չէ:
Այս ամենի հետ միասին ես պիտի կրեի նաև այս հյուրընկալ տանտիրոջ հոգու բեռի մի մասը ևս, իսկ այն պիտի որ անտանելի ծանր լիներ:
Մի օր էլ, մի կողմ դնելով իր հոգու ողջ այդ ծանրությունը, Լևոնը Սիմկային փորձեց հանել այգուց: Շունը չէր ենթարկվում: Չօգնեց նաև բակի դարպասներից դուրս դրված մսի կտորներով լի ափսեն. Սիմկան գտել էր իր դրախտը և այն լքել չէր պատրաստվում:
– Մենք Սիմկային բաց ենք թողնու՞մ,- հարցրեցի` տանտիրոջ ապարդյուն ջանքերին հետևելով:
– Ոչ: Ես նրա պարզապես ընտրության հնարավորություն եմ տալիս:
– Նա ուզում է մնալ:
– Այո, ուզում է: Ուրեմն` …. պիտի ընդունի տանտիրոջ պայմանները:
Լևոնը վերցրեց դարպասի մոտի մսակտորներներով լի ափսեն ու տարավ շան բնի մոտ:
Սիմկան այս անգամ հաճույքով գնաց տանտիրոջ ետևից: Մինչ նա խփշտում էր ափսեի ախորժելի պարունակությունը, տանտերը մի ծայրը բնին նախապես ամրացրած շղթայով կապեց նրան: Սիմկան կարծես չհասկացավ` ինչ է տեղի ունենում: Սակայն երբ կերամանն արդեն դատարկ էր, շունը փորձեց մեր կողմը վազել, բայց շղթան կասեցրեց նրա ընթացքը: Նա կրկին փորձեց և փորձեց էլի, մինչև գլխի ընկավ, որ պարզապես գամված է փոքրիկ մի տնակի, որ իր համար պատրաստել էին դրախտում:
– Հիմա նա կսկսի հաչալ և կփորձի շղթան պոկել,- ասես ինքն իր հետ խոսելով` ասաց Լևոնը:
Ես չպատասխանեցի:
Սիմկան թափ էր առնում և ձիու նման սառս լինելով` բարձրանում էր ետևի թաթերի վրա ու կոկորդի ողջ ուժգությամբ անդադար հաչում էր:
Հանկարծ տան պատուհանները շրխկալով փակվեցին:
– Շողիկը չի դիմանում,- բացատրեց Լևոնը:- Իսկ դո՞ւ:
– Եթե Դուք ամեն ինչ նախօրոք գիտեք, ասեք` որքան է տևելու Սիմկայի այս տառապանքը:
– Տառապա՞նք ….,- զարմացավ տանտերը:- Բոբի, նա սկսել է պայքարել, կռվել իր ազատ ընտրության, ազատության համար ընդհանրապես: Մի՞թե դա տառապանք է: Հիմա նրա մեջ ադրենալինը ափ է տալիս, և գուցե առաջին անգամ իր շնային կյանքում նա իրեն իսկապես գազան է զգում, գիշատիչ:
Խոսողի մեկնաբանություններն ինձ հերթական անգամ շփոթության մեջ գցեցին: Այո, նա ճիշտ էր: Այս ողջ ընթացքում ես չէի էլ պատկերացնում, որ փողոցային այդ չարքաշ կենդանին այդքան պիրկ մկաններ կունենա, պոկվելու և շղթան պոկելու այդքան կորով: Զարմանալի էր:
– Պիտի հեռանանք,- անշտապ ասաց Լևոնը,- մենք նրա համար և հանդիսատես ենք, որի ներկայությունը դերակատարին ստիպում է շարունակել խաղը, և արդեն թշնամի: Եթե այսպես շարունակվի, նա տեղից բունն էլ կպոկի:
Ես ոչինչ չէի զգում, միայն քայլում էի տանտիրոջ ետևից` փորձելով հասկանալ և նրան, և շանը.
– Եթե նրան հիմա արձակենք, կհարձակվի՞ մեզ վրա:
– Չեմ կարծում: Կհաչա, կձևացնի, թե պատրաստվում է հարձակվել, բայց կփախչի:
– Ինչու՞:
– Այդպես հեշտ է:
– Լևոն, Դուք էլի եք նման բան արե՞լ:
Հիմա էլ լռելու հերթը նրանն էր:
Հիշեցի խորդանոցի պատերի ջրաներկ պացիֆիկները և ես էլ լռեցի:
Ներսում ամեն բան առաջվա նման էր` անվերջանալի ոռնոցի վերածված շան հաչոցից բացի, որ ականջ մաշելու փոխարեն, սիրտս էր մաշում:
Ես քաղաքավարի հրաժարվեցի ընթրիքից ու քաշվեցի իմ սենյակը: Միացրեցի պլանշետս ու ականջակալներս դրեցի:
Քիչ անց թվաց, թե ականջներիս մեջ հնչող երաժշտությունն էլ ընդամենը ոռնոց է` Սիմկայի անկարող ոռնոցը: Իսկ մի՞թե ես չպիտի կիսեի նաև բանտում հայտնված այդ կենդանու հոգու բեռը ևս: Ու եթե ասում են, թե կենդանիները հոգի չունեն և եթե մարմնին տրված չէ իմացության բեռը, ապա այդ դեպքում ինչպե՞ս են զգում մահն ու ազատությունը շները, առնետները… Ես նորից Պավլովին հիշեցի, հիշեցի ութերորդ դասարանի կենսաբանության մեր դասագիրքը և էլի նման բաներ, որ համացանցում էի կարդացել կամ տեսել Յություբում: Հասկացա, որ այս ամենը մարմնի, բնազդի փորձություն չէր. այն ավելին էր, քան Սիմկայի ռեֆլեքսներն էին` քաղցին հագուրդ տալու, ինքնապաշտպանվելու, նույնիսկ սիրվելու բնազդները:
Վախեցա:
Վախիս պատճառը, աղբյուրը չկարողացա հստակ ձևակերպել, մեկնաբանել, վերծանել, սակայն այն անարգել գրավում էր մարմնիս յուրաքանչյուր անդամը, բջիջը, և ես պարտվում էի` քրտնելով ու դողալով անտեսանելի հակառակորդի հարձակումներից: Պայքարելու ուժ և ցանկություն չկար: Ու՞մ դեմ էի կռվելու … Ես պարզապես գլուխս թաղեցի բարձի մեջ ու լաց եղա: Ժամանակ շատ ունեի. ամառվա տապին փակ պատուհաններով գիշերները երկար են լինում:

«Գիտափորձ»: Փուլ երրորդ: Կերակուր

Առավոտյան նախաճաշելու չիջա: Գլխացավս սրտխառնոցի հետ միասին մարմինս գամել էր մահճակալին, և ես այդ ցավից ազատվելուց բացի ուրիշ ոչ մի ցանկություն չունեի:
Դուռը թակեցին և ներս մտան: Լևոնն էր: Թվաց` դեմքը ուռած է և սովորականից ավելի ճմրթված: Նա ափը հայրաբար դրեց ճակատիս և ձգվելով դեպի կիսաբաց դուռը` կանչեց.
– Շողիկ, Շող, արի այստեղ: Բոբին կարծես հիվանդացել է:
Տանտիրուհին արագ եկավ.
– Վայ, տղաս, քեզ ի՞նչ պատահեց:
Նա ձեռքի ափերով ծածկեց դեմքն ու նայեց ամուսնուն.
– Հետո՞, գոհ ե՞ս … Խեղճ երեխան ո՞վ գիտի որքան է տառապել ամբողջ գիշեր, մինչ դու հանգիստ քնած էիր: Հիմա ի՞նչ ենք ասելու Մարիամին ու Արշակին, հը՞ ….
Պատասխանի չսպասելով` նա հեռացավ, սակայն շատ արագ էլ վերադարձավ` մի մեծ դեղատուփ ձեռքին:
Ջերմությունս բարձրացել էր:
– Բժիշկ պիտի կանչենք,- վճռեց հուզմունքից իրեն կորցրած կինը:
– Չէ, ոչ մի բժիշկ, ես լավ եմ,- անմիջապես արձագանքեցի ես,- ինձ միայն ցավազրկող տվեք և մի երկու ժամից ամեն բան լավ կլինի: Խնդրում եմ, ծնողներիս ոչինչ չասեք, հա՞ …
– Ուրեմն` ինչ ասեմ, պիտի անես: Եղա՞վ:
Ես միայն կոպերս սեղմեցի:
Ինչ-որ հեղուկներ ու մի դեղահաբ խմեցի և երբ կարողացա ստամոքսս դատարկել, ողջագուրվելով զուգարանակոնքի հետ, շատ ավելի լավ էի: Սակայն այդ օրը անկողնուց վեր կենալը տաբու էր, և ես ընտրության հնարավորություն չունեի: Ամուսինները հերթով ներս էին մտնում` որպիսությունս հարցնելու, հյութեր և կերակուր էին բերում, ստուգում էին ջերմությունս, ապա քաջալերում և մտահոգ ժպիտով հեռանում էին, ասես ծանր հիվանդ լինեի:
Ես մտածեցի, որ սենյակից դուրս չգալն ինձ համար ավելի լավ է. չէի ուզում տեսնել Սիմկայի շարունակվող և ապարդյուն պայքարը կամ նման մի բան: Լևոնն այդ ամենին կարող էր ցանկացած անուն տալ, մինչդեռ ինձ համար այն պարզապես տառապանք էր, դատավճիռ և դատավճռի գիտակցում: Բայց Սիմկան, մի՞թե գիտակցում էր իր հետ տեղի ունեցողը: Իսկ գուցե ես էի նրա փոխարեն այդ բանն անու՞մ, որովհետև արդեն նաև նրա հոգու բեռն էր իմ հոգում…
Գլխացավս վերադառնում էր: Պատուհանի ապակու գոլը հաճելի էր սառած ճակատիս համար: Սակայն պատուհանից այն կողմ նաև դրախտի նախկին այգին էր, որտեղից վռնդել էին սերը, և հիմա այնտեղ մի դժբախտ շուն կար ու նրա դիմաց որոշակի հեռավորության վրա նստած մի ծերունի: Այո, չգիտես ինչու, Լևոնն այդ օրը ինձ չափազանց ծեր թվաց: Իսկ եթե նա էլ է տանջվու՞մ, եթե ինձպես ամբողջ գիշեր աչք չի փակե՞լ …. Բայց, ախր, ինչո՞ւ: Չէ որ իր նախաձեռնությունն էր, կարող էր և չանել:
Մեջքով շրջվեցի դեպի պատուհանն ու կախեցի հայացքս: Ես էլ մի բարի պտուղ չեմ: Նա պարզապես առաջարկեց: Չէ որ կարող էի հրաժարվել, բայց չհրաժարվեցի: Ախր, ախր, ախր …. ես չգիտեի, թե ինչ կա այդ ծեր խելագարի մտքում:
Հանկարծ ծնողներիս խոսակցություններից պատառիկներ մտաբերեցի.
«Ասում են` Լևոնի տղաները նրանց տուն գրեթե չեն գալիս: Երբեմն հանդիպում են, այն էլ շատ կարճ ժամանակով և միայն Շողիկին տեսնելու համար: Հոր հետ խուսափում են հանդիպել: Տեսնես` ի՞նչն է պատճառը: Ախր, Լևոնը կարգին մարդ է, հրաշալի անձնավորություն: Չեմ հասկանում»:
Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ, սակայն երկխոսության ձևով հիշողությանս մեջ ամրագրված այս դրվագն իր հարցադրումով ինձ համար արդեն պատասխան ուներ: Ես գրեթե համոզված էի, որ ծերուկը նմանատիպ «գիտափորձ» կամ նույնիսկ «գիտափորձեր» արել է նաև իր որդիների հետ: Սակայն ես չէի պատրաստվում հանձնվել: Ես ավելի ուժեղ եմ, քան ծերուկն է կարծում: Նա ինձ չի կոտրի: Երբեք: Իսկ առայժմ իմ դիտակետը պատուհանն է, և ես ուշադիր ու առանց ավելորդ լացուկոծի պիտի հետևեմ տխրահռչակ այս գիտափորձին` առանց մկան իսկ շարժելու:
Նստեցի պատուհանի մոտ, բացեցի պլանշետս ու սկսեցի գրառումներ անել, որոնք էլ հետագայում հիմք հանդիսացան այս պատմության համար:
Մի պահ ինձ թվաց, թե Սիմկայի ոռնոցը վերածվեց հաչոցի: Չէի սխալվել. Լևոնը կերամանը ձեռքին զգուշավոր մոտենում էր շանը: Նա որոշ հեռավրության վրա կանգ առավ ու կերակուրը սկսեց ոտքով հրել դեպի կենդանին:
«Ծերուկը վախենում է…»:
Տեսարանն ինձ հոգեկան հանգստություն պարգևեց: Ես բավարարված էի:
Հանկարծ Սիմկան ծառս եղավ և թաթով հարվածելով ամանին` օդում այն շուռ տվեց ու իր ողջ ուտելիքը ցաքուցրիվ արավ:
– Լավ, անշնորհակալ կենդանի, դու զրկվեցիր և կերակրից, և ջրից: Տեսնեմ` որքան կդիմանաս:
Ես համոզված էի, որ ծերուկն այդ ամբողջ ներկայացումն ինձ համար է խաղում, և չէի սխալվել. նա դանդաղ շրջվեց ու իմ պատուհանի կողմը նայեց: Մի պահ մեր հայացքները հանդիպեցին, և ամեն մեկս տեսավ այն, ինչ սպասում էր տեսնել և չէր սպասում, քանի որ ես գրեթե համոզված էի, թե ծերունին կարծում էր, որ ես կհեռանամ, կփախցնեմ հայացքս, կթաքնվեմ: Ինչո՞ւ: Չգիտեմ: Սակայն մի բան ակնհայտ էր. մենք կանգնել էինք պատերազմի արահետի վրա, որտեղ երկուսի համար տեղ չկար: Ես ինձ պատկերացրեցի փետրազարդ հնդկացու հագուստով և շարունակեցի հետևել ծերունու ներկայացմանը, սակայն Լևոնը ձեռքերը պարզապես թափ տվեց ու հեռացավ: Նա ինձ մոտ չէր գա, հաստատ չէր գա. ես հաղթել էի:
Երեկոյի հետ Սիմկայի ողբը վերսկսվեց` խոստանալով մի անքուն գիշեր ևս, երբ ամեն բան շուրջս ոռնալու էր, իսկ ես փակելու էի ականջներս` իբր չեմ լսում, որովհետև չէի ուզում լսել:

«Գիտափորձ»: Փուլ երրորդ: Ոչինչ կամ սպունգ

Երբ բացեցի աչքերս, հասկացա, որ քնել եմ, և Աստված գիտի` որքան ժամանակ էր, որ ծերունին նստած էր մահճակալիս կողքին:
– Արթնացա՞ր: Լավ է: Շատ խորն ես քնում` պատերազմին սովոր զինվորի պես:
Ես հասկացա` ինչ նկատի ուներ:
– Հավանաբար մրսածությունս էր պատճառը, դեղերը,- սկսեցի ծամել բառերը:
– Երևի: Կարևորն այն է, որ Սիմկան այս գիշեր քեզ չի անհանգստացրել իր ոռնոցով:
Ես շան նման ուզում էի հարձակվել դիմացս նստածի վրա, սակայն նրա ձայնում քմծիծաղ չտեսա, ավելի շուտ` ամեկնելի թախիծ զգացի, նույնիսկ հիասթափություն: Այդ մարդն ինձ համար մնում էր անմեկնելի ու մութ, մի տեսակ` սև խոռոչ, որից ոչինչ չէր անդրադառնում: Մտքերս կարգի բերեցի և ասացի.
– Այսօր Սիմկան որևէ բան կերե՞լ է:
– Ոչ:
– Իսկ ջու՞ր …
– Գիտես, որ ես նրան այսօր ամեն ինչից զրկել եմ:
– Դուք շատ դաժան եք,- ես չէի պատրաստվում ձևեր թափել:
– Այո, գիտեմ:
– Եվ մինչև ե՞րբ:
– Չգիտեմ:- Նա մոտեցավ պատուհանին ու մեջքով կանգնած` ինձ դիմեց:- Եթե ուզում ես, կարող ենք դադարեցնել այս փորձությունը: Մոռանանք, ինչ եղել, եղել է:
Երբ նա շրջվեց դեպի ինձ, ես արդեն հագնվել և նրան էի սպասում.
– Չէ, չեմ ուզում: Ի վերջո կենդանու այսքան տառապանքը պիտի ինչ-որ իմաստ ունենա, ինչ-որ գերնպատակ, և ես պիտի հասկանամ, թե Դուք ի վերջո ինձնից ինչ եք ուզում:
– Լավ,- ասաց ծերուկն ու առաջ անցավ:
Ճիշտն ասած` սպասում էի ինչ-որ արդարացում կամ նման մի բան լսել տանտիրոջ շուրթերից կամ հակառակը` ինձ «տեղը դնելու» որևէ բարոյախրատական մեծախսություն, սակայն ես կրկին պարտվեցի:
Լուռ նախաճաշեցինք ու դուրս եկանք:
Սիմկան էլ էր լուռ: Նա գլուխը դրել էր առջևի թաթերի վրա և աչքերի ողջ սևությունը սևեռել մի կետի:
Այսօր Լևոնն ավելի մոտ գնաց և շան պարանոցի շղթան սկսեց փաթաթել բնի վերևի հավանաբար հատուկ դուրս ցցված տախտակի մի կտորի վրա: Շղթան ձգվեց` դեպի բունը ձգելով նաև Սիմկայի անհաղորդ գլուխը: Քիչ այց կենդանին զրկվեց նաև պառկելու հնարավորությունից, սակայն նա կրկին չդիմադրեց:
Երբ Լևոնը մոտեցավ ինձ, ձայնիս դողը զսպելով, հարցրեցի.
– Հիմա նա Ձեր ստրուկն է: Գո՞հ եք:
– Այդպես չէ: Նա դեռ մտածում է ազատության մասին, և հենց որ բաց թողնեմ, կփախչի: Խելացի տիրոջը ոչ թե ստրուկներ են պետք, այլ հավատարիմ ստրուկներ:
Մենք գլխիկոր և այլևս անխոս վերադարձանք տուն ու փակվեցինք ամենքս մեր անկյունում: Այգին կրկին դրախտի էր նմանվել, սակայն դա միայն տպավորություն էր, միայն այն, ինձ կար իրադարձությունների մակերեսին:
Երբ արևն սկսեց թեքվել, ես այգի իջա և մոտենալով Սիմկայի դժոխքին` հենց հողի վրա էլ նստեցի: Շունը շղթայի շարունակությունն էր դարձել. նրա առջևի ոտքերը հազիվ էին հասնում գետնին: Հասկացա, որ խուսափում եմ նրա աչքերին նայել: Վեր կացա, մոտեցա պատի տակ դրված ժանգոտ մետաղյա տակառին, որտեղ տանտերերը այգին ջրելու համար անձրևաջուր էին հավաքում, և ծեծված շան նման կանգ առա. տակառը դատարկ էր: 2015 թվականի հուլիսը վաղուց անձրևի երես չէր տեսել: Ինչի՞ էի սպասում:
– Մի անհանգստանա,- Լևոնի ձայնն էր` անմիջապես թիկունքիս,- ես ջուր եմ բերել:
Նա ջրով լի թասը դրեց իմ դողացող ձեռքերի մեջ ու մի կողմ քաշվեց:
Ես զգուշությամբ մոտեցա Սիմկային ու թասը գետնին դրեցի: Նա չարձագանքեց: Նորից վերցրեցի թասն ու մոտեցնելով մռութին` մի քիչ ջուր ցայեցի վրան: Նա կարծես փոքր-ինչ աշխուժացավ, և ես թասը նորից դրեցի գետնին: Սակայն Սիմկայի շղթան նրան կռանալու ոչ մի շանս չէր թողել: Շունը չորացած բերանով սկսեց վնգստալ, որ ավելի շատ մանկան լացի էր նման և ոչ մի բանով չէր հիշեցնում երեկվա գազան-գիշատչի ոռնոցը:
Ես ձեռքս տարա դեպի շղթան իր շուրջը բոլորած ցիցն ու ծերունու կողմը նայեցի:
Նա գլուխը ժխտական պտտեց.
– Ոչ այսօր:
Ես այլևս անկարող էի ինձ զսպել.
– Դուք սիրտ չունեք: Ձեր վրեժը այս խեղճուկրակի՞ց եք ուզում հանել: Կյանքը Ձեզ տրորել է, Դուք էլ Սիմկային եք տրորո՞ւմ: Ձեր որդիները երևի հենց դրա համար չեն Ձեզ սիրում:
Ես ոտքով կատաղած հարվածեցի ջրով լի թասին: Սակայն երբ պատրաստվում էի հեռանալ, նա ամուր բռնեց թևս.
– Մի օր էլ դիմացիր:
– Դուք նրան սպանում եք և երևի դրանից հաճույք եք ստանում: Ես կզանգեմ հորեղբորս: Թող գա իմ ետևից: Ես այլևս չեմ ուզում մնալ այս դժոխքում:
– Լավ, ինչպես կուզես:
Նա թևս բաց թողեց ու նայեց աչքերիս:
Ծերունու հայացքում այնքան կսկիծ կար, այնքան հոգնություն, որ ես մի պահ շփոթվեցի ու զղջացի ասածներիս համար.
– Դուք մեծ, շատ մեծ դերասան եք, Լևոն: Դուք խաղում եք կյանքերի հետ` ինչպես կրկեսի ձեռնածուն: Սակայն ես, իմ կյանքը Ձեզ համար խաղալիք չէ:
Ես վազքով տուն մտա և սկսեցի հավաքել իրերս:
Դուռը թակեցին:
– Բոբի, կարելի՞ է,- Շողիկի մեղավոր ձայնն էր:
– Ձեր տունն է, ներս եկեք:
Նա մտավ ու նստեց մահճակալի կողքի աթոռին:
– Բոբի, սիրելիս, խնդրում եմ, մնա … միայն այսօր, ավելին չեմ խնդրում: Եթե գոնե ինձ մի փոքր հարգում ես, այսօր մի գնա: Վաղը ինքս քեզ ճանապարհ կդնեմ:
Ես ոչինչ չպատասխանեցի:

«Գիտափորձ»: Փուլ չորորդ: Ջուր և ուտելի՞ք

Երբ նա դուրս գնաց, ես կատաղած շպրտեցի ճամփարդական պայուսակս ու բերանքսիվայր ընկա անկողնու վրա: Այս կին ի՞նչ մեղք ուներ … Ուզում էի ոռնալ, վնգստալ շան նման, ես` փալասս, ես, որ կարծում էի` տղամարդ եմ… Արցունքներս իրենք ցամաքեցին: Ինքնադատափետումը լուծում չէր: Ես վախոտի մեկն էի, որ միայն փախչել, թաքնվել գիտեր: Չէ որ հենց հաջորդ օրը մուշ-մուշ քնել էի, երբ Սիմկան տանջվում էր. ինչ արագ հարմարվեցի նրա սրտակեղեք ոռնոցին: Երեխաները Ճիշտ էին, երբ ինձ սպունգ Բոբ էին անվանում: Հիմա էլ եմ նույնը` սպունգի նման սնամեջ, անձև ու անբովանդակ, դրա համար էլ ով ասես, ինչ ասես չի լցնում իմ մեջ, ես էլ միայն ներծծում եմ այդ աղբը:
Իսկ եթե բոլորն են այդպիսի՞ն: Իսկ եթե ես պարզապես նրանցից մե՞կ եմ:
Չէ, այլևս չեմ ուզում, չեմ ուզում լինել ինչպես բոլորը:
Ես ինձ դանդաղ կարգի բերեցի ու դուրս եկա իմ սենյակից:
Տանտերերը լուռ նստած էին խոհանոցի սեղանի մոտ:
– Ես որոշել եմ մնալ,- ասացի ու գնացի դեպի դուռը:
– Շնորհակալ եմ,- լսեցի իմ ետևից:
Լևոնն էր:
– Կներեք, Լևոն, բայց ես Ձեզ համար չեմ մնում:
– Գիտեմ:
– Ոչ էլ շան:
– Գիտեմ,- կրկնեց տանտերը:
Ես մի պահ քարացա տեղում, ապա շրջվեցի ամուսինների կողմն ու ասացի.
– Ես պիտի կերակրեմ Սիմկային:
– Իհարկե: Ամեն ինչ պատրաստ է, վերցրու:
Միայն հիմա նկատեցի դռան մոտ դրված երկու մեծ ամանները` կերակրի մնացորդներով ու ջրով լի:
Անխոս կռացա, երկու ձեռքով բարձրացրեցի թասերն ու սրտի անհասկանալի թրթիռով դուրս եկա:
Շունը ինչ որ ելք գտել էր: Նա չէր կարող երկար մնալ ետևի թաթերի վրա կանգնած: Սիմկան առջևի թաթերը հենել էր բնի տանիքին ու չորացած լեզուն կախ գցած` փորձում էր պահել հավասարակշռությունը` չնայած չափազանց կարճ շղթան նրան զրկել էր անգամ ընկնելու հնարավորություից:
Ես մի կողմ դրեցի թասերն ու մոտեցա ուժասպառ կենդանուն:
Շղթան ետ պտտեցի, և Սիմկան անմիջապես գետնատարած եղավ:
Ուր որ էր պիտի փղձկայի, սակայն համոզված էի, որ համառ ծերուկը հետևում է իմ յուրաքանչյուր քայլին: Ես զգուշորեն մոտեցրեցի թասերն ու հեռացա:
Շունն անտարբեր էր: Նա կարծես այլևս չէր գիտակցում` որտեղ է:
Ես նորից մոտեցա և բարձրացնելով կենդանու ծանրացած գլուխը` ուղղակի ջրի թասի մեջ դրեցի: Ջուրը երևի լցվեց քթի մեջ, որովհետև նա փնչացրեց ու կարծես ուշքի եկավ: Եվ …. Սիմկան սկսեց խմել` սկզբում դժվարությամբ, ասես լեզուն ցամաքած բերանի մեջ հազիվ էր պտտվում էր, հետո` ավելի վարժ ու արագ: Սակայն, միևնույն է, այդ ամենն ինձ մի ամբողջ հավերժություն թվաց: Զգացի, որ նրա ամեն կումի հետ ես էլ եմ մեխանիկորեն շարժում ըմպանս` վերուվար անելով մեծացող խնձորակս: Ժպտացի:
Շունը հոգնեց: Նա գոհունակությամբ ձգեց ոտքերը, գլուխը դարձյալ դրեց թաթերի վրա ու փակեց աչքերը:
Ես նրա կողքին էի: Ձեռքերս սահեցին Սիմկայի նիհարիկ մարմնի վրայով: Ակնթարթային երջանիկ երազում շանը երևի թվաց, թե մայրն է լիզում է նրա աղվամազը: Նա խաղաղված հորաջեց ու արթնացավ: Շունը զննում էր ինձ` նրան, ով իր հոգում տանում էր նաև ի՛ր հոգու բեռը` գուցե միայնակ, իսկ գուցե` ոչ:
Հույզերս ու մտքերս այնքան հախուռն էին, որ նորից չէի նկատել ծերունու ներկայությունն իմ ողքին: Նա ևս իր հերթին մյուս` կերակրի թասը մոտեցրեց շանն ու շոյեց Սիմկայի գլուխը: Կենդանին սկսեց ուտել:
Իմ ու Լևոնի խանդավառ հայացքները նորից իրար հանդիպեցին ու կրկին փախան իրարից: Սիմկան ահավոր հոգնած էր երևում: Կերակուրն ու ջուրն էլ իրենց հերթին հավանաբար խլեցին նրա ուժերի վերջին մնացորդները: Սակայն երբ Լևոնը պատրաստվում էր վերցնել շան առաջ դրված դատարկ ամանները, հանկարծ շունը բացեց աչքերն ու սկսեց լիզել իր բանտապահի ձեռքերը: Ես չզայրացա: Զզվանքի անտանելի, անմեկնելի զգացում էի ապրում, և սրտխառնոցս վերադարձավ: Չհասցրեցի հեռու գնալ, հենց տեղում էլ փսխեցի: Այն, ինչ տեղի ունեցավ հետո ես հիմա էլ չեմ կարողանում առանց զզվանքի նկարագրել. շունը թողեց իր բարերարի ձեռքերն ու սկսեց լափել իր մյուս բարերարի փսխուքը:
Ես դարձյալ վազեցի տուն, սակայն այս անգամ` ուղիղ դեպի լոգարան: Թվում էր` ամբողջ մարմինս փսխուքով է պատված, և ոչնչով այն մաքրել հնարավոր չէր:
Ծերուկը հասել էր իր նպատակին:
Նա նստած էր բազմոցի իր անկյունում և հեռուստացույց էր նայում, ասես ոչինչ չէր եղել:
– Հիմա Դուք հասա՞ք նրան, ինչի ձգտում էիք,- ես մոտեցել էի անձայն` ինչպես ինքն էր սովորաբար անում:
– Բոբի, սիրելիս, ես քեզ չնկատեցի,- իմ դիմաց ասես նախկին բարի ու սիրալիր Լևոնը լիներ:
– Դուք լավ ուսուցիչ եք: Ձեզնից եմ սովորել:
– Ամենալավ ու միաժամանակ ամենադաժան ուսուցիչը կյանքն է, Բոբի: Իմ հարցում դու փոքր-ինչ չափազանցնում ես,- տղամարդը լիաբերան ժպտաց:
– Դուք արդեն իսկապես ստրուկ ունեք, զզվելի մի ստրուկ: Հիմա ի՞նչ եք ուզում: Ինչու՞ չեք այդ կենդանուն պարզապես վռնդում Ձեր եդեմական պարտեզից:
– Ես քեզ հասկանում եմ,- տանտերն անջատեց հեռուստացույցը,- հասկանում եմ քո վրդովմունքը, սակայն նա դեռ ստրուկ է` պարզապես ստրուկ: Հավատարիմ կդառնա վաղը:
– Չեմ հասկանում,- ես դողում էի:- Դուք նրան արդեն կոտրել եք, սպանել, այլանդակել… հրեշավոր է:
– Այո, դու ճիշտ ես, ես հրեշ եմ, և վաղը կասես` ինչու: Իսկ հիմա շատ ուշ է: Ես քեզ շատ տանջեցի: Գնա քնելու:
Հասկացա, որ նա ինձ հետ խոսելու մտադրություն չունի, որքան էլ որ ես պնդեմ իմ տեսակետներն ու համազմունքները: Մնում էր անկողին մտնել և հուսալ, որ շունը գոնե կոռնա, երբ բացարձակապես համոզված էի, որ նման բան այլևս չի լինի:

«Գիտափորձ»: Փուլ հինգերորդ: Ավարտ

Դեռ լույսը չբացված`ոտքի վրա էի: Այսօր ամեն ինչ պիտի ավարտվեր, համենայն դեպս, հույս ունեի: Խոհանոցից լսվող աղմուկից հասկացա, որ միայն ես չէի շտապում: Ինչու՞:
– Բոբի, ժամը վեցն անց կես է, ինչ վաղ ես արթնացել: Բարի լույս, տղաս,- Շողիկն էր:
Չհասցրեցի պատասխանել:
– Մինչև նախաճաշ ահագին ժամանակ կա: Արի գնանք մեր ստրուկին տեսակցության,- Լևոնը ակնհայտ հեգնում էր:
– Ես քաղցած չեմ, շնորհակալություն: Բացի այդ` Ձեր փորձակենդանուն տեսնելու առանձնապես ցանկություն չունեմ:
Տանտերը գոհունակությամբ ժպտաց.
– Խնդրում եմ, Բոբի, դու քաջ տղա ես: Որքան շուտ սկսենք, այնքան արագ էլ կավարտենք: Հը՞, ի՞նչ կասես ….
Ես, չգիտես ինչու, հայացքս կախեցի.
– Լավ:
Այգում ամեն բան նույնն էր` բացառությամբ անտանելի մի տեսարանի:
Սիմկան կեղտոտել էր բնի չորսբոլորը և դեռ շարունակում էր դատարկել չդատարկվող փորը: Տեսարանը հավանաբար միայն տանտիրոջը դուր եկավ, և նա գոհունակությամբ շփեց ձեռքերը.
– Հրաշալի է: Ամեն բան ավելի շուտ կավարտվի, քան կարծում էի:
Ես ապշած նրա կողմը նայեցի ու ակամա ետ-ետ գնացի:
– Կկերակրե՞ս, Բոբի,- Լևոնն ինձ անթաքույց ձեռք էր առում:- Լավ, կատակ արեցի: Այ, որ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» կարդաս, կեղտի մասին քո պատկերացումները նատուրալիզմից կտեղափոխվեն սյուռեալիզմ, ապա կվերածվեն անխուսափելի զավեշտի` չնայած դրանց միջև իրականում տարբերություն չկա: Համենայն դեպս` ես չեմ տեսնում:
Չդադարելով խոսել` տանտերը կերը ձեռքին մոտեցավ Սիմկային ու թասի պարունակությունը դատարկեց հենց շան կեղտի վրա:
Նորից սրտխառնոց ապրեցի, և հասկացա, որ կորցնում եմ հավասարակշռությունս: Սակայն ես չէի կարող հանձնվել. տանուլ տալ վերջին ճակատամարտը կնշանարկեր տանուլ տալ ողջ պատերազմը:
Ի՞նչ էր ուզում ինձ ցույց տալ ծերուկը, որ մինչ այս պահը չէի տեսել:
Իմ սպասումներին հակառակ, Սիմկան ետ գնաց ու փորձեց թաքնվել փոքրիկ բնում:
Ես սթափվեցի.
– Ի՞նչ է անում:
– Հասկանում ես, Բոբի, որքան էլ որ կենդանին դեգրադացված լինի, նա չի ուտում այնտեղ, որտեղ կեղտոտում է` մարդուց բացի իհարկե,- Լևոնը բարձրաձայն ծիծաղեց:- Հասկանալի՞ է:
– Ավելի քան …,- հեգնելու հերթն իմն էր:
Մինչ մենք զբաղված էինք մտավարժանքներով, շունը, որ հավանաբար արդեն քաղցած էր, մերթ վազում էր դեպի կերակուրը, մերթ խրտնած ետ էր փախչում:
Մենք հեռացանք ու նստեցինք ծաղկանոցի ցանկապատի տակ դրված նստարանին: Ես կամաց-կամաց կարգի էի բերում զգացմունքներս, հույզերս, մտքերս և էլի ինչ-որ բաներ, որոնց մասին պատկերացում անգամ չունեի, սակայն ներքին մի կամերտոն հուշում էր, որ դրանք ևս խախտվել կամ նույնիսկ խեղվել էին այս ողջ պատմության ընթացքում: Մեզ կարծես սոսնձել էին այդ նստարանին, և ոչ ոք հեռանալու մասին անգամ չէր մտածում:
– Ժամը տասնմեկն է,- ասաց Լևոնը` նայելով ձեռքի ժամացույցին:
– Չորս ժամ ու կես է անցել, իսկ ճակատում փոփոխություններ չկան,- ինքս էլ չգիտեի, թե դրանով ինչ էի ուզում ասել:
Մենք էլի նստեցինք, և հանկարծ շունը պարզապես, առանց երկմտանքի հարձակվեց կերակրի վրա ու մի քանի վայրկյանում այն կուլ տվեց:
Ես ակամա ոտքի կանգնեցի: Չգիտեի` ինչ եմ զգում:
– Ահա և վերջ,- հոգնած արտասանեց փորձարկողը:- Սիմկա կոչվածը անվերապահորեն ուտում է այն ամենը, ինչ իրեն են տալիս, և կարևոր չէ, որ միաժամանակ նրան են հրամցնում նույնիսկ իր սեփական կեղտը: Եթե ուզես, նա իր շնային լեզուն էլ կմոռանա և կսկսի, օրինակ, մլավել: Արդյունքում` մենք արդեն ունենք հավատարիմ ստրուկ:
Նրա ձայնի մեջ այնքան հիասթափություն կար, որ ես պարզապես ականջներիս չհավատացի:
– Դուք այլ բան էիք սպասո՞ւմ, – զարմացած հարցրեցի ես:
Հանգած աչքերով նա իմ կողմը նայեց ու ասաց.
– Սպասում էի, այո, Բոբի, սպասում էի, որ գուցե այս անգամ կսխալվեմ: Որքա՜ն կուզենայի, որ այդպես լիներ:
Լևոնը գլխահակ վերցրեց բահը, երկարացրեց Սիմկայի կապն ու սկսեց մաքրել «շան և մեր գործունեության արգասիքները»` ինչպես ինքը բնորոշեց: Մինչ Սիմկան իր երախտապարտ ու անդավաճան կեցվածքով չէր դադարում լիզել տանտիրոջ ձեռքերը:
Լևոնը հանկարծ կանգ առավ ու ինձ նայելով` հարցրեց.
– Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է հիմա զգում այս խեղճ արարածը:
– Ազատություն:
– Այո, ցավոք սրտի…
– Որովհետև կապը, շղթան երկարել է, և մենք ենք մեծահոգաբար նրան նվիրել այդ ազատությունը:
– Այո, տղաս, դու ամեն ինչ հասկացել ես:
Նա գնաց դեպի այգու լվացարանը, լվաց ձեռքերն ու մոտենալով ինձ` ձեքը դրես ուսիս.
– Ներիր հաստակող ծերուկիս:
Ես չպատասխանեցի:
– Եթե շղթան էլ արձակենք, միևնույն է, նա այլևս հավերժ ստրուկ է: Չնյած, հիշիր, ստրուկներին ոչ ոք և երբեք ազատ չի արձակում,- շարունակեց տանտերը:
Մենք վերադարձանք տուն և նստեցինք ուշացած նախաճաշի կամ վաղ ճաշի: Հետո անցանք հյուրասենյակ, և Լևոնը միացրեց հեռուստացույցը:
Ամբողջ եթերը ողողված էր մայրաքաղաքում ընթացող ցույցերի տեսարաններով: Մոտ մի ժամ հեռուստացույցը փորփրելուց հետո Լևոնը վերջապես իմ կողմը նայեց.
– Մի տես է: Ինչ էլ անուն են դրել` «Էլեկտրիկ Երևան» ….
Ես լուռ էի, և նա շարունակեց.
– Ի՞նչ ես կարծում, սա գիտափորձի ո՞ր փուլն է: Գիտեմ, որ մեր տխրահռչակ «գիտափորձը» փուլերի ես բաժանել:
Ես միայն տխուր ժպտացի.
– Մեղմ ասած` «Շղթան երկարացնելու»:
Երեկոյան մենք շանը բակից դուրս տարանք և բաց թողեցինք` որտեղից վերցրել էինք:
– Ինչու՞ Սիմկա, շունն ինչպե՞ս այդքան արագ սովորեց իր անունը- հարցրեսցի ես:
– Իսկ ո՞վ ասաց, թե դա նրա անունն է: Բոբի, նա ընդամենը շուն է, սովորական շուն:
– Բայց չէ որ դուք նրան այդպես կանչեցիք:
– Դու այդ ժամանակ քո տարեկիցներից շատերի պես անուշադիր էիր. նա ոսկորի հոտին եկավ, հետո` այլ կերակրի:
– Այնուամենայնիվ, ինչու՞ Սիմկա,- պնդեցի ես:
– Լավ,- Լևոնը կանգ առավ:- Սիմկան` Մաքսիմը իմ բանակային ընկերն էր: Միասին էինք վիրավորվել: Նրանը թեթև բեկորային էր…. սակայն չապրեց. շատ հեշտ հանձնվեց իմ լավ, իմ միամիտ Սիմկան:
Մենք ետ էինք դառնում, իսկ շունը, որ բոլորովին էլ Սիմկան չէր, հլու գալիս էր մեր ետևից:

Հ.Գ. Իմ գրառումները ես հետո էլեկտրոնային փոստով ուղարկեցի Լևոնին` կարդալու:
Ի պատասխան` մի լուսանկար ստացա, որտեղ այգու համայնապատկերին Լևոնն էր` Շողիկի, որդիների ու թոռնիկի հետ միասին, և մի այսպիսի երկտող.
«Հուսով եմ, որ մենք քեզ, Բոբի, շրջապատել էինք առանձնակի հոգատարությամբ և ամենայն մանրամասնությամբ հսկում էինք քո յուրաքանչյուր քայլը: Հիշիր, ազատությունը բեռ է, և ուրշների հոգին հոգուդ մեջ տանելու պես ծանր է:
Քո գուրու` Լևոն
Մի բան էլ: Ծերուկն ընդամենը քառասունինը տարեկան է»:

Իսկ երկտողի վերջում` մի այսպիսի հիմար սմայլիկ – 🙂

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *