Գոհար Հարությունյան | Նույնացումը և երկվությունը

Նույնացումը և երկվությունը Վահրամ Մարտիրոսյանի «Հանուն խաչի ծպտվածները» վեպում
Վահրամ Մարտիրոսյանի «Հանուն խաչի ծպտվածները» վեպում, որ լույս է տեսել 2002 թ., երկվությունն սկսվում է դեռևս վերնագրից, որովհետև վեպը կարդալու ամբողջ ընթացքում հասկացվում է, թե ով և ինչի համար է ծպտվել հանուն խաչի, բայց վերջում պարզվում է, որ դա ոչ թե ընդհանրական կամ փոխաբերական ընկալում ունի, այլ հիմնված է իրական ու եզակի դեպքի վրա: «Հանուն խաչի ծպտվածները»վերնագիրը, իրականում, հենց ինքն իր մեջ երկվություն ունի, որովհետև ստիպում է մտածել` «հանուն խաչի՞», թե՞ «խաչի անունով»: Ըստ որում, անտեսելով «հանուն» բառի ընկալումն ու նշանակությունը, նժարը թեքվում է դեպի երկրորդ տարբերակը, ինչն էլ բխում է հենց վեպի տրամաբանությունից:
Իրադարձությունները ծավալվում են Կիլիկիայում` մասնավորապես Բեհեսնի բերդաքաղաքում` 1123 թ., երբ հայկական թագավորությունը դեռևս չէր ստեղծվել, և Կիլիկիան բյուզանդացիների, խաչակիրների, սելջուկների ու հայերի պայքարի թատերաբեմն էր: Դեպքերի մասին մեզ պատմում է ոչ այլ ոք, քան Մատթեոս Ուռհայեցի քահանան` նշանավոր«Ժամանակագրության» հեղինակը, որը նաև Լևոն Ռուբինյան մեծ իշխանի ատենադպիրն է: Կիլիկիայում չափազանց խառն իրավիճակ է: Թորոս իշխանը` Վահկայում, Լևոնը` Բեհեսնիում, փորձում են պահպանել իրենց իշխանությունը, մինչդեռ բյուզանդացիներն ու սելջուկները, նաև խաչակիրները հնարավոր ու անհնարին բորոր միջոցներով ձգտում են գերիշխանության հասնել: Այս պայմաններում սելջուկ ամիրա Բալակը գերեվարում է Երուսաղեմի Բալդուին թագավորին և Եդեսիայի կոմս Ժոսլինին: Մեծ իշխան Լևոնը ձեռք է մեկնում խաչակիրներին, և տասնհինգ ծպտված հայեր, այդ թվում` Մատթեոս քահանան, իշխանն ինքը, օրը ցերեկով կարողանում են Խարբերդ թափանցել և ազատել գերիներին:
Բայց սրա մասին մենք իմանում ենք միայն վեպի վերջում: Ամբողջ ընթացքում մենք գործ ունենք անփոփոխ իրավիճակի հետ, երբ գերիների դրությունը պարզ չէ, այսինքն` հայտնի է միայն, թե որտեղ են գտնվում նրանք: Բնականաբար, յուրաքանչյուր էջի ավարտի հետ միասին ընթերցողը փորձում է հասկանալ վերնագրի և պատկերվող իրադարձությունների կապը, և, քանի որ վերջաբանը չգիտի, պատկերը պարզ է դառնում, բայց այլ տեսանկյունից: Սա էլ հենց գրողի նպատակն է, այսինքն` նա ուզում է ցույց տալ, որ «Հանուն խաչի ծպտվածները» վերնագիրը կապված չէ միայն մեկ որոշակի դեպքի հետ:
Վահրամ Մարտիրոսյանի վեպում, եթե կարելի է ասել, ծպտված են բոլորը` սկսած հենց իրենից` հեղինակից: Իրադարձությունների զարգացման ընթացքից պարզ է դառնում, որ ծպտված է խաչակրաց ողջ արշավանքը, որովհտև «բարեպաշտ» քրիստոնյաները միայն հնարավորինս մեծ իշխանության ու շատ հարստության են ձգտում: «Ամաչում եմ, որ որպես փրկիչների ենք ընդունել սովորական մարդկանց, ավելին` իրենց երկրներում պատվից ու ժառանգությունից զրկվածներին, ընտանիքից արտաքսվածներին, օրենքից դուրս հայտարարվածներին»,- հիասթափված ասում է Լևոն իշխանը: Բայց «ծպտվածությունը»` իբրև երևույթ, տարածվում է ոչ միայն խաչակրաց շարժման, այլև առանձին անհատների վրա:
Այս իմաստով վեպում, թերևս, ամենահետաքրքրականը երկու հեղինակների` Վահրամ Մարտիրոսյանի և Մատթեոս Ուռհայեցու նույնացումն է մեկ կերպարի մեջ: Դեպքերի մասին մեզ պատմում է քահանան: Բայց վեպը կարդալու ընթացքում ընթերցողը չի կասկածում, որ գործ ունի Ուռհայեցու հիշատակարանի կամ, եթե կարելի է ասել, օրագրիհետ: Հիշատակարանը վստահորեն «օրագիր» կարող ենք կոչել, որովհետև այն լիովին համապատասխանում է ժանրի մերօրյա պատկերացումներին: Վահրամ Մարտիրոսյանը հորինում է Ուռհայեցու կերպարն ու հիշատակարանը, և դրա շնորհիվինքը կարծես այլևս չի երևում` ընթերցողին ու Ուռհայեցուն մենակ թողնելով: Բայց մեկ կերպարի մեջ նրանց նույնացումն այնքան էլ հեշտ ու միանգամից չի լինում և, եթե կարելի է ասել, ճեղքվածքներ է տալիս: Հեղինակը գուցե կատարյալ նույնացման չի էլ ձգտում, թեև վեպի տրամաբանությունը և այն, որ մի դեպքում ուղղակիորեն նշում է իրենց նույնությունը` իր անունը տալով, հակառակն են հուշում: Տողերի արանքից երբեմն խոսում է ոչ թե Մատթեոս Ուռհայեցին, այլ Վահրամ Մարտիրոսյանը: Բացարձակ նույնացումը, իհարկե, անհնար կլիներ: Սա երևի ապացուցման կարիք չունի, այնուամենայնիվ, կարելի է օրինակներ բերել: Այսպես`քահանայի կինը ճաշ է մատուցել, և Մատթեոսը պատմում է դեպքը (հետո կիմանանք, որ արձանագրել է հիշատակարանում). «Բոլորիս թանապուր բերեց, ինձ` դաշխուրանով` նավակաձև մեծ ամանով»: Պարզ է, որ «դաշխուրան» բառի բացատրությունը մեզ ոչ թե Ուռհայեցին, այլ Վահրամ Մարտիրոսյանն է տալիս: Կամ վեպի պատումի, այսինքն` հիշատակարանի մեջ, քահանան հատվածներ է բերում իր «Ժամանակագրությունից»: Բնականաբար, այստեղ էլ Վահրամ Մարտիրոսյանն ավելի մեծ դեր ունի, քան Մատթեոս Ուռհայեցին: Բայց, եթե հաշվի չառնենք այս մի քանի դեպքերը, կկարողանանք ասել, որ նրանց` մի կերպարի մեջ նույնացումը ստացվել է, և երբ քահանան ասում է. «Վահրամ, Վահրամ Մարտիրոսյան, ի՞նչ արեցիր: Այս մեղքը քավելու համար կյանքդ բավական չէ»,- մենք նրան լիովին հավատում ենք:
Հետաքրքիր է, որ վեպում ոչ թե Մատթեոս Ուռհայեցու կյանքի ընդհանուր պատկերն է գծագրվում քաղաքական կարևոր դեպքերի հոլովույթում, այլ, ճիշտ հակառակը, քահանայի մտքերը, ապրումները, ընդհանրապես անձնական կյանքն են առաջնային դառնում, որովհետև իր համար ևս այդպես է: Նա Լևոն իշխանի խորհրդատուն է, նրան երբեմն ճիշտ ուղու վրա է դնում, բայց երբեք չի կարող դառնալ, ասենք, Դրաստամատներքինի, քանի որ ոչ մի պարագայում չի կարող մոռանալ իրեն:
Նույնացումը և երկվությունը վեպում կապված չեն միայն Վահրամ Մարտիրոսյան – Մատթեոս Ուռհայեցի խնդրին. եթե քահանան նույնանում է հեղինակի հետ` երբեմն անջատվելով նրանից, ապա ինքն իր մեջ` իբրև վեպի կերպար, բազմաթիվ երկվություններ է ապրում: Նախ` աստվածապաշտ ու աստվածավախ մարդ է, եկեղեցու սպասավոր, բայց, միևնույն ժամանակ, թուլություններ ունի իբրև սովորական մահկանացու: Ապրում է Բեհեսնիում, բայց միշտ մտածում է իր ծննդավայր Եդեսիայի մասին, որ լքել է խաչակիրների պատճառով. «Բայց Եդեսիան Եդեսիա էր` եռաշար պարիսպներով, բազմազգ ու մարդաշատ բերդաքաղաք…»: Ապա սրան հետևում է երկվության ավելի մեծ զգացումը. ապրում է Կիլիկիայում, այն էլ` հայկական իշխանապետության մեջ, բայց հյուր լինելու զգացումը չի կարողանում հաղթահարել, որովհետև միշտ հիշում է կորցրած հայրենիքի մասին ու մեծ ցավ ապրում դրա համար. «Անիծվի Կոստանդին Մոնոմախ կայսրը,- ասում է նա,- որ բանտարկեց մեր Գագիկ արքային»: Եվ, վերջապես, նա մի կողմից պատմիչ է, ժամանակագիր, որ, ինչպես ինքն է ասում, ի մի է բերում անցյալն ու ներկան, իսկ մյուս կողմից, չվախենանք բառից, դառնում է վիպասան, որովհետև նրա հիշատակարանը ոչ այլ ինչ է, եթե ոչ վեպ, մանավանդ որ Վահրամ Մարտիրոսյանը «Հանուն խաչի ծպտվածները» վերնագրի «հեղինակային իրավունքը» ևս վերագրում է նրան, ինչպես պարզ է դառնում Սմբատ Գունդստաբլի հիշատակարանից:
Ըստ որում հետաքրքիր է, որ Ուռհայեցու ներքին այս շերտերն իրենց լեզվական մարմնավորումն են ստանում: Եթե խաղը մի կողմ թողնենք, ապա պետք է ասել, որ Վահրամ Մարտիրոսյանը, բացի հոգեբանականից, նաևլեզվական, թվում է թե մանրուքների, իրականում կարևոր տարրերի միջոցով է առանձնացնում Ուռհայեցի վիպասանին Ուռհայեցի ժամանակագրից կամ պատմիչից: Ուռհայեցի վիպասանը, ասել է թե`սովորական թուլություններ ունեցող մարդը, մեր առջև բացահայտվում է տարբեր, երբեմն շատ ծիծաղելի իրավիճակներում: Ընդհանրապես ծիծաղը վեպում մեծ տեղ ունի, ինչը պայմանավորված է, գուցե, միջավայրի ոչ մաքուր հայկականությամբ: Այդ ծիծաղը ստեղծվում է ինչպես զանազան դրություններով, այնպես էլ զուտ լեզվի տված հնարավորություններով: Օրինակ` քահանան կնոջը «իրիցկին» է անվանում: «Իրիցկնոջ» և «երեցկնոջ» տարբերությունը միանգամայն ակնհայտ է, բայց մանրուքը նպաստում է կերպարի բնականությանը: Նրա և «իրիցկնոջ», նրա և հոր, ինչպես նաև երեխաների հետ վեճերը շատ բնական են, շատ զավեշտալի և օգնում են վիպասան–քահանային բացահայտվելու: Մատթեոսը տարբեր խորամանկությունների է դիմում, ասենք` իրենց տանը հյուրընկալված միանձնուհու և իր ընտանիքի միջև սառույցը հալեցնելու համար հանելուկների օգնությանն է դիմում ու ծիծաղելի վիճակների մեջ հայտնվում: Նա երեխայի նման կարող է գրակալից կախվել ու ճոճվել կամ էլ քնել ժամերգության ընթացքում: Այս և նման այլ հատվածներով արդարացվում է քահանայի` վեպ գրելու հնարավորությունը, ինչպես նաև այդ վեպի «հերոս» դառնալը:
Ուռհայեցու հիշատակարանը վեպ- օրագիր է դառնում, որտեղ հեղինակը նկարագրությունների քիչ է դիմում և ամեն ինչ ներկայացնում է պատմելու ձևով: Այդ պատճառով էլ վեպի բոլոր հատվածներն անխտիր ինչ-որ որոշակի գործողության հիշատակում են պարունակում: Ըստ որում, այլ կերպարների գործողությունները կամ երկխոսությունները միայն քահանայի ներկայությամբ են տեղի ունենում, ինչը, բնականաբար, բխում է պատումի որդեգրած ձևից: Ուռհայեցին ամեն ինչ տեսնող հեղինակ չի կարող դառնալ. հենց այդ պատճառով էլ, ասենք, նա ևս, ինչպես մյուսները, չգիտի, որ գանձապետ Դերենիկը Թորոս իշխանի լրտեսն է կամ որ դավադրությունների մասնակից է և այլն:
Ոռհայեցին, այսպիսով, ամբողջանում է իբրև մտավորական, որ շատ նման է նաև ժամանակակից մտավորականին` առհասարակ մարդու այս տեսակին մշտապես հուզող անհանգստությամբ, որ արտահայտվում է հետևյալ կերպ. «Երևի իմաստ չուներ: Երևի իմաստ չուներ ողջ տքնանքս. ոչ ոք ինձ պատմություն չէր պատվիրել և ոչինչ չէր վճարել աշխատանքիս համար»:
Բայց այս արագ ու սահուն, դեպքերը շատ հետաքրքիր ձևով ներկայացնող հեղինակի կողքին վեպում երևում է նաև Ուռհայեցի ժամանակագիրը, որ կզտի շատ իրադարձություններ, մի կողմ կդնի իր անձնականը և գեղեցիկ ու վերամբարձ լեզվով կշարադրի իշխանների ու թագավորների գործերը: Այս ժամանակագիրը, ոչ թե վիպասան Մատթեոսն է ճիշտ խորհուրդներ տալիս արքային, այդ նա է կարողանում քաղաքական բարդ հարցերից գլուխ հանել ու խորաթափանց մտքով կշռադատել: Ժամանակագիրն է իշխանից պահանջում ապօրինի զավակին ավագության իրավունքից զրկել ու իշխանությունն օրինական որդուն տալ, որովհետև վիպասանը, սեփական օրիանակը հիշելով, դժվար թե ուրիշին սովորեցներ: Բայց, միևնույն ժամանակ, համոզիչ են և՛ պատմիչ Ուռհայեցին, և՛ վիպասան Ուռհայեցին, ինչպես նաև մի կերպարի մեջ նրանց ամբողջացումը, որովհետև մենք հավատում ենք, երբ ժամանակագիրը սթափ հայացքով ասում է, օրինակ. « Ի՞նչ են արել այդ կայսրերը հայոց երկրի համար, եթե, իհարկե, Արշակունի էին, այլ ոչ թե բարձր ծագում էին վերագրել իրենց», հավատում ենք նաև, երբ, իբրև սովորական մարդ, կասկածում է, որ իր հետ և իր մեջ սատանա է բնակվում:
Վահրամ Մարտիրոսյանի «Հանուն խաչի ծպտվածները» վեպի արժանիքը պատմական դեպքերի նոր լուսաբանումները կամ նորօրյա հայացքը չեն, որովհետև վեպում, ըստ էության, պատմական դեպքերը վերցվում են այնպես, ինչպես եղել են:Վեպի արժանիքը պատմական ժամանակում կենցաղային ու կենսագրական ժամանակների հայտնաբերումն ու վեպի տիրույթում դրանց միաձուլումն է: Գրողը փորձում է շոշափելի ու իրական դարձնել ենթադրվածը, չէ՞ որ, հոգևոր ու պատմագրական երկերից զատ, միջնադարում մեր` այլ տեսակի գրականություն ունենալու հնարավորությունը բացառված չէ: Հետաքրքիրն այն է, որ ապացուցման համար գրողը հենց միջնադարյան փաստերի վրա էլ հենվում է:
Հովհաննես Թլկուրանցին ունի մի բանաստեղծություն, որի մեջ մեղադրում ու պախարակում է հմայքն ավելացնելու համար իրենց հոնքերն ու մազերը ներկող կանանց, որ իսկական փորձանք են երիտասարդության համար: Վեպում Մատթեոս Ուռհայեցին ևս նման մտքեր է արտահայտում: Եթե հաշվի չառնենք Ուռհայեցուն Թլկուրանցուց բաժանող երեք դարերը` Միջնադարը դիտարկելով իբրև ամբողջական երևույթ, ուրեմն պարզ կդառնա, որ կենցաղային նման և այլ մանրամասները մեր իրականության մեջ ևս կարող էին հանգրվանել բանաստեղծությունից դուրս, գուցեավելի հարմար մի ժանրում, որը, երևի, վեպի նախատեքստըկարելի է համարել:

Հայ բանասիրության ֆակուտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *