Հովիկ Մխիթարյան | Բժիշկը


Մի լքված շինություն էին գտել ու հարմարեցրել վիրահատությունների համար։ Այս ու այնտեղից, փլված շինություններից ու ծառերից մի փոքրիկ «հիվանդանոց» էին կահավորել։ Ժամանակավոր այդ շինությունն այնքան էլ հարմար չէր վիրահատությունների համար, բայց օգնությունը շատ արագ էին կազմակերպում ու մարդկային կյանքեր փրկում։
-Բժի՛շկ, – ասաց հրամանատարը, – սա ռիսկ է, ուղիղ նշանառությամբ մեկ հարված, ու քո «հիվանդանոցի» հետքն էլ չի մնա։
-Հրամանատա՛ր, – պատասխանեց բժիշկը, – այսպես շատ արագ կկազմակերպենք վիրավորների օգնությունը: Ծանր վիրավորների առաջին շտապ օգնությունը կյանքի արժեք ունի։
Համաձայնվել էին. «հիվանդանոցը» շատ մոտ էր դիրքերին, մարտադաշտից արագ տեղ էին հասցնում, իսկ երբ բժշկական միջամտության կարիք չկար, բժիշկն ինքն էր կռվում զենքը ձեռքին… թեթև վիրավորներից մեկին տվեց իր զրահաբաճկոնը, հաջորդ անգամ` սաղավարտը…
Թշնամին ավելի ու ավելի համարձակ էր դառնում, ամեն օր էին մոտենում։ Զենքերի միալար, մահաբեր ոռնոցների երաժշտությունը մահվան հանգերգ էր հիշեցնում։ Հոգնությունից աչքերը փակվում էին: Արդեն երեք գիշեր չէր քնել ու գերմարդկային ճիգերով վիրահատություններ էր անում մի կերպ հարմարեցված սեղանի վրա ու կարիքի դեպքում ուղարկում թիկունք, իսկ ավելի հաճախ վիրավոր զինվորներն իրենք էին խնդրում, որ մնան ու շարունակեն մարտը: Բայց չէին լսում նրանց առարկություններն ու հետ էին ուղարկում: Պատերազմը խելագարության եզրին էր: Վիրավորներին վերջ չկար… Ոմանց իրենց ոտքով էին բերում, ովքեր կարող էին քայլել: Մահացածներին միանգամից հետ էին ուղարկում: Պատահում էր` մահանում էին վիրահատական սեղանի վրա:
Պատի վրայի խազերը արդեն 124-րդ վիրահատությունն էին ցույց տալիս: Բուժքույրն անընդհատ սրբում էր դեմքը, քրտինքի կաթիլներն առատորեն թափվում էին լարվածությունից ու ներքին հեղձուկից:
Գլխի թույլ շշմածությունը չխանգարեց, որ բարեհաջող ավարտի հերթական վիրահատությունը։ Նա հոգնած ընկավ «վիրահատարանի» մի կերպ հարմարեցված նստարանին… կարճ երազ տեսավ… դեպի իրեն էին գալիս հակառակորդի զինվորները։ Կրակեց առանց մտածելու… երբ առաջին անգամ մարդ սպանեց, անսովոր զգացողություն ունեցավ. բժիշկները ինչո՞ւ են սպանում… նա ցնցվեց ու արթնացավ թմբիրից։ Մի քանի րոպե քնել էր։
–Բժի՛շկ, մի քիչ հանգստացիր, – ասաց բուժքույրը` Նոնան,– աչքերդ փակվում են։ Պատերազմը չթողեց գնահատել Նոնայի գեղեցկությունը. այն աղջկա, որը մահվան հետ դեմ հանդիման հանդիպումը գերադասեց ապահով թիկունքից։
–Մենք դժոխքում ենք, Նո՛ն, մի տես էս էրեխեքին… խենթեր են, ուրախանում են ոչ թե կենդանի մնալու համար, այլ որ կարող են մասնակցել հետագա մարտերին, թեկուզ մեկ ոտքով ու ձեռքով, թեկուզ այդ մեկն էլ չլինի…Իսկ ինձ հանգիստ չկա…
–Բժի՛շկ, դու էսքան, էս ձևի վերքեր տեսած կա՞ս, – բուժքրոջ ձայնը բեկվում է, լացակումած, արագ սրբելով աչքերը, նա ցույց է տալիս հաջորդ վիրավորին։
Բժիշկը ոչինչ չի պատասխանում, նա մտքով արդեն հիվանդի հետ է։ Արագ վերցնելով վիրադանակը` նա անցնում է իր գործին… ոտքը չի կարող փրկել, բայց կյանքին վտանգ չի սպառնա։ Ապա ժպտալով թփթփացնում է հիվանդի ուսին… խեղված ու անդամահատված մարմինը նրա ձեռքի տակ կենդանանում է, փորձում ստանալ նախկին վիճակը։
–Ապրե՛ս, տղա՛,– ասում է բժիշկը, – դու հերոս ես, բայց քո կռիվն ավարտվեց, դու կարող ես տուն գնալ։
Վիրավորը ոչինչ չի պատասխանում, նա դեռ մարտադաշտում է, կամ արդեն տանն է, հարազատներին պատմում է, թե ինչ է կատարվում այս փոքրիկ հողակտորի վրա, սակայն տանը, միևնույն է, չեն հավատալու, որ այդպիսի բաներ հնարավոր են։ Միակ իրականն այդ պահին տղայի ոտքն է, որը ծնկից ներքև այլևս գոյություն չունի… բժշկի աչքերը նորից են փակվում, կարծես երազում լսում է Նոնայի ձայնը.
-Բժի՛շկ, սուրճը… Նա բժշկի շուրթերին է մոտեցնում տաք հեղուկը։
Բժիշկն ուշքի է գալիս, ժպտում ու մի քանի կում անում։
Հաջորդը երիտասարդ տղա է, ծիծաղկուն աչքերով իրեն է նայում։ Մի ձեռքը լրջորեն վնասված է, ազդրի վերին հատվածը նույնպես։ Քույրն ասում է, որ վերքերը երկար ժամանակ թաքցրել է, որպեսզի հանկարծ հետ չուղարկեն։ Բժիշկն արագ զննում է վերքը.
–Ծանրամարտիկ այլևս չես կարող դառնալ, բայց մի քանի երեխա կարող ես ունենալ։ Վերքը մի փոքր վերև լիներ, դա էլ չէր լինելու։ Վիրավորը նայեց իրեն, ապա ցավից ծամածռեց դեմքն ու ասաց.
–Շնորհակալ եմ, բժի՛շկ։
Նա խլեց սուրճի բաժակն ու սկսեց խմել արագ ու հատու շարժումներով. հիվանդներ էին սպասում։ Կարող էր չխմել, բայց կքներ գործիքները ձեռքին: Թունդ սուրճը մի քանի ժամ թոթափում էր քունը և վանում հոգնությունը… Վերջին ումպերը դանդաղ խմեց, ապա դիմեց վիրավորին.
– Պատերազմից հետո կամուսնանաս, քեզ բան եմ ասում։
Երբ այնպիսի օրեր էին պատահում, որ զոհեր չէին լինում, բժիշկն ուրախանում էր։ Թեթև վիրավորումները մշակելուն զուգահեռ հաջողացնում էր արանքներում մի փոքրիկ բուտերբրոդ ծամել, ապա մի քանի րոպե անշարժանանում էր մղձավանջի մեջ, ու քնի նման մի բան ապրում… բայց քուն հիշեցնող այդ մղձավանջից հետո մարմինը ջղաձգվում էր, և նա վեր էր թռչում…
Վիրավորներ էին սպասում` ակնդետ, հույսով իրեն նայելով, լայն բացած աչքերով, վախեցած, հույսով, ուրախ… խելագարների աշխարհ, որ հարձակվել ես այս մի բուռ տղաների վրա` նորագույն տեխնոլոգիաներով, անմարդկային ու հոշոտող զենքերով: Բեկորները հաճախ այնքան խորն էին թափանցում մարմնից ներս, որ մինչև վերջ հանել էլ չէր լինում:
Մղձավանջը չի ավարտվում: Այդ տղաներից շատերի աչքերում վերքերի վախից առավել զարմանքն էր քարացել ու անպատասխան մի հարց`ինչո՞ւ…ինչո՞ւ էին իրենց դեմ դուրս եկել լռության ու անտարբերության, մահվան դիվային ոհմակները, ովքե՞ր էին անտեսանելի խմբավարի նման ղեկավարում այս դժոխային թատրոնը: Մոլագարների համերաշխ թույլտվությամբ ու դիվային հրճվանքով երկաթի հեղեղ էր թափվում նրանց` համարյա անպաշտպան մարմինների վրա, աշխարհի «ուժեղների» հեգնական ծաղրի ու «մտահոգված ենք»… չարախնդության ներքո:
Երբ մի պահ վիրավորների հոսքը դադարում էր, աչքերն իրենից անկախ փակվում էին… երազում զինվորները տենդահար այս ու այն կողմ էին վազում, սողում, պատսպարվում, ոտքի կանգնում ու կռվում, ընկնում ու նորից ոտքի կանգնում, նրանց հայացքներն իրեն էին հառված… այնքա՜ն երիտասարդ էին` մահանալու համար… արյունաշաղախ, բզկտված, ջղաձգվող մարմիններով ու փակվող աչքերով։
Ոչ մի օրը նման չէր մյուսին… Ինքն էլ էր մարտերի մասնակցում, երբ կարիք էր լինում։ Ավելի ու ավելի ծանր մարտեր էին մղում: Զիջում էին քանակով ու զինատեսակներով:
–Հե՛տ տար քո «հիվանդանոցը», վտանգավոր է, – ասաց մի օր հրամանատարը, – շատ են մոտեցել։
Սա արդեն հրաման էլ չէր, այլ խնդրանք, որ իրեն չէր վերաբերում։ Շարունակում էր վիրահատությունները, առանց վախենալու: Վախն արդեն անիրական էր դարձել, հեռացել այնքան, որ ինքն էլ էր զարմանում. երբ մահանում է մահվան համազգեստ հագած պատանին, ամոթ է մտածել վախի մասին, ուղեղում մահերն էին ու վիրավորները…

-Բժի՛շկ, նահանջում ենք,- հանկարծ լսվեց հրամանատարի բղավոցը,- չենք կարող դիմանալ, մոտենում են:
Նահանջը հապշտապ ստացվեց: Արագ դնում էր վերջին կարերը: Իսկ նստարանին հերթական վիրավորն էր սպասում… նա անթարթ աչքերով իրեն էր նայում: Եթե ուշացներ կանգնեցնել արյունահոսությունը, ճակատագրական կլիներ տղայի համար… բուժքրոջ հետ սեղանին բարձրացրեց տղային ու արագ անցավ գործի:
-Բժի՛շկ … – հրամանատարն էր,– հայտնաբերել են մեր տեղը, վտանգավոր է…
-Տղան չի կարող այս վիճակում քայլել…
Հրամանատարը անելիքը չիմացողի հայացքով մեկ նրան էր նայում, մեկ վիրավորին. երիտասարդ զինվոր էր, որ մանուկ ժամանակ խաղացել էր ընկերների հետ, ուրախ ճանապարհել էին բանակ, սպասել ու սպասում էին վերադարձին: Հիմա հայրը լուռ, մի բուռ դառած, իր ծխախոտն է ծխում, իսկ մայրը աղոթում է ու հույսով սպասում վերադարձին, քույրը, միգուցե, նամակներ է գրում ինքն իրեն…
–Արի՛ ինձ հետ, – ասաց հրամանատարը բուժքրոջը, – նահանջում ենք։ – Իսկ դու մնա, կօգնես բժշկին, ասաց նա կողքին կանգնած զինվորին։ Նրանք արագ դուրս գնացին…
-Անունդ ի՞նչ է, – բժիշկը դիմեց զինվորին:
-Մանվել…
-Մենք միասին դուրս կգանք այստեղից, ես կհանեմ քեզ, չվախենաս:
Նա և՛ խոսում էր, և՛ արագ մշակում վերքը: Նայեց շուրջբոլորը: Հրամանատարն ու քույրը հենց նոր վիրակապված վիրավորի հետ արդեն գնացել էին, մնացել էր իրեն օգնող զինվորը… արագ, ավելի արագ…
Ռումբերից մեկը պայթեց մոտակայքում: Դուռը համարյա պոկվեց տեղից: Բժիշկը քմծիծաղ տալով նայեց իրեն օգնող զինվորին.
–Չե՞ս վախենում…
-Եթե վախենայի, հիմա վաղուց թռած կլինեի:
-Եթե ինձ մի բան պատահի, կհանես այստեղից, կքայլես մինչև հաջորդ դիրքը, ծայրահեղ դեպքում կգրկես, ուժեղ տղա ես երևում։
-Դեռ շա՞տ կա, բժիշկ:
-Չէ, ավարտում եմ: Վախը վատ ընկեր է, զրկում է կողմնորոշումից:
Եվս մի ռումբ պայթեց այն պահին, երբ նա ավարտեց վերջին գործողությունները…
Ոտքի մեջ տաքություն զգաց, ապա սուր ցավ: Նա դանդաղ նստեց գետնին…
«Բեկորն էր,– անցավ մտքով,– ու խոշոր բեկոր»։ Պատռված վարտիքից արյունը հոսում էր ու լճանում: Փորձեց կանգնեցնել արյունը, սակայն աջ ձեռքը չէր զգում: Փորձեց մյուս ձեռքով, բամբակը ուժգին սեղմեց վերքին ու գոռաց.
–Հանի՛ր վիրավորին: Ինձ չես կարող օգնել, արա՛գ հեռացեք…
Նա տեսավ, թե ինչպես առողջ զինվորը գրկեց վիրավորին, արագ դուրս հանեց արդեն պատեր չունեցող շինությունից, նայեց հետ…
-Բժի՛շկ…
-Արա՛գ հեռացեք, ինձ չեք կարող օգնել, խոշոր երակ է վնասվել, վազե՛ք: Նա փորձեց ավելի ամուր սեղմել բամբակը, արդեն չէր զգում ոտքը: Մի կերպ կողքի թեքվեց և տեսավ, թե ինչպես կիսավազքով, երբեմն ցատկելով հեռանում էին զինվորները:
-Վազե՛ք, ձեր ցա՛վը տանեմ, – գոռաց նա:
Բժիշկը մարմնով մեկ հաճելի տաքություն զգաց: «Ցավային շոկի մեջ եմ», – անցավ մտքով…այլևս ցավ չէր զգում: Հասկացավ ինչի նշան է դա, սակայն հանգիստ էր. բոլորն են անցնում այդ ճանապարհով, ու դա այնքան էլ սարսափելի չէ: Նույնիսկ թվաց, որ մի անգամ արդեն ապրել է այդ իրավիճակը… մահը:
Հիշեց… փոքրիկ «հիվանդանոցը», փրկված զինվորները, փրկված կյանքեր, համալսարանական գիտելիքներ, դասախոսներ… իրեն ուղղված բազմաթիվ ժպիտներ, շնորհակալական խոսքեր մայրերից, հայրերից: Երբ հասցրեց այսքան վիրահատություն անել, կյանքեր փրկել… ա՜յ թե ինչպես ստացվեց իմ վերջին մարտը, – ժպտաց նա այս վերջին մտքի վրա, – պարզվում է, մահվան վախն ավելի սարսափելի է, քան մահն ինքը:
Որքա՞ն ժամանակ անցավ, չգիտեր։ Նայեց շուրջբոլորը. իրենց զինվորներն արդեն անհետացել էին։ Նա խաղաղություն զգաց… տեսավ իրեն մոտեցող հակառակորդի զինվորներին… ինչ–որ բաներ բղավելով նրանք իրեն էին մոտենում։ Ուշադիր զննեց նրանց ուրախ դեմքերը. այդքան մոտիկից չէր տեսել հակառակորդին։ Սովորական տղերք էին, իրենցից համարյա ոչնչով չտարբերվող։ Հավանաբար իրենք էլ էին ապրել ցանկանում․․․
Ապա զգույշ, առանց շտապելու, խորհրդավոր ժպիտն աչքերին ու կապտող շուրթերին, հանեց նռնակի օղակն ու դիմեց նրանց.
–Մո՛տ եկեք, տղե՛րք, մենակ տխուր է… միասին շա՜տ ուրախ կլինի…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *