Գիրք ասեմ՝ կարդա | Կազուո Իշիգուրոյի «Օրվա Մնացորդ» վեպը

Օրվա մնացորդԻնձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ այդքան գիրք գնում, մեկ է, բոլորը չեմ հասցնում կարդալ, բայց պետք է խոստովանեմ, որ ես տարերային կարդացող եմ, գրքերը երբեք պլանավորած չեմ ընթերցում. պատահական մի բառ, մի կարծիք, կարող է ինձ ստիպել ամեն ինչ թողնել մի կողմ և սկսել մի գիրքը, որ մինչ այդ տեսադաշտումս չկար: Նույն կերպ եղավ նաև Կազուո Իշիգուրոյի «Օրվա Մնացորդ» վեպի հետ. Գիրքն ինձ համոզեց կարդալ Գրիշ Սարդարյանը, ինչի համար շատ շնորհակալ եմ Գրիշին:

«Օրվա մնացորդը» վեպը հրապատակվել է 1989 թվականին ու արժանացել Բուքերյան մրցանակի: Այս գիրքն իրապես բարձր գրականություն է՝ այս բառի ամենաիսկական իմաստով, եթե չեք կարդացել, անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ, մեծ էսթետիկ, էմոցիոնալ հաճույք ապրել:
Վեպն առաջին հայացքից սովորական պատումով, չոր գործ է, որ կարող է չտրամադրել մարդուն՝ գիրքը ընթերցել, բայց պատումի կառուցման ձևը՝ հետհայաց վերհուշերով ու սակավաթիվ հերոսներով մի ամբողջ դարաշրջանի և վերացող մարդկայն տեսակի՝ նրա երազանքների ու զգացումների մասին են պատմում, սակայն առանց ավելորդ էմոցիոնալ զեղումներով նկարագրությունների: Վեպը խտացված զգացումնքային ական է, բայց որը միայն վերջում է պայթելու, իսկ մինչ այդ ընթերցողը ականատես է լինում անգլիացի մի ծառայապետի պարոն Սսթիվընսի կյանքի պատմությանը, որն ամբողջ կյանքում ծառայել է լորդ Դարլինգթոնի տանը՝ որպես ծառայապետ: Լորդ Դարլինգըթոնը մահացել է, իսկ նոր տերը՝ ամերիկացի պարոն Ֆարադեյը բոլորովին այլ աշխարհից է, և անգամ տարբեր են նոր տիրոջ և ծառայապետի փոխշփման առաջնահերթություններն ու լեզուն: Անգլիական արժանապատվության մասին առանձնահատուկ չափանիշներով դաստիարակված Սիթվընս նոր տան տիրոջ հետ անգամ հումորային կատակներ չի կարողանում անել և ստիպված է լինում այսպես ասած «պարապել»՝ հումորային հաղորդման դիալոգներ լսելով: Հումորը՝ որպես կյանքի անցողիկությունը հաղթահարելու, կյանքն ու օրը բերկանքով ապրելու հրաշալի միջոց, առանցքային դերակատարում ունի վեպում: Այո, այո, այս ամեն ինձ մի փոքր հիշեցրեց մեկ այլ հայտնի փիլիսոփա գրողի՝ Ումբերտո Էկոյի՝ կատակերգության ու հումորի մասին մտորումները «Վարդի անունը» հայտնի վեպից:
Պարոն Ֆարադեյը, որը բոլորովին այլ աշխարհից է ու ավելի գործնական մարդ, Սթիվընսին առաջարկում է արձակուրդ վերցնել և ճամփորդել Անգլիայով՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով տրմադրել մեքենան և վճարել արձակուրդային ուղևորության համար: Որոշակի երկմտանքից հետո Սթիվընսը, որ Դարլինգթոն Հոլից երբեք այդքան հեռու չի գնացել, օրիորդ Քենթընին տեսնելու և նրան աշխատանք առաջարկելու համար, համաձայնում է մեկնել ուղևորության: Սթիվընսի հետագա օրագրային գրառումներն ու վերհուշի միջոցով վերաշադրված անցյալը հետզհետե դուրս են բերում հույզերով, անձնական դրամաներով լի մի պատմության, որը մինչ այդ փակված էր արժանապատվության սառնասիրտ պատկերացումների տակ:
Այս վեպն ինձ իրար մեջ ներկառուցված ռուսական մատրյոշկաներ է հիշեցնում կամ՝ անընդհատ փլուզվող լեգո խաղ, որի առաջնային տեսքը՝ իր անթերի թվացող բոլոր ճշմարտություններով ու կյանքի ուղենիշերով, հետզհետե սուտ ու կեղծ են դուրս գալիս, և արտաքին մեկ շերտի տակ մենք ականատես ենք լինելում բոլորովին այլ շերտերի, մինչ անթերի կառուցված լեգոյի վերջնական փլուզում:
Եվ այն, ինչ մնում է փլուզվող լեգոյից, դա հենց «Օրվա մնացորդն» է՝ անցած կյանքի այն վերջին մասը, երբ ապրածդ կյանքն այլևս վերաշտկման ենթակա չէ, և քեզ այլևս ոչինչ չի մնում անելու, քան ուրախանալ հանկարծակի վառվող երեկոյան լույսերից և վայելել պատահականորեն քո կողքին հայտնված մարդկանց ընկերարակցությունը:
Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը, անգլերենից թարգմանությունը՝ Ռուզան Սուքիասյանի: Կարող եմ ասել, որ բավականին լավ թարգմանություն է,  միայն երբեմն նկատել են բնագրային, անգլերենին բնորոշ կառույցների կոշտությունները, որոնք հայերենում բոլորովին այլ լուծում կարելի էր տալ:

Գիրքը գնահատում եմ 5/5 միավոր:

Հասմիկ Հակոբյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *