Հովհաննես Երանյան | Բջջային

Երրորդ անգամ նա չէր եկողը, երկու անգամ բոթ բերողը չէր, որին արգելել էի մեր տուն ոտք դնել՝ ինչ էլ որ պատահի: Ոչ էլ մեկ ուրիշն էր: Բոլորի, նույնիսկ մանուկների ձեռքին հեռախոս կար, և գույժ թե ավետիս, ավելի հաճախ հենց այդ սարքն էր փոխանցում, քան մարդը` մարդուն: Ուրեմն սխալվել էի` կարծելով, թե նրա երրորդ մեծ կորուստն ինքս եմ լինելու: Այդպես մտածելով չարաչար սխալվեցի, երբ եղբորը թաղելուց օրեր անց, տուն վերադարձանք ու ես լողացնում էի նրան:

Երբ առաջին անգամ տեսա կրտսեր եղբորը, դեռևս փոքրիկ տղա էր, բայց մանկական ժպտուն դիմագծերի ու մանրիկ ոսկորների վրա հավաքված փոքրամարնին կազմվածքի պատճառով ավելի փոքր էր երևում, քան կար, թեև գիտակ մարդը անհամաչափ խոշոր ոտնաթաեթերից կկռահեր, որ նա ինչ-որ ժամանակ հետո չափազանց բարձրահասակ է լինելու: Մեկ տարի անց էլ, երբ իրենց տուն հրավիրեց` ծնողների հետ ծանոթացնելու, եղբայրը դեռ երեխա էր, որովհետև ինձ տեսնելուն պես, թեև ընդամենը մեկ անգամ էինք հանդիպել, գոչեց. «Ես նրան ճանաչում եմ», և վզովս ընկավ հին ու փոքրիկ ընկերոջ պես, ու այդ պահին էլ զարմացա նրա խոշոր ոտնաթաթերը տեսնելով, և էլի գլխի չնկա, որ դրանք պարզապես հարկ եղածից շուտ են մատնում ապագա հսկային:
Թե էլ ինչքան կաճեր նա տասնութից հետո, այլևս ուշ և անիմաստ էր կռահել, որովհետև որքան էլ զգուշացրին, թե պատերազմի յոթ ամիսների ընթացքում օր օրի է հասակ առել, և աչքաչափով մեծ էին պատվիրել, այնուհանդերձ չգիտեին, թե ինչպես տեղավորեն դագաղում, և այդպես էլ թաղեցին Սասմա Դավթին` ոտքերը դագաղից դուրս, իսկ ճակատին` թշնամու դիպուկահարի վարպետության հետքը: Երբ հաջորդ գիշեր տուն վերադարձանք, ասացի կնոջս. «Եվա, ես կլողացնեմ քեզ», և նա, ինչպես մեկ տարի առաջ, ոչինչ չասաց, որովհետև գիտեր, որ իրենից դիահոտ է փչում: Հոտ, որ հոր դիակից է, թե եղբոր` միևնույն չափով զզվելի է երեխայի համար ու մոտ չի գալիս կրծքիև, և ես կնոջս լողացնում էի երկրորդ անգամ, բայց ի տարբերություն մեկ տարի առաջվա, տեսնում էի, որ ոչ չափից ավելի տաք, ոչ էլ պատահաբար նրա վրա լցրած սառը ջրին մարմինը ոչ մի կերպ չի արձագանքում: Փորձեցի խոսել նրա հետ, բայց ոչ մի պատասխան չստացա. աչքերը չռված բաց էին, և ջրի բարակ կաթիլները դողացող հյութեղ ու գայթակղիչ կախված ներքին շրթունքից կուլ էր տալիս, առանց այդ հասկանալու կամ զգալու: Այդ պահին էր ահա, որ մտածեցի. «Դրախտից վաղուց ենք վտարվել, ուրեմն ինչ հսկայական է այս Եվայի մեղքը, որ սկզբում հայրը, հետո` եղբայրը: Ամենաթանկ մարդիկ: Ի՞նչ աններելի մեղք է գործել, որ սիրելիների կորստով պիտի հատուցի: Հաջորդն իհարկե… ես եմ»: Ուր էր, թե, ախ, ուր էր թե: Միայն տասնյոթ տարի անց, մի զանգից, որ այլևս երբեք չի լռի, պիտի հասկանայի, որ սխալվել էի, կարծելով, թե ես եմ հաջորդ ամենահարազատը:
Գիշերը թույլ տվեց փաղաքշել, բայց կոպտորեն հրեց կողս, երբ կարծեցի, թե դեմ չէ իրար մեջ ընկղմվելով հեռանալու մթին անդունդից: Իսկ հաջորդ օրը, երբ նա կուրծք էր տալիս տղայիս, մեր հայացքները հանդիպեցին, և Եվայի աչքերի մեջ կարդացի. «Այս գիշեր… որովհետև ոչ միայն ինձ համար եմ վախենում, այլև` երեխայի, քանի որ զգում եմ, որ մթին մի բան եմ փոխանցում կաթի հետ»: Իսկ այդ օրը, դիպուկահարի նշանառության տակ հայտնվելուց հինգ տարի առաջ, մեր առաջին հանդիպման ժամանակ նա դեռ մեծ ոտնաթաթերով և ձեռքերի երկարուկ մատներով երեխա էր:
Դեռ չկային ամենահաս բջջային կոչվածները, երկրորդ անգամ, ու այդուհետ էլ միայն այդ երկու անգամը մեր տանը հայտնված Եվգենիայի համադասարանցուն արգելեցի երբևէ աչքիս երևալ, ինչ էլ որ պատահեր: Ճիշտ տասնյոթ տարի նա էր գուժկան-բոթաբերը: Գույժ, որից հետո քարանում են, դժվար է լինում փրկաբեր արցունք կորզել սեփական հոգուց, բոլոր զգացմունքները ստերջանում են, միտքը` համրանում, գոյության գործելաոճը դառնում է ակամա, բնազդական, քանզի մահն արդեն կորցնում է իր գաղտնախորհուրդ էությունը, իր թաքնված ահավորությունը, և ունայնության վարագույրից այսդին միայն սոսկումն է:
Առաջին անգամ, երբ լողացնում էի դստերը, նա հենց այդ պահին հոր մահվան լուրն առնելուց հետո առաջին անգամ լաց եղավ, ու սկսեց սրթսրթացնել, որովհետև լալով ինչ որ բան սկսեց զգալ, թեկուզ ոչ ցուրտը, բայց երկրորդ անգամ, երբ քրոջն էի լողացնում, ջուրը լցվում էր նրա աչքերը, հյութալի ու գայթակղիչ կախված ներքին` շրթունքից նաև` բերանը, շատ տաք, անգամ պատահաբար գլխին լցված սառը ջրին մարմինը ոչնչով չէր արձագանքում:
Առաջին անգամ նայում էի, թե ինչպես է նրա որովայնի վրա ջրի բարալիկ առվակը դժվարությամբ ներքև սահում, որովհետև երկրորդ տղաս էր այնտեղ, երկրորդ անգամ տղաս արդեն չորս ամսական էր, և երկու մահերի արանքում ծնված, նա հրաժարվում էր մոր կրծքին մոտենալ, թեև շարունակում էր ճչալ սովից, մինչև որ լողացրի մոր անզգա մարմինը, երկար տրորելով սրբեցի եղբոր դիահոտը: Եվ անգամ այն ժամանակ, երբ տղաս կուրծք էր ուտում, մոր աչքերը վտանգավոր լինելու չափ սևեռված էին մի անորոշ կետի, էլի մարմինը անհաղորդ էր բոլոր կարգի հպումներին, որովհետև կաթի հետ դա զգացել էր նաև կրծկերը, և պտուկն արնոտել էր կծոտելով, որպեսզի մորն այս աշխարհում այս աշխարհ վերադարձնի: Եվ նա էլ զգաց միայն մի բան` ոչ ցավ արտնոտված ու ծամծմված պտուկի, ոչ ցավ` կորստի, ոչ բերկրանք` երրորդ երեխայի և երկրորդ արու զավակի ներքևից վեր հառվող կուշտ ու քնքշագին հայացքի, որով ասում էր, թե ինքը ճանաչում է մորը, ոչ էլ ափսոսանք ինչ որ բանի համար, այլ բնազդական ըմբռնում ճշմարտության, որ կաթի հետ ճակատագիր է փոխանցում տղային: Եվ այդ բնազդական ընկալմամբ էլ Եվան նայեց ինձ, և ես կարդացի կնոջս մտքում դեռ չորոշակիացած խնդրանքը. «Փրկիր ինձ, որ փրկես որդուդ»: Բայց նա հողն էր, նա էր այն բերրի հողը, որն իր մեջ է առնում ծառի արմատն ու աճեցնում, հաստացնում ու բարձրացնում: Նա այգին էր ու այգեպանը, որովհետև նա պիտի պահպաներ ծառն ու նրա ճյուղերը վնասատուներից, ցրտից, կարկուտից ու երաշտից: Խրվիր ուղղակի քո հաստ արմատով նրա մեջ, որ չմեռնի, որ չամայանա խենթությամբ, այլ կենսատու հյութեր հանի իր միջից, նորից ու նորից վստահանա, որ չկա ոչինչ առանց իր հումուսի, և ամեն ինչ կոչնչանա առանց անդունդի ճանապարհից հետ դառնալու իր վճռականության: Մանավանդ որ նույնիսկ կես տարի հետո էլ, երբ գրկից իր ժպտուն ու կանչող հայացքով նայում էր արդեն տարին բոլորող երկրորդ որդին, թեև թույլ ու հազվադեպ, բայց դեռ պատահում էր, որ ծամծմում էր մոր պտուկը, նրա` կրկին ու կրկին անորոշ գույն ու թիրախ ստացած հայացքն իրեն դարձնելու, և արդեն կանչում էր. «Մա~մ, մա~մա, կա- ա թի»:
Տարիներ անց, թե չափահաս դարձած աղջիկս, թե ավագ որդիս և թե նույնիսկ կրտսերը, ով այն ժամանակ կծոտում էր մոր պտուկը այս աշխարհում նրան այս աշխարհ վերադարձնելու համար, երբեմն ապշահար էին լինում որևէ անարդար բանի նկատմամբ մոր հանկարծակի բռնկված կրքի ուժգնությունից, և հարցական նայում ինձ, որովհետև նրանց համար ընդամենը ողբերգական թվեր էին 1991-ը և 1992-ը գերեզմանաքարերի վրա, նկարներն ու մակագրություններն էլ տխուր տարեգրություն էին` իրենց պապի և քեռու, մեկի ոչ երկար ու մյուսի կարճ կյանքի: Նրանք ավելի շատ բան կռահում էին, երբ փորձում էին մեկի կամ մյուսի մասին մորն ինչ որ բան հարցնել: Եվգենիան ակնթարթորեն մաշկի այլ գույն էր ստանում, աչքերի անբնական արտահայտություն, և ինքն իրենից հեռանում էր հանկարծ:
«Նրան հանգիստ թողեք»,- սաստում էի երեխաներիս,-«ես ձեզ կպատմեմ ձեր պապի ու քեռու մասին, բայց մեկ ուրիշ անգամ, երբ մենակ կլինենք»:
Եվ երեխաները հանկարծ մտաբերում էին, որ մենք այս բոլոր տարիների ընթացքում երբեք և ոչ մի անգամ չէինք խոսել նրանց մասին, ոչ միայն պապի մահվան առեղծվածի ու քեռու սպանության, այլև առհասարակ նրանց մասին: Դեռ այն օրերին փորձում էի երբեմն խոսք բանալ, անդրադառնալ, անզգույշաբար կարծելով, թե խոսքը, զրույցը կօգնեն առանձնանալ դեպի բանականության վիհը քաշող այն գիշահոտությունից, որը լողացնելով մաքրել էի նրա մարմնից, բայց ոչ մտքից ու հոգուց, սակայն առաջին իսկ բառից հետո Եվգենիան հայացքով, մեկ բառով, կամ պարզապես հեռանալով հասկացնում էր, որ ինքն անկարող է ծպտուն հանել թե առաջ, թե հիմա, և թե հետո:
«Ձեր պապը մեծ շինարարական տրեստի հաշվապահն էր ու գանձապահը, ու պատահում էր, որ մեկ ռուբլի կամ ավել ծախս էր անում, հասնում որևէ տեղ, ու տալիս տասնհինգ կամ հինգ կոպեկը, որն աշխատավարձ բաժանելիս չէր եղել: Ինչքան էլ խուսափեր, մեկ է` գյուղի թաղումներին իրեն էին խնդրում ցուցակագրել ու փողերը հավաքել, որովհետև եղել էին սովդաքար մարդիկ, ովքեր տակով էին արել հոգեհացի օրվա հանգանակության մի մասը: Գիտեին, որ նա չի կարող այդպիսի բան անել: Նկատի ունեցեք, ես չեմ ասում, չի ուզենա, այլ ասում եմ` չի կարող: Նա ուղղակի այդպես էր ստեղծված, չէր կարող ոչ մի խաբեություն թույլ տալ, չափազանց ինքնաբավ էր, ինքնավստահ, իր տեսակի ու հայացքների մեջ երկմտանքի ոչ մի ճեղք չէր թողել»- երբ հետները մենակ էի մնում, պատմում էի զավակներիս նրա մասին, ում հասցրեցի ընդամենը չորս տարի ճանաչել:
«Աշխարհի ամենաազդու երկրներից մեկի լուծարման, պաշտոնական հրովարտակի հրապարակումից երկու և փաստացի չգոյությունից մեկ տարի առաջ հրկիզվեց շինարարական խոշոր տրեստի գրասենյակն ու հրո ճարակ դարձան թե գույքն ամբողջությամբ և թե պահոցը` հաշվապահական հսկայածավալ փաստաթղթերով: Հրձիգը չգիտեր, որ այդպիսով բոլոր հետեքերը չէ, որ վերացնում է, որովհետև ձեր հաշվապահ պապը բոլորից թաքուն երկար տարիներ պատճենել էր բոլոր այն փաստթղթերը, որոնց տակ իր ստորագրությունը կար: Եվ զուր էր կառավարիչը նրան համոզում` ուրանալ սեփական տեսակը, այրել թեև առանց արկածի ու անհետաքրքիր, բայց ազնիվ ապրած ողջ կյանքի վկայությունները, միասին բանտ նստել մի քանի տարի և միասին էլ դուրս գալ, խոստանալով գումար, որը ինչքան էլ ամենազդուն լիներ փլուզվող երկիրը, նրա սերունդներին, ուրեմն նաև` ձեզ, բարեկեցություն էր ապահովելու ուզածդ ժառանգորդ երկրում: Կառավարիչը թեև գիտեր, որ նա ոչ թե չի ուզում խաբեության գնալ, այլ չի կարող, այնուհանդերձ փորձեց համոզել նաև սպառնալիքներով: Մեկ տարուց ավել պահանջվեց, մինչև քննիչների խումբը կարողացավ ուսումնասիրել պատճենված ամբողջ արխիվը: Մինչ այդ նրանց գլխավորն էլ ձեր պապին խորհուրդ տվեց հրաժարվել այդ թղթակույտից, մոռանալ, չի եղել կրկնօրինակ, այրվել է ամեն ինչ: Իրագործե՞ց հրձիգ կառավարիչն իր սպառնալիքը բանտից, թե՞ պատահականություն էր նրա անհետացումը` այդպես էլ չիմացանք: Չբացահայտվեց, որովհետև հետամտող չկար, բոլորը ահաբեկված էին հնարավոր վրեժխնդրության զազրելիությունից: Ճամարտակները ձևացնում էին, թե կործանվող աշխարհի փլվող երկնքի տակ նոր սյուներ են դնում, որպեսզի յոթանասուն տարվա մեղքերի ծանրությունը իրենց չճզմի, և թքած ունեին` մի զոհ ավել, կամ` պակաս: Նրան գտան երեք օր անց, Սուրբ քաղաք տանող մայրուղու վրա, մեքենայի վրաերթից մահացու վիրավոր, և թե ուր էր ինքը եղել այդ երեք օրերին, որովհետև չէր կարող բանուկ մայրուղու վրա երեք օր ընկած չնկատվել, այդպես էլ ոչ ոք չիմացավ, ու ինք էլ չուզեց ասել նույնիսկ այն երեք օրերից վերջին մեկի ընթացքում, երբ գիտակցությունը վերակնգնվել էր մահվանից առաջ: Գիտե՞ք, ես չեմ հավատում, թե իբր նա այդ օրը ձեր մորաքրոջ ամուսնու ականջին շշնջացել է, իբր ոչինչ չի ասում, գաղտնիքը չի հայտնում, որ չվտանգի իր ժառանգների կյանքը: Ես նրա աչքերում տեսա, թե ուր է ինքը եղել, այնտեղ, ուր ձեր մայրն է երբեմն հեռանալով վախեցնում մեզ: Նա չգիտեր, թե իր հետ ինչ է կատարվել և ուր են տարել իրեն: Նա դերասան չէր, չէր կարող խաղալ, կամ էլ նախքան մեքենայի անիվների տակ գլխուղեղը վնասելը գիտեր ու հիշում էր, բայց երբ մենք նրան տեսանք, նա արդեն անմեղսունակ էր: Մեքենան չգտան, երևի չփնտրեցին էլ վրաերթ կատարողին: Մի կողմից, հենց նրանք, ովքեր պիտի փնտրեին, ախր, առաջարկել էին մոռանալ, թաքցնել, այրել արխիվը, մյուս կողմից արդեն սահմանային կրակոցներից զոհեր կային, արդեն նոր` անկախ երկրի հիմքում լցվող շաղախին ահագին արյուն էր խառնվել և մեկն ավել, մեկը` պակաս, հաշվող չկար: Նա հեռացավ երկրի հետ, որին հավատացել էր անմնացորդ, թեև այդպես`առանց արկած, անհետաքրքիր, աղքատ, բայց առանց խաբեության ապրեց ոչ միայն այդ հավատի շնորհիվ, այլ որ ուրիշ կերպ չէր կարող: Կործանված երկրի միակ ափսոսալու բանը ձեր պապն էր, նրա անզիջում հավատը»:
Ուրիշ անգամներ, երբ դարձյալ մենակ էինք լինում, երեխաները հարցնում էին նաև իրենց քեռու մասին, սակայն նրա մասին ես էլ չէի կարողանում խոսել, որոշ դադարից հետո, այսինքն այն լռությունից, որն իրար էր կապում հորն ու զավակներին մի մեծ անարդարության երկարող շղթայով, զավակներս սխալմամբ կարծում էին, թե պատանի աներորդուս նկատմամբ ջերմագին սիրո և կորստի ցավն է միայն ստիպում ինձ պապանձվել, իսկ ես փորձում էի ավաղ սխալ այն ենթադրությանս սարսափը թաքցնել կրկին ու կրկին, իբր իրենց մոր անհայտ ու մեծ մեղքի քավության հերթական զոհը ես եմ լինելու և կրկնում էի արդեն մեքենայաբար. «Զարմացա, երբ առաջին անգամ տեսա նրա մեծ ոտքերը, միանգամից չհասկացա, որ հսկա է լինելու»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *