Հովհաննես Հովակիմյան | Հետ կգա

Ես մարգարեներին չեմ հավատում, եղունգ, ձեռք, բաժակ նայողներին չեմ հավատում, ես ճակատագրին էլ չեմ հավատում… վախենամ` Աստծուն էլ չեմ հավատում… չէ, այնուամենայնիվ, Աստծուն հավատում եմ. անունը մեծատառ էի գրել…
Տնից դուրս գալիս սև կատուն դռան դիմաց էր։ Դուրս գա՜մ, չգա՜մ, դուրս գալուց հետո յոթ անգամ պտտվե՞մ տեղում, թե՞ խաչակնքվեմ։ Շտապում էի։ Ոտքս դուրս դրեցի` կատուն փախավ, հենց դիմացովս փախավ։ Լավ չստացվեց։ Բայց դե, ես սնահավատ չեմ. ո՛չ կպտտվեմ տեղումս, ո՛չ էլ կխաչակնքվեմ։ Բայց մտքումս երկվությունը կար. բա որ…
Մեկ, երկու, մեկ, երկու, մեկ… Զինվոր չեմ, բայց սիրում եմ ռիթմով քայլել։ Սիրում եմ քայլելիս մտքումս մի երգ մրմնջալ ու երգի ռիթմը պահել քայլերի մեջ։
Մտածում եմ… Չէ, սխալ բացատրեցի։ Էս ամեն ինչը մտածում եմ հիմա` գրելիս, ոչ թե էն ժամանակ` քայլելիս։ Երևի խճճեցի մեզ, ձեզ, նրանց… մենք, դուք, նրանք ունենք իրար, միմյանց, մեկմեկու կարիքը։ Ես ունեմ նրա կարիքը, բայց, ցավոք, նա` ուրիշինը։ Դու ունես մյուսի կարիքը, ու, գուցե, բախտդ բերի ու էդ մյուսն էլ քո կարիքն ունենա։ Երջանիկ եղեք ընկերս…
Մեկ, երկու, մեկ, երկու, մեկ… Էլ ոտքով չեմ… մեքենայի մեջ եմ։ Բայց սնահավատ չեմ, մարգարեներին էլ չեմ հավատում… արդեն ասել էի սրա մասին։ Սուրճ հիմնականում չեմ խմում, բայց, որ բաժակ նայող լինի` կխմեմ։ Բայց չեմ հավատա…
– Ինչ էր անունը՞։
– Պիտի որ իմանայիք չէ՞։
– Գիտեմ… Գայանե…
– Ֆաք…
Ու ես կբռնեմ նրա սուտը։ Բախտագուշակ, չէ՜ մի… Տեսնես փող կուզի՞. ամեն դեպքում էն հազարանոցները հետևիս գրպանում են։ Կուզի` կտամ ձեռքը ու գոհ կժպտամ, որ ոչ թե մնացածների պես խաբվելով եմ տալիս այդ փողը` կարծելով, որ նա կատարեց իր աշխատանքը, այլ տալիս եմ իբրև նվեր, իբրև օգնություն, իբրև, ոնց էին ասում դրան, հա՛, իբրև ողորմություն մի մարդու, ով չգուշակեց իմ բախտը, այլ ես գուշակեցի նրա սուտը։ Դե վերցրու՛ ողորմությունդ…
Ես մի բանի եմ հավատում` Աստծուն, իսկ Աստված ասել է, որ պիտի օգնեմ մերձավորիս… օգնե՞մ, չէ՛, սիրեմ… սիրեմ։ Սիրելու պատճառով եմ գալիս քո` բախտագուշակիդ մոտ, որ բախտագուշակես. լավ ստացվեց։
Արդեն այդ փողոցում եմ։ Իջնեմ տաքսիից. վերջիվերջո չեմ ուզում վարորդն իմանա` ուր եմ գնում։ Կքայլեմ մինչև նրա տունը։
Մեկ, երկու, մեկ, երկու, մեկ… Ո՞ր երգի ռիթմը… հա՜. ծեր գնչուհին բախտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրացած…
Մտա ներս, դեռ մարդ չկար։ Տեսնես` երբ կգա, ինչ տեսք ունի, երևի կույր է, կամ կուզիկ։ Ներս եկավ։ Քայլեց դիմացովս, նստեց թախտին։
– Բարև Ձեզ,- մրմնջացի։
– Ինչի՞ համար ես եկել։
Մտածեցի, թե, իրոք, ինչի համար եմ եկել։ Բայց պատճառ ունեի։
– Սիրած աղջիկ ունեմ, տա՛տ։
– Ես վաղուց բախտ չեմ նայում։
– Հիմա, հնարավոր չի՞։ Եկել, հասել եմ էստեղ, տա՛տ։ Մի բան ասեք…
Լռեց, չորացած, կախ ընկած կոպերի տակից աչքերը փակվեցին։ Ձայն չհանեց, մեկ էլ` խոսեց.
– Հա, էդ աղջիկը քեզ շատ ա տանջել ու շատ կտանջի։ Երկար սև մազերով քեզ խափեց, տարավ-բերեց, մի մտածի, կգա մոտդ, բայց վերջում կհասկանաս` ինչն ինչոց էր…
– Ուրեմն` կգա՞։
– Ո՞ւր պիտի կորի. կգա։
Հուսադրվեցի ներքուստ։
– Մեծ մարդ ես դառնալու, մեծ անունով մարդ ես դառանլու…- Էլ ձայն չհանեց։ Երևի ժամանակս սպառվել էր. ոտքի ելա, ձեռքս տարա ու հետևի գրպանի հազարանոցներից մեկը դրեցի թախտին` իր կողքին, ու հաջողություն մաղթելով` դուրս եկա։
Մեկ, երկու, մեկ, երկու, մեկ…
Ուրեմն հետ կգա… Երևի… Այ էդ պահին հասկացա, որ ես սկսել եմ հավատալ էս ամենին։
– Ֆաք…
Ծեր գնչուհին բախտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրացած, ու հասկացա, որ ծրագիրս փոշիացավ. նա անուն չհարցրեց, ես էլ չասացի, որ ինքը պարտավոր է զգալով իմանալ, նա չասաց` Գայանե, ու ես չբռնեցի նրա սխալը, որովհետև աղջկա անունը Գայանե չպիտի լիներ, այլ ուրիշ բան։ Ու հիմա ես սկսել էի հուսադրվել, որ աղջիկը կգա, անպայման կգա։ Ուր պիտի գնար, որ չգար։ Կգա, ես էլ մեծ մարդ կդառնամ, մեծ անունով մարդ։
Քայլեմ տուն։ Անիմաստ էր… Նա փող չուզեց, իսկ ես հազարանոցը դրեցի նրա կողքին՝ ի նշան այն բանի, որ իրեն հաջողվեց ինձ ստել… հա՛, ստել… Ես արդեն էս մտքերի մեջ այնքան խառնվեցի, որ հասա մեր տան դռան առաջ ու չզգացի։ Ոտքս դրեցի շեմքին, ու սև կատուն հայտնվեց դռան կողքին։ Ես ճակատագրին չեմ հավատում, ես բաժակ, եղունգ, ձեռք նայողներին չեմ հավատում։ Միայն Աստծուն եմ հավատում, այն էլ, վստահ չեմ… Բայց անունը նորից մեծատառ եմ գրել. հավատում եմ։
Բախտագուշակ, չէ՜ մի։ Նրան հաջողվեց ինձ ստել։ Հաջողվեց։ Հա՜, ստե՜լ։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև գրողը տանի, դեպքը 3 տարվա վաղեմություն ունի, ու իմ սիրած աղջիկն արդեն մեռել է։
– Ֆաք…

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *