Ռուբեն Հովսեփյան | Ինչպես դառնալ ուժեղ

Լուսանկարը` Կարեն Անտաշյանի

Լուսանկարը` Կարեն Անտաշյանի

Սարդարապատ կոչվող և Հոկտեմբեր վերանվանված կիսակայարանի շուրջ նոր-նոր կառուցվող քաղաքը ռազմական քարտեզի վրա կիսաանապատային, անկենդան տարածք էր նկարված, և հարբեցողության մեղքով պատժված կապիտան Ռագոզինին աքսորողներն ավելի հարմար բնակավայր չէին կարող հորինել: Նրանք ի՜նչ իմանային, որ ռուս վերջին ցարի օրոք կազմված ռազմական քարտեզի անապատային այդ հատվածում խաղողի անծայրածիր այգիներ էին հայտնվել: Նրանք ինչ իմանային, որ այդ տարածքի հողերը աներևակայելի պտղաբեր էին և բերրի. մատդ էլ թե տնկեիր ու ջուր տայիր` կբուսներ, ծիլ կտար: Եվ, ուրեմն, հարբեցողության համար պատժված կապիտան Ռագոզինը ուղղակի մոր փորն էր ընկել` մոր ծիծը բերանում:
Որսի շան հոտառություն ուներ կապիտան Ռագոզինի ձին. ոտքերը չռած՝ մեխվում էր որևէ տան դիմաց, որտեղից գինու հոտ էր առնում, փնչացնում էր, վրնջում, մինչև տանտերը, ճարահատյալ, մի թաս գինի էր դուրս բերում: Գինու համը եթե դուր էր գալիս, Ռագոզինը երկրորդն էր պահանջում, երրորդը, եթե չէր հավանում, թասը երկինք էր շպրտում ու մտրակն օդում շվշվացնելով քրքջում էր, երբ ընկնող ու գինու ցփոններ անձրևող թասը խփված ճնճղուկի պես հողին էր զարկվում:
– Պազո՜ր,- բղավում էր նա,- տի ժե արմյանին, բլյած, տի ժե նե տուրոկ…
Խոտանված գինի հրամցնող տան դիմաց նրա ձին երկրորդ անգամ չէր չռում ոտքերը, իսկ եթե չռում էր, ապա միայն միզելու համար: Միզում էր հուժկու շիթով` փոս գցելով փողոցի տափանած գետինը, և մինչ փրփրակալած փոսորակը կցամաքեր, Ռագոզինը հորդորում էր տանտիրոջը համտեսել ձիու մեզը և համոզվել, որ հրամցված գինին նույն համն ունի: Վիրավորական էր, իհարկե, բայց նաև տնաքանդություն էր անարատ գինին կամովին լցնել առավոտները փսկած, երեկոները տռզած Ռագոզինի անհագուրդ փորը: Մեկը մեկից օրինակ վերցնելով` մեր թաղի բոլոր գինետերերը Ռագոզինի համար նախատեսած գինու մեջ սկսեցին ջուր խառնել` անձրևի, առվի, ջրհորի` ինչ պատահեր:
Փողոցի փոսորակներն ավելացան, Ռագոզինի ձին դարձավ անզուսպ շռռան ու մոլորվեց իր իսկ մեզի հոտերի մեջ: Աստիճանաբար նա կորցնում էր հոտառությունը և ավելի հաճախ վրիպում, քան խփում ճիշտ նպատակակետին: Եվ մի օր, հոտառությունը իսպառ կորցրած Ռագոզինի ձին ոտքերը չռեց մեր տան դիմաց: Փնչացրեց, վրնջաց, ետևի ոտքերին ելավ և այն է` պիտի արշավեր մեր տան վրա, երբ դարպասի բացվածքում հայտնվեց կարճահասակ հայրս: Ձեռքին գինու թաս չկար: Իր առաքելությունն ավարտած ձին խաղաղվեց, չորս ոտքի վրա կանգնեց` փնչալու, վրնջալու հերթը փոխանցելով հեծյալին:
– Մենք գինի չունենք,- ասաց հայրս:
– Տի չտո՞,- ապշեց Ռագոզինը,- իզդիվա՞յեշսյա:
– Չունենք,- կրկնեց հայրս,- մենք թան ենք խմում:
– Տի, բլյած, ժալեյեշ վինա պոբեդիտելյու վայնի՞… Էտո տվոյ դոլգ դած վինո Ռագոզինու:
– Դու գերմանացուն ես հաղթել,- հանգիստ ասաց հայրս,- նա է պարտավոր քեզ գինի տալ: Կստատի,- ասաց հայրս ռուսերեն,- չէր խանգարի, որ ինձ էլ տար: – Գոտկու տակից նա դուրս քաշեց շապիկի փեշերը ու բարձրացրեց այնքան, որ մերկացած փորի վրա երևար վիրահատության երկար, որդանման սպին:
Ռագոզինը ցած թռավ ձիուց, շորորալով հասավ հորս ու խուտուտ առաջացնող նրբությամբ ցուցամատը քսեց վիրահատության երկար ու որդանման հետքին: Հետո գոտկատեղից իր շապիկի փեշերը հանեց, բացեց փորը, որի վրա վիրահատության ճիշտ նույն երկար ու որդանման սպին էր պսպղում: Տարբերությունն այն էր, որ հորս սպին կարծես անցնում էր անտառով, իսկ Ռագոզինի փորը համատարած տափաստան էր:
– Սմոտրի կակոյ օդինակովիյ պոչերկ,- հիացավ Ռագոզինը:- Տի պոմնի՞շ ֆամիլիյու դոկտորա…
– Չէ՛,- ասաց հայրս:- Բայց դեմքը հիշում եմ: Քանի դեռ նրա մատները գնդակ էին փնտրում իմ աղիքներում, ես նրա դեմքին էի նայում… Ակնոցավոր էր, ակնոցի ապակիները քրտում էին, իսկ ճակատի ձախ մասում դոդոշի գլխի մեծության խալ կար: Դոդոշի էլ մաշկ ուներ խալը…
– Բրատ տի մոյ,- հայտնագործության հաճույքից ճչաց Ռագոզինը,- էտո ժե Օսիպ Մոիսեյիչ… Ցարստվո եմու նեբեսնոյե… Ռաստրելյալի սուկի… Զա չտո՞… Սկաժի մնե, զա չտո՞… Ա պոչեմու վի` արմյանե նե լյուբիծե եվրեեվ… Վի ժե օչեն պոխոժե…
Ընկուզենուց իջած կաչաղակը նստեց հորս ուսին, կչկչաց ու մի փետուր բաց թողնելով՝ կրկին ծառը ելավ: Հորս թվաց, թե կաչաղակը ծռտել է ուսին: Փետուրը ձեռքն առավ, ավլեց ուսը:
– Մենք միայն թուրքին չենք սիրում,- ասաց հայրս,- իսկ հրեաներից նեղացած ենք, ինչպես և գերմանացիներից, անգլիացիներից, եթե կուզես` ձեզանից էլ…
– Տի չտո՞,- զարմացավ Ռագոզինը,- տի նե բայիշսյա՞ չտո մոյ կոն դոնիսյոտ կուդա նադո: Իլի սորոկա:
– Վախենում եմ,- խոստովանեց հայրս,- բայց ճիշտ խոսքը որ գալիս է լեզվիդ, պիտի ասես, կուլ չտաս…
– Նե բալտայ, բրատ, տի մնե նռավիշսյա, նո պոչեմո՞ւ ու տեբյա նետ վինա:
Հայրս, առանց հաշվելու, գրպանում ունեցած փողը տվեց ինձ, աչքով հասկացրեց, որ հարևան Սաքոյի տուն գնամ ու գինի բերեմ:
– Կասես մեզ համար է,- պատվիրեց հայրս ու Ռագոզինին տուն հրավիրեց: Ձին, թիկնապահի նման, հետևեց Ռագոզինին և դոփդոփեց մեր բակում` վախեցնելով հատկապես այն հավերին, որոնք, ուր որ է, ձու պիտի ածեին: Մեկը, նույնիսկ, դուրս փախավ դռնակը կիսաբաց հավաբնից ու ձուն ածեց ճանապարհին: Ռագոզինի ձիուն շատ հետաքրքրեց հավի քամակից դուրս պրծած ողորկ այդ ճերմակությունը, և նա սմբակի տակ գցեց, ճխլեց տաքուկ հավկիթը:
– Գրուբիյան,- ձիուն նախատեց Ռագոզինը,- չտո՞ տի սեբյա պոզվոլյայեշ…
Ընկուզենու տակ հարմարեցված սեղանի մոտ նստելով՝ Ռագոզինը հայացք գցեց մինչև տանիք հասնող կանաչ վազերին, խակ, բայց արդեն կազմավորված ողկույզներին և մի պահ հիասթափվեց հորիցս: Բայց հայրս շտապեց բացատրել, որ դրանք սեղանի, ուտելու տեսակից են, որ դրանք չեն ճզմվում ու չեն վերածվում գինու: Եվ մինչ ես Սաքոյի մառանում կարասից գինի էի լցնում հետս տարած դույլը, հայրս պատմության գիրկն ընկած՝ պարծենում էր, որ իր նախահայրերը հարյուր և ավելի տեսակ խաղող են աճեցրել Արարատյան կոչվող այս դաշտավայրում:
– Հիմա, ցավոք, պակասել է տեսականին, իսկ այ փոխարքա Վորոնցով Դաշկովի օրոք հարյուրից ավելին են եղել:
– Ա տի պոչո՞մ զնայեշ,- կասկածեց Ռագոզինը և լպստեց շրթները: Նա արդեն նկատել էր, որ հարևան բակից դեպի մեր բակն է շարժվում գինով լի դույլը, որի շրթին նստած կաչաղակը մերթընդմերթ կտցում էր գինին ու գլխիկը վեր տնկած՝ կուլ տալիս արբեցնող հեղուկը:
– Բեսարաբիայի իր կալվածքում այգի հիմնելիս,- ասաց հայրս,- փոխարքան, այնտեղ աքսորված Ներսես Աշտարակեցուն խնդրել էր Էջմիածնից բերել տալ հայկական մի քանի խաղողի տեսակ…
– Օն տոժե բիլ պյանիցեյ,- հարցրեց Ռագոզինը,- էտոտ վաշ Ներսես…
– Չէ՛,- խնդաց հայրս,- Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդն էր, որ հետո պիտի կաթողիկոս օծվեր…
– Կայուս, կայուս,- Ռագոզինը մի քանի անգամ ռուսավարի խաչակնքեց ու բռնակով թիթեղյա բաժակը խոթեց դույլը` թեթևակի հրելով արդեն հարբած, դույլի շրթին ճոճվող կաչաղակին: – Քիշ-քիշ,- ուշացած հրահանգեց նա: Կաչաղակն արդեն ճռվողում էր ընկուզենու սաղարթում և չէր հասկանում, թե իր կտցած ընկույզը ինչո՞ւ վայր չի ընկնում: Հարբած էր, կարծում էր` արդեն աշուն է:
– Փոխարենը,- շարունակեց հայրս,- փոխարքան խոստացել էր հայերին տալ թեյի տնկանյութ, որ Չինաստանից, թե Հնդկաստանից էր ստացել: Էջմիածնից ուղարկում են հարյուր տեսակի խաղողի որթատունկ, իսկ փոխարքայի խոստացածը լցնում են խոշոր մի արկղ, բարձում նավը: Ճանապարհին նավը, ցավոք, խորտակվում է և մինչև օրս էլ Սև ծովի հատակին է, իսկ տնկանյութով արկղը ինքնուրույն նավարկելով, բարեհաջող ափ է դուրս գալիս: Վրաց մի իշխան Աստծու կողմից ուղարկված պարգև է համարում ափ ելածը, և այդ օրից Վրաստանում տարածվում են թեյի պլանտացիաները:
-Տի սկազոչնիկ, բլյած,- բլբլացրեց Ռագոզինը,- տի տակ ինտերեսնո ռասկազիվայեշ, չտո յա զաբիվայու պռո վինո:
– Պատմածս հեքիաթ չէ,- ասաց հայրս,- իրական պատմություն է: Ու այս ու նման պատմություններն իմանալով է, որ մենք չենք սիրում թուրքերին ու նեղացած ենք հրեաներից, գերմանացիներից, անգլիացիներից, նույնիսկ ձեզնից… Մի թիզ ծովափ թե ունենայինք, մեր տնկանյութը տեղ կհասներ: Միայն տնկանյո՞ւթը: Երբ ուզում, փակում են մեր ճանապարհները, երբ ուզում` թալանում են մեր ապրանքը…
– Վոտ էտո վինո,- ծպծպացնում էր Ռագոզինը,- Պրելեստ… Ա վի չտո, վորոբուշկի՞… Պոչեմո՞ւ օտդալի սվոյի դորոգի ի սվոյի մորյա… Սիլնիմ նադո բիծ, բրատ… վ էտոմ միրե կտո՞ լյուբիտ սլաբիխ…
– Ոչ ոք,- համաձայնեց հայրս:- Թույլին ես էլ չեմ սիրում: Թույլին ամենաշատը խղճում են… Բայց ինչպե՞ս ուժեղ դառնանք` չգիտեմ:
– Դաննի մոմենտ ի յա նե զնայու,- խոստովանեց Ռագոզինը:- Կակ ուզնայու, սոոբշչու տեբե…
Ո՛չ հոտառությունը իսպառ կորցրած ձին և ո՛չ էլ ընկույզի հասունանալուն սպասող կաչաղակը, հասկանալի է, չէին կարող տեղ հասցնել Ռագոզինի ու հորս զրույցի մանրամասները: Այլ ականջ էր պահ մտած մեր բակում: Հորս վրա մեղադրանքը հիմնավորելու համար նախ կապիտան Ռագոզինին էին հրավիրել ուր որ հարկն է և ընթերցել մեր բակում պահ մտած ականջի մատնագիրը: Ռագոզինը ներքուստ հիացել էր մատնագրի ճշգրտությամբ և երևակայել, թե նման հազվագյուտ շնորհքով օժտված ականջը ինչեր կարող էր անել այս աշխարհում: Թիթեռների զրույցը կարող էր ունկնդրել ու փորձել վերծանել նրանց լեզուն: Կարող էր հպվել հողին ու լսել, թե ինչեր են կատարվում ընդերքում. որտեղ է ջուր կարկաչում, որտեղ նավթ գոյանում և որտեղ են կուտակվում երկրին սպառնացող լիցքերը: Հապա տիեզերքից եկող, սովորական ականջի համար անորսալի ձայնե՜րը… Նրա հիացմունքն աստիճանաբար վերածվել էր ափսոսանքի և մեծ կորուստ ապրող մարդու նման արհամարհելով մնացյալ բոլոր մանր ու չնչին վտանգները, հայտարարել էր, որ այդ «ականջը» թեև լավ է լսել, բայց չի տեսել ոչինչ: Կույր է եղել: Նա լսել է բառեր, բառեր, բայց չի տեսել, թե ով է արտասանել այդ բառերը:
– Էտո յա գովորիլ պրո եվրեյեվ, պրո նեմցով, պրո անգլիչան, ի պրո ռուսկիխ տոժե… Էտո յա գովորիլ, չտո նադո սիլնիմ բիծ…
Հորս հարկ չէին համարել հարցաքննության կանչել, իսկ կապիտան Ռագոզինին այս անգամ աքսորել էին Հեռավոր Արևելք, որտեղից, տարիներ անց, հայրս մի երկտող ստացավ.
«Բրատ տի մոյ,- գրել էր Ռագոզինը,- չտոբի ստած սիլնիմ, նե նադո ռազբավլյած վինո վոդոյ: Վի ժե արմյանե, բլյած…»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *