Հերման Հեսսե | Խոսք Նոբելյան տոնակատարության առթիվ բանկետի ժամանակ


Ակնածանքով եւ ջերմությամբ ողջունում եմ Ձեր տոնական հավաքի առթիվ` հայտնելով իմ ափսոսանքը, որ ես ինքս չեմ կարող հյուրընկալվել Ձեզ: Ողջունում եւ շնորհակալություն եմ հայտնում: Ես միշտ վատառողջ եմ եղել, իսկ 1933 թվականից սկսած` տարիների դժվարություններն ավերել են իմ ստեղծագործական կյանքը Գերմանիայում, բազմիցս ինձ ծանրաբեռնել տհաճ պարտականություններով, ինձ դարձրել մշտական հաշմանդամ: Սակայն ես ոգով անկոտրում եմ, Ձեր` բոլորի հետ ինձ կապողն այն մտածողությունն ու արժեքներն են, որոնցով առաջնորդվում է Նոբելյան հիմնադրամը. դա վերազգային եւ միջազգային միտքն է, որը ծառայում է ոչ թե պատերազմին եւ ավերածությանը, այլ` խաղաղությանն ու հաշտեցմանը: Ինձ շնորհված մրցանակը միաժամանակ նշանակում է ծանոթություն գերմաներենին եւ գերմանական ներդրում մշակույթի ոլորտում: Ես տեսնում եմ նաեւ ներողամտության ժեստ եւ բարի կամք` վերսկսելու բոլոր ժողովուրդների հոգեւոր համագործակցությունը:
Սակայն իմ իդեալն ամենեւին էլ ազգային կերպարների աղավաղումը չէ` հօգուտ միատեսակ մտածող մարդկության: Օ՜, ոչ, կեցցե բազմազանությունը, տարբերություններն ու աստիճանակարգումը մեր հարազատ երկրում: Հրաշալի է, որ կան շատ ռասսաներ ու ժողովուրդներ, շատ լեզուներ, մտածելակերպի եւ աշխարհայացքի բազմաթիվ տարատեսակներ: Եթե ես ատում եմ պատերազմները, նվաճումները եւ բռնակցումները, դրանց անհաշտ հակառակորդն եմ, ապա պատճառներից մեկն այն է, որ պատմականորեն, խիստ անհատականացված եւ առատաձեռնությամբ տարբերվող մարդկային մշակույթի մեծ մասը զոհ է դառնում այդ մութ ուժերին: Ես «մեծ պարզունակների» թշնամին եմ եւ բարձր որակի, անկրկնելիի սիրահարը: Եվ այսպես, որպես երախտապարտ հյուր եւ գործընկեր, ես ողջույններս եմ հղում Ձեր երկրին` Շվեդիային, նրա լեզվին եւ մշակույթին, նրա հարուստ եւ հպարտ պատմությանը, նրա տոկունությանը, որը պահպանում եւ զարգացնում է իր բնական հատկությունները: Ես երբեք չեմ եղել Շվեդիայում, բայց շատ լավ եւ ընկերական հուշեր են պահպանվել Ձեր երկրից տասնամյակներ շարունակ` կապված առաջին նվերի հետ, որը ես ստացել եմ Շվեդիայից: Դա հավանաբար քառասուն տարի առաջ էր, այն շվեդական մի գիրք էր` «Քրիստոսի լեգենդներ »- ի առաջին հրատարակությունը` Սելմա Լագերլյոֆի ներբողով: Տարիների ընթացքում ես շատ արժեքավոր փոխանակումներ եմ ունեցել Ձեր երկրի հետ, ընդհուպ մինչեւ վերջին հիանալի նվերը, որն ուղղակի զարմացրեց ինձ: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրան:
1946թ.
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *