Դավիթ Մոսինյան | Նիկողոս Սարաֆեան. Ի խույզ կորուսյալ միջավայրի

(հատված)

 ԿՅԱՆՔԸ ՀՍԿՈՒՄԻՑ ԱՆԴԻՆ

«Որտե՞ղ է կյանքը, որ ապրելիս ենք կորցրել»:
Թոմաս Էլիոթ

Կյանքը օրգանիզմը կենդանի պահող ամենաբնական ու առաջնային իրողությունն է, բայց մարդու պարագայում բնականությունը մի ինչ-որ պահից խաթարվում է, եւ ապրելը դժվարանում կամ մնում է խոչընդոտներից այն կողմ։ Կարծատիպերը, սովորությունները, սոցիալական նորմերը, տարբեր պայմանականություններն ու կաղապարները, ի վերջո աքսորն ու տարագրությունը պատնեշ են դառնում կյանքի առջեւ, եւ քարացած հոգեկաններում կարոտաբաղձություն է առաջանում առ կյանքը, որը երբեք կանգ չի առնում, որը շարունակ հեռանում է չինքնացած էակներից։ Շնչառությունը կա, դեպի ծերացում տանող ընթացքը կա, բայց դա ավելի շուտ մահացու հիվանդություն է, քան բուն կյանքը, որ պիտի ծավալվեր իբրեւ ինքնաբուխ ու լիարժեքություն հաղորդող ապրում։ Անընդհատական կյանքը տարալուծվում է անցյալի հիշողությունների, գալիքի հույսերի եւ ներկան կլանող տագնապի միջեւ, դրա համար էլ Սարաֆեանն ազդարարում էր, թե «Մեր ապրումները, մեր աշխատանքները, մեր վայելքները ոչինչ մէկ մասն են՝ այն իրական եւ հեռաւոր կեանքին, որ կ’աշխատի, կը հսկէ, կը պատրաստուի մեր ընդգրկած եւ սիրած նպատակներէն տարբեր բանի մը» [1]։ Մարդկային ապրումները խիստ մասնակիորեն են ընդգրկում ինքնին կյանքը, որ միշտ կարծես մնում է մշուշի մեջ։ Աշխարհը հնարավոր դարձնող կյանքը համատարած ազատություն ու տոգորում պիտի լիներ, մինչդեռ մարդկային չափումներում այն դառնում է սոսկ սպասում ու դժնդակ զսպում, ինչը Սարաֆեանը ձեւակերպում է որպես Հսկում։ [2] Ուշագրավ է, որ Հայրենիք ամսագրում «Հսկում» պատումին զուգահեռ հատվածաբար լույս էր տեսնում նաեւ Կոստան Զարեանի Բանկօօպը եւ մամութի ոսկորները վեպը, որտեղ կյանքի համահունչ ըմբռնում կա. «…կեանքը այն չէ՛ միայն, որին հասել է մեր գիտակցութիւնը, այլ մանաւանդ ա՛յն, որը մեր մէջ աւէլի խոր է քան մեր ներքին ապրումներն իսկ, աւելի կարեւոր՝ քան այն ինչ որ կարողանում ենք զգալ եւ մտածել»[3]:
Այսօրինակ խորհրդածությունները տեսականորեն հիմնավորվել էին եվրոպական մտքի շրջանակներում եւ անգամ վերածվել փիլիսոփայական ուղղության, որ հայտնի է «կյանքի փիլիսոփայություն» անվամբ։ Այդ անունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հրատապ խնդիր էր դրվել այսուհետ ոչ թե իրականությունը մտածել վերացական հասկացություններով, այլ մեկնարկել թանձրացյալ կյանքից՝ ամեն կերպ ընդգծելով վերջինիս յուրօրինակությունն ու սխեմաներին չենթարկվելու բնույթը։ Նման անդրադարձների մեկնարկը կարող է հասնել մինչեւ Շոպենհաուերի Աշխարհը որպես կամք եւ պատկերացում աշխատությունը, որտեղ հետհեգելյան փիլիսոփայման նոր կերպ է նշմարվում։ Երկի հենց սկզբում առաջադրվում է այն սկզբունքը, որ մարդը գիտի ոչ թե Արեւը, Երկիրը, այլ ընդամենը աչքը, որը տեսնում է դրանք (աշխարհը որպես պատկերացում)։[4] Ամենայն գործունեության հիմքը, ըստ Շոպենհաուերի, համաշխարհային կամքն է, որը անկախ ենթակաների ցանկություններից իրականությունը մշտապես պահում է լինելիության մեջ։ Մարդու ինչպես օրգանիզմը, այնպես էլ մտածողությունն ու ընդհանրապես հոգեկան աշխարհը գործառնում են իրենից անկախ։ Առավել ճշգրիտ ձեւակերպմամբ՝ ոչ թե մարդն է ապրում կյանքը, այլ կյանքն ապրվում է մարդու միջոցով, որովհետեւ այն կա նախքան մարդը եւ ունի իր ներքին սկզբունքերը, որ բնավ չեն ենթարկվում մարդկային դատողականության պահանջներին։ Ապրվում է նախքան ամենայն որոշում ու հավանություն, կյանքը նախորդում է ամենայն հիմնավորման, կշռադատության, մտահայեցման. սրանք կարելի է սովորել քիչ թե շատ, բայց ապրել սովորելն անմտածելի է, որովհետեւ դա չի ենթարկվում որեւէ բանաձեւի կամ սխեմայի։ Կյանքը հավիտենական շարժում է, մշտատեւ փոխակերպում, անընդհատ լինելու կամք։ Կյանքի փիլիսոփայության հիմնադիրներից համարվող Նիցշեի խոսքերով՝ «Կյանք – ասել է՝ շարունակ դեն նետել քեզանից մի բան, որն ուզում է մեռնել. կյանք – ասել է՝ դաժան ու անողոք լինել այն ամենի հանդեպ, ինչը մեր մեջ, եւ ո՛չ միայն մեր, թույլ ու զառամ է դառնում»[5]։ Ուստի մարդու առջեւ ծառացած հիմնական հարցն է՝ ինչպե՞ս մասնակից դառնալ կյանքին։ Այդ մասնակցության ուղին հնարավոր չէ տեսական գիտելիքի, ուրիշից փոխառած փորձառության միջոցով, այլ միայն ներքին սեւեռմանն ուղղված անձնային ճիգերով։
Սարաֆեանը գիտակցելով այդ իրավիճակը՝ ձգտում էր շրջանցել կյանքը զսպող շղթաները եւ խուսափել մոլորումից։ Նրա ուղին, անշուշտ, բանաստեղծումն էր։ Բանաստեղծել կյանքից ներաշխարհ ձգվող ճանապարհը, որպեսզի յուրակերտվեն ծավալումը խոչընդոտող բոլոր խորդուբորդությունները. «Պատրանքներովդ ահա, կեա՛նք, թշուառութեամբդ դարձեալ / Սադրանքներովըդ վայրագ կը հըրես զիս աւելի / Խորը հոգւոյս, ուրկէ խոյս հազիւ փորձեր էի տալ / Ես սիրել քեզ… Կը ճնշես զիս խաւարովն անցեալի / Ու գալիքով մը որուն դեռ լոյս հեռու է մենէ…» («Մոլորում», Տեղատուութիւն եւ մակընթացութիւն)։ Ուղղակի դիմումը կյանքին այնտեղից մակընթացությամբ եկած հոսանքները դիմագրավելու եւ բոլոր պատնեշները այրելով առաջ գնալու հայտ է։ Քանի դեռ չի հաջողվել կենսաստեղծ միջավայրում ինքնանալ որպես ազատ էակ, կյանքը մնում է սոսկ որպես զսպաշապիկ. «Զիս կը սպաննես ամէն օր, լը փրցընես մէկ առ մէկ /՝ Բոլոր թելերըս սիրոյ։ Ամէն մէկ ժամըս ժամն է / Բաժանումի մը տխուր։ Ամէն մէկ օրս յուսաբեկ / Անկում մըն է, հեռացում սիրած բոլոր բաներէս՝ / Որոնց երբեմըն հասնիլ տենդով խանդով փորձեցի» (նույնը)։
Հասկանալի է, որ նմանօրինակ մտորումների առիթ կարող է լինել տարագրությունը, երբ օտար միջավայրը թույլ չի տալիս դրսեւորել ներքին զորություններն ու հնարավորությունները, բայց Սարաֆեանը նախեւառաջ իբրեւ մտածող է առաջադրում իրավիճակը, եւ դա նկատելի է մանավանդ անդրադարձներում։ Նա հակված է կյանքը մտածելի դարձնել ամենալայն համատեքստում, ինչի լավագույն վկայություններից է հետեւյալ հատվածը. «Կ’ըսեն որ եղեր է ժամանակ, երբ մարդիկ, որոնց հոգիները չէին զգացած դեռ Աստուծոյ ահաւոր բացակայութիւնը, կրցեր են բարձրանալ վեր՝ իրենց միսերէն եւ սիրել։ Եղեր է շրջան մը, ուր բացուեր են սրտերուն դռները, յորդեր են հոգիները դէպի համամարդկային աշխարհի մը հորիզոնները։ Եղեր է շրջան մը, ուր ես ինքս ապրեր եմ մսերէս վեր։ Շնչեր եմ հերոսներու հետ եւ տառապեր՝ անպատմելի զգայնութեամբ մը՝ ամէն անարդարութեան առջեւ» [6]։ Սարաֆեանն այստեղ կյանքը դիտարկում է ամենայն պայմանականությունից անդին, շեշտադրում է դրա առաջնայնությունն ու անխուսափելիությունը։ Կյանքն անխուսափելի է այն իմաստով, որ անմտածելի է անգամ կյանքի բացակայությունը։ Բնազանցական մոտեցմամբ՝ սեփական լինելության զգացումից հետո անհնար է դառնում որեւէ մակարդակում դրա հերքումը։ Այսինքն՝ «ես կամ»-ը՝ իբրեւ ինքնության ինքնարտահայտում, դուրս է տարածության ու ժամանակի հսկումից եւ ենթակա չէ ոչնչացման, այլ միայն քողարկման ու մոռացման։ Սակայն «ես կամ»-ը սոսկ մտածական, դատողական ձեռքբերում չէ, այն առաջին հերթին կամային զգացողություն է, որը ենթադրում է այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր կդառնա արտաքին երեւութականությունից անցնել ներս, եւ «Կարողանալ սրտի եւ մարմնի ամբողջ ուժով ընդունել կեանքի հրաւէրը։ Ձայն տալ նրա ձայնին։ …լինել կեանքի հետ ամենուրեք, ապրել նրա բոլոր արկածները, նրա վտանգները, նրա թռիչքները»[7]։ Ցավոք, պարզ ցանկությունն ի զորու չէ իրագործել կյանքի հետ հանդիպումը, քանի որ հսկումի շղթաներն արհեստական շղարշներով խորապես թաքցնում են բնական կյանքը։ Սոցիալական ու հոգեբանական աղմուկը թույլ չի տալիս լսել կյանքի թրթիռները, այդ պատճառով էլ մոռանալով խորքայինը՝ մարդը նավարկում է առօրյա ալիքների վրայով եւ դրանցից փրկվելը համարում կյանքի գերնպատակ։ Կյանքի կանչին երբեւէ ականջալուր եղածներն են, որ մերժում են ամենայն աղմուկ, տենչում են իրենց փղոսկրյա միջնաբերդը, որտեղ կոգեկցվեն կուսական կյանքին ու կբանաստեղծեն գլխավորը. «-Ապրի՜լ միայն, ըլլալ լոկ, խոնարհութեամբ մը, Աստուա՜ծ… / Օ՜ այս խորանը մաքուր՝ դըժոխքէն վեր բուժատան, / Այս մանկութիւնն անմատոյց հոգւոյս առ-ջեւ իմ խոպան։ / Օ՜ քաղցրութիւնն այդ, հեռուն, իմ դառնութեանըս դիմաց…» («Ապրիլ միայն», Միջնաբերդ)։ Խորքային ապրումներին հասանելի կյանքի հեռվությունը անէացում ու քայքայում է պահանջում, որպեսզի մարդը ստանձնի իր գոյությունը, չկորցնի գոյություն ունենալու փորձառությունը, հակառակ դեպքում ստիպված է լինելու կրկնել՝ «Կը սիրեմ կեանքը ու չեմ գիտեր կապուիլ անոր» [8]։
Կյանքին կապվելը երկակի նշանակություն ունի, երկու տարբեր հարթություններում է տեղի ունենում։ Առաջինը եսասիրական մակարդակն է, երբ մարդը գլուխը կորցնում է սոցիալական ու տնտեսական հաջողություններից, սիրահարվում է կյանքի նյութական բարիքներին եւ մեծ հաճույքով ներգրավվում դրանք վերարտադրելու գործում։ Սարաֆեանը կյանքը թանգարանի պես դասավորող այս կերպարներին համարում էր երանելիներ, որովհետեւ նրանք չեն ճանաչելու կյանքի դառնությունը։[9] Տարաբախտ հոգիները, սակայն, չեն տարվում անցողիկով, քանի որ խորապես լինելու ապրումի ակնթարթներ են ունեցել եւ հիմա ձգտում են նույնանալ դրա հետ։ Ծանրաքարշ մարմինը, մակերեսային զգացմունքներն ու դրանցից ակտիվացած մտածողությունը խոչընդոտներ են այդ ճանապարհին, որ անընդհատ ցույց են տալիս արտաքին աշխարհի ներկայությունը՝ իբրեւ պատնեշ ինքնաբուխ կյանքի առաջ։ Դրա համար էլ այդ ընթացքը սոսկալի մտայնություն է ծնում. «Սեփական անձ, սեփական կեանք գոյութիւն չունի։ Օտար տարրերու խառնուրդ մըն է ամէն մէկ անհատ»[10]։ Դրա համար էլ մերժվում են բոլոր պայմանականությունները, հրաժարում է տեղի ունենում հոգին կաղապարող ամենայն սովորականից, իսկ Սարաֆեանը տարբեր առիթներով կոչ է անում մի կողմ նետել գրքերը եւ անմիջական հարաբերության մեջ մտնել կյանքի հետ, ստանձնել այն ու ապրել ամբողջությամբ։[11] Իհարկե, դա անում է գիրք գրելով, ինչը նյարդայնացնող փակ շրջան է ստեղծում. գրելով է նկատելի դառնում գրելու անիմաստությունը կամ առնվազն սահմանափակությունը։ Եվ քանի որ դրանից ձերբազատվել հնարավոր չէ, ինքդ քեզնից հրաժարվելու հակում է ի հայտ գալիս, որ դրսեւորվում է ամենը ժխտող եռանդով։ Այդ ժխտական կենսունակությունը, յունգյան եզրութաբանությամբ, ստվերն է, որը Սարաֆեանը նկարագրել է տարբեր համատեքստերում, այդ թվում կյանքի հսկումը բացահայտող երկում։ Ներկայացնելով ինքնաճանաչողության ճանապարհին վշտի ներկայությունը՝ նա գրում է այսպես. «Կը մտնեմ պարտէզներէն ներս ու կը կոխկրտեմ անխնայաբար վերջին կանանչները։ Կից կուտամ քովէս անցնող հաւի մը, որ կը գլորի, կը ցնորի քանի մը քայլ անդին, այնպէս որ պէտք կ’ըլլայ մորթել զայն քիչ վերջը։ Կը խանգարեմ բոյները, կը փախցնեմ աղաւնիները, որոնց միօրինակ ձայնը տրտում հծծիւն մըն էր կարծէք՝ հիւանդ կամ սգաւոր կիներու։ Կը մտնեմ նապաստակներուն մէջ։ Կը բռնեմ անոնց վիզերէն, ոտքերէն։ Կը սեղմեմ, կը նետեմ զանոնք մէկզմէկու վրայ։ Ահաւոր ցանկութիւն մը կար խեղդելու զանոնք եւ անոնց պէս բոլոր խեղճ արարածները։ Դէմ էր սիրտս բոլոր միջակութիւններուն»[12]։ Ստվերը, չարության այդ դրսեւորումը յուրօրինակ հայելի է դառնում, որտեղ արտացոլվում է ես-ի պատկերը։ Այստեղ է, որ ջրբաժան է ստեղծվում՝ կամ հետեւել անիմանալիին առերեսվելու վախին եւ սահմանափակվել առօրյա կյանքով, որ նույնն է, թե դանդաղ մեռնել, կամ էլ անսալ ապրելու վայրագ տենչին, թոթափել պայմանականությունների բեռը, քայքայել ես-ը եւ ինքնանալով կապվել կյանքի աղբյուրին։ Ստվերը միջոց է՝ ճեղքելու ամենօրյա կյանքի կաղապարը, անցնելու փակ շրջանից այն կողմ, որովհետեւ ագրեսիվության որոշակի չափով է հնարավոր մոտենալ կյանքի երակին։ Առանց ստվերի ներգործության մարդը մնում է դասավորված առօրյա կյանքի շրջանակներում, որը հակաճշմարտությունն է,[13] իսկական կյանքի պատրանքը, ոգեկոչումի հսկիչը։ Դրանից այն կողմում եմ միանում «Բագօսը եւ Յիսուսը»[14], բացվում ու հորդում անարգել կյանքը, որտեղ մի հիմնական հիշեցում կա՝ «Բարձրանալ, վերջապէս բարձրանալ առօրեայէն վեր։ Խուսափիլ կեանքի հասարակ երեւոյթներէն»[15]։ Նիցշեական կոչը, թե «…պետք է ծով լինես, որ կարողանաս մեջդ աղտոտ մի գետ ընդունել՝ առանց մաքրությունդ կորցնելու»[16], ըստ էության անսահմանելի կյանքի դիրքերից ստվերն ու ես-ը հանդարտորեն ընդունելուն է վերաբերում։ Սարաֆեանի ամբողջ սրտահորդ խոստովանական գրականությունը միտված է ինքնաքայքայման միջոցով կյանքի հատակին հասնելուն, որտեղից հրումն արդեն իսկ միջավայրի կայացում է ստեղծաբանելու համար։ Նրա բանաստեղծումն ուղղված էր վերջալույսին անդրանկարվող պատկերի կյանքի կոչմանը, որը հաջողել էր հստակորեն ձեւակերպել. «Խորտակուած են գոռոզութեան եւ վշտի, անձնականութեան բոլոր թումբերը եւ կեանքը, համայն աշխարհը կուգայ, կը սահի մէջէս՝ բոլորովին անարգել, այնպէս ինչպէս ջուրը կը սահի իր մէջ ծփացող պատկերին տակէն։ Խորտակուած են զսպումի ու զրկանքի բոլոր պատերը» [17]։ Այդժամ լսելի են դառնում աշխարհի բոլոր ձայները, աներեւութանում են մոլար ձգտումները, վերստեղծվում է կյանքի խորհուրդը եւ դրա հանդեպ սերը դառնում է անխախտ՝ պատրաստ կլանելու գոյության թե՛ լույսը, թե՛ մութը։ Լինելության ապրումի ուժգնությունը վերացնում է չլինելու պատկերացման հնարավորությունը. կամ, եւ ամենը կա իմ լինելով։ Սարաֆեանը հենց այդօրինակ գոյության կամեցողությամբ էր տոգորված, երբ գրում էր. «Ես կ’ուզէի հզօր աշխարհ մը, որ ոչ մէկ սահման ունենար։ Անոր մէկ կողմին վրայ գրուած ըլլար կեանք եւ միւսին՝ մահ։ Դժնդակ եւ անըմբռնելի էր ինծի համար՝ անոնց երկուքին անջատումը՝ այնքան թաթխուած էին անոնք՝ մէկզմէկու մէջ»[18]։ Սա յուրօրինակ արձագանք է բանականության փառաբանիչ Հեգելին, որ պնդում էր, թե «…ոգու կյանքն այն կյանքը չէ, որ սարսափում է մահից եւ զերծ պահում իրեն ավերումից, այլ այն, որ կրում է դա ու պահպանում իրեն դրանում»[19]։ Մահվան ստանձնումով, սեփական մահվանը ներկա լինելու կամեցողությամբ է կյանքը սկիզբ առնում իբրեւ լիարժեք ապրում, ինչը դարձավ նաեւ գոյութենապաշտ փիլիսոփայության անկյունաքարը։

[1] Նիկողոս Սարաֆեան, Հսկում, Եր., Գրաբեր, 2012, էջ 55-56։
[2] Հսկում պատումը լույս է տեսել 1933 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ ներկայացնում է պատմողի՝ Նիկողոս Սարաֆեանի տարագիր փորձառությունն ու մտահոգությունը։ Բովանդակության մասին տե՛ս Գրիգոր Պըլտեան, Ֆրանսահայ գրականութիւն. 1922-1972. Նոյնէն Այլը։ Եր., Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, Անտարես, 2017, էջ 369-372։ Տե՛ս նաեւ Լիլիթ Սեյրանյան, «Ն. Սարաֆյանի «Կախարդանք» եւ «Հսկում» երկերի խորհրդապատկերային համակարգը», Գրականագիտական հանդես, 2021, 1, էջ 43-56։
[3] Կոստան Զարեան, Բանկօօպը եւ մամութի ոսկորները, Անթիլիաս, 1987, էջ 99։
[4] Տե՛ս Arthur Schopenhauer, Die Welt als Wille und Vorstellung. Erster Band, Leipzig, 1859, էջ 3։
[5] Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, թարգմ.՝ Հակոբ Մովսես, Եր., «Վան Արյան», 2005, էջ 78։
[6] Նիկողոս Սարաֆեան, Հսկում, էջ 57։
[7] Կոստան Զարեան, Բանկօօպը եւ մամութի ոսկորները, էջ 287։
[8] Նիկողոս Սարաֆեան, Վէնսէնի անտառը, Փարիզ, 1988, էջ 19։
[9] Տե՛ս Նիկողոս Սարաֆեան, Հսկում, էջ 88-89։
[10] Նույն տեղում, էջ 80։
[11] Տե՛ս նույն տեղում, էջ 41։ Նաեւ՝ նրա «Վերջալոյսին» հոդվածը (Յառաջ, 1954 թ., հուլիսի 11)։
[12] Նիկողոս Սարաֆեան, Հսկում, էջ 56։
[13] Տե՛ս Կոստան Զարեան, «Կղզին», Կղզին եւ մի մարդ, Եր., Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2016, էջ 413։
[14] Տե՛ս Նիկողոս Սարաֆեան, Հսկում, էջ 67։
[15] Նույն տեղում, էջ 39։
[16] Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զրադաշտը, թարգմ.՝ Հակոբ Մովսես, Երեւան, ԻԻԿ, 2008, էջ 49։
[17] Նիկողոս Սարաֆեան, Հսկում, էջ 25։
[18] Նույն տեղում, էջ 28։
[19] G. W. F. Hegel, Phänomenologie des Geistes, Philipp Reclam jun., Stuttgart, 1987, էջ 32։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *