Իվո Անդրիչ | Կամուրջ Ժեպայի[1] վրա

            Մեծն վեզիր Յուսուֆն իր կառավարման չորրորդ տարում սխալ քայլ արեց և նենգ դավադրությունների զոհ դառնալով՝ հանկարծ շնորհազրկվեց։ Պայքարն ընթացավ ողջ ձմեռ և գարուն։ (Այդ տարի մռայլ, սառը գարնան պատճառով ամռան գալուստը երկար ժամանակով ձգձգվեց)։ Իսկ մայիսին մեծն վեզիր Յուսուֆը հաղթանակով վերադարձավ աքսորավայրից։ Եվ նորից պերճությամբ լի, խաղաղ և միապաղաղ օրեր եկան։ Բայց շնորհազրկման ձմեռային ամիսները, երբ կյանքը մահից և փառքը կործանումից դաշույնի սայրից ավելի բարակ սահմանագիծ էր անջատում, տխրության և մտազբաղության հազիվ նկաատելի հետք էին թողել հաղթանակած վեզիրի վրա։ Անբացատրելի ինչ-որ բան էր հայտնվել նրա մեջ, այն, ինչ փորձով խելք սովորած և շատ տառապանքներ տեսած մարդիկ գանձի նման պահում են իրենց մեջ՝ երբեմն միայն անզգուշաբար ցույց տալով այն իրենց հայացքներում, շարժուձևերում և խոսքերում։

Բանտարկության, միայնության և շնորհազրկության մեջ վեզիրը մի տեսակ ավելի պատկերավոր էր երևակայում հայրական տունն ու hայրենի երկիրը։ Հիասթափություններն ու ցավը միշտ էլ մտքերը դեպի անցյալ են տանում։ Նա իր հորն ու մորը հիշեց։ (Երկուսն էլ մահացել էին այն հեռավոր ժամանակներում, երբ նրանց որդին սուլթանի ախոռապետի օգնականն էր․ այն ժամանակ նա կարգադրել էր սպիտակ քարով երեսպատել նրանց գերեզմաններն ու տապանքարեր դնել)։ Հիշեց սիրելի Բոսնիան և Ժեպա գյուղը, որտեղից նրան տարել էին, երբ ինը տարեկան էր։

Վրա հասած դժբախտության մեջ վեզիրը բերկրանքով էր մտածում երկրի այդ հեռավոր անկյունի և գետի վերևում սփռվող գյուղի մասին, որտեղ յուրաքանչյուր տանն առասպելներ էին ապրում նրա ստամբուլյան հաջողությունների և փառքի մասին, և որտեղ ոչ ոք չգիտեր ո՛չ փառքի հակառակ կողմի մասին, ո՛չ էլ հաջողության համար վճարվող գնի։

Այդ ամառ վեզիրը հնարավորություն ունեցավ խոսելու մարդկանց հետ, որոնք Բոսնիայից էին եկել։ Վեզիրը հարցուփորձ էր անում, նրանք պատասխանում էին։ Խռովություններից և պատերազմներից հետո Բոսնիան տանջվում էր անկարգություններից, ամայությունից, հիվանդություններից և սովից։ Վեզիրը խոշոր ընծաներ ուղարկեց իր ազգականներին, որոնք դեռ ողջ էին մնացել և Ժեպայում էին, և կարգադրեց պարզել, թե ամենաշատն ինչ շինությունների կարիք ունեին։ Շատ չանցած մեծն վեզիրին զեկուցեցին, որ գյուղում դեռ կային Շետկիչների չորս տները, և որ դրանք գյուղի ամենաամուր տներն էին, իսկ ընդհանուր գյուղն աղքատացել էր, մզկիթը հրդեհից վնասվել ու խարխլվել էր, աղբյուրը չորացել էր, իսկ ամենավատն այն էր, որ Ժեպայի վրա կապուրջ չկար։ Գյուղը հենց Դրինայի[2] և Ժեպայի միախառնման տեղի մոտ էր սփռված, և Վիշեգրադ[3] տանող միակ ճանապարհը Ժեպայով էր անցնում՝ գետաբերանից հիսուն քայլ հեռավորության վրա։ Քանի՜-քանի՜ անգամ էին գյուղացիները փայտե կամուրջ կառուցել, բայց ջուրը մշտապես քշում տանում էր այն։ Մե՛րթ Ժեպան էր, ինչպես բոլոր լեռնային գետերը, անսպասելի և սրընթաց կերպով վարարում և ողողում սյուներն ու գետնին տապալում տախտակները, մե՛րթ Դրինան էր բարձրանում և Ժեպայից եկած ջրերը կուտակում գետաբերանի մոտ, և դրանք ողողում տանում էին կամուրջը, ասես այն երբեք էլ չէր եղել։ Ձմռանը մերկասառույցն էր տանջում, իսկ մերկասառույցի ժամանակ գերանների վրայով գնալը իսկական մահ էր թե՛ մարդկանց, թե՛ անասունների համար։ Ա՜խ, եթե ինչ-որ մեկը այնտեղ կամուրջ կառուցեր, և դա իսկապես ամենաբարի գործը կլիներ։

Վեզիրը վեցը գորգ նվիրեց մզկիթին և անհրաժեշտ եղած չափով գումար տրամադրեց մզկիթի առաջ եռաշիթ շատրվան կառուցելու համար։ Բացի այդ՝ վեզիրը որոշեց կամուրջ կառուցել Ժեպայի վրա։

Այն ժամանակ Ստամբուլում մի իտալացի ճարտարապետ էր ապրում, որը հայտնի էր մայրաքաղաքի շրջակայքում կառուցած կամուրջներով։ Հենց նրան էլ վարձեց վեզիրի գանձապահն ու երկու հավատարմատարների հետ ուղարկեց Բոսնիա։

Վիշեգրադ հասան, երբ ձյունը դեռ չէր հալվել։ Մի քանի օր Վիշեգրադի բնակիչներն ապշած հետևում էին, թե ինչպես էր կորացած և ալեհեր, սակայն կարմրերես և ջահելադեմ ճարտարապետը մագլցում հսկայական քարե կամրջի վրա, թխկթխկացնում, մատներով տրորում կցակարերի կիրը, լեզվով փորձում էր այն և քայլերով չափում էր կամրջամասերի երկարությունը։ Հետո ճարտարապետը Բանյա Լուկա[4] մեկնեց, որտեղ գտնվում էին կրաքարային տուֆի հանքերը, որն օգտագործել էին Վիշեգրադյան կամրջի կառուցման համար։ Ճարտարապետը փնտրեց և գտավ լքված հանքերի մուտքերը, որոնք ծածկված էին հողով, թփերով և սոճենու գերաններով։ Այնքան փորեցին հողը, մինչև որ դեմ չառան քարի հաստ և լայն շերտին, որը շատ ավելի սպիտակ և ամուր էր, քան այն քարը, որից կառուցված էր Վիշեգրադյան կամուրջը։ Դրանից հետո ճարտարապետը Դրինայով մինչև Ժեպա իջավ և որոշեց վայրը, որտեղ պետք է կառանատեղ կառուցվեր՝ քարի բեռնաթափման համար։ Այդ ժամանակ Վեզիրի հավատարմատարներից մեկը հաշվարկներով և գծագրերով վերադարձավ Ստամբուլ։

Ճարտարապետը մնաց՝ սպասելու վեզիրի որոշմանը, բայց չցանկացավ ապրել ո՛չ Վիշեգրադում, ո՛չ Ժեպայի ուղղափառ տներից մեկում։ Բարձր հրվանդանի վրա՝ ձևավորված Դրինայի և Ժեպայի միախառնման արդյունքում, գերանակապ խրճիթ կառուցեց իր համար և այնտեղ տեղավորվեց․ երկրորդ կամակատարն ու գրագիրը Վիշեգրադից իբրև թարգմանիչներ ծառայում էին նրան։ Ուտելիք ճարտարապետն ինքն էր իր համար պատրաստում։ Գյուղացիներից  ձու, կայմակ[5], սոխ և չոր մրգեր էր գնում։ Իսկ միս, ասում են, չէր գնում։ Ամբողջ օրը քար էր տաշում, գծագրում էր, կրաքարային տուֆի տարբեր տեսակներ էր համեմատում կամ գետի հոսանքն էր ուսումնասիրում։

Շատ չանցած Ստամբուլից եկավ մի չինովնիկ՝ վեզիրի հավանությամբ և կամրջի կառուցման համար անհրաժեշտ գումարի մեկ երրորդ մասով։

Աշխատանքները սկսվեցին։ Ժողովուրդը չէր դադարում  իրենց աչքի առջև կառուցվող այդ հրաշք կառույցի հանդեպ իր զարմանքն արտահայտել: Այն անգամ դժվար էր կամուրջ  կոչել։ Ամենից առաջ գետի վրայով շեղակի ամրացվեցին սոճենու հաստ ցցագերաններ, իսկ դրանց միջև՝ երկշարք ցցեր, որոնք միահյուսված էին շվերով, և այդպես ձևավորված խրամի նման մի բան ստացվեց, որը կավով լցրեցին։ Գետը թեքեցին, և հունի մի կեսը չոր դարձավ։

Հունի փակման աշխատանքներն ավարտին էին մոտենում, երբ մի օր լեռներում հանկարծակի բռնկված հորդառատ անձրևից հետո Ժեպայի ջրերը պղտորվեցին և փրփրեցին։ Նույն գիշեր գետը մեջտեղից ճեղքեց գրեթե պատրաստ ամբարտակը։ Առավոտյան ջրի մակարդակն իջավ, և գետը հանդարտվեց, բայց ամբարտակը քանդվել էր, ցցերը պոկվել էին հատակից, ջուրը ցցագերանները քշել տարել էր։ Բանվորների և ժողովրդի մեջ ասեկոսեներ տարածվեցին․ Ժեպան իր վրա կամուրջ չի հանդուրժի։ Բայց երեք օր հետո ճարտարապետը հրամայեց նորից ցցագերաններ խփել, բայց այս անգամ էլ ավելի խորը, և վերականգնել քանդված ամբարտակը։ Եվ նորից քարքարոտ գետահունը թնդաց բանվորների բղավոցներով և գյուղացի կանանց՝ ցցագերաններին համաչափ հարվածներով։

Երբ Բանյա Լուկայից բերեցին քարը և նախապատրաստական աշխատանքներն ավարտին մոտեցան, Հերցոգովինայից և Դալմաթիայից[6] քարտաշներ և շինարարներ ժամանեցին։ Ժամանակավոր սանդուղքներ դրեցին նրանց համար, և սահանքի մոտ նստած՝ առավոտից մինչև գիշեր, քար էին տաշում՝ փոշուց սպիտակելով, ինչպես ջրաղացպանները։ Իսկ ճարտարապետը անշտապ անցնում էր նրանց կողքով՝ ամեն րոպե պողպատե դեղին եռանկյունիով և կանաչ ուղղալարով չափելով սալաքարերը։ Եվ ահա գետի երկու կողմերից շինարարները ներհատելով թափանցեցին քարքարոտ, զառիվայր ափերի մեջ։ Բայց այդ ժամանակ գումարը վերջացավ։ Բանվորները տրտնջում էին, իսկ ժողովրդի մեջ լուրեր էին պտտվում, թե կամրջի գործից ոչինչ էլ դուրս չէր գալու։ Ստամբուլից ժամանած մարդիկ լուրեր էին տարածում, թե վեզիրն ասես ինքը չլիներ, փոխվել էր։ Կա՛մ պատճառը հիվանդությունն էր, կա՛մ հոգսերը․ ոչ ոք չգիտեր, միայն թե վեզիրն ավելի ու ավելի էր ամփոփվում ինքն իր մեջ, և կիսատ էր թողել նույնիսկ այն գործերը, որոնք ինքը հենց Ստամբուլում էր սկսել։ Սակայն մի քանի օր անց գումարով ժամանեց վեզիրի բանբերը, և աշխատանքները վերսկսվեցին։

Դմիտրիևի օրվանից[7] տասնհինգ օր առաջ մարդիկ, որոնք Ժեպան անցնում էին շինարարական աշխատանքներից մի փոքր վերև գտնվող փայտե կամրջով, առաջին անգամ նկատեցին, որ գետի երկու կողմերում մուգ մոխրագույն թերթաքարային ժայռերից տաշված քարից կառուցված սպիտակ և հարթ պատ էր ձգվում, որը շրջահյուսված էր փայտամածներով, ճիշտ սարդոստայնի նման։ Այդ ժամանակվանից սկսած պատն օրեցօր բարձրանում էր։ Բայց այդ ժամանակ վրա հասան սառնամանիքները, և շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին։ Շինարարները տներով գնացին, իսկ ճարտարապետը մնաց՝ ձմեռելու իր խրճիթում, որտեղից գրեթե ոչ մի տեղ չէր գնում, օրեր շարունակ անդուլ աշխատում էր իր գծագրերի և հաշվարկների վրա։ Եվ միայն շինարարություն էր գնում։ Գարնանը, երբ սառույցը ճաքեց, ճարտարապետն օրը մի քանի անգամ մտահոգված շրջում էր անտառներով և հողաթմբերով։ Երբեմն նաև գիշերը՝ լապտերը ձեռքին։

Շինարարները վերադարձան մինչև Սուրբ Գևորգի տոնը, և աշխատանքները վերսկսվեցին։ Իսկ հենց ամառվա կեսերին շինարարությունն ավարտվեց։ Բանվորներն ուրախ-ուրախ քանդում էին փայտամածները։ Եվ ահա ցցերից ու գերաններից կամուրջ գոյացավ՝ պարզ, սպիտակ, գետի վրայով գցված կորնթարդ կամարով։

Նույնիսկ ամենաանսովոր երևակայություններում չէր կարելի պատկերացնել, որ այդ վայրի և սնանկացած ծայրագավառում նման հիասքանչ կառույց կհայտնվեր։ Թվում էր, թե գետի ափերը ջրի փրփրակալած շիթեր էին գցել միմյանց ընդառաջ, և միախառնվելով ու կամարի վերածվելով՝ քարացել էին անդունդի վրա՝ օդում սավառնելով։ Կամարի բացվածքից երևում էր հեռվում կապույտին տվող Դրինան, իսկ ամենաներքևում կատաղորեն փրփրում էր սանձված Ժեպան։ Հայացքը չէր կարողանում կուշտ հիանալ լավ մտածված և փոքր ինչ կորացված գծերի ներդաշնակությամբ, որոնք թռիչքի ընթացքում ասես պատահաբար կառչել էին մռայլ, սուր ժայռերից՝ պատված մամրիչով և խաղողով, ու սպառնում էին վեր սլանալ և անհետանալ, հենց որ թեթև քամի փչեր։

Եվ մերձակա գյուղերից հորդեց ժողովուրդը՝ տեսնելու կամուրջը։ Վիշեգրադից և Ռոգատիցայից[8] գալիս էր քաղաքի ժողովուրդը և հիանալով կամրջով՝ սրտնեղում էր, որ այդպիսի գեղեցկությունը զարդարելու էր այդ գրողի տարած խուլ տեղը, այլ ոչ թե իրենց քաղաքիկը։

-Դե՜, ձեր վեզիրի՛ն ծնեք,- պատասխանում էին նրանց Ժեպայի բնակիչները և ափահարում քարե եզրապատը, որի եզրերն այնքան ուղիղ և հարթ էին, որ ասես պանրից կերտված լինեին, այլ ոչ թե քարից։

Առաջին հիացած ճամփորդները չէին հասցրել անցնել կամրջի վրայով, երբ ճարտարապետը վարձատրեց բանվորներին, կապեց և բարձեց սնդուկները, որոնք լեփ-լեցուն էին սարքերով և թղթերով, և վեզիրի կամակատարների հետ ճամփա ընկավ դեպի Ստամբուլ։

Այդ ժամանակ քաղաղաքիկներում և գյուղերում սկսեցին խոսել նրա մասին։ Գնչու Սելիմը, որն իր ձիով Վիշեգրադից տեղափոխում էր ճարտարապետի իրերը, և որը միակ մարդն էր, որ մտել էր նրա խրճիթ, մե՛րթ մի խանութում էր նստում, մե՛րթ՝ մեկ ուրիշ, և Աստված գիտի թե որերորդ անգամ նորից պատմում էր այն ամենը, ինչ գիտեր այդ օտարականի մասին։

-Այնուամենայնիվ՝ ուրիշ տեսակ մարդ է։ Ձմռանը, երբ աշխատանքները դադարեցվեցին, տասնհինգ օրը մեկ էի նրա մոտ գնում։ Գալիս էի ու տեսնում, որ ոչնչի ձեռք չէր տվել, և ամեն ինչ այնտեղ էր, որտեղ ես էի թողել։ Խրճիթում սաստիկ սառնամանիք էր, գլուխը արջի մորթուց գլխարկի մեջ մտցրած, մինչև կոկորդը փաթաթված, միայն ձեռքերն էին երևում՝ ցրտից կապտած, իսկ ինքն իր համար կա՛մ քար էր տաշում, կա՛մ անընդհատ ինչ-որ բան էր գրում։ Մե՛րթ տաշում, մե՛րթ գրում էր։ Լինում էր, բացում էի դուռը, իսկ նա իր մեծ կանաչ աչքերով արագ հայացնքեր էր գցում վրաս, հոնքերը կիտում, ասես հենց այդ պահին կուլ էր տալու։ Իսկ ինքը՝ սուսուփուս։ Կյանքումս նման մարդու տեսած չկայի։ Եվ այդպես, սիրելինե՛րս, համարյա մեկուկես տարի տանջվեց, իսկ հենց ավարտին հասցրեց կամուրջը, գնաց Ստամբուլ։ Լաստանավով մյուս ափ տեղափոխեցինք նրան, վախվխեց՝ թամբի վրա օրորվելով․ գոնե գեթ մե՛կ անգամ մեզ կամ կամրջի վրա հայացք գցեր։ Ո՛չ։

Միմյանց խոսքը կտրելով՝ խանութպանները գնչուին հարցուփորձ էին անում ճարտարապետի և նրա նիստուկացի մասին, և ավելի ու ավելի զարմանալով՝ վշտանում էին, որ ավելի ուշադիր չէին  ուսումնասիրել  ճարտարապետին, երբ նա գնացել-եկել էր վիշեգրադյան փողոցներով։

Այդ ընթացքում ճարտարապետը շարունակում էր իր ճանապարհը, բայց երբ երկու կայարանամեջ էր մնում, որպեսզի Ստամբուլ հասներ, ժանտախտով հիվանդացավ։ Տենդի մեջ իրեն հազիվ թամբի վրա պահելով՝ հասավ քաղաք և միանգամից ֆրանցիսկյան միաբանության հիվանդանոց գնաց։ Ուղիղ մեկ օր հետո վանականներից մեկի գրկում մահացավ։

Հաջորդ օրվա առավոտյան վեզիրին տեղեկացրին ճարտարապետի մահվան մասին և նրան փոխանցեցին նոր կամրջի գծագրերն ու հաշվարկները։ Ճարտարապետը իր պարգևատրման ընդամենը մեկ չորրորդ մասն էր ստացել։ Իրենից հետո ո՛չ պարտքեր էր թողել, ո՛չ ունեցվածք, ո՛չ կտակ, ո՛չ էլ ժառանգներ։ Երկար մտորումներից հետո վեզիրը հրամայեց հանգուցյալի փողերի մի մասը տալ հիվանդանոցին, իսկ մնացած երկուսը նվիրատվություն կատարել աղքատների համար նախատեսված ապաստարաններին։

Հենց այն ժամանակ, երբ վեզիրը տալիս էր այդ կարգադրությունները (ամառվա վերջի հանգիստ առավոտ էր), ստամբուլցի կրոնական ուսուցչի խնդրագիրը փոխանցեցին նրան, որը ծնունդով Բոսնիայից էր և արտակարգ ներդաշնակության բանաստեղծություններ էր գրում և վայելում էր վեզիրի բարձր հովանավորությունը և առատաձեռն ընծաները։ Կրոնական ուսուցիչը գրում էր, որ նրան էր հասել վեզիրի կարգադրությամբ Բոսնիայում կառուցված կամրջի մասին լուրը, և հույս էր հայտնում, որ այդ կամրջի վրա, ինչպես որ ցանկացած հասարակական կառույցի, մակագրություն էր արվելու, որպեսզի բոլորը կարողանային իմանալ, թե երբ և ում կողմից էր այն կառուցվել։ Կրոնական ուսուցիչը վեզիրին էր առաջարկում իր ծառայությունները և խնդրում էր իրեն պատվի արժանացնել՝ ընդունելով ժամանակագրությունը, որը կցված էր նամակին և մեծագույն փութեռանդով էր գրված։ Ստվար թղթի վրա խնամքով գրված էր ժամանակագրությունը՝ կարմիր և ոսկեգույն մեծատառերով․

«Երբ Բարի Իշխանությունը և Վեհանձն Արվեստը ձեռք են Մեկնում միմյանց, նման հրաշալի կամուրջ է Ծագում։ Ի ուրախություն հպատակների և ի փառս Յուսուֆի: Հավիտյանս հավիտենից»։

Ներքևի մասում վեզիրի դրոշմի պատկերն էր օվալի մեջ, որը երկու անհավասար մասերի էր բաժանված․ մեծի մեջ գրված էր․ «Յուսուֆ Իբրահիմ՝ Աստծո նվիրյալ ծառա», իսկ փոքրի մեջ վեզիրի նշանաբանն էր․ «Հուսալիությունը լռության մեջ է»։

Վեզիրը երկար մտորում էր խնդրագրի շուրջ՝ մի ձեռքով հենվելով թղթին, մյուսով՝ ճարտարապետի գծագրերին և հաշվարկներին։ Վերջին ժամանակներս խնդրագրերն ու նամակները հաճախ էին վեզիրին խորը մտորումների մեջ գցում։

Ամռանը երկու տարի եղավ, ինչ վեզիրին շնորհազրկել և բանտարկել էին։ Իշխանության վերադառնալուց հետո առաջին ամիսներին վեզիրը ոչ մի փոփոխություն չէր նկատում իր մեջ։ Ուժերի ծաղկման շրջանին էր հասել, երբ ամենից լավն է զգացվում կյանքի անգին քաղցրությունը․ հաղթել էր իր բոլոր թշնամիներին և ավելի հզոր էր, քան երբևէ նախկինում։ Իր վերջին անկման խորությամբ Յուսուֆն այժմ կարող էր չափել իր վեհության մեծությունը։ Բայց որքան շատ էր ժամանակ անցնում, այնքան ավելի համառորեն էր զնդանի նշանն անհանգստացնում վեզիրին։ Եվ եթե սև մտքերը կարողանում էր ցրել, ապա երազներն անկարող էր սանձել։ Գիշերները վեզիրին շարունակ տանջում էին բանտարկության մղձավանջները, և անգիտակից սարսափի ստվերը հետապնդում էր նրան արթուն ժամանակ՝ թունավորելով ցերեկները։

            Մեծն վեզիրն ավելի զգայուն էր դարձել իրեն շրջապատող իրերի հանդեպ։ Իրերը, որոնք նախկինում չէր նկատում, սկսեցին զայրացնել նրան։ Հրամայեց իր պալատի թավիշը փոխարինել բաց գույնի մահուդով, որը շոշափելիս հարթ ու փափուկ էր և չէր ճռթճռթում ձեռքի տակ։ Վեզիրը սկսեց ատել սադափը, քանզի նրա պատկերացմամբ սադափը դատարկության և միայնության սառնության մարմնավորումն էր։ Անգամ մի հայացքից կամ հպումից սադափին վեզիրի ատամները սառույց էին կտրում, և մարմնով սարսուռ էր անցնում։ Սադափով դրվագազարդված կահույքն ու զենքը վերացրին նրա սենյակից։

            Յուսուֆը սկսեց թաքուն, բայց խորին թերահավատությամբ մոտենալ ամեն ինչին։ Արդեն որոշ ժամանակ էր, ինչ մի միտք էր սողոսկել նրա հոգու մեջ․ մարդու ցանկացած արարք և ցանկացած խոսք կարող են չարիք բերել։ Եվ հնարավոր չարիքի նախանշաններ սկսեցին երևալ այն ամենի մեջ, ինչ Յուսուֆը լսում էր, տեսնում, ասում կամ մտածում։ Հաղթանակած վեզիրը վախ զգաց կյանքի առաջ։ Այդպես իր համար աննկատ կերպով մտավ այն վիճակի մեջ, որը մահացման առաջին փուլն է, երբ մարդուն ավելի շատ իրերի ստվերներն են գրավում, քան ինքնին իրերը։

            Այդ հիվանդությունը, որը հաստատուն կերպով արմատավորվել էր նրա մեջ, կրծում էր վեզիրի սիրտն ու խելքը, և չկար մեկը, որին կկարողանար վստահել և խոստովանությամբ թեթևացնել իր հոգին։ Իսկ երբ ավարտին հասցնելով իր քայքայիչ աշխատանքը՝ կործանարար այդ թույնը ցույց տա իրեն, այդ ժամանակ այլևս ոչ ոք չի իմանա դրա մասին, և մարդիկ ուղղակի կասեն՝ մահ։ Չէ՞ որ ոչ ոք նույնիսկ չի ենթադրում, թե այս աշխարհի մեծերից և ուժեղներից քանի՜ քանի՜սն են աչքի համար անտեսանելի, բայց անխուսափելի մահը լուռ տանում իրենց մեջ։

            Եվ այդ առավոտ՝ անքուն գիշերվանից հետո, վեզիրը սովորականի նման հոգնած էր զգում իրեն, բայց հանգիստ և կենտրոնացած էր․ կոպերը ծանրությամբ լցվեցին, իսկ դեմքն ասես ձգված լիներ առավոտվա թարմությունից։ Վեզիրը մտածում էր մահացած ճարտարապետ-օտարականի մասին և այն աղքատների մասին, որոնք ուտելու էին նրա վաստակած հացը։ Մտածում էր մռայլ Բոսնիայի մասին (միշտ մռայլ գույներով էր պատկերացնում Բոսնիան), որտեղ նույնիսկ իսլամի սուրբ լույսն է անզոր վերացնելու խավարը, որտեղ մռայլ, աղքատ մարդիկ անբովանդակ ապրում են մթության և տգիտության մեջ։ Եվ քանի՞ այդպիսի տեղ կա այս աշխարհում։ Քանի՞ անսանձ գետ կա՝ առանց կամուրջների և ծանծաղուտի։ Քանի՞ բնակավայր կա՝ առանց խմելու ջրի, և մզկիթ՝ առանց խնդության և գեղեցկության։

            Եվ մեծն վեզիրի ներքին հայացքի առաջ էր հայտնվում աշխարհը, որը ծայրից ծայր լցված էր անսահման կարիքով և վախով՝ զանազան և բազմադեմ։

            Արևային լուսաշողքերը թռչկոտում էին այգու տաղավարի կանաչ կղմինդրի վրայով։ Վեզիրի հայացքն ընկավ կրոնական ուսուցչի բանաստեղծությունների վրա․ նա բարձրացրեց ձեռքն ու երկու անգամ խազ քաշեց դրանց վրա։ Դանդաղելով ջնջեց իր դրոշմի աջ կողմը, որտեղ իր անունն էր գրված։ Մնաց նշանաբանը․ «Հուսալիությունը լռության մեջ է»։ Մի պահ Յուսուֆը տատանվեց, բայց հետո նորից բարձրացրեց ձեռքը և վճռականությամբ ջնջեց նաև նշանաբանը։

            Այդպես կամուրջը մնաց անանուն։

            Այնտեղ՝ հեռավոր Բոսնիայում, այն առաջվա պես շողշողում էր արևի տակ, փայլփլում էր լուսնի անհավատ լույսի ներքո ու մարդկանց և անասուններին մի ափից մյուսն էր տեղափոխում։ Փորված հողն ու շինարարական աղբը, որը միշտ գոյանում է նորակառույցի կողքին, աստիճանաբար հավասարվեցին տեղանքին․ ժողովուրդը հափշտակեց, ջուրը տարավ ցցերի և տախտակների մնացորդները, իսկ անձրևը մաքրեց քարտաշների աշխատանքի հետքերը։ Բայց բնությունը չընդունեց կամուրջն այնպես, ինչպես վերջինս ինքը չկարողացավ միաձուլվել բնության հետ։ Կողքերից սպիտակ, համարձակորեն կորացած կամարը ճամփորդին միայնակ և օտար էր թվում այն ամենին, ինչ շրջապատում էր դրան, այն ապշեցնում էր, ասես լուսավոր միտք լիներ, որը պատահաբար հասել էր այնտեղ և փակվել մռայլ ու վայրի լեռների շղթայի մեջ։

            Մարդը, որը պատմում էր այս առասպելը, առաջինն էր, ում խելքին փչել էր պարզել անանուն կամրջի ծագումը։ Մի անգամ երեկոյան հոգնած վերադառնում էր լեռներից և նստեց քարե եզրապատի մոտ, որպեսզի հանգստանար։ Ամառային շոգ ցերեկներ և զով գիշերներ էին։

            Մեջքով հենվելով կամրջի սալաքարերին՝ մարդը զգաց ցերեկվա քնքշալի տաքությունը, որը պահպանվել էր քարերի մեջ։ Մարդը քրտնեց, Դրինայից սառը քամի էր փչում, և արևից տաքացած տաշված քարի հպումը նրան տարօրինակ կերպով զարմացրեց։ Մարդն ու քարը միանգամից հասկացան միմյանց։ Եվ մարդը հենց նույն պահին որոշեց գրել դրա պատմությունը։

Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի

[1] Գետ Բոսնիա և Հերցոգովինայում, Դրինա գետի ձախ վտակ։

[2] Գետ Բոսնիա և Հերցեգովինայում։

[3] Քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։

[4] Քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։

[5] Թանձր սերուցք։

[6] Պատմական տարածք Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմուտքում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Ներկայումս մտնում է Խորվաթիայի և Չեռնոգորիայի կազմի մեջ։

[7] Օր սլավոնների ժողովրդական օրացույցում, որը ընկնում է հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 8-ին): Օրվա անվանումը ծագում է Սուրբ Դեմետրիոս Սոլունացու անունից։ Արևելյան և հարավային սլավոնների մոտ այն պատկանում էր ամենամյա տոներին և համարվում էր ձմռան սահմանագիծ։

[8] Քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *